Սարդուրի Բ
Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար - մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Ա թագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (Վան, Արածանու հովիտ, Արարատյան դաշտ, Սևանի ավազան և այլն)։
Սարդուրի Բ | |
---|---|
Իշխանություն | մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735 |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 795-790 |
Մահացել է՝ | մ.թ.ա. մոտ 735 |
Երկիր | Վանի թագավորություն |
միապետ | |
Հայր | Արգիշտի Ա |
Երեխաներ | Ռուսա Ա |
Տարեգրություն
խմբագրելՍարդուրի Բ-ի գահակալման տարիների գլխավոր իրադարձություններն ամփոփվել են մի ընդարձակ տարեգրությունում (հայտնաբերվել է Ռուսական հնագիտական ընկերության արշավախումբը՝ Հ. Ա. Օրբելու ղեկավարությամբ, 1916 թվականի ամռանը, Վանա ժայռի հյուսիսային լանջի արևմտյան որմնախորշի պեղումների ժամանակ)։ Տարեգրության բնագրերը պահպանվել են որմնախորշի հարավային և արևելյան պատերին (42 տող), կից բացված մեծ քարակոթողին և դրա հիմքին (253 տող), ինչպես նաև մերձակա ժայռին և Վանա Սուրբ Պողոս եկեղեցու պատի շարվածքում հայտնաբերված երկրորդ մեծ քարակոթողին (ջարդված է և թերի)։ Սարդուրի Բ-ի մասին, թեև միակողմանի, բայց կարևոր տեղեկություններ են պահպանվել նաև Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորի արձանագրություններում։
Գործունեությունը
խմբագրելԳահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։ Ուրարտուի ռազմա-քաղաքական պատմության մի զգալի հատվածի համար էլ չափազանց արժեքավոր աղբյուր է ծառայում Սարդուրի Բ-ի մ.թ.ա. 764-735 տարեգրությունը։ Այն ճիշտ է թերի է, սակայն պատկերում է Սարդուրի Բ-ի թագավորության շուրջ 12 տարիների պատմական իրադարձությունները։ Հիմա անհաըտ է մնում նրա իշխանության սկբնական և վերջին տարիների պատմությունը։ Սարդուրի Բ-ն ստանձնում է արքայական գահը, ըստ տեղեկությունների այդ ժամանակահատվածում Ուրարտուի ներսում առկա բարդ իրադրություն էր։ Տարեգրության հենց առաջին տարվա գրանցումը անհազանգում է մի շարք մարզերի կառավարիչների ընդհանուր ուժերով Ուրարտուի կենտրոնական իշխանության դեմ բարձրացված խռովության մասին։ Սակայն Սարդուրի Բ-ն ամենայն դաժանությամբ ճնշում է այդ ընդվզումները։ Ներքին պառակտումների հետևանքով, որոշ երկրների հաջողվել էր թոթափել Վանի թագավորության լուծը։ Եվ այն երկրները, որոնք Վանին էին ենթարկվել դեռևս Արգիշտի Ա-ի օրոք, կրկին դառնում են աշծավանքի ասպարեզ։ Սարդուրի Բ-ն հիմնովին ավերում է Մելիտեան և մեծ քանակությամբ ավար տանում։ Նմանօրինակ արշավանքներ է ձեռնարկում դեպի Հյուսիասային Միջագետքի հարավային շրջանները, որտեղից նույնպես ձեռք է բերում հարուստ ռազմական ավար։ Ութերորդ դարի 50-ական թվականների ընթացքում Ուրարտուի առաջխաղացումը դեպի հարավ շարունակվել