Ադրբեջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն[5] (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։
Azərbaycan Respublikası Ադրբեջանական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Azərbaycan Marşı Ադրբեջանի քայլերգ |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բաքու | |||
Պետական լեզուներ | ադրբեջաներեն | |||
Էթնիկ խմբեր | ադրբեջանցիներ, ռուսներ, լեզգիներ, թալիշներ, վրացիներ և այլն[1] | |||
Կառավարում | Նախագահական հանրապետություն[2] | |||
- | Նախագահ | Իլհամ Ալիև | ||
- | Ադրբեջանի փոխնախագահ | Մեհրիբան Ալիևա | ||
- | Վարչապետ | Ալի Ասադով | ||
Ձևավորում | ||||
- | Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում | մայիսի 28, 1918 | ||
- | Խորհրդային Ադրբեջանի ստեղծում | ապրիլի 28, 1920 | ||
- | Անկախացումը Խորհրդային Միությունից | օգոստոսի 30,1991 (հռչակված) | ||
- | Անդամակցումը Միավորված Ազգերի Կազմակերպությանը | մարտի 2, 1992 | ||
- | Սահմանադրության ընդունում | նոյեմբերի 12, 1995 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 86.600 կմ² (112-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.6 | ||
Բնակչություն | ||||
- | 2019 նախահաշիվը | 11,000,000[3] (91-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $175 միլիարդ[4] (72-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $17,857[4] (71-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $39.207 billion[4] (110-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,097[4] (110-րդ) | ||
Ջինի (2018) | 31.8 | |||
ՄՆԶԻ (2018) | 0.759 (78-րդ) | |||
Արժույթ | Մանաթ (₼) (AZN) | |||
Ժամային գոտի | AZT (UTC+04) | |||
Ազգային դոմեն | .az | |||
Հեռախոսային կոդ | +994 |
Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից[6]՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին[7]։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։
Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է[2], որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ[8][9][10][11]։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ[10]։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ[12]։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի[13][14][15][16]։
Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման[17] և գրագիտության[18] բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով[19]։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ[20]։ Անկախությունից ի վեր երկրում արմատացած է Ալիևների ընտանիքի ձևավորած ամբողջատիրական վարչակարգը։
Անվան ծագումնաբանություն
խմբագրելՀամաձայն ընդունված վարկածի՝ Ադրբեջանի անվանումը կապված է հնագույն ժամանակներում վերջինիս ներկայիս տարածքում գոյություն ունեցած Ատրպատականի և Աղվանից թագավորությունների անվան հետ։ Հայոց պատմիչ Մովսես Կաղանկատվացին գրել է․
Ատրպատականը որպես Աքեմենյան տիրակալության ենթակա թագավորություն գոյություն է ունեցել ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Մեծ Հայքի թագավորությունից արևելք։ Երկրանվանումն ունի իրանական ծագում և կապված է Ատրպատականի զրադաշտական ավանույթների հետ։ Վերջինիս անվանումը հիշատակված է նաև Զրադաշտական կրոնի սուրբ գրքի՝ Ավեստայի «Խնամակալ հրեշտակների երգեր» գլխում։ «Ատրպատական» բառը իրանական ծագում ունեցող նույնաբովանդակ բառի հին հունարեն թարգմանությունն է։ Հունական աղբյուրներում երկրամասը հայտնի էր «Ատրոպատենե» անվանումով։ Այն անվանված էր Մարաստանի սատրապ Ատրոպատեսի անունով։ Ատրպատականի մասին իրենց աշխատություններում գրել են հին աշխարհի նշանավոր պատմիչներ Դիոդորոս Սիցիլիացին և Ստրաբոնը։
Բնօրինակ ադրբեջաներենով երկիրը կոչվում է «Ազերբայջան», որը կազմված է պարսկերեն «ազեր» (թարգմանաբար՝ «կրակ») և «բայջան» (թարգմանաբար՝ «երկիր») բառերի միացումից։ Հետևաբար՝ երկրի անվանումը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «կրակե երկիր» կամ «կրակի երկիր»։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են զրադաշտական տաճարներ՝ ատրուշաններ)։
Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն «ադուր» բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է «ադր»)։
Անվան վիճարկումներ և տարածքային հավակնություններ
խմբագրելԻ տարբերություն Հարավային Կովկասում գտնվող Ադրբեջանի՝ ազարիներն իրանցիներ են, ովքեր ժամանակին Օսմանյան կայսրության ձուլման քաղաքականության հետևանքով կորցրել են իրենց մայրենի իրանական լեզուն, սակայն պահպանել են սեփական իրանական մշակույթը, ուստիև իրենց համարում են իրանցիներ։ Իրանի հյուսիսային հատվածը, որտեղ բնակվում են ազարիները, կոչվում է Իրանական Ադրբեջան, ներառելով 4 ազարիաբնակ նահանգներ։ Ազարիները բնակվում են նաև այլ նահանգներում և Իրանից դուրս։ Պանթյուրքական և Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ազարիների շրջանում տարածվել է այն գաղափարը, որի համաձայն իրենք նույն ադրբեջանցիներն են, և միևնույն երկրի՝ հարավային հատված
Պարսկական ծագմամբ «Ադրբեջան» եզրը 1918 թվականին դառնում է Ռուսական կայսրության տրոհման հետևանքով ձևավորված ժողովրդավարական իսլամադավան պետության պաշտոնական անվանում։ Մինչ այդ, «Ադրբեջան» եզրը բացառապես վերաբերվում էր Շահական Իրանի պատմական երկրամասին։ Հենց այս պատճառով էլ պարսից կառավարությունը բողոքարկում է նորանկախ երկրի կողմից պատմական Իրանի անբաժան մաս կազմող ադրբեջանական երկրամասի անվան կիրառումը՝ որն ինքնին ներկայացնում է վերջիններիս տարածքային հավակնությունները այդ երկրամասի նկատմամբ։ Ժամանակակից Իրանական Ադրբեջանն ընդգրկում է հիմնականում պատմական Ատրպատականի տարածքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքն ու Պարսկահայքը, որոնք անջատվել էին Հայաստանի առաջին բաժանման հետևանքով։
Ատրպատական-Ադրբեջան պատմաաշխարհագրական տարածքը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով։ 2016 թվականի տվյալներով՝ իրանաբնակ ադրբեջանցիների (հայտնի են ազարիներ անվանմամբ) ընդհանուր թիվը հասնում է 17 միլիոնի, որոնց մոտ կեսը բնակվում է Իրանական Ադրբեջանում։ Իրանի շահական կառավարման ընթացքում «Ադրբեջան» անվան տակ հայտնի է եղել պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է երեք ոստանների՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան։ Մերօրյա Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող Ադրբեջանի պատմական երկրամասը համարում է իր պատմական տարածքը՝ հարավային Ադրբեջան անվանումով։ Դա կապված է պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էր Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ 1918 թվականը, աշխարհի որևէ կետում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն երբևէ չի ձևավորել։ Այս ֆոնի վրա էլ հաճախ առաջանում են ադրբեջանա-իրանական հակասություններ, որի գլխավոր պատճառը Ադրբեջանի կողմից իրանական ադրբեջանցիների շրջանում անջատողական գաղափարախոսության և ազգային անկախ պետականության քարոզչությունն է։
