Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)

Էրեբունի ամրոց, պատմական հուշարձան, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա։ Հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։

Էրեբունի ամրոց
Նկարագրություն
ՏեսակՊետական նշանակության հնագիտական հուշարձան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԷրեբունու փողոց 38
Վարչական միավորԷրեբունի վարչական շրջան
ԵրկիրՀայաստան
Կազմված է մասերիցՄիջնաբերդ, Բնակելի թաղամաս և Թանգարանի շենք. Երևանի հիմնադրման պատմության թանգարանը
ԿառուցվածՄ.թ.ա. 782
ԿառուցողԱրգիշտի Ա
ՃարտարապետԱրգիշտի Ա
Ընթացիկ վիճակԱնմխիթար
Վերահսկվում էԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Քարտեզ
Քարտեզ
 Erebuni Fortress Վիքիպահեստում

Պատմական ակնարկ

խմբագրել
 
Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում տեղակայված Արին բերդ բլրի վրա են պահպանվում Հայաստանի Հանրապետության հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այն կառուցվել է Ք․ ա․ 782թ. ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի ՝ Արգիշտի I-ի (Ք․ ա. մոտ. 786-765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է  վերաբնակեցրել 6600 զինվորների։ Դեռևս 1879-ին բլրի ստորոտից հայտնաբերված առաջին սեպագիրը, այնուհետև   ռուս հնագետ Ա. Ա. Իվանովսկու ուսումնասիրությունները, միանշանակ, ձևավորում են մասնագիտական հետաքրքրություն հնավայրի նկատմամբ, իսկ 1950-ին սկսվում են Էրեբունի ամրոցի կանոնավոր պեղումները՝ Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Հենց առաջին իսկ տարում հայտնաբերված սեպագիր արձանագրությունից պարզվում է, որ այս ամրոցը կառուցվել է Արգիշտի I արքայի կողմից իր թագավորության հինգերորդ տարում` Ք․ ա․ 782թ., և անվանվել Էրեբունի (Էրբունի)։ Այսօր արդեն  2800-ամյա Երևանը` Հայաստանի Հանրապետության և համայն հայության մայրաքաղաքը, այդ բերդաքաղաքի ուղղակի ժառանգորդն է և ի հպարտություն բոլոր երևանցիների` մեկը աշխարհի հնագույն մայրաքաղաքներից։ Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ  հնագիտական հուշարձանն է  Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում։

Ամրոցի կառուցվածքը

խմբագրել
 
Ամրոցը

Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` պալատական, կրոնական և տնտեսական  կառույցներով։ Կրոնական հատվածում է գտնվել որմնանկարներով զարդարված Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը, որի մի հատվածն ավելի ուշ շրջանում (Ք․ ա․ VIդ.) վերակառուցվել ու վերածվել է սյունասրահի` ապադանայի։ Վերակառուցումներ են կատարվել նաև տնտեսական մասում։ Դատելով հայտնաբերված հնագիտական նյութերից` այն հանդիսությունների մեծ դահլիճ է եղել` զարդարված ծիսական ու կենցաղային բնույթի բազմերանգ որմնանկարներով։ Մասնավորապես, այդ  են վկայում նաև տեղում պահպանված 5 բազալտե սյունախարիսխները, որոնց վրա արձանագրած տեքստերը հաղորդում են, որ այդ պալատը կառուցել է Արգիշտի I-ը։ Հավանաբար Սարդուրի II ի կամ նրա հաջորդների օրոք, երբ Վանի թագավորությունը կորցրել է իր դերն ու հզորությունը, դահլիճը վերածվել է հսկայական մառանի, ուր տեղադրվել են մոտ 40 000 լ ընդհանուր տարողություն ունեցող 40 և ավելի հսկայական կարասներ` գարեջրի և գինու համար։ Վարչապալատական հատվածում են գտնվել կառավարչի` 3 սենյակներից կազմված կառույցը, Իվարշա աստծուն նվիրված Սուսի ուղղանկյունաձև տաճարը և, հավանաբար, վերջինիս գործունեությանն առնչվող կցակառույց սենյակների համալիրը, որը դարձյալ մասնակի վերակառուցումների է ենթարկվել Ք, ա. VI դարում[1]։

Հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ

խմբագրել

Հայ-ֆրանսիական համատեղ պեղումներ

խմբագրել

Էրեբունի ամրոցում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով՝ 2008 թվականից արգելոց-թանգարանը գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում Բրետանի (Ֆրանսիա) հնագիտական առաքելության հետ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից 2008-2016թթ. համար արտոնված ծրագրի շրջանակում և Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ու Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աջակցությամբ։ Այդ համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի  խթանման համար։ Համագործակցության առանցքում դրված են հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով[2]։

 
Էրեբունի ամրոցը

2012 թ. ծրագիրը

խմբագրել

«Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման և այցելուների սպասարկման բարելավման նպատակով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. մշակել է ծրագիր, որը նախատեսում է հնավայրի ցանկապատում, Էրեբունի միջնաբերդի վերականգնում, հնավայրում սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, միջնաբերդին հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցում, թանգարանի շենքի վերակառուցում, օժանդակություն սահմանափակ կարողություններով մարդկանց ( արդեն իրականացվել է ) և այլն[3]։  

Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանգուցվում են 2 հինավուրց մշակույթներ` ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից` Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության համար կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։ Էրեբունիի պեղումները բացահայտել են ուրարտական մշակույթի բազմազանությունը բնութագրող հարուստ հնագիտական նյութ՝ Ուրարտուի տնտեսության, կերպարվեստի ու քաղաքաշինության, ի մասնավորի՝ ամրաշինական, պաշտամունքային ու պալատական ճարտարապետության, շինարվեստի, խեցեգործության և այլ բնագավառների վերաբերյալ։ Հատկապես ուշադրության են արժանի ամրոցի տարածքից գտնված կոթողային ոճի 23 սեպագիր արձանագրությունները, ինչը բացառիկ երևույթ է ուրարտական ամրոցների մեջ։ Գտնված 2 նույնօրինակ սեպագրերը համարվում են ՀՀ քաղաքամայր Երևանի ծննդյան վկայագրերը, որոնք թույլ են տալիս այն դասել աշխարհի հնագույն մայրաքաղաքների շարքին։ Էրեբունի քաղաք-ամրոցի գոյությունը Երևանին հաղորդում է մեկ այլ նշանակություն, որը կարելի է սահմանել որպես՝ գեղագիտական, պատմական, գիտական, սոցիալական, հոգևոր նշանակություն` թե´ անցյալի, թե´ ներկա և թե´ ապագա երևանցիների համար։

 
Արին բերդ բլուր

Էրեբունիի հնագիտական ուսումնասիրությունները պարզորոշ ապացուցել են, որ կյանքն այս քաղաքում շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև ժամանակակից Երևանը, նույն անվամբ, միայն դարերի ընթացքում փոխակերպված ձևով` Էրեբունի, Երեվունի, Երևան։ Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնի Էրեբունի ամրոցի պատմությունը։ [2]                                                                                                                             

Ուրարտուի թագավոր Արգիշտի I֊ի կողմից կառուցված Էրեբունի ամրոցի մասին կառուցման արձանագրություն
 
Հայտնաբերվել է 1950 թվականին
Թարգմանություն՝ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի».

Էրեբունի թանգարան

խմբագրել

Հնավայրի ներկա վիճակը

խմբագրել
 
Ամրոցի կենտրոնական հատվածում գտնվող Խալդի աստծո տաճարի պատ, որը ենթարկվել է վանդալիզմի

Էրեբունի ամրոցը, չնայած հանդիսանում է

Հայաստանի Հանրապետության հանրապետական նշանակության հուշարձան, գտնվում է անմխիթար վիճակում։ Ամրոցի պարսպի և շինությունների որոշ հատվածներ վերջին տարիներին փլուզվել կամ քայքայվել են։ Որմնանկարներով պատված պատերին առկա են վանդալիզմի հետքեր և մերօրյա գրություններ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պատմական ակնարկ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  2. 2,0 2,1 «Պեղումներ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆոնդեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 90  
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/19