Ակ-Կոյունլուների պետություն
Ակ-Կոյունլուների պետություն, թուրքմենական ցեղապետություն, պետական կազմավորում Մերձավոր Արևելքում (1378-1502)։ Իշխանությունը հաստատվում էր գլխավորապես Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում ու Իրանի տարածքում։ Պետության կազմում էին նաև Կովկասյան որոշ շրջաններ։ Թարգմանաբար նշանակում է սպիտակ ոչխար արածեցնողներ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Լեզու | օղուզերեն, պարսկերեն, արաբերեն, հայերեն, քրդերեն | |||
Կրոն | Սուննի Իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Ակ-Կոյունլուներ | |||
Պետության գլուխ | սուլթան |
Ակ-Կոյունլուների ցեղապետության առաջացում
խմբագրելXIV դարի վերջին Միջին Ասիայում զորապետ Թեմուր-Լանը կամ Լենկթեմուրը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ Սամարղանդ (այժմ՝ քաղաք Ուզբեկստանում) մայրաքաղաքով։ Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386 թվականին անցան Երասխ գետը և մտան Սյունիք ու Այրարատյան դաշտ։ Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը չկարողացան ընկճել Սասունի լեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ 1402 թվականին Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի (այժմ՝ Անկարա, Թուրքիայի մայրաքաղաք) ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Զորավարը 1405 թվականին մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել[1]։
Լենկթեմուրի հետ Առաջավոր Ասիա էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ սելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ՝ 11–րդ դարում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-Կոյունլու և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ XIII դարի վերջին Միջին Ասիայից ներգաղթել էր Փոքր Ասիա և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան 15-րդ դարի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468)։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանի արևմուտքը և Վրաստանը։
Հայկական լեռնաշխարհում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ 1468 թվականին։ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ Գեղամա երկրի, Վայոց ձորի, Սյունյաց, Արցախի Գուգարքի և մասամբ Վասպուրականի հայ իշխանական տները։ Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանի որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի Ռուստամ Օրբելյանը, նշանակվեց «Այրարատյան երկրի» (Երևանի կուսակալություն) կառավարիչ՝ նստավայր ունենալով Երևանը։ Նա Էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը հազարամյա դեգերումներից հետո վերահաստատտվեց Էջմիածնում։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ Աղթամարի Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները՝ ներկայանալով որպես Գագիկ Արծրունու սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել Համշենի, Սասունի, Խութի, Տարոնի, Մոկսի, Շատախի և մի քանի այլ հայկական իշխանություններ[2]։
Պետության հիմնում
խմբագրելԱղձնիքում, Ծոփքում ու Տուրուբերանում հաստատված ակ-Կոյունլուները Ջհանշահի ժամանակ հարկատու դարձան կարա-Կոյունլուներին։ Սակայն Ջհանշահի մահից հետո ակ-Կոյունլու Ուզուն-Հասան սուլթանը պատերազմ սկսեց կարա-կոյունլուների դեմ և հաղթելով տիրացավ նրանց տերությանը։ Հիմք դրվեց ակ-Կոյունլուների ընդարձակ տերությանը (1468-1502), որի մեջ մտավ նաև Հայաստանը։
Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասությունների մեջ գտնվող ակ-Կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։
Թուրքմենական ցեղերի շուրջ 100-ամյա տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը՝ Եվրոպայում և Ասիայում հիմնելով հայկական գաղութներ։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։
Հայաստանում հաստատված քոչվոր ցեղերին իրենց ոչխարների հոտերի համար անհրաժեշտ էին ընդարձակ արոտավայրեր, դրա համար էլ նրանք քիչ էին ուշադրություն դարձնում տնտեսության զարգացմանը։ Սակայն, ժամանակի ընթացքում, ազդվելով հայերից և մյուս նստակյաց ժողովուրդներից, նրանք սկսեցին աստիճանաբար անցնել նստակյաց կյանքի։ Քոչվորները հայ բնակչությանը դուրս էին մղում հարթավայրային շրջաններից, որի արդյունքում հայերը հիմնականում կենտրոնացան նախալեռնային և լեռնային շրջաններում[3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լենկթեմուրի արշավանքները Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը XV դ. երկրորդ կեսին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակ-Կոյունլուների պետություն» հոդվածին։ |