Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

ԲՊՄՄ Կարմիր գիրք խմբագրել

Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) 1948 թվականին միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ Նրա առաջին որոշումներից է 1949 թվականին տեսակների գոյատևման մշտական հանձնաժողովի (անգլ.՝ Species Survival Commission) կամ, ինչպես ընդունված է անվանել ռուսալեզու գրականության մեջ Հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ստեղծումը։

Հանձնաժողովի խնդիրներից էր անհետացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդնիների հազվագյուտ տեսակների վիճակի ուսումնասիրությունը, միջազգային և ազգամիջյան համաձայնագրերի և կոնվենցիաների մշակումը և նախապատրաստումը, այդպիսի տեսակների ցուցակների կազմումը և դրանց պահպանման համապատասխան հրահանգերի մշակում։

Հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է զրոյից։ Պետք էր մշակել հազվագյուտ տեսակների պահպանման մոտեցման ընդհանուր սկզբունքներ, որոշել այն տեսակները, որոնց իրոք սպառնում էր անհետացման կամ ոչնչացման վտանգը, մշակել դրանց դասակարգման համակարգը, հավաքել այդպիսի տեսակների բիոլոգիայի մասին տեղեկություններ, որպեսզի հայտնաբերվեն հիմնական սահմանափակող գործոնները։ Աշխատանքի սկզբում չկար անգամ «հազվագյուտ տեսակ» հասկացություն։ Հանձնաժողովը իր հիմնական նպատակը դարձրեց այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ Հանձնաժողովի նախագահ Պիտեր Սկոտն (Piter Scott) առաջարկեց այդ ցանկն անվանել Կարմիր գիրք (անգլ.՝ Red Data Book), որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։

ԲՊՄՄ Կարմիր գրքի հրատարակում խմբագրել

1963 թվականին լույս տեսավ ԲՊՄՄ Կարմիր գրքի առաջին հրատարակությունը։ Դա «թռիչքային» հրատարակություն էր փոքր տպաքանակով։ Նրա երկու հատորներում տեղեկություններ էին կաթնասունների 211 տեսակների և ենթատեսակների և թռչունների 312 տեսակների ու ենթատեսակների մասին։ Կարմիր գիրքը ըստ ցուցակի բաժանվեց պետական գործիչներին ու գիտնականներին։ Ինչպես և պլանավորված էր նոր տեղեկությունների կուտակմանը զուգընթաց, հասցեատերերին ուղարկվում էին լրացուցիչ էջեր՝ հնացածները փոխարինելու համար։

1966- 1971 թվականներին լույս տեսան երկրորդ հրատարակության երեք հատորները։ Այժմ այն ուներ «գրքային» ֆորմատ (21,0 × 14,5 սմ), բայց և ինչպես առաջին հրատարակությունը, այն ուներ երկթերթ հաստ օրացույցի տեսք, որի յուրաքանչյուր թերթ կարող էր փոխարինվել նորով։ Գիրքը նախկինի պես նախատեսված չէր վաճառքի համար, այն ցուցակով բաշխվեց բնապահպանական հաստատություններին, կազմակերպություններին և առանձին գիտնականների։ ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի երկրորդ հրատարակության մեջ զգալիորեն մեծացել էր տեսակների քանակը, քանի որ ժամանակի ընթացքում հավաքվել էր բավականին շատ լրացուցիչ տեղեկություններ։ Գրքի առաջին հատորում տեղեկություններ կային կաթնասունների 236 տեսակների (292 ենթատեսակների), երկրորդում՝թռչունների 287 տեսակների (341 ենթատեսակների), երրորդում՝ սողունների 119 տեսակների ու ենթատեսակների և երկկենցաղների 34 տեսակների ու ենթատեսակների մասին։ ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը աստիճանաբար կատարելագործվում և լրացվում էր։

