Քաշաթաղի շրջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քաշաթաղ (այլ կիրառումներ)
Քաշաթաղի շրջան, Արցախի Հանրապետության վարչատարածքային ամենաբարձր միավոր, որն ընդգրկում է երկրի արևմտյան և հարավարևմտյան մասը։ Շրջանի վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է[2][3]։
Երկիր | Արցախի Հանրապետություն |
---|---|
Կարգավիճակ | Արցախի Հանրապետության շրջան |
Ներառում է | 54 համայնք (109 բնակավայր) |
Վարչկենտրոն | Բերձոր |
Բնակչություն (2008) | 9763[1] (6 տեղ) |
Խտություն | 2.89 |
Տարածք | 3376 |
Հիմնադրված է | 2 դեկտեմբերի 1993 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
Ունի հնագույն պատմություն և հարուստ է պատմամշակութային բազմաթիվ և բազմատեսակ հուշարձաններով[3]։
Շրջանի հարավային մասը գրավվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով։ Հյուսիսային հատվածը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով[4]։ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան-Գորիս հատվածին սահմանակից տարածքները, Ադրբեջանի զինված ուժերին են հանձնվել 2021 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին կարգադրությամբ[5][6][7][8]։ Կենտրոնական նեղ հատված, որը կոչվում է նաև Բերձորի միջանցք, նույն եռակողմ համաձայնագրով գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այն Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ գյուղից դուրս եկող ավտոճանապարհը միացնում է Ստեփանակերտ քաղաքին և ունի 5 կմ լայնություն[4]։
Անուն
խմբագրելՊատմության էջերում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տարբեր հատվածներ հայտնի են եղել տարբեր անուններով[3]։
Շրջանի կենտրոնահյուսիսային հատված
խմբագրելՀամաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ Քաշաթաղի շրջանի շրջանի կենտրոնահյուսիսային հատվածը կոչվել է Աղահեճք, որը հանդիսացել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Աղահեճք գավառ)[3][9]։ Աղահեճքի մասին է վկայել նաև մեկ այլ հայտնի հայ պատմիչ 8-րդ դարում գործունեություն իրականացրած Մովսես Կաղանկատվացին[3][10]։ Աղահեճք անունը օգտագործվել է առնվազն մինչև 13-րդ դարը, ինչի մասին է վկայում 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։
13-րդ դարում արդեն Աղահեճք անվանը զուգահեռ օգտագործվում էին նաև Քաշաթաղ, Խոժոռաբերդ անունները[3][11]։ Քաշաթաղն ու Խոժոռաբերդը Աղահեճքի գավառի ամրոցներից էին։ Հետագայում 2 կենտրոններից առավել ազդեցիկը դարձավ Քաշաթաղը, ինչի շնորհիվ գավառը սկսեցին կոչել Քաշաթաղ։ Այն հիմնականում ընդգրկում էր գավառի հարավային և հարավ-արևմտյան մասը[3][11][12]։
16-րդ դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում նրա կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր անվանաձևերը[3][13][14][15][16]։ Մինչև 18-րդ դարերում այն շարունակվել է կոչվել Քաշաթաղ ի դեմս Քաշաթաղի մելիքության[15][17][18][19][20][21]։
16-ից 18-րդ դարերում Աղահեճքի հյուսիս-արևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ 19-րդ դարի սկզբներին՝ Տառիստ անվամբ[3]։
Խորհրդային միության տարիներին, երբ շրջանն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, անվանվում է Լաչինի շրջան և 1930-ից 1991 թվականներըն այդ անունն էր կրում[3][22]։
