Գորշ հողեր, հողերի տիպ, ձևավորվում է մերձարևադարձային գոտու կիսանապատային բուսածածկույթի տակ, չլվացող և ներհոսող ջրային ռեժիմի պայմաններում, լյոսերի ու լյոսանման ապարների վրա։ Բնութագրվում են հողառաջացման գործընթացի (գարնանը տեղի է ունենում բուսական մնացորդների կուտակում ու դրանց հումուսացում, ամռանը՝ հումուսային նյութերի հանքայնացում և դյուրալույծ աղերի բարձրացում հողի վերին հորիզոններ) տարեկան պարբերականությամբ, գորշ գունավորմամբ, լավ ջրաֆիզիկական հատկանիշներով, կենսաբանական բարձր ակտիվությամբ, հիմնային ռեակցիայով։ Հողային կտրվածքի (մինչև 150 սմ հզորություն) բոլոր հորիզոնները պարունակում են կարբոնատներ, վերին հումուսային հորիզոնը՝ 1–4% հումուս։ Գորշ հողերի ստորաբաժանվում են բաց, տիպիկ և մուգ ենթատիպերի։ Գորշ հողերը բավականաչափ բերրի են և օգտագործվում են ոռոգովի երկրագործության մեջ. մշակվում է բամբակենի, շաքարի ճակնդեղ, հացահատիկային, կերային, պտղատու մշակաբույսեր, խաղողի վազ։ Տարածված են Առաջավոր Ասիայում և Միջին Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Գորշ հողերի տարածման շրջաններում հայտնաբերվել են ոռոգման առավել հին օջախները։

Հայաստանի Հանրապետությունում տարածված են անտառային գորշ հողեր, մարգագետնային և կիսանապատային գորշ հողեր։

Մարգագետնային գորշ հողեր խմբագրել

Մարգագետնային գորշ հողերը կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի 2 %-ը (53 հզ. հա) զբաղեցնում են Արաքս գետի, Արմավիրի, Ստորին Հրազդանի և Արտաշատի ջրանցքների միջև ընկած Արարատյան դաշտի 800–950 մ բարձրության տարածքը։ Ձևավորվել են 1–3 մ (որոշ դեպքերում՝ 5 մ) խորության ստորգետնյա և մակերևութային (ոռոգման) ջրերի մշտական ազդեցությամբ, որի հետևանքով հողերի մակերևույթն անընդհատ հարստացել է ոռոգման բերվածքներով։ Հումուսի պարունակությունը ցածր է` 1,5–2 %, կարբոնատներինը` բարձր` 3–7 %, ունեն թույլ հիմնային ռեակցիա (pH=8,2–8,5), միջին կլանունակություն (30–40 մգէկվ), կավային և կավավազային մեխանիկական կազմ, բավարար ջրաֆիզիկական հատկություններ։

Կիսանապատային գորշ հողեր խմբագրել

Կիսանապատային գորշ հողերը հաճախ անվանում են «ղռեր», կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի 5,8 %-ը (152 հազար հա). զբաղեցնում են Արարատյան նախալեռնային գոտու ցածրադիր բլրաալիքավոր հարթությունների՝ 800–1250 մ բարձրությունները։ Առաջանում են խիստ չոր, ցամաքային կլիմայի և կիսանապատային բուսածածկույթի պայմաններում` կարբոնատներով և խճով հարուստ ավազակավերի և թեթև կավավազների վրա։ Հումուսի պարունակությունը ցածր է՝ 1,5–2 %, ունեն հիմնային ռեակցիա (pH=7,5–8,5), փոքր կլանունակություն (20–30 մգէկվ)։ Մեխանիկական կազմը միջին կավավազային է` զգալի քարքարոտությամբ։ Հողբարելավման միջոցառումների կիրառման ոռոգման դեպքում պիտանի են գյուղատնտեսական արժեքավոր բույսեր (խաղող, դեղձ, ծիրան և այլն) մշակելու համար։ Օգտագործվում է մոտ 1/3-ը։

Տես նաև խմբագրել

Հայաստանի հողեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։