Քարագլուխ (Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարագլուխ (այլ կիրառումներ)

Քարագլուխ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Խաչեն գետի աջ ափին, Շիկաքար կոչված ժայռի շրջակայքում։ Մտնում էր Փառուխ համայնքի մեջ[1]։

Գյուղ
Քարագլուխ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն640 մարդ (1897)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Անուն խմբագրել

Քարագլուխ անվանումն առաջացել է գյուղի ունեցած բարձր լեռնային դիրքից։ Տեղավայրին անդրադարձել են մի շարք հեղինակներ, այդ թվում տեղագրողներ Սարգիս Բ Հասան-Ջալալյանցը և Մակար Բարխուդարյանը[2]։ 17-18-րդ դարերի տվյալներով սնակավայրը հիշատակվում է Քարագլուխ անվանումով, 19-րդ դարի կեսերին և խորհրդային իշխանության տարիներին՝ Դաշբաշի, որը Քարագլուխ անվան թարգմանությունն է։ Երբեմնի գյուղը հայտնի էր նաև «Արավուս» անվամբ, քանզի այնտեղ էին հաստատվել բնակիչներ Սյունյաց համանուն բնակավայրից։ Նախկինում անվանվել է նաև Արավուզ, Արավուս, Արաուս, Շիկաքար, Քրըգլոխ, վերանվանվել է Քարագլուխ։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Խաչեն գետի աջ ափին, Շիկաքար կոչված ժայռի գլխին, Ասկերան քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք, շրջապատված է սեպաձև բարձր ժայռերով։ Գտնվում է Ստեփանակերտ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից ավելի քան 1100 մ է, կլիման զով է, օդը մաքուր։ Գեղատեսիլ, անտառածածկ բնություն ունի։

Պատմություն խմբագրել

Քարագլուխ գյուղը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառի, իսկ ավելի ուշ՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ։ Գյուղը հյուսիսից և հարավից շրջապատված է լեռներով, մուտքը միայն արևելյան և արևմտյան կողմերից է։ Գյուղի բնակիչների նախնիները մասամբ բնիկ են, մի մասն էլ տեղափոխվել են Սյունիքի Արավուս (Արևիս), Դարապաս (Դարբաս) գյուղերից, Բարկուշատից։ Եղել է Գանձասարի վանքապատկան գյուղերից մեկը։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Արցախյան ազատամարտի ավարտից հետո՝ մինչև 1995 թվական Քարագլուխ գյուղը եղել է անբնակ, ներկայումս էլ բնակեցված չէ։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը[3]։

Գյուղի պատմությունը սկսվում է XIII-րդ դարից։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական նշանավոր վայրերից է և կարևոր դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Մինչև 1977 թվականը գործել է թերի միջնակարգ դպրոց։

Գյուղը Հայրենական մեծ պատերազմում խմբագրել

Այս և հարևան Փառուխ գյուղերից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 96 մարդ, զոհվել է 56-ը։ Խրամորթում կանգնեցվել է միացյալ հուշարձան[4]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղում և շրջակայքում պահպանվել են 14-րդ դարի սբ․ Աստվածածին փայտածածկ եկեղեցին, 12-13-րդ դարերի «Քարագլուխ» կամ «Շիկաքար» բերդը[5], որն ունի 12-րդ դարի երկու եկեղեցիներ, մեկը կանգուն է, մյուսը՝ փլված, 1253 թվականի թվագրությամբ տապանաքարով, 12-13-րդ դարերի մահարձաններով և 13-րդ դարի խաչքարերով հարուստ հին գերեզմանոցը, Հասան-Ջալալյան իշխանի 13-րդ դարի դղյակ-դիտարանը, աղբյուր-հուշարձանները։ Գյուղի եկեղեցու հարավային կողմում պահպանվել է մի խաչարձան, որի վրա կա արձանագրություն․

  Ես Սումպատ կանգնեցի զխաչս Համ․․մ․․ կողակից իմ Հաւասայ և Հեղան։  
  Թիւ ՉԲ (1253 թ․)․ Իշխանութիւն Հասանայ ես Սնպատ և եղբարք իմ կանգնեցաք զխաչս բարեխաւս առ Քրիստոս ինձ և ամուսին (նոյն) իմոյ Կատային, զոր ետ Պարոն մեզ հայրենիք և գերեզմանատեղ․ Քրիստոս աւգնէ իւր որդեացն․ ամէն։  

Աղաքար կոչվող անտառոտ հանդամասում պահպանվել են 16-17-րդ դարերի հին գյուղատեղի, գերեզմանոցի մնացորդներ, 16-17-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր։ Գյուղից դեպի հյուսիս պահպանվել են գյուղատեղի և գերեզմանոց, իսկ դեպի հարավ՝ ավերակ եկեղեցի, գերեզմանոցներ։ Գյուղի շրջակայքում, ամրոցից ներքև, պահպանվել են քարայրներ՝ արևելյան կողմում՝ երեք, մի քարայր հյուսիսային, մի քարայր էլ արևմտյան կողմում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 390.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Սարգսյան, Սլավա (2018). Արցախի բնակավայրերը. Երևան. էջ 33.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 147–148.
  4. Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 144
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 311