Վասպուրական

Մեծ Հայքի նահանգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասպուրական (այլ կիրառումներ)

Վասպուրական, Մեծ Հայքի 8-րդ նահանգը։ Ընկած էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև։Նահանգն ուներ հետևյալ սահմանները․ արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրաշարքը,հարավում՝ Հայկական Տավրոսի մի հատված,արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով,իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները։

Վասպուրական
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է37 գավառ
Գլխավոր քաղաքՎան
Այլ քաղաքներԽլաթ, Բերկրի, Նախիջևան, Բակուրակերտ, Մարանդ, Ջուղա
Կառավարող տոհմ(եր)Արծրունիներ, Ռշտունիներ, Մարդպետունիներ, Ամատունիներ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Տարածք40,870 կմ 2 (տարածքով 1-ին) կմԱ
Ներկայիս երկրներԹուրքիա Թուրքիա
Իրան Իրան
Ադրբեջան Ադրբեջան
Ազգային կազմ
ՊատմականՀայեր
ՆերկաՔրդեր, թուրքեր, ազերիներ, պարսիկներ, փոքրաթիվ հայեր
Կրոնական կազմ
ՊատմականՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՆերկաԻսլամ
Վասպուրականը Մեծ Հայքի քարտեզի վրա

Անվանում, դիրք, սահմաններ և բնական պայմաններ խմբագրել

V-րդ դարի պատմիչների մոտ Վասպուրական անունը հիշատակված չէր, բայց դրան հակառակ, շատ էր նշվում Տոսպ, Ռշտունիք,Արտազ, Ազբակ և այլ գավառների անունները։ Այլ կերպ լինել չէր կարող,քանի որ Վասպուրականը, որպես վարչաքաղաքական միավոր այն սահմաններով, ինչ-որ նկարագրված է «Աշխարհացոյց»-ում, արդյունք էր Հայաստանի 591 թվականի բաժանման։ Հավանաբար, Վասպուրական բառը փոխառված է հին պարսիկներից, և բաղկացած է վասպուր (հայերեն՝ իշխանական,ազնվական) արմատից և երկիր ցույց տվող «ական» վերջավորությունից։ Ըստ դրա էր, Վասպուրական բառը նշանակում է ազնվական երկիր, իշխանական երկիր։ Վասպուրականն ընկած էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև։Նրա սահմանները,երկրի քաղաքական դրության անկայուն լինելու պատճառով ,տարբեր ժամանակներում կրել են զգալի փոփոխություններ։ «Աշխարհացոյց»-ի տվյալներով, Վասպուրականը ուներ հետևյալ սահմանները․ արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրաշարքը, հարավում՝ Հայկական Տավրոսի այն հատվածը, որը ձգվում էր Կապուտկող գագաթից դեպի արևելք, արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով, իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները,որոնք ընկած էին Արաքսի ձախ կողմում։

Ֆիզիկաաշխարհագրական տեսակետից Վասպուրականը մասնատված է բազմաթիվ շրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունի ռելիեֆի, կլիմանի, ջրագրության, հողերի և բուսական աշխարհի յուրահատուկ պայմաններ։Երկրում փռված են մի քանի ընդարձակ դաշտեր, որոնք ունեն խիստ ցամաքային կլիմա, առանձնապես նշանավոր են Հայոց ձորի (Խոշաբի հովտում),Արճակի(Արճակ լճի շրջակայքում), Աղաբայի(Բերկրի գետի ձախ կողմում), Մակուի և Նախիջևանի դաշտերը։

 
Վանա լիճ

Այդ դաշտերում արհեստական ոռոգումն ապահովելու դեպքում կարելի է աճեցնել բազմատեսակ կուլտուրաներ։

Արհեստական ոռոգման համար Վասպուրականն ունի հոսող ջրի մեծ պաշար։ Նրա միջով են անցնում Արաքսի, Տիգրիսի և Վանա լճի ավազաններն պատկանող բազմաթին գետեր և հորդաբուխ աղբյուրներից կազմված առվակներ։ Վասպուրականն անտառների առումով աղքատ է։ Համեմատաբար ընդարձակ անտառներ կան նրա հարավային և հարավ-արևմտյան լեռնային շրջաններում։ Նահանգն ունի նավթ, պղինձ, անագ, կապար, երկաթ, աղ և այլ հանածոներ։ Նրա լճերը(հատկապես Վանա լիճը) և գետերը ձկնառատ են։

Վարչական բաժանում խմբագրել

Վասպուրականը հին Հայաստանի ամենաընդարձակ նահանգն էր։ Հնագույն ժամանակներում ամբողջապես մտնում էր Ուրարտական պետության մեջ՝ կազմելով նրա հիմնական մասը։ Արտաշեսյանների թագավորության շրջանում (Ք․ա․189-1 թվականներին) Վասպուրականի հարավային շրջանները Պարսկահայքի հետ միասին կազմում էին Նոշիրական կամ Նոր Շիրական բդեշխությունը։ Հայաստանի թե՛ առաջին (387 թվականին), թե՛ երկրորդ (591 թվականին) բաժանման ժամանակ Վասպուրականը մտավ սասանյան Պարսկաստանի գերիշխանությանը ենթակա Արևելյան Հայաստանի կազմի մեջ։

