Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Երբեմն կոչվել և Փոքր Սյունիք, իսկ ավելի ուշ հիշատակված է Խաչեն կամ Խաչենք անունով, որը կազմում էր նախկին Արցախի մի մասը։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։

Արցախ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքՓառնես
Այլ քաղաքներԾար, Ամարաս, Վայկունիք
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Արցախը Մեծ Հայքի քարտեզի վրա
Արցախի քարտեզը

Աշխարհագրական դիրք խմբագրել

Արցախը տարածվում է Սյունիքից արևելք՝ Կուր և Արաքս գետերի միջև։ Տարածքով համարյա համընկնում է Լեռնային Ղարաբաղին՝ Միլիի տափաստանին։ Սակայն նկատի ունենալով պատմագրական որոշ վկայություններ՝ Արցախի մեջ են ընդգրկում նաև Սևանա լճի հյուսիս-արևելյան կողմում գտնվող նեղ շերտը՝ մինչև Աղստև գետը։

Ամեն մի ժողովրդի ճակատագրի վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա հայրենիքի պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայ ժողովրդի համար բնապատմական այդ միջավայրը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ անհիշելի ժամանակներից առ այսօր ստեղծվել են մարդկային առաջավոր քաղաքակրթության մակարդակի վրա գտնվող մշակութային գոհարներ։

Հայկական բարձրավանդակի ոչ միայն նահանգները, այլ նաև համարյա բոլոր բնակավայրերից յուրաքանչյուրը հարևաններից բաժանված է բնական պատվարներով և, ըստ էության, կազմում է ոչ միայն վարչական առանձին միավոր, այլև բնակլիմայական ինքնուրույն ու ինքնատիպ մի ամբողջություն։ Ասես մարդկային ցեղի ծնունդով, ամենազոր արարչի կամոք Մեծ Հայքին, մասնավորապես Արցախ աշխարհին, բաժին է հասել աշխարհագրական դրախտային մի միջավայր, ուր գոյություն ունեն բոլոր պայմանները բարեկեցիկ կյանքի համար։ Հնում Արցախը հայտնի է եղել իր ամրությամբ, ռազմական տեխնիկայի տեսակետից համարվել է անմատչելի մի երկիր, ունեցել է սաղարթախիտ անտառներ և փարթամ արոտավայր։

Երվանդունիները իրենց գահակալության առաջին իսկ տարիներից ուշադրության կենտրոնում էին պահում Արարատյան դաշտավայրը, որը շուտով դառնում է հայ ժողովրդի տնտեսական-քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը։

Վարչական բաժանում խմբագրել

Արցախի բաժանումը ըստ Մակար Բարխուդարյանցի խմբագրել

Իր «Արցախ» գրքում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 19-րդ դարում բաժանում է Արցախը հետևյալ կերպով.

  Գարգարացիների բնակության տեղը, որը սկզբում կոչվում էր Գարգար (Ցարդ ևս Գարգար է կոչուում գետակն, որ իւր սկիզբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ), հետավայում ընդունում է Արցախ, Փոքր Սյունիք, Խաչենք, Սև Այգի և Ղարաբաղ (Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20) անունները։ Ահավասիկ այսպիսի փոփոխության ենթարկված են նաև նահանգիս բոլոր գավառների անուններն։ Մեր հարգելի բանասերներներին և ընթերցողներին այսչափ փոփոխության ծանոթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգավ դասավորել այստեղ գավառներիս նախկին, փոփոխված և այժմյան անունները ծանոթագրություններով հանդերձ։

Բնության ճարտարապետն երեք մասի է բաժանել Արցախի բոլոր գավառները, որոնք են Դաշտային, Լեռնային և Հարավային կամ Ստորին, Միջին և Վերին։ Դաշտային կամ Ստորին գավառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածության վրա։ Լեռնային կամ Միջին գավառներեն ընկած են Փոքր-լեռնաշղթայի Մեծ-լեռնաշղթայի հյուսիսային լանջերի և Ձորագետի միջև տարածված մասի վրա։ Հարավային կամ Վերջին գավառներեն ընկած են Հագարի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարավային լանջերի մեջ, Երասխից մինչև Ծար գավառի սահման։

 

Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²։ «Աշխարհացոյց»-ի տվյալներով այն ուներ 12 գավառ.

