Բացել գլխավոր ցանկը

ԽՄԿԿ Կուսակցական կոմիտեներ, ժողովների, կոնֆերանսների և համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում կուսակցական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքները ղեկավարող գործադիր մարմիններː Կուսակցական կոմիտեները առաջնորդվում են ԽՄԿԿ ծրագրով Ա կանոնադրությամբ, իրականացնում կուսակցության քաղաքականությունը և նրա բարձրագույն մարմինների դիրեկտիվները։ Ընտրվում են կոմունիստների ժողովներում, կոնֆերանսներում, համագումարներում փակ (գաղտնի) քվեարկությամբ, ԽՄԿԿ գործունեությունը ղեկավարում է համագումարի կողմից ընտրված ԽՄԿԿ Կենտկոմը։ ԽՄԿԿ տեղական կազմակերպությունները և նրանց կուսակցական կոմիտեները ստեղծվում են ԽՍՀՄ վարչա-տերիտորիալ բաժանմանը համապատասխան։ ԽՄԿԿ հանրապետական կազմակերպությունների գործունեությունը ղեկավարում են միութենական հանրապետությունների կոմկուսների կենտկոմները, երկրամասերինը՝ երկրկոմները, մարզերինը և ինքնավար հանրապետություններինը՝ մարզկոմները, օկրուգներինը՝ օկրուգկոմները, քաղաքներինը՝ քաղկոմները, շրջաններինը՝ շրջկոմները։ Ձեռնարկություններում և հիմնարկներում 300-ից ավելի (որոշ դեպքերում 100-ից ավելի), իսկ կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 50 կոմունիստ ունեցող սկզբնական կուսակցական կազմակերպությունները ղեկավարում են կուսակցական կոմիտեները։ Երկրկոմները, մարզկոմները, օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները համապատասխանաբար ընտրվում են իրենց կոնֆերանսների կողմից՝ 2-3 տարի ժամկետով։ Կոմունիստական շինարարությունը և կուսակցական գործունեության տարբեր բնագավառները ղեկավարելու համար կուսակցական կոմիտեները ընտրում են բյուրոներ և քարտուղարություններ, ստեղծում հատուկ բաժիններ ու սեկտորներ, որոնցում աշխատողները վարձատրվում են կուսակցության բյուջեի հաշվին։ Երկրկոմները և մարզկոմները պլենումներ հրավիրում են 4 ամիսը մեկ անգամ, իսկ օկրուգկոմները, քաղկոմները և շրջկոմները՝ 3 ամիսը մեկ անգամ։ Արդյունաբերական ձեռնարկությունների, հիմնարկների, գիտական և ուսումնական հաստատությունների կուսակցական կոմիտեները ընտրվում են կոնֆերանսներում և սկզբնական կուսակցական կազմակերպությունների ընդհանուր ժողովներում՝ 2-3 տարի ժամանակով։ Ընթացիկ աշխատանքները վարելու համար ընտրվում են նաև քարտուղար և տեղակալներ։ Այն կուսակցական կոմիտեները, որոնց կազմակերպության մեջ հաշվվում է հազարից ավելի կոմունիստ, միութենական հանրապետության կոմկուսի ԿԿ-ի թույլտվությամբ կարող են տրվել շրջկոմի իրավունքներ։ Կուսակցական կոմիտեներն իրենց գործունեությամբ հաշվետու են համագումարներին, կոնֆերանսներին և ժողովներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 18 CC-BY-SA-icon-80x15.png