IV դարին վերաբերող վկայություններից պարզվում է, որ Վասպուրականն արդեն մասնատվել էր մի շարք նախարարությունների։ Սակայն այս լայնածավալ երկիրը հիմնականում գտնվում էր չորս հզոր նախարարական տների ձեռքին։ Դրանք էին՝ Մարդպետունի, Արծրունի, Ամատունի և Ռշտունիի նախարարական տները։ Մարդպետունիներն իշխում էին Վասպուրականի հյուսիս-արևմտյան գավառներում։ Վերջինները միասին, բացառությամբ Արտազի, ընդհանուր անունով կոչվում էր Մարդպետական աշխարհ։ Սակայն Մարդպետունի նախարարական տան գոյությունը երկար չտևեց։ Այդ նախարարական տունը, որն ամենից մոտ է կանգնած Արշակունիների արքունիքին և վարում էր մարդպետի պաշտոնը (մարդպետը արքունի գանձերի, ունեցվածքի և կանանոցի գլխավոր կառավարիչն էր), V-րդ դարի առաջին կեսին, Արշակունիների թագավորության անկման հետ միասին, վերանում է քաղաքական ասպարեզից, իսկ նրա իշխանության տակ գտնվող բոլոր գավառները՝ Մարդպետական աշխարհը, անցնում է Արծրունիների ձեռքը։

Արծրունի նախարարները սկզբնական շրջանում իշխում էին միայն Մեծ Աղբակ գավառում։

Ամատունիներն իշխում էին Արտազում (այժմյան Մակուի շրջանը)։ Արշակունիների անկումից հետո նրանք կալվածքներ ձեռք բերեցին նաև Այրարատի Արագածոտն գավառում։

Ռշտունիներին պատկանում էին երկու գավառ՝ Ռշտունիքը (Վանա լճից հարավ) և Տոսպը(Վան քաղաքի շրջակայքը)։ Վասպուրականում կային նաև բազմաթիվ այլ նախարարական տներ՝ Անձևացիք, Տրպատունիք, Երվանդունիք և այլն։

VIII-IXդարերին Արաբական խալիֆայության դաժան քաղաքականության հետևանքով Հայաստանի մյուս մասերի նախարարությունների հետ միասին Վասպուրականի նախարարություններից շատերը հարված ստացան․ դրանց զգալի մասը դուրս եկավ պատմության թատերաբեմից, որոշ մասն էլ կորցրեց իր նախկին դիրքը, քաղաքական ու ռազմական հզորությունը և վերածվեց մանր ու թույլ իշխանությունների։ Վասպուրականի նախարարությունների մեջ այդ տեսակետից բացառություն կազմեց Արծրունիների նախարարությունը։ Չնայած Արծրունիները մի քանի անգամ, հատկապես բուղայի արշավանքների ժամանակ տուժեցին Խալիֆայության կազմակերպած ավերիչ արշավանքներից ու ջարդերից, այնուամենայնիվ կարողացան պահպանել իրենց գոյությունը և հզորացան՝ հարևան նախարարական տների ոչնչացման ու թուլացման հետևանքով։ Արծրունիները, ի հաշիվ պատմական ասպարեզից դուրս եկած նախարարությունների և և իրենց նախկին դիրքը կորցրած նախարարությունների, ընդարձակեցին իրենց սահմանները։ IX դարի 2-րդ կեսին Արծրունիներն իրենց ձեռքը վերցրին ոչ միայն ամբողջ Վասպուրականը, այլ նաև վերջինիս էին միացրել Մոկաց աշխարհն ամբողջությամբ և Կորճեքի ու Պարսկահայքի մի շարք գավառներ։ Բացառություն կազմեց Նախիջևան և Գողթն գավառները, որոնցից առաջինը Վասպուրականից անջատվել է 693թվականին, մյուսը՝ 737թվականին։ Xդարի սկզբին Արծրունիներն իրենց իշխանության մեջ առան նաև Այրարատի Կոգովիտ,Տուրուբերանի Աղիովիտ(Վանա լճի հյուսիսային կողմում), Բզնունիք,Կոր և Խոռխոռունիք գավառները։ IX դարի վերջերից սկսած Արծրունիների և Սյունեցիների մեջև կռիվ է առաջանում, ինչի պատճառը Նախիջևանն էր։ Յուրաքանչյուրը փորձում էր տիրանալ Նախիջևանին, այդ պատճառով էլ այն մեկ միացվում էր Վասպուրականին, մեկ՝ Սյունիքին։ 908թվականին Վասպուրականի Գագիկ Արծրունի իշխանն ապստամբեց Բագրատունիների կենտրոնական թագավորության դեմ և Ատրպատականի արաբ էմիր Յուսուֆի օգնությամբ իրեն հռչակեց Վասպուրականի անկախ թագավոր։ Սակայն Վասպուրականի թագավորությունը մինչև վերջ էլ մնում էր իբրև Բագրատունիների կենտրոնական թագավորության վասալ, ինչպիսիք էին Սյունիքի, Վանանդի, Լոռու թագավորությունները և երկրի այս կամ այն մասում իրենց գոյությունը պահպանած հայկական իշխանություններն ու Հայաստանի տարածքում կազմավորած արաբական էմիրությունները։ 922թվականին հաստատված խաղաղությունը, որը տևեց մոտ մեկ դար, Հայաստանի մյուս շրջանների նման, Վասպուրականի համար ևս ունենում է բարերար ազդեցություն։ Այս շրջանում Վասպուրականը տնտեսության և մշակույթի բնագավառում մեծ զարգացում է ապրում․ զարգանում է առևտուրը, զարգանում են քաղաքները, բացվում են բազմաթիվ դպրոցներ, որոնցից մի քանիսը դառնում են մշակույթի խոշոր կենտրոններ։