Երրորդ հրատարակության մեջ, որի հատորները սկսեցին լույս տեսնել 1972 թվականից սկսած, ընդգրկվել են տեղեկություններ արդեն կաթնասունների 528 տեսակների ու ենթատեսակների, թռչունների 619 տեսակների, սողունների և երկկենցաղների 153 տեսակների ու ենթատեսակների մասին։ Փոխվեցին նաև առանձին թերթիկների հատվածավորումը։ Առաջին սյունակը նվիրված էր տեսակի ներկայիս վիճակի և կարգավիճակի բնութագրմանը, հաջորդը՝ աշխարհագրական տարածվածությանը, պոպուլացիոն կառուցվածքին և թվաքանակին, բնակավայրի նկարագրմանը, գործող և առաջադրվող պահպանման չափանիշներին, կենդանաբանական այգիներում պահվող կենդանիների բնութագրմանը, տեղեկատվական աղբյուրներին։ Գիրքը հանվել վաճառքի և այդ կապակցությամբ կտրուկ մեծացավ նրա տպաքանակը։ 1978-1980 թվականներին լույս տեսած վերջին չորրորդ «տիպային» հրատարակությունը ներառում է կաթնասունների 226 տեսակներ ու 79 ենթատեսակներ, թռչունների 181 տեսակներ և 77 ենթատեսակներ, սողունների 77 տեսակներ և 21 ենթատեսակներ, երկկենցաղների 35 տեսակներ և 5 ենթատեսակներ, ձկների 168 տեսակներ և 25 ենթատեսակներ, որոնց թվում կաթնասունների 7 տեսակներ և ենթատեսակներ, թռչունների 4, սողունների 2 տեսակներ։ Տեսակների թվի կրճատումը վերջին հրատարակության մեջ արդյունք է ոչ միայն լավ պահպանության, այլ նաև վերջին տարիներին ստացված առավել ստույգ տեղեկությունների։ ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի վրա աշխատանքը շարունակվում է։ Սա մշտական գործող փաստաթուղթ է, քանի որ կենդանիների գոյության պայմանները փոխվում են և նորանոր տեսակներ կարող են հայտնվել աղետալի վիճակում։ Դրա հետ մեկտեղ մարդու գործադրած ջանքերը լավ պտուղ են տալիս, որի մասին վկայում են գրքի կանաչ էջերը։

Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակ խմբագրել

Կարմիր գրքի գաղափարի երկրորդ ճյուղը «Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակների» (անգլ.՝ IUCN Red List of Threatened Animals) ձևով հազվագյուտ կենդանիների մասին միանգամայն նոր տեղեկատվության ի հայտ գալն էր։ Դրանք ևս հրատարակվում են ԲՊՄՄ հովանու ներքո, բայց պաշտոնապես և չեն հանդիսանում Կարմիր գրքի տարբերակ, համանման չեն նրան, չնայած բավականին մոտ են։ Այդպիսի ցուցակներ հրատարակվել են 1988, 1990, 1994, 1996 և 1998 թվականներին։ Հրատարակումը իրականացվում է Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա) գտնվող շրջակա միջավայրի մոնիթորինգի Համաշխարհային կենտրոնի կողմից՝ ԲՊՄՄ-ի հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ավելի քան հազար աշխատակիցների մասնակցությամբ։

Նոր համակարգի կառուցվածքային հիմքը կազմում են երկու հիմնական բլոկները. ա) անհետացման վտանգի տակ գտնվող տակսոններ(таксон) բ) ցածր ռիսկայնության տակսոններ(LC)

Առաջին բլոկը ստորաբաժանում է երեք խմբի

  • կրիտիկական վիճակում գտնվող տակսոններ (CR)
  • անհետացման վտանգի տակ գտնվող տակսոններ (EN)
  • խոցելի վիճակում գտնվող տակսոններ (VU)

Ըստ էության հենց այս երեք խմբերն էլ մոտ ապագայում տակսոնի ներկայացուցիչների կորստի լրջության մասին նախազգուշացնող հիմնական կատեգորիաներն են։ Հենց սրանք էլ կազմում են տարբեր մակարդակի կարմիր գրքերի մեջ ներառվող տակսոնների մեծ մասը։

Երկրորդ բլոկը ներառում է առաջին խմբի ոչ մի կատեգորիայի մեջ չներառված տեսակներին և կազմված է հետևյալ խմբերից

  • տակսոններ, որոնք կախված են պաշտպանության միջոցառումների մակարդակից(CD)
  • տակսոններ, որոնք մոտ են սպառնալիքի տակ գտնվող տեսակների խմբին անցմանը (NT)
  • նվազագույն վտանգի տակսոններ (LC)

Մի փոքր առանձնացված են ևս երկու կատեգորիաներ, որոնք անմիջական առնչություն չունեն պահպանության խնդիրներին.

  • ամբողջությամբ անհետացած տակսոններ (EX)
  • անազատության մեջ պահպանված տակսոններ (EW)

ԲՊՄՄ-ի Կարմիր գիրքը, ինչպես նաև Կարմիր թերթիկները չեն հանդիսանում իրավաբանական փաստաթուղթ, այլ կրում են բացառապես խորհրդատվական բնույթ։ Այն ներառում է կենդանական աշխարհը գլոբալ մասշտաբով և պարունակում է պահպանության վերաբերյալ տեղեկատվություն՝ ուղղված այն երկրներին, որոնց տարածքում ձևավորվել է կենդանիների համար սպաառնալի իրավիճակ։ Գլոբալ մասշտաբով պայմանավորված այդ խորհրդատվությունը կրում է ամենաընդհանուր մոտավոր բնութագիր։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 332