Արցախյան ազատամարտ

մարտական ​​գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև

Արցախյան ազատամարտ (նաև Արցախյան ազատագրական պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի[15][16][17][18]։

Արցախյան ազատամարտ
Արցախյան հակամարտություն

Վերևից ժամացույցի սլաքով՝ կործանված ադրբեջանական զրահափոխադրիչներ (2005), Ադրբեջանցի փախստականներ (1988), տանկ՝ հուշարձան Ասկերանում (2007), հայ զինվորներ (2008):
Թվական 1991 - 1994 մայիսի 12
Վայր Արցախ և Հայաստան
Պատճառ Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը
Արդյունք • Հայ ազատամարտիկների հաղթանակ,

Արցախը դարձել է դե ֆակտո անկախ հանրապետություն,

• Զինադադարի պայմանագիրը ստորագրվել է 1994-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի կողմից,

• Բանակցային գործընթացի սկիզբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի ապագայի վերաբերյալ,

• Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակում

Տարածքային
փոփոխություններ
Հայկական վերահսկողության հաստատում պատմական Արցախի տարածքի մի մասի վրա
Հակառակորդներ
Հայկական կողմ

Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ 
ՀՅԴ[1][2][3][4]
 Հայաստանի Եզդիների Միություն[5]

Ադրբեջանական Կողմ

Ադրբեջան Ադրբեջան 
Չեչեն գրոհայիններ[6]
Լեզգիական գրոհայիններ
Գորշ Գայլեր[7]
ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ[8]

Աջակիցներ
Թուրքիա Թուրքիա
Պակիստան Պակիստան
Իսրայել Իսրայել
Ուկրաինա Ուկրաինա

Հրամանատարներ

Թեհրան Մանսիմով

Կողմերի ուժեր
20,000 64,000
Ռազմական կորուստներ
5 856[13] 30 000 - 35 000[14]

Արցախյան ազատագրական պայքարի սկիզբ

խմբագրել

1988 թվականից Ադրբեջանը սանձազերծեց Հայ-ադրբեջանական պատերազմ։ Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ, որը կազմում էր մոտ 20-25 հազար։ Ադրբեջանի բանակը 75-80 հազար։ Սակայն հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Ադրբեջանական բանակի նշանառված հարվածներին զոհ են գնում հազարավոր հայ խաղաղ բնակիչներ։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարտակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից՝ զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին։ Արդյունքում հայերը ունենում են 5 հազար զոհ (ինչպես նաև՝ հազարավոր զոհեր խաղաղ բնակչության շրջանում), իսկ Ադրբեջանցիները՝ 40 հազար զոհ։ Արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մի մասը։

Արցախյան ազատամարտ

խմբագրել

Արցախյան ազատագրական պատերազմը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994 թվականներին։ Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988-1994 կամ արցախա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988 թվականից մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից (1988 թվականի փետրվար) Ադրբեջանում սկսվել է սանձարձակ հակահայկական քարոզչական պատերազմ։ «Հայերին բնաջնջել, հողն արյամբ նվաճել» և այլ մոլեռանդ կոչերով հագեցած ադրբեջանական պետական քարոզչությունը գրգռել է ամբոխին, ինչի հետևանքով Ադրբեջանում սկսվել են հայերի նկատմամբ բացահայտ բռնարարքներ ու ջարդեր։

Հակառակորդը դիմել է տնտեսական շրջափակման ամենատարբեր ձևերի՝ արտաքին աշխարհից, մանավանդ Հայաստանից ԼՂԻՄ-ի մեկուսացմանը, ժողովրդատնտեսական բեռների, սննդամթերքի, վառելանյութերի և առաջին անհրաժեշտության այլ իրերի ներկրման կամ տեղափոխման արգելակմանը ևս։ Դադարեցվել է երկաթուղային շարժակազմերի և բեռնատար ավտոմեքենաների մուտքը ԼՂԻՄ, արգելափակվել են մարզի ներքին հաղորդակցության ավտոճանապարհները։

Սկսվել են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի հայ բնակչության ջարդերն ու տեղահանությունները (տես Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Կիրովաբադի ինքնապաշտպանություն), որոնք պատերազմական գործողությունների յուրօրինակ դրսևորում էին՝ ուղղված Արցախի ու արցախցիների դեմ, քանի որ այդ քաղաքների հայերի մեծ մասը արցախյան ծագում ուներ կամ ծնվել էր հենց Արցախում։

Ադրբեջանական ագրեսիայի առաջին թիրախներ են դարձել Հյուսիսային Արցախի բնակավայրերը։ Դեռևս 1987-ի վերջերին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ստորաբաժանումները բռնություններ են իրագործել մարշալներ Հովհաննես Բաղրամյանի ու Համազասպ Բաբաջանյանի ծննդավայր Չարդախլու գյուղում և այն հայաթափել։ Դա և 1990 թվականի հունվարի 12–14-ին Ազատի, Գետաշենի ու Մանաշիդի վրա հարձակումները դարձել են Հյուսիսային Արցախի հայության բացահայտ բռնի տեղահանության սկիզբը, ինչն ավարտին է հասցվել հակամարտության հերթական փուլի ընթացքում։

Ագրեսիայի այդ նախապատրաստությունները, այդ թվում՝ 1988 թվականի փետրվարից մինչև 1991թվականի ապրիլն ընկած ժամանակամիջոցում ադրբեջանցիների ավազակախմբերի, Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՄՀՆՋ-ի և ԽՍՀՄ ներքին զորքերի ստորաբաժանումների համատեղ պատժիչ գործողությունները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ իրականացված ձերբակալությունները, բռնությունները և սպանությունները, արցախահայությանն ի վերջո կանգնեցրել են զինված ինքնապաշտպանության դիմելու անհրաժեշտության առջև։

Մանավանդ, 1991 թվականի ապրիլի 30-ին Կենտրոնի ձեռնարկված «Օղակ» ռազմական գործողությունը, որի ընթացքում հայաթափվել են Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն բնակավայրերը, Հադրութի շրջանի ծայրամասային գյուղերը և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշըրջանը, փաստորեն հաստատել է հիմնահարցը պատերազմի միջոցով լուծելու Ադրբեջանի որդեգրած քաղաքական գծի անշրջելիությունը։

ՂԱՊ-ը կարելի է բաժանել 5 հիմնական փուլերի, որոնք ընդմիջվել են ընդհանուր և կարճատև օպերատիվ հրադադարներով։

5 հիմնական փուլեր

խմբագրել
Արցախի պատմություն
 
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Օղակ գործողություն

խմբագրել

«Օղակ» ռազմական գործողության ժամանակ ունեցած նախնական հաջողություններով ոգևորված՝ Ադրբեջանի ղեկավարությունն իր ենթակայության տակ դրված խորհրդային բանակի ստորաբաժանումների միջոցով շարունակել է մարտական գործողությունները Շահումյանի շրջանում։ ՀՀ սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում և Շահումյանի շրջանում ինքնապաշտպանական կամավորական ջոկատների գործողությունները համակարգելու, անհրաժեշտ կադրեր պատրաստելու, նյութական, ռազմական և կազմակերպչական օժանդակություն ապահովելու, ադրբեջանական ՄՀՆՋ-ականների ճնշմանը և հարձակումներին դիմագրավելու, մարզի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով 1990 թվականին ԼՂ Ազգային խորհրդի «Պ» («Պաշտպանություն») ժամանակավոր խմբի հիմքի վրա կազմավորվել է Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե։ Ստեղծվել է նաև ինքնապաշտպանական ուժերի շտաբ, որը կազմավորել և զինել է արագ հակազդման ջոկատներ, ղեկավարել հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ 1991 թվականի ապրիլին գործել է Համակարգող գաղտնի խորհուրդը (անդամներ՝ Վ. Բալայան, Ժ. Գալստյան, Գ. Պետրոսյան, Մ. Պետրոսյան, Ս. Սարգսյան և Ռ. Քոչարյան)։ Հետագայում՝ 1991 թվականիի մայիսի 4-ին, Երևանում ստեղծվել է ՀՀ Պաշտպանության կոմիտե, Արցախում 1992 թվականի մարտի 26-ին՝ Պաշտպանության (ինքնապաշտպանության) կոմիտե, 1992 թվականի օգոստոսի 15-ին՝ Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ)։ 1991 թվականի հուլիսի 14-ին խորհրդային և ադրբեջանական զորքերը ներխուժել են Մանաշիդ, Բուզլուխ և Էրքեջ։ Հակառակորդի հետագա առաջխաղացումը կանգնեցվել է Վերինշենի մատույցներում։