է, Սարդուրի Բ-ն այդ տարիներին նվաճել է Արմե երկիրը։ 753 կամ 752 թվականին նա վճռական հաղթանակ է տարել Ասորեստանի թագավոր Աշշուրներարի Զ-ի նկատմամբ։ Սարդուրին նշում է, որ նվաճել է Արմե երկիրը, նա ընկճել է նրա թագավորական քաղաքը։ Մի քանի տարի անց Սարդուրին կրկին ստիպված է լինումարշավել այս երկիրը և ըստ նրա սյնտեղ 11 բերդ է գրավում, երկրից բազմաթիվ գերիներ ու անասունների հոտեր է քշում Բիայնիլի։ Սարդուրի Բ-ն ռազմական արշավանք է ձեռնարկում հարավ-արևելյան ուղղությամբ՝ Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Դիալայի միջին հոսանքը, որի ընթացքում նրան հաջողվում է վերանվաճել Մանա, Բարուատա և Բաբիլու երկրները։ Թուլացած էր այդ ժամանակ Ասորեստանը և չէր կարող օգնության ձեռք մեկնել իր հարևաններին։ Սարդուրին նույն տարվա ընթացքում 751-750 թվականների ընթացքում զգալի հաջողություններ է ունենում նաև հյուսիսում, ուր նա վերջնականապես հպատակեցնում է Էիունի ցեղային միությունը և ներխուժում է Լիկիու երկիրը։ Նա սրանով ավարտում է ախորդ տարին դեպի Սևանա լճի հարավային ափերը ձեռնարկված արշավանքով սկսած գործը։ Կարևոր է նշել, որ եթե Արգիշտի Ա-ի արշավանքների երթուղին դեպի Սևանի ավազանը ընթանում է հարավից՝ Արարատյան դաշտավայրից, Էրեբունի-Սևան ուղղությամբ՝ Ուլուանի և Կիեխունի երկրների միջով, ապա Սարդուրի Բ-ն մուտք է գործում Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափերը արևմուտքից՝ Էթիունի երկրից։ Այսպիսով անդրարաքսյան հարուստ երկրագործական ու անասնապահական շրջանները Սարդուրի Բ-ի օրոք արդեն երկու կողմերից առնվելմ էին ամուր աքցանի մեջ, որի շնորհիվ երկար ժամանակ ապահովվում է Ուրարտուի տիրապետությունը այդ խիստ արգավանդ տարածքներում։ Հետագայում մ.թ.ա. 750-748 էվականներին, Սարդուրի Բ-ն որոշ քայլեր է ձեռնարկում իր պետության սահմանները ընդլայնելու հյուսիսում և ծայրագույն հյուսիս-արևմուքում։ Հյուսիսում Արաքսի վերին հոսանքւոմ, նա նվաճում է Աբիլիանին, իսկ Հյուսիս-արևմուտքում՝ Կուլխան և Խուշանին։ Եթե Խուշանի և Աբիլիանի երկրներում դեռևս մ.թ.ա. 785-784 թվականներին եղել է Արգիշտի Ա-ը, ապա Կուլխայում, որի սահմանները հարում էին Սև ծովի հարավ-արևելյան ափերին, Ուրարտուի ամբողջ պատմության ընթացքում միայն Սարդուրին Բ-ին է հաջողվել երկու անգամ լինել։ Սարդուրի Բ-ն արշավանք է ձեռնարկում դեի Էրիախի երկիրը նվաճում նրա հարուստ դշտերը և անասունների հսկայական հոտերը քշում դեպի Բիայնիլի-Ուրարտու։ Վերադարձին նա հաշվեհարդար է տեսնում դեռևս նախորդ տարում նվաճված Աբիլիանիի թագավոր Մուրինիի հետ, որը ըստ երևույթին փորձել էր չենթարկվել Ուրարտուի կենտրոնական իշխանությանը։ Աբիլիանիի քաղաքները հրկիզվում են, երկիրը՝ ավերվում։ Հյուսիսային երկրների նկատմամբ տարած բազմաթիվ հաղթանակները տարեցտարի ամրապնդում են Ուրարտուի ռազմական հզորությունը։ Նա ռազմական արշավանք է ձեռնարկում դեպի հեռու արևելք՝ իրանական Ադրբեջանի Արասբարան կամ Կարայ-դաղ մարզում տեղադրվող Պուլուադի երկիրը։ Ուրարտական զորքը այստեղ դիմադրության է հանդիպում, սակայն նրանց հաջողվում է ճնշել այն և հաղթանակ տանել։ Պուլուադիի նվաճումը Ուրարտուի՝ որպես Առաջավոր Ասիայի հզորագույն երկրի վերջը հանդիսացավ։ Ասորեստանը այս անգամ արդեն օժտված էր անհամեմատ հզորությամբ։ Ասորեստանի աննախընթաց վերելքը հայտանշվեց նոր իշխողի՝ Թիգլաթպալասար Գ-ի ռեֆորմներով։ Թիգլաթպալասար Գ-ն ձգտում էր Ասորեստանին վերադարձնելու նրա երբեմնի առաջնությունը Առաջավոր Ասիայում։ Սակայն Վանի թագավորությունն էլ ամենևին մտադիր չէր նրան առանց պայքարի զիջելու առաջնությունը։ Այդ իսկ պատճառով էլ արևմուտքում ուժեղ կոալիցիա ստեղծվեց։ Սարդուրի Ն-ն միացյալ ուժերով հարձակման անցավ Ասորեստանի դեմ։ Ճակատամարտը տեղի ունեցավ մ.թ.ա. 743 թվականին Արպադում, Ուրարտուի և նրա դաշնակիցների զորքերը ծանր պարտություն կրեցին։ Թիգլաթպալասարի տարեգրության մեջ նրանց ձեռք բերած հաղթանակից հետո, Սարդուրի Բ-ն պատսպարվում է պաշարված Տուշպայում, իսկ Թիգլաթպալասարը չի կարողանում այն նվաճել։ Ճակատագրական այդ պարտությունից հետո Ուրարտուն այլևս չի կարողանում պահպանել իր աշխարհակալական հավակնությունները։ Այնուհետև դրանից հետո Սարդուրի Բ-ին տեսնում ենք Մանա երկրում։ Մնացած բոլոր հայտնի դեպքերում նա հրաժարվում է Ասորեստանի և նրան ենթակա կամ ազդեցության ոլորտում ընդգրկված երկրների նկատմամբ տարածքային ակնկալություններից և գերադասում է իր տիրապետությունը ամրապնդել հյուսիսային երկրներում։ Սարդուրի Բ-ն երևում է մերթ Արաքսի վերին հոսանքում, մերթ Չըլդըր լճի հարավային ափերին, մերթ էլ՝ Սարիղամիշից մինչև Սևանա լճի հարավային ափերը հասնող լայնատարած տարածքում։ Դրանից հետո շուրջ 4-5 տարի, Ուրարտուի քաղաքական պատմության մասին համարյա ոչինչն հայտնի չէ։ Ասորոստանյան աղբյուրներից միայն տեղյակ ենք,որ մ.թ.ա. 735 թվականին Սարդուրի Բ-ի տիրապետության մայրամուտին, Ասորետանը ռազմական արշավանք է ձեռնարկել Ուրարտուի դեմ, բայց թե ինչ արդյունքներ է ունեցել անհաըտ է մնում։
Գրականություն
խմբագրել- Գ. Ղափանցյան, Ուրարտուի պատմությունը, Երևան 1940 էջ 143-152
- Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան 1972
- Пиотровский Б. Б.5 Ванское царство (Урарту) Москва 1959
- Марр Н. Я. и Орбели И. А., Археологическая экспедиция 1916 г. в Ван5 Петербург 1922
- Меликишвили Г. А., Наири-Урарту, Тбилиси 1954
- Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, Москва 1960
- Бациева С. М., Борьба между Ассирией и Урарту за Сирию, «естник древней истории», 1953 № 2
Տես նաև
խմբագրելՆախորդող Արգիշտի Ա |
Վանի թագավորության արքա Սարդուրի Բ մ.թ.ա. 764-735 |
Հաջորդող Ռուսա Ա |