Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

Արարատյան դաշտ, Այրարատ, Այրարատյան դաշտ, Արարատ, Արաքսենուս կաշպուս, Արաքսի հովիտ, Դաշտն Այարատյան, Դաշտն Արայի, Երասխի հովիտ, Մերձարաքսյան դաշտ, Տափերական դաշտ, Արարատյան գոգավորության տափարակ հատակ է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Ձգված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ Արաքս գետի հոսանքի երկայնքով, ունի եռանկյունու ձև։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը՝ 800-1000 մ)։ Հայաստանին պատկանում է ձախափյա մասը[1]։

Արարատյան դաշտ
Տեսակհարթավայր
Երկիր Հայաստան
Երկարություն90 կմ
ԲԾՄ800 մետր և 1000 մետր
Աշխարհագրական տեղադրությունՀայկական լեռնաշխարհ
Քարտեզ
Քարտեզ

Ռելիեֆ խմբագրել

Արարատյան դաշտը միջլեռնային տեկտոնական իջվածք է, որի հիմքը կազմում են հնագույն մետմորֆային ապարներն ու պալեոզոյի կրաքար ավազաքարային շերտախմբերը, իսկ վերին մասերը լցված են ալյուվիալ֊պրո֊լյուվիսղ և լճային նստվածքներով։ Դաշտի բնական իջեցումը շարունակվում է մինչև օրս։ Արարատյան դաշտի միջով հոսող գլխավոր գետը՝ Արաքսը, այն բաժանում է երկու հատվածի։ Արաքսից դեպի աջ տարածվող մասն այժմ ամբողջությամբ մտնում է Թուրքիայի և Իրանի կազմի մեջ, ձախակողմյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության։ Արարատյան դաշտը շրջապատված է Արագած, Գեղամա, Արարատ և Հայկական Պար լեռներով։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, ավելի քան 200 կմ, լայնությունը 20-45 կմ է, տարածությունը՝ մոտ 6600 կմ2։ Արարատյան դաշտը միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Հիմքում հնագույն մետամորֆային ապարներ և պալեոզոյի կրաքարաավազաքարային շերտով ծածկված պալեոգեն-նեոգենինի ավազաքարակավամերգելային նստվածքներով, վերին շերտերում (մոտ 400 մ հզորությամբ)՝ անթրոպոգենի գետալճային նստվածքներով։ Մակերևույթը հարթ է, Արաքսի ձախափնյա մասում՝ թույլ զառիկող, նախալեռնային մասում՝ ալիքավոր, աջափնյա մասում լավ են արտահայտված աստիճանաձև բարձր դարավանդները։ Արարատյան դաշտով հոսում է Արաքս գետը՝ այն բաժանելով հյուսիսային, հյուսիսարևելյան և հարավային, հարավարևմտյան (այժմ՝ Թուրքիայում և Իրանում) հատվածների։ Ռելիեֆի կարևոր տարրերից են մնացորդաէրոզիոն (Խորվիրապ, Սարիպապ) և հրաբխային («Կոնդեր») բլուրները։ Արարատյան դաշտը Գայլի դրունքով բաժանվում է Նախիջևանյան հարթությունից (Շարուրի դաշտ)։ Արարատյան դաշտում տեղ-տեղ բարձրանում են ծալքաբեկորավոր հիմքի ելուստներ (Խորվիրապ, Սարիպապ, Սալհովիտ) կամ խարամային կոներ (Արմավիրի բլուր, Մեծամոր

Արարատյան դաշտում առկա են կերակրի աղի (Երևան, Կողբ), տրավերաինների, ֆոսֆորիտների, կրաքարերի, մարմարի) շինարար ականքարերի ու ավազների պաշարներ։ Դաշտը հարուստ Է նաև հանքային ջրերով (Արզնի, Արարատ)։ Մեծ է նաև երևանյան քաղցրահամ ջրի արտեզյան ավազանը (մոտ 30 մլգ մ³)։

Կլիմա խմբագրել

Արարատյան դաշտը ունի արևոտ, չոր, ցամաքային կլիմա, (տարեկան արևափայլը՝ 2700 ժ), չոր ցամաքային կլիմա տևական (4 - 5 ամիս) շոգ ամառով, հուլիսի միջին ջերմաստիճանը 24 °C-ից 26 °C է, առավելագույնը՝ 42 °C (Երևան)։ Հատկանշական են ամռան տապը զովացնող լեռնային քամիները, որոնք հնուց ի վեր անվանվում են «Լուսավորչի քամի»։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամպամած, անհողմ եղանակների գերակշռությամբ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4 °C-ից -6 °C է, նվազագույնի -33 °C (Արմավիր)։ Հաստատուն ձնածածկույթ գոյանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է (50-60 օր), փոփոխական, աշունը՝ տևական, տաք, արևոտ եղանակներով։ Արարատյան դաշտում անսառնամանիք օրերի թիվը 200-ից ավելի է, իսկ 0 °C-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ ավելի քան 5000°, տարեկան տեղումները՝ 200 - 350 մմ։ Բարձր գոլորշականության (մոտ 1000 մմ) պատճառով խոնավության հաշվեկշիռը բացասական է։