Արցախահայության համար դժվարին այդ օրերին, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը, որով պետական հիմքերի վրա է դրվել ադրբեջանական ագրեսիային դիմագրավելու, հայ բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, պետական շինարարության և ԶՈւ կազմավորման գործընթացները տեղի են ունեցել զինված ընդհարումների և տեղաբնույթ մարտերի, Արցախի բնակավայրերի վրա մշտական հարձակումների ու գնդակոծությունների պայմաններում։

Խորհրդային զորքերը սեպտեմբերին հեռացել են Շահումյանի շրջանից, ինչից օգտվելով՝ ինքնապաշտպանության շրջանային ուժերը սեպտեմբերի 14–18-ին կարողացել են ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ ու Էրքեջ գյուղերը և դիրքեր գրավել Մարտունաշենից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Այս և 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ադրբեջանական թաղամասի ռազմական հենակետերի վնասազերծումն ազատամարտիկների առաջին նշանակալի հաջողություններն էին։

1991 թվականի նոյեմբեր

խմբագրել

Նոյեմբերին, հիմնականում Հադրութի և Մարտունիի շրջաններում ծավալված մարտերի ընթացքում, ճնշվել են Հալիֆշա (6.11.1991), Հախլլու (7.11.1991), Սալաքյաթին (7.11.1991) և Խոջավենդ (19.11.1991) բնակավայրերի կրակակետերը, ազատագրվել Սարինշեն, Ծամձոր (15.11.1991) ու Քարագլուխ (20.11. 1991) գյուղերը։ Այդ մարտերի հիմնական նշանակությունն այն էր, որ նախ ազատագրվել են բռնազավթված բնակավայրերը, հայ ազատամարտիկները ձեռք են բերել ռազմական գործողություններ պլանավորելու և վարելու որոշակի փորձ և, որ պակաս կարևոր չէր, հայկական գյուղերում արագ թափով վերաբնակեցվող ադրբեջանցի զավթիչներն արժանի հակահարված են ստացել, որով խափանվել են նրանց Արցախում արմատավորելու Ադրբեջանի իշխանությունների ծրագրերը։

1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է համաժողովրդական հանրաքվե, որով ազգաբնակչության մեծամասնությունը քվեարկել է Արցախի անկախության օգտին։ Այդ պատմական իրողությունը կարևոր քաղաքական գործողություն էր մինչ այդ՝ դեկտեմբերի 8-ին, Մինսկի մերձակա Բելովեժյան թավուտում, Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի ու աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման համաձայնագրի ստորագրման համատեքստում։

Շահումյանի շրջանը սահմանակից Կասում Իսմայիլովին միացնելու և Գերանբոյի շրջան ստեղծելու (14.1.1991) կամ ԼՂԻՄ-ը լուծարելու (26.11.1991) մասին որոշումները բացահայտել են Ադրբեջանի բուն նպատակը, այն է՝ ադրբեջանական բնակավայրերը ռազմական հենակետերի վերածելուց զատ, դարձնել նաև «միջանկյալ օղակներ»՝ արցախյան այս կամ այն հողատարածքը պոկելու և Ադրբեջանի հարակից շրջանին բռնակցելու համար։ Հետևաբար, Արցախի ինքնապաշտպանության պատասխանատուների առաջնահերթ խնդիրներից են եղել Ադրբեջանի այդ նկրտումներին հակազդելն ու հաղորդակցության կարևոր ճանապարհներն ադրբեջանցի զինյալների վերահսկողությունից ազատելը։

Ստեփանակերտին մերձակա Ջամիլլու գյուղը վնասազերծվել է դեկտեմբերի 15-ին։ Հաջորդ օրը Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի մոտ հայ ազատամարտիկների խումբը բախվել է ՄՀՆՋ-այինների ու վարձկան ռուս զինվորների միացյալ ուժերին։ Մի քանի ժամ տևած մարտի արդյունքում հայ ռազմիկները փախուստի են մատնել հակառակորդին։ Թեև օրակարգում Կրկժանի ազատագրումն էր, սակայն Արցախի ինքնապաշտպանական ջոկատները գործողություններ են ձեռնարկել Լեսնոյեի ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասազերծել վտանգավոր «միջանկյալ օղակներից» մեկը և Կրկժանից շեղել հակառակորդի ուշադրությունը՝ նրա մեծաթիվ ուժերը գամելով Լեսնոյեին։ Այն մշտական սպառնալիք էր Բադարա, Աստղաշեն ու Դահրավ գյուղերի համար և Խոջալուի հետ ռազմավարական գիծ ստեղծելու հավակնություն է ունեցել։

Ռազմական գործողությունն սկսվել է դեկտեմբերի 23-ի գիշերը։ Յոթ ժամ տևած մարտերն ավարտվել են հակառակորդի այդ կարևոր հենակետի վնասազերծմամբ։ Դեկտեմբերի 22–23-ին վնասազերծվել են նաև Մարտակերտի շրջանի ադրբեջանական Իմերեթ-Քերեվենդ և Ումուդլու գյուղերի հենակետերը։

Դեկտեմբերի 25-ին և 26-ին Արցախից դուրս է բերվել ԽՍՀՄ ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզիան, և միանգամից անպաշտպան են մնացել Արցախի բազմաթիվ բնակավայրեր և ժողովրդատնտեսական կարևոր օբյեկտներ, իսկ սահմանագծի ողջ երկայնքով ակտիվացել են ադրբեջանական զինված խմբավորումների խժդժությունները։ Ադրբեջանցիների ակտիվացումը պայմանավորվել է Բաքվից և Աղդամից 300-ական զինյալներ ընդգրկող 18 գումարտակների, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և մեկ ՄԻ–24 ուղղաթիռի Արցախ տեղափոխման հանգամանքով։ Տագնապալից իրավիճակի թելադրանքով ՀՀ ՊԿ-ից Արցախ է գործուղվել Արկադի Տեր-Թադևոսյանը, որին հանձնարարվել է անհապաղ ավարտել կանոնավոր զինված ջոկատների կազմավորումը։ Տարբեր ժամանակներում Արցախի զինված ուժերի իրենց գործընկերներին օգնել են բազմաթիվ հայազգի կադրային զինվորականներ՝ Ռ. Գզողյանը, Ք. Իվանյանը, Հ. Հարոյանը, Ռ. Մաղաուզյանը, Ն. Հարությունյանը, Ա. Զինևիչը և ուրիշներ։ Հադրութի և Մարտունիի շրջանների զինված ջոկատներում ներգրավվել են 400-ական, իսկ Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում՝ 500-ական մարտիկ։

1992 թվականի հունվար

խմբագրել

1992 թվականի հունվարի 19–20-ին ազատագրվել է Ստեփանակերտի արվարձան Կրկժանը, որից հետո հայ մարտիկները դիրքեր են զբաղեցրել տիրապետող բարձունքների վրա։ Հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը Շուշիի սարահարթից հակառակորդը հարձակման է անցել Քարինտակի ուղղությամբ։ Սակայն հարևան գյուղերից և մայրաքաղաքից օգնության հասած ինքնապաշտպանական ջոկատների ճնշման տակ հակառակորդը հետ է քաշվել (տես Քարինտակի ինքնապաշտպանություն

1992 թվականի փետրվարի 9–11-ի ընթացքում հակառակորդը կորցնելով Մալիբեկլուի և Ղուշչուլարի ռազմակայանները՝ հարձակման է անցել ռազմաճակատի ամբողջ երկայնքով։ Փետրվարի 14-ին Շուշիից առաջին անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է ՄՄ–21 «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքով։ Մինչ այդ՝ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին՝ «Ալազան»-ով։ 1992 թվականի հունվարի 13-ին Շահումյան ավանը հրթիռակոծվել էր «Գրադ»-ով։ Վերջինս միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ, բայց մշտապես օգտագործվել է շուրջ 70 հզ. բնակչությամբ Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի դեմ։

Փետրվարի 17-ին և 22-ին Ղարադաղլուի և Վերին Վեյսալուի ռազմական գործողությունները կարևոր հաղթանակներ էին Մարտունիի շրջանում միասնական ճակատ ու ապահով թիկունք ստեղծելու, ինչպես նաև այդ ուղղության ռազմաճակատն ամրացնելու առումով։

