Մարտակերտի շրջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտակերտ (այլ կիրառումներ)
Մարտակերտի շրջան, վարչատարածքային միավոր Արցախի Հանրապետությունում։ Շրջանի տարածքը 1.795 կմ² է, բնակչությունը՝ 18.963 մարդ (2005 թվականի տվյալների համաձայն[3])։ Շրջկենտրոնը համանուն Մարտակերտ քաղաքն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա[4]։
Երկիր | Արցախ |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Մտնում է | Արցախ |
Ներառում է | 42 համայնք |
Վարչկենտրոն | Մարտակերտ |
Ժիրայր Գաբրիելյան | |
Բնակչություն (2008) | 19 400[1] (3 տեղ) |
Խտություն | 10.56 |
Տարածք | 1795 (4 տեղ) |
Ժամային գոտի | UTC+4 |
Աշխարհագրություն
խմբագրելՄարտակերտի շրջանը հարավ-արևմուտքից սահմանակցում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանին, հարավից՝ Ասկերանի շրջանին, հյուսիս-արևելքից՝ Շահումյանի շրջանին։ Մարտակերտի շրջանի տարածքը զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից դեպի Մռավի լեռնաշղթա ընկած ամբողջ հատվածը և պատմական Ջրաբերդի մելիքության հիմնական և Խաչեն ու Գյուլիստան մելիքությունների մի մասը։
Շրջանի տարածքում հաշվվում է 43 համայնք, 46 բնակավայր, որոնցից 13-ը հակառակորդի վերահսկողության տակ են։ Քաղաքների թիվը եղել է երեք՝ Մարտակերտ, Մատաղիս, Մարաղա, այդ թվում՝ վերջին երկուսը՝ ադրբեջանական բանակի կողմից գրավված և Թարթառի շրջանին կցված։
Գտնվում է 600 մետր միջին բարձրության վրա։ Շրջանի ցածրադիր վայրերում տարածված են կիսաանապատային, անապատատափաստանային գուշ կամ մուգ շագանակագույն, բարձր լեռնալանջային մասերում՝ ալպյան գոտուն բնորոշ լեռնամարգագետնային, գետահովտային ցածրադիր վայրերում՝ հզոր շերտերով նստվածքային հողերը։ Նախալեռնային և լեռնային վայրերում գերակշռում են սևահողերը, իսկ անտառայինում՝ մուգ դարչնագույն ենթամոխրային հողատեսակները։ Ընդերքում կան քարածխի, ցինկի, կապարի, պղնձի, ոսկու, երկաթի, բարիումի, գրանիտի, վարդագույն և սպիտակ տուֆի, բետոնիտային կավերի, գիպսահողերի, գետավազի, լեռնային ավազի պաշարներ։ Տարածքով հոսում են Թարթառ և Խաչեն գետերը՝ բազմաթիվ վտակներով)։ Թարթառի հունի պատնեշման միջոցով ստեղծվել է Սարսանգի ջրամբարը, որը կարգավորում է նրա ստորին հոսանքի ռեժիմը, ջրերն օգտագածվում են Սարսանգի ջրաէլեկտրակայանի գործադրման համար։ Կուր գետի Ինջու վտակի ջրերը շրջանի հյոաիսային մասում օգտագործվում են ոռոգման նպատակով։
Կլիման չոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 10,7 °C է, հունվարին օդի միջին ջերմաստիճանը՝ 0-1 °C, հուլիսին՝ 21,4 °C։ Ցածրադիր վայրերում բացարձակ նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -16 °C, միջին լեռնայինում՝ -20 °C, բարձլեռնայինում՝ -23 °C։ Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը ցածրադիր և նախալեռնային վայրերում 40 °C է, լեռնայինում՝ մինչև 35 °C։ Տեղումների միջին տարեկան քանակը 410-480 մմ է[4]։
Պատմություն
խմբագրելԿազմավորում
