Ընկուզենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Ընկուզազգիներ (Juglandaceae)
Ցեղ Ընկուզենի (Juglans)
L., 1753

Ընկուզենի (լատին․՝ Júglans), ընկուզենու ճյուղը՝ տերևներով, ծաղիկներով, պտղով։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել
 
Բողբոջը։
 
Ընկույզ։

Ընկուզենին տերևաթափ խոշոր ծառ է։ Ընկուզենին ճյուղատարած, խոշոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ և ավելի, բնի տրամագիծը՝ մինչև 1,9 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևն անհարթ է՝ բաց մոխրագույն երանգով։ Սաղարթը խիտ է, լայն, արմատային համակարգը՝ հզոր։ Տերևները խոշոր են, բարդ, կենտփետրաձև, հոտավետ։ Միատուն բույս է։ Ծաղիկները միասեռ են, արականները ծաղկաբույլեր (կատվիկներ) են, իգականները (1 կամ 2-3-ական) գտնվում են միամյա ընձյուղների ծայրերին։

Ընկուզենին երկարակյաց է. ապրում է 300-400 տարի։ Լավ աճում է չափավոր խոնավ, ավազակավային հողերում։ Լուսասեր է և ջերմասեր, սակայն դիմանում է մինչև -25 °C ցրտերին։ Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով։ Պատվաստված ծառերի բերքատվությունն սկսվում է 8-10-րդ տարում և շարունակվում մինչև 150-200 տարի։ Մեկ ծառը կարող է տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք։

Պտուղը

խմբագրել

Պտուղը կորիզապտուղ է (ընկույզ), կեղևը՝ փայտացած, կարծր՝ արտաքինից ծածկված կանաչ, հյութալի պատյանով։ Չհասունացած ընկույզից (հարուստ է C վիտամինով) պատրաստում են մուրաբա, հասուն սերմերն օգտագործվում են խոհարարական, հրուշակեղենի արտադրության մեջ և յուղ ստանալու համար։ Ընկույզի կանոնավոր օգտագործումը լավացնում է հիշողությունը, վերականգնում առողջությունը՝ ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության ժամանակ։ Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են աղաղանյութեր, շագանակագույն ներկանյութ, եթերայուղեր։ Ընկուզենու տերևներն ունեն միջատասպան հատկություն, որի պատճառը տերևներում պարունակվող յուգլոն ներկանյութն է։ Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա. առաջացնում է գլխացավ և ընդհանուր թուլություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում երկար մնալ ընկուզենու մոտ։

Քիմիական կազմը

խմբագրել

Տերևները պարունակում են խինոններ, ֆլավոնոիդներ, վիտամին, ասկորբինաթթու (4—5 %), խեժեր (3—4 %), β-կարոտին (100 գրամին 12 մգ), եթերայուղեր (մինչև 0,03 %)։

Խակ պտղի մեջ մեծ է ասկորբինաթթվի պարունակությունը (մինչև 10 %). Պտղի միջուկները պարունակում են ճարպայուղ (մինչև 60—76 %), սպիտակուցներ (մինչև 21 %), ածխաջրեր (մինչև 7 %), К և Р վիտամիններ, ամինաթթուներ։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է Փոքր Ասիայում, Միջին Ասիայում, Բալկանյան թերակղզում, Իրանում, Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում։ Հայտնի է ընկուզենու 7-9 տեսակ։ Հայաստանում (Տավուշի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզեր) և Ղարաբաղում տարածված է սովորական ընկուզենին (գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում). աճում է քարքարոտ տաք լանջերին, այգիներում, գեղազարդիչ տնկարկներում։

Աշխարհում ընկույզ արտադրող տասն առաջատար երկրները (հազար տոննա)
Երկիրը 1985 1995 2005 2009
  Չինաստան 122 230 499 979
  ԱՄՆ 198 212 322 376
  Թուրքիա 110 110 150 177
  Իրան 31 119 170 141
  Ուկրաինա Տվյալներ չկան 76 91 83
  Մեքսիկա 6 6 80 70
  Ֆրանսիա 27 22 33 41
  Ռումինիա 39 22 48 38
  Հնդկաստան 15 25 32 36
  Եգիպտոս Տվյալներ չկան Տվյալներ չկան 27 27
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպություն։

Օգտագործումը

խմբագրել
 
Ընկուզենու փայտը

Սերմը կամ միջուկը պարունակում է 45-72% ճարպեր, 8-21% սպիտակուցներ, վիտամիններ, մետաղական միացություններ, աղեր և այլ օգտակար նյութեր (100 գ միջուկի սննդային արժեքն է 6000 կալորիա

Ընկուզենին օգտագործվում է նաև անտառապատման և կանաչապատման նպատակով։

Փայտանյութը

խմբագրել

Շատ արժեքավոր է ընկուզենու ամուր, ճկուն, լավ հղկվող բնափայտը, որը կիրառվում է ատաղձագործության և շինարարության մեջ՝ բարձրորակ կահույք, նրբատախտակ և այլ արտադրանք պատրաստելու համար։ Ընկուզենու փայտը լայնորեն օգտագործվում է հրազենի կոթեր պատրաստելու համար։ Դա է պատճառը, որ պատերազմների ժամանակ չափահաս ծառերի քանակը կտրուկ նվազում է[1]։
Ընկուզենուց ստացված փայտանյութը մանրաթելային է, ունի միջին ամրություն և 450-ից 750 կգ/մ3-ի հասնող խտություն։ Ծռվելու նկատմամբ մեծ է դիմադրությունը, խոնավադիմացկուն է, լավ է մշակվում և ներկվում։ Չորացնելիս ուժեղ ծռմռվում է, սակայն, չորացված վիճակում ձևը պահպանում է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. D. Grosser, W. Teetz. Einheimische Nutzhölzer (Loseblattsammlung). — Herausgeber: CMA und AG Holz, 1985. — ISSN 0446-2114.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 108  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընկուզենի» հոդվածին։