Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազոխ (այլ կիրառումներ)

Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի հարավային մասում, Հադրութի շրջանում։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով կուսումնասիրվեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով[1]

Ազոխ
Տեսակքարանձավ
ՄայրցամաքԵվրասիա
ԵրկիրԱրցախ
ՎարչատարածքՄարտունու շրջան
Երկարություն600 մետր
ԲԾՄ1400 մետր
Մակերեսմոտ 8000 քառակուսի մետր
Հայտնաբերում1960
Քարտեզ
Քարտեզ

1968 թ. պեղումներով հայտնաբերվել է նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկրը, որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։ Մինչև այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա)։ Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, գտնվել են նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այս գործիքների հետքերը[2]։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, որ մարդը Հայաստանի տարածքում ապրել է շուրջ երկու միլիոն տարի առաջ[3]։

Ազոխի քարանձավ

խմբագրել

Ազոխից հայտնաբերված ծնոտը մեզ է հասել այն ժամանակաշրջանից, որը անցումային էր Հոմո-հայդելբերգենեզիսից, Հոմո-նեադերտալեզիսի և Հոմո-նեադերտալեզիսից, Հոմո-սապիենս։ Վերջին հնագիտական պեղումները և Կովկասում իրականացրած հայտնագործությունները վկայում են այն մասին, որ նախամարդը զբաղեցրել է այս տարածքը մոտավորապես 2.000.000 տարի։ Հնէաբանները առաջարկում են պեղումնային ամենացածր շերտի գտածոները ամրագրել վաղ պալեոլիթյան ժամանակաշրջանի (Նախաաշելյան), աշխարհի ամենահին ժամանակաշրջանին (730,00-1,500,000 տարի) և որը շատ կողմերով նման է Օլդուվայան մշակույթին՝ Տանզանիայի Օլդուվա կիրճից, և մշակույթ, որը ստեղծել է հանրահայտ Լասկո քարանձավը Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Ազոխ քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը նաև նշանակալի է մարդու էվոլյուցիայի, հնամարդաբանական ուսումնասիրություններում։ Քարանձավը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ։ Այն գտնվում է գետահովտի վերևում (827 մ ծովի մակարդակից), նույնանուն գյուղից շուրջ 200 մ բարձրության վրա (N 39°37.14', E 46°59.31), հովտի արևմուտքում վեր է խոյանում Մեծ Քիրսը (3000 մ), իսկ արևելքից, հյուսիսից և հարավից շրջափակված է խիտ անտառներով։

Ազոխի քարանձավն աշխարհագրորեն տեղակայված է բնական միջանցքում, որով հնագույն մարդիկ և մյուս կենդանի արարածները գաղթել են Աֆրիկայից դեպի Եվրոպա։ Այն վկայություն է, որ ժամանակակից մարդիկ և նրանց նախնիները բնակվել են կովկասյան տարածաշրջանում, փաստվում է չորս տարածքներից, այդ թվում և Ազոխի քարանձավից հայտնաբերված մնացորդներով։ Մնացած երեք տարածքներն են՝ Դմանիսին (Վրաստան), Մեզամայսկայա քարանձավը հյուսիս-արևմտյան Կովկասում և Բարակայի քարանձավը Արևմտյան Կովկասում։

Հարավարևմտյան ուղղություն ունեցող ազոխյան այս հնավայրը բաղկացած է բազմաթիվ քարացուկային խոռոչներից, որոնք կազմում են ընդարձակ կրաքարե կարստային համակարգ։ Այն հայտնաբերվել է 1960 թվականին, և քարանձավի մուտքերից մեկը (Ազոխ 1) նախորդ արշավախմբի կողմից տարիներ շարունակ ենթարկվել է ինտենսիվ պեղումների՝ անեղծ թողնելով այս սրահի հետնամասի և կողմնային հատվածների նստվածքաշերտերը։ Նշված պեղումների ընթացքում հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված։ Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջաններին, որը ներկայումս համարվում է հայդելբերգյան մարդու դարաշրջան։ Հայտնաբերված հատվածը, որը շուրջ 300,000 տարեկան է, կարևոր նշանակություն ունի, քանի որ այն պատկանում է հնագույն մարկանց այս խմբի ամենաարևելյան ներկայացուցչին։ Այն կարևոր լրացում է նաև Կովկասի տարածաշրջանում հնագույն մարդկանց բրածո մնացորդների ուսումնասիրության ոլորտում[4]։

