Արցախի Հանրապետություն

պետություն Հարավային Կովկասում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)

Արցախի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն է Հարավային Կովկասում[4]։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետության[5], Հարավային Օսիայի Հանրապետության և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության[6] կողմից։ Հայաստանը ապահովում էր Արցախի Հանրապետության անվտանգությունը[7][8][9]։

Արցախի Հանրապետություն
Արցախի դրոշ
Դրոշ
Արցախի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ «Ազատ ու անկախ Արցախ»
Արցախի Հանրապետության օրհներգ
Արցախի դիրքը
Արցախի դիրքը
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ
ՄայրաքաղաքՍտեփանակերտ
Պետական լեզուներ հայերեն[1]
Էթնիկ խմբեր  հայեր
Կառավարում նախագահական հանրապետություն
 -  Նախագահ Սամվել Շահրամանյան
 -  Պետնախարար Արթուր Հարությունյան
Անկախություն (ԽՍՀՄ-ից)
 -  Հռչակված Սեպտեմբերի 2, 1991 թ.[2] 
Բնակչություն
 -  2015 մարդահամարը 150,932[3] 
ՀՆԱ (ԳՀ) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $1.6 մլրդ․ (n/a)
 -  Մեկ շնչի հաշվով $2,581 (2011) 
Արժույթ Հայկական դրամ
Արցախյան դրամ (ոչ պաշտոնական) (AMD)
Ժամային գոտի AMT (ՀԿԺ+4)
 -  Ամռանը (DST) Չդիտարկված (ՀԿԺ+4)
Ազգային դոմեն .am, .հայ (փաստացի)
Հեռախոսային կոդ +374 97b

Արցախի Հանրապետության մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[10]։

1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։

Ներկայումս Արցախի վերահսկողության տակ է գտնվում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մի մասը (առանց Շուշի և Հադրութ քաղաքների) և պետությունը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) մարդասիրական միջանցքը, որը հսկվում է ռուս խաղաղապահների կողմից[11]։ Պետությունը ամբողջությամբ շրջապատված է Ադրբեջանով։

Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում՝ Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս։ 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար։ Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի։ Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

Արցախը նախագահական հանրապետություն է[12]։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Անվան ծագումնաբանություն

Ճշգրիտ ստուգաբանությունը հայտնի չէ, առաջին հիշատակությունները Վանի թագավորության (ուրարտական) շրջանից են։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան[13]։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից[14]։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից ճյուղավորված Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազյանք»[15]։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»[16]։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է[17]։

Պետական խորհրդանիշներ

Ազգային դրոշ

 
Արցախի Հանրապետության դրոշը՝ հանրային շենքի վրա
 
Արցախի դրոշը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվող հաղթահանդեսի ժամանակ

Արցախի դրոշը ստեղծվել է Հայաստանի դրոշի նմանությամբ։ Արցախի դրոշի վրա միայն ավելացված է սպիտակ եռանկյունաձև նախշանկար (հայկական գորգի նմանությամբ), որը խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը և անկախության հռչակման արդյունքում վերջինիս վերամիավորումը։ Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է՝ 1:2-ի։

Արցախի ազգային դրոշը միշտ ծածանվում է Արցախի նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, կառավարության, բոլոր ատյանների դատարանների, դատախազության մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հանրապետական գործադիր մարմինների, պետական կառավարման այլ մարմինների, ԱՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի) շենքերի վրա։ Հավատարիմ մնալով միջազգային իրավունքի նորմերին, դիվանագիտական արարողակարգի կանոններին և ընդունող պետությունների սովորույթներին՝ Արցախի ազգային օրենսդրությունն ամրագրում է, որ դրոշը մշտապես պետք է բարձրացվի օտարերկրյա պետությունների տարածքում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա։ Օրենքը չի արգելում Արցախի դրոշի տեղադրումն ինչպես պետական այլ, այնպես բնակելի շենքերի վրա։

Արցախի դրոշի բարձրացման, իջեցման, փոխանցման արարողակարգը սահմանում է Արցախի կառավարությունը։ Արցախյան դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը[18]։

Զինանշան

 
Արցախի Հանրապետության զինանշանը՝ ազգային ժողովի շենքի մուտքի մոտ գտնվող ցուցատախտակի վրա

Արցախի զինանշանը հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է։ Այն հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից՝ 1994 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Զինանշանի հեղինակը նկարիչ և քանդակագործ Լավրենտ Ղալայանն է։ Արցախի զինանշանի կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների արքայական հարստության թագը։ Վահանի վրա՝ ուղղահայաց դիրքով Արցախի Հանրապետության դրոշի սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով հատվածի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակի պատկերն է։ Ներքևում՝ արծվի մագիլների մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մեծատառերով մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ»։ Արցախյան զինանշանի վրայի արծիվը շագանակագույն գույնի է՝ սև զարդագծերով, իսկ գլուխը՝ սպիտակ, մագիլները՝ նարնջագույն։ Արևի ճառագայթները և ցորենի հասկերն ունեն ոսկեգույն գունավորում։ Բարձրադիր Քիրս լեռը, որն Արցախի խորհրդանիշներից է, պատկերված է երկնագույն գույնով, իսկ քաղաքամայր Ստեփանակերտի պատկերավորման համար օգտագործվող «Մենք ենք մեր սարերը» քանդակը՝ շագանակագույնով։ Արտաշիսյանների հարստության ոսկեգույն թագը, որը Հայոց երկրի արքայական պատմության խորհրդանիշն է։ Խաղողի վազի և թթենու տերևները կանաչ են։ Խաղողի ողկույզը պատկերված է շագանակագույն, իսկ թութը՝ սպիտակ գույնով։ Հայալեզու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - Արցախ» մակագրությունն արված է սև գույնով[19]։ Արցախի Հանրապետության «զինանշանի մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է զինանշանի կիրառությունն իրավական փաստաթղթերում և այլ ձևաթղթերում։ Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության զինանշանի գունավոր պատկերն օգործածվում է Արցախի Հանրապետության օրենքների, նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, դատարանների որոշումների, վճիռների և դատավճիռների, պաշտոնական տեղեկագրերի վրա, Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, հանրապետական գործադիր մարմինների, դատարանների, դատախազության մարմինների, Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի, պետական կառավարման այլ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի), Արցախի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների (ծառայությունների, խորհուրդների, հանձնաժողովների) ձևաթղթերի վրա։ Արցախի Հանրապետության զինանշանը կարող է պատկերվել ազգային շքանշանների ու մեդալների վրա ևս։

Օրհներգ

Արցախի Հանրապետության օրհներգը «Ազատ ու անկախ Արցախ» հայրենասիրական երգն է, որի խոսքերը հեղինակել է Վարդան Հակոբյանը, իսկ երաժշտությունը՝ Արմեն Նասիբյանը։ Այն հաստատվել է Լեռնային Ղարաբաղի ԳԽ-ի 1994 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ։ Արցախի Հանրապետության օրհներգն իր բնույթով հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է, կատարվում է վոկալ, գործիքային, նվագախմբային, երգչախմբային, նվագախմբային-երգչախմբային տարբերակներով։ Արցախի օրհներգը պարտադիր կերպով հնչում է նախագահի երդմնակալության արարողության, բարձրագույն պաշտոնատար անձանց (նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի) մասնակցությամբ հանդիսավոր արարողությունների, պաշտոնական արարողությունների ընթացքում դրոշի բարձրացման, օտարերկրյա պետությունների նախագահների, օրենսդիր մարմինների ղեկավարների, վարչապետների, պաշտոնական ներկայացուցիչների, միջպետական և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետություն պետական և պաշտոնական այցերի, զորահանդեսների և կրթական հաստատություններում ուսումնական տարվա սկզբի և ավարտի ժամանակ։ Ոչ պարտադիր հիմունքներով Արցախի օրհներգը կարող է հնչեցվել նաև պետական տոների, պատմական իրողություններին նվիրված հանդիսավոր նիստերի, ինչպես նաև հուշարձանների, հուշաքանդակների և հուշատախտակների բացման հանդիսավոր արարողությունների ժամանակ։

«Պետական դրոշի մասին» ԱՀ օրենքը տարբեր կարգավիճակ ունեցող անհատների համար սահմանում է վարքագծի կանոններ, որոնք պարտադիր են երաժշտական ստեղծագործության հնչելու ժամանակ։ Համապատասխան օրենքի 8-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն՝ Արցախի Հանրապետության օրհներգի նկատմամբ խորին հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։ Ըստ նույն հոդվածի առաջին և երկրորդ կետերի՝

  Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Արցախի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի։ Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական ծառայողներին Արցախի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները սահմանվում են զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով։
- «Արցախի Հանրապետության սահմանադրություն», հոդված 8
 

Պատմություն

Հնագույն ժամանակներից մինչև Վանի թագավորություն

 
Ազոխի քարայրը տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով ուսումնասիրվում են նախնադարյան մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով

Արցախի մասին առաջին վկայությունները պահպանվել են Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում և վերաբերում են հին քարի դարի ժամանակահատվածի աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ)։ Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Հադրութի շրջանի Որվանի քարայրում հայտնաբերված Նեանդերթալյան մարդու ծնոտը։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Խոջալու, Ամարաս, Մատաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին։ Առավել կարևոր են մ.թ.ա. 3-րդ հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայություններից են։

Մ.թ.ա. 3-1-ին հազարամյակներից սկսած Միջին Արևելքում հիմնադրվում են առաջին պետական կազմավորումները։ Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը Վանի թագավորությունն էր, որ առաջացել է մ.թ.ա. 9-րդ դարում[20]։ Նրա գոյատևման երեքհարյուրամյա ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6-րդ դարեր) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանումով։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկգբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ազդեցությունների ոլորտներում։ Խոջալուի դամբարանադաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք։ Ծովք գյուղի մոտ հայտնաբերվել է Վանի թագավորության արքա Սարդուրի Բ-ի սեպագիր արձանագրությունը, որտեղ նշվում է «Կուրի և Արաքսի միջագետքում 19 երկրների նվաճման մասին»։ Արցախի՝ որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան նաև Ստրաբոնի, Դիոն Կասսիոսի, Պլինիոս Ավագի, Պլուտարքոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում, ինչպես նաև Արգիշտի I-ի՝ Կոտայքում հայտնաբերված ժայռափոր արձանագրության մեջ, որտեղ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Ըստ պատմաբան Վիկտոր Բալայանի՝ այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Ծար գյուղի հետ[21]։

Արցախը հայոց թագավորությունների կազմում

 
 