1992 թվականի փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության ԳԽ-ի նախագահությունը որոշում է ընդունել պետական համապատասխան կարգավիճակ շնորհել մինչ այդ տարերայնորեն ձևավորված կամավորական-ինքնապաշտպանական ջոկատներին։

Հերթական փայլուն հաջողությունը Խոջալուի կրակակետերի ճնշման ռազմագործողությունն էր (տես Խոջալուի ազատագրում)։ Խոջալուի ազատագրումով վերականգնվել է հաղորդակցությունը Ասկերան ավանի հետ, հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար վերականգնվել է արտաքին աշխարհի հետ հուսալի օդային կապը, կանխվել հակառակորդի՝ Ասկերանի կողմից Ստեփանակերտ ներխուժելու վաղեմի ծրագիրը, ծանր հարված է հասցվել Ադրբեջանի ռազմական մեքենային, էլ ավելի են սրվել Բաքվի իշխանությունների և ընդդիմության ներհակությունները։

1992 թվականի մարտ

խմբագրել

1992 թվականի մարտ ամիսը նշանավորվել է Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի մշտական հրթիռահրետակոծություններով և զրահատեխնիկայի ու ռազմական ուղղաթիռների կիրառմամբ լայնածավալ հարձակումներով։ Միաժամանակ չեն դադարել նաև օտարերկրյա միջնորդական առաքելությունները, իսկ որոշ տերությունների կողմից՝ նույնիսկ բացահայտ սպառնալիքները։

1992 թվականիգարնանային պատերազմաշրջանի սկզբներին հակառակորդին հաջողվել է ռազմաճակատի առանձին տեղամասերում ժամանակավոր հաջողության հասնել։ Օրեցօր սաստկացող մարտական գործողությունները հրամայաբար պահանջել են կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի կառուցվածքային ու մարտական որակները, այլև կառավարման համակարգը։ Այդ խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուծելու համար անհրաժեշտ էր ունենալ ԻՊՈւ փորձառու հրամանատար և պաշտպանության խորհուրդ։ Հաշվի առնելով Արկադի Տեր-Թադևոսյանի, ռազմական գործողությունների ղեկավարման ընթացքում ձեռք բերած հեղինակությունը՝ կադրային սպայի ու աֆղանական պատերազմի հարուստ փորձառությունը և մինչ այդ ԻՊՈւ հրամանատարի պարտականությունների հաջող կատարումը, Արցախի Հանրապետության ԳԽ Նախագահությունը 1992 թվականի մարտի 4-ին նրան նշանակել է Արցախի ԻՊՈւ հրամանատար։ Նույն օրը հաստատվել է նաև Արցախի պաշտպանության խորհրդի կազմը, որում ընդգրկվել են Վ. Բալայանը, Օլեգ Եսայանը, Արկադի Կարապետյանը, Արթուր Մկրտչյանը (նախագահ), Սերժ Սարգսյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Մարտի 11-ին Ասկերանի ինքնապաշտպանության շրջանային ուժերը ռազմագործողություն են ձեռնարկել մինչ այդ զիջած դիրքերը վերադարձնելու նպատակով։ Ծավալված մարտերի արդյունքում հակառակորդի խմբավորումը գլխովին ջախջախվել է։ Նույն օրը ԻՊՈւ ռազմագործողություն են սկսել նաև Սրխավենդի կրակակետերի վնասազերծման նպատակով։ Սրխավենդի ու շրջակա գյուղերի ազատագրումով ապահովվել է շրջանը Արցախը կենտրոնի հետ կապող Խաչենագետի կամրջի և Կիչան գյուղով անցնող ավտոճանապարհի անվտանգությունը, առգրավվել է զգալի քանակով ռազմամթերք։

1992 թվականի ապրիլ

խմբագրել

1992-ի ապրիլին առավել ցայտուն են արտահայտվել Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը։ Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ առանձին տեղամասերում հակառակորդը փորձել է բացահայտել ԻՊՈւ պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը և հոգեբանորեն ընկճել բնակչությանը։ Բոլոր ռազմական գործողություններին ներգրավել են նաև ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի (Կիրովաբադում տեղակայված) սպաներին։

Իսկ Շուշիի ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992 թվականի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը։ Արցախի ԻՊՈւ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը և նախահարձակ եղել։ Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը և կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները։ Դա Շուշիից ու Ջանհասանից հակառակորդի ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն էր։

Այդպիսով, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թափ ու ծավալներ էր ընդունել։ Ադրբեջանական կողմն առաջինն է կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝ Տ–72 տանկեր, «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքներ։ Արցախի ԻՊՈւ թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել, ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլև վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը։ Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը։

Ստեղծված իրավիճակում Շուշիի ազատագրումը դառնում էր պարտադրված անհրաժեշտություն. դրա համար առկա էին տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները։

Շուշիի ազատագրում

խմբագրել

Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ 1992 թվականի մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), Շոշի (արևելյան), Լաչինի (հարավային) և Ջանհասան-Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։

Ռազմական գործողության մանրակրկիտ նախապատրաստության, հմուտ ղեկավարման, բոլոր աստիճանների հրամանատարների հնարամիտ փոխհամագործակցության, հայ ազատամարտիկների վճռական գործողությունների շնորհիվ երկու օրում հաջողվել է ճնշել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական տեսակետից կարևոր Շուշի քաղաքը։ Շուշիի ազատագրմամբ հնարավոր է դարձել նաև Լաչինի ռազմագործողությունը՝ Արցախի շրջափակման օղակի ճեղքումը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացումը

Շուշիի ազատագրումը վերջնականապես հողմացրիվ է արել թվաքանակով ու միջոցներով գերակշռող հակառակորդին սեփական ուժերով հաղթելու անհնարինության մասին առասպելը։ Մյուս կողմից, այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ հետագա մարտական գործողությունների ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պարտվածի բարդույթը։

Շուշիի հաղթանակը հիմք է հանդիսացել ԻՊՈւ ջոկատները Արցախի Հանրապետության ՊԲ-ի վերակազմավորելու նախապատրաստության համար։ Շուշիի ռազմահանգրվանի կորստից հետո հակառակորդը մեծ ուժերով ու միջոցներով հարձակումներ է ձեռնարկել Արցախի Հանրապետության սահմանների մի քանի հատվածներում։ Մայիսի 10-ին հարձակում է սկսել Աղդամ - Ասկերան - Ստեփանակերտ ռազմավարական գծով։ Մասնավորապես, Աղդամի հենակետից գրոհել է Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ, Դահրազ գյուղերը և ժամանակավորապես զավթել այդ բնակավայրերը։ Դեռևս մայիսի 8-ին, Ասկերանի շրջանի Ջանհասան-Քյոսալար գյուղերի վրա հարձակումից ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը շեղելու մտադրությամբ, հակառակորդը զրահատեխնիկայի ուղեկցությամբ գրոհել էր Քարագլուխը։ Պահակակետերում գտնվող Նորագյուղի վաշտի մարտիկները և նրանց օգնության հասած Սարդարաշենի և Խնձրիստանի ինքնապաշտպանական ջոկատները, զգալի կորուստներ պատճառելով, ստիպել են հակառակորդին թողնել Արցախի սահմանները։

