Սիմոն Աչիկգյոզյան

ազատամարտիկ

Սիմոն Հովհաննեսի Աչիկգյոզյան «Դեդ» (փետրվարի 6, 1939(1939-02-06), Գալաց, Ռումինիա - ապրիլի 30, 1991(1991-04-30), Մարտունաշեն, Շահումյանի շրջան, Արցախ), երկրաբանական գիտությունների թեկնածու (1970)։ ՀՅԴ կուսակցության և «Զորավար Անդրանիկ» համազգային միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից։

Սիմոն Աչիկգյոզյան
Դիմանկար
Ղարաբաղյան ազատագրական
շարժման գործիչ
Ծնվել էփետրվարի 6, 1939(1939-02-06)
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Մահացել էապրիլի 30, 1991(1991-04-30) (52 տարեկան)
Մահվան վայրՄարտունաշեն, Շահումյանի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան և զինվոր
ԿուսակցությունՀՅԴ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ «Մարտական խաչ»
1-ին աստիճան

Կենսագրություն

խմբագրել

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թվականին Գալաց քաղաքում։ Հայրը` Հովհաննեսը եղեռնից հրաշքով է փրկվել։ 1946 թվականին Սիմոնը ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թվականին՝ ինժեներ-երկրաբանի որակավորմամբ։ Ս. Աչիկգյոզյանը 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1984 թվականին նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1960-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություններ, զբաղվել թարգմանություններով։ Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ։
1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը։ Գիտությունից բացի նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում՝ Խոր Վիրապի վանքում։
1989 թվականին ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիկգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ 1989 թվականին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին[1] և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` 1991 թվականի ապրիլի 19-ից ստանձնելով Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը։
1990 թվականին Ս. Աչիկգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին՝ էկոլոգիայի հանձնաժողովի կազմում։
Ս. Աչիկգյոզյանը զոհվել է 1991 թվականին ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս։ Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը[2]։
ՀՀ նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիկգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ 2011 թվականին երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիկգյոզյանի անվամբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. LLC, Helix Consulting. «Սիմոն Աչիկգյոզյան. «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել» - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  2. Սիմոն Աչիկգյոզյան. «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել»
  3. ՍԻՄՈՆ ԱՉԻՔԳՅՈԶՅԱՆ (Դեդ)

Արտաքին հղումներ

խմբագրել