խմբագրել1801-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում իրանահպատակա Արևելյան Հայաստանի տարածքում գտնվող Ղարաբաղի խանությունը (այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզը, Արցախի Հանրապետությունը 1994-2020 թվականների սահմաններով և Դաշտային Ղարաբաղը), Գանձակի խանությունը (հայկական Գարդման և Շակաշեն գավառները), Քարթլի-Կախեթի թագավորության մաս կազմող Շորագյալը (ՀՀ Շիրակի մարզ), Բորչալուն ու Փամբակը (ՀՀ Լոռու մարզ) և Ղազախն ու Շամշադինը (ՀՀ Տավուշի մարզ) անցնում են Ռուսական կայսրությանը։ Վերջինիս կազմում ձևավորվում է Ղարաբաղի գավառը (1806-1840), ապա նաև՝ Շուշիի գավառը (1840-1918), որից 19-րդ դարի ընթացքում անջատվում են Ջևանշիրի և Ջաբրայիլի գավառները։ Մարտակերտի շրջանի ժամանակակից տարածքը գտնվում էր Ջևանշիրի գավառի կենտրոնական հատվածում, ենթարկվում էր Ելիզավետպոլի նահանգապետին։ Վերոհիշյալ բոլոր նախկին խանությունները, ինչպես նաև Ղազախն ու Շամշադինը, մտնում են Ելիզավետպոլի նահանգի կազմ։
1918-1920 թվականներին Ջևանշիրի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի միջև, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին Ջևանշիրի գավառի առավել հայահոծ՝ կենտրոնական հատվածը մտնում է նորաստեղծ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմ։ 1930 թվականին ԼՂԻՄ-ում իրականցվում է վարչատարածքային նոր բաժանում․ օգոստոսի 8-ին ստեղծվում է Ջրաբերդի շրջանը, որը 1939 թվականի սեպտեմբերի 17-ին վերանվանվում է «Մարտակերտի շրջան»։ Ի սկզբանե տարածքը 1705 կմ2 էր, բնակչությունը՝ ավելի քան 32.000 մարդ (92% հայեր)։ 1939 թվականին բնակչության թիվն անցնում է 40.000-ից (90% հայեր)։
ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում կար 60-ից ավելի բնակավայր, այդ թվում՝ 3 քաղաքատիպ ավան՝ Մատաղիս (1943), Լենինավան (1954), Մարտակերտ (1960)։ Մատաղիսի՝ քաղաքատիպ բնակավայրի վերածվելը բացատրվում էր տեղի ջրամբարի կառուցմամբ, որի ծավալը 21-րդ դարի սկզբին հասել էր 5 մլն մ3-ի։ Այդուհանդերձ, ունենալով 300-ից պակաս բնակչություն՝ 1970-ական թվականներին զրկվում է այդ կարգավիճակից։ Ջրամբարն օգտագործվել է նաև ոռոգման նպատակով, իսկ 2012 թվականին շահագործման են հանձնվել «Մատաղիս-1» (4,8 ՄՎտ) և «Մատաղիս-2» փոքր հէկերը (3 ՄՎտ)։ Լենինավանի քաղաքատիպ ավան դառնալը կարևորվեց երկու բնակավայրերի՝ Մարգուշևան և Մարաղա գյուղերի միավորմամբ, որի արդյունքում բնակչությունը անցավ 3000-ից։ Այդտեղ կառուցվեցին խաղողագործական սովետական տնտեսություն, խաղողի նախնական վերամշակման գործարան, կենցաղսպասարկման կոմբինատ, Ղարաբաղի (գյուղատնտեսական թեքումով) զոնալ փորձակայանի մասնաճյուղը, 2 միջնակարգ դպրոց և 3 գրադարան, կուլտուրայի պալատ, հիվանդանոց, մսուր-մանկապարտեզ։ Վերջում՝ 1960 թվականին, քաղաքատիպ ավանի կարգավիճակ ստացավ շրջկենտրոն Մարտակերտը։ Այստեղ կառուցվեցին շինանյութերի կոմբինատ, փայտասղոցման, յուղի-պանրի, խաղողի նախնական վերամշակման գործարաններ, ինկուբատորաթռչնաբուծական կայան, շերամի սերմնամթերման կետ, ինչպես նաև՝ 2 միջնակարգ, գիշերօթիկ, երեկոյան, երաժշտական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, գրադարան, կինո, 2 մանկապարտեզ, հիվանդանոց, կենցաղսպասարկման կոմբինատ։ Գյուղական բնակավայրերը էական զարգացում չեն ապրել, կառուցվել է երկու ավտոխճուղի՝ Մարտակերտ-Քելբաջար և Մարտակերտ-Ստեփանակերտ։ Դրա տարածքում գտնվող գյուղերի կապը հեշտացել է, անցկացվել է նաև էլեկտրաֆիկացում, անցկացվել է հեռախոսային կապ։ Որոշակի զարգացում է եղել երեք խոշորագույն գյուղերում՝ Այգեստան, Վանք և Հաթերք։
