Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձի (այլ կիրառումներ)


Ձին, ընտելացված կենդանի է և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակն է։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։

Ընտանի ձի
Ձի
Ձիեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Գազաններ
Ինֆրադաս Eutheria
Կարգ Perissodactyla
Ընտանիք Equidae
Ցեղ Equus
Տեսակ Վայրի ձի
Լատիներեն անվանում
Equus ferus caballus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180691
NCBI 9796
EOL 328648

Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագրաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում։

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։

Ձին Արագածի փեշերին

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։

Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում։ XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ։ Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են։ Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով։

Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ։ Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին։ Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ։ Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։

Ձիերի գլխաքանակը 2022-ի հունվարի 1-ի դրությամբ
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ձի հոդվածին