«Ադրբեջան» անվան հերթական վիճարկումը կապված է երկրի ներկայիս կառավարության իրենդենտական քաղաքական ձգտումների հետ։ Մասնավոր այս դեպքը ադրբեջանցի պատմիչների կողմից «Արևմտյան Ադրբեջան» եզրի օգտագործումն է՝ նկատի ունենալով Հայաստանի ներկայիս տարածքը։ Ադրբեջանցի ազգայնականները հայաստանյան հողերը (ներառյալ՝ Սևանա լճի ավազանը, Սյունիքը, Երևանը և Արարատյան դաշտավայրը) համարում են պատմական Ադրբեջանի անքակտելի մաս՝ ձգտելով դրա վերադարձին։ Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ծայրահեղական հայտարարություններում։
Պատմություն
խմբագրել- Առաջիկա չորս բաժիններում ներկայացված տեղեկատվությունը ներկայացնում է Ադրբեջանի ժամանակակից տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այլ ոչ թե Ադրբեջանի պատմությունը։
Հնագույն ժամանակներից մինչև Ատրպատականի թագավորություն
խմբագրելԱդրբեջանի մերօրյա տարածքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից ի վեր։ Գյոյգյոլի շրջանից հայտնաբերվել են հնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ երկրամասը բնակեցված է եղել վերին պալեոլիթի ժամանակաշրջանում։ Հնագիտական արժեք են ներկայացնում հատկապես Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի քարանձավները, որտեղ պահպանվել են քարի դարի և հաջորդող ժամանակաշրջանների բնակիչների բնակության մասին հավաստող ժայռապատկերներ, անթրոպոգեն բրածոներ, տապանաքարեր և այլն։ Քարանձավներից ամենանշանավորը Գոբուստանի հնագիտական արգելոցն է, որը ներառված է Ադրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում են հնագույն մարդկանց ժայռապատկերներ։ Տղամարդիկ պատկերված են որսորդական հագուստով, աղեղով և նետով և որպես կանոն ունեն բարձր հասակ և ամրակազմ մարմին։ Պահպանվել են նաև կնոջ պատկերներ։
Նախնադարյան համայնական հասարակարգից ստրկատիրության անցումն ուղեկցվում է առաջին պետական միավորումների ի հայտ գալով։ Մ․թ․ա․ 9-րդ դարում Ադրբեջանի մերօրյա տարածքում հաստատվում են սկյութները, որոնց գերիշխանությունը երկրամասում տևում է շուրջ քառորդ հազարամյակ։ Հաջորդիվ տարածաշրջանը նվաճվում է արիական ծագում ունեցող մարերի կողմից և ներառվում Ասորեստանից անկախացած Մարաստանի հզոր պետականության կազմի մեջ։ Շուտով Մարաստանը դառնում է Աքեմենյան տիրակալության վասալը և սկսվում է երկրամասի պարսկական տիրապետության շրջափուլը։ Պարսից տիրապետության տարիներին Ադրբեջանի տարածքում տարածվում է զրադաշտականությունը և վերջինս դառնում է կրակապաշտական կրոնի սրբատեղիներից մեկը։ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ Ատրպատականը պաշարում են հունամակեդոնական զորքերը, իսկ «մեծ արքայի» մահից հետո այս տարածքն անցնում է Մակեդոնիայի թագավորության իրավահաջորդ հանդիսացող Սելևկյաննների կայսրությանը։ Մ․թ․ա․ 7-րդ դարում մարական սատրապության հյուսիսում ստեղծվում է Ատրպատականի հնագույն պետությունը։ Նախքան ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջին խոշոր բնակավայրի՝ Գանձակի հիմնադրումը, կիսանկախ թագավորության մայրաքաղաքը եղել է Փրաասպան։ Ատրպատականի երկրամասը տարածվում էր Ուրմիո լճի և Կասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելով Մեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝ Մեծ Հայքի Պարսկահայք, Վասպուրական և Փայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին Ատրպատականն ամբողջովին անկախանում է և հարստության հիմնադիր Ատրոպատես I-ի անունով կոչվում Ատրպատական։ Հենվելով սեփական ռազմական ներուժի վրա՝ Ատրպատականի թագավորները վարում եռանդուն արտաքին քաղաքականություն՝ ստեղծելով կայուն և մարտունակ բանակ։ Հույն պատմիչ Պոլիբիոսի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր Արտաբազանեսը փորձում էր հափշտակել Մեծ Հայքի թագավորության հարավարևելյան հողերը, սակայն Անտիոքոս Մեծի պատժիչ արշավանքից հետո այդ պլանները հոդս են ցնդում։
Վաղմիջնադարյան ժամանակահատված
խմբագրելՀելլենիստական ժամանակաշրջանում նախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով տեղի է տալիս դասակարգային հասարակությունների առաջացմանը։ Արդյունքում՝ Կասպից ծովի հարակից շրջաններում բնակվող 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. 1-ին դարի սկզբերին առաջացնում է Աղվանքի վաղ ստրկատիրական պետությունը։ Աղվանից թագավորությունը դաշնակցային կապեր ուներ Մեծ Հայքի հետ և կրում էր վերջինիս սոցիալ-քաղաքական և մշակութային ազդեցությունը։ Այդ համագործակցությունն առավել ակնառու է դառնում հայոց արքա Տիգրան II Մեծի գահակալության ժամանակահատվածում, երբ հայ-հռոմեական պատերազմների շրջանակում աղվանաց հեծելազորը զինակցում է Արտաշեսյան բանակին։ Աղվանների պայքարն ընդդեմ հանրապետական Հռոմի շարունակվում է նաև հետագա տարիներին, որի արդյունքում՝ մ.թ.ա. 36 թվականին Կանիդիոս Կրասոս զորավարը ներխուժում է տարածաշրջան և արյունալի պատերազմների արդյունքում հպատակեցնում Աղվանքը՝ այն դարձնելով վասալական տերություն։
Հայոց Արտաշես II արքայի հետ համագործակցության արդյունքում մ.թ.ա. 20 թվականին Աղվանքը փաստացիորեն անկախանում է։ Նույն տարում Աղվանից թագավորությունում հաստատվում են ունեցող Մազքթաց Արշակունիները, որոնք սերվում էին Պարթև Արշակունիներից։ Ի տարբերություն հայոց Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահել Պարթևստանից անկախ, Աղվանքի Արշակունի թագավորները, 4-րդ դարից սկսած, սովորաբար ենթակա էին արյաց արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Այնուամենայնիվ, Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվում են։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորն ընդունում է քրիստոնեությունը որպես Աղվանից թագավորության պետական կրոն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էր Արշակունյաց Հայաստանի արքունիքի հետ, Մեսրոպ Մաշտոցի հետ միասին ստեղծում է աղվանական գիրը։ Մեծ Հայքի առաջին բաժանումից հետո Արցախ և Ուտիք նահանգները Սասանյան Իրանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Պատմության թատերաբեմ է դուրս գալիս Աղվանքի մարզպանությունը՝ որպես Սասանյան Պարսկաստանի ենթակա թագավորություն։ 5-րդ դարում տարածաշրջանը ենթարկվում է Արաբական խալիֆայության զավթողական արշավանքներին։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայության Արմինիա վարչական միավորման մեջ։ 885 թվականին Բագրատունիները Մեծ Հայքում, իսկ 893 թվականին Առանշահիկները՝ Աղվանքում, իրենց հռչակում են անկախ պետությունների արքայատոհմեր։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամն իր իշխանության սահմանները հյուսիսում հասցնում է մինչև Կովկասյան լեռնաշղթան՝ տիրելով Շաքիին և Ծանարաց աշխարհին։ Գրիգոր-Համամի մահվանից հետո Աղվանքը դառնում է Բագրատունյաց Հայաստանի վասալը և այդ կարգավիճակը պահպանում է մինչև Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունը Գանձակի ամիրա Փադլունի կողմից։ Դրանից հետո Աղվանքը կառավարվում է Լոռու Կյուրիկյանների կողմից՝ մինչև Դավիթ Շինարարի կողմից վերջինիս միացումը Վրաց թագավորությանը։ Այնուամենայնիվ, արաբները շարունակում էին տարածել իրենց վերահսկողությունը Պարտավի և Գանձակի ամիրայություններում։
