Բերդաշեն (Մարտունու շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաշեն (այլ կիրառումներ)

Բերդաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ 750 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 4525 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 48 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Բերդաշեն
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Շրջան Մարտունու
ՀամայնքՄարտունու շրջան, Շուշիի գավառ և Մարտունու շրջան
ԲԾՄ656 մետր
Բնակչություն1 480[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Բերդաշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Բերդաշեն (Մարտունու շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում՝ նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Մուխանքի դաշտաբերանում։

Համայնքը լեռնային է, ունի 4579,11 հա տարածք, որից 3371,52 հա գյուղատնտեսական նշանակության, 1010,23 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` «Ջնիհալի», «Ներքին», «Ջուր», «Երե ջուր», «Մուղանլու», «Բլեն քյահրիզ» և «Գոմերի»։

Առկա են մարմարացած կրաքարի հանքային պաշարներ։

Պատմություն

խմբագրել

Ինչպես հայկական մի շարք բնակավայրերի, այնպես էլ Բերդաշենի անունը թուրքերը թարգմանաբար ներկայացրել են Ղզղալա կամ Կարաքենդ ձևով։ Բերդաշենի ամենանշանավոր հնավայրերից մեկի՝ Աղջկաբերդի հարավարևելյան ստորոտում՝ դեպի Դյուզերն ընկած տարածքը, հազարամյակներ առաջ բնակավայր է եղել։ Այն կոչվել է Հինգ շեն[2]։

Նշված տարածքում ինչպես պատահական, այնպես էլ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել մի շարք ուշագրավ հնագիտական գտածոներ։

Ամենայն հավանականությամբ ժայռամրոցի շրջակայքը բավականին խիտ բնակեցված է եղել։ Տեղացիները, պաշտպանական նկատառումներից ելնելով, կառուցել են հայտնի Աղջկաբերդը։ Բերդի կառուցման վերաբերյալ պահպանվել է մի ավանդազրույց, որը հարկ ենք համարում ներկայացնել ընթերցողին[2]։

 
«Կուսաբերդ-Աղջկաբերդ» բերդը

Ըստ ավանդության՝ վաղ ժամանակներում այստեղ ապրում էր իր հայրենի լեռների պես հպարտ և Արցախի կուսական անտառների եղնիկի նման չքնաղ, բայց նաև քաջ ու համարձակ մի աղջիկ։ Նա սիրում էր իր հայրենակից կտրիճ ազնվազարմ իշխաններից մեկին։ Անսահման էր իրենց սերը միմյանց նկատմամբ։ Սակայն թշնամու դեմ մղած մարտերից մեկում զոհվում է աղջկա սիրած երիտասարդը։ Օրիորդը երկար սգում, ողբում է այդ կորուստը և երդվում՝ սրբորեն պահել սիրած տղայի նկատամբ տածած անսահման զգացմունքը։ Աղջկա գեղեցկության համբավը տարածվում է ամենուրեք։ Շատ երիտասարդ իշխաններ, կտրիճներ են գալիս խնդրում նրա ձեռքը։ Սակայն ոչ հարստությունը, ոչ էլ սպառնալիքները չեն կոտրում նրա կամքը։ Եվ ահա օտար երիտասարդներից մեկը որոշում է զորքով մտնել երկիր և ուժով տիրանալ նրան։ Աղջիկը բարձրանում է ժայռի գագաթը, այնտեղ ամրոց կառուցում և պատսպարվում։ Հայ կտրիճները պաշտպանում են իրենց քաջասիրտ իշխանուհուն։ Թշնամին նոր ու մեծ ուժերով պաշարում է բերդը, պաշտպաններին զրկում ջրից՝ հույս ունենալով, որ ծարավից կհանձնվեն։ Սակայն մոտակա ձորի աղբյուրից հայրենակիցները նրանց ջուր են հասցնում։ Բազմաթիվ գրոհներից հետո թշնամին գրավում է ամրոցը։ Քաջարի գեղեցկուհին, հավատարիմ մնալով իր երդմանը, ժայռի կատարից իրեն գցում է անդնդախոր ձորը։ Պատմում են, որ բերդասարի ստորոտում մինչև այժմ էլ բխող զուլալ աղբյուրը ժայթքել է նահատակ գեղեցկուհու ընկած տեղում։ Ասում են, որ այդ ժամանակներից ժայռակատարը կոչվում է Աղջկաբերդ[2]։

Բերդաշենի ծերերի մոտ պահպանված զրույցի համաձայն՝ 1236 թվականին մոնղոլները, մտնելով Արցախ, ավերում են նաև Հինգ շենն ու Աղջկաբերդը։ 20-րդ դարում բերդի ստորոտում գտնվել են մեծ քանակությամբ մոնղոլական դրամներ։ Բերդից հարավ ընկած մի հողատարածք մինչև այսօր էլ կրում է Մուղուլեն կամ Մողոլեն բաղ անունը։ Բերդի և Հինգ շենի ավերումից հետո բնակիչների մի մասը, որոնց հաջողվել է փրկվել մահից և կենդանի մնալ, թողնում է հարազատ վայրերը, ցրվում երկրամասով մեկ։ Բերդն ու Հինգ շենը լրիվությամբ դատարկվում են և այլևս չեն վերականգնվում[2]։

17-րդ դարում Բերդաշենից փախած յոթ ընտանիքներ վերադառնում են հարազատ վայրեր և որոշում նորից հաստատվել իրենց գյուղում։ Սակայն հիմնավեր բերդի գոյության պայմաններում դաշտավայրում անհնարին է դիմակայել թշնամուն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նրանք որոշում են ներկայիս Բերդաշենի գերեզմանատան արևելյան լանջի փոքրիկ հարթակի վրա նոր գյուղ կառուցել։ Այն անչափ մոտ է, և վտանգի դեպքում հեշտ է արագ թաքնվել։ Այս փաստի օգտին է խոսում նաև նախկին գերեզմանատանը մնացած, 17-րդ դարի սկիզբ թվագրված տապանաքարի արձանագրությունը։ Մեկ այլ տեղեկության համաձայն՝ 18-րդ դարի երկրորդ կեսին Արցախում ստեղծված անտանելի պայմանների հետևանքով բնակչության մի մասն արտագաղթել է Հյուսիսային Կովկաս։ Բերդաշենցիները հաստատվել էին Կիզլարում։ Նրանց մի մասը, չհարմարվելով նոր պայմաններին,որոշեցին վերադառնալ հայրենիք և հիմնավորվել ներկայիս Բերդաշենում։

Մակար Բարխուդարյանցն էլ ասում է, որ Բերդաշենի բնակիչները հիմնականում բնիկ են, իսկ մի մասն էլ եկել են Ջրաբերդի Եղակեր գյուղից։ Մելիք Շահնազարյանների ժամանակ Բերդաշենը ենթաշրջանային գյուղի դեր ուներ։ Այստեղ նստում էր նրանց հարկահավաքը, որին անվանում էին դարղա։ Դրանից էլ Դրղանց տոհմը։ Նրանք ապրում են գյուղում։

Բերդաշենի վարելահողերի, այգիների մեծ մասը պատկանում էր Մելիք-Շահնազարյանների տոհմին։ Նրանց գյուղում աղա էին անվանում։ Առայսօր Բերդաշենի մի շարք տարածքներ հայտնի են Ըղանց դուզ, Ըղանց տափեր, Ըղանց բաղեր անուններով։

Գյուղում այնքան էր զարգացած խաղողագործությունը, որ Բերդաշենում նպատակահարմար գտնվեց կառուցել գինու գործարան։ Բերդաշենի գինին հայտնի է մեր երկրի սահմաններից դուրս, և դրանով բերդաշենցիները իրավամբ հպարտանում են։ Եղիշե Իշխանյանն իր հուշերում գրել է․

  Ղզղալայի գինին շատ մուգ կարմիր գույն ունի և այնքան մուգ է, որ բաժակի մեջ սևագույն է երևում, և բաժակը դատարկելուց կարմիր գոյնը բաժակին կպած մնում է, չի անցնում մինչև լւանալը։ Բժիշկների խորհուրդով, արեան պակասութիւն ունեցող մարդիկ Ղզղալայի գինի են գործածում ճաշին։․․․ Անգլիայի սպաներից մեկը ճաշակելով երկու գինիներից, զւարճախոսութիւն արաւ, թե՝ այս անուշահամ գինիների համար էլ է Անգլիան պարտաւոր և պէտք է Հայաստանի մանդատը վերցնի իր վրայ[2]։  

