Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) (մայիսի 22, 1939(1939-05-22), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 2021(2021-03-31)[1], Երևան, Հայաստան), հայազգի ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս։

Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան
մայիսի 22, 1939(1939-05-22) - մարտի 31, 2021(2021-03-31)[1] (81 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ և Խորհրդային բանակ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է։ 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները։ 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից։ Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը։

Կրթություն

խմբագրել

Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում։ Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի։ Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա։ Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում։ Ա․ Տեր-Թադևոսյանն ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։ Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ։

Զինվորական գործունեություն

խմբագրել

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։ 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։ 1992-2001 թթ. ծառայել է ՀՀ ՊՆ-ում։ 1992- 1993 թթ. եղել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, այնուհետև ոչ համազորային պատրաստության վարչության պետ։ 1993-1995 թթ. ղեկավարել է ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը։ 1996 թ. եղել էՀՀ Պաշտպանության նախարարի օգնականը։ 2001 թվականից ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական րնկերության նախագահն է։ Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար։ Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո։ Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները։ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան։ Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը։ Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել։ Այդ ժամանակ ես խոստացա Վազգենին, որ եթե մենք ազատագրենք Շուշին,ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը։ Այդպես առաջացաավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը։

 

Անվան պատմություն

խմբագրել

Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ։ Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես։ Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս։ Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում։

  • Աստված մի արասցե, եթե վաղը կրկին հարկ լինի զենք վերցնելու և թնամու դեմ կռվելու առաջինը մարտի դաշտ են նետվելու մեր ազատամարտիկ տղաներն ու կապ չունի այսօր նրանք ինչ պայմաններում են ապրում, նրանք սերտորեն կապված են այս երկրին իրենք են այս երկիրը պահողներն։
  • Յուրաքանչյուր պետություն ունի մեծ եղբայր։ Մենք ոչ մեծ եղբայր ունեինք, ոչ փոքր։ Մեր ուժը մեր հաղթանակը եղավ՝ մեր միասնության շնորհիվ։
  • Ամոթ է հարուստ ապրել աղքատ երկրում։
  • Ես առանձնապես ոչինչ չեմ արել։ Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թվականներին փոխանցել եմ գործընկերներիս։
  • Այո՛, Արցախի հաղթանակը ժողովուրդն է կերտել։ Սակայն այդ հաղթական բարդ ուղին շա՜տ ավելի դժվարին ու խավար կլիներ, եթե չլինեին կոմանդոսները։
  • Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում։ Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…
  • Գոյի պայքարում ի վերջո հաղթում է ուժեղը, հաղթում է գիտելիքով զիվածը։
  • Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին սովորեցրեցինք վազել, երկրորդի ժամանակ կսովորեցնենք նաև լողալ։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հայաստանի զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար 2021 թվականի մայիսի 8-ին հետմահու պարգևատրվել Հայրենիքի շքանշանով[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Մահացել է «Արցախի հերոս» Կոմանդոսը
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.

Աղբյուրներ

խմբագրել