Էրզրում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրզրում (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարին (այլ կիրառումներ)
Էրզրում կամ Կարին (թուրքերեն՝ Erzurum)[1], քաղաք Արևմտյան Հայաստանում, պատմական Բարձր Հայք նահանգի Կարինի գավառում, իսկ հետագայում Օսմանյան կայսրության Էրզրումի նահանգի Էրզրումի գավառում։ Այժմ Թուրքիայի Հանրապետության Էրզրումի մարզի վարչական կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Էրզրում | ||
թուրքերեն՝ Erzurum | ||
Երկիր | Թուրքիա | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Համայնք | Էրզրումի մարզ, Էրզրումի վիլայեթ և Էրզրումի էլայեթ | |
Քաղաքապետ | Ահմեդ Կուծուկ | |
Հիմնադրված է | ԲՔ. 4900 թ. | |
Այլ անվանումներ | Erzen-i Rûm | |
Մակերես | 3.385 կմ² | |
ԲԾՄ | 1.853 մ | |
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | 398.368 մարդ (2012) | |
Խտություն | 117.7 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Թուրքեր, քրդերը | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 442 | |
Փոստային դասիչ | 25000 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
Պաշտոնական կայք | erzurum.bel.tr(թուրքերեն) (անգլ.) | |
| ||
Անվանում
խմբագրելՔաղաքն ունեցել է հետևյալ անվանումները․ Անաստասուպոլիս, Առզըռում, Առզռում, Արգիրոն, Արդուրում, Արզ, Արզան, Արզան ար-Ռում, Արզան էր Ռում, Արզարում, Արզերում, Արզը Ռում, Արզն ար ռում, Արզնե էլ-Ռում, Արծն Հոռոմոց, Արզն Ռում, Արզրում, Արտը Ռում, Բարանդիս, Կարիկալա, Գալիգուլա, Գարանիգիս, Գարանիտիդե, Էրեզ Էրում, Էրզեն Էլ-Ռում, Էրզենէրում, Էրզեն Էրում, Էրզենիռում, Էրզերում, էրզ էր-Ռում, Էրզին էրում, էրզիռում, էրզիրում, էրզյուրյում, էրզրում, էրզունիրում, էրզուրում, Թեոդոպոլիս, Թեոդոսիպոլ, Թեոդոսիոպոլիս, Թեոդոսիպոլիս, Թեոդոսիուպոլիս, Թեոդոսոպոլիս, Թեոդոսպոլիս, Թեոդոսուպոլ, Թեոդոսուպոլիս, Թեոդուպոլիս, Թվուլուս, Կալիկալա, Կալիքալա, Կարախպոլիս, Կարանա, Կարանատիդե, Կարանիտիդե, Կարանիտիս, Կարեն, Կարենտիս, Կարինի, Կարինիտես, Կարինիտիս, Կարնային քաղաք, Կարնա քաղաքի, Կարնո քաղաք, Կարնու քալաքի, Կարնու քաղաք, Կարունս քաղաք, Կարուց քաղաք, Քալիքալա, Քարին քաղաք)։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում, Կարնո սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000 մ բարձրության վրա։ Քաղաքից հարավ երևում են Հավատամք լեռան բլրաշարերը։ Արևելքում ձգվում է Դավաբոյնի լեռնաշղթան, իսկ հյուսիսում և արևմուտքում քաղաքին մոտ տարածվում է Կարնո դաշտը։ Ունի զով ու առողջարար կլիմա, առատ և սառնորակ խմելու ջուր։ Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը՝ զով, կարճատև։
Պատմություն
խմբագրելԿարինը Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է։ Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց (Հայկական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է «Կարին» անունը։ Քաղաքի անվան ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կամ նույնանուն ցեղանվան հետ։ Կարնո մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունահռոմեական (1-ին դար) և հետագայի հայ պատմիչների գործերում։ Երվանդունի, Արտաշիսյան և Արշակունի թագավորական հարստությունների ժամանակ (մ.թ.ա 6-5-րդ դարեր), Կարինը Կարնո գավառի կենտրոնն էր։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսել է մեծանալ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բերդաքաղաք։ Բյուզանդիայի Թեոդոս II կայսեր (408-450) հանձնարարությամբ, Անատոլ զորավարը, 431 թվականին Կարինում կառուցել է նոր ամրություններ և կայսեր անունով քաղաքը կոչել Թեոդոսուպոլիս։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառույցները ընդարձակվել, վերակառուցվել են նաև Անաստաս I-ի (491-518) և հատկապես՝ Հուստինիանոս I-ի (527-565) ժամանակ։ 7-9-րդ դարերում Կարինը մե՛րթ բյուզանդական, մե՛րթ արաբական մասում էր գտնվում։ Այդ շրջանում Կարինը Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվել է նաև արաբական աղբյուրներում։ 885 