Վասպուրականի թագավորությունն իր գոյությունը պահպանում է 110 տարուց ավելի(908-1021 թվականին)։ Այս թագավորությունը, ինչպես նաև Տարոնի իշխանությունը և Տայքի կյուրոպաղատությունը, զոհ գնաց Բյուզանդական կայսրությանը։ Վերջինս նախ գրավում է Տարոնի իշխանությունը, ապա՝ Տայքի կյուրոպաղատությունը (1001 թվականին)։ Դրանից հետո հերթը հասավ Վասպուրականի թագավորությանը։ Վասիլ II-ը, ով Բուլղարական պատերազմում հաղթանակ տարավ, սկսեց ուշադրություն դարձնել Վասպուրականին։ 1016-1021 թվականներին Վասպուրականը մի քանի անգամ հարձակման է ենթարկվում արևելյան ցեղերի կողմից։ Մի կողմից արևելյան ցեղերի հարձակումները, իսկ մյուս կողմից Բյուզանդական կայսրության ճնշումները ստիպում են Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմին՝ իր լայնածավալ թագավորությունը հանձնել Բյուզանդային՝ 1021թվականին, և դրա փոխարեն, իբրև «հատուցում», ստանալ Փոքր Հայքի Սեբաստիա (Սվազ) քաղաքն իր շրջակայքով։ Այսպիսով, 1021 թվականին վերանում է Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, երկիրը կցվում է Կայսրությանը՝ որպես նրա արևելյան պրովինցիաներից (թեմերից) մեկը։ Սենեքերիմ թագավորի հետ Սեբաստիա են տեղափոխում մի շարք ազնվականներ ու իշխաններ, ինչպես նաև հազարավոր ռամիկ բնակիչներ։

Պատմական աղբյուրների համաձայն, Սենեքերիմ թագավորի օրոք (968-1021 թվականներին) Վասպուրականում եղել է 72 բերդ ու ամրոց, 10 քաղաք, 4000 գյուղ և 115 վանք, որոնք բոլորն էլ 1021թվականին անցան Բյուզանդիային։ Բյուզանդիայի կազմում Վասպուրականը երկար չմնաց։ 1040-ական թվականներին վերջերին տեղի ունեցան սելջուկյան արշավանքները,որի հետևանքով նրանք տիրացան Վասպուրականին։ Սելջուկյան աշխարհակալ պետության մասնատման շրջանում Վասպուրականը Մոկքի, Տուրուբերանի և Բարձր հայքի հարավային գավառների հետ միասին կազմեց Շահարմենների էմիրությունը, որի մի մասը հայ-վրացական զորքերը սելջուկներից ազատագրեցին XIII դարի սկզբներին։

Վասպուրականում՝ հայերից բացի, ապրում էին հույներ, հրեաներ և ատրպատականցիներ, իսկ VIII-IX դարերից այստեղ բնակություն հաստատեցին որոշ թվով քրդեր և արաբներ։ Քրդական տարրը Վասպուրականում սկսեց ավելի ուժեղանալ XI-XII դարերից, սակայն մինչև առաջին համաշխարհային պատերազմը նրա բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը։ Վասպուրականի բնակչության թիվն իր առավելագույն չափին հասավ X դարի վերջին և XI դարի սկզբին։ Բնակչության թիվը հասնում էր ավելի քան մեկ միլիոնի, իսկ խտությունը տարբեր մասերում եղել է տարբեր։ Վասպուրականի ամենից խիտ բնակեցված շրջանները մերձլճյան գավառներն էին։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսության երկու կարևորագույն ճյուղերն էին՝ անանապահությունն ու երկրագործությունը, զբաղվում էին նաև արհեստագործությամբ, առևտրով, ձկնորսությամբ և որսորդությամբ։

Որոշ հայ պատմաբանների մոտ, ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տուրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, չունենալով «Աշխարհացույցի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է Տուրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։ 7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774-775 թվականներին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ 800 թվականին Համազասպ Արծրունին դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանը՝ այդպիսով գերիշխանության տակ առնելով Վասպուրականի բոլոր իշխաններին ու նախարարներին։

Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։

Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021

16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիան։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան[1]։

Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է Տուրուբերանին։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591 թվականի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։

Այսպիսով, Վասպուրականը կազմված էր հետևյալ 34 գավառներից (նախկինում տարածված մտքի՝ 35 գավառի փոխարեն, հանելով Աղիովիտը Վասպուրականի գավառների ցանկից).

Ճանապարհներ խմբագրել

Ք․ա․ IX-VI դդ․ Ուրարտական պետության մայրաքաղաք Տուշպան կամ Վանը Հայկական լեռնաշխարհի կարևորագույն ճանապարհների խոշորագույն հանգույցն էր։ Այն առևտրական ու ռազմական ճանապարհներով կապված էր ինչպես իր հարավային հարևան Ասորեստանի, այլ նաև Մարաստանի հետ։ Տուշպան մի շարք ճանապարհներով միանում էր Արածանիի ու միջին Արաքսի հոսանքների վրա ընկած շրջանների հետ։ Սակայն ուրարտական պետության անկումից հետո Վասպուրականի հնագույն ճանապարհները չկորցրին իրենց առևտրատնտեսական նշանակությունը։

