Վանի թագավորություն

Երկաթի դարի թագավորություն, որը գտնվում էր Վանա լճի շրջակայքում գտնվող մեծ տարածաշրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Վան (այլ կիրառումներ) և Ուրարտու (այլ կիրառումներ):

Վանի թագավորություն[11][12][13][14][15], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[16], երբեմն՝ «Նաիրի»[17], ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[18][19], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[20] անուններով։

Վանի թագավորություն
Մ.թ.ա. 859 - Մ.թ.ա. 590 Երվանդունիների թագավորություն 
Քարտեզ


(Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արզաշկուն
Տուշպա
Լեզու Ասորաբաբելական[1], Ուրարտերեն (Խուռիերեն), Հայերեն[2]
Ազգություն խառը բնակչություն[2][3][4][5][6],հայեր[2][7][8][9][10]
Կրոն Վանի թագավորության դիցարան
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Արքա
Պատմություն
Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Վանի թագավորության էթնոքաղաքական ծագում խմբագրել

Անվանումների նույնականացում խմբագրել

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը)։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[21]։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[22]։

Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են[22]։ Ասվածը հիմնավորում է նաև մեկ այլ ուսումնասիրություն։ Մ.թ.ա. 6-րդ դարում Պարսկաստանում հիմնվեց Աքեմենյանների թագավորությունը։ Այդ երկրի թագավորները մի քանի հարյուր տարի արձանագրություններ էին գրում։ Նրանց արձանագրությունները երեք լեզվով են գրված՝ հին պարսկերեն, աքքադերեն (բաբելական տարբերակով), էլամերեն (Էլամը Պարսկաստանի հարավում գտնվող հին երկիր էր)։ Հին պարսիկները Հայքն անվանում էին «Արմինա»։ Պարսից Աքեմենյան թագավորների բազմաթիվ արձանագրություններում Հայաստանը հաճախակի է հիշատակվում «Արմինա» անունով։ Նրանց արձանագրությունների աքքադական մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»։ Աքքադերենի ասորական տարբերակի «Ուրարտու»-ն բաբելական տարբերակում «Ուրաշտու» ձևն ունի, քանի որ ասուրականի «ր» հնչյունի դիմաց բաբելականը «շ» ուներ։ Այսպիսով, հին պարսկերենով գրված «Արմինա»-ի դիմաց աքքադերենն ամեն տեղ այն ներկայացնում է «Ուրարտու» («Ուրաշտու»)[22]։

Հատված Բեհիսթունի արձանագրությունից
 
Հատված Բեհիսթունի արձանագրությունից
 
Հատված Բեհիսթունի արձանագրությունից
ձախից աջ՝ 1. Բեհիսթունի արձանագրության հատված, 2. գծապատկեր։

Վերը նշված արձանագրություններից ամենամեծը գրել է տվել պարսից Դարեհ I թագավորը։ Այն փորագրված է Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը, և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»)։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»։ Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»։ Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի[22], այսինքն հին պարսկերենով «Արմինա» անվանումը բառացի ունեցել է ՈՒրարտուի /տվյալ բառակազմությունում՝ Արարատի/ մարդկանց /այսինքն՝ բնակիչների կամ ժողովրդի/ երկիր իմաստը։

Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»)։ Արձաանագրությունում առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա (կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա (ուրարտացի)[22]։

Թուրքական վարկած խմբագրել

Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում[23]։ Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային ցեղասպանության մեջ[24]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական տեղադրություն խմբագրել

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծ մասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա։ Հայկական լեռնաշխարհում համադրվում են բարձրագագաթ լեռնաշղթաներ, որոնցից մեկը հանդիսանում է Հարավարևմտյան Ասիայի ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և գոգավորություններ առավել մեղմ կլիմայով ու բերրի բնահողով։ Նախկին Վանի թագավորության տարածքի բնատեսարանները միմյանցից տարբերվում են իրենց բազմազանությամբ՝ ալպյան բարձրալեռնային գոտիներ (2700-2950 մ բարձր ծովի մակերևույթից), անապատներ, անտառածածկ գոտիներ, բերրի հարթավայրեր և այլն։ Այստեղից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Տիգրիսը, Եփրատը, Արածանին և Արաքսը։ Հայկական լեռնաշխարհում տեղակայված են նաև երեք լճեր, որոնք իրենց բաղադրությամբ և հիդրոլոգիայով միմյանցից տարբերվում են։ Այդ լճերն են՝

  • Սևանա լիճը 1900 մ բարձրության վրա գտնվող քաղրահամ լիճ է, որը հնում հայտնի է եղել Գեղարքունի, Գեղամա ծով անվանումներով։ Այն երկրորդ ամենաբարձր քաղցրահամ լիճն է ամբողջ աշխարհում[Ն 1]։ Պատմականորեն այն գտնվել է Սյունիք նահանգի հյուսիսային մասում։ Ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցման արդյունքում դարձել է թերակղզի։ Լճում աճում են իշխան, կարմրախայտ, սիգ ձկները։
  • Վանա լիճը 1720 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ է, որը հնում հայտնի է եղել Բզնունեաց ծով և Ռշտունեաց ծով անվանումներով։ Այն մաս է կազմել Տուրուբերան և Վասպուրական նահանգների[25]։ Լիճը ունեցել է 7 կղզի, որից մնացել են միայն 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար կղզիները։ Լիճը հայտնի է իր տառեխ ձկով։
  • Ուրմիա լիճը 1275 մ բարձրության վրա գտնվող աղի լիճ, որը հնում հայտնի է եղել Կապուտան անվամբ։ Մինչև մ․թ 4-րդ դարը եղել է հայոց պետականության կազմի մեջ, ապա անցել է պարսկական իշխանության տակ։ Այն ունի 60-ից ավել կղզիներ։