Կազմալուծում
խմբագրել1988 թվականին սկսած Արցախյան շարժման հետևանքով Խորհրդային Ադրբեջանի կողմից տարվել է մարզը լուծարելու քաղաքականություն. Արկադի Վոլսկիի գլխավորությամբ 1989 թվականի սկզբին ստեղծված ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման կոմիտեն» նոյեմբերի 28-ին լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։ 1991 թվականի նոյեմբերին սկսեց Ստեփանակերտի պաշարում և ռմբակոծումը, որը տևեց կես տարի։ Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում «Խանքենդի»․ Մարտակերտի շրջանն անցնելու էր Ադրբեջանի անմիջական հսկողության տակ։
1991 թվականի ապրիլ-մայիսին իրականացնելով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, հուլիս-օգոստոսին՝ Շահումյանի շրջանի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանը մտադիր էր փախստականների մուտքով ապակայունացնել ԼՂԻՄ ներքին կացությունը, կասկածի տակ դնել հայ բնակչաթյան գոյատևման հեռանկարը, արագացնել նաև տեղահանման գործընթացը։ 1992 թվականի ամռանն արդեն հայ-ադրբեջանական հակամարտաթյան գոտու հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան ուղղություններով ադրբեջանական զորամիավորումներն անցել էին լայնամասշտաբ հարձակման։ 1992 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցավ Մարաղայի կոտորածը, որի ընթացքում տեղահանվեց ավելի քան 5000 մարդ։
Ի պատասխան 1992 թվականի Խոջալուի արյունահեղության և Շուշիի ազատագրման՝ հունիսի 12-ին ադրբեջանցիները սկսեցին «Գորանբոյ» գործողությունը։ Նրանք հարձակվեցին Շահումյանի շրջանի վրա, և այն բռնակցեցին Գորանբոյի շրջանին։ Արդյունքում շուրջ 20.000 հայ տեղահանվեց և ժամանակավորապես հաստատվեց Մարտակերտում։ Հայկական գրեթե բոլոր գյուղեաւմ ստեղծվեցին 50-ից ավելի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են նաև Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Որոշ ժամանակ անց հարձակման ենթարկվեց Մարտակերտի շրջանը։ Հաջորդ խոշոր բնակավայրը Այգեստանն էր, որի դատարկվելով արցախցի փախստականների թիվն անցավ 30 հազարից։ Հուլիսի 4-ին ադրբեջանցիները գրավեցին Մարտակերտը և անվանեցին այն «Աղդերե»։ Մարտակերտի շրջանը լուծարվեց․ մի քանի գյուղ կցվեց Աղդամի շրջանին, իսկ շրջանի ամբողջ տարածքը՝ գրեթե հավասարաչափ, բաժանվեց Քելբաջարի և Թարթառի շրջանների միջև։ Եվս 30 հազար բնակիչ լքեցին իրենց բնակավայրերը։
Ազատագրում
խմբագրելՀայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված թողել են Մարտակերտ քաղաքը և նահանջել դեպի Ներքին Հոռաթաղ գյուղի դիրքերը։ Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծվել է ՍՈւ-25 ինքնաթիռից։ Նույն օրը հակառակորդը գրավել և հրկիզել է Հաթերքը, վերահսկողության տակ վերցրել Մոխրաթաղ, Դամիրլու (Ծաղկաշեն), Կուսապատ, Մեհմանա, Ջանյաթաղ (Ճանկաթաղ) և այլ գյուղեր։ Հուլիսի 10-ի դրությամբ, ռազմաճակատի գիծն անցնում էր Դրմբոն-Գյուլաթաղ (Վարդաձոր) հատվածով