Տիգրան Մեծ

Մեծ Հայքի թագավորության արքա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան արքա (այլ կիրառումներ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծ (այլ կիրառումներ)

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ (հին հունարեն՝ Τιγράνης ὁ Μέγας, մ․թ․ա․ մոտ 140, Արտաշատ, Այրարատ, Արտաշեսյանների թագավորությունմ․թ․ա․ 55, Տիգրանակերտ, Աղձնիք, Մեծ Հայք), Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Մեծ
Τιγράνης ὁ Μέγας
Տիգրան Մեծը՝ Արտաշեսյանների արքայական թագով
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Մեծ Հայքի թագավորության արքա
մ․թ․ա․ 95 - մ․թ․ա․ 55
Նախորդող Տիրան Ա
Հաջորդող Արտավազդ Բ
Ասորիքի և Փյունիկիայի արքա
մ․թ․ա․ 83 - մ․թ․ա․ 63
Նախորդող Փիլիպոս II Ֆիլոռոմեոս
Հաջորդող Գնեոս Պոմպեոս
Պարթևստանի արքա
մ․թ․ա․ 87 - մ․թ․ա․ 66
Նախորդող Գոդերձ Ա
Հաջորդող Հրահատ Գ
Հայոց տիրակալության արքայից արքա
մ․թ․ա․ 85 - մ․թ․ա․ 55
Նախորդող չկա
Հաջորդող Արտավազդ Բ Աստվածային
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն Հայ
Դավանանք հայ հեթանոսություն
Ծննդյան օր մ․թ․ա․ 140 թվական
Ծննդավայր Արտաշատ, Այրարատի նահանգ, Մեծ Հայք
Վախճանի օր մ․թ․ա․ 55
Վախճանի վայր Տիգրանակերտ, Մեծ Հայք
Թաղված Տիգրանակերտ
Դինաստիա Արտաշեսյանների արքայատոհմ
Հայր Տիրան Ա Արտաշեսյան
Ամուսին Կլեոպատրա Պոնտացի
Զավակներ Արտավազդ Բ, Տիգրան Կրտսեր և Արիազատե

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Աշխարհաքաղաքական իրադրությունը Տիգրանից առաջ խմբագրել

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից և Գավգամելայի ճակատամարտից հետո Հայաստանն իրեն հռչակել էր անկախ թագավորություն, որտեղ իշխում էին Հայկազուն-Երվանդականները։ Մագնեսիայի ճակատամարտից (որտեղ Սելևկյան տերությունը պարտություն է կրում Հռոմի հանրապետությունից) և Ապամեայի հաշտության պայմանագրի կնքումից հետո, Արտաշեսն ու Զարեհը իրենց վերջնականապես հայտարարում են անկախ թագավորներ, համապատասխանաբար՝ Մեծ Հայքում և Ծոփքում։ Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ պատմական Հայաստանի մեծ մասը միավորվում է մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության կազմում։ Այդ պատճառով է, որ Պոլիբիոսը վերջինիս անվանում էր «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»[1]։

Ստրաբոնը Արտաշեսի մասին գրել է հետևյալը․ «Հայաստանն աճել է Արտաշեսի ջանքերով, ուստի այստեղ բոլորը միալեզու են»[1]։ Մեծ Հայքին էին միացել, Փայտակարանը, Գուգարքը և Ուտիքը։ Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայում տարածաշրջանային ազդեցություն ունեցող զորեղ պետության։ Եթե ոչ ամենազորեղը։

Մ․թ․ա․ 185 թվականին Արտաշես Ա-ն, որին ժողովորդը տվել էր «Բարի,» «Բարեպաշտ» պատվանունը[2], հիմնադրում է Արտաշատ քաղաքը, որը դառնում է հայոց նշանավոր մայրաքաղաքներից մեկը։ Արտաշատ մայրաքաղաքը դա Կարթագենական և հայկական մշակույթների միաձուլման վայրն է։ Ինչպես հայտնի է, Կարթագենի ամենանշանավոր զորավար և քաղաքական գործիչ Հանիբալ Բարկան, ով իր զորքերի հետ ասպատակում է Հռոմը մ․թ․ա․ 218 թվականին և ,ցավոք սրտի , պարտություն կրում։ Երկրորդ Պունիկյան պատերազմը վերջ է դնում անկախ Կարթագենին և ամրապդնսում Հռոմեական կայսրության դիրքերը հյուսիսային Աֆրիկայում։ Պարտված զորավար Հանիբալը փաղչում է իր երկրից և ապաստան գտնում կրկին ոտքի կանգնած, հզոր Հայաստանում, իսկ մեր տիրակալ արքա Արտաշեսը նրան սիրով ապաստան է տալիս։ Տեսնելով Մեծ Հայքի կենտրոնում հիանալի վայր՝ նոր քաղաք կառուցելու համար, Հանիբալը առաջարկում է Արտաշեսին նոր մայրաքաղաք հիմնել։ Քաղաքաշինության աշխղեկ է նշանակվում անձամբ Հանիբալը։ Մ․թ․ա․ 176 թվականին նոր մայրաքաղաքը պատրաստ է լինում և ստանում է Արտաշատ անվանումը։

  Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Մեծամորը և Երասխը խառնվում են, և այնտեղ, բլուրը հավանելով, քաղաք է շինում։ Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր։
- Արտաշատի հիմնադրման մասին
 

Արտաշեսը ստեղծում է զարգացած և հզոր պետություն, անցկացնում բազում բարեփոխումներ, վերակազմավորում հայոց բանակը և կառուցում բազում այլ քաղաքներ։ Վերջինիս բարենորոգումների վրա հիմնվելով, Տիգրանը կարողանում է իրագործել իր աշխարհակալական նկրտումները և ստեղծել «ծովից ծով Հայաստան»-ը[3]։

Վաղ տարիներ խմբագրել

Տիգրան Արտաշեսյանը՝ Տիգրանի Ա-ի որդին, ծնվել է մ․թ․ա․ մոտ 140 թվականին[4]՝ Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատում[5]։ Տիգրանը սերում էր ազնվական ընտանիքից, որն այդ ժամանակահատվածում իշխում էր Հայաստանում։ Նրա պապը՝ Արտաշեսը ինքը նույնպես եղել է արքայական Երվանդունիների տոհմից և հիմնվելով իր նախնիների ազնվականության վրա, կարողացել է տիրել Հայաստանի գահին։ Կրտսեր Տիգրանի հայրը՝ Տիգրան կամ Տիրան Ա-ն, Մեծ Հայքի թագավորության արքան էր, ում մասին սակայն պահպանվել են բավականին սակավ և կցկտուր տեղեկություններ։ Նրա օրոք Հայաստանը շարունակել է զարգանալ և բարգավաճել։ Նա եղել է Արտաշես Բարեպաշտ արքայի կրտսեր որդին և հոր կառավարման ժամանակահատվածում ղեկավարել է արևմտյան զորավարությունը[6]։

Ավագ եղբոր՝ անժառանգ Արտավազդի մահվանից հետո, Տիգրան Ա-ն դարձել էր Մեծ Հայքի գահակալը և կառավարել հարաբերական անդորրի ժամանակահատվածում։ Մանկահասակ Տիգրանի ստացած ուսման մասին մեզ քիչ բան է հայտնի, թեպետ հետազոտողները հավաստում են, որ հայոց ապագա արքան դաստիարակվել և կրթություն է ստացել ժամանակի լավագույն ուսուցիչների կողմից, սովորել հունարեն և ասորերեն[7]։

Արքայազն Տիգրանի պատանդություն խմբագրել

 
Պարթևների Միհրդատ Բ Մեծ արքայի դիմապատկերով և հունարեն մակագրու-թյամբ մետաղադրամներ։ Տիգրանը պարթևական արքունիք պատանդության է տեղափոխվել Արտավազդ Ա-ի նկատմամբ Միհրդատ Բ-ի վարած հաղթական պատերազմից հետո։

Արտաշեսի որդի Արտավազդ Ա-ի կառավարման ընթացքում՝ մ․թ․ա․ 120-115 թվականներին, պատերազմ է բռնկվում Մեծ Հայքի և Պարթևստանի միջև, որն ավարտվում է հայերի պարտությամբ։ Նենգ պարսիկները ցանկանալով տիրել Մեծ Հայքի հարավային տարածքներին հարձակում են գործում Մեծ Հայքի վրա։ Այնուամենայնիվ, այդ իրադարձությունը ռազմավարական որևէ էական նշանակություն չի ունենում կողմերի համար, թեպետ պարթևները պատանդ են պահանջում հայոց արքայից։ Անժառանգ Արտավազդը ստիպված է լինում պարթևաց արքունիք գերության տալ 20-25-ամյա Տիգրանին՝ եղբորորդուն[8], որն այդ տարիքում արդեն բավականին հմտորեն տիրապետում էր զենքի արվեստին։ Տիգրանին պատանդ վերցնելով, կրակապաշտներն ունեին հեռահար նպատակներ․ նախ և առաջ այդ քայլով նրանք բացառում էին հայերի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման հնարավոր ռիսկերը և երկրորդ՝ ապագա գահակալին փորձում էին դարձնել իրենց պետությանը համակիր քաղաքական գործիչ[8]։ Պարթևները անգամ չէին էլ մտածում, որ իրենց նոր որդեգրած "պրոտեժեն" պետք է դառնար Պարթևական կայսրության ահն ու սարսափը։ Մեկ ճակատամարտի շնորհիվ Տիգրան Մեծը հպատակեցնում է ամբողջ Պարթևական կայսրությունը և տարիներ շարունակ իր գերիշխանությունը հաստատում պարսիկների վրա։ Հայքի թագավորության գահին արևելամետ ղեկավարի առկայությունը Մարաստանը և Բաբելոնիան ռազմակալած պարթևների համար ուներ կենսական նշանակություն, քանի որ այդ ժամանակաշրջանում իր հզորության գագաթնակետին էր հասնում վերջիններիս վաղեմի և մշտնջենական թշնամին՝ Հռոմեական հանրապետությունը։ «Անպարտելի լեգեոնները» նպատակ ունեին իրենց ազդեցությունը սփռել նաև արևելյան հողերում, իսկ Մեծ Հայքի թագավորության դիրքորոշումն այդ մրցակցության մեջ ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն։ Մեծ Հայքի տեղակայման շնորհիվ, երկիրը ստանում էր շատ լուրջ ստրատեգիական առավելություն, ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական պատերազմների ժամանակ։ Երկրի ղեկավարների հիմնական նպատակը կայանում այն էր, որ երկիրը հնարավորություն ունենար հետագա պատերազմների ժամանակ չեզոքություն պահել և վտանգի տակ չդնել իր ինքնավարությունը։ Ցավոք, ինչպես ժամանակը ցույց տվեց, Տիգրան Գ-ից և Էրատո թագուհուց հետո, Հայաստանը փոխեց իր քաղաքական նպատակները և սկսեց ակտիվորեն մասնակցել հռոմեա-պարսկական կոնֆլիկտներին։ Պարթևների մղած կարճատև պատերազմն իր հերթին վատթարացրել էր Արտավազդի՝ ըստ Մովսես Խորենացու՝ հայոց թուլամորթ արքայի աչքում Պարթևստանի հեղինակությունը և Տիգրանին պատանդի կարգավիճակում պահելով, վերջիններս նպատակ ունեին նաև սանձել հարևան երկրի պոռթկումները։

Այնուամենայնիվ, Տիգրանի որդի Տիգրանը պարթևական արքունիքում ուներ հատուկ կարգավիճակ, որն ուսումնասիրողները շատ հաճախ անվանում են «պատվո պատանդություն»[8]։ Դրա մասին վկայում է այն փաստը, որ նրա ապօրինի դուստր Արիազատա-Աուտոման ամուսնացել էր Միհրդատ Բ Մեծի հետ և դարձել պարթևաց թագուհին։ Տիգրանի հետ, պատանդում էր գտնվում ապագայում Հայաստանի զորքերի գլխավոր զորավար Բագարատը, ով 95 թվականին, Տիգրանի գլխին դրեց հայոց արքայի խույրը։

Վերադարձ պատանդությունից և թագադրում խմբագրել

Մ․թ․ա․ 115 թվականին հայոց գահն անցել էր Տիգրանի հորը՝ Տիրանին (Տիգրանին)՝ Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտ արքայի կրտսեր որդուն։ Վերջինս ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Մ․թ․ա․ 95 թվականին ճանապարհորդության ընթացքում վախճանվում է զառամյալ Տիրան արքան և հայոց գահը մնում է թափուր։ Հայոց աշխարհաժողովը քայլեր է ձեռնարկում Հայքի գահի իրական ժառանգորդին՝ Տիգրանին Հայաստան վերադարձնելու համար, թեպետ միևնույն ժամանակահատվածում հազարապետի առաջնորդությամբ երկրում սկսվում է պալատական երկպառակտչություն, որն ուղեկցվում է իշխող Արտաշեսյանների տոհմի կողմնակիցների դեմ բացահայտ դավադիր քայլերով և վրեժխնդրությամբ։ Տևական բանակցություններից հետո՝ մ․թ․ա․ 95 թվականին, հայերը կարողանում են պատանդությունից ազատել Տիրանի որդուն՝ փոխարենը Պարթևական թագավորությանը զիջելով Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ»-ը՝ Կասպքը, Պարսպատունիքը և Պարսկահայքը, որոնք Արտաշես Բարեպաշտը միացրել էր Հայաստանին։ Տիգրանը հայոց գահին բազմում է 45 տարեկան հասակում[9]։ Նա իր կյանքի մի մասն անցկացրել էր հայոց արքունիքում, իսկ մյուս մասը՝ Պարթևական տերությունում։ Նա հմտորեն տիրապետում էր զենք կրելու արվեստին, պալատական ծիսակատարություններին, ինչպես նաև ռազմավարությանը։ Գալով Հայաստան՝ Տիգրանը թագադրվում է մի վայրում, որը ոչ մի կերպ չէր նշանավորվում հայոց պատմության մեջ, և որտեղ մինչ այդ չէր եղել որևէ խոշոր բնակավայր։ Հետագայում այդտեղ վեր է խոյանում աշխարհակալ Մեծ Հայքի մայրաքաղաքը, որի մասին ակնածանքով էին խոսում նույնիսկ օտար հեղինակները։ Ամենայն հավանականությամբ նա արդեն իսկ կանխորոշել էր իր տիրակալության արտաքին սահմանները՝ դրանց կենտրոնական հատվածում էլ ընտրելով մայրաքաղաքի տեղանքը[10]։

