Հյուսիսային Արցախ, Մռավի լեռնաշղթայից հյուսիս ընկած հյուսիսային այն տարածքը, որը մտնում էր հայկական պատմական Արցախ և Ուտիք նահանգների մեջ, սակայն չէր մտնում Արցախի Հանրապետության մեջ՝ տարածքային առավելագույն մեծության ժամանակ (1994-2020)։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում Արցախն ունեցել է տարբեր սահմաններ, ուստի այս երզույթը վերաբերելի է եղել տարբեր տարածքների։ Նեղ իմաստով այն ընդգրկում է շուրջ 2000 քառակուսի կիլոմետր տարածք[Ն 1], սակայն երբեմն տարբեր աղբյուրներում, ելնելով քաղաքական ենթատեքստից, այդ անվան տակ են ներառում հայկական պատմական մեկ այլ նահանգի՝ Ուտիքի որոշ գավառներ[1]։ 1988 թվականի արցախյան շարժումից սկսած մինչև 1992 թվականի Գորանբոյ գործողությունը վերջնականապես հայաթափվել է[2]։

Արցախի պատմություն
Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Պատմություն

խմբագրել

Արցախը կամ փոքր Սյունիքը[3] եղել է Մեծ Հայքի թագավորության (մ․թ․ա․ 331 - մ․թ․ 428) 10-րդ նահանգը։ Վաղ միջնադարում Արցախը ներառվել է պարսկահպատակ Աղվանից թագավորության (428-705) և արաբահպատակ Արմինիա կուսակալության «առաջին Արմինիա» նահանգի (705-885) մեջ[4]։ Այս ժամանակահատվածում Արցախի սահմանները գրեթե չեն ենթարկվել փոփոխության, և հյուսիսային Արցախ էին հանդիսանում հիմնականում դրա երկու գավառները՝ Կողթը և Քուստ-ի-Փառնեսը (Փառիսոս)[5][6]։

Զարգացած միջնադարում Փառիսոսի թագավորության ստեղծմամբ հյուսիսային Արցախը կարճ ժամանակով անջատվում է Արցախի մյուս գավառներից և ժամանակավորապես միանում Գարդմանին[7], սակայն միանում Արցախի կիսանկախ իշխանությանը (թագավորությանը, 1000-1261) և դրա իրավահաջորդ Խաչենի իշխանությանը (1261-1603)[8]։

Ուշ միջնադարում, պայմանավորված հայկական բոլոր թագավորությունների անկմամբ և տարբեր թյուրքալեզու ցեղերի ներթափանցմամբ, Արցախում միասնական իշխանությունը տրոհվում է տարբեր մասերի, որոնց գլուխ են կանգնում Խաչենի իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Այդպես ստեղծվում է Գյուլիստանի մելիքությունը[9], որը ներառում է գրեթե ամբողջ հյուսիսային Արցախը, ինչպես նաև կարճակյաց Ոսկանապատի[10], Գետաշենի, Խաչակապի և Բարսումի մելիքությունները։ Գյուլիստանը, որպես խամսայի մելիքությունների միության մաս, անկախության կամ կիսանկախության տարբեր շրջաններով գոյատևում է մինչև Ղարաբաղի և Գանձակի խանությունների հիմնումը (1747)[11]։ Հյուսիսային Արցախը կիսվում է այս երկու կիսանկախ միավորների մեջ, սակայն պահպանում հայկական բնակչությունը։

 
Հյուսիսային Արցախի խոշորագույն բնակավայրը՝ Փիփ (ադրբ.՝ Zəylik) գյուղը (1917 թվականի դրությամբ ուներ 800 տուն՝ 5838 բնակիչ)