Մ.թ.ա. 6-րդ դարում Երվանդ Սակավակյացը հիմնադրում է առաջին համահայկական պետությունը, որի մեջ միավորվում են հայալեզու բոլոր գավառները։ Նույն դարում այն դառնում է Աքեմենյան պետության սատրապությունը, ապա՝ կիսվում հյուսիսային ու հարավային հատվածների։ Արցախը մտնում է Հյուսիսային Հայաստանի կազմի մեջ, որի կենտրոնը Էրեբունի ամրոցն էր (Երևան)։ Արցախի նախարարական տունը, ըստ ավանդության, սերում է Հայկ Նահապետի ժառանգ Սիսակից։ Նախարարական տան նախահայրը եղել է Հայկազուն Առանը, որի անունից էլ առաջացել է հարստության «Առանշահիկ» (նշանակում է Առանի տիրակալ) անվանումը։ Ալեքսանդր Մակեդոնացու՝ մ.թ.ա. 334 թվականին սկսված արշավանքներից հետո Երվանդունիների թագավորությունն անկախանում է։ Այդ ժամանակ նույնպես, Արցախը և արևելյան հարևան Ուտիքը մտել են հայկական պետության մեջ[22]։ Այդ մասին են փաստում հույն պատմագիր և աշխարհագիր Ստրաբոնի վկայությունները, որտեղ նա Արցախը ներկայացնում է, որպես Մեծ Հայքի կազմում գտնվող նահանգ՝ «Օրխիստինա» անվանմամբ։ Մ.թ.ա. 189 թվականին Մեծ Հայքում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն և գահին բազմում են Արտաշեսյանները։ Տոհմի հիմնադիր Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) ձեռնարկում է հայկական պետությունից անջատված ծայրագավառների վերադարձը։ Ստրաբոնի վկայությամբ՝ Արտաշեսի միավորիչ գործունեության արդյունքում հայալեզու գավառները մտան մեկ պետության կազմ։ Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (հնավայրը Ակնա քաղաքի շրջակայքում է, պեղումները՝ 2006 թվականից)։ 66 թվականից Արշակունյաց հարստության շրջանում Արցախը նույնպես գտնվում էր հայկական միասնական պետության կազմում[23]։ Այդ մասին է վկայում հռոմեական կայսր՝ Ներոնի ժամանակներից Հռոմում պահպանված պատի վրա փորագրված աշխարհի մարմարե քարտեզը, որտեղ Արցախը Արշակունյաց Հայաստանի առաջատար նահանգներից մեկն է[22]։ Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387 թվական) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ[24]։ Սակայն նույնիսկ օտար լծի տակ գտնվելով՝ Արցախը շարունակում է պայքարել և պահպանել իր հայկականությունը։ Այդ մասին են փաստում Կորյունի վկայությունները, որոնց համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցը լուսավորչական գործունեություն էր ծավալում Արցախում, որն այդ ժամանակ կոչվում էր Փոքր Սյունիք։ Եվ, ըստ ավանդության, նույն նահանգի Հաբանդ գավառի Ամարաս գյուղաքաղաքում Մեսրոպ Մաշտոցը բացեց իր առաջին դպրոցներից մեկը։

Արցախի միջնադարյան վանքեր և վանական համալիրներ

451 թվականին օգտվելով Սասանյան Պարսկաստանում սկիզբ առած քաղաքական անկայունություններից՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմն իրեն հայտարարում է թագավորություն։ Հենց Առանշահիկներն էլ կամզակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները, որոնք գլխավորում էր Վաչե Առանշահիկ թագավորը՝ Վարդան Մամիկոնյանի համախոհներից մեկը։ Զորավարի մահից հետո Արցախ աշխարհը պարսկական հետագա ասպատակություններից պաշտպանելու և ազատագրական պայքարների միջոցով անկախություն հաստատելու նպատակով Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ ամուսնացավ Պարսկաստանի թագավորի՝ Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Սակայն 457 թվականին՝ Հազկերտ Բ-ի մահից հետո, օգտվելով Պարսկաստանում սկսված գահակալական կռիվներից Վաչեն նորից դառնում է քրիստոնեական-լուսավորչական կրոնի հետևորդ և ապստամբություն բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեից հետո շուրջ 30 տարվա անիշխանությունից հետո Հայոց Արևելից աշխարհում թագավոր է դառնում նրա եղբոր որդի Վաչագանը։ Այդ ժամանակ բուն Մեծ Հայքում և կենտրոնական նահանգներում հայկական պետականության բացակայության պայմաններում Վաչագան Բարեպաշտի թագավորությունը հայահավաք կենտրոնի դեր էր կատարում։ Նրա կառավարման տարիներն աչքի են ընկնում վարչական և կրոնական բարեփոխումներով, ինչպես նաև տնտեսական և մշակութային կյանքի վերելքով։

Օտար տիրապետությունից մինչև Զաքարյան իշխանապետություն

 
Խաչենի իշխան Վախթանգ Թագավորազնը

Մինչև 6-րդ դարի կեսերը Արցախ աշխարհում տևական խաղաղություն և ինքնավարություն էր տիրում։ Սակայն ամեն ինչ փոխվեց 7-րդ դարի սկզբին, երբ Հայոց երկիր ներխուժեցին արաբները։ 652 թվականին հայոց սպարապետ Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը[25]։ Սակայն Սեբեոսի վկայությամբ բանակցություններում Հայաստանն առանձին էր դիտարկվում Սյունիքից և Արցախից։ Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահից հետո, երբ գահն անցավ նրա փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին։ Նրան հաջողվեց իր իշխանության տակ վերցնել Մեծ Հայքի գրեթե բոլոր գավառները՝ այդ թվում և Արցախը։ Այդ տարիներին տեղի ունեցած հակաարաբական ընդվզումները վերջնականապես ունեցան իրենց արդյունքը և 885 թվականին Արբական խալիֆայությունը Աշոտ Ա Բագրատունուն ճանաչեց, որպես Մեծ Հայքի թագավոր։ Այսպիսով, Հայաստանը վերականգնեց իր անկախությունը և Արցախ աշխարհը նորից հայտնվեց համահայկական պետության կազմում։

Ամեն ինչ փոխվեց 11-րդ դարում՝ սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ Տուղրիլ բեկի կառավարման տարիներին սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հարավային շրջանները, սակայն Արցախը դեռ շարունակում է անվնաս մնալ։ 1064 թվականին սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերն՝ Ալփարսլանի գլխավորությամբ, սրի ու գերության մատնեցին արցախահայությանը։ 12-րդ դարի սկզբներից, սելջուկ-թուրքերի կայսրության քայքայմանը զուգընթաց հզորանում էր Վրաց թագավորությունը։ Հայ ժողովուրդը, մնալով սելջուկ-թուրքերի գերիշխանության տակ՝ չէր համակերպվում այդ կացության հետ և հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ թոթափել սելջուկ-թուրքերի լուծը։ Հայ-վրացական ռազմաքաղաքական համագործակցության մեջ մեծ դերակատարություն ունեցան վրաց արքունիքում ծառայող հայ իշխանները, հատկապես՝ Զաքարյանների տոհմի ներկայացուցիչները[26]։ 12-րդ դարի 90-ական թվականներին նոր թափ ստացավ Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։ Հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրվում էին հայկական տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Սակայն Զաքարյաններին չհաջողվեց միաձույլ կենտրոնաձիգ պետություն ստեղծել և այդ իսկ պատճառով հայոց միասնությունը պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տոհմերի հետ։ Այս ժամանակաշրջանում Արցախում գտվող երեք իշխանությունները՝ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն, տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը (Ծար), որն ազատագրվել էր Զաքարյանների օգնությամբ, ընդունում էր վերջիններիս գերագահությունը։ Միջին Խաչենի կամ Հաթերքի իշխանության տիրույթները ժամանակի ընթացքում բաժանվեցին Վերին Խաչենի և Ներքին Խաչենի միջև։ Վերջինիս իշխանական տան ներկայացուցիչներն Արցախի մյուս իշխանությունների համեմատ առավել մեծ ինքնուրույնություն ունեին։ Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց Հասան-Ջալալի օրոք։ Նման զարգացվածության շնորհիվ երկրամասը նաև քաղաքական անկախություն ստացավ, որն ընդունում էին նույնիսկ վրաց թագավորները։

Մոնղոլական արշավանքներ և թուրք-պարսկական մրցակցություն

 
Գանձասարի վանական համալիրը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից

1221 թվականին Կոտման գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական միացյալ ուժերը պարտություն կրեցին, որից հետո մոնղոլները սկսեցին ասպատակել Հայաստանն ու Վրաստանը։ Երկրորդ արշավանքի ժամանակ թաթարներին հաջողվեց գրավել նաև Արցախը[27]։ Եվ չնայած իշխանությունները կորցրել էին իրենց ինքնավարությունը, ժողովուդը շարունակում էր համառ դիմադրություն ցուցաբերել։ Իրավիճակն ավելի բարդացավ, երբ մոնղոլները՝ Ղազան խանի օրոք, պաշտոնապես ընդունեցին իսլամը։ Ազգային և սոցիալական ճնշումներին գումարվեցին կրոնական հալածանքները։ 1386 թվականին թուրքմենների առաջնորդ Լենկ-Թեմուրը, գրավելով Թավրիզն, անցնում է Արաքսը և մտնում Սյունիք, իսկ այնուհետև նրա զորքերը ներխուժում են Արցախ՝ գրավում Վերին Խաչենը։ Իրավիճակը փոխվեց Լենկ-Թեմուրի մահից հետո, երբ նրա հսկայածավալ պետությունն սկսվեց քայքայվել։ 15-րդ դարում կարա-Կոյունլու տիրակալների իշխանության տակ հայերը համեմատաբար լավ վիճակում հայտնվեցին։ Կարա-Կոյունլուները գիտակցելով իրենց տիրապետության տակ ընկած երկրների քայքայված տնտեսության վերականգնման և պետական գանձարանը լցնելու կարևորությունը, համեմատաբար մեղմ քաղաքականություն էին վարում հայ իշխանների նկատմամբ։ Նրանք պետական բարձր պաշտոնների նշանակում էին հայ նախարարական անվանի տների որոշ ներկայացուցիչների և շատերին դարձնում իրենց նախկին տիրույթների տնօրեններ ու լիիրավ իշխաններ։ Նույն իրավիճակն էր տիրում նաև Ակ-Կոյունլուների տիրապետության շրջանում։ Այս ժամանակաշրջանում վերականգնվում են Ներքին Խաչենի և Վերին Խաչենի իշխանական տների ներկայացուցիչների իրավունքները։ 14-15-րդ դարերում հայ նախարարական տների զգալի մասը կորցրեց իր ինքնավարությունն՝ այն զիջելով Հայաստանին տեր դարձած քոչվոր ցեղերի ավագանուն։ Չնայած դրան՝ Արցախի լեռնային գավառներում Առանշահիկների իշխանական տների առանձին ճյուղեր կարողացան դիմակայել եկվորների ճնշումներին և պահպանել երկրամասի պետական ինստիտուտների կենսունակությունը։ Այդ մասին է վկայում կարա-Կոյունլու Ջևանշահի հրովարտակը, որով ճանաչվում է լեռնային Արցախի տեր մելիքների իշխանությունը։ 16-17-րդ դարերում Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ 1555 թվականին պատերազմող կողմերն Ամասիայում կնքեցին հաշտության պայմանագիր, որով Հարավային Կովկասն անցավ Պարսկաստանի գերիշխանության տակ։ 16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմավարչական երեք միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղի բեկլարբեկությունները։ 1580 թվականին թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը ներխուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։ Հայոց հողի վրա թուրք-պարսկական բախումները շարունակվեցին մինչև 1639 թվականը՝ Կասր-ե-Շիրինում կնքված հաշտության պայմանագրի կնքումով։ Պարսկաստանին անցան Հայաստանի արևելյան նահանգները՝ Գուգարքը, Շիրակը, Արարատյան դաշտը, Սյունիքն ու Արցախը և Վասպուրականի արևելյան հատվածը։ Այդ ժամանակահատվածում, գտնվելով պարսկական տիրապետության տակ, Արցախի մելիքություններն ունեին ներքին ինքնավարություն և դրանով իսկ ստեղծում էին մի ինքնատիպ մշակույթ։ Երկրամասում խաղաղություն պահպանելու համար, Արցախի մելիքները, լեռնային անմատչելի ծերպերում տասնյակ ամրոցներ կառուցեցին։ Եվ դրանով իսկ շարունակում էին պահպանել հայկական պետականությունը։