Կառավարման սկիզբ խմբագրել

Ծոփքի միացումը Մեծ Հայքին խմբագրել

Բազմելով հայոց գահին՝ Տիգրանը նախ և առաջ իր առջև խնդիր է դնում ամրացնել երկրի արտաքին սահմանները։ Մեծ Հայքի նահանգների մեծ մասը հայկական թագավորության կազմի մեջ էր մտցրել դեռևս Տիգրանի պապը՝ Արտաշես Բարեպաշտը, որի ստեղծած կենտրոնացված պետությունն էլ ժառանգել էր ապագա աշխարհակալ արքան։ Այնուամենայնիվ, Մեծ Հայքի թագավորության սահմաններից դուրս էր մնում Ծոփքը, որը թեպետ հայոց հնագույն նահանգներից էր, սակայն Զարեհ արքայի շնորհիվ Մագնեսիայի ճակատամարտից հետո ձեռք էր բերել անկախ թագավորության կարգավիճակ[11]։

Զարեհի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով Արտաշեսը չէր կարողանում նվաճել պատմական Հայաստանի այդ նահանգը և այդ գործը ստանձնում է Տիգրանը։ Մ․թ․ա․ 150 թվականից ի վեր այստեղ իշում էր Երվանդունիների արքայական շառավղից սերվող Արտանես I-ը՝ Մորֆիլիգի որդին և Զարեհի թոռը։ Մ․թ․ա․ 94 թվականին հայկական զորքերը շարժվում են Ծոփք և գրեթե առանց լուրջ ռազմական գործողություններ իրականացնելու պարտության մատնում Արտանես Երվանդունի արքային․ Ծոփք աշխարհը («Չորրորդ Հայք») միացվում է Հայոց թագավորությանը[12]։ Հայերը փոքր ինչ դժվարության են հանդիպում Արկաթիասի կողմից հիմնադրված և Ծոփաց թագավորության մայրաքաղաքը համարվող Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքի պաշարման ժամանակ, քանզի Արտանեսն այստեղ էր կենտրոնացրել իր հատընտիր զորախմբերը։ Կարկաթիոկերտի մասին, իբր Ծոփաց թագավորության արքայանիստ քաղաքի, առաջին վկայությունը պատկանում է Ստրաբոնին։ Հայ պատմագիրներն այս քաղաքի վերաբերյալ հիշատակություններ ամենևին չունեն և դժվար է ուրվագծել նրա հետագա շրջանի պատմությունը։ Քաղաքի աշխարհագրական դիրքը վերջնականապես ճշտված չէ։ Ոմանք այն նույնացնում են հետագայի Անգղ բերդի հետ (Չորրորդ Հայքի Անգեղտուն գավառի գլխավոր բերդը), ոմանք Զինթա ամրոցի, ոմանք՝ Խարբերդի, ոմանք՝ Ամիդ-Դիարբեքիրի, իսկ որոշներն էլ՝ Տիգրանակերտ-Մարտիրոսապոլսի հետ։ Դրանցից ամենահավանականն այն վարկածն է, ըստ որի Կարկաթիոկերտը գտնվել է Անգեղտուն գավառի Անգղ բերդի տեղում կամ նրա շրջակայքում։ Իսկ վերջինիս ավերակներն ընկած են Արևմտյան Տիգրիս գետի վերին հոսանքից ոչ հեռու՝ ստորին Արածանիի ձախ կողմում[13]։

Միհրդատ Եվպատորի հետ դաշինքի կնքում խմբագրել

Չորրորդ Հայքից միացումից հետո Հայոց թագավորության կազմից դուրս էին մնում միայն պատմական Հայաստանի անքակտելի մաս կազմող երկու կենսատարածքներ՝ Փոքր Հայքն ու Կոմմագենեն։ Դեռևս մ․թ․ա․ 112 թվականին Փոքր Հայքի անժառանգ արքա Անտիպատրոս Երվանդունին այդ տիրույթները կտակել էր Միհրդատ Եվպատորին, որը կտակը ստանձնելուց հետո սկսել էր կրել «թագավոր Պոնտոսի և Փոքր Հայքի» տիտղոսը։ Այսպիսով, մ․թ․ա․ 112 թվականին Միհրդատը ստանձնել է նաև Փոքր Հայքի («Արմենիա Մինոր») ղեկավարումը, իսկ աշխարհաքաղաքական նման պայմաններում Տիգրանի համար ձեռնտու չէր պատերազմական գործողություններ հրահրել գրեթե նույնանման սփռվածության հետաքրքրություններ ունեցող և օր-օրի զարթոնք ապրող հարևան պետության հետ։

Միհրդատ Զ Եվպատորը, նույնիսկ նախքան Տիգրանի գահակալումը, Սև ծովի ափին ստեղծել էր Պոնտոսի ընդարձակ թագավորությունը և նպատակ ուներ Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից և Հունաստանից։ Այսինքն՝ նրա ծրագրերը կապված էին արևմուտքի հետ, որտեղ Տիգրանը անելիքներ չուներ։ Մեծ Հայքի թագավորությունն առանձնակի հետաքրքրություն էր տածում արևելյան հողերի հանդեպ, որոնք չէին խանգարում Միհրդատ Եվպատորին ի կատար ածել սեփական աշխարհակալական նկրտումները։ Այնուամենայնիվ, երկու պետություններին էլ անհրաժեշտ էր հզոր դաշնակից տարածաշրջանում՝ Հռոմեական և Պարթևական գերտերությունների վերահաս վտանգներից ապահովագրվելու համար։ Այսպիսի պայմաններում մ․թ․ա․ 94 թվականին կնքվում է հայ-պոնտական դաշինքը[14], որն էլ ավելի է ամրապնդվում խնամիական հարաբերությունների հաստատմամբ։ Այսպիսով, հաջորդիվ տեղի է ունենում Տիգրան Արտաշեսյանի ամուսնությունը Միհրդատի տասնվեցամյա դստեր՝ Կլեոպատրայի հետ։ Տիգրան արքան և հայոց թագուհի Կլեոպատրա Պոնտացին իրենց համատեղ կյանքի ընթացքում ունենում են երկու դուստր և երեք որդի՝ Զարեհը, Արտավազդը, Տիգրան Կրտսերը։

Կապադովկիական արշավանքներ խմբագրել

Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով Կապադովկիայի թագավորություն։ Կապադովկիան հելլենիստական թագավորություն էր, որը շարունակաբար կառավարվում էր Արիարաթես անունը կրող գահակալների կողմից։ Այսպիսով, հայ-պոնտական ներխուժման պահին երկրում իշխում էր Արիարաթես IX-ը, որն իր չափազանց արտահայտված արևմտամետ քաղաքականության շնորհիվ ստացել էր «Հռոմեասեր» (Ֆիլոպատոր) մականունը։ Ինքնին, Կապադովկիայի թագավորությունը գտնվում էր հանրապետական Հռոմի ազդեցության ոլորտում, իսկ վերջինիս արքան Հռոմի գահակալի անմիջական կամակատարն էր։ Այդպիսի պայմաններում Տիգրանին ձեռնտու էր Պոնտոսի միջոցով փակել Հռոմի հետ անմիջական սահմանը, քանզի նշյալ ժամանակամիջոցում աշխարհակալ կայսրության հետ առճակատումը բոլորովին չէր բխում Մեծ Հայքի թագավորության շահերից։ Ըստ պայմանավորվածության՝ Կապադովկիայի նվաճումից հետո ռազմավարական միջանցիկ նշանակության այս տարածքը պետք է անցներ Միհրդատյան Պոնտոսին, իսկ երկրի ամբողջ շարժական ու անշարժ գույքին պետք է տիրապետեին հայերը։ Այսպիսով, արշավանքը տեղի է ունենում պլանավորվածի պես․ կապադովկիական պաշտպանական ամրություններն ու զորախմբերը չկարողանալով դիմակայել պոնտական փաղանգի հարձակումներին ու Մեծ Հայքի ծանր հետևակի հարվածներին՝ անձնատուր են լինում, իսկ Միհրդատ Եվպատորը հայտարարում է Պոնտոսի կողմից Կապադովկիայի ռազմակալման փաստի մասին[15]։ Սա հայ-պոնտական դաշինքի առաջին ռազմական հաջողությունն էր։

Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։

- Ապպիանոս Ալեքսանդրիացի, 2-րդ դարի հույն պատմիչ

Շատ վերլուծաբաններ պնդում են, որ «Միհրդատը հաճախ Տիգրանին օգտագործել է իր արկածախնդրությունների համար»՝ շահադիտական նկատառումներով, թեպետ հայոց արքան նման քայլով ուներ սեփական պլանները։ Հայկական ուժերը ներխուժում են Կապադովկիայի քաղաքներ՝ թալանում հարստություններն ու գերեվարում տեղի բնակիչներին։ Հայկական կողմը Կապադովկիական արշավանքից վերադառնում է մեծ ավարով։ Տիգրանի հեռահար քաղաքականության պտուղներն ի հայտ են գալիս մ․թ․ա․ 92 թվականին, երբ պարզ է դառնում, որ Արիարաթես IX-ը Կապադովկիայից փախել էր Հռոմ և ապավինել «անպարտելի լեգեոնների» օժանդակությունը։ Այդ տարում արևելք է ժամանում հռոմեացի զորավար Լուցիոս Կոռնելիուս Սուլլան, որը ետ է գրավում Կապադովկիան․ Պոնտոսը համատեղ արշավանքի արդյունքում մնում է ձեռնունայն։ Կապադովկիայի դեմ հայ-պոնտական հաջորդ արշավանքը տեղի է ունենում մ․թ․ա․ 91 թվականին։ Հայերն առանց խոչընդոտի ջախջախում են սահմանային ողջ երկայնքով պատնեշած հռոմեական պաշտպանական ուժերին՝ ընդհուպ պաշարելով «Գեղեցիկ ձիերի երկրի» քաղաքամայր-ոստան Մաժակը։ Նախորդ արշավանքի օրինակով Տիգրանը Կապադովկիայից Մեծ Հայք է տեղափոխում հսկայական մարդկային և նյութական ռեսուրսներ, որի միջոցով էլ հետագայում կարողանում է շենացնել Աղձնիքում կառուցվելիք Տիգրանակերտ քաղաքը։ Նույն ժամանակահատվածում Միհրդատը նախապատրաստվում էր նոր տարածքներ նվաճել արևմուտքում՝ ծրագրելով Հունաստանի ազատագրումը։

Վիրքի և Աղվանից թագավորության հպատակեցում խմբագրել

Վիրքում հայոց գերիշխանության հաստատման գործընթացը հանգամանալից կերպով ներկայացրել է վրաց պատմահայր Լեոնտի Մրովելին՝ «Քարթլիս ցխովրեբա» աշխատությունում։ Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր Վիրքի (Իբերիայի) թագավորությունում իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազի տոհմից[16]։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս առավել հակված էր դեպի պարթևական արքունիքը և սիրում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան պարթևաց երկրից կանչում է կրակի սպասավորներին ու մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթա և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Արքայի դավաճանական քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ Հայաստանի օգնությանը։ Փառանջոմը, լինելով պարթևների կամակատարը, երկիրը տանում էր խորին լճացման, թեպետ ի շնորհս կրակապաշտների զինակցության՝ Վիրքում ուներ խոր արմատներ[17]։ Փորձելով փրկել իրավիճակը, վրաց իշխանները ձևավորում են ավագանի և դիմում ուղարկում Տիգրան արքային, որը համարվում էր տարածաշրջանի զորեղագույն տերություններից մեկի գահակալը։ Նամակում իշխանները գրում են հետևյալը․ «Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին։ Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու։ Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի՝ նրա կինը, մեր թագավորների զավակը»։ Տիգրանը հավանություն է տալիս վրաց մեծամեծների խնդրանք-առաջարկին և քայլեր ձեռնարկում Վիրքի գործող արքա Փառանջոմին գահընկեց անելու ուղղությամբ[18]։

Այսպիսով, մ․թ․ա․ 92 թվականին Տիգրանը պատանդներ է վերցնում վրաց իշխաններից և զորք նախապատրաստում՝ Քարթլի ներխուժելու համար։ Վրաստանի գործող թագավորին զինակցում էին պարթևները, որոնք սակայն չեն կարողանում դիմագրավել Մեծ Հայքի բանակի ռազմական ներուժին։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Գուրգարք նահանգում՝ Տաշիր բնակավայրի շրջակայքում։ Այդ կապակցությամբ վրացի պատմիչը գրում է․

  Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին։ Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց։ Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն
- Լեոնտի Մրովելի, «Քարթլիս ցխովրեբա»
 

Այսպիսով, Մեծ Հայքի թագավորությունը իր տիրապետությանն է ենթարկում Վիրքի թագավորությանը՝ տեղի իշխանների խնդրանքով։ Արդյունքում՝ հարևան երկիրը հայտնվում է հայոց ազդեցության ոլորտում․ վասալական Վիրքում հաստատվում է հայ Արտաշեսյանների ժառանգական իշխանությունը (տե՛ս՝ Վիրքի ԱրտաշեսյաններՄովսես Խորենացին հավաստում է, որ Վիրքը նվաճելու հետ մեկտեղ, Տիգրան արքան ձեռնամուխ է լինում նաև Աղվանից թագավորության և վերջինիս մայրաքաղաք Կապաղակի գրավմանը։ Սակայն այս կապակցությամբ մանրամասն փաստեր պատմագիտությանը հայտնի չեն։