Վասպուրականի վրայով էին անցնում Արևելքն Արևմուտքի հետ կապող տարանցիկ առևտրական ճանապարհի կարևոր ճյուղերից մեկը, որն ուներ հետևյալ նշանակությունը՝ Թավրիզ-Դիլման-Սալմաստ-Բարդուղիմեոսի վանք (այժմյան Բաշկալայից հյուսիս-արևելք)-Վան-Բերկրի-Արճեշ-Մանազկերտ։ Այս ճանապարհների նշանակությունը մեծանում է հիմնականում X-XI դարերում, բայց ի տարբերություն Այրարատով անցնող ճանապարհի, որը մենզոլական տիրապետության ժամանակաշրջանում դադարեց կարևոր դեր խաղալուց, Թավրիզ-Մանազկերտ ճանապարհը իր նշանակությամբ պահպանեց նաև հետագա դարերում, մասնավորապես XVI դարում։ Վասպուրական ի համար խոշոր նշանակություն ունեին Գողթնի և Նախիջևանի վրայով անցնող Թավրիզ-Հեր(Խոյ)-Դարոյնք տարանցիկ ճանապարհները,որոնք Վասպուրականի տարածքում ճյուղավորված էին մի շարք երկրորդական ճանապարհների ու ձգվում էին դեպի երկրի տարբեր մասերը։

Աշխարհագրական միջավայր, վիճակագրություն խմբագրել

Վասպուրականը պատմական Հայաստանի ամենամեծ նահանգներից է, որը հնում հանդիսացել է Արծրունյաց նախարարության կալվածքը։ Թուրքական տիրապետության կազմավորումից հետո (1550-ական թվականներից հետո) երբեմնի հայկական անվանումներին փոխարինեց թուրքականը. այսպես՝ Աղբակը կոչվեց Ալպաք կամ Հեքիարի, Անձրևացյաց գավառը կոչվեց Նորդուզ, Արծկեն՝ Ադիլջևազ, Արճեշը՝ Էրճիշ, Բերկրին՝ Պարկիրի, Բուժունիքը՝ Խոշապ, Կառկառը՝ Կես-կես -գալեսի, Գավաշը՝ Քեավաշ, Հադամակերտ քաղաքը՝ Հեքիարի-Պաշկալե, Մոկքը՝ Մոքուս, Սիփան լեռը՝ Սուփհան դաղ, Սպարկերտ գավառը՝ Իսպեթ կամ Սպարկիր, Վարագի վանքը՝ Ետտիքիլիսե, Սև կամ Թուխ գետը՝ Գարասու։1Վան քաղաքը և նրա շրջակա 76 գյուղերը վիլայեթի մեջ մտնող մի վարչական միավոր էին, որտեղ յուրաքանչյուր գյուղ ուներ մեկ հատուկ հայ իշխան։ Այդ 76 գյուղերից և Վան քաղաքից դուրս գտնվող գավառները ղեկավարել են թուրքական մյուդիրները։ Վիճակագրության համաձայն Վասպուրականն այդ տարիներին (1850-ական թվականներ) ուներ հետևյալ գավառները.

  1. Բերկրին (Առբերանի) - ուներ 6 հայաբնակ գյուղ, լավ արոտավայրեր
  2. Ականց (Արճիշահովիտ) - ուներ 24 գյուղ, որոնք տարածվում էին լճի հյուսիսային կողմում
  3. Արծկեն (Բզնունյաց), Բզնունյաց գավառի մի մասն էր - ուներ 17 գյուղ
  4. Խարապաշեհիր (Խլաթ), նախկին Բզնունյաց գավառի մի մասն էր - ուներ 12 գյուղ
  5. Կարճկանն (Կորդուք) - ուներ 9 գյուղ
  6. Մոկք, գտնվում էր Վանա լճի արևմտյան մասում - ուներ 52 հայաբնակ գյուղ
  7. Հիզան (Սասնո) - ուներ 44 հայաբնակ գյուղ
  8. Կառկառ - ուներ 20 գյուղ
  9. Գավաշ (Ռշտունիք), գտնվում էր Վանա լճի հարավային մասում՝ Աղթամար կղզու դիմաց - ուներ 32 գյուղ
  10. Ոստան և Հայոց ձոր, գտնվում էր Ռշտունյաց և Տոսպ գավառների միջև - ուներ 32 գյուղ
  11. Շատախ կամ Բասենդաշտ, գտնվում էր Հայոց ձորի և Ոստանի մոտ՝ Արտոս լեռից հարավ - ուներ 45 գյուղ
  12. Մամռտանք - ուներ 4 գյուղ 2

Գավառներ խմբագրել

Ըստ VII դարի «Աշխարհացոյց»-ի, Վասպուրականը բաղկացած էր 35 գավառներից,բայց «Աշխարհացոյց»-ում հիշատակված է դրանցից միայն 32-ը։ Վասպուրականի գավառներն են՝ Ռշտունիք, Բոգունիք, Տոսպ, Արճիշակովիտ կամ Արճիշաովիտ, Աղիովիտ, Կուղանովիտ, Առբերանի, Գառնի կամ Դառնի, Բաժնունիք, Առնոյոտն, Անձևցիք կամ Անձավացիք, Ատրպատունիք կամ Տրպատունիք, Երվանդունիք, Մարդաստան, Արտազ, Ակե, Մեծ Աղբակ, Անձահիձոր կամ Անձախիձոր, Թոռնավան կամ Թոնրավան, Ճվաշռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկան կամ Դոկան, Աղվանդռոտ կամ Աղանդռոտ, Պատսպարունիք կամ Պատսպարունիք, Արտաշեսյան, Արտավանյան կամ Աբդավանան, Բաքան կամ Բագան, Գաբիթյան կամ Գավիթյան, Գազրիկան կամ Գազրիկանք, Տայգրյան կամ Տագրյան, Վարաժնունիք կամ Վարժնունիք, Գողթն, Նախճավան։

Անանիա Շիրակացին ծանոթ է եղել միայն Վասպուրականի 18 գավառներին, իսկ մյուսների աշխարհագրական դիրքին անծանոթ էր։ Դա երևում է նրանից, որ իր «Աշխարհացոյց»-ում Վասպուրականի 18 գավառները նկարագրված են հաջորդական կարգով՝ հարավից հյուսիս ուղղությամբ՝ երեք շարքով։

  • Առանձին շարքի մեջ են մտնում հետևյալ 6 գավառները․ Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Առբերանի և Գառնի։ Սկսվում է Վանա լճից հարավ գտնվող Ռշտունիքով և վերջանում Գառնիով,որը սահմանակցվում է Այրարատի Կոգովիտ գավառին։
  • Երկրորդ շարքի գավառները տեղադրված էին առաջին շարքում հիշատակված գավառներից անմիջապես արևելք և դարձյալ թվարկված են հարավից հյուսիս ուղղությամբ։ Այստեղ թվարկված է 7 գավառ՝ Բաժնունիք, Անձևացիք, Առնոյոտն, Տրպատունիք, Երվանդունիք, Մարդաստան և Արտազ։
  • Երրորդ շարքի գավառները գտնվում են երկրորդ շարքի գավառներից արևելք։ Այս շարքում նույնպես գավառների թվարկությունը կատարված է հարավից հյուսիս ուղղությամբ և թվարկված է 5 գավառ՝ Ակե, Մեծ Աղբակ, Անձահիձոր, Թոնրավան և Ճվաշռոտ։ Ճռվաշռոտը տարածվում էր Արաքսի աջ կողմում, և հյուսիսում նրա սահմանը կազմում էր Արաքս գետը։

Այս գավառների հաջորդականությամբ թվարկումը հնարավորություն է տալիս աշխարհագրական դիրքն ավելի հեշտությամբ որոշել։

Ռշտունիք կամ Ըռըշտունիք խմբագրել

Ռշտունիք անունը Ուրարտու անվան հայկական ձևն է։ Այս լեռնային գավառը տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջաններում, նրա և Հայկական Տավրոսի ջրաբաժան բարձրությունների միջև։ Ռշտունիքի մեջ մտնում էր Աղթամար կղզին։ Երկրի մի զգալի մասը պատած է սաղարթավոր անտառներով։ Ունի բերրի հող և նպաստավոր կլիմայական պայմաններ գյուղատնտեսության և այգեգործության համար։ Ռշտունիքը Տոսպի հետ միասին կազմում էր Ռշտունյաց նախարարությունը, որը կարևոր դեր խաղաց հատկապես VII դարում։ IX դարում այս գավառը Վասպուրականի բազմաթիվ այլ գավառների հետ միասին ենթարկվեց Արծրունյաց իշխանությանը։ Ռշտունիքում հիշատակվում են բազմաթիվ պատմական վայրեր, որոնցից մի քանիսը կարևոր դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։

Ոստան խմբագրել

Ավան, երբեմն կոչվում է քաղաք, գտնվում է այժմյան Ոստանի տեղում՝ Արտոս լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին։ Ոստանի կլիմայական պայմանները մեղմ ու բարենպաստ են։Իբրև Ռշտունյաց իշխանանիստ ավան ունեցել է իր բերդը, որը պատած է եղել ամուր պարիսպներով։ Ոստանում շինարարական աշխատանքներ կատարվել են հատկապես Ավան, երբեմն կոչվում է քաղաք,գտնվում է այժմյան Ոստանի տեղում՝ Արտոս լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին։Արտոս լեռն ու Վանա լիճը լրացնում էին ֆեոդալական այս փոքրիկ քաղաքի հիասքանչ տեսարանը։ Ոստանի կլիմայական պայմանները մեղմ ու բարենպաստ են։ Իբրև Ռշտունյաց իշխանանիստ ավան ունեցել է իր բերդը,որը պատած է եղել ամուր պարիսպներով։Ոստանում շինարարական աշխատանքներ կատարվել են հատկապես Թեոդորոս Ռշտունի իշխանի և Գագիկ Արծրունի(908-943թթ․) թագավորների օրոք։ Այդ ժամանակներում վերանորոգվել են Ոստանի եկեղեցիները, բերդը, պարիսպները։ Գագիկի օրոք Ոստանում կատարված կառուցումների մասին մեծ հիացմունքով է խոսում Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունին։ Ոստանը չնայած առաջնակարգ քաղաք չէր, բայց իր արտակարգ նպաստավոր դիրքի շնորհիվ դարձել էր առևտրական կենտրոն։ Նա բարեկարգ ճանապարհներով արևելքում կապված էր Արտեմետի և Վանի, իսկ արևմուտքում՝ Բաղեշի հետ։ Ոստանը լճափին չէր, բայց այդ չէր խանգարում, որ այն լճով կապվեր մոտակա բնակավայրերի հետ։ Քաղաքը ամբողջապես թաղված էր մրգատու այգիների մեջ։

Նարեկա վանք խմբագրել

Այս վանքի մոտ եղել է և համանուն գյուղ։ Գտնվում էր Ոստանից արևմուտք՝ լճից 4-6 կմ վրա։