Մայիսի 10-ին վերստին հարձակման անցած հակառակորդը որոշակի հաջողության է հասել Սառնաղբյուրում։ Ասկերանի պաշտպանական շրջանի ուժերը երեկոյան ձեռնարկած սրընթաց հակագրոհով ազատագրել են ինչպես Սառնաղբյուր, այնպես էլ վերոհիշյալ գյուղերը և հակառակորդին դուրս մղել Արցախի տարածքից՝ խափանելով Շուշի հասնելու նրա ծրագրերի իրականացումը։ Մայիսի 10-ին իրավիճակը կտրուկ սրվել է նաև Մարտակերտի շրջանում։ Վեց միավոր տեխնիկայի աջակցությամբ հարձակման է ենթարկվել ու զավթվել Մարաղան, 1 տանկի ու 3 ՀՄՄ-ի ուղեկցությամբ՝ Չայլուն։ Մինչ Չայլուում համառ մարտեր էին ընթանում, ստացված պահեստազորի ու մարտական տեխնիկայի օգնությամբ հայ մարտիկները մայիսի 12-ին ազատագրել են Մարաղան։ Մայիսի 11-ի երեկոյան Շուշիում դիրքերն ամրապնդելուց և Արցախի սահմանների մի քանի հատվածներում հակառակորդի հարձակումները հետ մղելուց հետո ԻՊՈւ նախաձեռնել են Բերդաձորի ռազմական գործողությունը։ Մայիսի 12-ին վերահսկողության տակ է առնվել Զառըսլու գյուղը, քանի որ ԻՊՈւ շտաբն օպերատիվ տեղեկություններ էր ստացել հակառակորդի հարձակման անցնելու մտադրության վերաբերյալ։ ԻՊՈւ ստորաբաժանումները հուսալիորեն փակել են դեպի Շուշի հակառակորդի հնարավոր սողանցքերը։ Լիսագոր - Զառսլու ուղեհատվածը նախօրոք ականապատվել էր։ Մայիսի 13-ին հակառակորդի մարտական տեխնիկան ու հետևակը հարձակման է անցել՝ Զառսլու ներխուժելու նպատակով, սակայն ականի վրա տանկը պայթել է, զրահամեքենան նռնականետով խոցվել և կանխվել է զրահատեխնիկայի հետագա առաջխաղացումը։ Ծայր առած փոխհրաձգության ընթացքում կորցնելով շուրջ 40 զինվոր՝ հակառակորդը նահանջել է։ Լիսագոր-Բերդաձոր գծով ռազմական գործողությունն սկսվել է հիմնականում երկու ուղղություններով՝ խճուղու աջ ու ձախ կողմերով և Ջանհասան- Քյոսալար գյուղերից։ Ճնշելով հակառակորդի դիմադրությունը միայն 2 գյուղում՝ վերահսկողության տակ է առնվել Շուշիի շրջանի շուրջ 17 գյուղ։ Այնուհետև հարվածային զորախմբերը դուրս են եկել Լիսագորից աջ և ձախ ընկած բարձունքները, որոնցից հատկապես հեռուստաաշտարակի բարձունքի գրավումը կանխորոշել է հենակետի վերածված այդ բնակավայրի հետագա ճակատագիրը։ Լիսագոր - Մեծշեն - Հինշեն գծով հարձակումը շարունակել են Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Շոշի, Սղնախի, ՀՀԴ վաշտերը և այլ ստորաբաժանումներ, որոնք էլ ազատագրել են Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Մայիսի 18-ի առավոտյան, հրետանային նախապատրաստությունից հետո, ԻՊՈւ կազմավորումները հարձակման են անցել Լաչինի ուղղությամբ և վերահսկողության տակ առել այն։

Լաչինից ԻՊՈւ կամավորները դուրս են եկել ՀՀ սահմանը, միաժամանակ հետապնդել Քելբաջարի ու Կուբաթլուի ուղղությամբ նահանջող հակառակորդին։ Այդպիսով մաքառող Արցախն անմիջական ցամաքային կապ է հաստատել Հայաստանի հետ, ինչը նշանակում էր կյանքի ճանապարհի բացում, արհեստականորեն մասնատված ժողովրդի երկու հատվածների գործնական վերամիավորում։ Լաչինում կրած պարտությունն ավելի է սրել Ադրբեջանի ներքաղաքական լարվածությունը և միջազգային հանրությանը կանգնեցրել փաստի առաջ՝ ստիպելով վերանայել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ առկա մոտեցումները։ Հայկական կողմի այս ակնառու հաջողություններին հետևել է պարտադրված կարճատև հրադադար, ինչը սակայն խախտվել է 1992 թվականի մայիսի վերջերին ու հունիսի սկզբներին, երբ Ռուսաստանն Ադրբեջանին հանձնել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք (մոտավոր տվյալներով 150 տանկ, 120 ՀՄՄ, 170 զրահափոխադրիչ, մոտ 150 ականանետ, 90 զենիթահրետանային կայանք, ՍՈւ-25 և ՄԻԳ տեսակի ինքնաթիռներ)։ Միաժամանակ, Ադրբեջանում տեղակայված ռուսական բանակի զորամասերի զինվորների ու սպաների համար ստեղծվել են որպես վարձկան մարտական գործողություններին մասնակցելու բոլոր պայմանները։ Այդ ամենը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակիորեն փոխել իրավիճակը արցախյան ռազմաճակատում։

1992 թվականի հունիսի առաջին տասնօրյակում նկատելիորեն ակտիվացել են հակառակորդի գործողությունները Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով. բնակավայրերի հրթիռահրետակոծություններին զուգահեռ՝ ուժեր և միջոցներ են կենտրոնացվել արցախա-ադրբեջանական զինված կազմավորումների շփման գծում։ 1992հունիսի 2-ին ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

Հունիսի 12-ի օրվա երկրորդ կեսին Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված կազմավորումները մեծաքանակ զրահատեխնիկայի, հրետանու և ռազմաօդային ուժերի աջակցությամբ լայնածավալ հարձակում են ձեռնարկել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Ճնշման ծանրության կենտրոնը տեղափոխվել է հատկապես դեպի Ասկերանի, Մարտակերտի, ապա և Շահումյանի շրջանների ուղղություններ։

Ասկերանի ճակատում հակառակորդը հարձակվել է Ասկերան ավանի, Խանաբադի ու Նախիջևանիկի ուղղություններով։ Հարձակմանը նախորդել է ուժգին հրթիռահրետանային նախապատրաստությունը. կրակի տակ պահելով հատկապես Խոջալու-Ասկերան խճուղին և պաշտպաններին թիկունքից օգնությունը խափանելու նպատակով՝ ՍՈւ–24-ով ռմբակոծել են Նորագյուղ, Խանաբադ գյուղերը, Ասկերան ավանը և ԻՊՈւ մարտիկների պաշտպանական դիրքերը։ Հակառակորդը մարտի է նետել մեծաթիվ կենդանի ուժ և տեխնիկա (շուրջ 20 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր)։ Միայն մի հատվածում հակառակորդի գերակշիռ ուժերին հաջողվել է ճեղքել պաշտպանական գիծը և զավթել Սառնաղբյուր, Արանզամին, Փրջամալ, Նախիջևանիկ և Դահրազ գյուղերը։ Այդուհանդերձ, ԻՊՈւ մարտիկներին հաջողվել է կասեցնել հակառակորդի մեծաթիվ ուժերի առաջխաղացումը դեպի Ստեփանակերտ։ Աղդամ-Ասկերան մայրուղին հսկող 4-րդ պահակակետի վրա հակառակորդը գրոհել է 2 տանկի և 1 ՀՄՄ-ի, իսկ Խանաբադի վրա՝ մեկական տանկի ու ՀՄՄ-ի աջակցությամբ։ Հակառակորդին հաջողվել է գրավել 4-րդ պահակակետը։ Հայ մարտիկները դիմադրությունը շարունակել են երկրորդ բնագծից։ Այլևս նահանջելու տեղ չկար, հետևում Ասկերանն էր, Ստեփանակերտը։ Օգնության են հասել ԻՊՈւ 2-րդ և 4-րդ, Քյաթուկի և Նորագյուղի վաշտերը։ Ժամանակին հայ սակրավորների տեղադրած ականների վրա պայթել են հակառակորդի երկու ծանր տանկեր, խփվել է նաև մեկ ՀՄՄ–2: Դրանից հետո հակառակորդի հարձակման թափը կոտրվել է, առաջխաղացումը կասեցվել։ Հունիսի 13-ի առավոտյան հայ մարտիկները հակահարձակման են անցել, հետ վերցրել 4-րդ պահակակետը, և հակառակորդը հետ է շպրտվել Ասկերան-Ստեփանակերտ կենտրոնական ուղղությունից։

