Արթուր Կարապետյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Կարապետյան (այլ կիրառումներ)
Արթուր Միքայելի Կարապետյան (19 հունիսի, 1967, Երևան - ապրիլի 30, 1991[1]), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։
Արթուր Միքայելի Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1967 հունիսի 19 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | ապրիլի 30, 1991 | (տարիքը 23)
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի հունիսի 9-ին Երևանում։ 1974 թվականին հաճախել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոց, որն ավարտել է 1984 թվականին։ 1984 թվականին ընդունվել է թիվ 20 տեխնիկական ուսումնարան, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։
1985 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի երեկոյան ուսուցման ֆակուլտետի առևտրի էկոնոմիկա մասնագիտության առաջին կուրս։ 1985-1987 թվականներին ծառայել է խորհրդային բանակում՝ Մոսկվայի ռազմական ենթաշրջանում, որտեղ ստացած ռազմական գիտելիքները հետագայում փայլուն կիրառել է Արցախյան ազատամարտում։ Ծառայելուց հետո ուսումը շարունակել է ապրանքագիտություն և առևտրի էկոնոմիկա ֆակուլտետի նույն մասնագիտության առաջին կուրսում։
Արցախյան ազատամարտ
խմբագրել1988 թվականից Արցախյան շարժման ակտիվ մասնակից էր։ Մարտական մկրտությունը ստացել է Երասխավանի կռիվների ժամանակ։ Ընկերների հետ ստեղծելով համախոհների մի փոքրիկ ջոկատ՝ զենք ու զինամթերք էր հայթայթում Արցախ ուղարկելու համար։ 1989 թվականին, կիսատ թողնելով ուսումը(նա այդ ժամանակ սովորում էր 4-րդ կուրսում), մեկնել է Արցախ` Շահումյանի շրջան։ Որպեսզի խուսափի հաճախակի իրականացվող անձնագրային ռեժիմի ստոգումներից, նա նույն թվականին փոխում է գրանցման վայրը և գրանցվում Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Հենց այդ ժամանակ էլ Արթուրը ծանոթանում է Թաթուլ Կրպեյանի հետ և մինչև կյանքի վերջ մնում է նրա հավատարիմ ընկերն ու զինակիցը։ Գետաշենում եղել է Գետաշենի կամավորական ջոկատի հրամանատար Թաթուլ Կրպեյանի մարտական գծով տեղակալը։ Մասնակցել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Նա իր կյանքը նվիրել էր հայ ժողովրդի ազատության գործին, որին զինվորագրվել էր Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից։
1990 թվականից Արթուր Կարապետյանը ՀՅԴ անդամ էր։ Վերջին մարտը նա մղել է Գետաշենում, որի պաշտպանությունը կազմակերպել և ղեկավարում էր իր զինակցի` Թաթուլ Կրպեյանի հետ։
Արթուր Կարապետյանի անունով են կոչվել «Շենգավիթ» մետրոյի կայարանամերձ պուրակը, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (Հուշարձանի Հեղինակ՝ Մկրտիչ Մազմանյան, քանդակագործներ՝ Գագիկ Ավագյան (Gagik Angelo) Ռոբերտ Բալայան, բրոնզ, տուֆ, բազալտ, 1993), Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի լսարաններից մեկը անվանակոչվել է նրա անունով։ Երևանի Մուրացանի անվան համար 18 դպրոցի շքամուտքի պատին տեղադրված է նրա հուշաքարը։ Թաղված է Երևանում։
Պարգևներ
խմբագրելՀետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հիշատակ
խմբագրել- 1993 թվականին Երևանի Երևանի Շենգավիթ համայնքի՝ Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանի տարածքում տեղադրվել է Արթուր ԿԱրապետյանին նվիրված հուշարձան[2]։
- 1999 թվականին Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանին կից պուրակն անվանակոչվել է Արթուր Կարապետյանի անունով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այվազյան Հ. Մ. և ուրիշներ, Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան», 2004, էջ 292 — 864 էջ, ISBN 5-89700-023-9։
- ↑ Երևանի հուշարձաններ
- ↑ Երևան քաղաքի քաղաքային նշանակության այգիների անվանումները