 
Նարեկա վանք

Նարեկա վանքը գոյություն է ունեցել հնուց ի վեր, սակայն արմատական վերակառուցման է ենթարկցել X դարում և հենց այդ դարում էլ դարձել է Հայաստանի մշակութային օջախներից մեկը։ Այս վանքը առանջնապես նշանավոր դարձավ նրանով, որ այստեղ ապրել է ստեղծագործել է միջնադարյան հայ մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին(951-1003թթ)։Նարեկա վանքն ունեցել է իր բարձր տիպի դպրոցը, երաժշտական դասարանը։ Պատմական տեղեկությունների համաձայն, Նարեկա վանքւոմ որոշ ժամանակ ուսանել է նաև VII դարի մեծ գիտնական Անանիա Շիրակացին։

Տոսպ խմբագրել

Տոսպ անունն առաջացել է Ուրարտական Տուշպա մայրաքաղաքի անունից։ Երբեմն այս գավառը կոչվել է նաև Վանտոսպ՝ Վան քաղաքի այստեղ գտնվելու և գլխավոր քաղաքը լինելու պատճառով։ Տոսպը տարածվում էր Վանա լճի հարավ-արևելյան առափնյա շրջաններում։ Նա իր մեջ ընդգրկում էր Վան քաղաքի շրջակայքը, որը հնագույն շրջանում եղել է Բիաինա երկրի կենտրոնական մասը։ Ունի տաք և ցամաքային կլիմա։ Արհեստական ոռոգման դեպքում այստեղ փարթամորեն աճում են արժեքավոր բազմաթին կուլտուրաներ։ Տոսպի պատմական վայրերից նշանավոր են Վանը, Արտամենը և Վարագա վանքը։

Արտամետ խմբագրել

Ավան,երբեմն ուղղակի կոչվել է Ավան գյուղ։ Հայաստանի կանգուն մնացած հնագույն բնակավայրերից մեկն է և գտնվում է Վան քաղաքից հարավ-արևմուտք՝ լճափին, այժմ նրա տեղում է համանուն աննշան գյուղը։ Արտամետի բնությունն ունի անզուգական գեղեցկություն։ Նրա հյուսիսային կողմում ծփում են Վանա լճի ջրերը, իսկ հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի մի քանի լեռնագագաթներ։ Ամբողջ ավանը թաղված էր պտղատու այգիների մեջ։ Աշնան ամիսներին Արտամետի օդը բուրում էր այգիների ընտիր խնձորների անուշ հոտով։ Արտամետը հեթանոսական շրջանում եղել է Անահիտ աստվածուհու անվան հետ կապված մեհենատեղի։

Վարագա վանք խմբագրել

Նախքան վանք հիմնվելը այստեղ գտնվում էր հեթանոսական մեհյան։ Վարագա վանքի տեղում սկզբնական շրջանում կառուցվում է անշուք եկեղեցի, իսկ հետագայում՝ IXդ․ վերջերին և Xդ․սկզբներին հիմնվում է վանքը։ Հենց այս ժամանակ էլ Վարագա վանքը դառնում է մշակույթի կենտրոններից մեկը։ Նրան կից գործում էր դպրոց և հարուստ մատենադարան(ձեռագրատուն)։

 
Վարագավանք,1900 թ․
 
Վարագավանք

Վարագայում շինարարական մեծ աշխատանքներ են կատարվել Վասպուրականի վերջին թագավորի՝ Սենեքերիմի օրոք, սակայն հենց նույն թագավորն էլ, երբ 1021թ․ տեղափոխվում է Սեբաստիա՝ իր հոր հետ տանում է նաև Վարագայի հոգևորականներին, նրա ամբողջ գանձերն ու հարուստ մատենադարանը։ Հետագայում այն նորից է դառնում մշակույթի հայտնի կենտրոն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին այն ուներ իր բազմամարդ միաբանությունը, դպրոցը, ձեռագրատունը, պարբերական մամուլը («Արծվի Վասպուրական»)։

Առբերանի գավառ խմբագրել

Տարածվում էր Վանա լճի հյուսիսային կողմում՝ այժմյան Բենդիմահի կամ Բանդիմահի(Բերկրի) գետի հովտում։ Հետագայում այս գավառը կոչվեց իր գլխավոր քաղաքի՝ Բերկրիի անունով։ Առբերանիից հյուսիս՝ Բենդիմահի գետի ակունքների շրջանում տարածվում էր Գառնի գավառը, որը Կոգովիտից բաժանված էր Թոնդուրեկի լեռնահամակարգով։ Առբերանիին արևմուտքում սահմանակից էր Տուրուբերանի Աղիովիտ գավառը, այդ էր պատճառը, որ որոշ հեղինակների մոտ վերջինս դասված է Վասպուրականի կազմում։ Գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրը Բերկրի քաղաքն էր, որն այժմ էլ գոյություն ունի՝ որպես մի անշուք բնակավայր։ Գտնվում է Բենդիմահի գետի ստորին հոսանքի շրջանում։ Բերկրին եղել է բերդաքաղաք։ Նրա մասին բազմաթիվ հիշատակություններ ունեն մեր պատմագիրները, բայց X-XIդդ․ դրանք ավելի հաճախ են դառնում, քանի որ Բերկրիում տեղի էր ունենում քաղաքական մի շարք առանձնահատկություններ։ Բերկրին առաջնակարգ քաղաք չի եղել։ Այն ֆեոդալական տիպի բերդաքաղաք էր և սելջուկյան նվաճումներիվ հետո մնաց Շահարմենների տիրապետության տակ։ Վասպուրականի մի շարք պատմական վայրերի գավառները մնում են անհայտ։ Այդպիսի վայրերի թվին է պատկանում նաև Ամյուկ բերդը։ Վերջինիս մասին եղած վկայություններից երևում է, որ այն գտնվում էր Վանա լճի հյուսիս-արևմտյան առափնյա շրջանում։

