Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշակունիներ (այլ կիրառումներ)

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը։

Արշակունիներ
Տեսակնախարար և արքայատոհմ
Մասն էՊարթև Արշակունիներ[1] և Հայ ազնվականություն
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏիրույթներՄեծ Հայքի Այրարատ նահանգ
ԾագումՊարթև Արշակունիներ
ՏիտղոսներՄեծ Հայքի Արքա
ՀիմնադիրՏրդատ Ա
Մեծագույն ներկայացուցիչԽոսրով Բ, Տրդատ Գ Մեծ, Արշակ Բ, Պապ, Վռամշապուհ
Հիմնում52
Ավարտ428
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀեթանոսություն, Քրիստոնեություն
Մեծ Հայքի թագավորությունը (298-387)

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

Արշակունյաց տոհմի հաստատումը Մեծ Հայքում խմբագրել

Մեծ Հայքը «խառնակ ժամանակաշրջանում» (1-52 թվականներ) խմբագրել

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մ. թ. I դ. սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ու Պարթևների թագավորությունը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36 թվականին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37 թվականին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին։ Միևնույն ժամանակ, Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37 թվականին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդի ձեռքով։

Պայքար հայոց գահի համար խմբագրել

40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

Տրդատ Ա-ի կարճատև գահակալություն խմբագրել

 
Մեծ Հայքի թագավորությունը I դարի I քառորդում, Արշակունյաց հարստության առաջին գահակալների օրոք

52-ին պարթևական բանակը մտնում է Մեծ Հայք և գահ բարձրացնում Վաղարշի կրտսեր եղբայր Տրդատին։ Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ընդունում են Տրդատին, Իսկ Հռադամիզդը փախչում է Վիրք։ Սակայն զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը ետ է քաշվում Ատրպատական։ Հռադամիզդը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կրկին մուտք է գործում Արտաշատ, սակայն հայերը զենքի ուժով վտարում են նրան և 54-ին հրավիրում Տրդատին։ Հռոմի նոր կայսր Ներոնը (54-68), պարթևների դեմ ապստամբության դրդելով Վրկանաց երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկում խոշոր բանակ (24.000 զինվոր)՝ Ասորիքի կուսակալ Ումիտիոս Կվադրատոսի և Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի առաջնորդությամբ, որին պետք է միանային Կոմագենեի, Պոնտոսի, Փոքր Հայքի և Ծոփքի զորքերը։ Վաղարշ I-ը ստիպված 55-ին հաշտություն է խնդրում Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռանում Մեծ Հայքից և շարունակում է գահակալել։ Հռոմի Ներոն կայսրը Կորբուլոնին հրահանգում է տապալել Տրդատի իշխանությունը։

Տիգրան Զ խմբագրել

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական։ Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Տիգրան Զ-ն։

Հռանդեայի հաշտություն խմբագրել

61 թվականին Վաղարշ I-ը Գերագույն ժողովում Տրդատին թագավոր է պսակում և պարթևական ուժերը կենտրոնացնում Հռոմի և նրա դրածո Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարում Արածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող ամրացված վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով պաշարում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և, հանձնելով գերիներին ու կողոպտված ռազմավարը, հապճեպորեն նահանջում։

Տրդատ Ա-ի ուղևորությունը Հռոմ և հաստատումը Մեծ Հայքի գահին խմբագրել

64-ին Արևելք է ժամանում հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որը նույն Հռանդեա վայրում բանակցություններ է վարում Տրդատի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Տրդատը մեկնի Հռոմ և իր թագն անձամբ ստանա կայսրից։ 65-ին մեծ շքախմբով (3000 մարդ) Տրդատը ճանապարհվում է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվում և 66-ին վերադառնում ու խաղաղությամբ թագավորում է Մեծ Հայքում։ Տրդատ Ա-ի գահակալությամբ Մեծ Հայքում վերջնականապես հաստատվում է Արշակունիների թագավորական ճյուղը։

Արշակունյաց գահալությունը Մեծ Հայքում (52 – 428) խմբագրել

Գահակալման հետագա տարիներին (52 – 88 ) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը (Օսրոենե)՝ կրելով «Մեծ Թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք (Մծուռն, ըստ Խորենացու սակայն՝ Մծբին) քաղաքը։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II թագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով իբրև Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա կարճ ժամանակով նվաճելով երկիրը։ Տրայանոսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից հետո (117) Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ն։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։ 161-163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը. Պարթևաց Վաղարշ III թագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Տրդատ ԲԱրշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ-ն։ Ներքին անկայուն վիճում գտնվող Հռոմը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկական մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կովկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնավորվել է հայ Արշակունիների ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Արշակունիները հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ-ն, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ ձերբակալելով Խոսրով Ա-ին, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա։ Սակայն հայկական զորքերը հաղթանակ են տարել Հայք ներխուժած հռոմեական զորքերի նկատմամբ և պաշտպանել նրա անկախությունը։

 
Արշակունի արքաների քնադակը Աղցքի դամբարանում

224-227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Արշակունիների գահը, հետևողականորեն պայքարել է Արշակունյաց մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I-ը մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով, սակայն պարտվել է և նահանջել։

Սասանյանների դեմ պայքարում հայ Արշակունիները դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ II Սասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր նշանակել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին (262-272), որին հաջորդել է իր եղբայր Ներսեհը (272-293)։ Մեծ Հայքում վերջիններիս վարած հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։

297 թվականին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298 թվականին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։

Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։

Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղեցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Նրա օրոք կաթողիկոս էր Հուսիկը, որին Տիրանը քարկոծելով սպանեց, քանի որ Հուսիկը նրան թույլ չէր տվել մտնել եկեղեցի։ Պարսիկները որոշ ժամանակ անց դավադրաբար գերում և կուրացնում են արքային։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ Արշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքին դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։

Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են Փառանձեմ թագուհին ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայոց երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշիր Արշակունի արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։

Հայ Արշակունիների գահացանկ խմբագրել

Տրդատ Ա-(52/66-88)

Սանատրուկ-(88-110)

Աշխադար-(110-113)

Պարթամասիր-(113-114)

Բռնազավթված-(114-117)

Վաղարշ Ա-(117-140)

Սոհեմոս-Տիգրան-(140-161/163-186)

Վաղարշ Բ-(186-198)

Տրդատ Բ-ի(198-215)

Խոսրով Բ-(211-259)

Բռնազավթված-(259-287)

Տրդատ Գ-(287-330)

Խոսրով Գ-(330-338)

Տիրան-(338-350)

Արշակ Բ-(350-368)

Փառանձեմ թագուհի-(368-370)

Պապ-(370-374)

Վարազդատ-(374-378)

Արշակ Գ-(378-389)

Խոսրով Դ-(387-388/414-415)

Վռամշապուհ-(388-414)

Շապուհ-(415-419)

Բռնազավթված-(419-422)

Արտաշես Գ-(422-428)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ասատրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ. 1912
  • Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ.1, Երևան, 1944, h.2, մաս 1, Երևան, 1957
  • Հայ ժողովրդի պատմություն, h.1., Երևան, 1971
  • Toumanoff C., The Third century Armenian Arsacids. A chronological and genealogical commentary. “Revue des études arméniennes”, nouvelle serie, 1970, t.6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 107