Ցեմենտ (գերմ.՝ , լատին․՝ caementum - խիճ, ջարդած քար), հիդրավլիկական կապակցանյութերի մեծ խմբի հավաքական անվանում, կարևոր շինանյութերից։ Ջրի կամ որոշ աղերի ջրային լուծույթների ազդեցությամբ ցեմենտը առաջացնում է պլաստիկ զանգված (ցեմենտախմոր), որն աստիճանաբար պնդանում է՝ առաջացնելով քարանման ամուր նյութ։ Ցեմենտը հիմնականում օգտագործվում է լցանյութերի (ավազ, կոպիճ, խիճ) հետ խառնված, շինարարական շաղախների, բետոնների ձևով, վերգետնյա և ստորգետնյա կառույցների, շենքերի առանձին տարրերի ամրացման, հիդրոմեկուսացման և այլ նպատակներով։
Ցեմենտը հայտնի է հնադարից։ Առաջին արհեստական կապակցանյութերը՝ գիպսը և կիրը, օգտագործել են դեռևս հին եգիպտացիները և հույները, այնուհետև՝ չինացիները։ Ավելի ուշ որպես կապակցանյութ սկսեցին օգտագործել կրային շաղախներ՝ մանրված հրաբխային ապարների (Հին Հռոմում) կամ թույլ թրծված շինարարական աղյուսի (Կիևյան Ռուսիայում) ջարդոնի հետ։ 1796 թվականին Զ․ Փարկերը (Անգլիա) արտոնագիր ստացավ բնական մերգելների թրծումով և աղացումով ստացված հիդրավլիկական կապակցանյութի՝ ռոմանցեմենտի համար։ 1822 թվականին կրաքարային խառնուրդներից հիդրավլիկական կապակցանյութերի ստացման տեսական հիմքեր մշակվեցին Սանկտ Պետերբուրգի հաղորդակցման ուղիների ինժեներների ինստիտուտում։ 1824 թվականին Զ․ Ասպդինը Անգլիայում և 1825 թվականին Ե․ Գ․ Չելիևը Ռուսաստանում, իրարից անկախ ստեղծեցին պորտլանդցեմենտը։
Ցեմենտի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսն ընդգրկում է հումքային նյութերի արդյունահանում կամ որպես հումք արդյունաբերական մնացուկների օգտագործում, ջարդում և մանր աղացում, որոշակի բաղադրության համասեռ հումքախառնուրդի պատրաստում, թրծում մինչև եռակալումը (1450-1550 °C ջերմաստիճանում), ստացված կլինկերի նուրբ մանրում՝ ցեմենտին անհրաժեշտ հատկություններ հաղորդելու համար փոքր քանակությամբ գիպսի և ակտիվ միներալային հավելանյութերի կամ այլ նյութերի հետ։ Տարբերում են ցեմենտի արտադրության չոր, թաց և համակցված եղանակներ, որոնց ընտրությունը պայմանավորված է գլխավորապես տեխնիկատնտեսական ցուցանիշներով։ Ցեմենտի արտադրության չոր եղանակի դեպքում հումքանյութերը (կիր և կավ) աղացներում (մանրման և աղացման պրոցեսում) չորացվում են և փոխակերպվում հումքալյուրի։ Վերջինի բաղադրությունը ճշտելուց հետո այն ենթարկում են թրծման։ Կլինկերի թրծման ժամանակակից պտտվող խողովակավառարանները, որպես կանոն, հանդերձվում են միջվառարանային ջերմափոխանակիչներով, որոնցում իրականացվում է հումքախառնուրդի տաքացումը և մասնակի ածխածնազերծումը։ Կլինկերի թրծման համար ջերմության ծախսը կազմում է 750-850 կկալ/կգ։ Թաց եղանակի դեպքում աղացներում հումքային բաղադրիչների մանրումն իրականացվում է ջրի առկայությամբ։ Ստացված հումքազանգվածն աչքի է ընկնում բարձր համասեռությամբ և 35-45% խոնավությամբ։ Քիմիական բաղադրությունը ճշտելուց հետո հումքազանգվածը (շլամը) թրծում են։ Վառարանում, շլամից ջրի գոլորշիացման հաշվին մեծանում է թրծման համար ջերմության ծախսը՝ կախված խողովակավառարանի չափերից և կոնստրուկցիայից, այն կազմում է 1300-1600 կկալ/կգ։ Համակցված եղանակի դեպքում հումքախառնուրդը պատրաստվում է թաց եղանակի սխեմայով, այնուհետև վակուում քամիչներում կամ վակուում-մամլիչներում ջրազրկվելուց հետո կաղապարվում է և թրծվում (կլինկերի թրծման համար ջերմության ծախսը 1000 կկալ/կգ է)։
Ըստ ամրության ցեմենտը բաժանվում է մակնիշների։ Մակնիշը որոշվում է ցեմենտի և նորմալ (քվարցային) ավազի 1։3 կշռային հարաբերությամբ շաղախից պատրաստված 40x40x160 մմ չափերի փորձանմուշների (28 օր ջրում պնդանալուց հետո) ծռման և դրանց կեսերի սեղմման դեպքում ամրության սահմաններով։

Պատրաստի ցեմենտը բեռնում են սայլակի մեջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։