Անձևացիք կամ Անձավացիք խմբագրել

Այս գավառը կազմում էր մի նախարարություն, որտեղ իշխում էր համանուն նախարարական տունը։ Գտնվում էր Արևելյան Տիգրիսի ծայր վերնագավառում։ Անձևացիքից հարավ գտնվում էին Բուժնունիքն ու Առնոյոտնը, իսկ հյուսիս՝ Խոշաբ գետի վերին ու միջին հոսանների ավազաններում՝ Տրպատունիքն ու Երվանդունիքը։ Խոշաբի հովիտը կոչվում էր Հայոց ձոր, որտեղ, ըստ ավանդության, Հայկ նահապետը սպանեց բռնակալ Բելին (գերեզմանի բլրի վրա)։ Մեծ Հայքի 387 թվականի բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885 թ-ին գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ 908թվականին ստեղծվեց Վասպուրականի թագավորությունը, գավառն ընդգրկվեց նրա կազմի մեջ՝ խաղալով ռազմաքաղաքական կարևոր դեր։ 990 թվականին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Անձևացյաց գավառում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021 թվականին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։ Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։ Անձևացիքը լեռնային գավառ է։ Բանասերներից ոմանք նույնիսկ նրա անվան՝ Անձավացիք-ի ծագումը կապում են ռելիեֆի լեռնային բնույթի հետ։ Տեղացիները սովորաբար կոչում էին Քարգահ։Անձևացիքում հիշատակվում են մի շարք վայրեր։ Դրանից նշանավոր են Կանգուր կամ Կանգուառ ամուր բերդը՝ այժմյան Կանգովայի տեղում, և Հոգյաց վանքը՝ Արևելյան Տիգրիսի բարձրադիր ափին։

Մարդաստան կամ Արտազ խմբագրել

Մարդաստան գավառը տարածվում էր Արճակ լճից մինչև Արտազ գավառն ընկած շրջաններում։ Արտազ գավառն իր տարածքով համապատասխանում է այժմյան Մակուի շրջանին։ Նա գրավում էր այժմյան Զանգիմար (Դեղին) գետի միջին և ստորին հոսանքի շրջանը։ Պատկանում էր Ամատունիներին, իսկ հետագայում անցավ Արծրունյաց իշխանների ձեռքը։ Խորենացու հիշատակության համաձայն, Արտազն ավելի հին ժամանակներում կոչվում էր Շավարշան կամ Շավարշական։ Արտազում գտնվող մի քանի վայրեր նշանավոր դարձան V դարի ժողովրդաազատագրական պատերազմների ժամանակ՝ ուղղված սասանյան Պարսկաստանի տիրապետության դեմ։Այդ վայրերն էին Ավարայրի դաշտը և Ներսեհապատ ու Եղինդ գյուղերը։

 
Ավարայրի ճակատամարտ

Եղինդ գյուղ խմբագրել

Այն գոյություն ուներ հնուց ի վեր։ Այս գյուղում էր գտնվում Վահան Մամիկոնյանի ճամբարն այն ժամանակ, երբ նա Նիխորի հետ վարում էր Նվարսակի հաշտության նախնական բանակցությունները։ Այժմ էլ գոյություն ունի այս գյուղը, գտնվում էր Մակուից մի քանի կիլոմոտր հեռավորության վրա և կոչվում է Երինդ։

Մակու քաղաք խմբագրել

Հնում եղել է բերդաքաղաք։ Հավանաբար՝ եղել է Ամատունիների ոստանը։ Պատմական անուղղակի փաստերից կարելի է ենթադրել, որ Մակուն ավելի հին ժամանակներում կոչվել է Շավարշան կամ Շավարշական։ Այս քաղաքն այժմ էլ գոյություն ունի և մտնում է Իրանի մեջ։