և վտանգվել էր Չլդրան-Սրխավենդ-Ղազանչի մարտագծի դիրքերը։ Հայկական ուժերն այդ ընթացքում անցել են պաշտպանության և հետագայում կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Չլդրան գյուղի ուղղությունում և մարտագծում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը։ Դրմբոնից Չլդրան տանող խաչմերուկի մոտ տեղի ունեցած մարտերից հետո ինքնապաշտպանական ուժերն անցել են հակահարձակման։ Հուլիսին ազատագրվել են Մեհմանա, Կուսապատ, Գյուլաթաղ, Ջանյաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ-Քերավանդ, Չափար, Ներքին Հոռաթաղ և այլ գյուղեր։
Օգոստոսին հակառակորդի քելբաջարյան խմբավորմանը հաջողվել է վերագրավել Գետավան, Չափար, Զարդախաչ ու Հաթերք գյուղերը և հարձակումներ ձեռնարկել Գյուլաթաղ, Մեհմանա և Հարությունագոմեր գյուղերի ուղղաթյամբ։ Ամառային այս գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է շուրջ 3 հազար սպանված, կորցրել 40 տանկ և 60 ՀՄՄ։ 1992 թվականի հոկտեմբերին հյուսիսային ռազմաճակատի ղեկավար է նշանակվել Կենտրոնական ՊՇ-ի հրամանատար Սամվել Կարապետյանը։ Չլդրան զյուղի ուղղությամբ Կենտրոնական և Մարտակերտի ՊՇ-ները, զարգացնելով հարձակողական գործողությունները, ազատագրել են Կոճողոտ, Վերին Հոռաթաղ գյուղերը և մոտեցել Հարությունագոմերի ու Վաղուհասի մատույցներին։ Սակայն թևերում գործող ուժերի կրած անհաջողության պատճառով ստիպված նահանջել են դեպի ելման դիրքերը։ Նոյեմբեփ 15-ին ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են Չլդրան գյուղը և մոտեցել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղուն, իսկ նոյեմբերի 17-ին մարտերը շարունակվել են Վաղահաս գյաղի մատույցներում։ 1993 թվականի հունվար-փետրվարին մարտական թեժ գործողություններ են ծավալվել հյուսիսային ռազմաճակատում։ Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակում պետք է ձեռնարկվեր Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կոաապատ-Մարտակերտ և Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով։ Ռազմական գործողությունն իրականացրել են Կենտանական ՊՇ, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմված մահապարտների և այլ կամավորական ջոկատներ։
Փետրվարի 25-ի դրությամբ, Մարտակերտի շրջանի գրեթե բոլոր կարևորագայն մարտական դիրքերը, ինչպես նաև Մարտակերտ-Քելբաջար մայրուղին վերահսկել են հայկական ուժերը։ Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ ուղղությունում կենտրոնացված էին Մարտակերտի ՊՇ (հրամանատար՝ Ն. Դանիելյան), Մարտունիի ՊՇ (Մ. Մելքոնյան), Շուշիի առանձնակի գումարտակի (Պ. Ղևոնդյան) ստորաբաժանումները, որոնք կարճ ժամանակահատվածում ազատագրել են մի շարք բնակավայրեր, Սարսանգի հիդրոհանգույցը, «Պուշկենյալ» և հեռուստաաշտարակի բարձունքները։ 1993 թվականի հուլիսին ՊԲ զորամիավորումները, զարգացնելով հարձակողական գործողությանները, տևական մարտերի հետո ազատագրել են Մարտակերտ քաղաքը, շրջանի լեռնային, նախալեռնային և մնացած բնակավայրերը (բացառաթյամբ 7 գյուղերի)։ Արցախի ՊԲ զորամասերն անցել են գերիշխող բարձունքների և հիմնական ճանապարհային ուղղությունների պաշտպանության։ 1993 թվականի վերջին և 1994 թվականի սկզբներին տեղային կարճատև մարտերից հետո Մարտակերտի շրջանում հաստատվել է խաղաղություն և սկսվել ազատագրված բնակավայրերի վերաբնակեցումը[4]։