1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի արդյունքում շրջանի տարածքն անցնում է Արցախի Հանրապետության վերահսկողությանը և ընդգրկվում վարչատարածքային բաժանման մեջ՝ կոչվելով Քաշաթաղի շրջան։
Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է Քաշաթաղի շրջանի կենտրոնահյուսիսային հատվածը համարել իր վարչատարածքային միավոր և անվանել Լաչինի շրջան (տես՝ Լաչինի շրջան)[3]։
Շրջանի հարավային հատված
խմբագրելՀամաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ Քաշաթաղի շրջանի շրջանի հարավային հատվածի վերին մասը կոչվել է Բաղք, որը հանդիսացել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Բաղք գավառ)[3][9]։ Միջնադարում գավառը բաժանվել է երկու մասի՝ ստանալով տարբեր անուններ։ Արևմտյան հատվածը սկսեց կոչվել Աճեն կամ Աճանան անունով, իսկ արևելյան հատվածը՝ Քաշունիք։ Հետագայում Քաշունիք անվանը զուգահեռ սկսել են կոչել նաև Բարկուշատ[3][11][23]։ Հետագա դարերում այդ տարածքը շարունակվել է կոչվել և՛Քաշունիք, և՛ Բարկուշատ։ Արդեն 16-ից 17-րդ դարերում Քաշունիք անունն իր տեղն ամբողջությամբ զիջել է Բարկուշատ անվանաձևին։ 17-ից 18-րդ դարերում Բարկուշատը բաժանվեց մի քանի մասի, որի առանձին հատվածներ կոչվում էին Մաղանջուղ, Գիլաբերդ, Բարկուշատ։ Գավառը Ռուսական կայսրությանն անցնելուց հետո կորցրել է իր նախկին անունները[3][11]։ Խորհրդային Միության տարիներին, երբ ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, իշխանությունների կողմից կոչվել է Ղուբաթլու (Ղուբաթլուի շրջան)[3]։
Քաշաթաղի շրջանի հարավային ծայրամասը հին դարերում ունեցել է իր առանձին անունները։ Համաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ այն կոչվել է Կովսական, որը եղել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Կովսական գավառ)[3][9]։ Միջին դարերում այն առավել հայտնի էր այնտեղ գտնվող Գրհամ բերդի անունով[3][11]։
Աշխարհագրություն
խմբագրելՎարչատարածքային տեսակետից Քաշաթաղի շրջանը հյուսիսից շուրջ 33 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, հյուսիս-արևելքից շուրջ 14 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանին, հյուսիս-արևելքից շուրջ 10 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանին, արևելքից շուրջ 25 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանին, հարավ-արևելքից շուրջ 56 կմ երկարությամբ սահմանակից է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանին, արևմուտքից շուրջ 170 կմ երկարությամբ սահմանակից է Հայաստանի Սյունիքի մարզին, հարավից շուրջ 37 կմ երկարությամբ սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին[2]։
Շրջանի հյուսիսային կեսը լեռնային է, իսկ հարավային կեսը Արցախի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտին է, որտեղ բարձրությունների տարբերությունը համեմատաբար փոքր է։
Շրջանի մակերեսը 3377 կմ² է։
Պատմություն
խմբագրելԱրցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տարածքը ձևավորվել է պատմաաշխարհագրաքաղաքական տեսակետից երեք գավառների տարածքից, ուստի նպատակահարմար է շրջանի պատմությունը բաժանել երեք հատվածի՝ հյուսիսկենտրոնական (Բերձորի), և հարավային (Քաշունիքի, Կովսականի)[3]։ Շրջանն ունի հնագույն պատմություն[3]։