Արցախի Հանրապետության ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ՝ 1992 թվականի հունիսի 20-ին հանրապետության տարածքում անցկացվել է մասնակի զորահավաք։ Զորակոչի ենթակա էին 18-ից 40 տարեկան զինապարտ սերժանտները, զինվորները և զինակոչիկները, մինչև 50 տարեկան սպաները, հատուկ պատրաստություն ունեցող 19-ից 30 տարեկան կանայք։ Հունիսի 23-ին ադրբեջանական կողմը գրոհել է Մարտակերտ քաղաքը՝ Մատաղիսի, Կարմիրավանի և Ներքին Հոռաթաղի ուղղություններով։ Դժվարությամբ է հաջողվել դիմագրավել հակառակորդի գերակշիռ ուժերին։ Այդուհանդերձ, հունիսի 25-ին կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը, ԻՊՈւ կազմավորումները հակահարձակման են անցել և ազատագրել Կարմիրավան ու Քաջավան գյուղերը, իսկ հաջորդ օրը, «աքցանի» մեջ առնելով վերստին հարձակման անցած հակառակորդին, կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով նրան, դուրս են մղել Մատաղիսից։

Մարտակերտի ճակատում ձեռնարկված այդ հակահարձակումների շնորհիվ նկատվել են դրությունը կայունացնող միտումներ։ Սակայն ԻՊՈւ հրամանատարության ուշադրությունը Մարտակերտի ճակատից շեղելու և այնտեղ վճռական հաջողության հասնելու նպատակով ադրբեջանցիները հարձակողական գործողություններ են ծավալել Ասկերանի շրջանում և կարողացել են զավթել մի քանի պահակակետեր։

Մարտունիի շրջանում հակառակորդը ընդհուպ մոտեցել է Ճարտար և Մաճկալաշեն գյուղերին, ներխուժել Կարմիր Շուկա։ Հայ մարտիկները հունիսի 28-ին, Մ. Մելքոնյանի ընդհանուր ղեկավարությամբ, հետ են մղել հակառակորդին, ինչը վերջ է դրել պաշտպանական գիծը գոնե մեկ ուղղությամբ ճեղքելու հակառակորդի ցանկությանը։ Այդ հաղթանակը ինքնավստահության նոր լիցք է հաղորդել ազատամարտիկներին, հակառակորդին խոցելու հնարավորությունը վերստին դարձել է առարկայական։

Հունիսի 28-ին հակառակորդը, Հադրութի շրջանում գրավելով Հողեր և Տող գյուղերի պահակակետերը, ներխուժել է Տողի գինեգործարան և 4 կմ խորացել գյուղի տարածքում։ Հայ մարտիկներին հաջողվել է հակառակորդին հետ մղել և երեկոյան ազատագրել բոլոր պահակակետերը՝ բացի Ցորից։ Այս ճակատներում ԻՊՈւ մարտիկների հաջող դիմադրությունը, խափանելով ադրբեջանական հրամանատարության ծրագրերի իրագործումը, նպաստավոր պայմաններ է ստեղծել Մարտակերտի շրջանում լայնածավալ հակահարձակման համար։ Սակայն հունիսի 29-ին Լենինավանի, Չայլուի, Ջրաբերդի բարձունքների ուղղությամբ ձեռնարկված հակահարձակումը ձախողվել է։ Նույնը կատարվել է նաև հակահարձակման գլխավոր՝ Մարտակերտի ուղղությունում։

Հարվածի գլխավոր ուղղություններում ուժերը վերախմբավորելով և միջոցների գերակշռություն ստեղծելով՝ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում անցել են հակահարձակման։ Հուլիսի 11-ին, կեսօրից հետո, նրանք շարժվել են Ջանյաթաղ, Գյուլաթաղ և Մանիքլու գյուղերի ուղղությամբ։ Հուլիսի 12-ին արդեն Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերն անցել են հայ ազատամարտիկների վերահսկողության տակ։ Դրանից հետո նրանք դիրքեր են գրավել Կուսապատ-Դրմբոն գոտում, որի ազատագրման ժամանակ տիրել են հակառակորդի 6 միավոր զրահատեխնիկայի և 1 «Գրադ» կայանքի, սպանվել են ադրբեջանական մի քանի տասնյակ զինվորներ։

ԻՊՈւ ստորաբաժանումները հուլիսի 14-ի երեկոյան անցել են Թարթառի ձախափնյակը, դժվարին մարտերով ազատագրել Չափար գյուղն ու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Գետավանի կամուրջը, միաժամանակ հաջողվել է մոտենալ Սարսանգի ջրամբարին։ Հուլիսի 14-ին հակառակորդը հարձակվել է Կուսապատի բարձունքում տեղաբաշխված ԻՊՈւ պահակակետի վրա։ Հայկական ջոկատը արժանի հակահարվածով հետ է մղել հակառակորդի գրոհը և հուլիսի 15-ի գիշերը վերագրավել է Սարսանգի հիդրոհանգույցի ամբարտակը։ Նույն օրն ադրբեջանցիները հարկադրված թողել են նաև Գետավան գյուղը՝ կրելով կենդանի ուժի և տեխնիկայի նոր կորուստներ։ Հուլիսի 16-ի առավոտյան Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են ձեռնարկել Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ։ Կատաղի մարտերից հետո հայ մարտիկներն ազատագրել են ռազմավարական կարևոր նշանակության մի քանի բարձունքներ։ Հուլիսի 20-ի երեկոյան հայ մարտիկներն ազատագրել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզ և Զագլիկ գյուղերը՝ վերահսկողության տակ պահելով Սարսանգի ջրամբարի ողջ ավազանը։

Այսպիսով, Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումների հուլիսյան հակահարձակման արդյունքում Մարտակերտի շրջանի մեծ մասն ազատագրվել է։ Օգոստոսի 12-ին հակառակորդի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այդ փուլում կարևոր նշանակություն է ունեցել Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ կազմավորված «Արծիվ-մահապարտներ» կամավորական գումարտակի մասնակցությունը ռազմական գործողություններին։ Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց տվեց, որ Արցախի ԻՊՈւ-ի, բանակային ենթակառույցների ու ծառայությունների ձևավորման, կենտրոնացված հրամանատարության ու շտաբների համակարգված աշխատանքը ճիշտ ժամանակին էր և զինվորների համընդհանուր հերոսության ու տոկունության հետ վճռորոշ դեր է խաղացել։ Արդեն զգալի էր նաև թիկունքի աջակցությունը։ 1992-ի ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը նորոգման վերականգնողական հենակետի անձնակազմը նորոգել է մեծ թվով S–72 տանկեր, ՀՄՄ-ներ, հակաօդային պաշտպանության զինտեխնիկա, քարշիչներ և այլ միջոցներ։

1992 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին ԻՊՈւ մարտիկները ոչնչացրել են 1 ՍՈւ–24, 2 ՍՈւ–24 Ռ, 1 ՍՈւ–25, 2 ՄԻԳ–25 ինքնաթիռներ, 5 ՄԻ–24 և 3 ՄԻ–8 ուղղաթիռներ։ Հակաօդային պաշտպանության անձնակազմի այդ գործողությունների շնորհիվ կասեցվել են հակառակորդի նշանառու հարվածները ԻՊՈւ-ի դիրքերին և խաղաղ բնակավայրերին։

Նոյեմբեր ամսվա մարտերում սպառելով առաջխաղացման հնարավորությունները Մարտակերտի շրջանում՝ դեկտեմբերին հակառակորդը փոխել է հարվածի ուղղությունները՝ նպատակ ունենալով հաջողության հասնել Մարտունիի, Լաչինի, Հադրութի և նույնիսկ ՀՀ Զանգեզուրի շրջաններում։ Ստեղծված իրավիճակում Արցախի ԻՊՈւ հրամանատարությունը Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների ակտիվ զորաշարժերով ստիպել է հակառակորդին մեծ ուժեր կենտրոնացնել Ժդանովի, Ֆիզուլիի շրջաններում՝ դրանով շեղելով նրա ուշադրությունը գլխավոր հարվածի՝ Մարտակերտի ուղղությունից։

Այսպիսով, 1992 թվականի վերջին փաստորեն հակառակորդը սպառել էր իր հարձակողական հնարավորությունները, ստեղծվել էր ուժերի հավասարակշռություն։

1993 թվականի հայկական լայնածավալ առաջխաղացում և Արցախի ամբողջական ազատագրում

խմբագրել
 
1. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Կարմիրով նշված է հայկական Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը մինչև Արցախյան պատերազմը:
 
2. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Շագանակագույնով նշված է հայկական Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքը հռչակման պահին` 1991 թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ:
 
3. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Շագանակագույնով նշված է հայկական Լեռնային Ղարաբաղի հանրապետության կողմից վերահսկվող տարածքը Արցախյան պատերազմից հետո՝ 1994 թ. մայիսի 12-ի դրությամբ:
 