Ազգային-ազատագրական պայքարն Արցախում

Գարեգին Նժդեհն Արցախի մասին Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։ Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը։ Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյությանը։ Այն օգնում է նաև հայերին անհավասար կռվում։ Այն տանում է հաջողության, ուժեղ թշնամու դեմ թույլերի հաղթանակի[28]

«
»
 
Խամսայի հինգ մելիքությունները

18-րդ դարի սկզբներին օգտվելով Պարսկաստանի ներքին երկպառակություններից ու աֆղանների հետ պատերազմներից՝ Արցախի մելիքներն ավելի մեծ ինքնուրույնություն ձեռք բերեցին։ Նրանք հրաժարվեցին Պարսկաստանին հարկեր վճարելուց, ինչը նպաստեց Արցախի հայ բնակչության տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ շրջանում պարբերաբար կրկնվող ավերիչ արշավանքներին դիմակայելու նպատակով՝ Արցախի մելիքները միավորվեցին և ստեղծեցին զինվորական միասնություն, որը պատմությանը հայտնի է սղնախներ անունով[29]։ Հայտնի են Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Շուշիի, Բադարայի, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքների, ինչպես նաև Տող և Տումի գյուղերի սղնախները։ Այդ ժամանակահատվածում ինքնավարության տեղական մարմիններն իրենց ուժերը համախմբում էին Լեռնահայաստանում պարսկական իշխանությունը վերացնելու համար։ 1723 թվականի Արցախի սղնախականները ստիպված էին դիմակայելու թուրքերին, որոնք համառորեն փորձում էին հասնել Կասպից ծովի ափերը։ Հայերին հաջողվեց պարտության մատնել թուրքերին և վերջիններս նահանջեցին։ Ամեն ինչ փոխվեց 1726 թվականին՝ Կոստանդնուպոլսում կնքված ռուս-թուրքական պայմանագրից հետո, երբ Թուրքիային անցան անդրկովկասյան տիրույթներըլ ներառյալ՝ Թիֆլիսը, Գանձակը, Նախիջևանը, Ղարաբաղն ու Ղափանը[30]։ Հայկական սղնախները մարտեր էին մղում թուրքերի դեմ և վերջիվերջո դրանց հիմքի վրա ծնվեց վարչաքաղաքական նոր միավոր՝ Խամսայի մելիքությունները, որոնք հետագա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական պայքարի նոր հանգրվաններ։ Շուտով Արցախը հայտնվեց թուրք-պարսկական մրցակցության ոլորտում։ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարստաստանի արյունարբու մարտերից հետո առավելության հասան պարսիկները՝ ի դեմս զորավար Նադիր շահի։ Օսմանյան կառավարությունն ի վիճակի չլինելով շարունակել պատերազմը 1736 թվականին Էրզրումում ստիպողաբար հաշտության պայմանագիր է կնքում պարսիկների հետ։ Դրանով թուրքերը պարսիկներին հանձնեցին Արևելյան Հայաստանը, Վրաստանի մի մասը, Գանձակը, Շամախին և Ատրպատականը։ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ 1736 թվականին Խամսայի հինգ հայկական մելիքությունները (Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա, Դիզակ) միավորվեցին մեկ ռազմաքաղաքական և վարչական միավորի մեջ և իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան 18-րդ դարավերջին[31]։ Այսպիսով ձևավորվեց հինգ մելիքություններից կազմված նահանգը, որի կենտրոնը Տող քաղաքատիպ ավանն էր։ Այս կազմավորումը Դիզակի Մելիք-Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։ Մելիք-Եգանը Նադիր շահից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։

Իրավիճակը փոխվեց Նադիր շահի սպանությունից հետո, երբ Պարսից երկրում առաջացած անիշխանության հետևանքով պատմության թատերաբեմ է բարձրանում թյուրքական քոչվոր ջիվանշիր ցեղի սարջալլու ճյուղի առաջնորդ Փանահ խանը, որի նպատակն էր գրավել լեռնային Արցախը։ Խամսայի մելիքները չհանդուրժեցին Փանահի նման քաղաքականությունը և նրան հետ մղեցին Արցախի լեռնային հատվածներից։ Այդ ժամանակաշրջանում մելիքների միջև առաջացած գժտությունների հետևանքով՝ Փանահ խանը հնարավորություն է ստանում տիրանալու Արցախին։ Վարանդայի տխրահռչակ մելիք Շահնազարը Փանահին նվիրաբերեց Շուշիի բերդը և այդ քայլն ավելի սրեց Արցախի ներքաղաքական կյանքը։ Շուտով Փանահն իրեն հռչակեց խան և հիմնեց Ղարաբաղի խանությունը։ Շուրջ 50 տարի Արցախի մելիքները պայքարում էին Ղարաբաղի ինքնահռչակ խաների դեմ։ Այդպիսով՝ Խամսայի մելիքությունը թուլացավ և սկսեց կործանվել։ 18-րդ դարի վերջերին Իրանում գահին տիրելու համար նորից պայքար է սկսվում և 1794 թվականին Աղա Մուհամմադ խանն իրեն հռչակում է շահ։ Վերջինիս անհանգստացնում էին ռուսական կողմնորոշում ունեցող Արցախի մելիքները։ Նա մելիքներին խոստացավ հաստատել իրենց իշխանություններում, եթե նրանք ընդունեն իր իշխանությունը։ Սակայն Արցախի մելիքները վճռականությամբ մերժեցին Պարսից շահի պահանջը, ինչի պատճառով 1795 թվականին շահը պաշարեց Շուշիի ամրոցը, սակայն հաջողության չհասավ։ 1797 թվականին Աղա Մուհամմադ խանը նորից է հարձակվում Շուշիի վրա՝ այս անգամ արդեն հաջողության հասնելով։ Նա հաստատվում է Շուշիում, սակայն որոշ ժամանակ անց դավադրաբար սպանվում է։

Ռուսական տիրապետություն և անկախության երկամյակ

 
Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին (1843-1857) լինելով ազատագրական պայքարի գործիչ պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել ազգապահպանության գործը։

Աղա Մուհամմադ շահի սպանությունից հետո իշխանության գլուխ է անցնում Ֆաթալի շահը, որը փորձում է ամրապնդել Պարսկաստանի գերիշխանությունը Հարավային Կովկասում։ Այդ ժամանակաշրջանում ռուս-պարսկական խորացող հակասությունները վերածվում են երկարատև պատերազմի (1804-1813 թվականներ)։ Ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո՝ 1813 թվականի հոկտեմբերի 12-ին, Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ։ Այդ պայմանագիրը վկայում է, որ Արցախն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցնում Ռուսաստանի տիրապետության տակ։

1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով վերջ է դրվում ռուս-պարսկական պատերազմին, որի արդյունքում Հայաստանը մեկընդմիշտ ազատագրվում է պարսկական դարավոր լծից։ 1840-1917 թվականներին Ցարական Ռուսաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինում մի շարք վարչատարածքային փոփոխությունների իրագործման, որոնց արդյունքում Ղարաբաղը մեկ հայտնվում էր Կասպիական մարզի, մեկ՝ Շամախու նահանգի, մեկ՝ Ելիզավետպոլի նահանգի կազմում[32]։ Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո Ժամանակավոր կառավարությունը 1917 թվականի մարտի 9-ին ստեղծում է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ), որի կարգադրությամբ ստեղծվում են գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Արդյունքում, Հարավային Կովկասում ստեղծվում են երեք ազգային պետություններ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ժողովրդավարական հանրապետությունների։ Այսպիսով, աշխարհի քարտեզի վրա գծվում է մի նոր պետու­թյուն (Մուսավաթական Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն), որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Իսկ արցախահայերն իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի ազգային բյուրոն։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, որի 95 %-ը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն։ 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները՝ ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների։ 1918 թվականի մայիսից մինչև 1920 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ բնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր։ Սակայն, դրանով հնարավոր չեղավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարկադրաբար ընդունելու Ադրբեջանի իշխանությունը։

 
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին։ Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց և զանգակատնից։ Ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից Շուշի է մեկնում գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Արցախի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայու­թյան դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերն առաջին հեր­թին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ակնայում տեղակայված թուրքական երկ­րորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ (1918 թվականի սեպտեմբերի 7-11-ին), ապա երրորդ համագումարները (1918 թվականի սեպտեմբերի 18-22-ին), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մուսուլմանների ուղեկցությամբ սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբուն, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ և Քարագլուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։

Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը, ձերբակալվեցին ու նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։ 1919 թվականի օգոստոսին Ղարաբաղը և Ադրբեջանը՝ ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում։

