Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպան կամ իրավապաշտպան, անձ, որն անհատապես կամ այլոց հետ բարձրաձայնում կամ պաշտպանում է մարդու իրավունքները։ Իրավապաշտպանները կարող են լինել լրագրողներ, բնապահպաններ, ազդարարներ, արհմիությունների անդամներ, իրավաբաններ, ուսուցիչներ, անմիջական գործողությունների մասնակիցներ կամ պարզապես անհատներ, որոնք գործում են միայնակ։ Այս անձինք իրենց աշխատանքի շրջանակներում կամ կամավոր սկզբունքներով կարող են պաշտպանել մարդու իրավունքները։ Իրենց գործունեության համար մարդու իրավունքների պաշտպանները (ՄԻՊ) հաճախ ենթարկվում են ճնշումների. նրանց կարող են զրպարտել, լրտեսել, հետապնդել, կեղծ մեղադրանքներ առաջ քաշել, կամայական ձերբակալել, սահմանափակել տարբեր միություններին միանալու նրանց իրավունքը, ֆիզիկական հարձակումների թիրախ դարձնել և նույնիսկ սպանել[1]։ 2020 թվականին աշխարհի 25 երկրներում սպանվել է առնվազն 331 մարդու իրավունքների պաշտպան։ Միջազգային հանրությունը և որոշ երկրներ փորձել են արձագանքել այս բռնություններին՝ ձեռնարկելով պաշտպանական տարբեր միջոցներ, սակայն ՄԻՊ-երի նկատմամբ բռնությունները շարունակում են աճել։ Կանանց իրավունքների պաշտպանները և բնապահպանները բախվում են ավելի մեծ ճնշումների և ռիսկերի, քան իրավունքների այլ ոլորտներով զբաղվող մարդու իրավունքների պաշտպանները։
1998 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագիրը՝ ՄԻՊ-երի աշխատանքն օրինականացնելու և նրանց գործունեության պաշտպանությունն ընդլայնելու նպատակով։ Այս հռչակագրից հետո մեծ թվով ակտիվիստներ սկսեցին կոչվել մարդու իրավունքների պաշտպաններ։
Սահմանում
խմբագրելՄարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) տերմինն իրավապաշտպան համայնքում լայն տարածում գտավ այն բանից հետո, երբ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիրը՝ խթանելու և պաշտպանելու համամարդկային իրավունքները և հիմնարար ազատությունները (A/RES/53/144, 1998), որն ավելի հայտնի է որպես «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագիր։ Մինչ այս հռչակագրի ընդունումը, այն անձինք, որոնք զբաղվում էին մարդու իրավունքների պաշտպանությամբ, ավելի հաճախ կոչվում էին ակտիվիստ, ծառայող կամ մշտադիտարկող[2]։ Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագիրը առաջ քաշեց ՄԻՊ տերմինի ավելի լայն սահմանում, որը սկսեց ներառել բոլոր այն անձանց, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները կամ պայքարում դրանց համար[3][4]։ Մարդու իրավունքների պաշտպանների այս ընդարձակ սահմանումը և՛ առավելություններ, և՛ խոչընդոտներ է ստեղծում շահագրգիռ կողմերի և դոնորների համար, որոնք նպատակ ունեն աջակցելու ՄԻՊ-երի պաշտպանության ծրագրերին։ Թեև առավել հստակ սահմանումները կարող են անտեսել ՄԻՊ որոշ կատեգորիաներ, լայն սահմանումը ճկունության հնարավորություն է տալիս, բայց նաև մտցնում է երկիմաստություն՝ պոտենցիալ բարդացնելով ՄԻՊ կարգավիճակի ճանաչումը խոցելի անձանց համար[3]։
2004 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակեց 29-րդ ինֆորմացիոն տեղեկագիրը՝ ՄԻՊ տերմինն էլ ավելի հստակեցնելու և իրավապաշտպաններին աջակցելու համար։ Այս փաստաթղթում նշվում է, որ «մարդու իրավունքների պաշտպան լինելու համար որակավորում չի պահանջվում», սակայն կան նվազագույն չափանիշներ, որոնց պետք է անհատները հետևեն։ Մասնավորապես, նրանք պետք է ընդունեն այն գաղափարը, որ մարդու իրավունքները համընդհանուր են, այսինքն՝ առանց բացառության տարածվում են բոլորի վրա, և պետք է շարունակեն իրենց իրավապաշտպան գործունեությունը` խաղաղ, ոչ բռնի միջոցներով[5]։
