Աղվեսներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվես (այլ կիրառումներ)
Աղվեսներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Vulpes | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Աղվեսներ, շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղ։
Հայաստանի բոլոր մարզերում տարածված է սովորական աղվեսը, որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։Աղվեսների խմբին անվանում են ճահուկ։
Արտաքին կառուցվածք
խմբագրելԱղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով և խիտ պոչով։
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԱղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով` կարողանում է գտնել նրանց։
Տարածվածություն
խմբագրելԱղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։ Աղվեսը տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից։ Հայտնի է 9 տեսակ, Հայաստանում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ Հայաստանում նման տնտեսություն կա Լոռու մարզում։
Սնունդ
խմբագրելԱղվեսը սնվում է նապաստակներով, գորտերով ու մողեսներով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են (դաշտամկներ, ավազամկներ, ճագարամուկ, առնետ և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման վնասատու կրծողներ, իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։ Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։
Բազմացում
խմբագրելԿտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել բնում։
Ընթերցե՛ք «աղվես» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 265)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |