Խաչենի իշխանություն, հայկական ավատական իշխանություն, որը գոյություն է ունեցել 13-17-րդ դարերում՝ պատմական Արցախի տարածքում, նախկին Ծավդեք-Արցախի նախարարական-իշխանական տան տոհմաճյուղերի գլխավորությամբ։ Այն վերջին հայկական փաստացի անկախ պետականությունն էր մինչև 1918 թվականին ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Խաչենի իշխանություն
 Արցախի թագավորություն 1261 - 1603 Արցախի մելիքություններ 
Ղարաբաղի կուսակալություն 
Հասան-Ջալալյանների տոհմական զինանշան
(Դրոշ) (Զինանշան)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Գանձասար
Ծար
Հաթերք
Լեզու հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Հասան-Ջալալյան
Դոփյան
Պետության գլուխ Իշխան
Մելիք
Կառավարիչ Աթաբակ Իվանե Ա (առաջին)
Ջալալ Դ (վերջին)
Օրենսդրություն Դատաստանագիրք
Պատմություն
- ԱտրներսեհՍպրամ 821
- Մխիթար Գոշի «Դատաստանագիրք» 1160?
- Ջալալ Ա Արցախի թագ. 1214
- Մելիք-Ալավերդի Ա-ի մահ 1827

Պատմություն

խմբագրել

Արաբական տիրապետության վերջին շրջանում (9-րդ դարի վերջ) Գանձակում գոյացած քուրդ-մուսուլմանական ամիրայությունը յուրացրել էր Ուտիքի մի շարք գավառներն ու Արցախի Մուխանք գավառը, և Բագրատունիների թագավորության օրոք արդեն նախկին Ծավդեք-Արցախի նախարարական տունը, բաժանված երկու ճյուղի, հիմնականում իշխում էր նահանգի լեռնային ու նախալեռնային տարածքում։ Եթե նահանգի արևելյան եզրը հասնում էր Մուխանք (Միլ-Մուղան) դաշտին, ապա արևմուտքում այն ընդգրկում էր Գեղամա (Սևան) լճի ամբողջ արևելյան ափը՝ Սոդք գավառով։ 9-րդ դարի կեսից Խաչենի իշխանությունը տարածվում էր նաև Ուտիքի հարավային և արևմտյան գավառների վրա։ Սահլ Սմբատյանի (9-րդ դարի առաջին կես) գրավումների շնորհիվ Մեծ Սյունիքի հյուսիսարևմտյան մասը (Գեղամա գավառ) նույնպես անցավ Խաչենի իշխանությանը։

X դարից սկսած մեծ կարևորություն է ստանում նահանգի կենտրոնական, բերդ-ամրոցներով հարուստ մասը՝ Խաչենը (Թարթառ, Խաչեն ու Կարկառ գետերի հովիտները), որի ընդհանուր անունով էլ կոչվում էր ամբողջ իշխանությունը։ Անկախ տոհմաճյուղերի քանակից՝ Խաչենի իշխանությունը միշտ հանդես է եկել որպես մեկ ամբողջություն՝ ճյուղերից մեկի գահերեցությամբ։ Կոստանդին Ծիրանածինը, թվարկելով Հայաստանի պետական կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուգանդական արքունիքը գրագրություն ուներ, հիշատակում է նաև Խաչենի իշխանին[1]։ Այս նշանակում է, որ Մեծ Հայքի Ծավդեք-Արցախի նախարարության չընդմիջվող ժառանգորդ Խաչենի իշխանությունը շարունակում էր մնալ Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից մեկը։ Մխիթար Գոշը հանձինս Խաչենի իշխանության ու Կիլիկյան (Ռուբինյան) իշխանապետության տեսնում էր հայրենի թագավորության այն հզոր բեկորները, որոնց հետ էր կապում հայ ժողովրդի քաղաքական միասնության վերականգնման բաղձանքները։

Սելջուկ-թուրքերի տիրապետության դեմ մղած մարտերի և Զաքարյանների ձեռնարկած ռազմաքաղաքական միջոցառումների հետևանքով Խաչենի իշխանություն բաժանվեց նոր ճյուղավորումների։ 17-րդ դարի վերջում դրանք արդեն երեքն էին՝

  • Ներքին Խաչեն,
  • Հաթերք,
  • Վերին Խաչեն (Ծար)։

Այս ճյուղերի գործարար հովանավորությամբ շեն ու բարգավաճ էին մնում հոգևոր-մշակութային կենտրոններ Գանձասարը, Դադի, Խադարի վանքերը, որոնցում ստեղծված գրչության կենտրոններն ու դպրատները մեծ համբավ ունեին Հայաստանում և հաջողությամբ գլխավորում էին Խաչենի իշխանության և հարակից շրջանների մշակութային կյանքը։

Մոնղոլական տիրապետության տևական շրջանը ծանր ազդեցություն ունեցավ Խաչենի իշխանության քաղաքական ու մշակութային կյանքի վրա։ 18-րդ դարի առաջին կեսին վերացավ Հաթերքի իշխանությունը, և նրա տիրույթներն անցան Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին ու Վերին Խաչենի Դոփյաններին։ Հակամոնղոլական շարժումները գլխավորելու համար 1261 թվականին գազանաբար սպանվեց շուրջ 40 տարի Խաչենի իշխանության գահերեց իշխան Հասան- Զալալը, որը հովանավորում էր ամբողջ Հյուսիս-Արևելյան Հայաստանի մշակութային գործը, իսկ մոնղոլների տիրապետության առաջին շրջանում աչքի էր ընկել հայրենի իշխանությունները միավորելու, մոնղոլ տիրակալների հետ արդյունավետ բանակցություններ վարելու շրջահայաց քաղաքականությամբ։ Գիտակցելով Վերին ու Ներքին Խաչենների իշխանների ազդեցիկ դերը Արևելյան Հայաստանի քաղաքական կյանքում՝ մոնղոլ կուսակալները ջանում էին գլխատել Խաչենի իշխանությունը, մոնղոլ մեծ խանի մոտ պարբերաբար դավեր էին նյութում նրանց դեմ, նրանցից առավել ուժեղներին։ 1387 թվականին Լենկթեմուրի հորդաները կոտորեցին հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած Ծարի տեր Հասանին ու նրա վեց որդիներին։ Եվ, այսուհանդերձ, Խաչենի իշխանություն չվերացավ։ Ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքերի տիրապետության շրջանի բովանդակ Հայաստանում Խաչենի իշխանությունն անընդմեջ գոյատևած միակ պետական կազմավորումն էր։ Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խաչենի իշխանություն կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը։ 16-րդ դարի երկրորդ կեսի պարսկա-թուրքական պատերազմների շրջանում Խաչենի իշխանության կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական֊տնտ եսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց շահ Աբբաս I1603 թվականին՝ Խաչենի իշխանության գավառների իշխանավորներին օժտելով մելիքական տիտղոսներով ու կոնկրետ իրավունքներով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կոստանդին Ծիրանածին, Արարողությունների մասին, գիրք 2, գլ. 48
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 25