Տիգրանյան աշխարհակալության ստեղծում խմբագրել

Դեռևս Տիգրան Արտաշեսյանի կառավարման սկզբնամասում Մեծ Հայքի թագավորությունը գտնվում էր իր հզորության գագաթնակետին, այնինչ հայոց արքան դեռևս իրագործելու բազմաթիվ ծրագրեր ուներ՝ «ծովից ծով Հայաստանի» ստեղծման մտապատկերով։ Փորձելով կանխել օրեցօր զորեղացող Հայոց թագավորության վերելքը՝ երբեմնի թշնամիներ Պարթևստանն ու Հռոմը գալիս են ընդհանուր հայտարարի և բանակցություններ սկսում։ Մ․թ․ա․ 92 թվականին Եփրատի ափին կնքվում է հռոմեա-պարթևական դաշնագիր՝ ուղղված Պոնտոսի և Մեծ Հայքի թագավորությունների դեմ։ Գերտերությունները նպատակ ունեին ծնկի բերել Տիգրանին և Միհրդատին՝ իրենց ազդեցությանը ենթարկելով Հայքն ու Պոնտոսը։ Այս պայմանագրով հանրապետական Հռոմը նպատակ ուներ ձերբազատվել իր աշխարհակալությանը սպառնացող երկու խնդիրներից, մինչդեռ Պարթևստանի մտավախությունները կապված էին բացառապես Հայաստանի հետ, քանզի Պոնտոսը որևէ կերպ վտանգ չէր կարող հանդիսանալ պարթևների պետության համար (վերջինս արևելքում չունեներ որևէ հավակնություն կամ շահագրգռվածություն)։

Պարթևական մեծ արշավանք խմբագրել

Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, մ․թ․ա․ 87 թվականին, Մեծ Հայքի թագավորության զորախմբերը սկսում են ասպատակել Պարթևստանի սահմանները։ Ոչ վաղ անցյալում Եկբատանում բռնկված գժտությունների և առճակատումների արդյունքում Միհրդատ Բ Պարթևը մահացել էր և երկիրը ժառանգել էր «թուլամորթ» (այսպես են բնորոշել վերջինիս պարսիկ պատմիչները) արքա Գոդերձը՝ Հրահատ Ա Արշակունու որդին[19]։ Այդ երկրում տիրում էր ներքաղաքական ծանր ճգնաժամ, որն էլ նպաստավոր նախապայման էր Տիգրանի համար։ Վերջինս դեռևս մ․թ․ա․ 91 թվականին Բաբելոնում իրեն հռչակել էր «պարթևների արքայից արքա» և նպատակ ուներ բռնազավթել բացարձակ իշխանությունը։ Աշխարհաքաղաքական նման իրավիճակում էլ սկսվում է Տիգրան Բ-ի Պարթևական մեծ արշավանքը։ Կա վարկած, որ երբ օգոստոս ամսին՝ երբ Տիգրանյան բանակը շարժվում էր Պարթևստանի ուղղությամբ, հայոց երկնակամարում առկայծում է «Հալեյի գիսաստղը», որը այդ ժամանակների պատկերացումներով հաջողության նախանշան էր[20]։ Հայ քրմերն այս հանգամանքը մեկնաբանում են, որպես հայոց տիրակալի հաջողությունների երկնային համաձայնություն և Մեծ Հայքի աշխարհակալության ստեղծման գաղափարի իրագործման կարևոր երաշխիք։ Այս դեպքի առթիվ Տիգրան Բ-ն հատում է մի քանի տասնյակ դրամներ, որոնց վրա արքայի թագին ավանդական ութաթև աստղի և երկու արծիվների փոխարեն տեղի է գտել նաև հաջողության խորհրդանիշ գիսավոր աստղը[20]։

Արշավանքի սկզբնամասում հայկական ուժերն ազատագրում են «Յոթանասուն հովիտներ»-ը և ապա հարձակվում հարավային ուղղությամբ՝ դեպի Ատրպատական և Կորդուք։ Հպատակ այս թագավորությունների գահակալներ Միհրդատն ու Զարբիենոսը արյունահեղությունից զերծ մնալու համար ընդունում են Տիգրանի իշխանությունը և հաստատվում իրենց պաշտոններում։ Ավելի ուշ Ատրպատականում իշխող Միհրդատ I-ը ամուսնանում է Տիգրանի և Կլեոպատրա Պոնտացու դստրերից մեկի հետ՝ մինչև կյանքի վերջը հավատարիմ մնալով հայոց արքային։ Զարգացնելով ռազմավարական հաջողությունները՝ հայոց այրուձին սլանում է Միջագետքի ուղղությամբ․ այնտեղ էին կենտրոնացված Գոդերձի հատընտիր զորախմբերը։ Շուտով Մեծ Հայքի բանակը նվաճում է նաև «մնացյալ Միջագետքը» և որպես թիրախակետ ընտրում մարերի երկիրը։ Մարաստանը համարվում էր պարթևաց երկրի «թագն ու պսակը» և այն մեծ կարևորագույն նշանակություն ուներ թագավորության համար։ Բացի այդ, Մարաստանում էր գտնվում նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք Եկբատանը։ Դեպի Եքբատան տանող ճանապարհին հայկական զորքերը պաշարում են Ադրաբանա ամրոցը, որտեղ պահվում էին պարթև Արշակունիների տոհմական գանձերը։ Տիգրանը կողոպտում է ամրոցը և հիմնահատակ հրկիզում այն։

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
 
 
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին րա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կարծքերին․․․
 

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ[20]

Փորձելով կանխել թագավորանիստ Եկբատանի պաշարումը՝ Գոդերձ Պարթևը ստիպված է լինում հաշտություն խնդրել հայոց արքայից։ Այսպիսով, մ․թ․ա․ 87 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պարթևական համաձայնագիր, որով Պարթևստանը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը, պարթների արքան Տիգրան Մեծին և Արտաշեսյանների շառավղին էր շնորհում արքայից արքա տիտղոսը, ինչպես նաև ճանաչում էր իր տարածքային կորուստները։ Այսպիսով, Հայոց տերությանը միանում են Օսրոյենեն (Միջագետք Ասորվոց), Ադիաբենեն, Միգդոնիան (Արուստան), Կորդուքը և հյուսիսային Միջագետքը[21]։ Հայկական աշխարհակալության մեջ կամովի մտնում է նաև Կոմմագենեի հայոց թագավորությունը, որտեղ իշխում էին Հայկազուն-Երվանդականների արքայատոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները։

Սելևկյան թագի նվաճում խմբագրել

 
Պալմիրայի սեմական հնավայրը Սիրիայում։ Հայտնի է «անապատի հարսնացու» անվանմամբ։

Այսպիսով, հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո Հայքի հաջորդ թիրախը պետք է դառնար Ասորիքը, որը նախկինում հսկայածավալ Սելևկյանների կայսրության կենտրոնն էր։ Ներքին երկպառակտչություններն ու գահակալական կռիվները հյուծել էր այս երկիրը և վերջինիս ավագանին այլ տեսլական ուներ Ասորիքի գահի հաջորդ ժառանգորդի հետ կապված։ Վերջիններս բավականին լավ գիտակցում էին, որ այդ ամենի շարունակականությունը միանշանակ կերպով երկիրը տանելու էր կործանման և որոշում են Սելևկյան գահը վստահել մեկ այլ երկրի թագավորի[22]։

Ի վերջո այդ ընտրությունը կանգ է առնում Տիգրան Մեծի վրա և հայոց արքան մ․թ․ա․ 84 թվականին հրավիրվում է Ասորիք՝ իշխելու։ Արքայից արքային սելևկյան ավագանին ընդունում է մեծ ցնծությամբ և քաղաքի դարպասները բացում նրա զորքի առջև։ Այդ կապակցությամբ 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ Պոմպեոս Տրոգոսը գրել է․

  Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը, անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքն ու նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ ․․․ Բոլորը համաձայնություն եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։ Ես այսպես հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար։
- Պոմպեոս Տրոգոս
 

Տիգրան Մեծը Անտիոքում իշխում է 17 տարի։ Ըստ վերլուծաբաններից մեկի՝ Մեծ Հայքի գերիշխանության տարիներին «Սիրիան ազատ շունչ քաշեց, և թեպետ ենթարկվեց նվաստացուցիչ օտարի իշխանությանը, սակայն ունեցավ խաղաղություն, ապահովություն և բարեկեցություն»։ Ասորիքից բացի, Տիգրանին է անցնում նաև առևտրային կարևորագույն նշանակություն ունեցող Փյունիկիան։ Այն Չինաստանն ու Հնդկաստանը կապում էր Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ և հայտնի էր «Մետաքսի մեծ ճանապարհ» անվանումով[22]։

Կիլիկիայի միացում և դաշնակցություն ծովահենների հետ խմբագրել

Հայաստանը՝ Ստրաբոնի խոսքերով

Բուն Հայաստանում կան շատ լեռներ և լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում․․․ շատ հովիտներ, մի մասը՝ միջակ, մյուսները՝ խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը ...Ասում են, թե այնտեղ լեռնանցքներում հաճախ ամբողջ քարավաններ բուքի ժամանակ մնում են ձյան տակ։ Նման վտանգների համար նրանք գավազաններ ունեն, որոնք հանում են ձյան մակերեսից դուրս, շնչառության, ինչպես նաև անցորդներին նշան տալու համար, որպեսզի օգնության հասնեն, դուրս հանեն և փրկեն իրենց։

Սելևկյան գահին տիրելուց հետո, Տիգրան Մեծն իր ազդեցությունն է հաստատում նաև Կիլիկիայում՝ Միջերկրական ծովի հարավարևելյան ափին։ Որոշ օտարալեզու աղբյուրներ հաղորդում են այն մասին, որ հայկական զորքերը ինչպես Կիլիկիայի, այնպես էլ Անտիոքի և Փյունիկիայի համար ստիպված են եղել պայքարել։ Ամենայն հավանականությամբ այն պայմանավորված է եղել Սելևկյանների իշխանության ներքո գտնվող և ազգայնական քաղաքական հայացքներ ունեցող ապակառավարական ուժերի առկայությամբ (հենց վերջիններս էլ հրաժարվել են ենթարկվել Սելևկյան թագի դրածո ժառանգորդին՝ Տիգրան Մեծին)։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 84 թվականին հայկական իշխանությունը հաստատվում է Լեռնային և Դաշտային Կիլիկայում։ Մ․թ․ա․ 1-ին դարում Միջերկրական ծովի ափին սփռված Կիլիկիան առավել հայտնի էր ծովահենների զանազան հարձակումներով, որը այս տարածաշրջանում Տիգրանյան տերության կայունության առջև առկախ գերակա խնդիր էր։ Նախքան այդ, հայկական ուժերը որևէ կերպ դուրս չէին եկել միջերկրածովյան ավազան և այդ իսկ պատճառով հայկական ռազմածովային նավատորմն այստեղ բացակայում էր և ծովից Կիլիկիան խոցելի էր[23]։

Գիտակցելով այս ամենը, Տիգրան Մեծը դիմում է հեռահար քայլի և բանակցություններ սկսում ծովահենների հետ։ Մ․թ․ա 83 թվականին Տիգրան Արտաշեսյանը դաշինք է կրում Կիլիկիայի ափամերձ շրջանների ծովահենների հետ, որով վերջիններս անցնում էին հայկական աշխարհակալության ազդեցության շրջանակներ, իսկ հայոց արքան գործողությունների ազատություն էր շնորհում վերջիններիս։ Ստրաբոնն իր հեղինակավոր «Աշխարհագրություն» պատմաաշխարհագրական երկում այս կապակցությամբ գրում է, որ «հայերը ծովը հանձնեցին կիլիկիացիներին»։ Փոխշահավետ «դաշինքից» հետո վերջիններս անթաքույց կերպով օժանդակություն էին ցուցաբերում իրենց հանդեպ նմանօրինակ բարյացակամ վեարբերմունք ցուցաբերած «օտար արքային»։ Դրա վառ օրինակն է մ․թ․ա․ 73 թվականին վերջիններիս կողմից Հռոմի հակահայկական գործողությունների արգելակումը։ Այդ տարում հանրապետական սենատը՝ հաշվի չառնելով Ասորիքի ավագանու իրավարար որոշումը, Անտիոքոս Եվսեբես մեռած արքայի որդիներին ճանաչում է որպես Սիրիայի արքաներ և շնորհում «Հռոմի դաշնակից և բարեկամ» ձևական կոչումները։ Շուտով վերջիններս ուղարկվում են Անտիոք՝ Սելենե-Կլեոպատրա թագուհու մետ միասին իրականացնելու իրենց դավադիր ծրագրերը, սակայն Միջերկրական ծովում նրանց ճանապարհը նրանց դիմավորում են Տիգրանի «դաշնակից» ծովահենները։ Վերջիններս ստիպված են լինում փոխել իրենց ուղղությունը և դավադրությունը ձախողվում է[24]։

Ներքոնշյալ պատկերում՝ Կոռիկոսի հայկական ծովային բերդը Կիլիկիայում
 

Միջերկրածովյան «ազատ քաղաքների» առաջացում խմբագրել

Տարածքային նվաճումների արդյունքում ձևավորված Հայաստանի աշխարհակալ թագավորությունն առևտրային տեսանկյունից հայտնվել էր շահեկան դիրքում։ Նախ վերջինիս ենթակայության տակ էր անցել Ասորիքը, Փյունիկիան և գրեթե ամբողջ Արևելյան Միջերկրականը, և ապա՝ հայկական ազդեցության սահմանները հասնում էին մինչև Հնդկաստան։ Առևտրային հարաբերություններն ու տնտեսական վերելքը խրախուսելու համար Տիգրան Մեծ արքան Փյունիկիայի քաղաքների նկատմամբ կիրառում է հինաշխարհյան արևմտյան հասարակայնության՝ հատկապես հունական և հռոմեական, շրջանում լայնորեն կիրառություն ստացած «ազատ քաղաքների» ինստիտուտը։ Այսպիսով, ազատ քաղաքները ճանաչում էին Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը, թեպետ ունեին ներքին ինքնավարություն և իրենց ներքին գործերը սեփական տրամաբանության շրջանակում կանոնակարգելու բացառիկ իրավունք։ Այդ քաղաքների թվին էին պատկանում Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Լաոդիկեն, Բերիթը, Արադոսը, Տրիպոլիսը, Ապամեան և այլն։ Ինքնավարության շնորհումը խրախուսական քայլ էր նախ և առաջ այդ տարածքների բնակչության, ազնվականության, մեծանուն առևտրականների և քաղաքային իշխանությունների համար, քանզի Սելևկյանների օրոք վերջիններս նման իրավասություններից զուրկ էին[25]։