Արցախյան գոյամարտից հետո վերաձևավորվում է Մարտակերտի շրջանը․ դրա տարածքի մեջ է մտնում ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի (1,705 կմ2)՝ Արցախի Հանրապետության ենթակա հատվածը (1,571 կմ2), ևս 224 կմ2՝ Ադրբեջանի Քելբաջարի և Աղդամի շրջաններից։ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքում Արցախը կորցնում է վերահսկողությունը Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի վրա, ինչպես նաև ամբողջությամբ կորցնում կամ հանձնում «յոթ շրջանները»։ Արդյունքում Մարտակերտի շրջանի տարածքը դառնում է 1,475 կմ2՝ նախկինի 87 %-ը կամ նոր սահմաններով Արցախի 46 %-ը։ Ընդհանուր առմամբ, Մարտակերտի շրջանից անջատվեցին և Ադրբեջանին բռնակցվեցին Այգեստան, Հայկաջուր, Հացավան (Յարմջա), Մարալյան Սարով, Մարաղա (1994), իսկ Կարմիրավան, Ջրաբերդ և Սեյսուլան բնակավայրերը (1994) մնացին չեզոք գոտում, իսկ 2020 թվականից հետո նաև՝ Մատաղիս, Թալիշ, Ջրաբերդ և Սեյսուլան, ինչպես նաև նախկին Աղդամի շրջանում ստեղծված ու Մարտակերտի շրջանում վերաձևակերպված Հովտաշեն, Նոր Այգեստան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Մարաղա, Նոր Ջրաբերդ և Նոր Սեյսուլան գյուղերը։
Բնակչություն
խմբագրել1897 թվականի Ռուսական կայսրությունում անցկացրած մարդահամարով Ելիզավետպոլի նահանգում բնակվել է 878,415 մարդ, որից 292.188 հայ (33,3%, մեծամասնությունը բնակվում էր լեռնային շրջաններում՝ Արցախում, Գարդմանում և Տավուշում) և 534,086 կովկասյան թաթար (60.8%, մեծամասնությունը դաշտային շրջաններում)։ Նրանցից Ջևանշիրի գավառում (Քելբաջարի, Մարտակերտի, Թարթառի և Բարդայի շրջաններ) բնակվում էր 66,360 մարդ, այդ թվում՝ 15,746 հայ (23.8%) և կովկասյան թաթար 49,189 (74.1%)։ Հայերը բնակվում էին գերազանցապես Մարտակերտի շրջանում և շրջկենտրոն Թարթառ քաղաքում։
1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով Մարտակերտի շրջանի հայերի թիվը հասնում է 29,292 մարդու, որոնք կազմում էին բնակչության 92,2 %-ը։ ԼՂԻՄ կազմում Մարտակերտի շրջանն ունեցել է բնակչության հետևյալ շարժը․
Տարի | Հայեր | % | Ադրբեջանցիներ | % | Ռուսներ | % | Ընդամենը |
---|---|---|---|---|---|---|---|
1926 | 29,292 | 92,2 | 1,914 | 6,0 | 434 | 1,4 | 31 768 |
1939 | 36,453 | 89,3 | 2,833 | 6,9 | 1,244 | 3,0 | 40,812 |
1959 | 33,555 | 88,9 | 3,415 | 9,1 | 611 | 1,6 | 37,734 |
1970 | 38,220 | 86,9 | 5,168 | 11,7 | 348 | 0,8 | 44,004 |
1979 | 37,050 | 83,1 | 7,050 | 15,8 | 355 | 0,8 | 44,586 |
1989 | 47,047 |
Մարտակերտի շրջանը ԼՂԻՄ գոյության տարիներին եղել է առաջինը ինչպես բնակչության, այնպես էլ՝ տարածքի տեսանկյունից։ Ինչպես երևում է աղյուսակից՝ հայ բնակչությունն աճել է խիստ դանդաղ՝ մոտ 30 %-ով, իսկ ադրբեջանցիների թիվը քառապատկվել է, նվազել է ռուսների թիվը։ Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավվել է շրջանը, ապա նաև՝ ազատագրվել։ Սակայն Շահումյանի և Մարտակերտի շրջանների բնակչության մեծ մասը՝ ավելի քան 40.000 հայ, լքել է Արցախը։ Արցախից հեռացել է նաև նույնաքանակ ամբողջ ադրբեջանական բնակչությունը։ Արդյունքում Մարտակերտի շրջանի բնակչությունը 2005 թվականին մոտենում է 18900-ի, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքում 4200 մարդ (1989 թվականին՝ 8325), իսկ գյուղերում՝ 14700 մարդ (1989 թվականին՝ 34078)։