Պատմություն խմբագրել

Ձևավորում խմբագրել

 
Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի ժամանակաշրջանի ասորական բարձրաքանդակի մի հատված (27 սմ լայնություն), որը զարդարել էր դարպասը։ Այն պատկերում է ասորական զորքերի՝ ուրարտացիների նկատմամբ տարած հաղթանակի տեսարանը՝ մ.թ.ա. մոտ 858 թվականին։

Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։

Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին խմբագրել

Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

Թուլացում խմբագրել

Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդ-ի զորքերից։ Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան, բայց չեն կարողանում այն գրավել։ Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Վանի թագավորությունը վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ։ Ասորեստանի նոր արքա Սարգոն IIմ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Վանի թագավորության և նրա դաշնակիցների դեմ։ Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Վանի թագավորության հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը։ Այդ ամենը տեսնելով՝ Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում։ Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասորեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել թագավորության անկախությունը։ Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին։ Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ։

Թագավորության վերացման ներկայումս ընդունված տեսակետ խմբագրել

Մ.թ.ա. VII դ. վերջին քառորդին և մ.թ.ա. VI դ. սկզբին բավականաչափ հզորացել են Հայկ. լեռնաշխարհի զինակից թագավորությունները՝ Վանի, Ասքանազյանը և Մանան։ Ըստ հույն պատմագիրներ Հերոդոտոսի և Ստրաբոնի բերած տեղեկությունների, Պրոտոթիեսի ժառանգորդ Մադիեսը (հին հայկ. Աղբյուրներում՝ Պարույր Սկայորդու որդի Հրչե կամ Հրաչյա) ջախջախելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կիաքսար թագավորին (մ.թ.ա. 624-584), այնուհետև 28 տարի անընդմեջ գերիշխել է Մերձավոր Արևելքում։ Մ.թ.ա. VI դ. սկզբին Վանի թագավորությունը և նրան սերտորեն դաշնակցող ազգակից թագավորությունները դեռևս ունեցել են միջազգային այնպիսի կշիռ ու հեղինակություն, որ Հին Հրեաստանի առաջնորդ Երեմիան մ.թ.ա. 593-ին նրանց հորդորել է աշխարհակալ Բաբելոնի դեմ (Հին կտակարան, Մարգարեութիւն Երեմիայ, գլ. ԾԱ, 27)։ Հետևաբար արտաքին ուժերի, այսինքն՝ Վանի թագավորությանը դաշնակից Ասքանազյան իշխանության կամ Արմի-Շուպրիայից իբր թէ Վանի թագավորություն ներթափանցած (ենթադրաբար նախահայկական) ցեղերի, առավել ևս Մարաստանի կողմից հիշյալ ժամանակաշրջանում Վանի թագավորության նվաճման կամ այդ պետության կործանման մասին հապճեպ ենթադրությունները չունեն բավարար փաստարկներ։ Հետևաբար՝ ներկայումս առավել հավանական է համարվում այն վարկածը, որ պարզապես տեղի է ունեցել Վանի թագավորության արքայատոհմի իշխանափոխություն՝ ի դեմս նոր արքայատոհմի (Երվանդունիների

Պետական կառուցվածք խմբագրել

Արարատյան տերության կառուցվածքը, սոցիալ-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ սոցիալ-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիրական հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։

Կառավարում խմբագրել

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոններն են։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։

Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ խմբագրել

Զինված ուժեր խմբագրել

Զինված ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հազար միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զինված ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։ Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպանական համակարգի և ռազմական արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրական և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմնական ուղիներն արգելափակվել են պաշտպանական հենակետերով։

Մշակույթ խմբագրել

 
Վանի թագավորության հողմի և անձրևի աստված Թեյշեբայի բրոնզե արձանիկը

Հայաստանում բրոնզեդարյան նյութական և հոգևոր մշակույթի ավանդույթները պահպանվում և իրենց հետագա զարգացումն են ապրում Վանի թագավորության շրջանում։ Թագավորության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում կարևոր դեր էին կատարում ամրոցներն ու տաճարները։ Խոշոր բնակավայրերը հիմնավորապես ամրացվում էին պարիսպներով։ Բնակատեղի կենտրոնում տեղադրված էր միջնաբերդը, որն ապաստան էր ծառայում երկարատև պաշարումների ժամանակ։ Ամրոցատիպ ճարտարապետական հուշարձաններից հատկապես լավ են ուսումնասիրված Էրեբունին և Թեյշեբաինին։ Հարուստ հնագիտական նյութ է հայտնաբերվել նաև պատմական Հայաստանի՝ ներկայումս Թուրքիայի և Իրանի սահմաններում գտնվող տարածքներում։ Բերդաքաղաքների պեղումների ժամանակ բացվել են նաև պաշտամունքային զանազան կառույցներ։

 
Խալդի աստծու տաճարի ավերումը․ (Սարգոն II-ի տաճարի պատի զարդաքանդակ)