Սելջուկների և մոնղոլ-թաթարների արշավանքներ
խմբագրել8-րդ դարում Արաբական խալիֆայությունում անկում է ապրում Օմայյանների ժառանգական հարստությունը, իսկ 750 թվականին արդեն երկրի գահը զբաղեցնում են Աբբասյանները։ Ավելի ուշ Միջին Ասիայից տարածաշրջան են ներխուժում սելջուկ-թյուրքերը (շատ փորձագետներ վերջիններիս համարում են ժամանակակից ադրբեջանցիների նախնիններ)։ 1037 թվականին Արաբական խալիֆայությանն ու Բյուզանդական կայսրությանը մարտի դաշտում պարտության մատնած թյուրքերը ստեղծում են Սելջուկյան սուլթանությունը։ 1067 թվականին սելջուկ-օղուզներն ամբողջովին գրավում են Ադրբեջանի մերօրյա տարածքը և բռնակցում իրենց կայսրությանը։ Ժամանակի պատմիչները ահ ու սարսափով են գրում սելջուկների արշավանքների մասին։ 11-րդ դարի հայ պատմիչ Արիստակես Լաստիվերացին սելջուկների Հայաստան և Աղվանք արշավանքների մասին գրել է հետևյալը․
Նախքան թյուրքերի երևան գալը, Ադրբեջանի ներկայիս տարածքի բնակիչները խոսել են հնդեվրոպական լեզուներով, մեծ մասամբ՝ հայերենով, պարսկերենով և ազարերենով։ Իրանական ադրբեջանցիների լեզուն՝ ազարերենը, թուրքական տիրապետության օրոք ձևափոխվելով ձևավորել է ադրբեջաներենը։ 1136 թվականին Շամսադդին Ելտկուզը սելջուկներից գրավում է Ատրպատականի և Պարսկաստանի որոշ հարավային շրջաններ։ Արդյունքում՝ Ելտկուզյանները Սելջուկյան սուլթանության կազմում ստեղծում են ենթակա թագավորություն։ Երկրի սահմաններն ընդարձակելու նպատակով վերջիննռրդ 1170 թվականին նվաճում են են Սյունիքի թագավորությունը, ապա հասել Դվին։ Սյունյաց աշխարհում բարբարոսները թալանում են եկեղեցիներն ու սրբատեղիները, կողոպտում բնակչությանը, ոչնչացնում տեղի մշակութային ժառանգությունը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմն ավերելու հետ։ Ելտկուզի որդու՝ Մուհամմադ Փահլավանի, օրոք Ելտկուզյանների մայրաքաղաքը տեղափոխվում է Համադան։ Զաքարյանների գլխավորությամբ սկսված հայկական հողերի միավորման ընթացքում Ելտկուզյանները վտարվում են Արաքսից ավազանի հյուսիսային շրջաններից։ 1207-1208 թվականներին Ելտկուզյանները հարձակվել են Բագրատունիների հենակետ համարվող Անիի վրա։
Այս շրջանում է ապրել և ստեղծագործել պարսկական գրականության ամենահայտնի դասական Նիզամի Գյանջիևը։ Ադրբեջանական իրականությունում աշխարհահռչակ պոետը հայտնի է որպես ադրբեջանական գրականության հիմնադիր։ Մինչև 1231 թվականը ժամանակակից Ադրբեջանի արևելքը միավորվել է Խորեզմշահերի պետության կազմում։ Դառնալով իսլամական աշխարհի տիրակալը՝ խորեզմշահերը փորձել են արշավել Չինաստան, սակայն վերջիններիս առաջխաղացումը կասեցրել է Չինգիզ խանը։ Սելջուկյան տիրապետության քայքայումից հետո իր իշխանությունն ու սուվերենությունն է վերականգնում Շիրվանշահերի պետությունը։ 12-13-րդ դարերում Շիրվանշահերը Ապշերոնի թերակղզում կառուցել են մի քանի ամրություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Երկրում կառուցվել են նաև քարվանսարաներ, մզկիթներ, այլ շինություններ։ Մինուչիհր III-ը 12-րդ դարում կառուցում է Բաքվի պարիսպները, ինչի մասին նշված է համապատասխան արձանագրությունում։ 13-րդ դարի առաջին կեսերին սկսվում է մոնղոլ-թաթարների արշավանքներն արևմուտք։ 1236-1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավում են Շիրվանն ու գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը։ Մոնղոլներին հաջորդում են թուրքմենները, որոնք Լենկթեմուր զորավարի գլխավորությամբ փլատակների են վերածում Ոսկե հորդան։ 1392 թվականին թուրքմենները գրավում են Կասպիական տարածաշրջանը և ապա՝ Հայաստանն ու Վրաստանը։ 1405 թվականին Լենկթեմուրը մահանում է, իսկ նրա ստեղծած աշխարհակալ տերությունը՝ մասնատվում։
Ամրոցը կառուցվել է ի պատիվ թշնամիների դեմ մղվող Ախսիթանի տարած փայլուն հաղթանակի։ Բերդի բարձրությունը կազմում է 22 մետր։ Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի։ |
Տեղագրություն՝ Ռամանա Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի։ Ռամանայի ամրոցը շատ նման է Ապշերոնի մյուս պաշտպանական ամրություններին, հատկապես՝ Մարդակյանի ամրոցին։ |
Մզկիթի հաճախ անվանում են նաև Սինիգգալան։ Երկրորդ անվանումը մզկիթին շնորհվել է 1723 թվականին ռուսների կողմից Բաքվի գրավումից հետո։ Մզկիթը կառուցվել է Մուհամմեդ Աբու Բեքիրի կողմից՝ 1078-1079 թվականներին։ Կառուցված է Շիրվան-Ապշերոնյան ճարտարապետական ոճով։ |
Կարա և ակ-կոյունլուների տիրապետություն
խմբագրելԼենկթեմուրի հետ Առաջավոր Ասիա էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ սելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ՝ 11–րդ դարում։ Լենկթեմուրի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներից օգտվում են կարա-Կոյունլու և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ 13-րդ դարի վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Ատրպատական։ Նրանք ունեին ահարկու վարքագիծ, սիկ դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ (ակ-կոյունլու նշանակում է «սպիտակ ոչխարաբույծներ», իսկ կարա-կոյունլու՝ «սև ոչխարաբույծներ»)։ Օգտվելով ստեղծված խառնակ իրավիճակից՝ 1378 թվականին Կարա-Մուհամմադը միավորում է Ալաշկերտում և Կոգովիտում հաստատված կարա-կոյունլուների բոլոր ցեղերը և ստեղծել ինքնուրույն ամիրայություն։ Նրա որդին՝ Կարա-Յուսուֆը, իրեն է ենթարկել Հայաստանի ու Ատրպատականի մեծ մասը, սակայն 1393 թվականին պարտվում Լենկթեմուրի բանակին։ 1405 թվականին ակ-կոյունլուները վերականգնում են իր իշխանությունը, իսկ արդեն 1411 թվականին պաշարում Բաղդադը։
1435 թվականին կարա-կոյունլուների պետության ղեկը ստանձնում է Ջհանշահը, որն էլ պարտության է մատնում թեմուրինաներին և նվաճում ամբողջ Պարսքը։ Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մուսուլմանական հոգևորականության վրա։ Հետագայում նաև նույն քաղաքականությունն են որդեգրում ակ-կոյունլուները, ովքեր պարտության մատնելով կարա-կոյունլուներին փոխարինում են նրանց։ 1501 թվականին թուրքմենները պարսիկներից կրած ջախջախիչ պարտությունից վերջնականապես լքում են Ատրպատականը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում պարսից հովանու ներքո Շիրվանշահերի վերահաստատման համար։ Շիրվանշահերի պետությունը դասական արևելյան միապետություն էր, որը կառավարվում էր շահի կողմից՝ շարիաթական օրենքների առաջնորդությամբ։ 1476-ին այստեղ եղած Ջոսաֆաթ Բարբարոն Շիրվանշահերի մայրաքաղաք Շամախիի մասին ասել է․
Շամախին լավ քաղաք է. ունի չորսից հինգ հազար տներ, արտադրում է մետաքս, բամբակ և այլ հումք՝ իր սովորույթներով։ Այն գտնվում է Մեծ Հայքում, իսկ բնակչության մեծամասնությունը հայերն են - Ջոսաֆաթ Բարբարո
|
Սեֆյանների նվաճումներ և թուրք-պարսկական մրցակցություն
խմբագրելՇամախիի խանը մշտապես նշանակվում էր Իրանի շահի կողմից և ուղարկվում Սպահանից։ Շիրվանշահերն Ատրպատականում իրենց հարաբերական ինքնիշխանությունը կարողանում են պահպանել մինչև 1538 թվականը, երբ շահական արքունիքը վերջինիս զրկում է ինքնիշխանությունից։ Շիրվանշահերի պետությունը բազմաթիվ ընդհատումներով գոյություն է ունենում 799-1538 թվականներին։ Վերջինիս հիմնադրումով փակվում է Աղվանքի պատմության քրիստոնեական էջը։ Գոյության յոթ դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազան իսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝ արաբներ, սելջուկներ, պարսիկներ, թուրքեր, որի արդյունքում տեղաբնիկ աղվանները վերջնականապես ձուլվում են նրանց մեջ և դառնում իսլամադավան։ Պարսից կուսակալության տարիներին արաբների կողմից տարածված սուննի իսլամը բնակչության շրջանում փոխարինվում է շիայով։
Նրանց փոքր հատվածները՝ ուդիներն ու լեզգիները, որոշ բնակավայրերում մինչ օրս շարունակում են պահպանել քրիստոնեական սովորույթները, կրոնը և գիրը։ Սեֆյանների արքունիքը գլխավորապես կազմված էր ղզլբաշներից, ովքեր էլ իրենց ձեռքն էին վերցրել շահական իշխանությունը։ 15-16-րդ դարերում տարածաշրջանում առաջացել էր նոր գերտերություն, ի դեմս՝ Օսմանյան կայսրության։ Վերջիններս նպատակ ունեին ի կատար ածել օղուզների զավթողական հավակնություններն արտացոլող պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, իսկ այդ ճանապարհին վերջիններիս գլխավոր խոչընդոտը Սեֆյան Պարսկաստանն էր, որն արևելքում տիրապետում էր զգալի ընդարձակ տարածքների։ 1532-1555 թվականների թուրք-պարսկական պատերազմներից հետո կնքված Ամասիայի պայմանագրով Ատրպատականը մնում էր Սեֆյանների վերահսկողության տակ։ Ամասիայի հաշտությունից հետո տարածաշրջանում շուրջ երկու տասնամյակ տիրում է հարաբերական խաղաղություն։ 1578 թվականին Լալա Մուստաֆա փաշայի ղեկավարած թուրքական բանակը նավարկում է Սև ծովով և ափ իջնում Վիրքում։
Խախտելով զինադադարը թուրքերն առանց որևէ դիմադրության գրավում են վրաց մայրաքաղաք Թբիլիսին, իսկ ամռան վերջին զավթում Շիրվանը։ 1587 թվականին Սեֆյան Իրանը դաշինք կնքելու մասին բանակցություններ է վարում Ցարական Ռուսաստանի հետ՝ խոստանալով վերջինիս զիջել Կասպից ծովի ավազանը՝ Դերբենդն ու Շիրվանը, սակայն դրանք ընթանում են ապարդյուն։ Արդյունքում՝ պարսից շահ Աբբաս I Սեֆին հարկադրված ծայրահեղ անշահավետ հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։ 1590 թվականին կնքված Ստամբուլի պայմանագրով Շիրվանը (այդ ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր մերօրյա Ադրբեջանի տարածքը), Վրաստանի և Արևելյան Հայաստանի հետ միասին, բռնակցվում է Օսմանյան Թուրքիային։ Շուրջ երեք հարյուրամյակ Ատրպատականը շարունակում է մնալ թուրքական տիրապետության տակ։ 1605 թվականին պարսից գահակալ Շահ Աբասը իրականացնում է Նախիջևանի հայ բնակչության բռնագաղթը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում մուսուլման թաթարների կողմից տարածաշրջանի բնակեցման համար։ 1723-1728 թվականներին Քարթլի-Կախեթի թագավորությունը, Երևանի ու Գանձակի կուսակալությունները գրավելուց հետո թուրքերը շարժվում են Ատրպատական, որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։ Օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են Մարաղան, Խոյը, Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը, Ուրմիան և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը 1722-1723 թվականներին գրավել էր Կասպից ծովի արևմտյան ափերը՝ Դերբենդից մինչև Բանդարե Անզալի։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվում է 1724 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրով։ Դրա համաձայն՝ Շամախիից արևմուտք ընկած տարածքները անցնում էին Օսմանյան կայսրությանը, իսկ Կասպից ծովի ափամերձ շրջանները՝ Ռուսաստանին։
Ռուս-պարսկական պատերազմներ և Թուրքմենչայի պայմանագիր
խմբագրելՂարաբաղի նորահաստատ խանության համար կարևոր քաղաքական հարց էր մուսուլմանական ազգաբնակություն կազմելը երկրի այն կողմերում, ուր չկար այնպիսի տարր, որը պիտի խանական իշխանության նեցուկը դառնար։ Փանահ խանը, դավաճանությամբ սողոսկելով զուտ հայաբնակ Խամսայի երկրի սիրտը, շուտ զգաց, որ Շուշու ժայռերը դեռ բավարար հիմք չեն տիրապետություն հաստատելու համար, և նա շտապեց թուրք թափառական ցեղեր գրավել դրսից` հարևան խանություններից, խոստանալով նրանց զանազան արտոնություններ։
Նադիր շահի գահ բարձրանալը հիմնովին փոխում է իրանահպատակ երկրների այս ժամանակահատվածի պատմությունը, քանզի վերջիններս ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից և վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ Նադիրը կարողանում է մի քանի կարևոր հաղթանակներ տոնել թուրքերի և հյուսիսային Իրանում հաստատված աֆղանների նկատմամբ և Պարսկաստանի տիրակալությունում հաստատել Աֆշարների հարստությունը։
Հաղթանակ տոնելով Օսմանյան կայսրության նկատմամբ՝ Նադիրը հաշվեհարդար է տեսնում թրքեմետ շիրվանշահների նկատմամբ և Արցախն անջատում Գանձակի խանությունից (զբաղեցրել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը)։ Այնուամենայնիվ, Գանձակի իսլամադավան կուսակալները ժամանակ առ ժամանակ ասպատակում էին Արցախն ու Սյունիքը, որն էլ հանգեցնում էր արյունարբու բախումների։ 1747 թվականին Նադիրի շահի մահվանից հետո Պարսկաստանում վերստին սկսում է տիրել քաղաքական անկայունությունը․ երկրում ստեղծվում են նորանոր ինքնավարություններ, որոնք թուլացնում են կենտրոնական իշխանությունը։ Նման պայմաններում փոխվում է Ռուսական կայսրության գահակալ Պետրոս I-ի դիրքորոշումը երկու դրացի մրցակիցների՝ Օսմանյան կայսրության և շահական Պարսկաստանի նկատմամբ, որը պայմանավորված էր Անդրկովկասյան տարածաշրջանին տիրանալու ռուսաց արքայի անթաքույց ձգտումով։ Քանի որ Անդրկովկասը մեծապես գտնվում էր պարսից տիրապետության տակ, անխուսափելի դարձավ ռուս-պարսկական ռազմական բախումը։ Հայկական և վրացական աշխարհազորայինների օժանդակությամբ՝ 1772 թվականին սկսվում է Պետրոս I-ի նշանավոր Կասպիական արշավանքը։ Ի տարբերություն քրիստոնյա հարևանների՝ Շիրվանի խանությունը նպատակ չուներ թոթափել պարսից լուծը և զինակցում էր շահական բանակին։ Արշավանքի ընթացքում ռուսները պաշարում են Շիրվանի երկրամասի մեծ մասը՝ ներառյալ Դերբենդն ու Բաքվի խանությունը։ Շարունակելով նվաճումները՝ կայսերական բանակը հաստատվում է Կասպից ծովի հարավային շրջաններում՝ Գիլանում, Ռաշթում, Գորգանում և Մազանդարանում։