Ազատություն ստացած քաղաքներից Լաոդիկեն և Բերիթը (ներկայիս Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը), ի նշան երախտագիտության և հավատարմության, իրենց քաղաքային նոր տոմարը սկսում են հաշվել այդ տարում՝ մ․թ․ա․ 81 թվականից։

Փյունիկիայի գլխավոր վաճառաշատ քաղաքները
 
 
 
Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի տաճարը։ Հայտնի է նաև, որ քաղաքը հիմնադրել է փյունիկեցիները։ Սիդոնը եղել է հարավային Փյունիկիայի ամենահարուստ և կարևոր նշանակություն ունեցող նավահանգստային քաղաքներից մեկը։ Քաղաքի անվանումն ունեցել է հրեական ծագումնաբանություն։ Ժամանակի ընթացքում մշտապես մրցակցային դիրքի մեջ է եղել Բիբլոսի և Տյուրոսի հետ՝ հավակնելով դառնալ Փյունիկիայի (ներկայիս Լիբանան) «մետրոպոլիսը» (մայր քաղաքը)։ Տյուրոսը՝ Լիբանանի ներկայիս Սուր քաղաքը, ամենայն հավանականությամբ առաջացել է մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում եղել է առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կանտրոններից մեկը։

Աջակցություն Պտղոմեոսյան Եգիպտոսին խմբագրել

Հռոմեացիների դավադրությունների հետևանքով մ․թ․ա․ 88 թվականին Եգիպտոսից հեռանում է գահի օրինական ժառանգորդ արքայազն Պտղոմեոս Դիոնիսոսը, ում փոխարեն Սենատը այս երկրի ղեկավարի պաշտոնում ճանաչում է նույնանուն արյունարբու ռազմական գործիչի, որը դառնում է Հռոմի «բարեկամն ու դաշնակիցը», ինքնին՝ կամակատարը։ Վտարանդված արքայազնը ուղևորվելով արևմուտք՝ ապաստանում է Պոնտոսի թագավորությունում։ Հայոց արքայի դաշնակից Միհրդատը Եգիպտոսի նկատմամբ որևէ հավակնություններ և շահագրգռվածություն չուներ, մինչդեռ Տիգրան Մեծն իր պլաններն ուներ այդ երկրի հետ կապված։ Սակայն իրադարձություններն էլ ավելի պարզորոշ և շահեկան հանգուցալուծում են ստանում, քանզի Պտղոմեոս XVI-ն իր կառավարման սկզբնամասում Եգիպտոսը կտակում է Հռոմին։ Արքայի դավաճանական քայլին հաջորդում է համաժողովրդական ընդզվում, որի արդյունքում էլ տեղի է ունենում իշխանափոխություն։ Պտղոմեոս Դիոնիսոսը բազմում է հայրենյաց գահին և կառավարում որպես բարեպաշտ ղեկավար[26]։

Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականության խորաթափանց դիտորդներից մեկը՝ հռոմեացի հռետոր Ցիցերոնը, հավաստում է, որ նախքան Եգիպտոս մուտք գործելն արքայազն Պտղոմեոսը եղել է Սիրիայում, որտեղից էլ հայ օգնական զորքերի օժանդակությամբ ներխուժել և ծնկի է բերել Հռոմի դրածոյին։ Տիգրանի կառավարման տարիներին Պտղոմեոսյան Եգիպտոսը դառնում է հայամետ պետություն։ Այսուհանդերձ, հետագայում իրադարձությունները բավականաչափ անհավասարակշիռ զարգացումներ են ունենում․ հայոց արքայի հավատարիմ դաշնակից Պտղոմեոս XII-ի դուստրը՝ Կլեոպատրան, Եգիպտոսի ապագա թագաժառանգը, հաջորդ տասնամյակում բարեկամական հարաբերություններ է հաստատում Հռոմեական հանրապետության հետ և Մարկոս Անտոնիոսի հետ միասին սպանում Տիգրանի որդուն՝ Մեծ Հայքի գործող գահակալ Արտավազդ Արտաշեսյանին[27][28]։

Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում խմբագրել

 
Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշիքնենրի և ամսաթվերի։
     Մեծ Հայքի թագավորություն      Կապադովկիա      Պոնտոսի թագավորություն      Պարթևստան

Բազմելով Սելևկյան գահին՝ Տիգրան Մեծի տերությունը հարավում սկսում էր անմիջականորեն հարել Նաբաթեայի և Հրեաստանի թագավորություններին[29]։ Վերջիններս հայտնի էին իրենց ակնհայտ հռոմեամետ քաղաքականությամբ և հայոց արքային համարում էին իրենց տերությունների արտաքին անվտանգությանը սպառնացող վտանգ։ Բացի այդ, Նաբաթեայի թագավոր Արետաս (Հարիթաթ) I-ը չէր հաշտվում հայերի կողմից Փյունիկիայի նվաճման հետ և ամեն կերպ ցանկանում էր գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ Դամասկոս կենտրոնով։ Նշյալ պայմաններում Մեծ Հայքի արքան գտնվում էր բավականաչափ շահեկան դիրքում, քանզի Փյունիկիայի որոշ բնակավայրերին «ազատ քաղաքների» կարգավիճակ շնորհելուց հետո վերջիններս բարյացակամորեն էին տրամադրվել Տիգրանյան իշխանության նկատմամբ, իսկ Կոյլե-Սիրիայի ենթակա արքա Պտղոմեոս Մեննայոսն ինքնին իր հավատարմության երդումն էր տվել Տիգրան Մեծին։ Մ․թ․ա․ 73 թվականին Հռոմի ներգործությամբ տարածաշրջանային իրադրությունը ծայրահեղ սրվում է[30]։

Այս անգամ Հայոց թագավորության դեմ պատերազմելու որկոչներով հանդես էր գալիս Սենատի հերթական կամակատարը՝ Պտղոմեոսյան Եգիպտոսի արքայադուստր Սելենե-Կլեոպատրան, ով սպանելով ամուսնուն՝ ամուսնացել էր վերջինիս ավագ որդու՝ գահի ժառանգորդ Անտիոքոս VIII-ի հետ։ Շուտով եգիպտացի թագուհին հակահայկական կոալիցիայի մեջ է ներգրավում նաև Հրեաստանի (Հուդայի) և Նաբաթեայի թագավորություններին, ովքեր միասնաբար նպատակ ունեին Արտաշեսյան Մեծ Հայքից նվաճել Սելևկյանների կայսրության նախկին տիրույթները։ Այս հակամարտության հրահրումը հեռահար քայլ էր Հռոմի կողմից, քանի որ այս կերպ նա ցանկանում էր բացառել հռոմեա-պոնտական նոր պատերազմի շեմին Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի հերթական դաշնակցային մերձեցումն ու փոխօգնության պայմանագրի կնքումը։ Մ․թ․ա․ 72 թվականին նաբաթեացիների և հայկական զորքերի միջև Դամասկոս քաղաքի շրջակայքում տեղի է ունենում արյունարբու ճակատամարտ, որտեղ Տիգրան Մեծի բանակը տանում է փայլուն հաղթանակ[29]։

Արետաս I-ի զորքերի օգնության շտապող հրեական բանակը՝ արքայազն Արիստոբուլոսի գլխավորությամբ, Նաբաթեայի պարտության լուրը ստանալուց հետո հայտնվում է անելանելի դրության մեջ և ապա շրջափակվում հայկական կայազորների կողմից։ Դավադիր թագուհին՝ Սելենե-Կլեոպատրան, Տիգրան Մեծի հրամանով ձերբակալվում է և ապա մահապատժի ենթարկվում։ Մ․թ․ա․ 71 թվականին հայկական զորքերը ռազմախուժում են Պաղեստին և պաշարում Մեծ Հայքի թագավորության ամենահարավային եզրակետը՝ Պտղոմայիսը (գտնվում է ներկայիս Իսրայելի Աքքա քաղաքի տեղում)։ Հովհաննես Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» աշխատությունում հավաստում է․ «Տիգրանը հարձակվում է Պաղեստինի վրա և գերում է շատ հրեաների»[31]։ Դեպքերն ու իրադարձություններն այս հատվածում սեղմ կերպով ներկայացրել է անտիկ շրջանի հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը՝ իր «Հրեական պատերազմի մասին» հեղինակավոր աշխատությունում։

  Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե Հայոց թագավոր Տիգրանը 30 բյուր զորքով ներխուժել է Ասորիք և գալիս է Հրեաստանի դեմ։ Այս, բնականաբար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին։ Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը, որովհետև Սելենե թագուհին, որը կոչվում էր նաև Կլեոպատրա, այդ ժամանակ տիրում էր Ասորիքին և հորդորել էր բնակիչներին՝ դռները փակել Տիգրանի առաջ։ Ուստի դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին, իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությանից, լավագույնս հուսադրեց, բայց հազիվ էր Պտղոմայիսը գրավվել, երբ լուր հասավ Տիգրանին, թե Լուկոլլոսը, հետապնդելով Միհրդատին, չի կարողացել նրան բռնել, քանի որ վերջինս փախել է իբերների երկիրը, և, ասպատակելով Հայաստանը, պաշարել է մայրաքաղաքը։ Տիգրանն այս մասին իմանալով, վերադարձավ իր սեփական երկիրը  

Հայ-հռոմեական պատերազմներ խմբագրել

Այպիսով, Տիգրանյան նվաճումների արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը դառնում է աշխարհակալ տիրակալություն, որն Առաջավոր Ասիայում հակակշիռ էր հանրապետական Հռոմին։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Հռոմի՝ Միհրդատյան Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիայի նվաճումից հետո երկու տերությունները սկսում են սահմանակցել միմյանց՝ դառնալով հարևաններ։ Այսպիսով, Միջերկրածովյան ավազան դուրս եկած և ընդհուպ մինչև Եգիպտոսին մոտեցած Հայոց թագավորությունը Հռոմի առջև փակում էր արևելյան նվաճումների գրեթե բոլոր հեռանկարները և դեմ կանգնում Սելևկյանների կայսրության թագի նկատմամբ հռոմեացիների հավակնություններին։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում Հռոմեական հանրապետությա և Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության միջև առճակատումը անխուսափելի էր և միևնույն ժամանակ կանխատեսելի։

Արդեն իսկ գրգռված իրավիճակն էլ ավելի է բորբոքվում մ․թ․ա․ 71 թվականին, երբ հռոմեական լեգեոններից պարտություն կրած Միհրդատ Եվպատորը հազիվհազ ապաստանում է Հայքի մայրաքաղաք Արտաշատում՝ «Հայկական Կարթագենում»։ Հռոմեացի զորավար Լյուցիոս Լուկուլլոսը, ում էլ վիճակվել էր կապիտուլյացիայի ենթարկել Պոնտոսի թագավորության բանակին, դեսպաններ է ուղարկում Մեծ Հայք և Տիգրանից պահանջում մագիստրոսների սենատի ողորմածությանը հանձնել «հռոմեական ժողովրդի ոխերիմ թշնամի Միհրդատին»։ Հայոց արքան առանց վարանելու մերժում է Լյուցիոսի ուլտիմատումը․

  Ես՝ Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց։
- Տիգրան Մեծի պատասխանը Լյուցիոս Լուկուլլոսի՝ Միհրդատին հանձնելու պահանջին
 

Այսպիսով, պատերազմի առիթը պատրաստ էր, թեպետ վճռական այս պահին Սենատը հրաժարվում է լիազորել Լուկուլլոսին՝ պատերազմելու Հայաստանի դեմ։ Ամենայն հավանականությամբ Հռոմեական հանրապետությունում գտնվող հայ հետախույզները Տիգրան Մեծին հանգամանորեն տեղեկացրել էին հակառակորդի երկրում տիրող իրավիճակի մասին և այն մասին, որ Լուկուլլոսը չի կարողանա շահել կոնսուլների վստահությունը։ Դա է պատճառը, որ աշխարհաքաղաքական նման շիկացած պայմաններում Տիգրանը դեռ ի կատար էր ածում իր աշխարհակալական ծրագրերը Միջագետքում։

Լուկուլլոսի արշավանքը Մեծ Հայքի դեմ խմբագրել

Հատված Պլուտարքոսի մեջբերումներից

Մինչև Հայաստան մի քանի օրվա ճանապարհ է, իսկ այնտեղ իշխում է Տիգրանեսը, արքայից արքան, որը իր զորքով փակում է պարթևների ճանապարհը դեպի Փոքր Ասիա։ Այդ արքան նվաճել է Ասորիքն ու Պաղեստինը, իսկ Սելևկյան տոհմի թագավորին մահվան մատնել ու գերության տարել նրա կանանց ու դստրերին։ Այդ մարդը Միհրդատի բարեկամն է, նրա փեսան։ Եվ եթե Միհրդատը դիմի նրա պաշտպանությանը, ապա նա Միհրդատին չի թողնի փորձանքի մեջ և պատերազմ կսկսի մեր դեմ։ Չլինի այնպես, որ շտապելով դուրս քաշել նրան իր տիրույթներից, հանդիպենք Տիգրանեսին ու փորձանքի գանք, քանզի նա վաղուց առիթ է փնտրում մեր դեմ պատերազմելու։

Այնուամենայնիվ, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկելիության սահմաններից, երբ մ․թ․ա․ 69 թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժում են Հայոց թագավորություն։ Այպիսով, հռոմեացիների նախահարձակ լինելուց հետո սանձազերծվում է հայ-հռոմեական արյունարբու պատերազմը, որը պատճառահետևանքայնորեն կապված էր Միհրդատյան պատերազմների հետ։ Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի (պատմագիտության մեջ հայտնի է որպես «բլիցկրիգ») ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածները։