Որոշ հետազոտողներ փորձել են սահմանագծել մարդու իրավունքների պաշտպանների կատեգորիաները։ Դրա նպատակն այն ռիսկերի մասին պատկերացում կազմելն էր, որոնց բախվում են իրավապաշտպանները։ Հետազոտողները մարդու իրավունքների պաշտպաններին դասակարգում են՝ հիմնվելով նրանց մասնագիտական կամ ոչ մասնագիտական գործունեության վրա[3] կամ տարբերակում են նրանց՝ ըստ իրենց գործունեության ոլորտի, ինչպիսիք են կանանց իրավունքները[6] կամ հողային իրավունքները[7]։
Պրոֆեսիոնալ գործունեության դրական և բացասական կողմեր
խմբագրելՆրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան, հիմնականում պրոֆեսիոնալ իրավապաշտպաններն են, որոնք աշխատում են հեղինակավոր հաստատություններում, պետական մարմիններում կամ ՀԿ-ներում։
Իսկ նրանք, ովքեր աշխատում են նման կազմակերպություններից դուրս, սովորաբար կոչվում են «ակտիվիստներ», «առաջնորդներ» կամ «իրավապաշտպանի» փոխարեն օգտագործում են ավելի ընդգրկուն եզրույթ՝ նույնիսկ, երբ նրանց գործունեությունը համահունչ է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագրում նշված սկզբունքներին։ Երբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներն ստանում են մարդու իրավունքների պաշտպանի լիզենցիա, դա հնարավորություն է տալիս օրինականացնել իրենց գործունեությունը։ Բացի այդ, իրավապաշտպաններն իրենց աշխատանքի պատճառով հաճախ բախվում են ռիսկերի և սպառնալիքների, իսկ պաշտոնապես ճանաչվելով որպես ՄԻՊ՝ նրանք կարող են օգտվել տարբեր աջակցություններից, ինչպիսիք են իրավական օգնությունը, ֆիզիկական պաշտպանությունը և այլն[3]։ Մարդու իրավունքների պաշտպան ճանաչվելը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ, քանի որ այն ուշադրությունը շեղում է կոնկրետ անհատների վրա, այլ ոչ թե շեշտը դնում նրանց կոլեկտիվ աշխատանքի վրա, ինչն էլ այդ անձանց ավելի մեծ ռիսկի է ենթարկում[8]։
Մարդու իրավունքների պաշտպաններին ուղղված սպառնալիքներ
խմբագրելՄարդու իրավունքների պաշտպանները (ՄԻՊ) ենթարկվում են խիստ բռնաճնշումների, ստանում հաշվեհարդարի սպառնալիքներ ինչպես պետական մարմինների, այնպես էլ մասնավոր կառույցների կողմից, այդ թվում՝ ոստիկանության, զինված ուժերի, տեղական ազդեցիկ գործիչների կամ էլիտաների, նրանց թիկնազորի, աջակողմյան խմբերի և բազմազգ կորպորացիաների կողմից։ Հալածանքները ներառում են սպառնալիքներ, կամայական ձերբակալություններ և կալանավորումներ, հետապնդումներ, զրպարտություններ, աշխատանքից հեռացումներ, վտարում, անհայտ հանգամանքներում անհետացումներ և սպանություններ[9]։ Ընդ որում, ավելի մեծ ռիսկերի են ենթարկվում կանանց իրավունքներով զբաղվող, արմատացած գենդերային նորմերի դեմ պայքարող, ինչպես նաև հեռավոր կամ մեկուսացված տարածքներում աշխատող իրավապաշտպանները[9]։ Շրջակա միջավայրի պաշտպանությամբ, հողային իրավունքների, ինչպես նաև որոշ երկրներում բնիկների իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպանները ևս ավելի մեծ ռիսկերի են բախվում[7]։ 2020 թվականին աշխարհում սպանված իրավապաշտպանների 69%-ն զբաղվել է հենց այս ուղղություններով[10]։
2020 թվականին «Front Line Defenders» կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում նշված է, որ այդ տարի 25 երկրում առնվազն 331 իրավապաշտպան է սպանվել։ Թեև բնիկները կազմում են Երկրագնդի բնակչության միայն մոտ 6%-ը, այդ սպանված իրավապաշտպանների գրեթե 1/3-ը բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են եղել։ 2019 թվականին 31 երկրում սպանվել է 304 իրավապաշտպան[10]։ «Global Witness» կազմակերպության տվյալներով՝ 2002-2019 թվականներին 52 երկրում սպանվել է 1922 բնապահպան։ Այս մահերի 80%-ը գրանցվել է Լատինական Ամերիկայում։ 2015-2019 թվականներին սպանվածների մոտավորապես 1/3-ը բնիկներ էին։ Իրավապաշտպանների նկատմամբ բռնության փաստաթղթավորումը համապարփակ չէ, և յուրաքանչյուր հաղորդվող մահվան դեպքում կարող է լինել մինչև հարյուր այլ` ծանր բռնաճնշումների դեպքեր, որոնք փաստաթղթավորված չեն, օրինակ՝ կամայական կալանավորում, հարկադիր վտարում, զրպարտություն և այլն[7]։
Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնի[11] կողմից իրականացված հետազոտությունը փաստում է, որ 2017 թվականին աշխարհում իրավապաշտպանների դեմ հարձակումներն աճել են 34%-ով։ Փաստաթղթավորված հարձակումների շրջանակում հայտնի է ենթադրյալ սպանության 120 դեպք։ Բացի այդ, արձանագրվել են հարյուրավոր այլ միջադեպեր, որոնք ներառում էին բռնության և ահաբեկման տարբեր ձևեր, ինչպիսիք են ֆիզիկական հարձակումը, բուլինգը և ակտիվիստների նկատմամբ սպառնալիքները։ 2016 թվականին գրանցվել է 290 հարձակում, մինչդեռ 2017 թվականին՝ 388: Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ագրոբիզնեսի, հանքարդյունաբերության և վերականգնվող էներգիայի ոլորտներով զբաղվող իրավապաշտպանները նույնպես մեծագույն վտանգի տակ են։ Իրավաբաններն ու բնապահպանական խմբերի անդամները նույնպես այդ ցանկում են[12]։
ՄԱԿ-ի հռչակագիրը մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ
խմբագրել1998 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիրը (A/RES/53/144), որն ավելի հայտնի է որպես «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագիր[13], ՄԱԿ-ի առաջին փաստաթուղթն է, որը լեգիտիմացնում և սահմանում է մարդու իրավունքների պաշտպաններին, ինչպես նաև մարդու իրավունքները պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվությունը։
Թեև հռչակագիրը պարտադիր իրավական ուժ չունի, այն հստակեցնում է մարդու իրավունքների գործող պայմանագրերում ամրագրված իրավունքները և դրանք տարածում իրավապաշտպանների վրա՝ նրանց աշխատանքն օրինականացնելու և նրանց տրամադրվող պաշտպանության շրջանակն ընդլայնելու նպատակով։ Համաձայն հռչակագրի՝ մարդու իրավունքների պաշտպան է համարվում յուրաքանչյուր ոք, ով աշխատում է մարդու իրավունքները խթանելու կամ պաշտպանելու ուղղությամբ՝ անկախ նրանից, թե դա նա անում է՝ լինելով մասնագետ, թե ոչ, գործելով անհատապես, թե որպես խմբի/կազմակերպության մաս։
Հռչակագիրը հստակեցնում է սահմանված իրավունքները, որպեսզի դրանք ավելի հեշտ լինի կիրառել իրավապաշտպանների նկատմամբ։ Ի թիվս այլոց, հռչակագրով պաշտպանված իրավունքները ներառում են մարդու իրավունքների վերաբերյալ նոր գաղափարներ մշակելու և քննարկելու, ինչպես նաև դրանց ընդունումը խթանելու իրավունքը, պետական մարմիններին և գերատեսչություններին քննադատելու և դրանց աշխատանքը բարելավելու համար առաջարկություններ անելու իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության համար իրավաբանական օգնություն կամ այլ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը, ոչ կառավարական և միջկառավարական կազմակերպությունների անխոչընդոտ հասանելիությունը և դրանց հետ հաղորդակցվելու իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով ռեսուրսների հասանելիության իրավունքը՝ ներառյալ արտերկրից դրամական միջոցներ ստանալը և ազատ արտահայտվելու, ասոցիացիաներ հիմնելու և հավաքներ կազմակերպելու իրավունքները։