Այսպիսով՝ Ադրբեջանի ներկայիս տարածքն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Տարածքների հստակեցման նպատակով, այս անգամ ցար Ալեքսանդր I-ի նախաձեռնությամբ, 1804 թվականին բռնկվում է ռուս-պարսկական հերթական պատերազմը, որն ավարտվում է Պարսկաստանի խայտառակ պարտությամբ։ Հոկտեմբերի 24-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին են անցնում արևելյան Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները։ Ռուսաստանը ստանում է Կասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք։ 1826 թվականին կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար Իրանը սանձազերծում է նոր պատերազմ, որտեղ ևս ռուսները տանում են փայլուն հաղթանակ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով տարածաշրջանը վերջնականապես հաստատվում է Ռուսական կայսրության կազմում, իսկ Պարսկաստանն անցնում է ռուսական ազդեցության տակ։
Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսական կայսրությունը բռնում է հետադիմական ռեակցիայի ուղին։ Տարածաշրջանային ուժերի ներգործությամբ, քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի հետ, Անդրկովկասում ստեղծվում է ռուսական կառավարությունից անկախ միասնական անկախ պետականություն, որը միավորում էր տարածաշրջանի երեք ժողովուրդներին՝ հայերին, վրացիներին և կովկասյան թաթարներին (այս ժամանակաշրջանում դեռևս վերջիններս հայտնի չէին ադրբեջանցի անվանմամբ)։ Այնուամենայնիվ, Անդրկովկասյան սեյմը երկար կյանք չի ունենում և մայիսի 26-ին փլուզվում է։ Վրաստանի դեմոկրատական հանրապետության անկախացումից մեկ օր անց՝ մայիսի 27-ին, տեղի Մուսավաթական կուսակցությունը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեի ջանքերով, Ռուսական կայսրության նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների տարածքում ստեղծվում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։
Այսպիսով, կովկասյան թաթարները որպես երկրանվանում ընտրում են Իրանի պատմական «Ադրբեջան» երկրամասի անվանումը, որը հետագայում միջազգային ատյաններում քննադատության է ենթարկվում պարսկական կառավարության կողմից։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ Կասպից ծովի ափին ստեղծվում են բուն ադրբեջանական պետականություն։ Մահմեդ Ռասուլզադեի ստեղծած Ադրբեջանը դառնում է իսլամադավան աշխարհի առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետությունը, որտեղ կանանց շնորհվում է ընտրական իրավունք։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից ի վեր ներկովկասյան հարաբերությունները զարգանում են փոխադարձ թշնամանքի, մրցակցության և վիճարկումների ֆոնի վրա։ Դա հատկապես պայմանավորված էր սահմանային անորոշությամբ, քանզի երեք հանրապետություններն ունեին փոխադարձ տարածքային հավակնություններ։
Այս հենքի վրա սանձազերծվում է հայ-ադրբեջանական պատերազմը, որը մղվում էր հանուն Արցախի, Նախիջևանի և Զանգեզուրի։ Հակասություններ կային նաև վրաց մենշևիկների և մուսավաթականների միջև, քանզի Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում էր յուրացնել վրացաբնակ Զաքաթալայի շրջանը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում մշտապես գերակայել է արտաքին ազդեցությունը։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ամիսներին հանրապետությունն ամբողջությամբ վերահսկվել է թուրքական կայազորների կողմից, իսկ 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսը Բաքվում և երկրի արևելյան մասում իր գործուն դերն ուներ էր բրիտանական բանակը։ Այնուամենայնիվ, 1919 թվականին հիմնադրվում է Ադրբեջանի մայր բուհը՝ Բաքվի պետական համալսարանը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունն առաջին անկախ պետական միավորումն էր Ադրբեջանի պատմության մեջ։ Երկիրը գոյատևում է 23 ամիս և անկում ապրում 1920 թվականի ապրիլի 27-ին։
Խորհրդային Ադրբեջան
խմբագրել1919-1920 թվականներին Ադրբեջանի անկախ Հանրապետությունն ապրում էր խոր քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Երկրի տարբեր շրջաններում տեղի էին ունենում զինված հակամարտություններ տարբեր քաղաքական և սոցիալական խմբավորումների միջև։ Միաժամանակ, ընդհատակում, 1920 թվականի փետրվարի 12-ին Բաքվի աշխատավորները ձեռնամուխ են լինում Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը։ 1920 թվականի մարտին խորհրդային 11-րդ կարմիր բանակը հյուսիսից ներխուժում է Ադրբեջան և շարժվում դեպի Ապշերոն։ Մինչ այդ, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Լենինը հայտարարել էր, որ ռուսական ներխուժումն արդարացի է, քանզի իրենք չեն կարող գոյատևել առանց Բաքվի հարուստ նավթային պաշարների։ Երկրի պաշտպանության նպատակով մուսավաթականները հայտարարում են զորակոչ և մարտի դուրս բերում ձևավորված 30 հազարանոց բանակը։ Ապրիլի 28-ին խորհրդային զինուժն ամբողջովին բռնազավթում է Ադրբեջանը և տապալում Մուսավաթականների իշխանությունը։ Նույն օրը Ադրբեջանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը տեղի չի ունեցել միանշանակ կերպով, քանզի ներխուժման պես ձևավորվել է դիմադրության շարժում, որը ռուս զավթիչների դեմ պայքարել է մինչև վերջին րոպեն։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 11-րդ բանակը շարժվում է դեպի Երևան և դեկտեմբերին խորհրդայնացնում Հայաստանը։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հանրապետությունները Թուրքիայի հետ ստորագրում են հաշտության պայմանագիր։ Կարսի պայմանագրով Նախիջևանը, որպես ինքնավար հանրապետություն, անցնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Հայկական ԽՍՀ-ն ստանում էր Զանգեզուրն ու Գյումրին։ Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը հռչակվում է միութենական հանրապետություն, իսկ 1937 թվականի մարտի 14-ին ընդունվում է հանրապետության նոր սահմանադրությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարևոր դերակատարություն է ունենում պետության էներգետիկ քաղաքականության մեջ, քանզի ԽՍՀՄ արևելյան ճակատ մարատակարվող նավթի 80 տոկոսն ապահովում էր Բաքուն։ 1942 թվականի փետրվարին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ Ադրբեջանում նավթարդյունաբերությամբ զբաղվող ավելի քան 500 աշխատակիցներ պարգևատրվում են պատվոգրերով և խրախուսական մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում գերմանա-ֆաշիստական հրամանատարությունը նպատակ ուներ շրջափակել և ջախջախել հարավային ռազմաճակատում գոյացած ռուսական զորքերը՝ նվաճելով Ռոստովից հարավ ընկած կովկասյան տարածքները՝ ի դեմս Բաքվի նավթառատ շրջանների։ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ է դուրս գալիս ԱԽՍՀ-ի բնակչության մեկ հինգերորդը, այդ թվում՝ շուրջ 100 հազար կանայք։ Ադրբեջանի և Խորհրդային պետության պաշտպանության համար պայքարող 130 ադրբեջանցիներ արժանանում են ԽՍՀՄ Ազգային հերոսի կոչման, իսկ Ազի Ասլանովը՝ կրկնակի հերոսի կոչման։ Բազմաթիվ ադրբեջանցիների միջոցներով ստեղծվում են տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։ Վերջիններիս եռանդուն ջանքերի շնորհիվ ռազմաճակատն ապահովվում է վառելիքով, ռազմամթերքով և սնունդով։ Ետպատերազմյան տարիներին սկսվում է Ադրբեջանի տնտեսության ու մշակույթի զարթոնքի ժամանակաշրջան։
Հանրապետության հռչակում