4. Արցախի և հարակից հայկական տարածքների ազատագրման գործընթացը 1988-1994թթ.: Հայկական Արցախի այն տարածքները, որոնք ազատագրվել են և այն տարածքները, որոնք առայսօր բռնազավթված են Ադրբեջանական հանրապետության կողմից: 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի ստորագրման պահին հայկական Արցախի հանրապետության կողմից վերահսկվող տարածքների ուրվագծերը (բաց վարդագույն) դրված են այն տարածքների (նարնջագույն) ուրվագծերի վրա, որոնց վրա հռչակվել էր հայկական անկախ Արցախի հանրապետությունը 1991 թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ:

Նախապատրաստվելով ձմեռային պատերազմաշրջանին՝ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական տեխնիկայի, սպառազինության, նյութական պաշարների գերակշռություն են ստեղծել ռազմաճակատում և 1993-ի հունվարին հարձակողական գործողություններ են ծավալել Մարտակերտի, Ասկերանի, Մարտունիի, ինչպես նաև Լաչինի ուղղություններում։

Հունվարյան մարտերի ընթացքում Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները, կայծակնային և ուժգին հակահարվածներ հասցնելով, կասեցրել են մի քանի անգամ գերակշռող հակառակորդի ճնշումը և անառիկ պահել վերահսկողության տակ առնված դիրքերը։ Այս առումով աչքի են ընկել հատկապես Ասկերանի և Մարտակերտի ՊՇ-ների մարտիկները, Լաչինի միջանցքի, Կիչանի, Փառուխի, «Ուրյանա» լեռան դիրքերի պաշտպանները։ Հակառակորդը կորցրել է հետևակի 2 գումարտակ, 7 տանկ, 5 ՀՄՄ, 4 ռազմական ինքնաթիռ և 1 մարտական ուղղաթիռ, մարտադաշտում թողել մեծ քանակությամբ հրազեն, զինամթերք և այլ նյութական պաշարներ։

1993 թվականի փետրվար-մարտ ամիսներին Արցախի ԻՊՈւ մարտական գործողություններ են ծավալել Մարտակերտի շրջանի տարածքի ազատագրման և Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախման նպատակով։ Ռազմական գործողության հաջորդ փուլը Մարտակերտի շրջանի արևմտյան մասի ազատագրումն էր։

Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի ՊՇ-ների կողմից համատեղ անցկացված կայծակնային ռազմական գործողությունն ավարտվել է Ադրբեջանի ԶՈւ Լաչին-քելբաջարյան խմբավորման ջախջախումով. ազատագրվել են երկու տասնյակից ավելի գյուղեր, ռազմավար վերցվել զենք ու զինամթերք, մարտական տեխնիկա և մեքենաներ։ Օմարի լեռնանցքի վրա սահմանվել է կայուն վերահսկողություն։

ԻՊՈւ 1993 թվականի ապրիլի սկզբին ավարտելով քելբաջարյան ռազմագործողությունը՝ ձեռնամուխ են եղել նոր մարտական գործողությունների։ Աղդամի կրակակետերի ոչնչացման նախապատրաստական մարտերի ժամանակ, 1993 թվականի հունիսի 12-ին, Մարզիլու գյուղում զոհվել է Մոնթե Մելքոնյանը։ Հունիսի 12-ին 2-րդ, 3-րդ, 5-րդ ՊՇ-ների և Կենտրոնական եզրակացության զորամասերը, 4-րդ ՊՇ-ի մի քանի ստորաբաժանումներ սկսել են Մարտակերտ քաղաքի և շրջանի բռնազավթված մասի ազատագրման խոշորամասշտաբ գործողությունը։ Ընկճելով հակառակորդի 3-րդ մոտոհրաձգային, ներքին զորքերի և տանկային բրիգադների զորամասերի համառ դիմադրությունը, հաղթահարելով համատարած ականադաշտերը և չեզոքացնելով օդում հակառակորդի ունեցած բացարձակ առավելությունը՝ հայկական ստորաբաժանումներն Աղդամի ուղղությունում գրավել են օպերատիվ ու մարտավարական նշանակության կարևոր բարձունքներ և դուրս եկել Աղդամ-Մարտակերտ մայրուղու բնագիծը։ Հակառակորդը, զգալի կորուստներ կրելով Մարզիլլու, Խրամորթ, Փափրավենդ գյուղերի շրջանում, ստիպված էր ռազմաճակատի Կուբաթլուի, Ջաբրայիլի և Մարտակերտի ուղղություններից այստեղ տեղափոխել կենդանի ուժ և տեխնիկա՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծելով Մարտակերտի լեռնային մասի ուղղությամբ հակահարձակման անցնելու համար։

Այդ ուղղությամբ տևական ու դաժան մարտերից հետո, 1993 թվականի հունիսի 26-ին, ազատագրվել են Մարտակերտի հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Նույն օրը 4-րդ ՊՇ-ի զորամասերը մտել են Մարտակերտ քաղաքը, որով փաստորեն ավարտվել է մարտակերտյան ռազմագործողությունը։ 3-րդ, 5-րդ, 6-րդ ՊՇ-ների զորամասերն անցել են տիրապետող բարձունքների, մասնավորապես Եդդիխրման, Բոզդաղ լեռների, Բոյահմեդլի, Փափրավենդ, Թազախաչինյալ, Աղդարա լեռնաշղթայի վրայով ձգվող գծի և հիմնական ճանապարհների պաշտպանությանը։

Մարտակերտ քաղաքի ազատագրումն ունեցել է ոչ միայն ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, այլև հնարավորություն է ստեղծել՝ վնասազերծելու Աղդամի հզոր կրակակետերը։ Մյուս կողմից, տեղական ուժերով անցկացված ռազմագործողությունների շնորհիվ Հադրութի շրջանում ազատագրվել են Նորաշենը, Այգեստանը ևն, վերահսկողության տակ են առնվել կարևոր, շրջակայքում տիրապետող բարձունքներ և ոչնչացվել հակառակորդի՝ Հադրութ շրջկենտրոնը և շրջակա բնակավայրերը հրետակոծող կրակակետերը։

Աղդամի ազատագրում

խմբագրել

Աղդամը հակառակորդի ամենավտանգավոր ռազմական հենադաշտն էր Արցախ ներխուժելու համար, մյուս կողմից, հակառակորդի ամենահզոր կրակակետերից մեկն էր, որտեղ ադրբեջանցիները ժամանակին տիրացել էին խորհրդային բանակի զինամթերքի խոշոր պահեստներին։ Հակառակորդը, բազմապատկելով Աղդամում կենտրոնացված սպառազինությունն ու կենդանի ուժը, տենդագին նախապատրաստվել էր վերսկսելու հարձակումը Ասկերան - Ստեփանակերտ ուղղությամբ։ Աղդամի և նրա շրջակայքում գտնվող կրակակետերի ճնշման ռազմական գործողությունները սկսվել են 1993 թվականի հուլիսի 4-ին։

ԻՊՈւ և ՊՇ ստորաբաժանումների՝ հարավից 2-րդ ՊՇ, հարավ-արևմուտքից 3-րդ ՊՇ և հյուսիս-արևմուտքից 6-րդ ՊՇ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները պսակվել են հաջողությամբ, և հուլիսի 23-ին Աղդամ քաղաքն առնվել է վերահսկողության տակ (տես Աղդամի ռազմական հենակետի վնասազերծման ռազմական գործողություն 1993)։

Աղդամի ռազմագործողության արդյունքում վերացել է Ստեփանակերտի վրա կախված մշտական վտանգը, մայրաքաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն ազատվել են հեռահար հրթիռահրետակոծություններից, հակառակորդին հասցվել է ռազմական ու բարոյահոգեբանական մեծ հարված, որովհետև Աղդամն ավտոճանապարհների, երկաթուղիների խոշոր հանգույց էր, այնտեղ էր նաև հանրապետական նշանակության օդանավակայանը։ Այդ հաղորդակցության կարևոր միջոցներից զրկվելը կաթվածահար էր անում ոչ միայն Արցախի արևելյան, այլև հարավային սահմանների երկայնքով կենտրոնացած հակառակորդի խմբավորումների գործողություններն ու թիկունքի ապահովումը։ Հետևաբար պատահական չէր, որ այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը դիմեց Արցախի ղեկավարությանը՝ կրակի դադարեցման խնդրանքով։ Ադրբեջանն առաջին անգամ դիմեց Արցախի Հանրապետութան հետ ուղղակի շփումների։