Խորհրդային ժամանակաշրջան՝ Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին

 
ԼՂԻՄ տարածքը՝ խորհրդային տարիներին

Հարավային Կովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր վարչակարգի ստեղծմամբ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից։ 1920 թվականի օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի և կազմբյուրոյի համատեղ նիստում ընդունվեց որոշում, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանային վեճերը վերացած են համարվում։ Արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը դառնում են Հայկական ԽՍՀ-ի մաս։ Այդ որոշումը վավերացվեց 1920 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Բաքվի խորհրդի ընդլայնված նիստում ընդունված հռչակագրի կարգավիճակով[33]։ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և հայ-ադրբեջանական համաձայնության հիման վրա՝ 1921 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Հայաստանի անբաժանելի մաս։

1921 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հայկական ԽՍՀ-ի մաս հանդիսանալու փաստը։ Սակայն, Կրեմլի կառավարության թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ որոշում՝ չպահպանելով նույնիսկ նախորդ ընթացակարգը։ Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը՝ առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է մեկ այլ տարածքի կամ երկրի կարգավիճակը[34]։ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ները 1922 թվականի դեկտեմբերին ընդգրկվեցին Խորհրդային Միության կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այս որոշումով ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ։ Խորհրդային ողջ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ պայքարեց մայր հայրենիքին վերամիավորվելու համար։ Արցախն Ադրբեջանին անմիջապես բռնակցելուց հետո սկիզբ առավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը։ 1920-ական թվականներին Արցախում հակաադրբեջանական շարժումը ղեկավարելու նպատակով ստեղծվեց «Ղարաբաղը՝ Հայաստանին» միությունը[35]։ 1927 թվականի նոյեմբերի սկզբներին միությունը հազարավոր թռուցիկներ է ցրել՝ «Ղարաբաղը՝ Հայաստանին» նշանաբանով։ 1962 թվականի Ստեփանակերտի ավտոշարասյան 300 աշխատավորներ բողոք-նամակ գրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն, կուսակցության Կենտկոմ և Մինիստրների խորհուրդ։ Նամակում ներկայացվեց մարզի գաղութային վիճակը և առաջարկվեց ԼՂԻՄ-ը վերամիավորել ՀԽՍՀ-ին։ 1962 թվականի մի շարք մտավորականներ նմանօրինակ նամակով դիմեցին ԽՄԿԿ Կենտկոմին։ Այսպիսի դիմումները կրում էին պարբերական բնույթ և հղվում էին թե ԼՂԻՄ-ից, թե ՀԽՍՀ-ից։ Միայն Լեռնային Ղարաբաղից Կենտկոմին հասած դիմումների տակ ստորագրել էին 45 հազար աշխատավորներ։

Արցախյան շարժում

 
Հայոց բանակի զինվորները Հյուսիսային Արցախի ազատագրական մարտերի ժամանակ, 1994 թվական

1985 թվականին ԽՄԿԿ ապրիլյան պլենումի կողմից գորբոչովյան «գլասնոստի» հռչակումից հետո արցախահայությանը հնարավորություն ընձեռվեց ԼՂԻՄ-ը միացնել ՀԽՍՀ-ին։ 1987-1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունն ակտիվ ստորագրահավաք սկսեց՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու վերաբերյալ, որի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ[36]։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանն որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ ԼՂԻՄ-ն ԱդրԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով[37]։ Խնդրին խաղաղ լուծում տալու փոխարեն փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն որոշում ընդունեց, ըստ որի Արցախյան շարժումը որակվեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է ԱդրԽՍՀ-ի և ՀԽՍՀ-ի աշխատավորների շահերին։ Տեսնելով, որ խնդիրը խորհրդային իշխանությունների կողմից լուծում չի ստանում, ժողովուրդն ինքն սկսեց իր պայքարը, ինչին հաջորդեցին ադրբեջանական սադրիչ գործողությունները, որոնց վերջարդյունքը դարձավ 1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած Բաքվի և Սումգայիթի ջարդերը։ Գնալով իրավիճակն ավելի էր բարդանում և անորոշ դառնում թե՛ ադրբեջաբնակ հայերի և թե՛ արցախահայության ճակատագիրը։ 1989 թվականի օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց ազգային խորհուրդ։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի ու կուսակցության մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից համագումարի ժամանակ ընդունվեց մի հռչակագիր, ըստ որի, ինքնավար մարզի գործերին ԱդրԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու էր որպես ագրեսիայի ակտ և կստանար համարժեք պատասխան։ 1989 թվականի նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընդունած որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին։ Դեպքերի զարգացման նման ընթացը հանգեցրեց նրան, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ և ԼՂ Ազգային Խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում ԼՂ-ի և Հայկական ԽՍՀ-ի վերամիավորման վերաբերյալ։

 
Արցախյան պատերազմին մասնակցած և դասալիքի վերածված Տ-72 տանկը, որը ցուցադրվելով Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, խորհրդանշում է վերջինիս անառիկությունը։

1989 թվականի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ ազգային խորհուրդն իրենց համատեղ նիստում միաձայն ընդունեցին ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշում[38]։ Միացումը, որի կարգախոսի տակ բարձրացել էր Արցախյան շարժումը՝ կայացավ։ ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին ընդունված «համատեղ որոշումը» միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների տեսնակյունից ընդունվեց օրինական կերպով։ ԼՂԻՄ-ի վերամիավորումը ՀԽՍՀ հետ չէր հակասում ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին, որ արգելում էր փոփոխության ենթարկել միութենական հանրապետության սահմաններն առանց նրա համաձայնության։ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ ենթադասությանը տալը չէր նշանակի, թե խախտվում է Ադրբեջանական ԽՍՀ տարածքային ամբողջականությունը։ ԼՂԻՄ և ՀԽՍՀ բարձրագույն իշխանությունների կողմից վերամիավորման մասին «Համատեղ որոշմանը» հետևեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի պատժիչ գործողությունները։ 1991 թվականի ապրիլից մինչև հուլիս ընկած ժամակահատվածում ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները՝ խորհրդային բանակի զորքերի հետ մեկտեղ իրականացրին Օղակ գործողությունը։ Այն իրենից ներկայացնում էր Արցախի հայաթափման և դրա տարածքին տեր դառնալու համար ձեռնարկված ծայրահեղ գործողություն[39]։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Իսկ արդեն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Արցախի բնակչությունը հանրաքվեյով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (այլ կերպ՝ Արցախի Հանրապետություն) և Ադրբեջանական Հանրապետություն։ Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունները[40]։

Արցախյան ազատամարտ և մերօրյա զարգացումներ

1991 թվականի ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային կարգի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը, որն էլ ազդարարեց Արցախյան գոյամարտի սկիզբը[41]։ Պատերազմի հորձանուտում հայերը միացիալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմված էր 20-25 հազար զինյալներից։ 75-80 հազարանոց Ադրբեջանի բանակը գրեթե երեք անգամ գերազանցում էր հայոց ուժերին, սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարից ավելի հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում՝ հայերն ունենում են 5856 զոհ[42] (ինչպես նաև՝ 1264 զոհ՝ խաղաղ բնակչության շրջանում, և 596 անհետ կորած՝ այդ թվում խաղաղ բնակիչներ), իսկ ադրբեջանցիները՝ մինչև 30 հազար զոհ[43]։ ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992 թվականիի մարտի 26-ին ստեղծվեց ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Մայիսի 8-9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվում է Շուշին:

 
Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցային սեղանի շուրջ, Սոչի, ՌԴ, օգոստոսի 10, 2014

Մայիսի 17-18-ին ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, ապա՝ Լաչինը, և վերացվեց գրեթե հնգամյա շրջափակման օղակը։ Հայաստանից սկսվեց սննդամթերքի, վառելանյութի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղ։ Դեպքերը շրջադարձային են լինում 1992 թվականի հունիսի 13-14-ին, երբ Ադրբեջանը որոշ արտաքին ուժերի (Ռուսաստան, Ուկրաինա, Պակիստան, Իսրայել, Թուրքիա) օժանդակությամբ զավթում է Շահումյանի շրջանը, այնուհետև՝ Մարտակերտի շրջանի մեծ մասը։ 1993 թվականի գարնանը հայկական կողմն ազատագրում է Մարտակերտի շրջանի մեծ մասը և շարունակելով հաղթական երթը՝ նույն թվականին ոչնչացնում է թշնամու ռազմահենակետերը Քարվաճառի, Ակնայի, Վարանդայի, Քաշունիքի, Ջրականի և Կովսականի շրջաններում։ Պատերազմի ընթացքում ազատագրվում է 12,4 հազար կմ քառ․ տարածք և ԼՂՀ-ի շուրջ ստեղծվում է անվտանգության գոտի, սակայն Ադրբեջանը ռազմակալում է Հյուսիսային Արցախը՝ Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների արևելյան մասերը։ Զինադադարի կնքումով սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ մինչև օրս ձգձգվող դիվանագիտական ու քաղաքական լարված պայքարը՝ բանակցությունների սեղանի շուրջ։

Ապրիլյան քառօրյա պատերազմ

2016 թվականի ապրիլի 1-ին ադրբեջանական ուժերը խախտելովա Սոչիում կնքված համաձայնությունը լայնամասշտաբ հարձակում են գործում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Քառօրյա պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ ունենում են մարդկային և նյութական կորուստներ։ Կարճատև պատերազմի ընթացքում Արցախը կորցնում է 8 կմ քառ․ տարածք, սակայն այնուամենայնիվ ստատուս քվոն տարածաշրջանում պահպանվում է։

44-օրյա պատերազմ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայի աջակցությամբ սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմը տևեց 44 օր և այն իր տեսակով Արցախյան ազատամարտից ի վեր ամենաարյունալի ու դաժան պատերազմն էր[44]։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10[45]։

Արցախում հրադադարի մասին համաձայնագիր

2020 թվականի նոյեմբերի 9–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի[46], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի[47] և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի[48] կողմից ստորագրվեց համաձայնագիր՝ հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրք և ռելիեֆ

 
Արցախի ռելիեֆային քարտեզ
 
Մռավ լեռնաշղթան գտնվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգում և հանդիսանում է Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։

Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում՝ Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռների արևելքում։ Արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Մակերևույթը հիմնականում լեռնային է՝ իրեն բնորոշ բարդ ռելիեֆով։ Լեռնային գոտիները զբաղեցնում են Հանրապետության ամբողջ տարածքի 3/4-ը։ Մակերևույթի բարձրությունների տարբերությունը կազմում է 3600 մետր։ Հյուսիսային Արցախում արևմուտքից արևելք ձգվում են է Մռավի լեռնաշղթան, որի երկարությունը կազմում է շուրջ 70 կմ։ Լեռնաշղթան կազմված է հրաբխածին ապարներից, որոնք տեղ-տեղ կտրտված են խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մետր), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մետր), Քյոռողլուդագը (3462 մետր), Օմարը (3395 մետր) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մետր), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Մռավի լեռնաշղթայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության ամենաբարձր կետը՝ Գոմշասարը (3724 մետր բարձրությամբ), որը հաճախ անվանում են նաև Արիության լեռ։ Լեռների լանդշաֆտը լեռնամարգագետնային է, իսկ լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ և սողանքային լճակներ։ Արցախի արևմտյան տարածքում տարածվում է Ղարաբաղի լեռնաշղթան։ Այն ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը։ Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ղարաբաղի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Մեծ Քիրս լեռն է՝ 2724 մետր բացարձակ բարձրությամբ։ Այս լեռնաշղթայի փեշերին՝ ԼՂՀ Հադրութի շրջանում է գտնվում Ազոխի քարայրը, որտեղ պահպանվել են նեանդերթալյան մարդու բրածո մնացորդներ։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների։

Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով դեպի արևելք տարածվում են մի շարք անտառապատ լեռնաճյուղեր։ Առավել նշանավոր է Շուշիի սարավանդը, որ գահավիժելով իջնում է Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից սկիզբ առնող Կարկառ գետի Քարինտակ վտակի հովիտները։ Հյուսիս-արևելքում Արևելյան Սևանի լեռնաշղթան է, որը սկիզբ է առնում Հայաստանի Գեղարքունիքի մարզից։ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև գտնվում է Սյունիքի բարձրավանդակը, որն իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ։ Այստեղի լեռները կազմված են կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենյան լավաների հզոր շերտով։ Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550մ) հրաբխային զանգվածները։ Ամենաբարձր լեռնագագաթը Դալին է՝ 3616 մետր բարձրությամբ։ Այն Արցախի ամենաբարձր լեռներից մեկն է։ Հարավարևմտյան մասում՝ Ծռասար և Մխմաթիք լեռնաշղթաների հատման կետում, գտնվում է Գժասար լեռը՝ 3616 բարձրությամբ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային է հարավն ու արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում է Միլի կամ Արցախի դաշտավայրը։ Արցախյան բարձրավանդակի արևմտյան հատվածը թեքությամբ իջնում դեպի արևելք՝ ձուլվելով Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին։ Արցախի տարածքի շուրջ 35 %-ը ծածկված է անտառներով (մասնավորապես 1.500-2.250 մետր բարձրության վրա գտնվող շրջանները)։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։

Օգտակար հանածոներ և հողային ծածկույթ

 
Հունոտի կիրճը պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրերի համալիր է

Արցախի Հանրապետության տարածքը հարուստ է մետաղական և ոչ մետաղական մի շարք հանքատեսակներով, սակայն երկրաբանական-հետախուզական տեսանկյունից այս տարածաշրջանը մինչ օրս համարվում է մասամբ (ոչ լրիվ) ուսումնասիրված։ Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Քոլատակ գյուղերը հայտնի են հանքային վառելիքի տեսակների առատությամբ։ Հնուց ի վեր Արցախի տարածքում հայտնաբերվել են բազմամետաղների, այդ թվում՝ ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, ծծմբային կոլչեդանի, երկաթի հանքավայրեր ու պաշարներ։ Դրանք հիմնականում գտնվում են Մեհմանա, Դրմբոն, Վարդաձոր, Կուսապատ, Վանք, Շահկերտ, Լիսագոր, Զարդանաշեն, Ցոր և Մաղավուզ գյուղերի հանքավայրերում, Խաչեն ու Թարթառ գետերի միջև ընկած տարածքում, ինչպես նաև Մռավ լեռան լանջին։ Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական տարրերով։ Մասնավորապես, շատ են մարմարի ու բազմերանգ մարմարեցված կրաքարի հանքավայրերը, որոնք հիմնականում գտնվում են Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ գյուղի տարածքում։

Հանրապետության տարածքում կան գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաև ցեմենտի, գրաֆիտի, վիմագրական քարի, գիպսի, ավազի ու կավի բարձրորակ հումք։ Լեռնային Ղարաբաղի տարածքը հարուստ է նաև հանքային ջրի ռեսուրսներով։ Որոշ աղբյուրներ այստեղ հայտնի են եղել դեռ շատ վաղուց։ Հատկապես կիրառական նշանակություն ունեն Լիսագորի հանքային ջրի աղբյուրները, որոնք գտնվում են Շուշիից 16-18 կմ. հեռավորության վրա, Շուշի-Գորիս ավտոճանապարհի մոտ։ Դրանք պարունակում են մեծ քանակությամբ երկաթ և արժեվորվում են իրենց բուժիչ հատկանիշներով։ Իսկ Շուշիի շրջանի Շրլան գյուղի մոտ գտնվող աղբյուրի հիման վրա Շուշիում գործում էր առողջարան։

Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան ծայրամասերի հարթավայրերում տարածված են շագանակագույն, գետահովիտներում՝ ալյուվիալ, նախալեռներում՝ մուգ շագանակագույն և լեռնատափաստանային, միջին բարձրության լեռներում՝ դարչնագույն ու գորշ հողերը, առանձին զանգվածներով՝ լեռնային սևահողերը, Մռավի լեռնաշղթայի բարձրադիր մասում՝ լեռնամարգագետնային ու կմախքային հողերը։

Ջրագրական ցանց

 
Հագարի գետը հոսում է Քաշաթաղի շրջանով
 
Սարսանգի ջրամբարը կառուցվել է Թարթառ գետի վրա։ Տեսարանը՝ Դրմբոն գյուղից

Արցախի ջրագրական համակարգը տեսականորեն նման է Հայաստանինին։ Հանրապետությունը դեպի ծով ազատ ելք չունի, սակայն վերջինիս տարածքում կան բազմաթիվ ներքին ջրեր (լճեր, գետեր, ճահիճներ)։ Խոշոր գետերը հիմնականում պատկանում են Կուր և Արաքս գետերի ավազաններին։ Գետերի սնումը հարաբերականորեն խառն է, իսկ հոսքն ունի սեզոնային բնույթ։ Գարնան բոլոր ամիսներին և աշնան սկզբին Արցախի գետերը հորդանում են, իսկ ամռանը՝ ծանծաղում։ Այստեղ հաշվվում է 2639 գետ ու գետակ, որոնց ընդհանուր երկարությունը 8395 կմ է։ Գետերը հիմնականում սկիզբ են առնում բարձրադիր լեռնաշղթաներից և ունեն մեծ անկում։ Ջրային ռեսուրսները կարևոր նշանակություն ունեն Արցախի Հանրապետության զարգացող տնտեսության կայունացման գործում։ Սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայության պայմաններում ջուրը միակ էներգետիկ աղբյուրն է։ Գետերի ոռոգման ջրերը խիստ անհրաժեշտ են նաև չորային Արցախի գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման համար։

Արցախի գետերի մեծամասնությունը (75 %) պատկանում են Կուրի ավազանին։ Այս գետի խոշոր վտակներից են Թարթառը, Հևջան, Խաչենը, Կարկառը, Խոնաշենը։ Ամենախոշոր վտակն աջակողմյան Կարկառն է, որի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Այն սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ ծովի մակարդակից մինչև 2080 մետր բարձրությունից։ Կարկառն իր հերթին ևս ունի երկու խոշոր վտակներ՝ Մեղրագետը և Բագարան։ Արաքսի ավազանի վտակները համեմատաբար ավելի խոշոր են և ջրառատ։ Դրանք են՝ Հագարին, Վարանդան, Իշխանագետը։ Հագարին հոսում է Քաշաթաղի շրջանում և ունի 113 կմ երկարություն։ Սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակից՝ Դալիդաղ լեռնազանգվածի հարավային լանջից։ Հոսում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ խոշոր վտակը Հոչազն (Հոչանց) է (63 կմ)։ Սնումը խառն է, հորդացումը տեղի է ունենում մայիս-հունիսին ամիսներին։ Վարանդան և Իշխանագետը սնմամբ և հոսքով նման են Արցախի մյուս գետերին։ Կան մի քանի գետեր, որոնք սկիզբ են առնում Հայաստանի տարածքում և հոսում են մինչև Արցախ։ Օրինակ՝ Քարաշեն գետն սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակից և Արցախի Հանրապետության տարածքում աջից միախառնվում է Աղավնո գետին։ Արցախի Հանրապետության մայր գետը Թարթառն է, որը պատկանում է Կուր գետի ավազանին։ Թարթառ գետի վերին ավազանում ժամանակին գտնվել է պատմական Ծար ավանը, իսկ գետի միջին հոսանքում՝ ձախ ափին, գտնվում է Դադիվանքը։ Թարթառի ափին է գտնվում նաև Քարավաճառ քաղաքը։ Թարթառ գետի ռեժիմը կարգավորելու և ջրերն արդյունավետ օգտագործելու համար 1970 թվականին կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որի ջրերն օգտագործվում են ոռոգման և ջրաէներգետիկ նպատակներով։ Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը ( հզորությունը՝ 110 մեգավատտ)։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Արցախյան ազատամարտի տարիներին Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և Արցախի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Կլիմայական պայմաններ

Արցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղանակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Բուսական աշխարհ

 
Հայկական շուշանը սոխարմատավոր բազմամյա ծաղկաբույս է, որը տարածված է Հյուսիսային Հայաստանում, Անատոլիայում և Արցախում
 
Թանթրվենի Տիգրանին Հայաստանի և Արցախի էնդեմիկ բուսատեսակ է, որը գրանցված է Կարմիր գրքում

Արցախը հարուստ բնական պաշարների երկիր է՝ գեղատեսիլ և բազմազան բնությամբ։ Արցախի տարածքի շուրջ 35 %-ն անտառածածկ է։ Անտառներն առավել մեծաքանակ են հատկապես Հադրութի և Մարտակերտի շրջաններում, որտեղ աճում են հոնի, խնձորենու, թզենու, տանձենու, ընկուզենու, սալորենու, շլորի, զկեռի, տխլենու ծառեր։ Արցախի մյուս երկրամասերում տարբեր տեղաբաշխմամբ աչքի են ընկնում հաճարենին, կաղնին, բոխին, թխկին, թեղին, լորենին, հացին, կեչին, ճապկին։ Գետահովիտների երկարությամբ տարածված են ուռենիները։ Շատ են նաև մոշի և մասրենու թփերը։ Վայրի ծառատեսակների ու թփերի պտուղները հին ժամանակներից մինչև այսօր թարմ կամ չորացված ձևով օգտագործվում են որպես սննդամթերք, համեմունք և դեղամիջոց։ Արցախն աչքի է ընկնում բուսական համայնապատկերների ու բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ։ Այստեղ առատ են մշակովի բույսերի վայրի ազգակիցները՝ ցորեն, աշորա, գարի, վարսակ, ոլոռ, սոխ, ճակնդեղ, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ընդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ։ Արցախի տարածքում միմյանց են հաջորդում տափաստաններն ու անտառները։