Շրջանի հյուսիսկենտրոնական մասի պատմություն
խմբագրելՔաշաթաղի շրջանի հյուսիսկենտրոնական հատվածն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Շրջանի այդ մասը, որը կազմված է Բերձորի հատվածից, բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Այն տարածքով համապատասխանում է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի Աղահեճք գավառին[3][24]։
Շրջանի հարավային մասի պատմություն
խմբագրելՔաշաթաղի շրջանի հարավային հատվածն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Շրջանի հարավային մասը, որը կազմված է Քաշունիքի ու Կովսականի հատվածից, բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Այն տարածքով համապատասխանում է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի Բաղք գավառին[3][24][25]։
12-րդ դարի կեսերից թուրք-սելջուկների կողմից գրավված Բաղք գավառը 1201 թվականին ազատագրվել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչներ Իվանե Ա և Զաքարե Բ իշխանների կողմից[3][25]։
Հայ-ադրբեջանական հակամարտություն 1988-1994
խմբագրելԲերձորի ազատագրում
խմբագրելԿովսականի և Քաշունիքի ազատագրում
խմբագրելՀայ-ադրբեջանական պատերազմ, 2020
խմբագրելՎարչատարածքային բաժանում և բնակավայրեր
խմբագրելՔաշաթաղի շրջանը կազմված է քաղաքային և գյուղական համայնքներից[2][26][27]։ Ներկայում շրջանի բոլոր բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո Աղանուս համայնքի որոշ բնակավայրերի[28][29][30][31], որոնք գտնվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով ձևավորված ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող այսպես կոչված Բերձորյան միջանցքի տարածքում։
Քաշաթաղի շրջանն ունի 53 համայնք, որոնք իրենց մեջ ներառում են 109 բնակավայրեր։ Դրանք են[2][32]՝
- Բերձոր համայնք՝ ներառում է Բերձոր քաղաքը, որը հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը,
- Կովսական համայնք՝ ներառում է Կովսական քաղաքը, Դիցմայրի, Քարատակ գյուղերը,
- Որոտան համայնք՝ ներառում է Որոտան քաղաքը, Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար, Վանանդ գյուղերը,
- Ալաշկերտ համայնք՝ ներառում է Ալաշկերտ գյուղը,
- Աղաձոր համայնք՝ ներառում է Աղաձոր գյուղը,
- Աղանուս համայնք՝ ներառում է Աղանուս, Ապարան, Մեղվաձոր գյուղերը,
- Աղավնատուն համայնք՝ ներառում է Աղավնատուն, Խաչգետիկ, Հարար գյուղերը,
- Աղավնո համայնք՝ ներառում է Աղավնո գյուղը,
- Այգեհովիտ համայնք՝ ներառում է Այգեհովիտ, Լճաշեն գյուղերը,
- Այգեկ համայնք՝ ներառում է Այգեկ գյուղը,
- Արախիշ համայնք՝ ներառում է Արախիշ, Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն, Քարաբակ գյուղերը,
- Արծվաշեն համայնք՝ ներառում է Արծվաշեն, Մխանց գյուղերը,
- Արտաշավի համայնք՝ ներառում է Արտաշավի գյուղը,
- Գանձա համայնք՝ ներառում է Գանձա, Բազմատուս գյուղերը,
- Գետամեջ համայնք՝ ներառում է Գետամեջ գյուղը,
- Գետափ համայնք՝ ներառում է Գետափ գյուղը,
- Գողթանիկ համայնք՝ ներառում է Գողթանիկ գյուղը,
- Դրախտաձոր համայնք՝ ներառում է Դրախտաձոր, Անի գյուղերը,
- Լեռնահովիտ համայնք՝ ներառում է Լեռնահովիտ, Շրվական, Սպիտակաջուր գյուղերը,
- Երիցվանք համայնք՝ ներառում է Երիցվանք, Ամիրյան, Կրմեն, Երվանդակերտ գյուղերը,
- Իշխանաձոր համայնք՝ ներառում է Իշխանաձոր գյուղը,