Ստեղծված իրավիճակում հակառակորդի հարձակման միակ հնարավորությունն օդուժն էր, սակայն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կատարելագործված միջոցների առկայությունն ու հակաօդայինների մասնագիտական վարպետությունը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում։ Կորցրածը հետ բերելու նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հարավարևելյան և հարավային ճակատ՝ Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ուղղություններ։ Հակառակորդն ակտիվացել էր նաև Հադրութի ՊՇ ուղղությամբ, ինչը պայմանավորված էր այստեղ ադրբեջանական մեծաքանակ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատային գծի ձգվածությամբ։

Արցախի ԻՊՈւ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի շրջանում պաշտպանական մարտերով հյուծել հակառակորդի հարվածային խմբավորումները, անցնել վճռական հակահարձակման ու լուծել հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը։

Հադրութի շրջանի ազատագրման, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի շրջանների կրակակետերի ճնշման օգոստոսյան ռազմագործողությունը ռազմաքաղաքական մեծ նշանակություն է ունեցել։ Վերացվել է Արցախի արևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս ավտոմայրուղու վրա կախված մշտական սպառնալիքը, վնասազերծվել Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի վտանգավոր ռազմակայանները, ջախջախիչ պարտության են մատնվել այդ շրջաններում կուտակված հակառակորդի խմբավորումներին, Արցախի շուրջ ընդլայնվել է անվտանգության գոտին և ԻՊՈւ հաստատվել են նպաստավոր բնագծերում։ Հադրութից հարավ Արցախի ԻՊՈւ ստորաբաժանումները շարունակելով հետապնդել հակառակորդին՝ գրեթե հասել են մինչև Իրանի սահմանը։

1993-ի հոկտեմբերի 24-ին արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվել է նոր հաջողությամբ, ճնշել են Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ Հակառակորդի Հորադիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունն ավարտին է հասցվել նոյեմբերի 1-ին, երբ Արցախի ԻՊՈւ մարտիկներն իրենց վերահսկողությունն են հաստատել Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։

1-ին, 2-րդ, 6-րդ ՊՇ և կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների փոխհամագործակցված գործողությունները հաջողությամբ են պսակվել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Սահմանամերձ գոտու հարավարևելյան, հարավային և հարավարևմտյան հատվածներում հակառակորդի կրակակետերի պարտադրված ու անհրաժեշտ վնասազերծումը լիովին չեզոքացրել է Արցախի տարածք ներխուժելու, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների վտանգը։

1994-ի փետրվարի 18-ին Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։ Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։

Ընդհանուր առմամբ, փետրվարին հակառակորդը կորցրել է ավելի քան 2 տասնյակ միավոր զրահատեխնիկա և շուրջ 1000 զինվոր ու սպա։ 1994 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին Երևան ու Բաքու են ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։ Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։

1994 թվականի գարնանային պատերազմաշրջանի խոշորամասշտաբ ռազմագործողությունների արդյունքում, երկուստեք մեծաքանակ մարդկային, իսկ Ադրբեջանի համար նաև տարածքային կորուստներն անհեռանկար են դարձրել պատերազմի շարունակումը։ Ի հավելումն դրա, Մարտակերտի ու Աղդամի շրջաններում ՊԲ սրընթաց հակահարձակման և հակառակորդի՝ Արցախի սահմանակից վերջին ռազմահանգրվանի՝ Միրբաշիրի կորստյան սպառնալիքի տակ Ադրբեջանում հասունացել է նաև ներքաղաքական նոր ճգնաժամ, ինչն ստիպել է հակառակորդին հաշտվել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

Զինադադարի հաստատում

խմբագրել

Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց Ռուսաստանը։ Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու Հարավային Կովկասում ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։

 

Դեռևս մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղըրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։

Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են մայիսի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։

Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2019)։ Մոսկվայում հաստատված զինադադարի համաձայնագրով դադարեցվել են պատերազմական գործողությունները, և սկսվել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների փուլը, որը շարունակվում է մինչև օրս (2019)։

ՂԱՊ-ը տեղի է ունեցել համայն հայության՝ Հայաստանի և սփյուռքի ռազմական կարողությունների՝ մարդկային ուժի, նյութական, տեխնիկական և այլ միջոցների լայնածավալ օգտագործումով, ինչպես նաև բարեկամ երկրների, միջազգային առաջադեմ հասարակայնության բարոյական ու հոգեբանական մշտական աջակցությամբ։

ՂԱՊ-ի հաղթական ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները ստիպված որոշ ժամանակ հրաժարվեցին հակամարտության հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքական գծից։ Արցախի տարածքի շուրջ ստեղծվել է բավարար խորության անվտանգության գոտի, ինչը թույլ է տալիս Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելուց բացի, երկրում ծավալել նաև բնականոն կենսական ու սոցիալ-տնտեսական գործունեություն։

Գրականություն Արցախյան ազատամարտի մասին

խմբագրել
Լևոն Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ»
խմբագրել

1999 թվականին լույս տեսած Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը հայ գրականության մեջ առաջին և ամենահաջողված արձագանքներից էր Արցախյան հերոսամարտի մասին։ Գիրքը բազմապլան է. նկարագրում է պատերազմը, պատերազմից հետո և առաջ կատարված դեպքերը։ Պատերազմի մասին մենք իմանում ենք Օնան զինվորի օրագրային գրառումներից, որոնք չափազանց ժլատ են պատերազմի մասին պատկերացում տալու համար.

  «… «Գրադը» ամբողջ գիշեր խփում է շրջկենտրոնին։ Վաղը պիտի հարձակվենք։ Գյուղում խուլ լռություն է» կամ «Սեպտեմբերի երեքին, չորսին, իննին, տասին, տասնմեկին մեծ մարտեր եղան… Ինչ կավագույն աշուն է, ինչ փառահեղ ամիս` բերքի ժամանակ…»[19]:  

Վեպում բոլորովին այլ կերպ է նկարագրվում և բացահայտվում զինվորի կերպարը, որն ավանդաբար եղել է հայրենիքի անձնվեր պաշտպան, հայրենիքի համար ինքնակամ կյանքից հրաժարվող հերոս։ Խեչոյանի զինվորը մեկն է, որ հայտնվել է պատերազմի կիզակետում և պարտադրված, ակամա շարունակում է ապրել այդ պատերազմի կանոններով` առանց կեղծ պաթետիզմի, առանց վերամբարձության։

Խեչոյանի համար սահմանի այս կողմում կռվող զինվորը ոչնչով չի տարբերվում սահմանի այն կողմում գտնվող զինվորից. նրանք ոչ բարի են, ոչ չար, դաժան են, երկուսն էլ կյանքի կռիվ են տալիս, երկուսն էլ սպանում են գերիներին փոխանակելուց առաջ։ Հակառակորդի զինվորն էլ զինվոր է, նա էլ ապրել է ուզում, նա էլ ունի տուն, գյուղ, որն ունի միայն իրեն հատուկ բուրմունքը, նա էլ փոքր ժամանակ վազել է գառների հետևից և քերծված ոտքերով տուն վերադարձել, նա էլ ունի պատմություն և հիշողություն։ Խեչոյանը կարողանում է թշնամու մեջ էլ տեսնել մարդուն։

Հովհաննես Երանյան, «Զինադադար»
խմբագրել

Երանյանի վիպակը նկարագրում է հետպատերազմյան շրջանում Արցախում նոր վերաշենացող մի գյուղակի՝ Կովսականի մասին։ Այս վիպակում ևս բարձրաձայնվում է կեղծ ազատամարտիկների խնդիրը. մի անգամ պատերազմի դաշտ մտած ինքնակոչ «ազատամարտիկները» անխնա թալանում են հայրենիքը՝ պատերազմի անվան տակ։

  Իսկական զինվորը պատերազմի դաշտում է մնում, նա կորցնում է ամեն ինչ՝ ընտանիք, անցյալ, մասնագիտություն, կյանք…[20]։  

Բոլորովին պատահական չէ, որ վիպակը վերնագրված է ոչ թե «Հրադադար», այլ «Զինադադար», այս խորհրդանշական վերնագիրը ահազանգում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և զգոնության կոչ է անում։

Սուսաննա Հարությունյան, «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի»
խմբագրել

