Դրմբոն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 71 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Դրմբոն
ադրբ.՝ Heyvalı
ադրբ.՝ Drombon
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ826 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն327 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդրմբոնցի
Ժամային գոտիUTC+4
Դրմբոն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դրմբոն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը տեղաբախշված է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում` Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Գյուղը տեղակայված է Մռավ լեռան դեմ դիմաց՝ Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին` Սարսանգի ջրամբարի հարևանությամբ[1]։ Գյուղի արևելյան և հյուսիսային կողմերը անտառածածկ են։ Դրանք հարուստ են պտղատու վայրի ծառատեսակներով և տարբեր տեսակի կենդանիներով։

Համայնքը լեռնային է, ունի 1261,61 հա տարածք, որից 307,19 հա գյուղատնտեսական նշանակության, 532,37 հա անտառային հողեր։ Դրմբոն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ «Շիրինանց», «Խումարեն», «Խնձորին», «Հոռեն», «Քոռ» և «Մրհավեն»։

Պատմություն խմբագրել

Գյուղի հարևանությամբ գտնվող Լոկեն հող տարածքում գտնվող Ք. ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտը, 12-18-րդ դարերի գյուղատեղին, Մաչել կոչված տարածքի բնակատեղը, միջնադարյան գերեզմանոցը, մատուռները, եկեղեցիները, խաչքարերը խոսում են այն մասին, որ ներկայիս Դրմբոնում և հարակից տարածքներում դեռևս հնագույն ժամանակներից հայկական բնակավայրեր են եղել[1]։

Մշտապես կրկնվող պատերազմների, դրան հաջորդած սովի, մասսայական հիվանդությունների, համաճարակի պատճառով այդ բնակավայրերը ոչնչացել են, իսկ կենդանի մնացած ազգաբնակչության մի հատվածն էլ փորձել է բռնել օտարության ճամփան։ Վերոհիշյալ տարածքները հետագայում անցան Գանձասարի կաթողիկոսական աթոռի իրավասության տակ, որտեղ հիմնականում անասուններ էին պահում։ Առավել արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով Վանք գյուղից առաջին դարի կեսերին մի քանի ընտանիքներ տեղափոխվում և մշտական բնակություն են հաստատում ներկայիս Դրմբոնի տարածքում։

19-րդ դարի կեսերին կազմված կալվածագրերում գյուղը ներկայացված է որպես Գանձասարի վանքի ձմեռանոց։ Նոր բնակավայրում հաստատուն դիրք ընդունելու նպատակով Գանձասարի վանքը որոշ հողեր սեփականության իրավունքով տրամադրում է նրանց։ Վերաբնակները հանգուցյալներին շարունակում էին հուղարկավորել Վանքի գերեզմանատանը[1]։

Գյուղի ծերերի պատմածի համաձայն՝ Դրմբոնի գերեզմանատանը առաջին հանգուցյալին` Ռուշանանց Վանեսին, հուղարկավորել են 1865 կամ 1866 թվականի ձմռանը։

19-րդ դարի ընթացքում Դրմբոնի բնակչության թիվը օրեցօր շատանում է, և այդ տարածքը բնակավայրի կարգավիճակ է ստանում[1]։

Գյուղի բնակչությունը 1917-20 թվականներին. մասնակցել է արցախահայության ազատագրական պայքարին։

1920 թվականին մայիսին խորհրդային կարգեր են հաստատվում Դրմբոնում։ 1931 թվականին Դրբոնում ստեղծվում է կոլտնտեսություն։ Մինչև կոլտնտեսային կարգերի վերացումը տնտեսությունը ղեկավարել են Սիրակ Վարդանյանը, Ասծատուր Առաքելյանը, Վոլոդա Հարությունյանը, Թադևոս Սահակյանը, Շմավոն Դավթյանը, Կոլյա Հակոբյանը, Անդրանիկ Լազարյանը, Պայծառ Հարությունյանը, Սաշա Հակոբյանը, Սուրեն Հակոբյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Գավրուշա Հաթամյանը, Արմավիր Լալայանը, Միշա Հակոբյանը, Սուրեն Շաբոյանը, Վահան Ստեփանյանը, Հենզել Հայրապետյանը, Սերժիկ Ղալայանը, Ջոն Ասլանյանը։

Դրմբոնը Արցախյան ազատամարտում խմբագրել

Դրմբոնում կազմավորվել է աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։

Դրմբոնի ազատագրումից հետո (1993, փետրվարի 12) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչությունը[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը՝ 447 (1989 թ.), 327 (2003 թ.)։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 583 մարդ, կար 182 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 665 661 646

Տնտեսություն խմբագրել

2002 թվականից Դրմբոնում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիման վրա։

Բնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Համայնքի տարածքում առկա են պղնձի (շահագործվում է) և բնական պիգմենտների հանքային պաշարներներ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (XII-XIX դդ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), մատուռ (XII-XIII դդ.), բնակտեղի «Մաչեղ» (XIIIդ.), խաչքար (XI-XIIIդդ.), ջրաղաց (XIXդ.), հաշվառված է 16 հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 72 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 282–284.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 181-182։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 154.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)