Վանի թագավորության պաշտամունքային կառույցների շարքում բացառիկ տեղ էր զբաղեցնում տերության գլխավոր սրբավայրում՝ Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը։ Եզակի նշանակություն ունեցող այդ կառույցի ճարտարապետական տիպի մասին կարելի է պատկերացում կազմել Սարգոն II-ի (մ․թ․ա․ 722-705 թթ․) պալատի բարձրաքանդակի պատկերից՝ ասորեստանցիների կողմից Խալդիի տաճարի գրավման և կողոպտման տեսարանից։ Մուսասիրի տաճարը լիովին տարբերվել է Հին Արևելքում հայտնի պաշտամունքային կառույցներից և հիշեցնում է Հին Հունական դասական տաճարների նախատիպը։ Տաճարը կառուցվել է բարձր դիրք ունեցող հարթակի վրա և ունեցել է ճակտոնով ավարտվող երկթեք տանիք։ Տաճարի մուտքի երկու կողմերում կանգնեցված են եղել երկու արձաններ, իսկ ճակատը զարդարվել է խոյակներով պսակված վեց սյուներով։ Ասորեստանցի արվեստագետը պատկերել է նաև ուռուցիկ միջնամաս ունեցող կլոր վահաններ, որոնք տեղադրված են սյուների և ճակատային պատի վրա։ Այդ վահանները լավ հայտնի են Վանի թագավորության ժամանակաշրջանի հուշարձանների՝ Ռուսախինիլի (Թոփրաք կալեի), Ալթին թեփեի (Բարձր Հայք), Ադիլջևազի (Արծկեի մոտ) և այլ պեղումներից։ Վահաններով զարդարում էին ճարտարապետական հուշարձանների ներքին հորինվածքը։

Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր Բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։ Դրանք բազմագույն են և վկայում են Վանի թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին։ Էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևակը։ Սակայն, ընդհանուր առմամբ, քարի վրա կատարված նախշազարդերն աննշան դեր էին կատարում թագավորության ժամանակաշրջանի շինությունների ներքին ու արտաքին հարդարանքում։ Քանդակագործությունը, քարի վրա փորագրությունը ճարտարապետությունը լրացնող ու հարստացնող գործառույթ էին Վանի թագավորության հուշարձաններում։ Փորագրության արվեստր զարգացում ու տարածում չէր ստացել նույնիսկ ժայռերի մեջ փորված անձավային շինություններում։

Վանի թագավորության ժամանակներից պահպանվել են նաև ժայռափոր որմնանկար (Էրեբունի մ․թ․ա․ 8-րդ դար) շինություններ ու խորշեր, որոնք տարբեր գործառույթ են ունեցել։ Դրանց մի մասը պաշտամունքային բնույթ է կրել և կոչվել է «Խալդիի դռներ»։ Այդ տիպի հուշարձաններից նշանավոր է Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշը, որը ունի ավելի քան 5 մետր բարձրություն։ Աստիճանները տանում էին դեպի խորշի մուտքը, իսկ ժայռի ստորոտում գտնվում էր պաշտամունքային ստորգետնյա մեկ այլ շինություն։ «Մհերի դուռ» խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որը փորագրվել է Իշպուինիի (մ․թ․ա․ 825-810 թթ․) և Մենուայի (մ․թ․ա․ 810-786 թթ․) օրոք։ Լայն ճանաչում են ստացել նաև Վանի ժայռի մեջ փորված արհեստական անձավները և ընդարձակ շինություններր։ Անձավների մի մասը հավանաբար դամբարանի դեր է կատարել։

Վանի թագավորության արքաների վահանները,
ձախից աջ՝
Սարդուրի Բ-ի, Արգիշտի Բ

Վանի թագավորությունում զարգացման բարձր մակարդակի էին հասել գեղարվեստական արհեստագործության այլևայլ ճյուղերը, հատկապես՝ մետաղագործությունը։ Մետաղյա իրերը հաճախ պատրաստվում էին թագավորի և մերձավոր շրջապատի պատվերով, աչքի էին ընկնում առանձնահատուկ շքեղությամբ և զարդարանքի հարստությամբ։ Դրանցից են առյուծների ու ցուլերի դրվագված պատկերներ կրող դեկորատիվ վահանները, որոնք զարդարված են երեք գոտիներով։ Այդպիսի վահաններ պատրաստվում էին ոսկուց, արծաթից ու բրոնզից։ Իրենց զարդապատկերներով ու շքեղությամբ ուշադրություն են գրավում նաև բրոնզյա սաղավարտներն ու կապարճները։

 
Էրեբունի ամրոցի հիմնադրման սեպագիր արձանագրությունը

Վանի թագավորության դարաշրջանից պահպանվել են ավելի քան 600 սեպագիր արձանագրություններ, որոնք գրված են քարի, մետաղյա իրերի և կավե սալիկների վրա։ Մեզ են հասել նաև մեհենագրային (հիերոգլիֆային) արձանագրություններ։ Վանի թագավորության մեհենագրային համակարգը բաղկացած է շուրջ 300 նշաններից, որոնք դրվել են աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար (առանց բառանջատման)։ Մեզ են հասել շուրջ 1500 մեհենագրային արձանագրություններ և մեհենանշաններ։ Վերծանության առաջին արդյունքների հիման վրա ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն եղել է հնագույն հայերենը։

Սեպագիր արձանագրությունները միատիպ են և մեծ մասամբ հաղորդում են թագավորների ձեռնարկած արշավանքների և շինարարական աշխատանքների մասին։ Այդ արձանագրությունների թարգմանությունը կապված է զգալի դժվարությունների հետ և լիակատար ու վերջնական համարվել չի կարող։

Վանի թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան[26]։

Հոգևոր ընկալումներ խմբագրել

«Մհերի դուռ»
 
Հայկական լեռնաշխարհում կառուցված բազմաթիվ սրբազան դարպասներից մեկը, որի վրա փորագրված է Վանի թագավորության դիցարանի նկարագրությունը։

Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Սակայն Վանի թագավորության կրոնի այդ ժայռափոր խմբագրությունը վերջնական չի կարող համարվել, քանզի երիտասարդ պետության քաղաքական ու մշակութային առաջընթացին զուգահեռ զարգացում էր ապրում նաև կրոնը․ նոր աստվածություններ էին անցնում դիցարան՝ իրենց հետ բերելով նոր կրոնական պատկերացումներ։ Հատկանշական է, որ թագավորության դիցարանում առկա բազմաթիվ աստվածությունների ու «սրբությունների» առկայության պայմաններում ամենա պաշտելի աստվածը Խալդին էր, որը հաճախ դիցարանին հաղորդում էր միաստվածության հատկանիշներ[12]։