խմբագրել20-րդ դարի վերջին՝ ԽՍՀՄ վերակառուցման ժամանակաշրջանում, Միխայիլ Գորբաչովի վարած գլասնոստի քաղաքականությունը առաջ է քաշում բազմաթիվ քաղաքացիական անհնազանդություններ և էթնիկ խռովություններ երկրի տարբեր շրջաններում՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցած անկարգությունները, ի պատասխան Մոսկվայի անխոհեմության, էլ ավելի են բորբոքում արդեն իսկ ջղաձգված Արցախյան հակամարտությունը, որն էլ հանգեցնում է անջատողական շարժման վերելքին և «Սև հունվարի» իրագործմանը։ 1990 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը վերանվանում է երկիրը՝ հեռացնելով «խորհրդային սոցիալիստական» բնորոշումները։ Հաջորդիվ ընդունվում է «Հանրապետության ինքնիշխանության հռչակագիրը», իսկ առաջին հանրապետության դրոշը՝ զինանշանի հետ մեկտեղ, ընդունվում է պետական խորհրդանիշ։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը երկիրը հռչակում է հանրապետական կառավարմամբ անկախ պետություն, որը հաստատվում է դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեով։ Դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ-ն պաշտոնապես դադարում է գոյություն ունենալ։ ԽՍՀՄ տարրալուծման հետևանքով կովկասյան տարածաշրջանում առաջանում են չորս անկախ պետություններ՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի հայ բնակչության բարձրացրած շարժումը շուտով սկսում է վայելել անկախ Հայաստանի աջակցությունը, որն էլ դառնում է լայնամասշտաբ պատերազմի բռնկման պատճառը։ Արցախյան պատերազմի հիմնական իրադարձություններն են «Օղակ» օպերացիան, Խոջալուի արյունահեղությունը, Մարաղայի կոտորածը և Գորանբոյ գործողությունը։ Պատերազմի ելքը վճռում է Շուշիի, Լաչինի և Քարվաճառի ազատագրումը հայկական զորքերի կողմից։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ադրբեջանական իշխանություններն իրականացնում են Բաքվի և Սումգայիթի հայության մասսայական ջարդերը։ Պատերազմն ավարտվում է 1994 թվականին՝ հայկական կողմի հաղթանակով։ Կնքված զինադադարի պայմանագրի համաձայն Հայաստանը սկսում է տիրապետել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին և հարակից Շահումյանի շրջանին։ Արցախյան հակամարտությունը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանի նորանկախ հանրապետության առաջին նախագահ է դառնում ԱԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Այազ Մութալիբովը։ Վերջինս կառավարում է մինչև 1992 թվականը, իսկ այդ տարուց նախագահի պաշտոնը ստանձնում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Աբուլֆազ Էլչիբեյը։ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի պարտություններից հետո գործող նախագահ Էլչիբեյի հեղինակությունը սկսում է ընկնել։
Գնդապետ Հուսեյնովը, օգտագործելով երկրում սկսած համընդհանուր դժգոհություններից, զինված խռովություն է բարձրացնում։ 1993 թվականի հունիսի 4-ին Գանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի և Սուրաթ Հուսեյնովի զինված ուժերի միջև տեղի են ունենում բախումներ, ինչն էլ ազդարարում է Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբը։ Բանակցությունների արդյունքում Աբդուլֆազը հրաժարվել է վերադառնալ Բաքու՝ հայտնելով իր հրաժարականի մասին։ Արդյունքում՝ Միլի մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ և պաշտոնավարում մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Այդ տարիների ընթացքում, ադրբեջանցի ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը կապված էր հատկապես նրա անվան հետ։ Նրա օրոք սկսվում է երկրի տնտեսության զարթոնքը և զարկ է տրվում նավթարդյունաբերությանը։ 2003 թվականին նրան հաջորդում է որդին՝ Իլհամ Ալիևը։ Իլհամի կառավարման ժամանակահատվածում էլ ավելի է սրվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, դիկտատուրան, կոռուպցիան, ավտորիտարիզմը և մարդու իրավունքների մասսայական ոտնահարումներն ընդունում են չափազանց մեծ ծավալներ։
Աշխարհագրություն
խմբագրելԼեռնագրություն և ռելիեֆ
խմբագրելԱշխարհագրորեն՝ Ադրբեջանի Հանրապետությունը գտնվում է Հարավարևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի միջանցիկ գոտում՝ Եվրասիա մայրցամաքի հարավկովկասյան տարածաշրջանում։ Համարվում է Անդրկովկասի խոշորագույն պետությունը՝ ըստ տարածքի և բնակչության թվի։ Ադրբեջանի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 2448 կմ (1645 մղոն)։ Ամենաերկարը Հայաստանի հետ սահմանն է՝ 1007 կմ երկարությամբ։ Սահմանակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը (756 կմ), Վրաստանին (480 կմ), Ռուսաստանի Դաշնությանը (390 կմ) և Թուրքիային (15 կմ)։ Հարավարևմուտքում Ադրբեջանը սահմանակցում է նաև ինքնահռչակ Արցախի Հանրապետությանը, որը վերջինիս կողմից ճանաչվում է որպես հայկական օկուպացիոն վարչակարքի ներքո գտնվող սեփական անձեռնմխելի տարածք։ Արևելքում Ադրբեջանական Հանրապետության ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը։ Ափամերձ տարածքները կոչվում են մերձկասպյան տարածաշրջաններ։ Ադրբեջանի և Կասպից ծովի սահմանային երկարությունը կազմում է 456 կմ։
Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները, իսկ մերձկասպյան հատվածում գերակշռում են կրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Կասպից ծովի արևմտյան ափին է գտնվում Ապշերոնյան թերակղզին, որտեղ էլ տեղակայված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Հարևան Վրաստանի տարածքով Ադրբեջանը ելք ունի դեպի Սև ծով։ Հյուսիսից հարավ Ադրբեջանի տարածքը կազմում է 400 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ։ Խորհրդային տարիներին անարդարացիորեն Ադրբեջանի կազմում է ընդգրկվել նաև Նախիջևանը, որը ներկայումս ունի ինքնավար հանրապետության կարգավիճակ։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիսարևմուտքից դեպի հարավարևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Ամենացածր կետը Գողթն գավառի Քոթամ գյուղի իջվածքն է՝ ծովի մակարդակից 600 մետր բարձրությամբ։ Ամենաբարձր կետը Կապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մետր բարձրություն։
Ադրբեջանի Հանրապետության ծայրակետերն են՝
- հյուսիսում՝ Խուդաթ, Խաչմասի շրջան 41°54′ հս․ լ. 46°25′ ավ. ե.HGЯO
- հարավում՝ Աստարա, Աստարայի շրջան 38°24′ հս․ լ. 48°39′ ավ. ե.HGЯO
- արևմուտքում՝
- Կողթ, Ղազախի շրջան 41°18′ հս․ լ. 45°00′ ավ. ե.HGЯO
- Վերին Ոսկեպար, Ղազախի շրջան (Ադրբեջանի նախկին անկլավ) 41°04′ հս․ լ. 45°01′ ավ. ե.HGЯO
- արևելքում՝ Բաքու 40°18′ հս․ լ. 50°33′ ավ. ե.HGЯO
Ադրբեջանի էքսկլավ համարվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ծայրակետերն են՝
- հյուսիսում՝
- Նորաշեն, Շարուրի շրջան 39°46′ հս․ լ. 45°04′ ավ. ե.HGЯO
- Տիգրանաշեն, Սանդրուքի շրջան (Ադրբեջանի նախկին անկլավ) 39°48′ հս․ լ. 44°58′ ավ. ե.HGЯO
- հարավում՝ Օրդուբադ 38°51′ հս․ լ. 46°09′ ավ. ե.HGЯO
- արևմուտքում՝ Սանդրուքի շրջան 39°42′ հս․ լ. 44°46′ ավ. ե.HGЯO
- արևելքում՝ Օրդուբադ 38°51′ հս․ լ. 46°09′ ավ. ե.HGЯO
Ադրբեջանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հյուսիսում տարածվում են Մեծ Կովկասի, իսկ հարավում՝ Փոքր Կովկասի լեռները։ Մեծ Կովկասի մաս կազմող Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմական Գարդման, Շակաշեն և այլ գավառները, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Երկրի հարավ-արևելքում շուրջ 100 կմ երկարությամբ տարածվում են Թալիշի լեռները, որի ամենաբարձր կետը Կյոմյուրքյու գագաթն է՝ 2492 մետր հարաբերական բարձրությամբ։ Ադրբեջանի Հանրապետության ամենաբարձր կետը Բազարդյուզու լեռն է՝ 4466 մետր բարձրությամբ։ Ամենացածր իջևածքը գտնվում է Կասպից ծովում և ունի մինչև -28 մետր խորություն։
Բաքու քաղաքի և հարակից շրջանների միջնադարյան պատմական ժառանգությունը
Բազարդուզու լեռը, որը տեղակայված է Մեծ Կովկասի լեռնաշղթայի ծայր հյուսիսում՝ Դաղստանի սահմանագլխին։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 4466 մետր։ Բազարդուզուն հանդիսանում է Ադրբեջանի և Անդրկովկասի ամենաբարձր լեռնագագթը։ |
Տեղագրություն՝ Ղուսարի շրջան Առանց ձյունածածկի գագաթները նման են «հսկայական ամրոցների»։ |
Կապուտջուղ լեռը գտնվում է Նախիջևանի և Հայաստանի սահմանին։ Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ |
Ադրբեջանի Հանրապետությունում է կենտրոնացված ամբողջ աշխարհի ցեխահրաբուխների մեծ մասը։ Այդ հրաբուխները ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Նոր աշխարհի բնական հրաշալիքների ցանկերում։ Գտնվելով գեոսինկլինալային լայնությունում՝ երկրում հաճախակի են նկատվում ստորգետնյա ցնցումներն ու երկրաշարժերը (պատճառը լեռնակազմական գործընթացների շարունակականությունն է)։ Բնապահպանական տեսանկյունից՝ Ադրբեջանի գերակա խնդիրներից է Կասպից ծովի մակարդակի բարձրացումը։ Այդ երևույթի պատճառով Կուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր շրջաններում պարբերաբար տեղի է ունենում ջրածածկ։
Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Վրաստան | Ռուսաստան | |
Հայաստան | Կասպից ծով | |
Արցախ | Իրան |
Ջրագրական ցանց
խմբագրելԱդրբեջանի Հանրապետության տարածքը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Ջրագրական ցանցի մաս են կազմում գետերն ու լճերը, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում։ Այս գործընթացների հավաստիության մասին վկայում են Ադրբեջանում հայտնաբերված չորացած գետերի մնացորդները։
Երկրի ջրագրական ցանցը շարունակաբար փոփոխվում է բնական երևույթների և մարդու արդյունաբերաձեռնարկատիրական գործունեության հետևանքով։ Ադրբեջանի ջրային համակարգի անբաժանելի մասն են կազմում նաև արհեստական գետերն ու ջրանցքները։ Աշխարհագրորեն՝ Ադրբեջանի ներքին ջրերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կան շուրջ 250 լճեր, որոնցից խոշորագույններն են Հաջիկաբուլն (15,5 կմ²) ու Բեյուքշորը (10,3 կմ²)։ Լճերի ջուրն աղի է, իսկ որոշ շրջանների ջրեր ունեն սառցադաշտային ծագում։ Խոշորագույն գետերն են Կուրն ու Արաքսը։ Կուր գետի ափին են գտնվում Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մինգեչաուրը, Եվլախը, Զարդոբը, Սաբիրաբադը, Սալյան և այլն։ Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքում է գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրը, որի ընդերքը հարուստ է նավթի պաշարներով։ Գետերի ջրերն օգտագործվում են ոռոգման նկատառումներով և ծառայում որպես էլեկտրաէներգետիկա աղբյուր։ Կուր գետի ադրբեջանական հատվածը նավարկելի է փոքր չափեր ունեցող նավերի համար։ Ներկայումս Եվլախի և Կասպից ծովի միջև առկա է ջրային ճանապարհ։
Էներգետիկայի ստացման (Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի միջոցով), գյուղատնտեսության և ջրային տրանսպորտի զարգացման, ինչպես նաև ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելու համար 1959 թվականից ի վեր շահագործման է հանձնվել Մինգեչաուրի ջրամբարը։ Մինգեչաուրի ջրամբարից սկիզբ են առնում Վերինղարաբաղյան (172 կմ) և Վերինշիրվանյան (123 կմ) ալիքները։ Ավազանում բնակվում են՝ բրամ, շիղաձկներ և մի շարք այլ ձկնատեսակներ։ Ադրբեջանի խոշորագույն գետը Սամուրն է՝ 213 կմ երկարությամբ։
Ավազանի ընդհանուր մակերեսը կազմում 7330 կմ²։ Պայմանականորեն, Ադրբեջանի գետերը դասակարգվում են ըստ ջրատարածության ավազանի։ Դրանք հիմնականում ունեն հետևյալ կարգաբանությունը՝
- Կուր գետի ավազանին պատկանող՝ Ալազան, Կամբեճ, Աղստև, Թարթառ և այլն։
- Արաքս գետի ավազանին պատկանող՝ Արփա, Ախտուբա, Բաղանռոտ և այլն։
- Անմիջականորեն Կասպից ծով թափվող՝ Աստրաչայ, Հերազ, Կլյազմա, Արտահան և այլն։
Հողային ծածկույթ և բնական ռեսուրսներ
խմբագրելԿլիմայական պայմաններ
խմբագրելԿլիմայի տեսանկյունից Ադրբեջանի Հանրապետությունը բավականին բազմազան պետություն է։ Արևելքից արևմուտք կլիմայական պայմանները բարեխառնից կարող են վերածվել մինչև մերձարևադարձայինի։ Ադրբեջանի տարածքը բաժանված է 11 եղանակային գոտիների, սակայն երկրի մեծ մասում կլիման մերձարևադարձային է։ Կլիմայի ձևավորման վրա զգալի ազդեցություն ունեցող գործոններն են ֆիզիկաաշխարհագրական դիրքը, ռելիեֆը և Կասպից ծովի ջերմաստիճանային պայմանները։
Էական նշանակություն ունի բարձրադիր լեռների ազդեցությունը։ Տարվա ամենաշոգ ամիսը հուլիսին է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Հուլիս ամսին Ադրբեջանի լեռնային շրջաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -1 °C է, իսկ տափաստաններում գրանցվում է միջինում +28 °C ջերմություն։ Տեղումների քանակը մեծ է՝ մինչև 200 մմ։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Ապշերոնի թերակղզում՝ Բաքվում, երբ տեղումների տարեկան քանակը հասել է մինչև 1200-1700 մմ-ի։ Աշնանը գերակշռում են են հյուսիսային ուժգին քամիները։
Կլիման Կուր-Արաքսյան դաշտավայրում չոր մերձարևադարձային է (հունվարին՝ 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 ;°C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում և Թալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000-1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձրության վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։ Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության (նաև Հայաստան և Վրաստան), Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օդի խոնավությունը համեմատաբար ավելի ցածր է։ Առավելագույն խոնավությունը Նախիջևանի ԻՀ-ում գրանցվել է ձմռանը՝ հունվար ամսին։
Բաքվի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
6.3 (43.3) |
9.8 (49.6) |
16.4 (61.5) |
22.1 (71.8) |
27.3 (81.1) |
30.6 (87.1) |
29.7 (85.5) |
25.6 (78.1) |
19.6 (67.3) |
13.5 (56.3) |
9.7 (49.5) |
18.1 (64.6) |
Միջին օրական °C (°F) | 4.4 (39.9) |
4.2 (39.6) |
7.0 (44.6) |
12.9 (55.2) |
18.5 (65.3) |
23.5 (74.3) |
26.4 (79.5) |
26.3 (79.3) |
22.5 (72.5) |
16.6 (61.9) |
11.2 (52.2) |
7.3 (45.1) |
15.1 (59.2) |
Միջին ցածր °C (°F) | 2.1 (35.8) |
2.0 (35.6) |
4.2 (39.6) |
9.4 (48.9) |
14.9 (58.8) |
19.7 (67.5) |
22.2 (72) |
22.9 (73.2) |
19.4 (66.9) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
4.8 (40.6) |