Հռոմեացիների նմանօրինակ ներխուժումը բավականաչափ անսպասելի էր Հայքի «արքայից արքայի» համար, քանզի Հռոմը առանց լուրջ պատրաստության չէր կարող հարձակվել աշխարհակալ հարևանի վրա՝ նույնիսկ պարտվելու մի փոքր հավանականության առկայության պարագայում։ Հռոմեական սկզբնաղբյուրները վկայում են այն մասին, որ Լյուցիոսը նպատակ է ունեցել գերեվարել Տիգրան Մեծի կնոջը, և նրա փոխարեն որպես փրկագին պահանջել հռոմեացիների երդվյալ թշնամի Միհրդատին՝ Կլեոպատրա Պոնտացու հորը։ Այս ծրագրի իրականացման նպատակով Լուկուլլոսը նախ և առաջ գրավում է սահմանային Ծոփքը և սրընթաց շարժվում դեպի Աղձնիք, որտեղ էլ գտնվում էր Հայքի մայրաքաղաք Տիգրանակերտը։

Այն անակնկալ գրոհով նվաճելու Լուկուլլոսյան ծրագիրը ձախողվում է, քանզի հույն վարձկաններից կազմված կայազորը՝ քաջարի մարտիկ Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ և անձնվիրությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված է լինում պաշարել այն․ անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։ Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն ստանում է Պաղեստինում, ուր կենտրոնացված էր հայկական բանակի գլխավոր հարվածային ուժը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ ճանապարհ է բռնում դեպի Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևում է արքայից արքային։ Մինչև Տիգրանակերտ հասնելը, Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկում է Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն իրենց մարտունակությամբ՝ հատընտիր զորաջոկատը։ Հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ այն պարտվում է, իսկ Մեհրուժանը՝ զոհվում արյունարբու մարտերի կիզանուտներում։

Տիգրանակերտի ճակատամարտ խմբագրել

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտենում է պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք է գործում քաղաք և այնտեղից դուրս բերում արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա թագավորությունները՝ Մարաստանը, Աղվանքը, Վիրքի Արտաշեսյանները, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի քոչվոր արաբները։ Հայկական բանակի թիվը, Պլուտարքոսի վկայությամբ, կազմում էր շուրջ 300 հազար զինվոր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Տիգրանակերտի ճակատամարտը սկսվում է հոկտեմբերի 6-ին՝ վաղ առավոտյան։ Շրջանցելով Տիգրանի բանակը՝ Լուկուլլոսը հայոց զորքի թիկունքում կենտրոնացնում է հռոմեական «անպարտելի» լեգեոններից հատընտիրները, որոնք էլ վճռում են ճակատամարտի ելքը։ Հռոմեացիների հաղթանակը որոշում է նաև Տիգրանակերտի հետագա ճակատագիրը։ Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերին ապստամբություն բարձրացնելով, բացում են քաղաքի դարպասները հակառակորդի առջև։ Պոնտացի պատմիչ Մեմնոնը սակայն հավաստում է, որ Տիգրանակերտի դարպասները բացել են Միհրդատի հուսահատյալ զորավարները՝ իրենց կյանքը փրկելու համար։ Նորակառույց քաղաքը ենթարկվում է քարուքանդի, թալանի և ավերածությունների։ Հռոմեացի պատմիչ Սալյուտիոսը պահպանել է Միհրդատ Եվպատորի նամակը՝ ուղղված Պարթևստանի արքա Հրահատ Գ-ին, որում վերջինս Տիգրանակերտի ճակատամարտը ներկայացնում է հետևյալ կերպ․ «փոքր տարածության պատճառով Տիգրանի մեծաթիվ ուժերին չթողեցին մարտի մեջ մտնել, և նրա կշռադատված քայլն էլ ներկայացնում են որպես իրենց հաղթանակ»։ Այսպիսով, խոսքը գնում է էապես չկայացած ճակատամարտի մասին։

Հռոմեացիների պարտությունն Արտաշատում՝ Արածանիի ճակատամարտ խմբագրել

․․․Հայերը, նետահարելով հռոմեացիներին, շատերին իսկույն սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին։

․․․Այնժամ Լոկուլլոսը, քանզի շատերը վիրավորվել էին, և մի մասն էլ մահանում էր, իսկ հաշմվածները հեծեծում էին, և միաժամանակ մարենամթերքը պակասում էր, նահանջեց։

- Դիոն Կասսիոս, 2-3-րդ դարերի հույն պատմիչ

Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, իր բանակը ձմեռելու համար տեղափոխում է Հայաստանի հարավ՝ Կորդուք։ Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն սկսում է եռանդուն կերպով նախապատրաստվել հետագա ռազմական գործողություններին։ Ձմեռվա ամիսներին նա վերակառուցում է իր զինված ուժերը, որի հարվածային գլխավոր ուժը դառնում է հեծելազորը։ Մ.թ.ա. 68 թվականի գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս է գալիս Կորճայքից և սլանում Արտաշատ տանող ճանապարհով։ Հայկական բանակը անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով ջլատում է հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով։ Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը սեպտեմբերի 22-ին հասնում է Արածանիի գետանցին․ առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր։ Հռոմեական բանակն արդեն իսկ բարոյալքված էր, իսկ կորուստներն այնքան մեծ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել դեպի «Հայկական Կարթագեն» ռազմարշավը։ Այսօրինակ վճռական պահին Տիգրան Մեծի զորքերն անցնում են շեշտակի հարձակման։ Հայոց արքայից արքան հետևակի ղեկավարումը հանձնում է Միհրդատ Պոնտացուն, իսկ ինքը՝ ստանձնում հեծելազորի հրամանատարությունը։ Հռոմեացի հրոսակները զրկվում են մատակարարման և համալրման հնարավորություններից և ջլատվում հայոց այրուձիու հանկարծակի գրոհներից։ Ողջ մնացածների բանակը մի կերպ տեղաշարժվում է Արածանիի հովիտ և սեպտեմբերի 22-ին՝ գիշերահավասարի օրը, բանակում այնտեղ։ Նույն օրը տեղի է ունենում հայ-հռոմեական վճռորոշ ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում։ Հույն պատմիչ Դիոն Կասսիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»։

Պոմպեոսի արևելյան արշավանք խմբագրել

Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսը ստիպված էր թողնել Մեծ Հայքի սահմանները և հեռանալ Հռոմ։ Արդյունքում՝ հայ-հռոմեական պատերազմների առաջին փուլն ավարտվում է։ Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցնում է Պոնտոս և սկսում իր երկրի ազատագրությունը։ Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվում է Հայկական աշխարհակալ տերության խարխլված հեղինակությունը։

Մ.թ.ա. 67 թվականի կեսերին հայկական բանակները ներխուժում են Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Սիրիայում, ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին։ Հռոմեական սենատը գումարում է արտահերթ նիստ և փորձում ելք գտնվել ստեղծված իրավիճակից, որի արդյունքում էլ Լյուցիոս Լուկուլլոսը հեռացվում է գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվում է հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը։ Պոմպեոսը ժամանելով արևելք, նախապես բանակցություններ է սկսում պարթևների հետ, որը վերաճում է Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի դեմ ուղղված դաշինքի։ Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության է մատնում Միհրդատ Եվպատորին և գրավում Պոնտոսը, որով Մեծ Հայքը զրկվում է իր միակ դաշնակցից։ Հռոմեական բանակը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան[32]։

Տիգրան Կրտսերի ապստամբություն խմբագրել

Մեծ Հայքի թագավորության համար օրհասական այս պահին թագավորությունում բռնկվում է դավադրության կանխորոշմամբ ապստամբություն, որը գլխավորում էր Տիգրան Մեծի որդին՝ Տիգրան Կրտսերը՝ դժգոհ և անջատողական նկրտումներ ունեցող հայ ստրկատիրական ավագանու որոշ ներկայացուցիչների սատարմամբ։ Ապստամբության կազմակերպիչների թվում էին նաև Միհրդատ Եվպատորն ու Կլեոպատրա Պոնտացին, ովքեր ցանկանում էին գահընկեց անել Տիգրան Մեծին և արքայազնին կարգել որպես Հայքի նոր արքա՝ այդ կերպ վերջինիս ծառայեցնելով Պոնտոսի թագավորության քաղաքական շահերին։ Ապստամբությունը բարձացվում է մ.թ.ա. 67 թվականին և նույն տարում էլ ճնշվում է։ Ողջ մնացած Տիգրան Կրտսերը փախչում է ռազմի դաշտից և հաստատվում Պարթևստանում, որտեղ էլ Հրահատ Գ-ի ջանքերով վերջինս կնության է առնում պարսից արքայի դստերը։ Դրանից հետո պարթևները Տիգրան Կրտսերին տիրամադրում են բանակային զորախումբ, որով էլ նա ներխուժում է Հայաստան և պաշարում Արտաշատը։ Այնուամենայնիվ, հայ սահմանապահներն առանց որևէ դժվարության շեշտակի հարվածներով ջլատում են դավադիր արքայազնի գլխավորած հրոսակախմբերը, իսկ Տիգրան Կրտսերը ուղղություն է բռնում դեպի Պոնտոս։ Սակայն կես ճանապարհին լուր է գալիս, որ Գնեոս Պոմպեոսը անշրջելի հաղթանակ է տարել Միհրդատ Եվպատորի նկատմամբ և վերջինիս ամբողջ զորքը սպանված է։ Իշխանությունը կորցրած Պոնտոսի արքան այդ պարտությունից հետո բանագնացներ էր ուղարկել Տիգրանի մոտ, սակայն հայոց արքան ոչ միայն անտարբերություն էր հայտնել իր վաղեմի դաշնակցի հետ կատարվածի կապակցությամբ, այլ նաև ձերբակալել դեսպանորդներին։

  Այնժամ Միհրդատը շտապեց դեպի Տիգրանը, բայց երբ նրա մոտ բանագնացներ ուղարկեց, ոչ մի սիրալիրության չհանդիպեց, քանի որ Տիգրանի որդին՝ Տիգրանը, ապստամբել էր հոր դեմ, և նա կասկածում էր, որ Միհրդատը, լինելով արքայազնի պապը, կարող էր հրահրել այդ խարդավանքներն իր դեմ։ Ուստի Տիգրանը ոչ միայն չընդունեց նրան, այլև կալանավորեց ու բանտարկեց նրա կողմից ուղարկված բանագնացներին։ Միհրդատը հուսախաբ լինելով՝ շուռ եկավ դեպի Կողքիս
- Դիոն Կասսիոս, 2-3-րդ դարերի հռոմեացի պատմիչ
 

Տիգրան Մեծի նմանօրինակ վերաբերմունքից հուսալքված Միհրդատը ուղևորվում է որդու մոտ՝ դեպի հյուսիս՝ Բոսփորի թագավորություն։ Հենց այնտեղ էլ մ․թ․ա․ 63 թվականին վերջինս ինքնասպան է լինում։ Ինչ վերաբերվում է Տիգրան Կրտսերին, հայոց դավաճան արքայազնը որոշում է ռիսկի դիմել և մեկնում է Հռոմ, որտեղ էլ նրան դիմավորում է Գնեոս Պոմպեոսը, որը վերջինիս միջոցով հետագայում փորձում է ազդել Տիգրան Մեծ արքայի քաղաքականության վրա։ Սակայն մ.թ.ա. 58 թվականի մայիսին Տիգրանը ենթարկվում է նավաբեկության և Անցիումի մոտ շպրտվում ափ։ Կլոդիոսի ջոկատները Տիգրանին վերադարձնում են Հռոմ, որտեղ էլ Պոմպեոսը ձերբակալում և մահապատժի է ենթարկում հայոց անխոհեմ արքայազնին։

Արտաշատի պայմանագիր խմբագրել

 
Տիգրան Մեծի ստեղծած Մեծ Հայքի աշխարհակալության մասնատումը՝ մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրից ի վեր։
     Մեծ Հայքի թագավորություն      Վիրք և Աղվանք      Հռոմեական հանրապետություն      Ծոփքի թագավորություն      Պարթևստան

Մ.թ.ա. 66 թվականի ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայքի թագավորություն։ Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և շարունակական և հյուծիչ պատերազմների հետևանքով։ Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Մեծ Հայքին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ։ Մեծ Հայքը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում՝ օրակարգային առաջնահերթություն տալով անկախությանն ու Մեծ Հայքի տարածքային ամբողջականությանը։

Մ․թ․ա․ 66 թվականի սեպտեմբերին Հրահատ Գ-ի ղեկավարած զորքերը մոտենում են Արտաշատին և ճամբար դնում քաղաքից ոչ հեռու։ Անմիջապես սկսվում են հայ-հռոմեական հաշտության բանակցությունները․ այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի, թեպետ վերջիններս այդ քայլով խախտում էին պարթևների հանդեպ իրենց պայմանագրային պարտավորությունները։ Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չեն տալիս և ընդհակառակը, նա հայտնվում է «խաղից դուրս» վիճակում։ Այսպիսով, երկարատև «պրոքսի» հակամարտությունից հետո կնքվում է հայ-հռոմեական հաշտության պայմանագիր, որով․

  • Մեծ Հայքը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից։ Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը, ինչպես նաև մյուս նվաճյալ տարածքները։
  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում առանձին պետություն։ Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո։
  • Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին։ Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից։
  • Մեծ Հայքը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։