Գետեր խմբագրել

Արարատյան դաշտը աղքատ է մակերևութային հոսքով։ Գետերը՝ Արաքսն իր վտակներով (Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի), տարանցիկ են, բացի (Մեծամորից), բուռն հորդանում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հունը (հատկապես՝ Արաքսը)։ Շատ են սելավները (Մաստարա, Չորասու, Գետառ)։ Ամռանը գետերի մի մասը բոլորովին ցամաքում է։

Հողեր խմբագրել

 
Հեղինակ՝ Գևորգ Բաշինջաղյան (1912)

Բնական լանդշաֆտը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով։ Հողածածկույթում գերակշռում են հումուսով աղքատ գորշահողերը։ Կան նաև ալկալի ու աղուտային, ցածրադիր ողողատներում՝ գերխոնավ հողեր և ճահճուտներ։ Դարավոր ոռոգելի երկրագործության պայմաններում ձևավորվել են կուլտուր-ոռոգելի հողեր։ Ունի հումուսով աղկատ գորշահողեր՝ կրի ու գիպսի զգալի պարունակությամբ։ Իրացվել և իրացվում են աղուտները, մելիորացվում՝ ճահիճները։ Աղուտների մի մասում ստեղծվել են ձկնաբուծական լճակներ։ Բուսածածկույթն աղքատ է, տիրապետում են կիսաանապատային չորասեր տեսակները, ինչպես նաև կան աղասեր անապատային բուսատեսակներ։ Հայաստանի առավել յուրացված շրջանն է՝ ծածկված խաղողի և մրգատու այգիներով, բանջարաբոստանային մշակաբույսերի դաշտերով։ Աղուտներն ու ճահճուտները բռնում են ավելի քան 30000 հա տարածություն։

Բնական աշխարհ խմբագրել

Արարատյան դաշտի բուսածածկույթն աղքատ Է, շատ են կիսաանապատային, չորադիմացկուն և աղասեր բույսերը։ Կենդանիներից տարածված են սողունները (օձերից՝ գյուրզան, եղջերավոր իժը, տափաստանային վիշապը, շահմարը և այլն), շատ են մողեսները (թաքիրային կլորագլուխը, կովկասյան ագաման), միջատները (մորեխազզիներ, ուտիճներ, մրջյուններ, կարիճներ և այլն)։

Միջատներից հայտնի Է կոշենիլը, այդ արժեքավոր միջատը ներկայումս հայտնաբերվել է Վաղարշապատի, Մասիսի, Արմավիրի, Արարատի աղուտներում՝ մոտ 4000 հա տարածության վրա։ Սրանից պատրաստված կարմիր ներկը, («որդան կարմիրը», օգտագործվում էր գործվածքներ ներկելու համար և միջին դարերում «ղրմըզ» անունով հռչակված Էր ողջ Արևելքում։ «Որդան կարմիրը» այժմ էլ իր նշանակությունը չի կորցրել, այն կարող է արհեստականորեն աճեցվել և լայն կիրառություն ունենալ գործվածքներ ներկելու և կարամելի արտադրության մեջ։

Կաթնասուններից տարածված են վայրի խոզը, եղեգնուտի կատուն, ջրասամույրը և այլն։ Այղր լճում բազմացվում են կուղբ, ձուկ։

Մշակում են խաղող, ծիրան, դեղձ, սալոր, սերկևիլ, բալ, թութ և այլ պտուղներ ու բանջարաբոստանային կուլտուրաներ։

Անվանում խմբագրել

Ըստ Կամսար Ավետիսյանի՝ պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր[2]։ Հայաստանում հարթավայրերն ընդունված է անվանել դաշտ, օրինակ Շիրակի դաշտ, Լոռվա դաշտ, Արարատյան դաշտ, բայց ոչ դաշտավայր, ինչպես երբեմն անվանում են սխալմամբ։