Գավառներ խմբագրել

Մյուս Հաբանդ խմբագրել

Լինելով Արցախի գավառներից՝ Սյունիքի համանուն գավառից տարբերելու համար ածանցվել է «Միւս» ցուցիչով։ Հաբանդի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Սբ. Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)` համանուն և եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուր.) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ "Գորոզու բարբառ" ասելով՝ հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։

Վակունք կամ Վայկունիք խմբագրել

Վայկունիք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։12-13-րդ դարերում գավառը կոչվել է Ծար, ընդգրկում էր Տրտու (Թարթառ) գետի ակունքները։ Արևելյան սահմանն անցնում էր Դադիվանքի կողքով՝ ընդգրկելով Լեռնաբերդը, Թարթառի աջափնյա լեռնային մասը, ներառյալ Խադավանք-Խաթրավանքը և Վաղուհաս գյուղը։ Հարավից սահմանակից էր Սյունիքին (Ջերմուկի մոտ), արևմուտքում սահմանն անցնում էր Սևանի ավազանը Թարթառի ակունքներից բաժանող Ռմբոստյան լեռնաշղթայով, հյուսիսում ընդգրկում էր Մռավ լեռան հյուսիսային լանջերը՝ Քյուրակ և Շամքոր գետակներով։ Ծարի կամ Վերին Խաչենի իշխանության ժամանակ (Դոփի ու նրա ժառանգների իշխանապետության օրոք) Ծար կամ Ծարի երկիր էին կոչվում իշխանության բոլոր տիրույթները՝ բուն Ծար-Վայկունիքն ու Սևանի արևելյան ափը (հարավ-արևմուտքում ընդգրկելով Շողվագ բնակավայրը, հյուսիս-արևելքում՝ Արցախի Կողթ գավառը)։ Հաթերքի տեր Վախտանգի մահից (1220-ական թթ.) հետո Ծարի մեջ էր մտնում նաև Վերին Խաչենի իշխանությանն անցած Հաթերք գավառի մեծ մասը՝ Հաթերք ավանը, Դադիվանքը և շրջակա հողերը։ Բուն Ծարի նշանավոր բնակավայրերից աղբյուրներում հիշատակված են Ծար, Ակնա ավանները, Վաղուհաս, Գետաշեն, Դարբնոց և այլ գյուղերը, բերդերից՝ Հավքախաղացը, Հանդաբերդը կամ Լեռնաբերդը։ Եպիսկոպոսանիստն էր Խադավանք-Խաթրավանքը։ 17-րդ դարից բացառապես հայաբնակ Ծարի հին գյուղերում աստիճանաբար բնակություն են հաստատել Պարսկաստանի խորքերից գաղթեցված քոլանի քրդերը։

Բերձոր կամ Բերդաձոր խմբագրել

Բերդաձոր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։ Շուշիի շրջանի ենթաշրջան Բերդաձորը եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկը։ Ունեցել է համանուն կենտրոն։ Բերդաձորը ընդգրկում էր Արաքս և Հագարի գետերի միջև ՝ Քիրս և Դիզափայտ լեռների հարավահայաց կողմերից սկսած մինչև Սյունիքի սահմաններն ընկած տարածությունը։ Մովսես Կաղանկատվացին այն հիշատակում է Բերձոր ձևով։Ուշ միջնադարում Բերդաձորը բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև։ Ոմանք այն նույնացրել են Վերին Խաչենի հետ։ Մարգարա գրիչը 1337 թվականին գյուղախումբը անվանել է Բերդաձոր։ Ջալալ-ադ-Դին սուլթանի անձնական քարտուղար Շիխաբ ադ-Դին ան-նասավին Բերդաձորին թարգմանբար կոչել է Կալադարա։

Մուխանք խմբագրել

Կամ Մոխանք, Մխանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում, Գարգար գետից հարավ։ Մխանց իշխանական տոհմի տիրույթը։ 5-րդ դարի 2-րդ կեսին Մուխանքը ևս անջատվել է Մեծ Հայքից և միացվել Աղվանից մարզպանությանը։ 9-րդ դարի սկզբին Մուխանքի իշխանն էր Ստեփանոս Աբլասադը, որը Բաբեկի օգնությամբ ջախջախել և իր տիրույթներից վանել է բաղասականցիներին։ Սակայն վերջիններիս հաջողվել է սպանել Ստեփանոս Աբլասադին և տիրել նրա կալվածները։ 12 տարի անց Հարավային Արցախի իշխան Եսայի Աբու Մուսեն, որը Ստեփանոս Աբլասադի քրոջ որդին էր, բաղասականցիներից ետ է նվաճել Մուխանքը, ինչպես նաև այն գավառները, որոնք մինչ այդ պատկանում էին իր քեռուն։

