Փարիզի խաղաղության վեհաժողով

1919-1920

Փարիզի խաղաղության վեհաժողով, Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակած դաշնակիցների հանդիպումներ 1919 և 1920 թվականներին, որպեսզի թելադրեն հաշտության պայմանները պարտված Կենտրոնական տերություններին։ Վարում էին առաջնորդներ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, որի արդյունքում կնքվեցին հինգ տարբեր պայմանագրեր, որոնք փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը Եվրոպայում, Ասիայի որոշ հատվածներում, Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում, նաև որոշվեցին ռազմատուգանքներ։ Գերմանիան և այլ պարտված պետությունները չունեցան ձայնի իրավունք, ինչը հանգեցրեց ռևանշիզմի զարգացմանը հաջորդ տասնամյակներին։

Փարիզի համաժողով։ Նկարիչ՝ Ուլիամ Օրֆեն

Վեհաժողովին մասնակցում էին պատվիրակություններ 32 պետությունից և ազգությունից և գլխավոր որոշումը Ազգերի լիգայի ձևավորումն էր և պարտված երկրների հետ հինգ հաշտության պայմանագրերը՝ կցելով Գերմանիայի և Օսմանյան կայսրության անդրծովյան տարածքները հիմնականում Բրիտանիային և Ֆրանսիային, ռազմատուգանք սահմանվեց Գերմանիայի նկատմամբ, գծվեց երկրի նոր քարտեզը՝ հաշվի չառնելով էթնիկ գործոնը։

Գլխավոր արդյունքը դարձավ Վերսալյան պայմանագիրը Գերմանիայի հետ, որի 231 հոդվածով պատերազմի ամբողջ մեղքը բարդվեց Գերմանիայի վրա՝ նրա և դաշնակիցների գործողությունները որակելով ագրեսիա։ Պայմանագիրը չափազանց վնաս բերեց Գերմանիային, այդ թվում մեծ ռազմատուգանքը, որը Գերմանիան ի վիճակի չէր վճարելու (նա վճարեց միայն փոքր մասը 1931 թվականին)։ Հինգ մեծ տերությունները (Ֆրանսիան, Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆը) վերահսկեցին վեհաժողովը։ Մեծ քառյակն էր Ֆրանսիայի վարչապետ Ժորժ Կլեմանսոն, Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և Իտալիայի վարչապետ Վիտտորիո Էմանուել Օրլանդոն։ Նրանք ոչ պաշտոնապես հանդիպեցին 145 անգամ և կարևոր որոշումները համաձայնեցրեցին հաստատելուց առաջ[1]։

Վեհաժողովն սկսվեց 1919 թվականի հունվարի 18-ին։ Ավարտի մասին պրոֆեսոր Մայքլ Նիբերգը գրել է, որ չնայած ղեկավարները ավարտեցին անձնական քննարկումները 1919 թվականի հունիսին, խաղաղության գործընթացը իրականում չավարտվեց մինչև 1923 թվականի հուլիս, երբ ստորագրվեց Լոզանի պայմանագիրը[2]։

Մասնակից պետություններ

խմբագրել

Կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Կուբայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Սերբերի, խորվաթների և Սլովենների թագավորության, Նիկարագուայի, Ռումինիայի, Հեջազի, Գվատեմալայի, Պանամայի, Հայիթիի և Լիբիայի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ՝ հազարից ավելի պատվիրակ։ Գերմանիան և նրա դաշնակիցները (Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) կոնֆերանս թույլատրվեցին, երբ արդեն մշակվել էին նրանց հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերը։ Մեծ տերությունների իշխող քառյակը (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Իտալիա) արգելեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությունը կոնֆերանսին։ Հաշտության հիմնական պայմանները վճռում էին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և ԱՄՆ նախագահ Վիլսոնը։

Հաշտության պայմանագրեր

խմբագրել

Փարիզի հաշտության կոնֆերանսը մշակեց հաշտության պայմանագրեր Գերմանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և սուլթանական Թուրքիայի հետ, որոնք հիմք դրեցին Վերսալ-Վաշինգտոնյան համակարգին։ Այն որոշում ընդունեց Ազգերի լիգայի ստեղծման մասին և հավանություն տվեց նրա կանոնադրությանը։ «Մեծ քառյակը» քննարկեց Ռուսաստանում խորհրդային կարգերի տապալման համար ձեռնարկվելիք միջոցառումները և հավանություն տվեց հակախորհրդային Սպիտակ շարժմանը բազմաբնույթ օգնություն ու աջակցություն ցույց տալու նպատակով արվելիք քայլերին։

Հայկական պատվիրակություններ

խմբագրել
 

Այս կոնֆերանսին պաշտոնապես հրավիրված չէր այդ ժամանակ արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, թեև հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավելի շատ զոհ էր տվել, քան պատերազմող ամենախոշոր պետություններից շատերը։ Այդուհանդերձ, 1919 թվականի փետրվարին Փարիզում գտնվող հայկական երկու պատվիրակությունները (Ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ) ներկայացան դաշնակիցներին՝ խնդրելով ճանաչել հայերի ազգային պահանջները։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Պիշոնը հայ պատվիրակներին առաջարկեց հուշագիր պատրաստել։ 1919 թվականի փետրվարի 12-ին ներկայացվեց «Հայկական պահանջների հիշատակագիր» հետևյալ բովանդակությամբ․ Հայկական անկախ պետության ճանաչում՝ հայկական 7 նահանգների, Կիլիկիայի և Կովկասի Հայկական Հանրապետության հողամասերի միացումով։ Նորակազմ պետությունը դրվելու էր դաշնակից տերություններից մեկի կամ Ազգերի լիգայի երաշխավորության ներքո, ապահովվելու էր նրա տարածքի ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Դաշնակից տերություններից մեկին պետք է լիազորություն տրվեր ստանձնել հայկական այդ պետության մանդատը՝ 20 տարի ժամկետով։ Հաշտության կոնֆերանսը պետք է դրամական հատուցում տար հայերին՝ նրանց կրած վնասների դիմաց, ջարդերի համար պատասխանատուները պետք է պատժվեին, իսկ պատերազմի տարիներին բռնի կերպով տեղահանված ու աքսորված հայերը պետք է վերադարձվեին իրենց բնակատեղիները։ Այդ փաստաթուղթը դրական ընթացք չստացավ։ Դաշնակից տերությունները զբաղված էին պարտված Գերմանիայի նկատմամբ կիրառվելիք միջոցների մշակմամբ և ամենևին չէին շտապում քննարկելու թուրքական հարցը, որի լուծման հետ սերտորեն առնչվում էր Հայկական հարցը և հայկական պետության ստեղծումը։ Միակ բանը, որ արվեց, այն էր, որ 1920 թվականի հունվարի 19-ին Փարիզի հաշտության կոնֆերանսում դե ֆակտո ճանաչեց Հայաստանը, սակայն առանց որևէ իրական օգնության մտադրության հայ ժողովրդին, թեև Հայկական հարցը հետագա քննարկման առարկա դարձավ 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսին և արտահայտվեց Սևրի պայմանագրում։

Գրականություն

խմբագրել
  • Ազատյան Հենրիկ «Բախտորոշ պայմանագրեր», 2002, 172 էջ։
  • Ահարոնեան Ավետիս «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան», Պոսթըն, 1943, 213 էջ, Գլէնտէյլ, 1993, 226 էջ, Երեւան, 2001, 252 էջ։
  • Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։
  • Եսայան Աղասի «Հայաստանի միջազգային – իրավական դրությունը», 1967, 431 էջ։
  • Խատիսեան Ալեքսանդր «Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
  • Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, Պոսթըն, 1919, 28 էջ։
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), 2010, 800 էջ։
  • Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 2. (Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ.), 2014, 689 էջ։
  • Ղորղանեան Գ. «Հայաստանի հանրապետութիւնը եւ պետութիւնները Սեւրից Լօզան», Փարիզ, 1934։
  • Նասիպեան Ագապի «Բիրտանիա եւ Հայկական հարցը 1915–1923 թթ.», Պէյրութ, 1994, 343 էջ։
  • Պօղոսեան Սամուել «Պողօս Նուբար փաշա։ Ազգային գործիչը», Երեւան, 2004, 264 էջ։
  • Վրացեան Սիմօն «Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան եւ Հայաստանի պատուիրակութեան միջեւ», Պոսթըն, 1920, 67 էջ։
  • Վրացեան Սիմօն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երեւան, 1993, 704 էջ։
  • Քառյան Սամսոն «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.)», 2005, 240 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Rene Albrecht-Carrie, Diplomatic History of Europe Since the Congress of Vienna (1958) p. 363
  2. Michael S. Neiberg (2017). The Treaty of Versailles: A Concise History. Oxford University Press. էջ ix. ISBN 978-0-19-065918-9.