Ամենա­ցածր դիրք ունեն կիսաանապատներն ու տափաստանները (300-800 մետր), ամենաբարձր՝ մերձալպյան, ալպյան մարգագետինները, բարձրախոտերը, քարաժայռային բուսականությունը (1300-2300 մետր), իսկ 2300 մետրից բարձր տարածված են տունդրային յուրահատուկ բուսատեսակները։ Արցախի տափաստանները հիմնականում ծածկված են տափաստանային գուղձավոր և պնդաթուփ խոտաբույսերով։ Այստեղ տարածված են ավելուկը, եղինջը, ծնեբեկը, թրթնջուկը, ճռճռուկը, աստղաշուշանը, փիփերթը, շրիշը, իշակաթնուկը և այլն։ Սաղարթավոր նոսր անտառներում ցածրաբուն, լուսասեր ծառերի ու թփերի՝ ցաքու, ասպիրակի, փռշնու, ցախակեռասների, հասմիկի, մահալեբյան բալենու, խնկենու, նռնենու, մասրենու, դրախտածառի հարևանությամբ աճում են փետրախոտեր, շյուղախոտեր և աղեղախոտեր։ Ամենուրեք տարածված են ուրցի երկու տեսակները, որոնց հոգեպարար բույրով պարուրվում է ողջ շրջապատը։ Անտառամերձ մարգագետիններում աճում են հացազգի և լոբազգի բազմաթիվ բույսեր։ Գարնան վերջերին սագասոխին, մկանասոխին, աստղաշուշանին, ձնծաղիկին փոխարինելու են գալիս հրանունկը, անմոռուկը, որոնց դեղին և երկնակապտավուն գույնի հետ մեծ խայտաբղետություն են առաջացնում ոջլադեղի, վարդակակաչի, երեքնուկների և կակաչների ծաղիկները։ Արցախի տարբեր հանդամասերում կարելի է հանդիպել տատասկի, դաշտավլուկի, գայլաթաթի և անմոռուկի։ Գետեզրերին տեսանելի է ճահճախոտը, մակարդախոտը, ջրկոտեմը, մացառեղեգը, շերեփուկախոտը, ջրոսպը, ջրահարսը, տարատեսակ ջրիմուռները։ Վերոհիշյալ բույսերին ամենուր ընկերակցում են մոտ 100 տեսակի մամուռներ։ Արցախի բարեխառն կլիման հարմարավետ պայմաններ է ստեղծում խաղողի որթի և շահթթենու լիարժեք աճման համար։

Կենդանական աշխարհ

 
Արցախի լեռնային ֆաունային ամենաբնորոշ կենդանատեսակը գորշ արջն է

Արցախի Հանրապետության տարածքը գտնվում է Իրանական, Փոքրասիական և Պոնտոս-Կովկասյան մարզերի խաչմերուկում, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը երկրամասի կենդանական աշխարհի տեսակների վրա։ Արցախի կենդանական աշխարհում գերակշռում են առաջավորասիական և միջերկրածովային տեսակները։ Բոլոր գոտիներում կենդանիներից հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, շնագայլ, լճագորտ, մողես, լորտու, առնետ, թռչուններից՝ անգղ, արծիվ, բազե, աղավնի, կաչաղակ, ագռավ, սովորական ճնճղուկ, չղջիկ և այլն։ Արցախի կլիմայական ու բուսական ծածկին համապատասխան գոյություն ունի բազմատեսակ կենդանական աշխարհ։ Կիսաանապատային և տափաստանային գոտում տարածված են զանազան մորեխազգիներ, որոնց որոշ տեսակները իսկական չարիք են հողագործի համար։ Կիսաանապատներում և ժայռերում ապրում են կարիճների, մողեսների և օձերի որոշ տեսակներ։

Սո­ղուններից կարելի է մատնանշել դաշտային իժը և գյուրզան։ Այգի­ներում և արտերում ապրում են դաշտամկներ, ավազամկներ և ճագարամկներ, որոնք, արագ զարգանալով, դառնում են լուրջ վնասատուներ։ Շատ հարուստ է բզեզների և թիթեռների ֆաունան։ Կաթնասուններից նշված գոտում մշտապես ապրում են նապաստակը, աղվեսը, վարազը, մի քանի տեսակ չղջիկներ, ոզ­նին, գայլը։ Թռչուններից հանդիպում են աքարներ, փոքրիկ ար­տույտներ, դաշտային կաքավներ և լորեր։ Գիշատիչ թռչուններից տարածված են ուրուրներն ու գառնանգղները։ Երկնակամարում մերթընդմերթ տեսանելի է արծիվների սլացիկ թռիչքը։ Անտառաբնակ թռչուններից հայտնի է փայտփորը, աղավնին, երաշտահավը, լորոս-ճուռակը, դեղնածաղիկը, սարյակը, ծիծեռնակը, բուն և կաչաղակը։

Անտառներում հանդիպում են նապաստակներ, աղվեսներ, ոզնիներ, կովկասյան աքիսներ, երբեմն էլ եղնիկ, արջ ու անտառային կատու։ Գետերում ապրում են լեռնային գետերին և անուշահամ բարձ­րադիր լճերին հատուկ ձկներ։ Մարդու անհոգի վերաբերմունքի հետևանքով ձկների որոշ տեսակներ անհետացել են։ Բոլոր լճակներում և գետերում տարածված են գորտը, լորտուն և կրիան։ Եղեգնապատ վայրերում հանդիպում է կարմիր բադը։ Աղբյուրներին, գետակներին, լճակներին հատուկ են ջրային որդերը և ճպուռները։ Կանգնած ջրավազաններում ապրում են մոծակների մի քանի տեսակներ։

Ղարաբաղի ձի

 
Ղարաբաղի ձի

Ղարաբաղի ձին, որը հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է, դեռևս հնագույն ժամանակներից տարածված է եղել Արցախի տարածքում։ Ըստ մեզ հայտնի աղբյուրների՝ ղարաբաղյան ձին առաջացել է ժողովրդական ընտրասերման արդյունքում՝ պարսկական, թուրքմենական, իսկ հետագայում նաև արաբական ձիերի խաչասերումից և բնակություն է հաստատել Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Ներկայումս այն համարվում է արևելյան տիպի լավագույն ձիատեսակներից մեկը։ 19-րդ դարում այն ներազդել է հարավռուսական ձիաբուծության վրա և մեծ քանակով արտահանվել արևմուտք՝ Ֆրանսիա, Անգլիա, Լեհաստան և այլուր։

Ղարաբաղի ձին հատկապես աչքի է ընկնում իր գեղեցիկ արտաքին կառուցվածքով։ Անզեն աչքով նկատելի է ղարաբաղյան ձիու նմանությունն մեկ այլ արևելյան նժույգի՝ արաբական ձիու հետ։ Երկու ձիատեսակների գլխավոր նմանություններն են չոր մարմնակազմվածքը և հեզ վարքագիծը։ Ղարաբաղյան ձիու գլուխը բավականին թեթև է, իսկ իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը կազմում է 145-150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145-150 սմ։ Տարբեր ժամանակներում արցախյան այս ձիատեսակն օգտագործվել է Դոնի, անդրկովկասյան հանրապետությունների (Ադրբեջանական Հանրապետությունում համարվում է ազգային խորհրդանիշ), Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Ներկայումս ղարաբաղյան ձիերը սահմանափակ քանակով բուծվում են Արցախի Հանրապետության որոշ շրջաններում։

Բնապահպանություն

Վարչատարածքային բաժանում

Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորներն են՝ շրջանները, համայնքները, ինչպես նաև շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքը (Արցախի մայրաքաղաք)։ Արցախի Հանրապետության ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ², որը վարչակատարածքայնորեն բաժանված է 8 առանձին շրջանների։ Դրանք են՝ Ասկերանի շրջանը՝ Ասկերան կենտրոնով, Հադրութի շրջանը՝ Հադրութ կենտրոնով, Մարտակերտի շրջանը՝ Մարտակերտ կենտրոնով, Մարտունու շրջանը՝ Մարտունի կենտրոնով, Շահումյանի շրջանը՝ Քարվաճառ կենտրոնով, Շուշիի շրջանը՝ Շուշի կենտրոնով և Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով[49]։ Շահումյանի շրջանն ներկայումս գտնվում է Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, իսկ տեղի հայ բնակչությունը դուրս է մղված դեպի ազատագրված Վայկունիքի գավառ։ Այս ութ շրջաններին մեջ են մտնում նաև ազատագրված յոթը հայկական պատմական գավառները՝ Ճրաքն, Կովսական, Քաշունիք (Հագարի գետի հովիտ, Քաշաթաղի շրջան) Վայկունիք (Թարթառ գետի վերին հովիտը), Ակն (Տիգրանակերտի դաշտակ, նախկին Աղդամի շրջան) և Մուխանք (Արցախի դաշտավայր)։

Ըստ Արցախի Հանրապետության «վարչատարածքային բաժանման մասին օրենք»-ի՝ ութ շրջաններում իրականացվում է պետական կառավարում, համայնքներում՝ տեղական ինքնակառավարում։ Տեղական ինքնակառավարում է իրականացվում Ստեփանակերտ քաղաքում ևս՝ համատեղելով պետական կառավարման հետ։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։ Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերը՝ առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին ընդգրկվում են համայնքների մեջ[50]։

Արցախի վարչական շրջաններ
  Վարչական շրջան Տարածք Բնակչություն     Շրջան Շրջկենտրոն Բնակչություն
1 Ստեփանակերտ 25.66 կմ² 50,400 10 Ստեփանակերտ Ստեփանակերտ 50,400
2 Ասկերանի շրջան 25.66 կմ² 1221.92 11 Ասկերանի շրջան Ասկերան 2180
3 Հադրութի շրջան 12,400 կմ² 1876.80 12 Հադրութի շրջան Հադրութ 3000
4 Մարտակերտի շրջան 25.66 կմ² 851,258 13 Մարտակերտի շրջան Մարտակերտ 4500
5 Մարտունու շրջան 23,100 կմ² 152,758 14 Մարտունու շրջան Մարտունի 5 800
6 Շահումյանի շրջան 2,800 կմ² 1829.80 15 Շահումյանի շրջան Քարվաճառ 500
7 Շուշիի շրջան 25.66 կմ² 166,706 16 Շուշիի շրջան Շուշի 4100
8 Քաշաթաղի շրջան 4,500 կմ² 381.30 17 Քաշաթաղի շրջան Բերձոր 2200
9 Ընդհանուր 25.66 կմ² 11.458 18 Արցախ Ստեփանակերտ 50,400