Հռչակագրում նշվում է, որ պետությունները պարտավոր են հարգել և իրականացնել հռչակագրի դրույթները և ընդգծվում է պետության պարտականությունը՝ պաշտպանել իրավապաշտպաններին բռնությունից, վրեժխնդրությունից և ահաբեկումից, որոնք հետևանք են նրանց աշխատանքի։ Հռչակագիրը նաև անհատական մակարդակով է պատասխանատվություն դնում մարդու իրավունքները պաշտպանելու համար՝ հատկապես այն մասնագիտությունների տեր անձանց վրա, որոնք կարող են ազդել մարդու իրավունքների վրա, օրինակ՝ իրավապահները, դատավորները և այլն[4]։
Կանանց իրավունքների պաշտպաններ
խմբագրելԿանանց իրավունքների պաշտպաններն այն կանայք են, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները և ցանկացած սեռի այն պաշտպաններն են, որոնք պաշտպանում են կանանց իրավունքները, ինչպես նաև սեռի ու սեռականության հետ կապված իրավունքները[14][15][16]։ 2013 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց մի բանաձև, որը ճանաչեց կին իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց առջև ծառացած մարտահրավերները և ընդգծեց այս խմբի համար նպատակային պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը[17]։
Կանանց իրավունքների պաշտպանը կարող է լինել բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ կին, որը պայքարում է իր համայնքի իրավունքների համար, կին, որը պայքարում է խոշտանգումների դեմ և ԼԳԲՏ+ ու սեքս աշխատողների իրավունքների համար կամ կարող է լինել տղամարդ, որը պայքարում է սեռական և վերարտադրողական իրավունքների համար[14]։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրենց գործընկերների նման, կին իրավապաշտպանները ևս կարող են ենթարկվել հարձակումների, քանի որ նրանք պահանջում են մարդու իրավունքների իրացումը։ Իրենց համայնքներում նրանք ենթարկվում են խտրականության, վիրավորանքների, սպառնալիքների և բռնության։ Կին իրավապաշտպանները բախվում են լրացուցիչ մարտահրավերների հետ, որոնք բխում են ինչպես իրենց գենդերային ինքնությունից, այնպես էլ իրավունքների բնույթից, որոնք պաշտպանում են։ Սա նշանակում է, որ նրանք թիրախավորվում են միայն այն պատճառով, որ կանայք են, ԼԳԲՏ+ անձինք կամ պաշտպանում են այդ խմբերին։ Նրանք նաև բախվում են ինստիտուցիոնալ խտրականության և անհավասարության հետ կապված լրացուցիչ խոչընդոտների հետ, քանի որ համարվում է՝ նրանք մարտահրավեր են նետում (կամ այդպես է ընկալվում) հայրիշխանությանը և սոցիալական նորմերին։ Այս կանայք իրենց տներում և համայնքներում բախվում են գենդերային հիմքով բռնության ենթարկվելու մեծ ռիսկի հետ, օրինակ՝ կարող են սեքսիստական, կնատեցական, հոմոֆոբ և տրանսֆոբ սպառնալիքներ ստանալ, արատավորվել և խարանվել, ինչպես նաև կարող են դուրս մնալ որոշումների կայացման գործընթացներից, ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց և այլն[18][19][20]։
2006 թվականից սկսած կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օրը նշվում է նոյեմբերի 29-ին[19]։
2017 թվականին Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օրը հարգանքի տուրք մատուցվեց այն կին գործիչներին, որոնք իրենց կյանքն էին զոհել մասնագիտական գործունեության պատճառով։ Սպանված անձինք հանդես են եկել կոռուպցիայի և տարբեր անարդարությունների դեմ, պաշտպանել են իրենց հողերը կառավարության և բազմազգ կորպորացիաների ոտնձգություններից, ինչպես նաև պաշտպանել են ԼԳԲՏ+ անձանց իրավունքները[21]։
Շրջակա միջավայրի պաշտպաններ
խմբագրելՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը համապարփակ սահմանում է տվել շրջակա միջավայրի պաշտպաններին կամ պարզապես բնապահպաններին՝ համաձայն որի՝ «դրանք այն անհատներն են, որոնք հողի և բնապահպանական իրավունքների հետ կապված մի շարք գործողություններ են իրականացնում։ Նրանց աշխատանքը ներառում է արդյունահանող արդյունաբերության, ինչպես նաև շինարարական և զարգացման ծրագրերի հետ կապված խնդիրները»[22]։ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը նաև ընդգծում է, որ շրջակա միջավայրի պաշտպաններն այն անձինք են (անկախ նրանից, թե այդ անձինք իրենց պաշտոնապես իրավապաշտպան են համարում, թե ոչ), որոնք «պաշտպանում են բնապահպանական իրավունքները՝ ներառյալ մաքուր և առողջ շրջակա միջավայրի սահմանադրական իրավունքը, նույնիսկ, երբ այդ իրավունքների իրացումը վտանգված է»։ Շրջակա միջավայրի պաշտպանների զգալի մասը նման գործունեությամբ է զբաղվում այն պատճառով, որ նրանք դա ընկալում են որպես բնապահպանական հրատապ սպառնալիքներին և մարտահրավերներին արձագանքելու միջոց՝ գիտակցելով շրջակա միջավայրի պաշտպանության գործում իրենց ներգրավվածության անհրաժեշտությունը»։
Իրավապաշտպան կազմակերպությունների, լրատվամիջոցների և ակադեմիական շրջանակների կողմից «շրջակա միջավայրի պաշտպան» տերմինը վերջերս է սկսել կիրառվել, որը կապված է «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման հետ[23]։ Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի պաշտպանների գործառույթն ու դերը սերտորեն կապված են ավելի վաղ՝ դեռ 1980-ականներին մշակված հայեցակարգերի հետ, ինչպիսիք են բնապահպանական արդարությունը և աղքատների էկոլոգիզմը (սոցիալական շարժումների շարք)[23]։ Չնայած իրենց տարբեր ծագմանը՝ այս տերմիններն ընդգծում են հողի հետ խորապես կապված մշակույթների վերածնումն ու պահպանումը, մարգինալացված համայնքների համար ներառական տարածքների կամ միջավայրերի ստեղծումը, հողի և ապրուստի միջոցների պաշտպանությունն այնպիսի վնասակար գործունեությունից, ինչպիսիք են ռեսուրսների արդյունահանումը, վտանգավոր թափոնների արտանետումը և հողերի բռնազավթումը[24][23]։ 1998 թվականին ՄԱԿ-ի այս հռչակագրի ընդունումից ի վեր համաշխարհային կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից ավելի ու ավելի շատ է գործածվում «շրջակա միջավայրի պաշտպաններ» տերմինը՝ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ընդհանուր նպատակների և վերլուծական հեռանկարների միավորումը կամ համադրումը նկարագրելու համար։
Պաշտպանական գործիքակազմ
խմբագրել1998 թվականին «Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագրի ընդունումից հետո, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում բազմաթիվ նախաձեռնություններ են սկսվել՝ նպատակ ունենալով ուժեղացնել իրավապաշտպանների պաշտպանությունը և ակտիվորեն աջակցել հռչակագրի սկզբունքների ու նպատակների իրականացմանը։ Այս համատեքստում սահմանվել են հետևյալ մեխանիզմներն ու ուղեցույցները՝
- Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի մանդատը (2000)
- Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցողի մանդատը (2004)
- Մարդու իրավունքների հարցերով միջամերիկյան հանձնաժողովի իրավապաշտպանների խումբը (2001)
- Եվրոպական միության ուղեցույցները մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ (2004)
- Նախարարների կոմիտեի հռչակագիրը Եվրոպայի խորհրդի կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ՝ ուղղված իրավապաշտպանների պաշտպանությունը բարելավելուն և նրանց գործունեությունը խթանելուն (2008)
- Եվրոպական միության Մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ մեխանիզմը (ProtectDefenders.eu), որն իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից (2015)։