Դիցարանի կառուցվածք խմբագրել

Պատմական Հայաստանի Վանա բերդի մոտ՝ ժայռերի մեջ առկա է ժայռափոր արձանագրություն, որը առավել հայտնի է Մհերի դուռ անունով։ Դռան վրայի ժայռափոր արձանագրության մեջ պատկերավոր նկարագրված է Վանի թագավորության դիցարանը՝ աստվածներ, աստվածուհիներ, «սրբություններ» և այլն։ Դիցարանի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունեցել է իր սրբատեղիները, որտեղ մարդիկ երկրպագել են նրանց։ Այդ վայրերը, բացի պաշտամունքային դեր կատարելուց, եղել են նաև գիտության, մշակույթի խոշոր կենտրոններ[12]։

Աստվածներ խմբագրել

Խալդին Վանի թագավորության դիցարանի գլխավոր աստվածությունն է։ Նրա անունը Մուսասիրում (Մուծածիր) հնչել է (Հ)Ալդի, իսկ ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Խալդիա ձևով[27]։ Լինելով բուն Վանի թագավորության երևույթ, նա, ամենայն հավանականությամբ, սկզբում թագավորող տոհմի հովանավորողն է եղել, իսկ հետագայում, պետականության կազմավորմանը զուգահեռ, ստացել է համաբիայնական նշանակություն[28] (ներկայումս ուսումնասիրողներից շատերը այն կարծիքին են, որ «Հալ(յ)դի» աստվածությունը մեծ հավանականությամբ Մ․ Խորենացու «Հայաոց պատմություն»-ում հիշատակված «Հայկ» նահապետի անվանական տարբերակն է)։

Խալդի աստված

Խալդիի պաշտամունքը քաղաքական մեծ նշանակություն ուներ․ Վանի թագավորության տիրակալները, հաշվի առնելով թագավորության բնակիչների վրա այդ պաշտամունքի ունեցած ազդեցությունը, իրենց իշխանությունը հայտարարում էին Խալդիից տրված։ «Խալդին ինձ արքայություն տվեց» արտահայտությունը հայտնի է Վանի թագավորության գրեթե բոլոր թագավորությունների արձանագրություններից[29]։ Խալդին ինքն էլ ընկալվում էր որպես արքա[Ն 13] և պատկերվում էր գահին նստած։ Վանի թագավորության արքաները մ.թ.ա. 9-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի վերջ ընկած ժամանակահատվածում իրենց իշխանությունն օրինականացնելու նպատակով թագադրվում էին Մուսասիրում, որտեղ գտնվում էր Խալդիի գլխավոր տաճարը։ Ուշագրավ է, որ Ասորեստանի դեմ երկարամյա պայքարի ընթացքում Վանի թագավորության բնակիչների համար ամենածանր կորուստը Մուսասիրի տաճարի կործանումն էր[12]։

Խալդիի անունով են առաջնորդվում Վանի թագավորության արքաները իրենց գործունեության բոլոր ոլորտներում, լինի պատերազմ ու արհավիրք, թե խաղաղ շինարարություն։ Նրանց տարեգրությունները տարի առ տարի, գրեթե առանց բացառության, սկսվում են հետևյալ բառերով․ «Խալդին արշավեց․․․», և ավարտվում՝ «հանուն Խալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի»[30]։

Բավականին հետաքրքիր է, որ Վանի թագավորության կրոնական քաղաքականության մեջ ձգտում է նկատվում, եթե ոչ առ միապաշտության, ապա շատ կայուն գիծ դիցարանում Խալդիի պաշտամունքի գերակշռությունն ապահովելու ուղղությամբ։ Այս առումով ուշագրավ է, որ Կարմիր բլուրի սեպագիր նամակներում խոսակցին դիմելու ընդունված ձև է «թող իրավամբ սիրելի լինի կյանքը (քո) աստծուն»[31] արտահայտությունը։ Այստեղ աստված ասելով անկասկած հասկացվել է Խալդին։

Թեյշեբա աստված
 

Թագավորության ամբողջ տարածքում տարածված են եղել Խալդի աստծուն նվիրված քաղաքներ, տաճարներ և այլն։ Վանի թագավորության դիցարանի մյուս աստվածների համար տաճարների կառուցման մասին տեղեկությունները չնչին տոկոս են կազմում։ Հետևաբար պաշտոնական կրոնական արարողությունները հիմնականում կատարվում էին Խալդիի տաճարներում և յուրաքանչյուր պաշտամունքային երթ կապվում էր նաև նրա անվան հետ[Ն 14]։ Խալդին հովանավորն էր բազմաթիվ երևույթների, որոնք ունեին իրենց հատուկ աստվածությունները և ըստ էության ինքնուրույն կարող էր ներկայացնել ամբողջ դիցարանը։ Բացի այդ, տարբեր աստվածություններ միաձուլվում էին Խալդիի հետ, կարծես նրա պաշտամունքը ամբողջացնելու նպատակով։

Խալդին նաև պատերազմի ու հաղթանակի աստվածն էր, քանի որ Վանի թագավորության բնակիչների պատկերացմամբ նա էր առաջնորդում իրենց բանակներն[32] ու պարգևում հաղթանակ[33]։ Նա նաև ընտանիքի, կյանքի, կենսասիրության մի աստվածություն էր, որովհետև ամենից հաճախ նրանից էր խնդրվում «կյանք, ուրախություն, մեծություն»[34]։ Ինչպես ցույց են տվել Ի․Մ․ Լոսևայի ուսումնասիրությունները, Խալդին նաև պտղաբերության և բուսականության աստվածն էր[35]։ Նա արհեստների ու երկրագործության հովանավորն էր, որովհետև նրա հրամանով ու նրա անունից էին հիմնվում քաղաքներ, տաճարներ, գրվում արձանագրություններ, փորվում ջրանցքներ, գցվում այգիներ[12]։