Նոր շրջանում, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում ամբողջ Արցախը միանում է Ռուսական կայսրությանը (1806)[12]։ Խաղաղության պայմանագիրը կնքվում է Հյուսիսային Արցախում՝ Գյուլիստան գյուղում (1813)[13]։ Հյուսիսային Արցախը, որը կիսված էր երկու նախկին խանությունների միջև, մի մասով անցնում է Գանձակի գավառի (Վրացա-Իմերեթական նահանգ, ապա՝ Թիֆլիսի նահանգ), մյուս մասով՝ Շուշիի կամ Ղարաբաղի գավառի (Կասպիական մարզ, ապա՝ Բաքվի նահանգ) կազմ։ 1868 թվականին, Ելիզավետպոլի նահանգի ստեղծումից հետո ամբողջ հյուսիսային Արցախը, ինչպես նաև հյուսիսային Ուտիքը ձևավորում են Ելիզավետպոլի գավառը[14]։ Այդպիսով, հյուսիսային Արցախը, լինելով հայաբնակ, միավորվում է հայկական դիմագիծը մասամբ պահպանած, տեղ-տեղ՝ առհասարակ չպահպանած Ուտիքի գավառներին (Գարդման, Շակաշեն)՝ հայաշատ Գանձակ (Ելիզավետպոլ) կենտրոնով[15]։ Գանձակի խանության ստեղծումից ի վեր, ինչպես նաև ռուսական իշխանության տարիներին հյուսիսային Արցախում սկսում են հայտնվել թյուրքալեզու ցեղերի մի քանի ամառային արոտավայրեր և փոքր գյուղեր[16]։ Դրանցից ամենախոշորը՝ Ամրվարը, որը հայկական էր մինչև 18-րդ դարի վերջը, 1914 թվականին ուներ 1137 բնակիչ։

 
Հյուսիսային Արցախի երկու քաղաքներից մեկը՝ Ներքին Շենը կամ Շահումյանը (ադրբ.՝ Aşağı Ağcakənd) գյուղը (1989 թվականի դրությամբ ուներ 4166 բնակիչ)

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասում ստեղծվում է Մուսավաթական Ադրբեջանը, որի մայրաքաղաքան ի սկզբանե Ելիզավետպոլն էր, ապա՝ Բաքուն[17]։ Ցանկանալով տիրանալ առնվազն երկու նահանգներին՝ նորաստեղծ պետության իշխանությունները ձգտում են հայկական պետությունից անջատել Ելիզավետպոլի նահանգի կազմ մտնող Զանգեզուրը, Արցախն ու Տավուշը[18], ինչում նրանց օժանդակում էին անգլիացիները։ Հյուսիսային Արցախը մինչդեռ ենթարկվում էր Ղարաբաղի հայկական իշխանությանը, սակայն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո իրավիճակը փոխվում է։ Խորհրդային Ադրբեջանին Արցախի բռնակցումից երկու տարի անց ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ առանց հյուսիսային Արցախի[19] ։ Վերջինս հիմնականում բաժանվում է երկու շրջանի միջև՝ Շահումյան և Դաշքեսան, որոշ բնակավայրեր ներառվում են Խանլարի (10), իսկ Գարդման-Շակաշենի հայկական բնակավայրերը՝ Գետաբեկի (1) և Շամքորի (6) շրջաններում։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվում է Արցախի Հանրապետությունը, որի կազմում մտնում է միայն Շահումյանի շրջանը, իսկ 1992 թվականի Գորանբոյ գործողությունից հետո վերջնականապես հայաթափվում է, ինչպես վերոհիշյալ շրջանները, և անցնում Ադրբեջանին[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Երկրամասը հյուսիսից սահմանակցում է Ուտիքի Գարդման, արևելքից՝ Շակաշեն գավառներին, արևմուտքից՝ Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Արցախի Հանրապետությանը[փա՞ստ][1]։

Հյուսիսային Արցախը գտնվում է Փոքր Կովկասի հողմահայաց լեռնաշղթաների տարածքում, որով եզերում է Հայկական լեռնաշխարհը։ Լեռները ծալքաբեկորային են, անտառապատ, ինչպես ամբողջ Փոքր Կովկասի աղեղնաձև տարածքում՝ Բաթումից մինչև Մեղրի։ Հարավում Մռավի լեռներն են, որոնց շրջանում կա միայն մեկ լեռնանցք՝ Օմարը։ Արևմուտքում Սևանա լճին հարող տարածքներում, որտեղ վեր են խոյանում Սևանի ծալքավոր անանցանելի լեռները, կան տարբեր մետաղների՝ ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի, ալյումինի, կոբալտի, մարմարի հարուստ պաշարներ։ Հյուսիսից և արևմուտքից լեռները վերածվում են բլուրների, իսկ բուն տարածքից դուրս՝ դաշտավայրի։

 
Գյոյգյոլ լիճ, առավելագույն խորությունը՝ 96 մետր

Հյուսիսային Արցախն ունի ջրային հարուստ պաշարներ, որոնք գոյանում են ինչպես լեռնային ձնհալից, այնպես էլ Կասպից ծովի հողմահայաց լանջերին թափվող անձրևներից։ Առկա են սառնորակ, բուժիչ և հանքային աղբյուրներ։ Տարածքով հոսում են մի քանի գետեր (Ձեգամ, Շամքոր, Արթենաջուր, Գանձակ, Կյուրակ, Ղարաչայ և այլն), որոնք հոսում են դեպի Ուտիքի դաշտավայրային հատվածներ և թափվում Կուր գետը։ Լճերից առավել հայտնի են Գյոյգյոլը (0,78 կմ2), որի անունով ստեղծվել է նաև ազգային պարկ, Մարալգյոլը (23 կմ2) և այլն։ Դրանք դասվում են ամբարտակային կամ պատվարային լճերի շարքին։

Ջերմաստիճանը ձմռանը փոխվում է -5 C-ից մինչև -20 C, իսկ ամռանը՝ +20 C-ից մինչև +35 C: Հունվարի միջին ամսական ջերմաստիճանը -2 - -14 է, հուլիսինը՝ +5– +20։ Օդի միջին տարեկան հարաբերական խոնավությունը 75% է և փոփոխվում է տարեկան 67-82%։ Տարեկան տեղումները տարածքում 600–900 մմ են։ Անձրևների մեծ մասը լինում է գարնանը։ Հնարավոր գոլորշիացումը հողի մակերեսից 300–800 մմ է մեկ տարվա ընթացքում։

Հողերը բարեբեր են ու տարաբնույթ։ Լեռնային բարձունքներում հանդիպում են մարգագետնատափաստային մարգագետնասևահողային, լանջերին՝ անտառային գորշ, անտառային դարչնագույն հողեր և լեռնային սևահողեր, մասամբ նաև՝ լեռնային շագանակագույն հողեր։ Աշխարհագրական բարենպաստ պայմանների շնորհիվ այստեղ դարեր ի վեր զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։

Բնակչություն

խմբագրել

Ռուսական կայսրության 1897 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ ամբողջ Ելիզավետպոլի գավառում՝ հյուսիսային Ուտիքում ու հյուսիսային Արցախում միասին, բնակվել է 162,788 մարդ[20], որից 33,625-ը՝ Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում[21]։

Ելիզավետպոլի գավառի բնակչություն
Ազգություն տղամարդիկ,
ամբողջ գավառում
կանայք,
ամբողջ գավառում
ընդամենը,
ամբողջ գավառում
տղամարդիկ,
քաղաքում
կանայք,
քաղաքում
ընդամենը,
քաղաքում
կովկասյան թաթար 59268 44702 103970 9787 7639 17426
հայ 22313 20727 43040 6366 5689 12055
ռուս 4094 3130 7224 1361 1158 2519
գերմանացի 1512 1574 3086 48 55 103
բելառուս 1347 1488 2835 1 0 1
վրացի 424 198 622 325 169 494
ուկրաինացի 268 101 369 165 50 215
հրեա 75 26 101 70 23 93
այլ ազգեր 1283 258 1541 615 104 719
ընդամենը 90584 72204 162788 18738 14887 33625

Աղյուսակից երևում է, որ Գանձակ քաղաքը իսլամադավան էր միայն կիսով չափ, իսկ գավառի հայերի մեծ մասը բնակվում էր գյուղերում (30,985 մարդ), գերազանցապես՝ Հյուսիսային Արցախի ու Գարդմանի 34 գյուղերում (30,372 հայ), փոքր մասով՝ գավառի շուրջ երկու տասնյակ այլ հայկական փոքր գյուղերում (Աղ-Եղուշ, Ագարաջա, Բիրգեզ, Գաջալի, Գախտուտ, Գեյուկ-Պայա, Դարաբեգլի, Դամջիլի, Դանագիր, Էգլգուլիլյար, Էմուլիլյար, Կարակոյունլու, Կրզեն, Կրըխլը, Կիզիլջա, Ղազախլի, Ղարալուջախ, Ղարաբուլաղ, Ղարադաղլա, Մոլլա Վալադլու, Սարով և այլն), որոնք մտնում էին Ուտիքի մեկ այլ՝ Շակաշենի գավառի մեջ։ Դրանք, լինելով սակավ բնակչությամբ գյուղեր, որոշ ժամանակ անց դատարկվում են. բնակիչները տեղափոխվում են հիմնականում Գանձակ քաղաք։

Հետագա Դաշքեսանի շրջանում ոչ հայկական գյուղերի թիվը հասնում էր 15-ի, Շահումյանի շրջանում՝ 5-ի (1-ը՝ Ռուս Պարիս, ռուսական)։ Խանլարի շրջանի հյուսիսարցախյան մասում՝ թաթարաբնակ գյուղերը 4-ն էին, ինչպես նաև մեկ գյուղ` հայկական Հաջիշենը, ուներ նաև թաթար և գեևմանացի բնակչություն։ Թյուրքալեզու ընդհանուր բնակչությունը չէր անցնում 5000-ից։ Ինչ վերաբերում է Գարդմանի բնակավայրերին, ապա դրանցից հայաբնակ էին մնացել միայն յոթը։ Ադրբեջանական ԽՍՀ Գետաբեկի շրջանը, որն ամբողջությամբ հայաբնակ էր մինչև 1770-ական թվականները, ներառում էր միայն մեկ գյուղաքաղաք, որն ուներ որոշակի քանակության հայ բնակչություն, ինչպես նաև գյուղում բնակվում էին գերմանացիներ ու ռուսներ։ Գետաբեկը ևս հայաթափվել էր, և վերստին հայերով վերաբնակեցվել ավելի ուշ՝ 19-րդ դարի երկրորդ կեսից։ Մյուս վեց բնակավայրերը Շամքորի շրջանում էին։

Հայկական բնակավայրերը 1897 թվականին՝ ընդհանուր բնակչությամբ[1]
Բնակավայր պատմական շրջան Ադրբեջանական ԽՍՀ տղամարդիկ կանայք ընդամենը
Գետաբեկ Գարդման Գետաբեկի շրջան 309 297 606
Բանանց հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 1326 1279 2605
Խաչակապ հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 817 729 1546
Կիրանց հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 255 267 522
Հարցհանգիստ հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 454 386 840
Փիփ հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 1819 1563 3382
Վերին Քարհատ և
Ներքին Քարհատ
հյուսիսային Արցախ Դաշքեսանի շրջան 529 448 977
Աբլահ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 119 74 193
Ազատ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 228 227 455
Բրաջուր հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 229 191 420
Գետաշեն հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 1037 827 1864
Հաջիշեն հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 160 124 284
Ղարաբուլաղ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 226 212 438
Ղուշչի հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 140 121 261
Միրզիկ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 424 388 812
Մուռուտ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 173 169 342
Ոսկանապատ հյուսիսային Արցախ Խանլարի շրջան 340 313 653
Բուզլուխ հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 99 89 188
Գյուլիստան հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 141 131 272
Էրքեջ հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 412 338 750
Խարխափուտ հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 134 105 239
Հայ Պարիս հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 191 172 363
Ղարաչինար հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 587 527 1114
Մանաշիդ հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 281 204 485
Մանասինշեն հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 202 189 491
Ներքին Շեն հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 547 474 1021
Վերին Շեն հյուսիսային Արցախ Շահումյանի շրջան 542 462 1004
Բադա Գարդման Շամքորի շրջան 908 764 1672
Բարսում Գարդման Շամքորի շրջան 735 608 1343
Գառնակեր Գարդման Շամքորի շրջան 715 598 1313
Նուկզար Գարդման Շամքորի շրջան 370 420 790
Չարդախլու Գարդման Շամքորի շրջան 921 501 1422
Ջագիր Գարդման Շամքորի շրջան 388 544 932
ընդամենը 16232 14040 30372

Տնտեսություն

խմբագրել

Մշակույթ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
 
Գարդման գավառը՝ ընդգծված մուգ գույնով, ինչպես նաև Արցախի հյուսիսային սահմանը
  1. Հյուսիսային Արցախի մեջ ներառվում են Կողթ և Քուստ-ի-Փառնես գավառները, որոնք Ադրբեջանական ԽՍՀ կողմից բռնազավթվելով բաժանվել են Դաշքեսանի (1047 կմ)2 և Շահումյանի (630 կմ2), ինչպես նաև դրանց միջև գտնվող մի քանի հայկական գյուղեր՝ Խանլարի (ամբողջ տարածքը՝ 920 կմ2, որը մասամբ դուրս էր Արցախի սահմաններից)։ Այդ շրջաններում ամփոփված հայկական տարածքները եղել Արցախի տարբեր պետական կազմավորումների մասեր կամ որոշ ժամանակով եղել են առանձին վարչական միավորներ ու մելիքություններ, սակայն երբևէ Ուտիքի Գարդման գավառի հետ միավորվել են միայն մեկ շրջանում՝ Գարդման-Փառիսոսի թագավորության ժամանակ։ Մինչդեռ դրանցից բացի՝ Ուտիքի Գարդման, Շակաշեն, Տուչքատակ և մյուս գավառները «Հյուսիսային Արցախ» են հորջորջվել միայն մեկ հեղինակի՝ Սամվել Կարապետյանի մոտ՝ համանուն աշխատությունում։ Գարդմանը, լինելով առանձին իշխանություն, գոյություն է ունեցել վաղ միջնադարում, իսկ Շակաշենը 387 թվականի բաժանումից հետո չի ներառվել հայկական պետությունների կազմում (Բագրատունիների թագավորություն, Զաքարյան իշխանապետություն)։ Ինչ վերաբերում է Տուչքատակ գավառին, ապա այն մշտապես մաս է կազմել հայկական տարբեր պետականությունների, սակայն երբեք ոչ՝ Արցախի։ Ինքը՝ հեղինակը, գրքում նշում է, որ Ուտիքի մի քանի գավառները և Արցախի հյուսիսը «Հյուսիսային Արցախ» է կոչում, իր խոսքով, «պայմանականորեն»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Կարապետյան, Սամվել (2004). Հյուսիսային Արցախ. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն».
  2. 2,0 2,1 «Би-би-си | Аналитика | Глава 13. Июнь 1992 — сентябрь 1993 гг. Эскалация конфликта». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  3. Chorbajian, Levon; Mutafian, Claude; Donabédian, Patrick (1994). The Caucasian Knot: The History and Geo-Politics of Nagorno-Karabagh. London: Atlantic Highlands, NJ. էջեր 52, 59. ISBN 1856492877. OCLC 31970952. «[...] Artsakh sometimes called Little Siunik or Second Siunik, [...]»
  4. Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. էջ 102. ISBN 0-226-33228-4.
  5. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». https://www.arevmdahaiastan.net/am/ (հայերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Ասպետ Մանճիկեան (2020 թ․ նոյեմբերի 4). «Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ». www.aztagdaily.com (հայերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Кавказская Албания // Православная энциклопедия. — 2000. — Т. I. — С. 455—464.
  8. Петрушевский, Илья Павлович Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI—начале XIX вв. — Л., 1949.
  9. Կարապետյան, Սամվել (1999). «[[Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (գիրք)|Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում]]», (PDF). Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին. {{cite book}}: URL–wikilink conflict (օգնություն)
  10. Հասան-Ջալալյան, Ստեփան. «Արցախի մելիքությունների կազմավորումն ու իրավաքաղաքական կարգավիճակը», (PDF).
  11. Шнирельман, Виктор Александрович Войны памяти: мифы , идентичность и политика в Закавказье. — М.: Академкнига, 2003. — С. 103.
  12. Armenia // The Oxford Encyclopedia of Economic History. / Joel Mokyr. — NY: Oxford University Press, 2003. — Vol. 5. — С. 157. — 2824 p. — ISBN 9780195105070 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  13. George A. Bournoutian Armenian // An Ethnohistorical Dictionary of the Russian and Soviet Empires / James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. — Westport, Conn.: Greenwood press, 1994. — С. 45. — 840 p. — ISBN 9780313274978 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  14. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։
  15. Chisholm, Hugh, ed. (1911). «Elisavetpol (government)» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 9 (11th ed.). Cambridge University Press. էջ 280; see final three lines. «The government is divided into eight districts, Elisavetpol, Aresh, Jebrail, Jevanshir, Kazakh, Nukha, Shusha and Zangezur.»
  16. «Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей». www.demoscope.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 28-ին.
  17. Азербайджанская Демократическая Республика (1918―1920). Армия. (Документы и материалы). Баку, 1998, с. 6-7
  18. Igor M. Diakonoff The Paths of History. — Cambridge University Press, 1999. — С. 100.