Արցախյան հիմնախնդիր

Արցախի իրավական կարգավիճակ

Ներկայիս Արցախի Հանրապետությունը փաստացիորեն (դե ֆակտո) անկախ պետություն է, որն ունի սեփական դրոշը, զինանշանը և օրհներգը, իշխանական մարմինները, ֆինանսատնտեսական համակարգը։ Հայաստանը միջազգային-իրավական հարթակում Արցախը ճանաչում է որպես իր անբաժանելի մաս։ Այնուամենայնիվ, Արցախյան խնդրի միջազգային-իրավական կարգավորումը մեծապես կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Մարդու իրավունքների տեսանկյունից «Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում Հայաստանը զինամթերքով և կամավորներով օգնություն է ցուցաբերում Արցախին։ Հայաստանի ներգրավվածությունն Արցախյան պատերազմում աճում է 1993 թվականի դեկտեմբերի ժն տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումից հետո։ Դրանից հետո Հայաստանի ներքին գործերի նախարարությունը երկրում հայտարարեց արտակարգ իրավիճակ և սկսեց զորակոչ անցկացնել Արցախի պաշտպանական դիրքերում կռվելու համար»։ Հայաստանն և Արցախն ունեն շաղկապված քաղաքականություն, որի վառ ապացույցն է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը Հայաստանի վարչապետի (1994-1997) և ապա նաև նախագահի (1998-2008) պաշտոնում։ Հայաստանի կառավարությունը բազմիցս կարողանում է պաշտպանել երկու հայկական պետությունների շահերը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների ընթացքում։ Իր եվրասիական ուսումնասիրությունների ընթացքում Արևմտաեվրոպական միության հետազոտությունների ինստիտուտի նախագահ Դով Լինչև գրում է․ «Արցախի անկախացումը թույլ է տալիս նոր հայկական պետությանը խուսափել ագրեսիայի միջազգային խարանից, չնայած այն բանին, որ հայկական զորքերը 1991-1994 թվականներին գերիշխանում էին արցախա-ադրբեջանական շփման գծում»։ Լինչը նաև մատնանշում է, որ «հայկական զինված ուժերի հզորությունը և Հայաստանի ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ, դիտվում են որպես Ստեփանակերտի իշխանությունների կողմից արցախյան պետության պաշտպանության առանցքային վահաններ»։ Այնուամենայնիվ, շատ աղբյուրներ Արցախը փաստացիորեն համարում են Հայաստանի մաս։

Արցախյան հիմնախնդրի շուրջ Հայաստանը, Ադրբեջանական Հանրապետությունը և երրորդ կողմ հանդիսացող Արցախը, ունեն տարբեր քաղաքական դիրքորոշումներ։ Պաշտոնական Բաքուն Հայաստանի կառավարությանը հորդորում է դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից և մյուս վիճելի տարածքներից, ինչպես նաև բոլոր տեղահանված անձանց թույլատրել վերադառնալ իրենց տներ։ Հայաստանը մերժում է ադրբեջանական կողմի պահանջները և կարծում է, որ Արցախի ժողովուրդն ունի ազգային ինքնորոշման անտարելի իրավունք։ Թե՛ Երևանը և թե՛ Ստեփանակերտը նշում են, որ Արցախն իրեն անկախ է հռչակել Խորհրդային Միությունից և այլ ոչ թե Ադրբեջանից։ Հայաստանի կառավարությունը պնդում է, որ Արցախի կառավարությունը պետք է մասնակցի տարածաշրջանի ապագայի վերաբերյալ ցանկացած քննարկման՝ միաժամանակ մերժելով ազատագրված տարածքները վերադարձնելու և փախստականներին մուտքի պահանջները։

Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթաց

Կողմերի միջև բանակցությունները կազմակերպվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների անմիջական նախաձեռնությամբ։ Արցախյան խնդրի կարգավորմանն ուղղված առաջին բանակցությունները 2001 թվականին ընթացել են նախ և առաջ Փարիզում և ապա՝ Ֆլորիդայում։ Չնայած այն հանգամանքին, որ կողմերը մոտ էին խնդրի հանգուցալուծմանը, ադրբեջանական իշխանությունները՝ ինչպես Հեյդար Ալիևի, այնպես էլ իր որդու՝ Իլհամ Ալիևի (2003 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո) պաշտոնավարման տարիներին, հստակորեն հերքում են Փարիզում և Ֆլորիդայում կայացված ցանկացած համաձայնություն։ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև հետագա բանակցությունները տեղի են ունեցել 2004 թվականի սեպտեմբերին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում։ Այս անգամ ադրբեջանական կողմի ներկայացված առաջարկներից մեկը Արցախում և Ադրբեջանում հանրաքվեի անցկացումն էր՝ տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման վերաբերյալ։ 2006 թվականի փետրվարի 10-ին և 11-ին Ռամբույե ավանում տեղի են ունենում բանակցություններ, որոնք որևէ համաձայնության չեն հանգեցնում։ Սակայն այդ ընթացքում քննարկվում են մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են օրինակ Քարվաճառից հայկական զորքերի դուրս գալու հարցը։

Բնակչություն

Արցախի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141..400 մարդ։ Ազգաբնակչության մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։ Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 68.048 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 73.352 կամ 51.9%։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությունը կազմում է 52.310 մարդ[51]։

Բնակչությունն ըստ շրջանների Բնակչության քանակը[51]
Ստեփանակերտ 52.310
Ասկերան 17.732
Հադրութ 12.373
Մարտակերտ 19.636
Մարտունի 23.435
Քարվաճառ 3.000
Շուշի 5.126
Քաշաթաղ 7.788
Ընդհանուր՝ 141.400

Արցախահայության էթնիկ զտումներ

Տնտեսություն

Բնական հումքի հնարավորություններով պայմանավորված՝ Արցախում ավանդաբար գործել են շերամորդի բոժոժի նախնական մշակման, մետաքսագործության, գորգագործության, գինեգործության, մետաղաձուլության, օղեթորման (թթից և խաղողից) գործատներ, բրուտագործության կետեր, կղմինդրի, սայլերի, կառքերի պատրաստման, կոշիկի, կարի արհեստանոցներ, ձիթհաններ, ջրաղացներ և այլն։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում ֆրանսիացիները դեռևս 19-րդ դարում արդյունահանել են բազմամետաղների հանքանյութ։ Շուշիում գործել է ջրէկ (30 կՎտ)։

Արցախ-Ղարաբաղում բոժոժի վերամշակումն սկսել են 19-րդ դարի 60-ական թվականներին։ Մինչև 1918 թվականը երկրամասում գործել են մետաքսաթելի 36 և թելի ոլորման 10 գործատներ։ Արտադրած մետաքսաթելն սպառվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում, իսկ գորգերը՝ Պարսկաստանում և այլուր։ 1879 թվականին Ֆիլադելֆիայում (ԱՍՆ) կազմակերպված միջազգային տոնավաճառում Ղարաբաղի մետաքսն արժանացել է արծաթե, իսկ 1882 թվականի Մոսկվայի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի։ 19-րդ դարի վերջին Ղարաբաղի մետաքսաթելից գործվել են Փարիզի Ելիսեյան պալատի վարագույրները։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության կարևոր ճյուղերն էին հացահատիկային տնտեսությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, անասնապահությունը։ Մշակվել են նաև բրինձ, ձիթատու վուշ, սիսեռ, կարտոֆիլ և այլն։ 1805 թվականին Ղարաբաղը, ինքնակամ ընդունելով Ռուսաստանի տիրապետությունը (հաստատվել է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով) և գտնվելով Ռուսաստանի կայսրության վարչաքաղաքական ու սոցիալ-տնտեսական համակարգում, զարգացել է կայսրության ծայրամասային շրջաններին բնորոշ հաստատության օրինաչափություններով։ Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումը (1917 թվական), անղրկովկասյան ազգերի անկախացումն ու ազգամիջյան հակամարտությունների սրումը նոր անկախացած երկրների տնտեսությունը հասցրել են քայքայման եզրին։ Մեծ չափով տուժել է նաև Արցախ-Ղարաբաղի տնտեսությունը։ Խորհրդայնացումից հետո պահանջվել է մի քանի տասնամյակ, որպեսզի Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստացած ԼՂ-ն իր մակրոտնտեսական ցուցանիշներով մոտենար 1915-1916 թվականների մակարդակին։

Տրանսպորտ

 
Գանձասար

Արցախի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Նախատեսվում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ։

Տուրիզմ

Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիները կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիները պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում։

Պետական կառուցվածք

Քաղաքականություն
  • Նախագահ – Սամվել Շահրամանյան, 2023
  • Պետնախարար – Արթուր Հարությունյան, 2023
  • Խորհրդարան – Ազգային Ժողով, 33 պատգամավոր, 5 տարի ժամկետ
  • Արցախի Հանրապետությունում գործում է համընդհանուր ընտրության իրավունք, 1991 թվից ի վեր
  • Ընտրելու տարիքը՝ 18 տարեկան

Արցախի միջազգային իրավական կարգավիճակ

 
Արցախի փողոցը Ուոթերթաունում (Մասսաչուսեթս նահանգ, ԱՄՆ)

Արցախի անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված պետություններ՝ Աբխազիայի[52][53][54] և Հարավային Օսիայի[52] հանրապետությունները, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրի Հանրապետությունը[55]։

Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը, նույնպես ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը[56][57][58]։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման կոչ (ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին) պարունակող հռչակագրեր ընդունել են ԱՄՆ մի քանի նահանգների օրենսդրական մարմինները՝ Ռոդ-Այլենդ[59][60], Մասսաչուսեթս[61][62], Մեն[63][64], Լուիզիանա[65][66][67] և Կալիֆոռնիա[68][69][70][71]։

Արցախի Հանրապետության ճանաչման նախագիծ Հայաստանի Ազգային ժողովում

2014 թվականի նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեցին 8 պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության բոլոր 5 պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Միքայել Մանուկյան, Արծվիկ Մինասյան), «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցությունից՝ Նիկոլ Փաշինյանը։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ձեռնպահ քվեարկեց։ Բոլոր մյուս պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել, որի արդյունքում նախագիծը չընդունվեց։ Նախագծով նախատեսվում էր պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը և բացառել այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների սահմաններին, ինչպես նաև երկու այլ դրույթներ[72]։ Նախկինում ևս «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկվել են ԼՂՀ անկախության ճանաչման նախագծեր, որոնք նույնպես մերժվել են Ազգային ժողովի կողմից։