2008 թվականին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով ստեղծված Իրավապաշտպանների պաշտպանության դիտորդական գրասենյակը կազմակերպեց միջազգային տարբեր մարմինների (ՄԱԿ, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողով, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողով, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն և Եվրոպական միություն) ինստիտուցիոնալ մանդատակիրների հավաք, որի նպատակն էր ուսումնասիրել այս կազմակերպությունների և ՀԿ-ների միջև համագործակցությունը բարելավելու ուղիները։ 2010 թվականին ստեղծվեց միասնական առցանց հարթակ[25], որտեղ հավաքվում է այն կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հանրային ինֆորմացիան, որոնք զբաղվում են իրավապաշտպանների պաշտպանությամբ։ Այն նպատակ ունի տեսանելի դարձնել կառույցների կողմից ստեղծված փաստաթղթերը (մամուլի հաղորդագրություններ, ուսումնասիրություններ, զեկույցներ, հայտարարություններ), ինչպես նաև դրանց բազմազան գործունեությունը (այցելություններ տարբեր երկրներ, մասնակցությունը ինստիտուցիոնալ միջոցառումներին և դատական գործընթացներին հետևելը)։
2016 թվականին Մարդու իրավունքների միջազգային ծառայությունը հրապարակեց «Մարդու իրավունքների պաշտպանների ճանաչման և պաշտպանության մասին» տիպային ազգային օրենքը։ Այս փաստաթուղթը հեղինակավոր ուղեցույց է պետությունների համար, թե ինչպես տեղական մակարդակով կիրարկել «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների մասին» հռչակագիրը։ Այն մշակվել է հարյուրավոր իրավապաշտպանների հետ համագործակցությամբ և հավանության է արժանացել մարդու իրավունքների առաջատար փորձագետների և իրավաբանների կողմից։
Մի քանի երկրներ, ինչպես օրինակ՝ Կոլումբիան, Բրազիլիան, Մեքսիկան և Գվատեմալան, ներքին օրենքներ են ընդունել կամ քաղաքականություններ մշակել՝ իրավապաշտպանների պաշտպանության նպատակով. այդուհանդերձ, դրանք արդյունավետ կիրառելու համար առկա են զգալի խոչընդոտներ[26]։
Մարդու իրավունքների պաշտպաններին շնորհվող մրցանակներ
խմբագրել- ՄԱԿ-ի մրցանակ՝ մարդու իրավունքների ոլորտում (1998)
- Մարտին Էննալսի անվան մրցանակ՝ մի քանի իրավապաշտպան ՀԿ-ների համագործակցության համար։ Մարտին Էննալսն ականավոր իրավապաշտպան էր և «Amnesty International»-ի գլխավոր քարտուղարը։ Քարտուղարությունը գործում է Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության Ժնևի գրասենյակում[27]։ Մրցանակը տրամադրում է առնվազն 20 000 շվեյցարական ֆրանկի (մոտ 20,000 ԱՄՆ դոլար) դրամաշնորհ, որը պետք է օգտագործվի մարդու իրավունքների ոլորտում աշխատանք տանելու նպատակով։
- Ռոբերտ Ֆ․ Քենեդու անվան մարդու իրավունքների մրցանակ, շնորհվում է 1984 թվականից։
- Սախարովի անվան մրցանակ, որը 1988 թվականին սահմանվել է Եվրոպական խորհրդարանի կողմից։ Դափնեկիրների թվում են՝ Նելսոն Մանդելան, Մալալա Յուսուֆզայը, «Մայիսյան հրապարակի մայրեր» ասոցիացիան, Ռաիֆ Բադավին։
- «Վարդակակաչ» մրցանակ, 2008 թվականին սահմանվել է Նիդերլանդների կառավարության կողմից։
- Մի քանի իրավապաշտպաններ ստացել են Խաղաղության Նոբելյան մրցանակ, օրինակ՝ ազատազրկված չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոն, որը 2010 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար մղած երկար և ոչ բռնի պայքարի» համար։
- Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային հիմնադրամի մրցանակ։ Վտանգի տակ գտնվող մարդու իրավունքների պաշտպանների համար մրցանակը սահմանվել է 2005 թվականին՝ պատվելու մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը, որը, ոչ բռնի աշխատանքի միջոցով, խիզախորեն ակնհայտ ներդրում է ունենում այլոց իրավունքների խթանման և պաշտպանության գործում[28]։