Պատմություն խմբագրել

 
Կենդանակերպ խորաքանդակ Գանձասարում, որպես Խաչենի իշխանական տան խորհրդանիշ

Արցախը հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։Տարածքով համարյա համընկնում է Լեռնային Ղարաբաղին՝ Միլիի տափաստանին։

Առաջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ 8-րդ դարի վանյան սեպագիր արձանագրություններում Ուրտեխե (Որտեխե) ձևով, որն էլ ավելի ուշ դարձել է Արցախ (անտիկ պատմիչների մոտ՝ Օրխիստենե)։

Արցախի նախարարությունը կոչվել է նաև Ծավդեացվոց կամ Ծավդեից իշխանություն, իշխանանիստ Ծավդք (Զոդ) ավանի անունով։ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը դարձել է նահանգի կենտրոնը։ Հետագայում նահանգի գլխավոր քաղաքն է եղել Փառնես (Փառիսոս) բերդավանը, Հայկական Փառիսոսի Թագավորության օրերին (X-XI դարերում)։

Ուրարտական արձանագրությունները հունահռոմեական և հայ հին ու վաղ միջնադարյան պատմիչներն ու աշխարհագետներն իրենց տարալեզու և տարատեսակ, ուղղակի ու անուղղակի հաղորդումներով միանգամայն պարզորոշ ու առանց երկմտանքի ցույց են տալիս, որ Արցախը Մեծ Հայքի մարզերից մեկն էր, նրա 10-րդ նահանգը՝ իր բնիկ հայ բնակչությամբ, որ խոսել է հայերենի արցախյան բարբառով և գործուն մասնակցություն ունեցել մայր երկրի ներքին ու արտաքին հարաբերություններում։ Արցախի հայկական պատկանելիությունը առավել ցայտուն ձևով ներկայացված է հայ հեղինակների երկերում։ Այդ իմաստով ուշագրավ են Կուրի՝ որպես Մեծ Հայքի ու բուն Աղվանքի միջև սահմանային գետ լինելու մասին Փավստոս Բուզանդի ու Անանիա Շիրակացու մեկից ավելի հաղորդումները։ Ավելին, ցույց տալով, որ Կուրը սահման էր Հայոց և Աղվանից միջև, Բուզանդը մատնանշում է, որ այն այդպիսին էր վաղ ժամանակներից ի վեր։ Խոսելով 4-րդ դարի իրադարձությունների մասին, երբ Աղվանքը, օգտվելով Հայաստանի ժամանակավոր թուլությունից, հարձակվել էր նրա վրա և նվաճել սահմանամերձ մի քանի շրջաններ։Պատմիչը գրում է, որ 371 թվականին Ձիրավի ճակատամարտից հետո հայերը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվի են ելնում Աղվանքի դեմ և հետ խլելով գրավված տարածքները՝ Կուր գետը, ինչպես նախկինում էր, կրկին սահման են դարձնում իրենց երկրի ու Աղվանքի միջև. «Եւ զԿուր գետ՝ որպէս և յաոաջն յեալ էր, րնդ երկիրն Աղուանից և րնդ երկիրն իւրեանց սահման արարեալ կացոցանէին»։

5-ից 6-րդ դարերին Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից։ Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։