Հայ-հռոմեական հաշտության հետևանքներ խմբագրել

Արտաշատի պայմանագրի կնքմամբ Մեծ Հայքի թագավորությունը պահպանում է իր լիակատար անկախությունը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները։ Պարթևները՝ դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Գնեոս Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևական տերության ուժեղացմանը, քանզի արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Հայքի «արքայից արքային»։ Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ էր Տիգրան Կրտսերը, քանզի նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով։ Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ նա ընդվզում է Պոմպեոսի դեմ և վիրավորում նրա արժանապատվությունը։ Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամ վերջինս ձերբակալվում է և ընտանիքի հետ գերեվարվում Հռոմ։ Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողանում է Պոմպեոսի միջամտությամբ մ.թ.ա. 64-ին Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը։ Պոմպեոսն անգամ ճանաչում է Տիգրան Մեծի արքայից արքա տիտղոսը։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Մեծ Հայքի համար հարաբերական խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին։ Երկիրը կարողանում է ոտքի կանգնել երկարատև պատերազմների և պաշարումների արդյունքում կրած զրկանքներից ու վերակառուցել ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, լարվածությունն անմասն չէր տարածաշրջանից, քանզի Հռոմեական հանրապետությունը դեռ իր պլաններն ուներ արևելքում։

Ավարտելով մ․թ․ա․ 92 թվականին Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունած Վիրքի և Աղվանքի թագավորությունների դեմ արշավանքը՝ մ.թ.ա. 65 թվականի ամռանը Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը հավաքում է ցրված ուժերը Հայաստանի տարածքում, որից հետո ետ քաշվում Փոքր Հայքի ուղղությամբ։ Դրանից հետո Պոմպեոսն իր առաջ խնդիր է դնում իր իշխանության տակ վերցնել Սելևկյանների արդեն գործնականում վերացած թագավորության տարածքները, ինչպես նաև այս կամ այն կերպ Հռոմեական հանրապետության գերիշխանությանը ենթարկեցնել իրենցից առանձնակի որևէ խոչընդոտ չներկայացնող թագավորություններին, որոնք տարածվում էին Հայքի արևմուտքում ու Ասորիքում և ձգվում էին մինչև Եգիպտոսի ու Պարթևստանի սահմանները։ Մ.թ.ա. 65 թվականի սեպտեմբերին Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը մտնում է Կոմմագենեի թագավորություն և ոչ այնքան համառ դիմադրության հանդիպելուց հետո վերջինիս ևս պարտադրում Հռոմի «դաշնակից և բարեկամ» սին կարգավիճակը։ Հաջորդը Հայոց Միջագետքի թագավորությունն էր, որն ևս կիսում է Կոմմագենեին պատուհասած ճակատագիրը։

Կորդուքի պատկանելիության շուրջ հայ-պարթևական բախում խմբագրել

Գրեթե միաժամանակ, երբ Պոմպեոսը պատրաստվում էր ներխուժել Ասորիք, պատերազմական գործողությունները վերսկսվում են նաև Մեծ Հայքի և Պարթևստանի միջև։ Պարթևաց արքա Հրահատ Գ-ն, դիվանագիտական միջոցառումներով ձգտելով ապահովել հռոմեացիների աջակցությունը, իր բանակը մտցնում է Կորճայք նահանգ՝ զավթելով Հայաստանի հարավային դարպասը հանդիսացող Կորդուք գավառն ու Տմորիքը։ Սակայն համապատասխան գործողությունների է գնում նաև Տիգրան Մեծը և հռոմեական լեգեոնների զինակցությամբ դուրս շպրտում Հայքի սահմաններն ասպատակած պարթևական հրոսակներին։ Այս իրադարձությունների ժամանակ հռոմեական բանակը գլխավորում էր Պոմպեոսի մերձավոր զինակից Լուցիոս Աֆրանիոսը, իսկ նրա օգնականն էլ Ավլոս Գաբինիոսն էր։

Ամրանալով Մեծ Հայքի թագավորության արևմտյան տարածքներում և Հյուսիսային Ասորիքում՝ մ.թ.ա. 64 թվականի սկզբին Պոմպեոսի գլխավորած հռոմեական բանակը հարավից ներխուժում է Ասորիք և առանց լուրջ դիմադրության վերջնականապես վերացնում Սելևկյանների թագավորությունը՝ վերջինիս տիրույթների մնացորդներն ընդգրկելով Հռոմեական հանրապետության կազմի մեջ։ Հընթացս պատերազմական գործողությունները շարունակվում էին նաև Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև։ Այս իրադարձությունների մանրամասները մեզ որևէ կերպ հայտնի չեն և հայտնի է միայն, որ հաջողությունն եղել է սկզբում հայերի, իսկ հետո՝ պարթևների, կողմում, թեև վերջնականապես ամրագրել ձեռք բերածը պարթևական կողմն այդպես էլ ի վիճակի չի լինում ու արդյունքում Հրահատ Գ-ն աջակցության համար ստիպված է լինում կրկին անգամ դիմել Գնեոս Պոմպեոսին։

Լեգեոնների օժանդակությունն է խնդրում նաև Տիգրանը, սակայն Պոմպեոսը խուսափողական դիրք է գրավում և որևէ կերպ չի միջամտում երկու թագավորությունների միջև զարգացող հակամարտությանը։ Հայոց պատմահայր Մովսես Խորենացին մ․թ․ա․ 57 թվականին հերթական անգամ հիշատակում է Տիգրան Մեծին՝ հետագա իրադարձությունների նկարագրության նպատակով։ Մասնավորապես «Պատմություն հայոց»-ում ասվում է․

  Իսկ Տիգրանը գերի հրեաներին տեղավորելով Արմավիրում և Վարդգեսի ավանում, որ գտնվում է Քասախ գետի վրա, ելուզակներին լեռներից բնաջինջ անելով և Միհրդատի սուգը կատարելով՝ այնուհետև շարժվում գնում է Ասորիք, հռոմեացիների զորքերի վրա՝ վրեժ առնելու
- Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»
 

Մ.թ.ա. 55 թվականին զառամյալ Տիգրան Արտաշեսյանը, գործելով ամենայն եռանդով և ուշադրություն չդարձնելով մինչ այդ Հռոմի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին, ակտիվ արտաքին-քաղաքական ու ռազմական միջոցառումներով պաշտպանում է իր երկրի շահերը, ընդ որում բանը հասնում է նույնիսկ նրան, որ Հռոմը ինքն է խուսափում Հայոց թագավորության հետ առճակատվելուց։ Արքայից արքան մահանում է մ․թ․ա․ 55 թվականին Տիգրանակերտում։ Ամենայն հավանականությամբ վերջինիս մահը պարզապես պայմանավորված է եղել վերջինիս տարիքով։

Տիգրանյան աշխարհակալ տերություն խմբագրել

Պետական կարգ խմբագրել

 

Տիգրան Մեծը բացի իր ռազմական հաջողություններից, հայոց պատմության մեջ նշանավորվել է նաև որպես պետականակերտ գործիչ և հմուտ դիվանագետ։ Իր աշխարհակալական նվաճումներից հետո, նա ձեռնամուխ է լինում ամուր և կենտրոնացված պետական համակարգի ստեղծմանը, որը բեկումնային նշանակություն է ունենում Մեծ Հայքի համար և իր կիրառական նշանակությունը պահպանում հարյուրավոր տարիներ՝ ընդհուպ մինչև Արշակունյաց թագավորության անկումը (5-րդ դար)։ Մեծ Հայքի Տիգրանյան թագավորությունը հելլենիստական տիպի բացարձակ միապետություն էր, որտեղ անսահմանափակ իրավունքներ և բացառիկ հնարավորություններ ուներ միապետը։ Երկրի կառավարման համակարգում իր ուրույն դերն ուներ բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ աշխարհաժողովը։ Աշխարհաժողովում քննարկվում էին համապետական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր, մշակվում և հաստատվում են ընդհանուր, համապարտադիր կանոններ և ընթացակարգեր։ Բացառիկ դեպքերում կարող էր գումարվել նաև արտակարգ աշխարհաժողով՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների կապակցությամբ։

Աշխարհաժողովին մասնակցում էին բդեշխները, նախարարները, հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն նաև շինականներն ու ռամիկները։ Հոգևոր իշխանությունը պատկանում էր Մեծ Հայքի գերագույն քրմին, որը հանդիսանում էր նաև երկրի գերագույն դատավորը։ Հայոց թագավորության քուրմը հոգևոր ծիսակարգերից և արդարադատությունից բացի ստանձնում էր նաև կրթական գործի քարոզչության և կազմակերպման գործը։ Թագավորը երկիրը կառավարում էր արքունի գործակալությունների միջոցով, որոնք պատասխանատու էին երկրի ներքին կյանքի տարբեր ոլորտների համար։ Տիգրան Մեծի համակարգում գործող գործակալություններն էին հազարապետությունը, մարդպետությունը, թագադիր ասպետությունը, սպարապետությունը, մաղխազությունը և այլն։ Արքան նշանակում էր նաև քաղաքների կառավարիչներ, մատռվակապետ և սուրհանդակապետ։

Տիգրան Մեծը բավականին զիջումնային միջոցառումներ էր իրականացնում նվաճված երկրները կառավարելու համար։ Գրավյալ տարածքներն ունեին ներքին ինքնավարություն (ինչի մասին վկայում է «ազատ քաղաքների» ինստիտուտի կիրառելիությունը) և սեփական դրամը հատելու իրավունք։ Եթե նվաճյալ երկրի արքան ճանաչում էր Տիգրանի գերիշխանությունը՝ շարունակում էր գահակալել, իսկ հակառակ դեպքում՝ գահընկեց լինում և նույնիսկ որոշ դեպքերում՝ դատապարտվում մահվան։ Այսպիսով, Հայքի «արքայից արքան» ստիպված է լինում Ծոփքում գահակալ նշանակել Մերուժանին, Ասորիքում՝ Բագադատեսին, իսկ Հյուսիսային Միջագետքում՝ իր եղբորը՝ Արտաշեսյանների թագավորական տոհմից սերվող Գուրասին։

Բանակ խմբագրել

 
Տիգրան Մեծի բանակում կռվող հայ նետաձիգներ։ Ձախից՝ մանգաղով զինված հետևակ, աջից՝ եռաթև նետաձիգ։

Մեծ Հայքի թագավորության վերելքի առջև առկախ գերակա խնդիրը անվտանգության հիմնահարցն էր։ Տիգրանյան Հայքի պետական համակարգում իր ուրույն դերն ու նշանակությունն ուներ բանակը, որով Հայոց թագավորությունը դիմագրավում էր արտաքին մարտահրավերներին և կարողանում իր ազդեցությունը սփռել տարածաշրջանում։ Տիգրան Մեծն իր պապից՝ Արտաշես Բարեպաշտից արդեն իսկ ժառանգել էր կայուն և մարտունակ բանակ, որը բաժանված էր չորս կողմնապահ զորավարությունների։ Տիգրան Մեծը գահին բազմելուն պես ձեռնամուխ է լինում նոր ռազմական բարեփոխումների անցկացմանը, որոնց արդյունքում էլ Արտաշեսյանների թագավորության զինված ուժերի զինվորները համալրվում են նոր տեսակի զենքերով, բարձրանում է մարտունակությունը, իսկ բանակի թվաքանակը մեծանում է։

Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակը կոչվում էր զորանամակ։ Ըստ զորանամակի՝ Տիգրան Մեծը միայն բուկ հայկական հողերի ռազմական ներուժի շնորհիվ մարտադաշտ է դուրս բերել շուրջ 120 հազար զինվոր։ Աշխարհակալական նվաճումներից հետո Տիգրանի բանակի թվակազմն ավելացել է՝ ի շնորհս Տիգրանին հավատարմության երդում տված նվաճյալ տարածքների ենթակա թագավորների տրամադրած զորաբանակների։ Հայ-հռոմեական պատերազմների ժամանակահատվածում Արածանիի ճակատամարտի կապակցությամբ Լուկուլլոսի՝ Սենատին ուղարկած զեկույցից պարզ է դառնում, որ Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ Այս թիվը հիշատակել են նաև հունահռոմեական հեղինակները, ովքեր նշում են նաև հայոց զորատեսակների անվանումները։ Տարբեր աղբյուրներ հավաստում են, որ Տիգրանյան բանակի գլխավոր հարվածային ուժը եղել է ծանր հեծելազորը՝ փառապանծ հայոց այրուձին, որը ահ ու սարսափ էր ներշնչում բազմաթիվ հակառակորդների շրջանում։ Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը գրում է հետևյալը․

  Հիրավի, նա ուներ քսան հազար պարսավորներ և աղեղնավոր, հիսունհինգ հազար այրուձի, որից տասնյոթ հազարը զրահավորված էին, հարյուր հինգ հազար ծանրազեն հետևազոր՝ տարբեր թվաքանակ ունեցող զորատեսակներում դասավորված։ Այս ամենին գումարան երեսունհինգ հազար սակրավորներ, որոնք զբաղված էին ճանապարհներ անցկացնելով, կամուրջներ կառուցելով, գետեր մաքրելով, փայտահատությամբ և այլ կարգի աշխատանքներով, որոնց դասավորեցին զրնվորների շարքերի հետևում՝ բանակին տալով ավելի ազդեցիկ տեսք և, միաժամանակ, ավելացնելով նրա հզորությունը
- Պլուտարքոս, 1-2-րդ դարերի հռոմեացի պատմիչ
 

Տիգրան Մեծի քաղաքաշինական գործունեություն խմբագրել

Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրում խմբագրել

Տիգրան Մեծի հիմնադրած քաղաքներն Աղձնիքում (մայրաքաղաք) և Արցախում (հայոց արևելից կողմանք)
Աղձնյաց աշխարհի Տիգրանակերտ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Դիարբեքիրի ամրոցը (վերակառուցված 17-18-րդ դարերում), ներկայիս Թուրքիա