Թեյշեբայի անունը Վանի թագավորության արձանագրություններում մեծ մասամբ գրվում է ամպրոպի, փոթորկի, քամու և բարերար անձրևի աստծուն նշանակող գաղափարագրերով, որը հիմք է տալիս նրան բնութագրելու որպես բնության տարերքը խորհրդանշող աստվածություն[12][36]։ Նա Վանի թագավորության դիցարանի երկրորդ աստվածությունն է։ Թեյշեբբան Խալդիի նման տիտղոսներով օժտված չէ։

Շիվինի աստված
 

Հայտնաբերված արձանագրություններից միայն մեկում է նա «տեր» անվանված՝ «Թեյշեբա աստծուն՝ տիրոջը» տարբերակով։ Նրա պաշտամունքի հետ առնչվում է «Թեյշեբա աստծո զորքերը» արտահայտությունը։ «Մհերի դռան» արձանագրության տվյալների համաձայն՝ Թեյշեբայի պաշտամունքային կենտրոններն էին Կումենու և Էրիդիա քաղաքները։ Թեյշեբայի պաշտամունքը տարածված էր նաև Վանա լճի արևելյան ափերի մոտ, քանի որ այս տարածքից հայտնի են նրան ձոնված երկու արձանասյուներ, որոնցից առաջինը հիմնել է Մենուա արքան Վան քաղաքից արևելք՝ Վարագա լեռան վրա, իսկ մյուսը՝ Ռուսա Ա–ն Վան քաղաքում[37]։ Հետագայում Թեյշեբայի պաշտամունքը տարածվել է Արարատյան դաշտում և Սևանա լճի ափերին, քանի որ այս վայրերում կառուցվել են քաղաքներ՝ նվիրված Թեյշեբա աստծուն։ Դրանցից են Ռուսա Ա–ի կողմից Սևանա լճի ափին հիմնադրված «Թեյշեբա աստծո քաղաքը»[37] և Ռուսա Բ–ի հրամանով կառուցված Թեյշեբանին (Կարմիր բլուր)[12]։

«Մհերի դռան» արձանագրությունում Շիվինիի անունը հիշատակված է երրորդը՝ Խալդի և Թեյշեբա աստվածություններից հետո։ Այս արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Շիվինիի պաշտամունքի հետ են առնչվել «Արտուուարասի» առասպելական էակները որպես «Շիվինի աստծո զորքեր»։ Նույն արձանագրության տվյալների համաձայն՝ Շիվինիի պաշտամունքային կենտրոններ են եղել Տուշպա և Ուիշինի քաղաքները։ Տուշպան Վանի թագավորության մայրաքաղաք է եղել, որը հիմնադրել է Սարդուրի Ա–ն։ Ուիշինին հիշատակվում էնաև Մինուա արքայի՝ Աղթամարում գտնված արձանագրությունում[37][Ն 15]։ Շիվինիի պաշտամունքը կապվում է նաև Վանա լճի հետ[12]։

Աստվածուհիներ խմբագրել

Վանի թագավորության դիցարանի աստվածուհիների ցանկը․[12][28]

 
Ուարուբաինի աստվածուհու արձանիկ (հայտնաբերվել է Վան քաղաքում)
1 –ին խումբ
Ուարուբաինի Խուբա Տուշպուեա
2–րդ խումբ
Աուի Աիա Սարդի Ծինուիարդի Իպխարի Արդի
3–րդ խումբ
Բարծիա Սիլիա Արուա Ադիա Ուիա Աինիներ[Ն 16] Ինուանիներ[Ն 17]

Ուարուբաինին Վանի թագավորության գլխավոր աստվածուհին է և Խալդի գլխավոր աստծո կինը[27]:Նա Վանի թագավորության դիցարանի միակ աստվածուհին է, ում անունը, բացի «Մհերի դռան» արձանագրությունից, հիշատակված է նաև այլ արձանագրություններում։ Ուարուբաինին արձանագրություններում հիշատակվում է միայն այն ժամանակ, երբ խոսվում է շինարարության կամ այգի հիմնելու մասին[16]։ Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ նա ոչ միայն դիցարանի աստվածուհիների տիրուհին էր, այլև պտղաբերության, արվեստների ու արհեստների հովանավոր։ Հաճախ պատկերաքանդակներում նա ներկայանում է որպես գահին նստած թագուհի՝ ձեռքին ճյուղ։ Ճյուղի առկայությունը ակադեմիկոս Ի․ Մ․ Լոսևան հիմնավորում է Ուարուբաինի նաև բուսականության աստվածուհի լինելու հանգամանքով։ Այս աստվածուհու պաշտամունքային կենտրոնը եղել է Խալդիի քաղաքը՝ Արդինին (Մուսասիր)[38]։

Տնտեսություն խմբագրել

Վանի թագավորության ժառանգություն խմբագրել

Վանի թագավորության հողային տարածքները մ․թ․ա․ 590 թվականից սկսած աստիճանաբար սկսեցին անցնել Երվանդունիների թագավորությանը, որը իր թագավորության իշխանության ներքո սկսեց միավորել հայկական բոլոր տարածքները։

