Բարձրախոս, խոսքի, երաժշտության և այլ հնչյունների վերարտադրման էլեկտրաձայնային կամ մեխանիկական սարք։ Բաղկացած է էլեկտրամեխանիկական (ձայնային հաճախականության էլեկտրական տատանումները փոխակերպում է դիաֆրագմայի մեխանիկական տատանումների) և մեխանիկաձայնային (դիաֆրագմայի մեխանիկական տատանումները փոխակերպում է ձայնային դաշտի) համակարգերից։ Բարձրախոսները լինում են էլեկտրադինամիկ (դինամիկ), էլեկտրական, պնեմատիկ, կոնդենսատորային, էլեկտրամագնիսական։ Լայն կիրառություն ունեն ձայնի վերարտադրման բարձրորակ հնչեղությամբ օժտված էլեկտրադինամիկ բարձրախոսները, որոնցում ձայնային հաճախականության հոսանքը շրջահոսում է հաստատուն մագնիսական դաշտում տեղավորված կոճը։ Կոճը տատանվում է իր առանցքի ուղղությամբ, իսկ կոճին միացված կոնաձև դիֆուզորը ճառագայթում է ձայնային ալիքներ։ Էլեկտրադինամիկ բարձրախոսների նոմինալ հզորությունը 0,025-ից մինչե 100 վա է, իսկ վերարտադրման հաճախականության շերտը՝ 50-ից մինչև 12000 հց։ Պիեզոէլեկտրական բարձրախոսները հիմնված են հակադարձ պիեզոէլեկտրական էֆեկտի վրա։ Ձայնային հաճախականության փոփոխական լարումը պիեզոտարրի մեջ առաջացնում է համապատասխան մեխանիկական ձևափոխություն, որը փոխանցվում է կոնաձև դիֆուզորին։ Պնեմատիկ բարձրախոսներում ձայնային թույլ տատանումները ուժեղացվում են կոմպրեսորի առաջացրած օդային ուժեղ հոսքի մեխանիկական մոդուլացմամբ։

Կոմպակտ բարձրախոս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 329