Նվաճումների արդյունքում Մեծ Հայքի թագավորության սահմանները մի քանի անգամ կրկնապատկվում են, իսկ Արտաշես Բարեպաշտի հիմնադրած մայրաքաղաքը՝ վեհատեսիլ Արտաշատը, գտնվելով Հայաստանի հյուսիսում, չէր կարող քաղաքամայր ծառայել ամբողջ տիրակալության համար։ Այսպիսով, Սելևկյան գահի նվաճումից հետո Տիգրանը թագավորանիստ-ոստանը մ․թ․ա․ 83 թվականին տեղափոխում է Անտիոք։ Արդյունքում հայոց մայրաքաղաքը հայտնվում է բուն հայկական հողերից դուրս։ Աշխարհաքաղաքական նման պայմաններում սա ձեռնտու քայլ էր Տիգրանի համար, քանի որ այս կերպ վերջինս շահում էր Ասորիքի ավագանու վստահությունը։ Այնուամենայնիվ, Տիգրանը հակված էր այն համոզմունքին, որ Հայոց աշխարհակալության մայրաքաղաքը պետք է լինի միայն և միայն Մեծ Հայքում։ Այսպիսով, մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արտաշեսյանների տոհմից Տիգրանը՝ հայոց գահի օրինական ժառանգորդը, ձեռնամուխ է լինում նոր մայրաքաղաքի հիմնադրմանը։ Որպես հայոց ոստանի տեղանք ընտրվում է Աղձնյաց աշխարհում տեղակայված այն վայրը, որտեղ էլ տասնամյակ առաջ թագադրվել էր արքայական թագով։ Այսպիսով, Տիգրան արքայի կողմից մ․թ․ա․ 95 թվականին կայացրած այդ հեռատեսական որոշումը պարզորոշ է դառնում տասնյակ տարիներ անց, քանզի Պարթևստանում պատանդ լինելու տարիներին Տիրան արքայի որդին՝ հայոց արքայազնը, արդեն իսկ կանխորոշել էր իր տերության տրամաբանական սահմաններն ու ընդարձակությունը։ Այպիսով, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության նոր մայրաքաղաքը և գտնվում էր հայկական հողերում և կենտրոնական դիրք էր գրավում տիրակալությունում։

Քաղաքին մեծ ակնածանքով էին վերաբերվում հատկապես օտարերկրացիները․ հունահռոմեական հեղինակները հիացմունքով են նկարագրել հայոց ոստանի շքեղությունը, ինչպես նաև գովաբանել նորահռչակ մայրաքաղաքի շենացմանն ուղղված հայ բնակչության անկասելի ջանքերը։

  Տիգրանակերտը լի էր գանձերով, շքեղ կառուցներով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի, միմյանց հետ մրցում էին քաղաքի շինության և ընդարձակման համար։
- Պլուտարքոս, 1-2-րդ դարի հույն պատմիչ
 

Հույն պատմիչ Ապպիանոս Ալեքսանդրիացին հավաստում է, որ քաղաքը եղել է թվով 50 կանգուն, այսինքն՝ 25 մետր պարիսպներով շրջապատված, և ունեցել է միջնաբերդ (ինչպես և հելլենիստական ժամանակաշրջանում կառուցված քաղաքների մեծ մասը)։ Տիգրանակերտը կարճ ժամանակամիջոցում վերածվում է Արևելքի կենտրոններից մեկի, որն աչքի էր ընկնում հատկապես առևտրի, արհեստագործության և մշակութային կյանքի աշխուժությամբ։ Պլուտարքոսը հավաստում է, որ Տիգրանակերտն ունեցել է վեհաշուք թատրոն։

Այլ բնակավայրերի հիմնում խմբագրել

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներ, ճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին։

Բազմաթիվ պատմիչներ վկայում են այն մասին, որ Տիգրան Մեծը, ինչպես և հնագույն աշխարհի մյուս բոլոր աշխարհակալ տիրակալները, փորձել է իրենց անունն անմահացնել քաղաքներ հիմնադրելու շնորհիվ։ Բացի Աղձնյաց աշխարհում գտնվող հայոց վսեմաշուք քաղաքամայր-ոստանից, Տիգրան Արտաշեսյանը իր անունով քաղաքներ հիմնադրում է նաև Մեծ Հայքի մյուս նահանգներում։ Մասնավորապես մեզ հայտնի են «Տիգրանակերտ» անունը կրող քաղաքներ Հյուսիսային Միջագետքում (Հայոց Միջագետք)՝ Թել-Արմանի հնավայրի տեղում, Ասորիքի հյուսիսում՝ Զևգմայի մոտ, Ուտիքում (Գարդմանում) և Արցախում։ Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։

Եվս երկու քաղաք Տիգրան Բ-ն հիմնադրել է Մարաստանում և Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածքում)՝ այն կոչելով «Տիգրանավան»։ Նորաստեղծ քաղաքները և Հայքի մյուս քաղաքները բնակեցնելու համար հայոց գահակալը բռնագաղթեցնում է նվաճված տարածքների բնակչության մի մասին․ միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300, իսկ Կիլիկիայի միջերկրածովյան 12 քաղաքներից՝ 100 հազար մարդ։

Տիգրանյան ժամանակաշրջանի մշակույթ խմբագրել

Տիգրան Մեծի օրոք Հայաստանի մշակութային վերելք է ապրում։ Հայերը, որ այս շրջանում հունահռոմեական հեղինակների կողմից կոչվում էին «Ասիայի եվրոպացիներ», սկսում են ընդունել արևմտյան քաղաքակիրթ արժեհամակարգերը՝ ձևավորելով ինքնատիպ և յուրօրինակ մշակույթ։ Տիգրան Մեծի օրոք հայ մշակույթն առավել առնչակից էր հունահռոմեական քաղաքակրթությանը։ Հայոց «արքայից արքան» դեռևս հորեղբոր՝ Արտավազդ Ա-ի արքունիքում ստացել էր հելլենիստական կրթություն և տիրապետում էր հունարեն լեզվին։ Այսպիսով, այս ժամանակահատվածում հայկական քաղաքակրթությունը սկսում է մերձենալ հունականի հետ՝ ձևավորելով նոր տեսակի, սակայն և ինքնատիպ մշակույթ։

Հայկական աստվածությունների հունականացում խմբագրել

 
Տիգրան(չաշխատող հղում) Մեծի ազգակից, Հայկազուն-Երվանդականներից սերվող Կամախի արքա Անտիոքոս Ա Կոմմագենացու կողմից Նեմրությում կառուցված հայ հեթանոս աստվածների պանթեոնը։

Տիգրան Մեծի կառավարման ընթացքում հայ հեթանոսական դիցարանի աստվածների պաշտամունքի մասին որոշակի տեղեկատվություն են հաղորդում գրավոր սկզբնաղբյուրները, որոնք մեծապես հեղինակել է հայոց պատմահայր Մովսես Խորենացին՝ իր «Պատմություն Հայոց» մատենագրական երկում։ Բացի այդ, հավատալիքների մասին պատկերացումներ կարելի է կազմել նաև Նեմրութ լեռան ստորոտին տեղակայված հայ հեթանոս աստվածների պանթեոնի հետազոտությունների արդյունքում[33]։ Նեմրության սրբատեղին կառուցել է հայոց Հայկազուն-Երվանդականների ազնվականական տոհմից սերվող Անտիոքոս Ա Կոմմագենացի արքան, որը հավատարմության երդում էր տվել «արքայից արքային» և կրում էր այսպես ասած «Տիգրանյան թագը»։

Հայկական դիցարանի գլուխ կանգնած էր հայր աստված Արամազդը՝ երկնքի ու երկրի արարիչը, որին հաջորդում էր մայր դիցուհի Անահիտը, ապա քաջության աստված «վիշապաքաղ» Վահագնը և Արեգ-Միհրը։ Հելլենիստական ժամանակահատվածում հունական քաղաքակրթության ազդեցությունը կրող տարածաշրջաններում սովորական երևույթ էր, երբ տեղական աստվածությունները և հավատալիքները համապատասխանեցվում էին հին հունական դիցարանի հետ։ Այդօրինակ համակցման արդյունքում էլ հելլենիստական Մեծ Հայքում Արամազդը նույնացվում էր հույների գերագույն աստված, շանթարձակ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, իմաստության և ողջախոհության աստվածուհի Նանեն՝ Աթենաս Պալլասի, Վահագնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Միհրը՝ Հելիոսի, իսկ դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստված Տիրը՝ լուսնածին Ապոլլոնի հետ[34]։ Այնուամենայնիվ, հայկական հավատալիքներին համակցված օտար աստվածություններին պաշտամունքը ոչ մի կերպ տեղ չի գտնում հայ հասարակայնության լայն շրջանակներում և ոչ ֆորմալ կերպով (նաև քաղաքական նկատառումներից ելնելով) ընդունվում են միայն բարձր վերնախավի՝ ավագանու, արքունիքի և ազնվականության շրջանում։

Գրավոր մշակույթ խմբագրել

Հնագույն աղբյուրները հավաստում են այն մասին, որ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունում լայնորեն տարածված է եղել հունական գիրն ու գրականությունը։ Հունարենով են ստեղծագործել և պատմական դեպքերն ու իրադարձությունները գրի առել ժամանակաշրջանի առաջադեմ մարդիկ։ Հունարենը տարածված է եղել հասարակության ավելի ստորին օղակի մի ստվար զանգվածի շրջանում ևս։ Մովսես Խորենացին հավաստում է, որ արքայազն Տիգրանը՝ ապագա «արքայից արքան», դեռևս պատանեկան տարիքում ստացել է հելլենիստական կրթություն և փայլուն տիրապետել է հունարենին։ Հայտնի է, որ Տիգրանի որդին՝ ապագա արքա Արտավազդը, հունարենով գրել է ճառեր, բանաստեղծություններ և ողբերգություններ։ Տիգրան Մեծի պատվերով Հայքի արքունիքում է ստեղծագործել հին հույն հռետոր Մետրոդորոս Սկեպսացին, ով բացի արքունական գրագրության գործերի, ծառայել է նաև որպես խորհրդական և դեսպան։ Հայոց պատմության մեջ Մետրոդորոս Սկեպսացին բացառապես հայտնի է անտիկ հեղինակների մոտ հիշատակվող տեղեկություններով, «արքայից արքայի» հետ ունեցած շփումներով հետ, ինչպես նաև հիշատակմամբ, որ վերջինս հեղինակել է անհետ կորած «Տիգրանի պատմությունը» գիրքը[35]։ Նրա կյանքի ու կենսագործունեության մասին մնացել են շատ սուղ ու ոչ միանշանակ հիշատակումներ անտիկ շրջանի այլ կենսագիրների ու պատմաբանների մոտ, ինչպես օրինակ Պլուտարքոսի, Ստրաբոնի, Պուբլիուս Օվիդիուս Նասոի, ինչպես նաև այլ հեղինակների մոտ։

Հռոմեացի հեղինակները սակայն Մետրոդորոսի մահվան մեջ մեղադրել են Տիգրան Բ-ին։ Մասնավորապես, Պլուտարքոսը գրել է․

  Տիգրանը այս պատմեց Միհրադատին և մեղադրեց նրան, չմտածելով, որ դրանով վտանգում է Մետրոդորոսին։ Եվ սա իսկույն ևեթ սպանվեց... Տիգրանը զղջաց, բայց մտածեց, որ ինքը չէ Մետրոդորոսի դժբախտության միակ պատճառը, քանզի այդ բանի խթան է հանդիսացել նաև Միհրդատի ատելությունը նրա նկատմամբ... սրա դիակը Տիգրանը մեծ շուքով թաղել տվեց, նա ոչ մի ծախս չխնայեց մեռածի համար, որին կենդանության ժամանակ ինքը մատնել էր։
- Պլուտարքոս, հռոմեացի պատմիչ
 

Ամենայն հավանականությամբ Տիգրան Մեծի արքունիքում է ստեղծագործել նաև Ամֆիկրատես Աթենացին, ում «Մեծ մարդկանց մասին» պատմակենսագրական աշխատության գլուխներից մեկը նվիրված է եղել Արտաշեսյան հայոց հզորագույն գահակալին։

Թատրոն, ճարտարապետություն և քանդակագործություն խմբագրել

Պլուտարքոսը՝ հին հայկական թատրոնի մասին

Հայքի Տիգրան արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի (Ասորիքի) հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում․․․ Տեղեկանալով, որ քաղաքում կային մեծ թվով դերասաններ, որոնց Տիգրանը ամեն կողմից հրավիրել էր իր կառուցած թատրոնի հանդիսավոր բացմանը, Լուկուլլոսն օգտագործեց նրանց՝ ի պատիվ իր հաղթանակի կազմակերպված խաղերում և հանդիսություններում։

Մ․թ․ա․ 1-ին դարում՝ հելլենիզմի ծաղկման շրջանում, Մեծ Հայքում վերելք է ապրում թատերական արվեստը։ Հայաստան են գալիս բազմաթիվ դերասաններ աշխարհի տարբեր ծեգերից՝ Հունաստանից, Մակեդոնիայից, Կոմմագենեից, Եգիպտոսից և Ասորիքից։ Տիգրանյան Հայքում թատրոնների և թատերական արվեստի զարգացման և տարածվածության մասին վկայում են հռոմեական մատենագրությունները, մասնավորապես՝ Պլուտարքոսի վկայությունները Հին Հայաստանի մշակույթի կապակցությամբ։ Ըստ Պլուտարքոսի՝ թատրոններ եղել են Արտաշատում և Տիգրանակերտում[36]։

Տիգրան Մեծի օրոք հինաշխարհյան շրջանում իր շքեղության գագաթնակետին է հասել հայկական ճարտարապետությունը։ Մեծ քանակությամբ կենցաղամշակութային նմուշներ են հայտնաբերվել Տիգրան Բ-ի ժամանակաշրջանի հնագիտական հուշարձաններից՝ Արտաշատից, Գառնուց, Սիսիանից, Արցախից և այլն։ Հռոմեացի պատմիչները վկայում են հայոց քաղաքամայր-ոստանների շքեղության և լիության մասին։

Հայաստանում հելլենիստական դարաշրջանի պերճանքի առարկաները տարբեր կերպ են բնութագրվել պատմագիրների աչքերով։ Խորենացին վկայում է, թե Տիգրանի օրոք ոսկյա ու արծաթյա իրերն ու զարդերը, պատվական քարերը, գույնզգույն զգեստները կանանց ու տղամարդկանց համար հավասարապես բազմացել էին, որոնց շնորհիվ «...տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն էլ այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանվում»։ Ըստ Ապպիանոսի, երբ հռոմեացիք հաղթում են, ճակատամարտում ընկած Հայքի պահապան զինվորների վրա հայտնաբերվում են ապարանջաններ ու վզնոցներ, բայց զորավարը արգելում է դրանց կողոպտումը։