- Ջինետա Սագանի մրցանակ՝ կանանց իրավունքների պաշտպանների համար, սահմանվել է 1997 թվականին։ Նպատակն է «աջակցել ամբողջ աշխարհի կանանց՝ ճնշումների դեմ պայքարում և վստահեցնել նրանց, որ իրենք միայնակ չեն»[29]։ Մրցանակակիրների թվում են Հինա Ջիլանին, Սոնյա Պիեռը, Լիդիա Կաչոն, Ժուլիեն Լուսանժը։
- Նյուրնբերգի մարդու իրավունքների միջազգային մրցանակ, սահմանվել է Նյուրնբերգ քաղաքի կողմից։ Առաջին մրցանակը շնորհվել է 1995 թվականին։
- Ցաո Շունլիի հիշատակի մրցանակ, առաջին անգամ շնորհվել է 2015 թվականին։ Անվանվել է չինացի իրավաբան և ակտիվիստ Ցաո Շունլիի պատվին։ Մրցանակը շնորհում են չինացի իրավապաշտպանները։
Էլեկտրոնային քարտեզագրում
խմբագրելԷլեկտրոնային քարտեզագրումը վերջերս ստեղծված գործիք է, որն օգտագործում է էլեկտրոնային ցանցերը, արբանյակային պատկերները և դիտարկման համար նախատեսված համակարգերը։ Էլեկտրոնային քարտեզագրման օրինակներից են մարտավարական քարտեզագրումը, ճգնաժամային քարտեզագրումը և աշխարհագրական քարտեզագրումը։ Մարտավարական քարտեզագրումը հիմնականում օգտագործվում է մարդու իրավունքների խախտումներին հետամուտ լինելու համար՝ վիզուալացնելով այդ խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների կամ գործողությունների իրականացմանը հետևելու և վերահսկելու գործընթացը[30]։
ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում
խմբագրելՀայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ, որի գործունեությունը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով[31]։ Ընդ որում՝ ՀՀ Սահմանադրության 10-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հենց Պաշտպանի գործունեության սահմանադրաիրավական լիազորությունների կանոնակարգմանը։ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը նշում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունք ունի։ Սահմանադրության 91-րդ հոդվածն էլ սահմանում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը[32]։ Հայաստանի մայր օրենքը պահանջում է, որ ՄԻՊ-ը տարեկան հաղորդում ներկայացնի Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին։ Հաղորդումը կարող է պարունակել նաև օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ։ Ըստ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Ըստ 192-րդ հոդվածի 2-րդ կետի՝ մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Բացի այդ, մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն։ Ներկայումս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Անահիտ Մանասյանն է, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի ապրիլից[33]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Amnesty International (2017). Human rights defenders under threat – A shrinking space for civil society.
- ↑ «About human rights defenders». OHCHR.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Malkova, P (2018). «Exploring the Term 'Human Rights Defender' through the Lens of Professionalisation in Human Rights Practice: A Case-Study of Russia» (PDF). Human Rights Defender Hub Working Paper Series 3. York: Centre for Applied Human Rights, University of York.
- ↑ 4,0 4,1 «Declaration on Human Rights Defenders». OHCHR.
- ↑ Malkova, P (2018). «Exploring the Term 'Human Rights Defender' through the Lens of Professionalisation in Human Rights Practice: A Case-Study of Russia» (PDF). Human Rights Defender Hub Working Paper Series 3. York: Centre for Applied Human Rights, University of York.