Պատմական ակնարկ խմբագրել

Արարատյան դաշտը հանդիսացել է հայ պետականության օրրանը, երկրի տնտեսական և քաղաքական հզորության կենտրոնը։ Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա (մ.թ.ա. 786 - 764) տիրեց Արարատյան դաշտին՝ հիմնելով Էրեբունին (տես Արին-Բերդ)։ Մ.թ.ա. VI դարի սկզբներից Արարատյան դաշտը մտել է հնագույն հայկական թագավորության՝ Երվանդունիների պետության կազմի մեջ, իսկ 520 թվականից հետո նվաճվել է Իրանի Դարեհ Ա Վշտասպյան թագավորի կողմից և մտել Իրանի 18-րդ սատրապության կազմի մեջ։ Մ.թ.ա. 330-ական թվականներին Արարատյան դաշտին վերստին տիրել են Երվանդունիները, իսկ մ.թ.ա. 189 թվականից՝ Արտաշեսյանները։ 66 թվականից հետո Արարատյան դաշտը մտել է Հայոց Արշակունի թագավորության կազմի մեջ։ 8-րդ դարի սկզբից Արարատյան դաշտին տիրել է արաբական խալիֆայությունը, և այն մտել է Արմինիա վարչական միավորի մեջ, իսկ IX դարի վերջերից Արարատյան դաշտը մտել է Բագրատունիների Հայոց թագավորության կազմի մեջ։ XI դարից Արարատյան դաշտը նվաճել են սելջուկները, իսկ XIII դարում մոնղոլ-թաթարները։ 1502 թվականից Արարատյան դաշտը մտել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ՝ հարակից շրջանների հետ դաոնալով առանձին կուսակալություն (խանություն) Երևան կենտրոնով։ 1827 թվականիի ապրիլից ռուսական զորքերը մտան Արարատյան դաշտ և հայերի համագործակցությամբ գրավեցին Երևանի խանությունը՝ հերոսաբար մարտնչելով պարսից զորքի դեմ։ 1827 թվականի օգոստոսի 7-ին Օշականի մոտ կատաղի ճակատամարտ է տեղի ունեցել կողմերի միջև։ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արարատյան դաշտը անցել է Ռուսաստանին՝ մտնելով Հայկական մարզի, իսկ 1840 թվականից՝ Երևանի գավառի մեջ։ 1849 թվականի հուլիսից Արարատյան դաշտը մտել է Երևանի նահանգի մեջ։

1918 թվականի մայիսին Արարատյան դաշտում տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտը, որը բախտորոշ դեր խաղաց հայ ժողովրդի կյանքում։ Այստեղ են հիմնվել Երվանդաշատ, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Դվին մայրաքաղաքները։ Արարատյան դաշտում է գտնվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Արարատյան դաշտը մարդու ծագման օրրաններից է։ Արարատյան գոգահովտում Արտենի լեռան և Արզնի քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հին ու նոր քարի դարաշրջանի գործիքներ և անթրոպոգենի սառցապատման ժամանակաշրջանի կենդանիների (տրոգոնթերյան փղի, ռնգեղջյուրի, վայրի ձիու, ուղտի, ցուլի և եղջերուի) ոսկորներ, Երևանից 7 կմ հարավ գտնվել է այդ ժամանակվա մարդու գանգ։ Արարատյան դաշտը պատմական ժամանակաշրջանում և այժմ հայ մշակույթի առաջատար շրջաններից է, հարուստ հուշարձաններով՝ Շենգավիթի մշակույթը (մ.թ.ա. V—IV հազարամյակ), Թեղուտի երկրագործական բնակատեղին (մ.թ.ա. V հազարամյակի վերջ-IV հազարամյակ), Մեծամորի հնագույն մետաղաձուլական կենտրոնը (մ.թ.ա. III-I հազարամյակ), ուրարտական նշանավոր ամրոցներ՝ Էրեբունին (Արին-բերդ), Թեյշեբաինին (Կարմիր բլուր), Հրազդանի թունելով անցկացված ուրարտական ջրանցքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Զվարթնոցը են, մեր օրերում կառուցված Սարդարապատի հերոսական ճակատամարտի կոթողը, բազմաթիվ հուշարձաններ։

Սովետական իշխանության տարիներին Արարատյան դաշտի տնտեսության մեջ մեծ տեղ էր հատկացվում եթերայուղատու և տեխնիկական կուլտուրաներին։ Կարևոր տեղ էին գրավում հատկապես խորդենին, վարդը։ Նախկին Հոկտեմբերյանի և էջմիածնի շրջանները տալիս էին ԽՍՀՄ խորդենու արտադրանքի 80 %-ը։

Պատկերասրահ խմբագրել

Արարատյան դաշտի համայնապատկերը Չարենցի կամարից


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
  2. Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր, ինչպիսիք են Ամազոնl, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր, հարթավայրեր ուցածրավայրեր Ավետիսյան Կ., Ավետիսյան Ա. Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 700  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։