12.0 (53.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21 (0.83) |
20 (0.79) |
21 (0.83) |
18 (0.71) |
18 (0.71) |
8 (0.31) |
2 (0.08) |
6 (0.24) |
15 (0.59) |
25 (0.98) |
30 (1.18) |
26 (1.02) |
210 (8.27) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6 | 6 | 5 | 4 | 3 | 2 | 1 | 2 | 2 | 6 | 6 | 6 | 49 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1 cm) | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 10 |
Միջին ամսական արևային ժամ | 89.9 | 89.0 | 124.0 | 195.0 | 257.3 | 294.0 | 313.1 | 282.1 | 222.0 | 145.7 | 93.0 | 102.3 | 2207,4 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[21], Hong Kong Observatory[22] for data of sunshine hours | |||||||||||||
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[23] |
Կենսաբազմազանություն
խմբագրելԱդրբեջանի տարածքում կենդանիների բազմազանության մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել միջնադարյան շրջանի արևելյան ճանապարհորդների ճամփորդական գրառումներում։ Գաբուստանի արգելոցի հնագիտական ժայռապատկերների վրա հանդիպում են կենդանիների պատկերներ, որոնք ապրել են այստեղ վերջին 25 հազար տարիներին՝ ջեյրան, վայրի այծ, եղնիկ, վայրի խոզ, ձի, առյուծ և այլն։ Ժայռերին նույնպես կարելի է տեսնել թռչունների, ձկներ, օձերի, մողեսների և բազմաթիվ միջատների նկարներ։ Ադրբեջանի բուսական և կենդանական աշխարհի մասին առաջին տեղեկություններն ամբողջացվել են 17-րդ դարում՝ բնագիտական ուսումնասիրություններից հետո։ Բնական պայմանների բազմազանության շնորհիվ Ադրբեջանում տարածված են բազմաթիվ կենդանատեսակներ։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի տարածքում ապրում են 101 տեսակի կաթնասուններ, 365 տեսակի թռչուններ, 52 տեսակի սողուններ, 10 տեսակի երկկենցաղներ, 101 տեսակի ձկներ, շուրջ 25 հազար տեսակի միջատներ և ավելի քան 1000 տեսակի փափկամարմիններ և հոդվածոտանիներ։ Ադրբեջանի հարթավայրային տարածքներին բնորոշ են նապաստակները, գայլերը, աղվեսները, վիթերը, մողեսները և այլ ցամաքային ու ճահճային կենդանիներ։ Կուր և Արաքս գետերի հովիտներում բնակվում են վայրի խոզեր, այծյամներ, գորշուկներ և շնագայլեր։ Լեռներում ապրում են հիմնականում կճղակավորներ` Դաղստանյան այծ, քարայծ, բեզոարյան այծ, այծյամ, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի առավելագույնս վտանգված տեսակներից մուֆլոնը, որին այստեղ կարելի է հանդիպել հազվադեպ։ Լեռներում ապրում են նաև արջեր, լուսաններ, վայրի կատուներ, ընձառյուծներ և այլն։ Ադրբեջանը հարուստ է նաև ճահճային կենդանիներով և մողեսների բազմազանությամբ։ Բազմազան է նաև թռչունների աշխարհը (փասիան, կաքավ, ցախաքլոր, բադ, սագ, կարապ, հավալուսն, ծկնկուլ, ֆլամինգո և այլն)։ Շատ են նաև թռչունները, որոնք ձմռանը հեռանում են տարածաշրջանից։ Ադրբեջանի ազգային կենդանին Ղարաբաղի ձին է, որը հնագույն ժամանակներից Արցախի տարածքում տարածված հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է։
Ադրբեջանի տարածքում հանդիպում են ավելի քան 4500 տեսակի բույսեր։ Բնակլիմայական յուրահատկությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանի համար արտասովոր համարվող բույսերի աճեցման համար։ Կովկասում աճող տեսակների շուրջ 67 %-ը կարելի է գտնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ժամանակակից էկոլոգիական խնդիրները (մթնոլորտի օդային ավազանի աղտոտում, անտառահատումներ, ճահճացումներ, հողերի էրոզիա) համարվում են Ադրբեջանի բնապահպանների առջև առկախված գերակա խնդիրներից։ Երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնության նպատմամբ մարդու անթրոպոգեն ազդեցությունը նվազեցնելու նպատակով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.
- ↑ 2,0 2,1 LaPorte, Jody (2016). «Semi-presidentialism in Azerbaijan» (PDF). In Elgie, Robert; Moestrup, Sophia (eds.). Semi-Presidentialism in the Caucasus and Central Asia. London: Palgrave Macmillan (published 2016 թ․ մայիսի 15). էջեր 91–117. ISBN 978-1-137-38780-6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Аzərbаycаndа dеmоqrаfik vəziyyət» (ադրբեջաներեն). Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. 2017 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ադրբեջան». Արժույթի միջազգային հիմնադրամ.
- ↑ «Конституция » АЗЕРБАЙДЖАН » Официальный сайт президента Азербайджанской Республики». president.az (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Pipes, Richard (1997). The Formation of the Soviet Union: Communism and Nationalism 1917–1923 (2nd ed.). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 218–220, 229. ISBN 978-0-674-30951-7.
- ↑ King, David C. (2006). Azerbaijan. Marshall Cavendish. էջ 27. ISBN 978-0761420118.
- ↑ Europa Publications Limited (1998). Eastern Europe and the Commonwealth of Independent States. Routledge. էջ 154. ISBN 978-1-85743-058-5.
- ↑ «Elections & Appointments – Human Rights Council». United Nations. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 10,0 10,1 «Azerbaijan: Membership of international groupings/organisations». British Foreign & Commonwealth Office. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «The non-aligned engagement». The Jakarta Post. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Cornell, Svante E. (2010). Azerbaijan Since Independence. M.E. Sharpe. էջեր 165, 284.
- ↑ «WHO ranks Azerbaijan 38th on alcohol use». 2011 թ․ նոյեմբերի 18.
- ↑ What Alabamians and Iranians Have in Common. Gallup. Retrieved on 30 June 2017.
- ↑ Islam and Secularism: the Azerbaijani experience and its reflection in France Արխիվացված 2020-11-23 Wayback Machine. Prweb.com (17 June 2013). Retrieved on 30 June 2017.
- ↑ Muslims and Islam: Key findings in the U.S. and around the world | Pew Research Center. Pewresearch.org (26 May 2017). Retrieved on 30 June 2017.
- ↑ «Interactive Infographic of the World's Best Countries». Newsweek. 2010 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Literacy rate among schoolchildren in Azerbaijan is 100% – UN report». News.Az. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Employment statistics in Azerbaijan». The State Statistical Committee of the Republic of Azerbaijan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Human Rights Watch: Azerbaijan». Human Rights Watch. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ «World Weather Information Service». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ "Climatological Information for Baku, Azerbaijan" Արխիվացված 2012-01-19 Wayback Machine – Hong Kong Observatory
- ↑ «Baku, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջան» հոդվածին։ |