Ազոխի քարանձավի պեղումները 2002-2006

խմբագրել
Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Բավականին մեծ տեղեկատվություն է կորել սկզբնական պեղումների ժամանակ, քանի որ դրանք համակարգված և միջդիսցիպլինար բնույթ չէին կրում։ Ազոխի քարանձավի ծրագիրը վերսկսվել է ներկայիս միջազգային և բազմադիսցիպլինար գիտահետազոտական արշավախմբի կողմից 2002 թվականին՝ ԼՂՀ կառավարության հրավերով և շարունակվում է առ այսօր։ Արշավախմբի կողմից 2002 թվականին մեկնարկած աշխատանքում կիրառվում են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ գտածոների տարածական և ժամանակային բաշխվածության տվյալներ ստանալու, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իռլանդիայի Հանրապետությունից։ Աշխարհի ավելի քան 30 երկրներից գիտնականները հետազոտում են պեղված նյութը և իրականացնում այլ բնույթի աշխատանքներ։ Նոր հետազոտական խմբի հիմնական նպատակն է՝ համապարփակ կերպով բնութագրել պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածում հնագույն մարդկանց գաղութները և բնակեցումը Փոքր Կովկասում։ Առ այսօր իրականցված աշխատանքի արդյունքում բացահայտվել են տեղանքի վերաբերյալ նոր հանգամանքներ, որոնք պեղումների նախորդ փուլում հայտնի չէին։ Պեղումների այս նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականությունը։ Բացի այդ, վկայություն կա, որ տարբեր ժամանակներում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ հայդելբերգյան մարդը, նեանդերթալյան մարդը և մարդ բանականը։ Հայտնաբերվել են բազմաթիվ նոր քարանձավային մուտքեր, այդ թվում՝ Ազոխ 5-ը, որը քարացուկային և հնագիտական չվնասված մնացորդներով անեղծ սրահ է։ Շերտագրական և ժամանակագրական առումով այն նման է նախկինում հայտնաբերված Ազոխ 1-ին, ուստի, այստեղ ևս հնագույն մարդու բնակման վկայություններ գտնելու հավանականություն կա։ Ազոխ 2-ի ամենահին շրջանը (շուրջ մ.թ. 780 թվական) ներկայացնում է արաբական արշավանքների ժամանակաշրջանը։ Այս սրահում հայտնաբերվել են խեցեղենի նմուշներ, որոնք կրում են Իսպանիայում գտնված նույն ժամանակաշրջանի արաբական խեցեղենին բնորոշ հատկանիշներ։ Ազոխ 5-ի ամենավաղ ժամանակաշրջանը թվագրվում է մոտ մ.թ.ա. 384 թվականը, որը նշանավորում է երկաթի դարաշրջանի վերջը և հելլենիստական քաղաքակրթության սկիզբը[5]։

Քարե գործիքներ

խմբագրել

Քարե գործիքները հնագույն մարդկանց առկայության և գործունեության ամենահաստատուն վկայությունն են։ Ազոխ 1-ում գործիքներ են հայտնաբերվել տարբեր հողաշերտերից, ինչը նշանակում է, որ հավաքածուները տեսակավորվում են ժամանակագրորեն և ըստ գործիքների տեսակների։ Այս հավաքածուները պատրաստվել են քարանձավում բնակություն հաստատած հնագույն մարդկանց տարբեր հմբերի՝ հայդելբերգյան մարդու և նեանդերթալյան մարդու կողմից։ Քարե գործիքները մատնանշում են, որ այս վաղ մարդիկ տարբերվում էին դրանց արտադրության և տեխնոլոգիայի վերաբերյալ իրենց գիտելիքով։

Մինչ այժմ ձեռք բերված հավաքածուն հիմնականում պարունակում է պարզ հատիչներ, երկկողմ հատիչներ, սայրեր, քերիչներ և այլն։ Գործիքները պատրաստված են այնպիսի հումքային նյութերից, ինչպես կայծքարը, դաշտաքարը և օբսիդիանը։ Դեռևս դժվար է դրանք հստակ վերագրել որոշակի տեխնոլոգիայի։ Հետագա ուսումնասիրությունների ընթացքում կստուգվի՝ արդյո՞ք այս գործիքների հեղինակը հայդելբերգյան մարդն է։

Ազոխ 1-ում հայտնաբերված որոշ կենդանիների ոսկորների վրա առկա են քարե գործիքով արված կտրվածքի հետքեր, որոնք մատնանշում են կենդանիների մորթված լինելու հանգամանքը։ որոշակի փաստեր վկայում են, որ քարե գործիքների արտադրությունը հիմնականում տեղի է ունեցել քարանձավից դուրս։ Բացի այդ քարե գործիքների փոքր քանակությունը, ինչպես նաև նմուշների ինտենսիվ մշակման սուղ վկայությունը նույնպես խոսում են հնագույն մարդկանց կողմից քարանձավի կարճաղամկետ բնակեցումների մասին։ Ազոխի հնագույն մարդիկ քարե գորձիքների պատրաստման համար հիմնականում օգտագործել են տեղական ծագման հումքային նյութեր, ինչպես օրինակ՝ քարանձավում և շրջակայքում գոյացած կայծքարերի տեսակներ։ Փոքր քանակությամբ օբսիդիանի գործիքների առկայությունը վկայում է ավելի հեռավոր աղբյուրների մասին։ Ազոխից շուրջ 100 կմ հեռավորության վրա գտնվող Սյունիքը, ըստ երևույթի, եղել է այս նյութի ամենամերձավոր աղբյուրը։