թվականին Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Կարինը նույնպես մտել է հայկական պետության կազմի մեջ։ 949 թվականին, սակայն, բյուզանդացիները այն նորից խլել են հայերից։ 1049 թվականին, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն քաղաքը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կարինում և այն իրենց հայրենի քաղաքի անունով կոչեցին նաև Արծն, որից և առաջացել են Կարինի թուրք-արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վտարել են Զաքարյանները, իսկ 1242 թվականին քաղաքն անցել է մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 15-րդ դարում Կարինին հաջորդաբար տիրել են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514 թվականին այն գրավել է օսմանյան սուլթան Սելիմ I-ը։ 19-20-րդ դարերում ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և երեք անգամ էլ՝ վերադարձրել։ 1829 թվականի Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կարինը վերադարձվել էր թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացել են ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն են հաստատել Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռու, Փամբակի շրջաններում։ Կարնեցիներն իրենց նոր բնակավայրերից մի քանիսը վերանվանել են Կարինի գավառի գյուղերի անուններով։ 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմից հետո՝ սեպտեմբերի 7-ին, երբ քաղաքը կրկին թողնվել էր, այնտեղից Անդրկովկաս է գաղթել 2000 ընտանիք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին։ 1918 թվականի փետրվարի 26-ին քաղաքը նորից անցել է թուրքերի ձեռքը։ Կարինը մշտապես եղել է Հայաստանի կարևոր կենտրոններից մեկը, Կարնո աշխարհի վարչաքաղաքական, Հուստինիանոս I-ի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արևմտյան Հայաստանի ամենաընդարձակ Էրզրումի նահանգի (վիլայեթի) կենտրոնը։ Կարինը նախ և առաջ հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուցած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինչև առաջին Համաշխարհային պատերազմը և պահպանում էին իրենց ռազմաստրատեգիական նշանակությունը։ Քաղաքի միջնաբերդը գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկնակի պարիսպներով։ Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով։ Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ։ Միջնաբերդից բացի, քաղաքը նույնպես ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պարսպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։
Բնակչություն
խմբագրելՕտարների երկարատև տիրապետությունը զգալիորեն փոխել է Կարինի բնակչության ազգային պատկերն ի վնաս հայերի։ 1829 թվականին Կարինն ուներ շուրջ 130000 բնակիչ, որից հայեր 30000, 1909-ին՝ 60000 բնակիչ, որից հայեր՝ 15000 (2500 ընտանիք)։ Հայերը հիմնականում բնակվում էին քաղաքի հյուսիսային ու հյուսիսարևմտյան թաղամասերում։ Այստեղ էին գտնվում նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, ու Ռուսաստանի հյուպատոսությունները։
Տնտեսություն
խմբագրելՈրպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող ք, Կարինը պատմական բոլոր ժամանակներում Էլ ունեցել Է տնտեսական կարևորագույն նշանակություն։ Առևտրական սերտ կապեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի, Թիֆլիսի հետ։ 1856-71 թվականներին կառուցված Տրապիզոն-Բաբերդ-Կարին մոտ 300 կմ երկար խճուղին է՛լ ավելի աշխուժացրեց կապը արտաքին աշխարհի հետ։ Սրանից հետո ավարտվեց նաև Կարին-Հասանկալա ճանապարհի կառուցումը։ 1915 թվականին Կարինը երկաթուղային հաղորդակցություն ուներ Սարիղամիշի հետ։ Այդ ճանապարհներով էին քաղաք բերվում մետաքս, բամբակյա նուրբ գործվածքներ, համեմունք, ապակեղեն, դեղորայք, բուսական յուղ, սուրճ, արդուզարդի առարկաներ և այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առևտրով և արհեստագործությամբ հիմնականում զբաղվում էին հայերը։ 20-րդ դ սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909 թվականին ավելի քան 3000 արհեստանոցների, խանութների ու առևտրական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին։ Կարինի հայ արհեստավորները հռչակված էին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870-ական թվականներին Կարինում կար ապուխտի (բաստուրմա) և մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկություն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19-րդ դարի կեսերին Կարինում գործում էին նաև 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական և այլ ձեռնարկություններ։
Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թվականներին իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կարինում հիմնել է ծխախոտի մշակման ձեռնարկություն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչև 1880-ական թվականներ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապահությամբ։
Կարինը 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարություններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածություններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850-52, 1861, 1901-1902 թվականների երկրաշարժերի ժամանակ։ 1861 թվականից երկրաշարժից զոհվել է 3000 մարդ։
Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում և նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում և շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիների մի քանի տեսակներ։
Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909 թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ. Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կարինում հիմնվել էր թատերական միություն։ Մշակութային ընկերություններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց և այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաև 3 մանկապարտեզ։ Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաև «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականությունը պայքարի կոչեց նաև Կարինի հայությանը։ 1881 թ. Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» խմբակը, որը հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ. կեսերին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առևանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։
Ճարտարապետական հուշարձաններ
խմբագրելԿարնո պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը ս. Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տեղում։ Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։ Ս. Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է։ Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա։ Շենքն ունի երեք մուտք։ Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեղի է ունեցել եկեղեցական ժողով։ Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18-րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն։ Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18-րդ դ՝ Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով։ Ս. Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11 - 12-րդ դդ տապանաքարեր։ Կարնո ուխտատեղիներից է ս. Նշանը։
Ք - ի քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, Հախճապակյա մինարեն, Ուլու ջամի մզկիթը և այլն։ Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շենքեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում։ Կարինը միջնադարյան հայ գրչության նշանավոր կենտրոն էր։ Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր։ Կարինում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17 - րդ դ), Եղիա Կարնեցին, "Պաշտպան հայրենյաց" խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանը, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876 - 1913 թթ), մշակութային գործիչ Շավարշ Գարագաշը (1893 - 1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18-19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910 - 1942 թթ) և շատ ուրիշներ։