- ↑ «Report of the Special Rapporteur on the situation of human rights defenders, Margaret Sekaggya (2010)». www.un.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Larsen, Billon, Menton, Aylwin, Balsiger, Boyd, Forst, Lambrick, Santos, Storey, Wilding (2021). «Understanding and responding to the environmental human rights defenders crisis: The case for conservation action». Conservation Letters. 14 (3). doi:10.1111/conl.12777. S2CID 229390470. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Verweijen, Judith (2021). Menton, Mary (ed.). Environmental and Land Defenders: Deadly Struggles for Life and Territory. New York: Routledge. էջեր 37–49.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ 9,0 9,1 Nah, A; Bennett, K; Ingleton, D; Savage, J (2013 թ․ նոյեմբերի 4). «A Research Agenda for the Protection of Human Rights Defenders». Journal of Human Rights Practice. 5 (3): 401–420. doi:10.1093/jhuman/hut026.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 10,0 10,1 Hodal, Kate (2021 թ․ փետրվարի 11). «At least 331 human rights defenders were murdered in 2020, report finds». The Guardian.
- ↑ «Business and Human Rights Resource Centre | UN Global Compact». www.unglobalcompact.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Kelly, Annie (2018 թ․ մարտի 9). «'Attacks and killings': human rights activists at growing risk, study claims». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «UN Human Rights Defenders». Ishr.ch. 2013 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ 14,0 14,1 Sekyiamah, Nana Darkoa; Ford, Liz (2017 թ․ նոյեմբերի 29). «Remembering women killed fighting for human rights in 2017». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Promoting Greater Protection for Environmental Defenders Policy» (PDF). UN Environment Programme. 2018.
- ↑ Scheidel, Arnim (2020 թ․ հուլիս). «Environmental conflicts and defenders: A global overview». Global Environmental Change. 63: 102104. doi:10.1016/j.gloenvcha.2020.102104. PMC 7418451. PMID 32801483.
- ↑ Anguelovski, Isabelle; Martínez Alier, Joan (2014 թ․ հունիս). «The 'Environmentalism of the Poor' revisited: Territory and place in disconnected glocal struggles». Ecological Economics. 102: 167–176. doi:10.1016/j.ecolecon.2014.04.005 – via Science Direct.
- ↑ «humanrights-defenders.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 19,0 19,1 Amnesty International (2017). Americas: State protection mechanisms for human rights defenders.
- ↑ «Winner of the Martin Ennals Award 1994–2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Sekyiamah, Nana Darkoa; Ford, Liz (2017 թ․ նոյեմբերի 29). «Remembering women killed fighting for human rights in 2017». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Promoting Greater Protection for Environmental Defenders Policy» (PDF). UN Environment Programme. 2018.
- ↑ 23,0 23,1 23,2 Scheidel, Arnim (2020 թ․ հուլիս). «Environmental conflicts and defenders: A global overview». Global Environmental Change. 63: 102104. doi:10.1016/j.gloenvcha.2020.102104. PMC 7418451. PMID 32801483.
- ↑ Anguelovski, Isabelle; Martínez Alier, Joan (2014 թ․ հունիս). «The 'Environmentalism of the Poor' revisited: Territory and place in disconnected glocal struggles». Ecological Economics. 102: 167–176. doi:10.1016/j.ecolecon.2014.04.005 – via Science Direct.
- ↑ «humanrights-defenders.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Amnesty International (2017). Americas: State protection mechanisms for human rights defenders.
- ↑ «Winner of the Martin Ennals Award 1994–2006». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «The Front Line Defenders Award». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «The Ginetta Sagan Award». Amnesty International USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Movements.org. “Maptivism: Mapping Information for Advocacy and Activism."
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=123524. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docID=143723. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Մկրտչյան, Անուշ (2023 թ․ ապրիլի 12). «Անահիտ Մանասյանն ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ
- Համընդհանուր ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ապահովման ուղղությամբ անհատների, խմբերի և հասարակական մարմինների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հռչակագիր
- Ո՞վ է իրավապաշտպանը
- Մարդու իրավունքների միջազգային ծառայություն. Աշխատում ենք մարդու իրավունքների պաշտպաններին աջակցելու համար
- «Amnesty International»՝ պաշտպանելով մարդու իրավունքների պաշտպաններին
- Առաջնագիծ. վտանգի տակ գտնվող մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության միջազգային հիմնադրամ
- Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի մարդու իրավունքների պաշտպանների ծրագիր
- Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության ծրագիրը մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ
- Մարտին Էննալսի անվան մրցանակ
- «Վարդակակաչ մրցանակ»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների պաշտպան» հոդվածին։ |