2020 թ. սեպտեմբերի 27-ից վերսկսվել են քննարկումները Հայաստանիի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին[73]։

Արցախյան հակամարտության վերջին զարգացումներ

Մշակույթ

Տոներ

Արցախի Հանրապետության պետական տոներ[74][75][Ն 1]։
Օր Անվանում
Հունվարի 1, Հունվարի 6 Ամանոր և Սուրբ ծնունդ[Ն 2]
Փետրվարի 20 Արցախի վերածննդի օր[Ն 3]
Փետրվարի 21 Մայրենի լեզվի օր
Փետրվարի 23 Հայրենի պաշտպանի օր
Մարտի 8 Կանանց միջազգային օր
Ապրիլի 7 Մայրության և գեղեցկության տոն
Մայիսի 1 Աշխատավորների համերաշխության միջազգային օր
Մայիսի 9 Հաղթանակի տոն[Ն 4]
Մայիսի 28 Հայաստանի առաջին հանրապետության օր
Հունիսի 1 Երեխաների պաշտպանության միջազգային օր
Սեպտեմբերի 1 Գիտելիքի և դպրության օր
Դեկտեմբերի 10 Արցախի Հանրապետության օր[Ն 5]
Նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։ Թարգմանչած տոն[Ն 6]
Արցախի Հանրապետության հիշատակի օրեր[74][75][Ն 1]։
Օր Անվանում
Ապրիլի 24 Ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Հունիսի 29 Հայրենիք համար նահատակվածների և անհետ կորածների հիշատակի օր
Դեկտեմբերի 7 Եկրաշարժի զոհերի հիշատակի օր

Տես նաև

Նշումներ

  1. 1,0 1,1 Արցախում կարող են նշվել միջազգային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր։
  2. Նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը։ Ոչ աշխատանքային օրեր են։
  3. Փետրվարի 20, 1988 թ-ի այդ օրը սկսվել են Արցախի անկախացման ցույցերը։
  4. Արցախի պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր. մայիսի 9։ Ոչ աշխատանքային օր են։
  5. Արցախի պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օր՝ նշվում է դեկտեմբերի 10-ին, ոչ աշխատանքային օր։
  6. Նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։ Արցախի պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օր. դեկտեմբերի 10։ Ոչ աշխատանքային օր է։

Ծանոթագրություններ

  1. Արցախի Հանրապետության սահմանադրություն, ընդունված 2017 թվականի փետրվարի 20-ին, (արխիվացված 23․03․2022թ․)։
  2. Հետխորհրդային պատերազմներ. ապստամբություն, էթնիկ հակամարտություն և ազգամիջյան բախումներ Կովկասում (Online-Ausg. ed.). Նյու Յորք: Նյու Յորքի համալսարանի հրատարակչություն. 2007. էջ 168. ISBN 9780814797099.
  3. «ԼՂՀ 2015 թվականի մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշներ». 2016 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին.
  4. Ընդհանուր տեղեկություններ - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Новости KM.RU. Приднестровье хочет войти в состав России». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  7. Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է - Հայաստանի պաշտպանության նախարարություն
  8. «ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը» Արխիվացված 2019-03-09 Wayback Machine (արխիվացված
  9. «Հայաստանը մնում է ԼՂ անվտանգության երաշխավորը. ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր» Արխիվացված 2019-03-19 Wayback Machine (արխիվացված
  10. Լեո, «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
  11. «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации». Президент России (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Արցախի հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջ». www.president.nkr.am. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին.
  13. Շահեն Մկրտչյան, «Արցախի գանձերը», Երևան 2000 - Տիգրան Մեծ հրտ., էջ 10։
  14. Ղևոնդ Ալիշան, «Արցախ», գրաբարից թարգմանեց Գ. Բ. Թորոսյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն – 1993, էջ 8։
  15. Մովսես Կաղանկատվացի, «Աղուանից աշխարհի պատմութիւն», 1.4, 1.18, 3.22:
  16. Robert H. Hewsen, Armenia: a Historical Atlas. University of Chicago Press, 2001, pp. 119–120.
  17. Լևոն Հարությունյան, Նշխարներ Արցախի բանահյուսության
  18. «ԱՀ Ազգային ժողով // Պաշտոնական կայք // nankr.am». www.nankr.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  19. «Արցախի Հանրապետություն // Պաշտոնական կայք // nankr.am». www.nankr.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 32
  21. Բալայան, Վահրամ (2020). «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր = Glimpses on the history of the Artsakh Republic settlements = Очерки истории населенных пунктов Республики Арцах : Մենագրություն / Վ.Ռ. Բալայան». armunicat.nla.am.
  22. 22,0 22,1 Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 34
  23. Մկրտչյան. Շ., «Արցախ», Երևան, 1991, էջ 26
  24. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 78
  25. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 85
  26. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 118
  27. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 125-136
  28. ««Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի». Գարեգին Նժդեհի խոսքերից». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16-ին.
  29. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 152
  30. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 157
  31. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204
  32. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 242-243
  33. «Կոմունիստ», 2 դեկտեմբերի, 1920, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, ժողովածու, Երևան, 1957, էջ 497-498
  34. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 307
  35. Ուլուբաբյան Բ., «Արցախի պատմությունը», Երևան, 1994
  36. Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 354
  37. ՀՀ ԱԺ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Կարգավորման ուղիներ, Խորհրդարանական լսումներ 29-30 մարտի, 2005 թվական, «Անտարես», Երևան, 2006, էջ 279
  38. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղիներ», Երևան 2006, էջ 280
  39. Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 102
  40. Kaufman, Stuart (2001). Modern Hatreds: The Symbolic Politics of Ethnic War. New York: Cornell Studies in Security Affairs. էջ 61. ISBN 0-8014-8736-6.
  41. Ալեքսանդր Մանասյան, Ալեն Ղևոնդյան «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…», Երևան։ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն», ՊՈԱԿ, 2010, էջ 118
  42. «Փաստագրական տվյալներ Արցախյան արյունարբու պատերազմից». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  43. «№ 2 (232) февраль (1-15) 2014 г.». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  44. «Վարդենիսի ուղղությամբ ևս կրակոցներ են եղել» (արխիվացված)
  45. «Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  46. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
  47. «Президент Алиев: в урегулировании нагорно-карабахского конфликта поставлена точка». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  48. «Заявление Президента Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  49. Վիճակագրության Ազգային Ծառայություն, «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ըստ շրջանների(չաշխատող հղում)
  50. «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին «Արցախի Հանրապետություն | Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե». nkrcadastre.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  51. 51,0 51,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  52. 52,0 52,1 «Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Ցուգբա.«Աբխազիան, Հարավային Օսեթիան, ԼՂՀ-ն ու Մերձդնեստրիան վաղուց արդեն ճանաչել են միմյանց անկախությունը և շատ սերտ համագործակցում են միմյանց հետ»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  53. «Արխիվացում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
  54. «ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել Աբխազիայի Նախագահի երդման հանդիսավոր արարողությանը». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  55. «Since the first days of its independent development, the Pridnestrovien Moldavian Republic has established, maintained and has been actively extending friendly interstate relations with the Republic of Abkhazia, the Republic of South Ossetia and the Republic of Nagorno-Karabakh». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  56. Նոր Հարավային Ուելսի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը Արխիվացված 2014-09-12 Wayback Machine (անգլերեն)

    (b) recognises the right to self-determination of all peoples including those of the Republic of Nagorno-Karabakh,

    (f) calls on the Commonwealth Government to officially recognise the independence of the Republic of Nagorno-Karabakh and strengthen Australia’s relationship with the Nagorno-Karabakh and its citizens.

  57. Независимая газета: Ավստրալիական նահանգը ընդունել Ղարաբաղի անկախությունը Արխիվացված 2014-05-12 Wayback Machine (ռուսերեն)

    Верхняя палата парламента Нового Южного Уэльса одновременно с резолюцией о признании НКР и права на самоопределение карабахского народа приняла и обращение к властям Австралии официально признать независимость Карабаха со всеми вытекающими последствиями.

  58. ARFD. New South Wales Recognizes Mountainous Karabakh’s Independence. Sahakyan Expresses Gratitude. Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
  59. Ռոդ-Այլենդ նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը Արխիվացված 2014-03-04 Wayback Machine (անգլերեն)
  60. Armenian Weekly. Rhode Island Legislature Supports Freedom of Artsakh Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
  61. Armenian Weekly. Massachusetts Legislature Supports Artsakh Independence Արխիվացված 2014-07-24 Wayback Machine
  62. Radio Free Europe. Massachusetts State Legislature Calls For Recognition Of Nagorno-Karabakh Արխիվացված 2016-06-09 Wayback Machine
  63. Մեն նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը Արխիվացված 2014-03-04 Wayback Machine (անգլերեն)
  64. Armenian Weekly Maine Legislature Supports Artsakh Independence Արխիվացված 2014-05-12 Wayback Machine
  65. Լուիզինիա նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը Արխիվացված 2014-05-12 Wayback Machine (անգլերեն)
  66. Armenian Weekly. Louisiana State Senate Recognizes Karabakh Independence Արխիվացված 2014-08-21 Wayback Machine (անգլերեն)
  67. 168 Ժամ Լուիզիանայի Սենատը Արցախի անկախությանն աջակցող բանաձև է ընդունել Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
  68. Կալիֆոռնիա նահանգի պառլամենտի կողմից ընդունված ռեզոլուցիայի բնօրինակ տեքստը Արխիվացված 2014-07-07 Wayback Machine (անգլերեն)
  69. 168 Ժամ։ Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
  70. Армянская служба Радио Свободная Европа - Радио Свобода: Парламент Калифорнии признал независимость Нагорного Карабаха Արխիվացված 2019-04-13 Wayback Machine 09.05.2014
  71. «Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
  72. «ԱԺ֊ն չընդունեց ԼՂՀ֊ի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  73. «Եթե պատերազմը երկարի, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը. Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին.
  74. 74,0 74,1 «Տոներեր և հիշատակի օրեր»: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Հայկական Հանրագիտարան։ Վերցված՝ 16 Դեկտեմբերի 2014։
  75. 75,0 75,1 Արցախի տոներ և հիշատակի օրեր Արխիվացված 2021-03-03 Wayback Machine Արցախի նախագահի պաշտոնական կայք։ Վերցված՝ 16 Դեկտեմբերի 2014։

Գրականություն

Արտաքին հղումներ

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են