Արևմտյան Հայաստանի մյուս վայրերի հայերի նման ողբերգական եղավ նաև կարնեցիների ճակատագիրը։ Երիտթուրքերը հայերի զանգվածային ջարդն այստեղ իրականացրեցին 1915 թ հունիսի 14 - 15-ին և հուլիսի 26-ին։ Կենդանի մնացածների փոքրաթիվ խմբերը խուսափելով կոտորածից, մի կերպ փախան զանազան կողմեր։ Թուրքական տվյալներով 1860 - ական թթ ք-ի շուրջ 90000 ազգաբնակչության մեջ հայերի թիվը կազմում էր 250 - 300 մարդ։
Հայտնի կարնեցիներ
խմբագրել- Հերակլիոս Ավագ (6-րդ դար - 610), հայազգի բյուզանդական հրամանատար, Բյուզանդիայի Հերակլիոս Ա կայսեր հայրը (610–641)։
- Ֆրեր (13-րդ դար), հայ ճարտարապետ[2]։
- Հակոբ Կարնեցի (1618-1673), հայ պատմիչ-ժամանակագիր, աշխարհագրագետ։
- Խաչատուր Էրզրումցի (1666-1740), հայ հանրագիտակ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ։
- Հովհաննես Կարնեցի (մոտ 1750-1820), հայ տաղասաց, մանկավարժ։
- Ղունկիանոս Կարնեցի (1781-1847), հայ բանաստեղծ, աշուղ։
- Սիմոն Ճուլարտյան (1811-1884), հայ բանահավաք, բանասեր, Մխիթարյան միաբանության անդամ։
- Հակոբ Կարենյան (1812-1872), հայ բանասեր, մանկավարժ, թատերագիր, թարգմանիչ։
- Համբարձում Էնֆիաճյան (1824-1896), հայ հրատարակիչ, գրավաճառ։
- Սայիդ փաշա (1830-1914), թուրք քաղաքական գործիչ։
- Ինաի (19-րդ դար), հայ աշուղ։
- Գրիգոր Կյոզեյան (?-1912), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
- Մկրտիչ Ալպերթյան (?-1915), հայ բժիշկ։
- Խաչատուր Կերեքցյան (1847-1891), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
- Ավետիս Վեմյան (1847-1895), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
- Էդվին Բլիս (1848-1919), ամերիկացի միսիոներ, խմբագիր։
- Արշակ Գավաֆյան (1858-1916), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
- Հակոբ Տիրոյան (1863-1933), հայ բնագետ, մանկավարժ, բանասեր, գրող։
- Արսեն Շապանյան (1864-1949), ֆրանսահայ նկարիչ։
- Արամ Արամյան (1870-1899), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
- Վարդգես Սերենգյուլյան (1871-1915), հայ ուսուցիչ, մտավորական և հեղափոխական գործիչ, Օսմանյան խորհրդարանի անդամ, ազգային երեսփոխան։
- Արմեն Գարո (1872-1923), հայ պետական գործիչ, ՀՅԴ առաջնորդներից, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից։
- Արամ Չարըգ (1874-1947), հայ բանաստեղծ, մանկավարժ, թարգմանիչ։
- Եղիշե Փափանյան (1875-1915), հայ դեղագործ, բժիշկ։
- Խաչիկ Փաստրմաճյան (1877-1915), հայ բժիշկ։
- Հերան Շաբան (1887-1939), ֆրանսահայ նկարիչ։
- Տիրան Երկանյան (1891-1963), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1962)։
- Գուրգեն Յանիկյան (1895-1984), հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն շրջանի ազատագրական գործիչ։
- Վահրամ Արիստակեսյան (1899-1978), հայ պարուսույց-բալետմայստեր, բժիշկ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։
- Արամ Երկանյան (1900-1934), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ։
- Արմենակ Արծրունի (1901-1963), եգիպտահայ նշանավոր լուսանկարիչ։
- Արա Գարագաշյան (1902-1969), խորհրդային հայ բժիշկ-գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1961)։
- Սողոմոն Վարդանյան (1903-1970), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, ճարտարապետության թեկնածու։
- Գրիգոր Վարժապետյան (1906-1960), հայ դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945)։
- Լյուսի Միրիգյան (1906-2021), ամերիկահայ երկարակյաց։
- Սարգիս Ալեքսանյան (1910-1942), հայ նկարիչ։
- Հռիփսիմե Սինանյան (1911), առողջապահության խորհրդահայ աշխատող, բժիշկ-թերապևտ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963)։
- Անդրանիկ Կյուրեղյան (1914-1996), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953)։
- Ֆեթուլլահ Գյուլեն (1941), թուրք գրող, նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ։
Պատկերասրահ
խմբագրելՔաղաքն այսօր՝
Քաղաքը նախկինում՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
- ↑ Կարեն Մաթևոսյան, Անին և Անեցիները (Մատենադարան) (խմբ. Վահան Տեր-Ղևոնդյան), Երևան էջ 432 — 464 էջ, ISBN 978-9939-897-01-1։
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրզրում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 93)։ |