- Ծաղկաբերդ համայնք՝ ներառում է Ծաղկաբերդ, Մարաթուկ գյուղերը,
- Ծիծեռնավանք համայնք՝ ներառում է Ծիծեռնավանք, Մելիքաշեն, Տանձուտ, Արահոծ գյուղերը,
- Ծոբաձոր համայնք՝ ներառում է Ծոբաձոր, Որդուակ գյուղերը,
- Կերեն համայնք՝ ներառում է Կերեն, Գրհամ, Սպիտակաշեն գյուղերը,
- Կումայրի համայնք՝ ներառում է Կումայրի, Շիրակ գյուղերը,
- Հակ համայնք՝ ներառում է Հակ գյուղը,
- Հակարի համայնք՝ ներառում է Հակարի գյուղը,
- Հայկազյան համայնք՝ ներառում է Հայկազյան, Ջանֆիդա, Սահառ, Դարբնոց գյուղերը,
- Հոչանց համայնք՝ ներառում է Հոչանց գյուղը,
- Ձորափ համայնք՝ ներառում է Ձորափ գյուղը,
- Ղազարապատ համայնք՝ ներառում է Ղազարապատ գյուղը,
- Մամարք համայնք՝ ներառում է Մամարք, Հալե գյուղերը,
- Մարտունաշեն համայնք՝ ներառում է Մարտունաշեն գյուղը,
- Միրիկ համայնք՝ ներառում է Միրիկ գյուղը,
- Մշենի համայնք՝ ներառում է Մշենի, Արվական գյուղերը,
- Մոշաթաղ համայնք՝ ներառում է Մոշաթաղ, Հերիկ, Բերդիկ գյուղերը,
- Մուշ համայնք՝ ներառում է Մուշ գյուղը,
- Նորաշենիկ համայնք՝ ներառում է Նորաշենիկ, Վարդուտ գյուղերը,
- Շալուա համայնք՝ ներառում է Շալուա, Հիմնաշեն, Վերին Շեն, Քարուտ գյուղերը,
- Սարատակ համայնք՝ ներառում է Սարատակ գյուղը,
- Սոնասար համայնք՝ ներառում է Սոնասար, Մարգիս գյուղերը,
- Սուս համայնք՝ ներառում է Սուս, Գիհուտ, Ներքին Սուս, Ուրմիա գյուղերը,
- Վակունիս համայնք՝ ներառում է Վակունիս, Խաչինտափ, Չորմանք, Շամք գյուղերը,
- Վաղազին համայնք՝ ներառում է Վաղազին, Մարտիրոս գյուղերը,
- Վան համայնք՝ ներառում է Վան գյուղը,
- Վարդաբաց համայնք՝ ներառում է Վարդաբաց, Քարոտան գյուղերը,
- Վուրգավան համայնք՝ ներառում է Վուրգավան գյուղը,
- Տիգրանավան համայնք՝ ներառում է Տիգրանավան գյուղը,
- Ուռեկան համայնք՝ ներառում է Ուռեկան գյուղը,
- Փակահան համայնք՝ ներառում է Փակահան գյուղը,
- Քաշունիք համայնք՝ ներառում է Քաշունիք, Մորաջուր, Վերին Քաշունիք գյուղերը,
- Քարեգահ համայնք՝ ներառում է Քարեգահ գյուղը։
Բնակչություն
խմբագրելՍտորև ներկայացված է Քաշաթաղի շրջանի բնակչության թվաքանակն ըստ տարիների՝
Տարի | 2005 | 2008 | 2009 | 2010 | 2015 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 9763[33] | ▼8551[34] | ▼7838[34] | ▼7788[34] | ▲10380[2] |
Տնտեսություն
խմբագրելՇրջանի բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։
2009 թվականից Աղավնո գետի շրջանում իրականացվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցում։
2011 թվականի հունվարի 3-ին շրջանում բացվել Է «Սյունիք-1» նոր հիդրոէլեկտրակայանը` 2.4 ՄՎտ հզորությամբ[35]։ 2011 թվականի վերջին կառուցվել է նաև «Սյունիք-2» երկրորդ հէկը` 3.2 ՄՎտ հզորությամբ, և բացվել է 2012 թվականի մայիսի 18-ին[36]։ 2012 թվականին սկսվել Է «Սյունիք-3» հէկի շինարարությունը[37][38]։ Աղավնո գետի վրա նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 6 հէկ[39]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախի Հանրապետության բնակչության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
- ↑ 4,0 4,1 Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել
- ↑ «Ես եմ հետ քաշվելու հրաման տվել, Վ. Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը. եթե այդ որոշումը չկայացվեր, ռազմական գործողություններ էին սկսելու. Փաշինյանը՝ Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման մասին» հոդված tert.am կայքում, (արխիվացված 13․06․2022 թ․)։
- ↑ «Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար․ ես եմ հրամայել հետ քաշվել․ Նիկոլ Փաշինյան» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 13․06․2022 թ․)։
- ↑ «Փաշինյան. Ես եմ տվել զորքի հետքաշման հրամանը» հոդված azatutyun.am կայքում, (արխիվացված 13․06․2022 թ․)։
- ↑ «Ես եմ հետ քաշվելու հրաման տվել․ Սյունիքում տասնյակ կիլոմետրեր առաջ ենք եղել․ Փաշինյան» հոդված factor.am կայքում, (արխիվացված 13․06․2022 թ․)։
- ↑ 9,0 9,1 9,2 Անանիա Շիրակացի, «Մատենագրություն», Երեւան, 1979 թվական, էջ 295։
- ↑ Մովսէս Կաղանկատուացի, «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Երուան, 1983 թվական, էջ 331։
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երուան, 1986 թվական։
- ↑ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մաս Գ, Երուան, 1967 թվական, էջ 116։
- ↑ Առաքել Դաւրիժեցի, «Գիրք պատմութեանց», Երուան, թվական, էջ 63, 222։
- ↑ Աշ. Հովհաննիսյան, «Դրվագներ», Գիրք Բ, Երևան, 1959, էջ 312։
- ↑ 15,0 15,1 Արտակ Ղուլյան, «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001, էջ 17։
- ↑ А. Карагезян, К локализации гавара Кашатаг, «Լրաբեր հաս. գիտ.», 1987, 1, с․ 40-45․(ռուս.)
- ↑ Մ. Ս. Հասրաթյան, «Քաշաթաղ-Խնածախ», էջ 155-165։
- ↑ Լեո, «Հայոց պատմություն», հատոր 3, գիրք Բ, Երևան, 1973, էջ 21։
- ↑ Հովսեփյան Գ., «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ», մասն Ա, Վաղարշապատ, 1928 թվական, էջ 232, 236, 274։
- ↑ «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար», Երևան, 1974 թվական, էջ 206-207։
- ↑ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մասն Բ, Երևան, 1958 թվական, էջ 375, 400։
- ↑ Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թվական։
- ↑ «Մանր ժամանակագրություն», հատոր Ա, Երեւան, 1951 թվական, էջ 37։
- ↑ 24,0 24,1 Անանիա Շիրակացի, «Մատենագրություն», Երեւան, 1979 թվական։
- ↑ 25,0 25,1 Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն», Երեւան, 1986 թվական։
- ↑ Արցախի Հանրապետության օրենքը «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ընդունված 1998 թցականի հունիսի 16-ին, (էլեկտրոնային տարբերակ)։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Արցախի Հանրապետության բնակչության 2005 թվականի մարդահամարի տվյալներ http://pop-stat.mashke.org/ կայքում, (արխիվացված 18․03․2022թ․)։
- ↑ 34,0 34,1 34,2 Արցախի Հանրապետության բնակչության 2008, 2009 և 2010 թվականների վիճակագրական տվյալներ http://pop-stat.mashke.org/ կայքում, (արխիվացված 10․03․2022թ․)։
- ↑ «Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Արցախում ավարտվել է «Սյունիք -2» հէկի շինարարությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Արցախը նախատեսում է բազմապատկել պղնձի արդյունահանումը և էլեկտրաէներգիայի արտադրությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Արցախը մտադիր է էլեկտրաէներգիա արտահանել
- ↑ Արցախում մինի հիդրոէլեկտրակայանները կառուցվում են մասնավոր ներդրողների հաշվին