Աղբակ խմբագրել

Կոչվել է նաև Մեծ Աղբակ, ի տարբերություն Փոքր Աղբակի, որը մտնում էր Կորճեքի մեջ, Աղբակը կազմում էր Արծրունիների հայկական գավառը։ Ունի երկրագործության համար լավագույն հողեր։ Նա իր տարածքով համապատասխանում է այժմյան Բաշկալայի շրջանին։ Աղբակով էր անցնում Թավրիզ-Վան ճանապարհը։ Աղբակը պաշտպանական տեսակետից ուներ հարմար դիրք և շրջապատված էր բարձր լեռնաշղթաներով։ Աղբակի պատմական վայրերից նշանավոր է Հադամակերտ կամ Ադամակերտ ոստանը։ Այժմ էլ այդ քաղաքը գոյություն ունի և կոչվում է Բաշկալա։ Աղբակի մյուս հայտնի վայրը Բարդուղիմեոսի վանքն է, որի ավերակները գտնվում են այժմյան Բաշկալա քաղաքից ոչ հեռու։ Աղբակից հարավ գտնվում էր Ակե գավառը՝ նույնանուն քաղաքով։ Աղբակում հիշատակվում են Կակենից, Որսերանք և Օսի գյուղերը։ Վերջինիս մոտ գտնվող Ս.Խաչ վանքը եղել է Արծրունիների տոհմական դամբարանը։ Աղբակի Ս.Բարդուղիմեոս վանքում, ըստ ավանդության, թաղվել է Բարդուղիմեոս առաքյալը։ Ուշ միջնադարում գրեթե լիովին հայաբակ էր։ XIV-XV դարերում Աղբակի լեռնային մասերում հաստատվել են քրդական ցեղեր։ XIV դարում Աղբակը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XIX դ. 80-ական թվականներին Աղբակի բնակիչների (մոտ 10 հազար) մեծ մասը հայեր էին։ Ապրել են նաև ասորիներ։ Հայերը 1896 թ. ենթարկվել են կոտորածի և կողոպուտի։ XXդ. սկզբին` Վանի նահանգի գավառակ՝ 144 գյուղով։ Արևմուտքից սահմանակից էր Նորդուզին և Խոշաբին, հյուսիսից`Մահուդիեին, արևելքից` Պարսկաստանին, հարավից` Գավառին և Ջուլամերիկին։ 1914-15թթ. Աղբակի հայերի մեծ մասը բնաջնջվել է։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայերն ապրել են Աղբակի հետևյալ բնակավայրերում. Ալալան, (Ս.Հակոբ), Ալաս (Ալազ), Ակնիս, Ամպիկ (Ամբիկ), Աշկիթան (Աշկերտ Ներքին), Առակ, Ասպստան (Հասպստան), Ավզան, Ատես, Արջի, Բաբլասան, Բազ, Բաշկալե, Բարս, Բժնկերտ (Մժնկերտ, Գայլգոմ, Քելգոմ), Երնկանի, Զարզավկ, Թաղիկ (Մրիբա), Լաշկոտ, Խառատուն, Կարաբուլի, Հերեսան, Հոզի (Խուզի), Ձորադիր (Սորաբերդ), Մալգավա, Նաթրուկ, Չուխ, Պատկան, Ռալիմ, Ռասուլաց, Ռըկան, Սորան, Վանքի գյուղ (Դհեր, Ս.Բարդուղիմեոս), Փիրս (Փաստի)[2]։

Անձախիձոր, Թոնրավան և Ճուաշռոտ խմբագրել

Անձախիձոր կամ Անձահիձոր գավառը տարածվում էր Հերից արևմուտք՝ այժմյան Կոտուր գետի միջին հոսանքի շրջանում։ Այս գավառում էր գտնվում Կոտուր ամուր բերդը(այժմ՝ Կոտուր,համանուն գետի վրա)։ Անձախիձորից արևմուտք, այժմյան Կոտուր և Մեհմեդիկ գետերի վերին հոսանքների վրա ընկած շրջաններում տարածված էր Թոնրավան գավառը, որը հայտնի էր իր Սևան և Նկան բերդերով։ Սևանը, որն այժմ կոչվում է Սեյանկալա, գտնվում է Արճակ լճի մեջ թափվող Մեհմեդիկ գետի վրա։ Պատմական Նկանի տեղում ևս այժմ կա մի գյուղ,որը կոչվում է Նագան։

Ճուաշռոտ կամ Ճվաշռոտ գավառ խմբագրել

Տարածվում էր Հերից արևելք և հյուսիս-արևելք ընկած շրջաններում։ Այստեղ հիշատակվում են պատմական մի քանի վայրեր,որոնց աշխարհագրական դիրքը ճշտված չէ։

Գողթն խմբագրել

Տարածվում էր Արաքսի ձախ կողմում՝ գրավելով Ջուղայի,Ագուլիսի և Օրդուբադի շրջանները։Կազմում էր մի առանձին նախարարական տուն,բայց աշխարհագրական և եկեղեցական առումով երբեմն մտնում էր Սյունիքի, երբեմն էլ՝ Վասպուրականի մեջ։IX-X դարերում այստեղ գոյություն ուներ արաբական էմիրություն, որը որոշ ժամանակով իր սահմանների մեջ առավ, Գողթնից բացի, նաև այլ շրջաններ։ Գողթնը հայտնի էր իր խաղողի և մրգատու այգիներով և գինեգործությամբ։ Նշանավոր էր նաև իր գուսաններով։ Գավառի բնակիչները մեծ դժվարությամբ ընդունեցին քրիստոնեական կրոնը։ Այդ է պատճառը, որ քրիստոնեական եկեղեցու սպասարկու հայերը մեծ տհաճությամբ են արտահայտվել Գողթնի բնակիչների վարք ու բարքի մասին՝ նրանց անվանելով «անդարդ ու անհոգ գողթանցիներ»։ VII դարի «Աշխարհացոյցի» հաղորդած տեղեկություններով՝ Գողթնը Վասպուրականի 33-րդ գավառն էր, որն Արծրունիների տիրապետության տակ էր անցել հավանաբար V դարի կեսերից։ Թովմա Արծրունու տեղեկություններով՝ Գողթնը Վասպուրականի կազմում եղել է մինչև 737 թվականը։ Գողթնի պատմական վայրերիվ նշանավոր են Ջուղա ավանը և Օրդվաթ(այժմ՝ Օրդուբադ քաղաքը), ու Մսրվանիս գյուղերը։ Ենթադրվում է, որ Մսրվանիս գյուղն իր անունը ստացել է Մեսրոպ Մաշտոցի անունից, ով Գողթնում եղած ժամանակ ապրել և ստեղծագործել է այդ գյուղում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Թ.Խ. Հակոբյան- Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1981,463 էջ։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։