Հայոց Արևելից նահանգների հայությունը աշխարհագրական տեսակետից առավել մոտ լինելով նոր թագավորական տան կենտրոնատեղիին, ավելի գործուն մասնակցություն ունեցավ պետականության կերտմանը։ Նոր կազմավորված հայկական թագավորությունը՝ Երվանդունիները, ստիպված էին դիմակայել երեկվա իր դաշնակցին՝ Մարաստանին։ Վերջինս, տիրելով Արաքսի հովտում և Միջագետքում գտնված հաղորդակցության ուղիներին, փորձում էր իր գերիշխանությունը տարածել նաև Հայաստանի վրա։ Մարաստանի Աստիագես կամ առասպելական Աժդահակ թագավորի դեմ պայքարը գլխավորեցին Երվանդ Սակավակյացը և նրա որդի Տիգրանը։ Հայոց թագավորը զորք է ժողովում Հայաստանի տարբեր նահանգներից, այդ թվում Արցախից և Ուտիքից ու հասնում հաջողության։ Այդ պայքարում հայերին աջակցում են պարսից Աքեմենյանները՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ, որոնք ապստամբել էին Մարաստանի դեմ։ Տիգրան Ա-ի օժանդակությամբ Կյուրոսը Ք.ա. 550 թվականին ստեղծում է աշխարհակալ Աքեմենյան պարսկական տերությունը։ Արցախը Ք.ա. 550 թվականից մինչև 331 թվականը գտնվում էր Աքեմենյան գերիշխանության տակ։

Արցախը Արտաշեսյանների ժամանակ էլ հայկական էր, քանի որ Արտաշեսի հաղթանակով Երվանդյան Հայաստանի ողջ տարածքը, նմանապես և Արցախը, հաղթողի իրավունքով անցնում է այղ նշանավոր հարստության տիրապետության տակ։ Ի դեպ, դա ապացուցում են նաև մատենագիտական տվյալները և հաստատում հնագիտական պեղումները։ Սեբեոսը, ապա և Մովսես Կաղանկատվացին մեզ հետաքրքրող կողմերում հիշատակում են «Տիգրանակերտ», «Միւս Տիգրանակերտ», «Տկոակերտ» անվամբ ավաններ, իսկ հնագիտական պեղումները նույն կողմերում բացել են հին բնակավայրերի ավերակներ, որոնք տեղացիների կողմից կոչվում են «Թարանակերտ» կամ «Թառնակերտ» անուններով և լինելով վերոհիշյալ անվանումների տեղական, բարբառային ձևերն ու նրանց հետ մեկտեղ հիշեցնելով Տիգրան Մեծի անունը՝ հանդիսանում են այդ քաղաք-բնակատեղերը նրա կողմից կառուցված լինելու մասին պերճախոս վկաներ։ Իսկ եթե Արտաշեսյան հարստության այդ նշանավոր ներկայացուցիչն իր անունով քաղաքներ է կառուցել Ուտիք-Արցախյան աշխարհում, ապա փաստ է, որ այդ աշխարհը գտնվում էր նրա պետության սահմաններում և կազմում էր նրա բաղկացուցիչ մասը։

Արցախի հայկական պատկանելիությունը արտացոլված է նաև նրա անվանումներից մեկի մեջ՝ «Փոքր Սիւնիք»։ Անվանումը, որ գործածում է Մովսես Խորենացին, ավելի քան բավարար հիմք է ասվածը հաստատելու համար, այնքանով, որքանով նշանակում է, որ Արցախը հայոց մյուս նահանգի՝ Սյունիքի հետ երբևիցե կազմել է տարածաշրջանային մի ամբողջականություն, հետագայում զատվել նրանից և վերածվելով ինքնուրույն միավորի՝ շարունակել կրել ամբողջի անունը «Փոքր» ածականով։

Արցախի նախարարական տունը սերվել է Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։

7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դարի կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները։

IX-XIII դարերին Արցախում, որը այդ շրջանում ավելի հայտնի էր Խաչեն անունով, կային հայկական մի քանի իշխանություններ։ Դրանց իշխանական տարածքի մի զգալի մասը Գագիկ I-ը (989-1020 թվականներին) գրավեց և միացրեց Անի-Շիրակի թագավորությանը։ Միջին դարերում Արցախը հարևան Ուտիքի հետ միասին կազմում էր Հայկական Աղվանքը։ Արցախն իր նախամարզպանական շրջանի պատմաաշխարհագրական դիրքով, վարչական կառուցվածքով և քաղաքական կարգավիճակի հետագա փոփոխություններով ցայտուն ձևով ներկայացված է «Աշխարհացոյց»-ում։ Վերջինիս հեղինակը բառացիորեն գրում է, որ Արցախը Մեծ Հայքի նահանգներից է և ունի տասներկու գավառ։ Ապա թվարկելով դրանք՝ ավելացնում, որ վերջիններս անցել են Աղվանքին՝ օտարվելով Մեծ Հայքից։

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայոց պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։ Արցախի բնակիչների մեծ մասը հայեր էին։ Հայերից բացի, Արցախի արևելյան շրջանում ապրում էին պարսիկներ և աղվաններ։ Բնակչությունը զբաղվում էր ձիաբուծությամբ։ Այստեղ բուծվող ձիերն իրենց դիմացկունութկամբ գերազանցում էին արաբական ձիերին, իսկ արագավազությամբ նրանցից հետ չէին մնում։ Ձիաբուծությունից բացի, Արցախը հայտնի էր նաև իր մրգատու այգիներով և բամբակով, որոնք հիմնականում մշակվում էին նրա հարավարևելյան ցածրադիր շրջաններում։ Ունի մետաղի և ոչ մետաղական բնական շատ հումքեր և հանքային ջրեր։ Բնությունը գեղատեսիլ էր՝ սուր հակադրություններով։ Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։

Արցախի հայկական մելիքություններն էին․

  1. Գյուլիստանի, ուր իշխում էին Մելիք-Բեգլարյանները, կենտրոնը՝ Գյուլիստանի բերդ։
  2. Ջրաբերդի, ուր իշխում էին Մելիք-Իսրայելյանները, կենտրոնը՝ Ջրաբերդ (Ջերմուկի) բերդ։
  3. Խաչենի, ուր իշխում էին Հասան-Ջալալյանները, կենտրոնը՝ Խաչենաբերդ (Խոխանաբերդ)։ Մելիքության տարածքում էր գտնվում նաև Գանձասարի կաթողիկոսության կենտրոն համանուն վանքը։
  4. Վարանդայի, ուր իշխում էին Մելիք-Շահնազարանները, կենտրոնը՝ Ավետարանոց բերդաքաղաք։
  5. Դիզակի, ուր իշխում էին Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ) կենտրոնը՝ Տող բերդաքաղաք։

Արցախի հայկական մելիքությունները գոյատևեցին մինչև երկրամասի միացումը Ռուսաստանին (Ռուսական կայսրությանը), որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով։

Արցախի գավառներ և դրանց համապատասխան բնակավայրեր խմբագրել

  • Միւս Հաբանդ (Սիսական ի Կոտակ, Սիսականի ի Ոստան, Ամարաս) - ԼՂՀ Հադրութի շրջանը և Մարտունու Ֆիզուլիի ու Ջեբրայիլի շրջանների մի մասը,
  • Վայկունիք (Ծար)- Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի հիմնական մասը
  • Բերձոր (Բերդաձոր) - ԼՂՀ Մարտակերտի շրջանի որոշ հատվածներ, մասամբ նաև Շահումյանը և Քարվաճառը
  • Մեծիրանք (Մեծարանք, Խաչեն)- Շահումյանից մի հատված և ԼՂՀ Մարտակերտի շրջանը
  • Մեծկուենք (Մեծկուանք, Մեծ Կող մանք) - ԼՂՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների՝ Մեծարանքից ղուրս մնացած մասերը
  • Հարճլանք (Հարջլանք, Հարժլանք) - ԼՂՀ Մարտունու շրջանի մի հատվածը և Ֆիզուլիի որոշ տարածքներ
  • Մուխանք (Մխանք, Մխանց տոհմ) - ԼՂՀ Մարտունու շրջանի հիմնական մասը
  • Պիանք (Ասպիանղք) - ԼՂՀ Ասկերանի ու Շուշիի շրջանները ոչ լրիվ և Աղդամի շրջանը
  • Պածկանք (Պազկանք, Պարզականք, Պարզկանք, Պանձկանք) - ԼՂՀ Ասկերանի ու Շուշիի շրջանները ոչ լրիվ և Աղղամի շրջանը,
  • Կողթ (Կոխտ, Կոխղք) - Շահումյանի շրջանի մի մասը և Դաշքեսանի շրջանը
  • Փառնես (Քուստիփառնես, Միջնարցախ) - Շամքորի շրջանի հիմնական մասը, որոշ մասեր Ղազախի ու Թովուզի շրջաններից և ՀՀ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Թ.Խ. Հակոբյան- Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1981,463 էջ։