Ազոխի քարանձավի կենդանական աշխարհը

խմբագրել

Ազոխ 1-ում տարբեր ժամանակաշրջանների ընթացքում մեծ քանակությամբ քարանձավային արջեր են եղել։ Այս կենդանիները հայտնաբերվել են միջին պլեյստոցենի դարաշրջանի Եվրոպայի տարածքներում, բայց ներկայումս բնաջնջված են։ Դրանք բավականին զանգվածեղ էին, հավանաբար՝ մինչև 4 մետր, որոնց մարմինը կշռում էր մոտ 700 կգ։ Ազոխի քարանձավային արջերը պատկանում են աշխարհում հայտնի հնավայրերից հայտնաբերված խոշորագույնների թվին։ Ազոխում դրանց առկայությունը առանցքային տեղ է գրավում այս տարածաշրջանում մարդկանց կացութաձևը և գույության ձևերը հասկանալու գործում։

Քարանձավում հայտնաբերվել են նաև արջի մեկ այլ տեսակի՝ շագանակագույն արջի մնացորդներ։ Ներկայումս այս տեսակը գոյություն ունի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ենթադրվում է, որ քարանձավային արջը սննդի կարևոր աղբյուր է եղել թե հայդելբերգյան, և թե նեանդերթալյան մարդու համար։ Ազոխի քարանձավի պեղումներով հայտնաբերված քարանձավային արջի ոսկորներից շատերի վրա առկա են կտրած հետքեր։ Դրանք առաջացել են, երբ հնագույն մարդիկ քարե գործիքներով անջատել են միսը, սննդում օգտագործելու նպատակով։ Հայտնաբերվել են նաև քարանձավային արջի այրված ոսկորներ մարդու պատրաստված օջախներում, ինչը վկայում է, որ նրանք նաև խորովել են միսը։ Հավանաբար մարդիկ որսում էին հիվանդ կամ վիրավոր, ինչպես նաև ձմեռվա քնով թուլացած արջերին։ Նրանք կարող էին օգտագործել նաև մահացած արջերի միսը։ Այս գործունեությունը, ըստ երևույթին, իրականացվել է քարանձավի հետնամասի այն հատվածում, որտեղ ներկայումս պեղումներ են կատարվում։ Ազոխ 1-ում բավականին տարածված են քարանձավային արջի ոսկորներ, ատամներ և ճանկեր։

Անցած 300,000 տարիների ընթացքում քարանձավում բնակվել են նաև չղջիկների բազմաթիվ տեսակներ, ընդ որում տարբեր տեսակներ են հայտնաբերվել քարանձավի տարբեր հատվածներում և մուտքերում, այդ թվում՝ Ազոխ 1-ում։

Ազոխի քարանձավում հայտնաբերված են այլ կենդանիներ ևս, որոնց մի մասը ներկայումս բնաջնջված են, ներառում են՝ հսկա եղջերու, ռնգեղջյուր, բիզոն, ձիեր, գայլեր, բծավոր բորենի, աղվես, ընձառյուծ, մացառախոզ, խոզ, այծ, կրծողներ և կրիա։ Քարանձավում հայտնաբերված կենդանիներից մի քանիսը ներկայումս հանդիպում են միայն Աֆրիկայում (օրինակ՝ ռնգեղջյուր, բծավոր բորենի, ընձառյուծ), բայց անցյալում եղել են նաև Եվրոպայի տարածքում, օրինակ` հսկա եղջերուն։ Ազոխում հանդիպող որոշ կենդանատեսակներ ծագել են Աֆրիկայում` բորենին և ռնգեղջյուրը։ Աֆրիկյան այս տեսակների առկայությունը մատնանշում է, որ Աֆրիկայի և Եվրոպայի միջև ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների տեղաշարժեր են եղել[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «AGBU London». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. «Antiquity Journal». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «XVI INQUA Congress». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
  4. http://oa.upm.es/3960/2/TORRES_CL_2009_01.pdf
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  6. http://www.igme.es/museo/fonelas/ficheros%20pdf/Quaternary%20International%202001.pdf

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել