Լեռնամարգագետնային հողեր

Լեռնամարգագետնային հողեր, մարգագետնային հողերի խումբ։ Ձևավորվում են բարձր լեռնային գոտում՝ մարգագետնային, առավելապես ցածրաճ բուսական ծածկոցի տակ, ցուրտ և խոնավ կլիմայի պայմաններում։ Սեծ զանգվածներով կան Հայկական բարձրավանդակի, Փոքր և Մեծ Կովկասների, Տյան Շանի, Պամիրի, Ալպերի, Կորդիլերների և այլ լեռնային համակարգերի բարձր տարածքներում։ Լեռնամարգագետնային հողերը մակերեսից ուժեղ ճմակալած (երբեմն թույլ տորֆացած), թույլ դիֆերենցված, ամբողջ կտրվածքով գրեթե միատարր, բաց դարչնագույն կամ դարչնագույն, ավազախճային մասնիկներով հարուստ, թեթև մեխանիկական կազմ ունեցող, սակավազոր և միջին հզորության հողեր են։ Հարուստ են օրգանական նյութերով (12–18%), ունեն թթու ռեակցիա։ Լեռնամարգագետնային հողերը լավ բազա են ամառային արոտների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 573