Ընդհանուր առմամբ կոլտնտեսային կարգերը նպաստել են, որ Բերդաշենում կառուցվեն երկհարկանի բնակելի տներ, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, փոստ, մշակույթի պալատ, ֆերմաներ, արհեստանոցներ։

Բերդաշենը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմին՝ արժանի ավանդ են բերել բերդաշենցիները։ Ռազմական գործողություններին մասնակցել են 463 հոգի, նրանցից 13-ը՝ կին։ 180 հոգի զոհվել է։ Նրանց հիշատակը հավերժացնելու համար գյուղի ամենաբարձրադիր վայրում կառուցվել է հուշարձան, որը տեսանելի է նույնիսկ տասնյակ կիլոմետրերից[2]։

Բերդաշենը Արցախյան ազատամարտի ժամանակ

խմբագրել

1988 թվականին Բերդաշենում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան), 1991 թվականին՝ կամավորական վաշտ (հրամանատար՝ Լ. Գևորգյան), 1992 թվականին՝ Բերդաշենի ձորակի միավորված ջոկատը (հրամանատար՝ Ն. Սողոմոնյան)։ Բերդաշենի և այլ ջոկատների հիմքի վրա 1992 թվականաի սեպտեմբերին ստեղծվել է Մարտունիի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակը։ Մասնակցել են Ավդալ-Վազգենաշեն ուղղության, Մարտակերտի, Քարվաճառի, Հորադիզի և ԼՂՀ այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ Բերդաշենից հրամանատարներ են եղել Ն. Սողոմոնյանը, Է. Գևորգյանը, Լ. Գևորգյանը, Ա. Զարգարյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Գ. Իսրայելյանը, Բ. Աբելյանը, Ա. Հարությունյանը, Կ. Պողոսյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Է. Գևորգյանը, Կ. Զարգարյանը, Յու. Հովսեփյանը, Կ. Աղաջանյանը, Կ. Առստամյանը, Ա. Ավետիսյանը, Է. Աբրահամյանը։ Բերդաշենից զոհվել է 24 ազատամարտիկ[3]։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Բերդաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1606 մարդ, կա 413 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1530 1567 1558

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Բերդաշենում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ։ Աղջկաբերդը կարևոր աշխարհագրական դիրքում է և գտնվում և այդ հատվածում փակում է արևելյան հարթավայրային տարածքներից դեպի լեռնաշխարհի խորքը տանող ճանապարհը։ Բերդի տարածքից հայտնաբերված նյութերը թույլ են տալիս մտածել, որ այն իր դերակատարությունն է ունեցել Ք․ա․ 2-րդ հազարամյակից մինչև 13-րդ դարը[2]։

 
«Պիծի նահատակ» մատուռ (XVII-XVIII դդ.).

«Մեծ նահատակ» մատուռը կառուցվել է 1676 թվականին գյուղի հյուսիսային մասում գտնվող բարձր սարի գագաթին։ «Պիծի նահատակ» (XVII-XVIII դդ.) մատուռը գտնվում է գյուղի արևելյան մասում՝ տներից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Այստեղ պահպանվել է մի խոյակ, որը վերագրվում է 6-7-րդ դարերին։ Սբ․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում և գտնվում է գյուղի կենտրոնում։ Եկեղեցում պահվում էր 1623 թվականին Հալեպում գրված մի ավետարան և 1671 թվականի ձեռագիր Մաշտոց[2]։ Բերդաշենից դեպի հարավ՝ Ծովեր վայրում, գտնվում է մի սրբատեղի, որտեղ միայն հին ծառերն են մնացել։ Արցախյան պատերազմում զոհված բերդաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը տեղաբնիկների համար նույնպես սրբատեղի է դարձել։ Գյուղի աղբյուրներն են՝ «Ջնիհալի», «Ներքին ջուր», «Երե ջուր», «Մուղանլու», «Բլեն քյահրիզ» և «Գոմերի»[2]։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 212 աշակերտներ, ուներ 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էին 51 երեխաներ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf Արխիվացված 2017-07-22 Wayback Machine ԼՂՀ մարդահաշիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 410–414.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004, էջ 118։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 223.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)