Բնակչություն՝ հազարներով | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր | 134.4 | 135.7 | 136.6 | 137.0 | 137.2 | 137.7 | 137.7 | 148.9 |
Մարտակերտի շրջան | 18.9 | 18.7 | 18.8 | 18.8 | 18.8 | 18.9 | 18.9 | 19.9 |
Մարտակերտ | 3.8 | 3.8 | 3.8 | 3.8 | 4.0 | 4.2 | 3.8 | 4.6 |
գյուղական համայնքներ | 15.1 | 14.9 | 15.0 | 15.0 | 14.8 | 14.7 | 15.1 | 15.3 |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսաթյան առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Գործում են Սարսանգի հէկը, Վանքի փայտամշակման կոմբինատը, Դրմբոնի լեռնամետալուրգիական և Մարտակերտի «ԷՐԱ» ընկերությունները[4]։
Մշակույթ
խմբագրելՏարածքում կան մոտ 1100 հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից պատմական մեծ արժեք են ներկայացնում Գանձասարի վանքը (13-րդ դար), Երեք մանկունք (17-րդ դար), Եղիշե առաքյալի (12-13-րդ դարեր), Ամենափրկիչ, Հոռեկա, Հավապտուկ վանքերը, Պառավաձորի եկեղեցին, Կաչաղակաբերդը (9-րդ դար), Խոխանաբերդը, Ջրաբերդը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Վանքասարը և այլ համալիրներ։ Գանձասարի վանքը XIII-XIX դդ. եղել է Արցախի վանական, քաղաքական, մշակաթային, տնտեսական և պաշտպանական կենտրոն, միաժամանակ՝ Աղվանից կաթողիկոսության մշտական, անփոփոխ աթոռանիստը[4]։
Կրթություն
խմբագրել2007 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամը Տորոնտոյի (Կանադա) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մատաղիսում կառուցել է երկհարկանի դպրոց[5]։ 2008 թվականին Հայաստան հիմնադրամի Լիբանանի տեղական մարմինի նվիրաբերած գումարներով հիմնովին վերանորոգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը[6]։
Իր ԱՄՆ Արևելյան շրջանի (նյու Յորք) տեղական մարմնի ֆինանսավորմամբ էլ Հիմնադրամը 2013 թվականին համակարգչային դասասենյակ[7][8] է հիմնել Վաղուհասի միջնակարգ դպրոցում[9], որը կառուցվել է 2008 թվականին հայ գործարար բարերարի հովանավորությամբ։ Շրջանի Չափար գյուղում էլ ավարտին է մոտենում մեկ այլ հայաստանաբնակ գործարարի կողմից հովանավորած երկհարկանի միջնակարգ դպրոցի կառուցումը[10]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԼՂՀ բնակչության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Ազգային վիճակագրության Ծառայություն, 2005 թ. մարդահամարի արդյունքները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 467-471։
- ↑ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի նորակառույց դպրոցը կկրի ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի անունը
- ↑ Նորոգ մանկապարտեզ Մատաղիսում
- ↑ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի դպրոցում
- ↑ Համակարգչային դասասենյակ Վաղուհասի միջնակարգ դպրոցում(չաշխատող հղում)
- ↑ նորակառույց դպրոց Վաղուհասում
- ↑ [1](չաշխատող հղում)