Հարությունյանի վիպակում ներկայացվում է պատերազմի ողջ աբսուրդը. հերոսը անընդհատ հանձնվում է մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմին՝ փաստաթուղթ չունենալու պատճատով։ Երկու կողմերն էլ կարծում են, թե նա հակառակորդ ազգից է։ Այստեղ սուր սարկազմ կա նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների հանդեպ, հերոսը գրանցված է «Կարմիր խաչ»-ում, ուրեմն՝ նրան սպանել չի կարելի, բայց ծեծել՝ որքան ուզես։ Ահա այսպես մեկ օրում պատերազմը խեղում է մարդու կյանքն ու ճակատագիրը՝ «դուրս է եկել սեփական ճակատագրից և այլևս չի վերադարձել»[21]։

Հովիկ Վարդումյան, «Կանթեղ»
խմբագրել

Վարդումյանի վեպն այս թեմայով ամենածավալուններից է։ Վեպի մեջ միահյուսված են վավերագրությունն ու միստիկան։ Այստեղ նկարագրված իրադարձությունները (ցույցեր, միտինգներ, կուսակցական նիստեր, պատերազմ, երկրաշարժ) վավերացվում են ճշգրիտ օրով և ժամով, վեպում կարող ենք հանդիպել նաև մեզ շատ հայտնի անունների՝ Խաչիկ Ստամբոլցյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլն։ Սակայն այն ունի նաև երկրորդ շերտ՝ միստիկականը, որն արտահայտվում է Ուսուցչի և Մամոնի կերպարներով, Մանուկի ծնունդով։ Վեպում ևս շոշափվում է այն ցավոտ խնդիրը, որ իսկական ազատամարտիկները գնահատված չեն։

Արցախյան հերոսամարտի արձագանքները կարելի է տեսնել նաև Արա Նազարեթյանի, Վրեժ Իսրայելյանի, Հրաչ Բեգլարյանի, Նորեկ Գասպարյանի, Համլետ Մարտիրոսյանի, Արմեն Շեկոյանի, Իգնատ Մամյանի, Լևոն Ջավախյանի, Աշոտ Գաբրիելյանի, Գոռ Հարությունյանի, Էդուարդ Հարենցի, Կարինե Աշուղյանի, Սարգիս Հովսեփյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Ասատրյանի, Աշոտ Հովսեփյանի և շատ ուրիշների ստեղծագործություններում։ Այնպես որ ասել, թե Արցախյան հերոսամարտը մեծ արձագանք չգտավ գրականության մեջ, կնշանակի առնվազն անտեղյակ լինել գրական գործընթացին։ Սակայն, ի հակադրություն սպասվածի, այս արձագանքները փառաբանական գրականություն չէին[22]։

Ֆիլմեր Արցախյան ազատամարտի մասին

խմբագրել
  • Այրվող լեռներ
  • Անդրանիկ (2003)
  • Անհուն անդորրի շրշյունը (1993)
  • Անվերջ ձգվող դասամիջոց (1993)
  • Արահետ
  • Արամո
  • Արդարության մարտիկներ
  • Արցախ   (1989)
  • Արցախի կանայք (1994)
  • Արցախի վարպետները (1988)
  • Արցախյան ազատամարտ (2002)
  • Արցախյան տարեգրություն
  • Արցախյան օրագիր – 1 (1993),
  • Արցախյան օրագիր – 2 (1995)
  • Բերձոր (1998)
  • Գաղափարի զինվորը
  • Գետաշեն` Օղակ գործողություն
  • Գթության քույր` Լեդի Քոքս (2001)
  • Դռները բացեք, գարուն է գալիս
  • Եթե բոլորը (2012)
  • Եռաբլուր
  • Ես քո զավակն եմ (1998)
  • Զարկերակ (2002)
  • Զինվորը (1998)
  • Ընդհատված մանկություն
  • Թատերական հրապարակ (1989)
  • Թիրախ
  • Թռիչքներ դեպի պատերազմ (1992)
  • Լինել, թե չլինել (1998)
  • Խաչակիրներ
  • Խոնարհ հերոսներ (ֆիլմաշար, նկարահանվել է մոտ 30 փաստագրական ֆիլմ)
  • Խոնարհում (2002)
  • Կապանի արդարության մարտիկներ (2013)
  • Կարոտ
  • Կարոտի կանչ
  • Կենտրոնական պաշտպանական շրջան
  • Կյանք ու կռիվ
  • Հայաստան` երկիր դրախտավայր (2000)
  • Հավատամք (1996)
  • Հավատավորը
  • Հավերժական կտակ՝ Ապարանցի Պավլիկը (2015)
  • Հարաբերական անդորր
  • Հողի գույնը
  • Ղարաբաղյան շարժում
  • Ճակատագիր (2006)
  • Ճանապարհ
  • Ճանապարհը բաց է (1992)
  • Մայրը
  • Մարաղա
  • Մարդասիրական միջանցք
  • Մելոն
  • Մի վախեցիր (2007)
  • Մոնթե
  • Մոնթե. Ցեղին սիրտը (2007)
  • Մոռացված Փետրվար (1999)
  • Նժդեհի վերադարձը
  • Նվիրյալը
  • Նվիրյալները (փաստագրական ֆիլմաշար, նկարահանվել է 74 ֆիլմ, 2015-2016)
  • Շարքային Կիրակոս
  • Շրջափակում
  • Շունչը (2015)
  • Շուշի (2001)
  • Շուշի` վերադարձ գերությունից (1992)
  • Չկրակված փամփուշտներ (2006)
  • Պարետային ժամ
  • Պարսատիկ (1993)
  • Սպարապետ
  • Սպիտակ արջը
  • Վազգենը (2014)
  • Վանի ճանապարհը` Բերդաձոր (1991)
  • Վերադարձ մեկնելուց առաջ (1996)
  • Տաք արահետներ (2014)
  • Տխուր փողոցի լուսաբացը (2008)
  • Ցեղի կանչը
  • Քայլ (1999)
  • Քարերը հավաքելու ժամանակն է (2002)
  • Քսան օր Արցախում

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ղարաբաղյան Պատերազմ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  2. «Ղարաբաղյան Պատերազմ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  3. Վահան Հովհանիսյանի անդրադարձը
  4. Հրանտ Մարգարյանի հարցազրույցը
  5. «Եզդիական համայնք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  6. [1]
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 30-ին.
  8. Azadian, Edmond Y. (1999). History on the Move: Views, Interviews and Essays on Armenian Issues. Wayne State University Press. էջ 173. ISBN 9780814329160. {{cite book}}: Text "quote" ignored (օգնություն)
  9. «Military chopper with Azeri elite shot down by Armenian terrorists...19 years later». Today.az. 2010 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. Roman Glebov (1991 թ․ նոյեմբերի 25). «Республики. В Азербайджане сбит вертолет с VIP на борту» [Republics. A helicopter with VIP on board has been shot down in Azerbaijan.] (ռուսերեն). Կոմերսանտ. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 16-ին.
  11. Griffin, Nicholas (2004). Caucasus: A Journey to the Land Between Christianity and Islam. Chicago: University of Chicago Press. էջեր 185–186. ISBN 0-226-30859-6.
  12. Taarnby, 2008, էջ 6
  13. հայկական կողմի կորուստներ
  14. ադրբեջանական կողմի կորուստներ
  15. United States Institute of Peace. Nagorno-Karabakh: Searching for a Solution. Foreword Արխիվացված 2009-05-27 Wayback Machine
  16. United States Institute of Peace. Sovereignty after Empire. Self-Determination Movements in the Former Soviet Union. Hopes and Disappointments: Case Studies Արխիվացված 2008-12-01 Wayback Machine
  17. Human Rights Watch. Playing the "Communal Card". Communal Violence and Human Rights Արխիվացված 2012-10-11 Wayback Machine
  18. Human Rights Watch. The former Soviet Union. Human Rights Developments
  19. Լևոն Խեչոյան, Ձայներ և տեսիլքներ, Երևան 2006, էջ 94։
  20. Հովհաննես Երանյան, Զինադադար, Երևան, 2005
  21. Սուսաննա Հարությունյան, Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Երևան, 2010։
  22. «Արցախյան հերոսամարտի արձագանքները հայ գրականության մեջ, Թագուհի Ղազարյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արցախյան ազատամարտ» հոդվածին։