Վանի թագավորություն, Արցախ խմբագրել

Վանի թագավորության ամենահզոր արքաներից մեկը՝ Արգիշտի Ա-ն ( Ք. ա. 786-764թթ.) Կոտայքում գտնված ժայռափոր արձանագրության մեջ խոսվում է Զառ քաղաքի մասին։ Այն համընկնում է Արցախի միջնադարյան Ծար մելիքանիստ ավանի և ներկայիս Քարվաճառի Զառ գյուղի հետ։ Ասվածը հիմնավորվում է նաև Հովհաննես Կարագյոզյանի Արգիշտի Ա-ի Խոռխոռեան տարեգրության նոր մեկնությամբ, որտեղ նա հավաստի փաստերով ապացուցում է, որ հաղթող արքան հասել է Զառ գյուղից ոչ շատ հեռու գտնվող Բաղնիք արքունականը, Ջերմաջուրը (Իստիսու)։ Վերոհիշյալ հեղինակի կարծիքով 1956 թ. Արին Բերդում բացված շինությունը, որ կոչվում է սուսե, համընկնում է Արցախի Մարտունու շրջանի Սոս և Քաշաթաղի շրջանի Սուս գյուղերի հետ։ Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Արցախը Արգիշտի Ա-ի կառավարման տարիներին ներառված է եղել հայկական պետականության կազմում։

Սարդուրի Բ-ի կառավարման տարիներին( Ք. ա. 764-735 թթ ) մաքրագործվեցին Վանի թագավորության սահմանները։ Նա վերանվաճեց իր հոր կողմից նվաճված տարածքները, այդ թվում նաև Արցախը։ Այդ առթիվ Սարդուրի Բ-ն Վարդենիսի Ծովակ գյուղի մոտ հայտնաբերված սեպագիր ժայռափոր արձանագրության մեջ պատմում է, որ ուրարտական զորքը հաղթականորեն անցել էր Սևանա լճի ողջ արևմտյան ափի երկայնքով, նվաճել Ուելիքուխի երկիրը և, այնուհետև, լճի հարավ-արևմտյան ափին հաղթանակ տարել Տուլիխու, իսկ հարավային ափին՝ Արկուինի երկրի նկատմամբ՝ հասնելով մինչև Ուրտեխինի։ Սևանի ափին, Ծովինար գյուղում հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սարդուրին նվաճել է 23 թագավորություններ, որոնց շարքում հիշատակվում են՝ Ադախունի, Ուելիկուխին, Լուերուխին, Արկուկինին։ Բ. Պիատրովսկին գտնում է, որ Ուելիքուխի աշխարհն զբաղեցրել է Սևանի արևմտյան ափը, իսկ Ադախունին՝ հարավային ափի արևելյան մասը։ Հետևապես Սարդուրին Սևանի հարավային ափով շարժվել է դեպի արևելք.

  Լճի կողմից բնական ոչ մի արգելք չկա՝ շարժվելու համար դեպի արևելք, ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղը, որը կապված է եղել Հայաստանի հետ։  

Որ <<Ուրտեխեն>> կամ <<Ադախունին>> նույն Արցախն է, վկայում են նաև Սարդուրի Բ-ի նույն արձանագրության մեջ հիշատակվող Արցախի գավառների, բնակավայրերի և գետերի՝ Հարճլանք, Պարծկանք, Պիանք, Գիշի, Տրտու, Կուրական անունները։ Սարդուրի Բ-ի կողմից Գանձադռան տարեգրության հատվածներից մեկում Ք. ա. 741 թ. տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ հիշատակված է Ադախունի տեղանունը։ Ադախ տեղանունը հիշատակված է նաև հետագա ժամանակների հայկական աղբյուրներում.

  ...գնաց ի կողմ Խաչենոյ, Տանձեաց և Ադախայ կրկին անգամ ։  

Արդախ բնակավայրը գտնվել է Արցախի Խաչեն գավառում, որը հանդիպում է միջնադարյան հայ պատմագրության էջերում՝ Անանիա Ա Մոկացի( Ք. ա. 764-735 թթ ) կաթողիկոսի մասին եղած վկայության մեջ.

  Եւ հասեալ ի գաւառն Խաչենոյ՝ ընդ առաջ ելանէր նմա իշխանն Գրիգոր եւ տարեալ իջուցանէ ի տան իւրում։ Եւ ժողովէ զամենայն իշխանս աշխարհիս եւ զեպիսկոպոստումս եւ զվանականս ի տեղին, որ Արդախն կոչի…:  

Արդախը հիշատակվում է նաև Գանձասարի՝ 1467թ. վիմագիր արձանագրություններից մեկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, Ադախ-Արցախ մեկ բնակավայրի անունը հետագայում տարածվել է ողջ նահանգի վրա։ Սարդուրի Բ-ից հետո Ռուսա Ա-ն (Ք. ա. 735-713 թթ.) իշխանության գլուխ անցավ քաղաքական բարդ իրադրության պայմաններում։ Ասորեստանը գտնվում էր իր հզորության գագաթնակետին։ Նման իրավիճակում Ռուսա Ա-ն, խելամտորեն գնահատելով ստեղծված կացությանը, ձեռնպահ մնաց Ասորեստանի արմատական շահերը հարավում շոշափելուց։ Մյուս կողմից, Ռուսա Ա-ն նվաճողական գործողություններ ձեռնարկեց հյուսիսում։ Նա կրկին հնազանդեցնում է Սևանա լճի արևմտյան և հարավային ափերին ընկած երկրները, որոնք Սարդուրի Ա-ի մահվանից հետո ապստամբել էին Ուրարտուի դեմ։ Այնուհետև հպատակեցնում է <<լճից այն կողմ>>, այսինքն՝ նրա արևելյան ափերի երկարությամբ ձգված բարձրադիր լեռներում ընկած 19 այլ երկրներ, այդ թվում Արցախը։ Ռուսա Ա-ի՝ Ծովինարի ժայռափոր արձանագրության մեջ նշված 19 երկրների 3-րդ շարքի 1-ին տեղում հիշատակված է Ծամա տեղանունը։ Սեպագիր Ծամա երկրանունը պահպանված է Արցախի Հադրութի շրջանի այժմյան Ծամձոր գյուղանվան մեջ։ Ծովինար գյուղի մոտակայքում Ռուսա Ա-ն Թեյշեբա աստծո անունով նաև քաղաք է կառուցել։ Ստեփանակերտի դամբարանաբլուրներից պեղված նյութերի մեջ տիրապետող են նաև այն նյութերը, որոնք գիտության մեջ կապվում են Ուրարտական թագավորության հետ։ Այսպիսի նյութերից մեկը՝ սարդիոնե զարդանախշը, ունի նաև սեպագիր արձանագրություն՝ Ռուսա թագավորի անվան հիշատակությամբ։ Սա էլ մի վկայություն է, որ հայկական այդ թագավորության մեջ առկա է նաև Ադախ-Արցախի պարզ հիշատակությունը։ Նույն դամբարադաշտի թաղումները և հարակից այլ նյութեր, հնագետ Վ. Բելկի կարծիքով, պատկանում են հայերին և աղերս ունեն Հայկական բարձրավանդակի համաժամանակյա հուշարձանների հետ։ Ուրարտուի վերջին շրջանի՝ Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված Ռուսա Դ-ի՝ ( Ք. ա. 600-590 թթ ) թագաժառանգ եղած ժամանակի կնիքով կնքված կավե սալիկներից մեկի արձանագրությունը վկայում է, որ Ուրարտուի հյուսիս-արևելյան սահմանը եղել է Կուր գետը[39]։

