Բացել գլխավոր ցանկը
Բազալտ

Բազալտ (լատ.՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն: Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը: Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա  խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում: ՀՀ տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների  երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն : Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ: Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար: Երևանի և հանրապետության մյուս   քաղաքների  շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով: Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում:

Բովանդակություն

Անվան ծագումԽմբագրել

Բազալտ բառը ծագել է եթովպերեն «բազալ» բառից, որը նշանակում է «եռացած»։

Բազալտի հատկություններԽմբագրել

Բազալտն ունի հետևյալ հատկությունները՝

  • ճնշման նկատմամբ բարձր դիմացկունություն,
  • ամորտիզացիայի նկատմամբ դիմացկունություն,
  • բարձր քիմիական կայունություն,
  • գրեթե զրոյական ջրի կլանում,
  • ցրտի նկատմամբ կայունություն,
  • էկոլոգիական և հիգիենիկ անվտանգություն,
  • բնական հումքը ունի անսովոր և յուրահատուկ արտաքին տեսք և այլն։

Բազալտների խմբի ապարներԽմբագրել

Այս խմբին են պատկանում բազալտները, մելանոբազալտները, անդեզիտաբազալտները, անդեզիտները,դացիտները,անդեզիտադացիտները և այլն,որոնք առաջացել են հրաբխային  ժայթքումների ժամանակ երկրի մակերևույթ արտավիժված լավայի հոսանքներից:

Սրանք կարծր ապարներ են հիմնականում մանրաբյուրեղ  կազմությամբ, մոխրագույն, կապտամոխրագույն, մուգ մոխրագույն և այլ երանգներով:

Հայաստանում բազալտի խմբի ապարներն ունեն չափազանց լայն տարածում: Ամենից հայտնի հանքավայրերն են Փարաքարի, Նորքի, Արզնու, Անիի, Ազատանի, Կառնուտի, Շաքիի, Սիսիանի և այլն:

Բազալտի խմբի ապարները սովորաբար բնութագրվում են մեծ խտությամբ և ամրությամբ,մաշակայունությամբ և սառնակայունությամբ, թթվակայունությամբ  և այլ հատկանիշներով:Այս ապարները Հայաստանում կիրառվում են  շինարարության համար հնագույն  ժամանակներից ի վեր: Հայերի նախնիները՝ ուրարտացիք ամրոցների հիմքերը և պատվանդանները կառուցել են բազալտի խոշոր ժայռաբեկորներից (Արինբերդ, մ.թ.ա. 8  դար և այլն):

Սկսած մ.թ. 1 դարից բազալտի խմբի ապարները  կիրառություն են գտել կառուցվածքների երեսպատվածքում: Սրանց հետազննությունը ցույց է տվել, որ բազալտները և անդեզիտաբազալտները ամենաերկարակյաց շինաքարերից են:

Ժամանակակից շինարարության մեջ  բազալտի խմբի ապարները գործադրվում են շենքերի հիմքերն ու ցոկոլները, հենապատերը, կամուրջների հաստարաններն ու կամուրջները շարելու և  մոնումենտալ կառուցվածքները երեսպատելու համար, որպես եզրաքար և մայթասալ, բարձրորակ խիճ՝ ճանապարհային և բետոնային աշխատանքների համար: Նրանցից պատրաստվում են թթվակայուն շինվածքներ և քարալյուր  քիմիական արդյունաբերության համար:

Բազալտի խմբի ապարների ծակոտկեն տեսակներն օգտագործվում են նաև որպես որմնաքար,խոշորածակոտկենները՝ որպես  հատուկ շինվածքներ արդյունաբերության մեջ: Հալած բազալտները  բարձրորակ նյութ են թթվակայուն, մաշակայուն շինվածքների արտադրության համար:

Բազալտը ՀայաստանումԽմբագրել

Հայկական լեռնաշխարհում տարածված են բազալտի մի շարք տարատեսակներ:

Դրանցից են ՝

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։