Բացել գլխավոր ցանկը

Մետաքսագործություն, մանածագործության (ոստայնանկության) ճյուղ, մետաքսյա թելեր ստանալու և դրանցից գործվածքներ պատրաստելու արհեստը։ Չինաստանում, որը համարվում է մետաքսագործության հայրենիքը, մետաքսե գործվածքներ պատրաստել են դեռևս մեր թվարկությունից առաջ III հազարամյակում։ Կենտրոնական Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում մետաքսագործությունը հայտնի դարձավ V-VII դարերում, հետագայում տարածվեց նաև այլ երկրներում ու մայրցամաքներում։ X դարում արդեն Թաթարստանը, Ջուրշանը և Հարավային Կովկասի երկրները դարձել էին մետաքսագործության խոշոր կենտրոններ։ Սկսած հին ժամանակներից մետաքսե գործվածքները միջազգային առևտրի ամենահարգված առարկաներից էին։ «Մետաքսի ճանապարհը», որով կատարվում էր մետաքսեղենի առևտուրը Արևելքի և Արևմուտքի միջև, ձևավորվել էր դեռևս մեր թվարկությունից առաջ II դարում և գործում էր մինչև XVI դարը։ Մետաքսագործությունը նշանակալից զարգացման էր հասել միջնադարյան Հայաստանում։ IX-XIII դարերում հայ և արաբ հեղինակները հիշատակում են Հայաստանում, մասնավորապես Դվինում արտադրվող մետաքսե գործվածքները։ Մեզ հասել են նաև այդ ժամանակաշրջանի մետաքսե գործվածքների նմուշներ (Անիի պեղումներից)։ «Կերպասագործ» տերմինը մետաքսագործ իմաստով գործածել է Անանիա Շիրակացին (VII դար), իսկ XI դարի հեղինակ Գրիգոր Մագիստրոսը մետաքսագործություն համարում է առանձին արհեստ և արհեստավորին անվանում «մետաքսագործ կերպասի կամ կերպասոց»։ Հանդիպում են նաև աբրեշում, ապրեշումագործ բարբառային ձևերը։ Հայաստանում պատրաստված մետաքսաթելը և մետաքսե արծվաչները (կերպասներ, թավիշներ, նուրբ գործվածքներ, դրանց թվում և շղարշներ) ունեին գեղեցիկ փայլ, նուրբ էին, փափուկ, դիմացկուն, և լավ ներկվում էին։ Հայտնի էին հատկապես որդան կարմրով ներկած հայկակամ մետաքսաթել ծիրանին (բյուզանդացիներն անվանում էին «պորփյուրիկոն») և դիպակները։ Մեր օրերում, երբ բացի բնական մետաքսից արտադրվում է նաև մեծ քանակությամբ արհեստական մետաքս, մետաքսագործությունը դարձել է մանածագործական արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 484 CC-BY-SA-icon-80x15.png