Գրականության ցանկ խմբագրել

  • Ռ. Իշխանյան "Պատկերազարդ Պատմություն Հայոց" 1990 թ.
  • Ա. Մովսիսյան "Հայոց Պատմության Աշխարհակալությունները" Երևան-2008 թ.
  • Մովսես Խորենացի "Հայոց Պատմություն"

Նշումներ խմբագրել

  1. Սևանա լիճը իր բարձրությամբ զիջում է միայն Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճին։
  2. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  3. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  4. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  5. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  6. Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  7. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  8. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  9. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  10. Փակագծում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  11. Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  12. Փակագծերում նշված են տարեթվերը ըստ «Հայոց պատմություն, դասախոսությունների ձեռնարկ», Երևան 1998, Աշոտ Մելքոնյան։
  13. Այս աստվածությունը «արքա Խալդի» է անվանված սեպագիր կավե սալիկներից մեկում։
  14. Նման մի կրոնական երթ է պատկերված Պետեր Կալմայերի հրատարակած գոտու մի բեկորի վրա (P. Calmeyer, Ikonographie und Stil urartaischer Bildwerke, APS, նկար 39:)
  15. Հ․Հ․Կարագոզյանի կարծիքով այս արձանագրությունը 10-րդ դարում՝ Գագիկ Արձրունու օրոք, Աղթամար է բերվել Վանա լճի հարավարևելյան ափին գտնվող Կոտոմ գյուղի ամրոցից։
  16. Այս անվան հոգնակի դրված լինելը տարաձայնություններ է առաջացնում, սակայն ամենայն հավանականությամբ այս անվան ներքո պետք է հասկանալ ոչ թե մեկ աստվածուհի, այլ մեկից ավելի աստվածուհիներ։ Եթե հաշվի առնենք, որ այս խմբի յուրաքանչյուր աստվածուհու համար որպես զոհաբերություն նախատեսված է եղել 1 ոչխար, ինչպես նաև այն, որ Աինիներին զոհաբերել են 4 ոչխար, ապա կստացվի, որ «Աինիներ» դիցանունը իր մեջ պարունակում է Աինի անունով չորս դիցուհի։
  17. Այս անվան հոգնակի դրված լինելը տարաձայնություններ է առաջացնում, սակայն ամենայն հավանականությամբ այս անվան ներքո պետք է հասկանալ ոչ թե մեկ աստվածուհի, այլ մեկից ավելի աստվածուհիներ։ Եթե հաշվի առնենք, որ այս խմբի յուրաքանչյուր աստվածուհու համար որպես զոհաբերություն նախատեսված է եղել 1 ոչխար, ինչպես նաև այն, որ Ինուանիներ զոհաբերել են 17 ոչխար, ապա կստացվի, որ «Ինուանիներ» դիցանունը իր մեջ պարունակում է Ինուանի անունով 17 դիցուհի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Van de Mieroop, Marc (2007). A History of the Ancient Near East, ca. 3000-323 BC. Blackwell Publishing. էջ 215.
  2. 2,0 2,1 2,2 Diakonoff, Igor M (1992). «First Evidence of the Proto-Armenian Language in Eastern Anatolia». Annual of Armenian Linguistics. 13: 51–54. ISSN 0271-9800.
  3. Róna-Tas, András.Hungarians and Europe in the Early Middle Ages: An Introduction to Early Hungarian History. Budapest: Central European University Press, 1999 p. 76 963-9116-48-3.
  4. Greppin, John A. C. (1991). «Some Effects of the Hurro-Urartian People and Their Languages upon the Earliest Armenians». Journal of the American Oriental Society. 3 (4): 720–730. doi:10.2307/603403. JSTOR 603403. «Even for now, however, it seems difficult to deny that the Armenians had contact, at an early date, with a Hurro-Urartian people.»
  5. Chahin, M. (2001). The kingdom of Armenia: a history (2nd revised ed.). Richmond: Curzon. էջ 182. ISBN 978-0700714520.
  6. Scarre, Chris, ed. (2013). Human past: world prehistory and the development of human societies (3rd ed.). W W Norton. ISBN 978-0500290637.
  7. Encyclopedia of Indo-European culture. Mallory, J. P., Adams, Douglas Q. London: Fitzroy Dearborn. 1997. էջեր 30. ISBN 978-1884964985. OCLC 37931209. «Armenian presence in their historical seats should then be sought at some time before c 600 BC; ... Armenian phonology, for instance, appears to have been greatly affected by Urartian, which may suggest a long period of bilingualism.»{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. Robert Drews. Militarism and the Indo-Europeanizing of Europe. Routledge. 2017. p. 228. "The vernacular of the Great Kingdom of Biainili was quite certainly Armenian. The Armenian language was obviously the region's vernacular in the fifth century BC, when Persian commanders and Greek writers paired it with Phrygian. That it was brought into the region between the early sixth and the early fifth century BC, and that it immediately obliterated whatever else had been spoken there, can hardly be supposed; ... Because Proto-Armenian speakers seem to have lived not far from Hurrian speakers our conclusion must be that the Armenian language of Mesrop Mashtots was descended from an Indo--European language that had been spoken in southern Caucasia in the Bronze Age."