Հունականության շրջանում մեծ ծավալների է հասնում հայ աստվածների համար նոր տաճարների և կուռքերի կառուցումը։ Մատենագրական կցկտուր վկայությունների հիման վրա, մեհենական այդ կառուցվածքներից մեզ հայտնի են Արմավիրի Արեգակի, Լուսնի և թագավորի նախնիների պաշտամունքին նվիրված տաճարը, Անի-Կամախի Արամազդի պաշտամունքին նվիրված տաճարը (որի կառուցումը վերագրվում է Տիգրան Բ-ին), Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անահիտի մեծահռչակ տաճարը, Աշտիշատի Անահիտի, Աստղիկի և Վահագնի տաճարների խումբը, Արտաշատի և Անձևացյաց երկրի Դարբնացքարի Անահիտի տաճարները, Դերջան գավառի Բագահառիճ գյուղի Միհրի տաճարը, Եկեղյաց գավառի Բիլավանում կառուցված Նանեի տաճարը, Դարանաղյաց գավառի Հորդան գյուղի Բարշամինի տաճարը, Երազամույն ավանի Տիր տաճարը, Տարոնի Քարքե լեռան տաճարները, Բադրևանդի Բագավան կամ Դիցավանավանի տաճարը, Բագարանի տաճարների խումբը և այլն։

Տիգրան Մեծի մետաղադրամներ խմբագրել

Տիգրան Մեծի մետաղադրամներից
(հայտնաբերվել են հնագիտական պեղումների արդյունքում)
 
Տիգրան Մեծի արքայական մետաղադրամները՝ հատված Դամասկոսի դրամահատարանում
 
Տիգրան Մեծի արքայական մետաղադրամները՝ հատված Արտաշատի դրամահատարանում

Տիգրան Մեծի իշխանության տարիներին ընդլայնվում է հայկական դրամների շրջանառության ոլորտը։ Նրանք ընդունվել են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի միջազգային գործարքներում։ Դրանք թողարկվում էին ինչպես Հայաստանում, այնպես էլ (Տիգրանի աշխարհակալության տարիներին) Ասորիքում։ Հայաստանում նրա փողերանոցները գործում էին Տիգրանակերտում և Արտաշատում, իսկ Ասորիքում՝ վաճառաշահ Անտիոքում (Օրոնտես գետի վրա) և ավելի հարավ՝ Դամասկոսում։ Իրենց կշռային չափերով, Տիգրան Մեծի դրամները սկզբունքայնորեն պահպանում էին աթենական համակարգային սկզբունքները[37]։ Տարածված էին առավելապես նրա արծաթյա դրախմանոցները (մեկդրամյան) և տետրադրախմանոցները (չորեքդրամյան), իսկ ներքին մանր առ ու ծախի համար՝ պղնձյա մեկ, կես և քառորդ միավորները։ Մետաղադրամների մեծ մասի վրա պատկերված էր Տիգրանի կիսանդրին՝ Արտաշեսյանների վսեմաշուք արքայական թագով Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։

Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին արքունական ծիսակատարություններ, պաշտամունքային խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը՝ բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։

Տիգրանյան դրամները մեզ են հասել հունարեն խորագրերով և մակագրություններով։ Խորագրերի առաջին ձևն առավել բնորոշ է եղել Ասորիքի քաղաքներում թողարկված դրամների համար։ Ավագն Անտիոքում նման տետրադրախմեներ դրվագվել են մ.թ.ա. 83-78 թվականներին, իսկ Դամասկոսում՝ 72-69 թվականներին, ընդ որում դամասկոսյան դրամների վրա նշվում էին նաև նրանց թողարկման տարեթվերը՝ ըստ Սելևկյան տոմարի։ Բուն Հայաստանում, հավանաբար՝ Արտաշատում, թողարկված՝ Տիգրան Մեծի արծաթյա դրամները իրենց վրա կրում էին առավելապես արքայից արքա մակագրությունը։ Այդպիսիները պահպանվել են մ.թ.ա. 77-73 թվականներից[38]։

Տիգրան Մեծի օրոք հայկական դրամների պատկերատիպը լրացվում էր նաև փողերանոցներին և նրանց կառավարիչներին վերաբերող մենագրերով։

Տիգրանի կերպարը սերունդների հիշողությունում խմբագրել

 
Տիգրան Մեծի հուշարձանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ համանուն այգու տարածքում

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։ Տիգրանի ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»[39]։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»[40]։ Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը[41], Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման[42], Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման[43], Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպը[44] և այլն։ Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա[45], որոնք բեմադրվել են Եվրոպայի ամենաքաղաքակիրթ քաղաքների թատրոններում՝ Թուրինում, Վենետիկում, Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում և այլուր։

Հայաստանում արքայի պատվին անվանակոչված է Երևանի քաղաքային նշանակության փողոցներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան[46], որը սկվում է Հանրապետության հրապարակից և ավարտվում Սասունցի Դավթի հրապարակում։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանվել է «Տիգրան Մեծի պատվո շքանշան»[47]։ «Արքայից արքայի» քարակերտ արձաններ տեղադրվել են ինչպես մայրաքաղաք Երևանում[48] (այդ թվում՝ նախագահական նստավայրի դիմաց), այնպես էլ Վաղարշապատում և Արտաշատում։ 2016 թվականին նկարահանվել է "Հին Արքաներ" պատմական և գեղարվեստական հեռուստասերիալը,որը պատմում է Տիգրան Մեծի գահակալման մասին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Արմենիայի մեծագույն մասի տիրակալը». Տիգրան Դանիելյան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  2. «Արտաշես Բարեպաշտ // historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  3. «Ծովից ծով Հայաստան». Մհեր Բեժանյանի բլոգ (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  4. «Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  5. «Տիգրան II Մեծ՝ Հայաստանի թագավոր». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլալեզու հանդես). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Հովհաննիսյան Պ. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
  7. Արտակ Մովսիսյան (2010). Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը («Նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա ու մնալ բարեպաշտ»). Երևան, Հայաստան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 10–11, ենթավերնագիր՝ «Արքայազն Տիգրանը». ISBN 978-5-8084-1307-8. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 «Տիգրան Մեծ (վաղ տարիներ)». e-Sim.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  9. «Աշխարհակալ Տիգրան». Սերգեյ Հայրիյան (անգլերեն). 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  10. «Տիգրան II-ի գահակալությունը։ Հայաստանը աշխարհակալ տերություն։ | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  11. «Մագնեսիայի ճակատամարտ // Հունաստան, մ․թ․ա․ 190 թվական». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  12. «Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը». www.findarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  13. Թ.Խ. Հակոբյան (1987)։ Պատմական Հայաստանի քաղաքները։ Երևան։ «Հայաստան», էջ 160-161
  14. «Հայոց պատմություն․ «Արմենիայի տիրակալը՝ Տիգրան Մեծ», դաշինք Պոնտոսի հույն արքայի՝ Միհրդատի հետ». www.atb.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  15. «Տիգրան Մեծ, Մեծ Հայքի արքա». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  16. Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.
  17. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
  18. Հակոբյան, Մհեր. Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն).
  19. «Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը». www.the-persians.co.uk. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը
  21. «Տիգրան II – «Իրանիկա» հանրագիտարան». www.iranicaonline.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  22. 22,0 22,1 «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 29-32, - Տիգրան Մեծը Սելևկյան գահին
  23. «ԶՈՐԱՎԱՐ։ ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ». «զորավար». Տիգրանի դաշնակցությունը Կիլիկիայի ծովահենների դեմ. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  24. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 32-33, - Կիլիկիան՝ Տիգրանյան տերության կազմում
  25. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 34, - Ազատություն ստացած երկրների ու քաղաքների երախտագիտությունը
  26. N. G. Garsoïan, “The Early-Medieval Armenian City - An Alien Element?” in Ancient Studies in Memory of Elias J. Bickerman (= JNES16-17, 1984-85), 1987, pp. 67-83; repr. in Garsoïan, 1999, sec. vii
  27. M. Nogaret, “Quelques problèmes archéologiques et topographiques dans la region de Maiyāfārikīn,” REArm., N.S. 18, 1984, pp. 411-33.
  28. «Արտավազդ Բ». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  29. 29,0 29,1 «Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia». About History (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  30. Гороховская, Элеонора. «Все это - в Израиле: "Армянский список"». Все это - в Израиле. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  31. Ованес Драсханакертци «История Армении» глава IV. О царствовании Валаршака Парфянина, благоустроениях его, его преемниках до благородного Тиграна II
  32. «Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  33. «Հելլենիստական մշակույթը Հայաստանում».
  34. vahagnakanch (2011 թ․ մարտի 12). «Հայ Աստվածներ». ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  35. Strabo, Geography, Bk. XIII, Ch.1, 55 (English translation in edition ed. by H.C. Hamilton, Esq., W. Falconer, M.A.) Strabo is an important source for information on Metrodorus, as he was a near-contemporary (writing approximately 70 years after the time of Metrodorus) and a native of Amasya, the old capitol of the Pontic kings.
  36. «Ինչպիսինն էր թատրոնը Հին Հայաստանում, և ովքեր էին այն ընդունում - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  37. P. Gardner, The Seleacld Kings of Syria, A Catalogue of the Greek Coins in the British Museum, Bologna,1963,էջ 103-105
  38. G. Macdonald, Catalogue of Greek Coins in the Hunterian collection University of Glasgow,vol.III, Glasgow,1905,1905 ջէ 1-5
  39. ««Մեծագույն թագավոր, որ տիրում էր մեծ փառքով»». www.encyclopedia.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  40. «Տիգրան Մեծը ժողովրդի հիշողության մեջ».
  41. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ ԵՐԵՎՈՒՅԹԸ (Չուշացող գրախոսություն Սամվել Մուրադյանի հետազոտության առթիվ) / Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ | Գրական Թերթ». Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  42. Հակոբյան, Newinfo-Կարապետ (2019 թ․ մարտի 9). «Այսօր Խաչիկ Դաշտենցի հիշատակի օրն է». Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  43. «ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ – 75 | Գրական Թերթ». Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  44. «ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ - Հայկ Խաչատրյան - ABCD.AM». www.abcd.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  45. «Տիգրան Մեծը և եվրոպական օպերան Հայոց արքան եվրոպական մշակույթում».
  46. «Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցներ» (PDF).
  47. «Հայաստանի Հանրապետության շքանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  48. «Հուշարձաններ Երևան քաղաքում». www.myyerevan.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Ադոնց Ն․, Տիգրան Մեծ․ Ուսումնասիրություններ, Եր․, 2010
  • Առաքելյան Բ․, Հին Արտաշատ, Եր․, 1975
  • Ասորեստան Հ․Յ․, Քաղաքական վերաբերութիւններ ըմդմէջ Հայաստանի և Հռովմայ 190-էն ն․Ք․ մինչև 428 յ․Ք․, Վենետիկ, 1912
  • Զարյան Ա․, Ակնարկներ հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինության պատմության, Եր․, 1966
  • Էլչիբեկյան Ժ․, Հայաստանը և Սելևկյանները, Եր․, 1979
  • Էքհարդ Կ․, Տիգրան Բ և Հայ-լուկուլլեան պատերազմներ (աշխատասիրեց Հ․ Գարեգին Գարանֆիլեան), Վիեննա, Ավստրիա, 1926
  • Լեո, Երկերի ժողովածու, հատոր I, Եր․, 1966
  • Կրկյաշարյան Ս․, Հին Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքների պատմության դրվագներ, Երևան, 1970
  • Կրկյաշարյան Ս․, Հին Հայաստանի պետական կառուցվածքը (մ․թ․ա․ VI-մ․թ․ա IV դդ․), Երևան, 2005
  • Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր I, Երևան, 2007
  • Հայ ժողովրդի պատմություն, հատոր I (ԳԱ հրատարակ․), Եր․, 1971
  • Հարությունյան Բ․Հ․, Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղագրության հարցի շուրջ, «Հայկազեան Հայագիտական Հանդէս», 1944 ԺԴ
  • Հրանդ Ք, Արմէն, Մեծն Տիգրան, Գահիրե, 1957
  • Մանանդյան Հ․, Տիգրան Երկրորդը և Հռոմը, Եր․, 1940
  • Մանասերյան Ռ.Լ., Տիգրան Բ Մեծ-Հայկական սովետական հանրագիտարան, հ.11
  • Մանասերյան Ռ․Լ․, Սպարտակի մոտ ժամանած հեծելազորի հարցի շուրջ (Հատված՝ Սպարտակի հետ Տիգրան Մեծի ռազմական կապերի վերաբերյալ) «պատմաբանասիրական հանդես», այսուհետ՝ ՊԲՀ, 2004, 3
  • Մանասերյան Ռ․Լ․, Տիգրան Մեծ։
  • Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», Եր․, 1981
  • Մուշեղյան Խ․, Դրամական շրջանառությունը Հայաստանում, Եր․, 1983
  • Չամչյան Մ․, Հայոց պատմություն, հատոր Ա, վենետիկ, 1784
  • Պլուտարքոս, Կենսագրություններ, Եր․ 2001
  • Պտուկեան Զ․, Արտաշէսեան հարստութեան դրամները, Վիեննա, 1983
  • Սարգսյան Գ․, Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես Խորենացին, Եր․, 1966
  • Սարգսյան Գ․, Տիգրան Մեծի տերությունը, ՊԲՀ, 1966, I
  • Ստրաբոն, Երևան, 1940
  • «Տիգրան Մեծ․ գահակալության 2100 ամյակ» միջազգային գիտաժողով, զեկուցումների հիմնադրույթներ, Աշտարակ, 2005


Նախորդող
Տիրան Ա
Մեծ Հայքի թագավորության արքա
Տիգրան Բ Մեծ

մ.թ.ա. 95մ.թ.ա. 55
Հաջորդող
Արտավազդ Բ