    Until the twentieth century, the term Azerbaijan (a late form of the term Atropatene derived from the name Atropates, satrap and later king of Western Media at the end of the fourth century BC) was used solely for the Turkic-speaking regions of North-Western Iran. When, in 1918—1920, the power in Eastern Transcaucasia (Shirvan, etc.) was taken over by the party of Musavatists, they gave to their state the name ‘Azerbaijan’, hoping to unite it with Iranian Azerbaijan, or Azerbaijan in the original sense of the term; that territory had much greater Turkic population; the Musavatists relied on the state of complete political disintegration of Iran at that period, and hoped to easily annex Iranian Azerbaijan into their state. Until the twentieth century, the ancestors of the present-day Azerbaijanis called themselves Turki, while the Russians called them Tatars, not distinguishing them from the Volga Tatars. The Azerbaijani language belongs to the Oghuz branch of Turkic; the Volga Tatar language belongs to the Kipchak branch of Turkic

  19. Атлас Союза Советских Социалистических Республик [Atlas of the Union of Soviet Socialist Republics]. Moscow: Central Executive Committee of the USSR. 1928. «The Autonomous Region of Nagorno-Karabakh, which is part of the SSR of Azerbaijan, was formed by the decree of the AzCEC 7 / VI 1923 from Armenian parts of the former Jevanshir, Shulgan, Karyaginsky, and Kubatly uyezds. The territory of the Region is 4.161 sq. km. According to the administrative division on 1 / I of 1927, it is divided into 5 sections or parishes. Its administrative and political center is mountains. Stepanakert (formerly the village of Khankendy). Another city of the Region is Shusha.»
  20. «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам, Елисаветпольский уезд». www.demoscope.ru (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам, Елисаветпольский уезд - г. Елисаветполь». www.demoscope.ru (ռուսերեն).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)