  9. Hrach Martirosyan (2013). "The place of Armenian in the Indo-European language family: the relationship with Greek and Indo-Iranian*" Leiden University. p. 85-86.
  10. Petrosyan, Armen. "The Armenian Elements in the Language and Onomastics of Urartu." Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies. 2010. [1]
  11. A.Y.Movsisyan, «The hieroglyphic script of van kingdom (Biainili, Urartu, Ararat)», Publishing House «Gitutyun» of NAS RA, Yerevan 1998. (Առկա է ՀՀ Ազգային Գրադարանում, ծածկագիր՝ 9(47.925)/Մ-91)
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 Հայաստանի Գիտությունների ակադեմիա, Ազգագրության և հնագիտության ինստիտուտ, Ս․Գ․ Հմայակյան, «Վանի թագավորության պետական կրոնը», Հայաստանի ԳԱ հրատարակչություն, Երևան 1990։ (Առկա է ՀՀ Ազգային Գրադարանում, ծածկագիր՝ 9(47.925)/Հ-64)
  13. Հայկական հուշարձանների ճանաճման ծրագրի (AMAP) պաշտոնական կայք, բաժին՝ «Ուրարտու՝ Վանի թագավորություն»
  14. Сайт Института Арменоведческих Исследований ЕГУ, страница,, История Армении
  15. «Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, հոդված՝ «Վանի թագավորություն»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  16. 16,0 16,1 Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. - Москва: Издательство АН СССР, 1960.
  17. Paul Zimansky, Urartian material culture as state assemblage, Bulletin of the American Association of Oriental Research 299, 1995, 105.
  18. Յովսէփ Վ. Սանտալճեան։ (Ազգային մատենադարան, Խ)։ Վիեննա, տպ. Մխիթարյան, 1901։ 262, 1 չհ. էջ, շարվ. 13, 5X7, 5 սմ, գ. 4, 50 ֆրկ.:
  19. И. М. Дьяконов. Ассиро-вавилонские источники по истории Урарту (Предисловие, разделы I-III - Вестник древней истории, № 2, 1951 г. Раздел IV - Вестник древней истории, № 3, 1951 г.)
  20. Աստվածաշունչ, բաժին՝ «Դ.Թագավորաց, 19, 37», «Եսայի 37, 38», «Երեմիա 51, 27»
  21. Հայկական համառոտ հանրագիտարան
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Ռաֆայել Իշխանյան, «Պատկերազարդ պատմություն Հայոց» գիրք առաջին, Երևան 1990 թվական։
  23. Джона Киракосяна “Младотурки перед судом истории”. Ереван, Издательство “Айастан”, 1986г.
  24. Гурам Мархулиа, Шабанам Нуриева. «Многострадальная Армения»: мифы и реальность. Баку – 2011
  25. Մեծ Հայքի քարտեզը(չաշխատող հղում)
  26. Հայոց պատմություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Երևան 2012 թ., էջ 147-152
  27. 27,0 27,1 Меликишвили Г.А. Наири-Урарту. - Тбилиси: Издательство Академии Наук Грузинской ССР, 1954. - 446 с. - 1000 экз.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Գ․Ա․Ղափանցյան, «Ուրարտուի պատմությունը», Երևան 1940։
  29. УКН, N128 А 3, твь 17-19, N 155 G, տող 2, N 276, տող 25-26, N 156, AII + AI, տող 26-29։
  30. УКН, N 127, I, տող 17, N 155 B, տող 28-29։
  31. УПД, N 2, դիմացի կողմ, տող 6, N 3, դիմացի կողմ, տող 4, N 4, դիմացի կողմ, տող 5, N 7, դիմացի կողմ, տող 4։
  32. УКН, N 21, տող 15, N 28, տող 3-4, N 127, I, տող 20։
  33. УКН, N 21, տող 5-6, N 22, տող 5-6, N 127, I, տող 5-6, 25։
  34. УКН, N 93, 94, 95, 276, դիմացի կողմ, տող 5-10։
  35. И. М. Лосева,,, Древний мир", Москва 1962:
  36. A. H. Sayce, «The Kingdom of Van (Urartu)», Cambridge, 1925․
  37. 37,0 37,1 37,2 Г. А. Меликишвили, Урартские клинообразные надписи, Москва 1960.
  38. G. A. Melikashvili, Die Cotterpaartrias an der Spitze des urartaischen Pantheons, Orientalia, Հռոմ 1965, հատոր 34, մաս 4։
  39. Բալայան, Վահրամ (2011). Արցախի պատմությունը հնադարից մինչև մերը օրերը. Երևան: Զանգակ. էջեր 26–28. ISBN 978-99941-1-917-2.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Բալայան, Վահրամ (2011). Արցախի պատմությունը հնադարից մինչև մերը օրերը. Երևան: Զանգակ. էջեր 26–28. ISBN 978-99941-1-917-2.