Դիոն Կասսիոս
Դիոն Կասսիոս Կոկցեանոս (հուն․՝ Δίων Κάσσιος, լատին․՝ Lucius Claudius Cassius Dio Cocceianus; մ.թ. 155 — 235 թթ.), հռոմեական պատմիչ, ծագումով հույն։ Ծնվել է Բութանիայի Նիկեա քաղաքում, Կիլիկիա և Դալմատիա նահանգների կառավարիչ Կասսիոս Ապրոնիանոսի ընտանիքում։ Մարկոս Ավրելիոսի գահակալման վերջին տարիներին տեղափոխվել է Հռոմ, իսկ Կոմմոդոս կայսեր օրոք դարձել Հռոմի Ծերակույտի անդամ։ Զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ, մասնավորապես եղել է հռոմեական կոնսուլ։ Կյանքի վերջին տառիներին ապրել է ծննդավայրում։ Գրական գործնեությունն սկսել է «Երազների և նախագուշակումների մասին» գրքով։
Դիոն Կասսիոս հին հունարեն՝ Δίων ὁ Κάσσιος | |
---|---|
Ծննդյան անուն | լատին․՝ Lucius Claudius Cassius Dio Cocceianus |
Ծնվել է | ոչ վաղ քան 155 և ոչ ուշ քան 164 |
Ծննդավայր | Նիկեա, Bithynia et Pontus, Հին Հռոմ[1][2][3][…] |
Վախճանվել է | մոտ 235[3][4][5] |
Վախճանի վայր | Նիկեա, Bithynia et Pontus[3][6][7][…] |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Roman History? |
Cassius Dio Վիքիպահեստում |
Գլխավոր ստեղծագործությունն է 80 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն»ը (հունարեն՝ «Роμαικη», լատին․՝ «Historia Romana»), որտեղ ներկայացվում է Հռոմեական կայսրության պատմությունը՝ Հռոմ քաղաքի հիմնադրումից մինչը Ալեքսանդր Սևերոսի գահակալության տարիները (երկը պահպանվել է հատվածաբար), նյութերի հավաքումը տևել է 10, շարադրումը՝ 12 տարի։ Արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի մ.թ.ա. I - մ.թ.II դդ. և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ։ Հայաստանին վերաբերող տեղեկությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից։ Երկը պահպանվել է հատվածաբար, այդ թվում քաղվածքների ձևով Բյուզանդիայի պատմիչներ Հովհաննես Քսիփիլինոսի և Հովհաննես Զոնարասի աշխատություններում։
Հռոմեական պատմիչներին հետևելով՝ Դիոն Կասսիոսը պատմությունը շարադրել է տարեգրությունների ձևով։ Գրել է հին ատտիկյան լեզվով՝ հետևելով իր սիրած պատմիչ Փուկիտիդեսի գրելաոճին։ Դիոն Կասսիոսը ջանացել է հետազոտել դեպքերի պատմական ընթացքը, դրանց ներքին կապը՝ փորձելով արդարամտորեն գնահատել պատմական անհատներին, կուսակցությունները, ռազմական գործողությունները[8]։
Կյանքի սկզբնական շրջանը
խմբագրելԴիոն Կասսիոսի կենսագրության միակ աղբյուրը նրա իսկ աշխատությունն է, որի մեջ հեղինակը կցկտուր տեղեկություններ է հաղորդում իր մասին։ Այդ տեղեկությունների համաձայն, պատանի Դիոնը ուղեկցել է իր հորը, երբ վերջինս Կիլիկիա պրովինցիայի կառավարիչն էր։ Հոր մահից հետո ապագա պատմիչը շուրջ 180 թվականին Կոմմոդոս կայսեր ժամանակ (180-192 թթ.) գալիս է Հռոմ և այդ տարիներից հետո ընկած ժամանակահատվածի պատմությունն արդեն շարադրում է որպես դեպքերի ականատես, մինչդեռ դրան նախորդած պատմությունը շարադրելիս, հասկանալի է, օգտվել է հնագույն վավերագրերից, կամ էլ նախորդ հեղինակների երկերից։ Կայսրության մայրաքաղաքում հաստատվելուց հետո, շուրջ 25 տարեկան հասակում, Դիոն Կասսիոսը դառնում է Հռոմի սենատի անդամ, որից հետո արդեն վարում է պետական տարբեր պաշտոններ Պերտինաքս (193 թ.), Դիդիուս Հուլիանուս (193 թ.), Սեպտիմիոս Սևերոս (194-211 թթ.), Անտոնինոս Կարակալլա (211-217 թթ.) և նրանց հաջորդ կայսրերի ժամանակ։ Դիոն Կասսիոսը մոտիկից շփվելով Հռոմի կառավարող շրջանակների հետ, եռանդորեն մուտք է գործում քաղաքական ասպարեզ և արագորեն բարձրանում ծառայության աստիճաններով։ 194 թվականին Սեպտիմիոս կայսրը նրան կարգում է զինվորական բարձր պաշտոնի։ 211 թվականին, Սեպտիմիոսի մահից անմիջապես առաջ, ընտրվում է Հռոմի կոնսուլ։ 216 թվականին Դիոնն ուղեկցելով Անտոնինոս Կարակալլա կայսրին, մասնակցում է պարթևների դեմ վերջինիս ձեռնարկած ռազմական արշավանքին և գալիս է Արևելք, հավանաբար, հասնում մինչև Տիգրիս գետը։ Կարակալլայի այդ արշավանքը նպատակ ուներ Հռոմեական կայսրությանը միացնել Օսրոենե-Եդեսիան ու Հայաստանը և այս թագավորությունները դարձնել հռոմեական պորվինցիաներ։ Ինչպես հայտնի է իրադարձություններին մասնակից իր իսկ Դիոնի հաղորդած տեղեկություններից, հռոմայեցիներին թեև հաջողվեց գրավել Օսրոենեն, բայց նրանց զորքերը, առաջ շարժվելիս, չարաչար պարտվեցին Հայաստանում։
Դիոն Կասսիոսը՝ Պերգամոնի կառավարիչ
խմբագրելԱնտոնինոս Կարակալլայի ժամանակ հռոմեական քաղաքացիության իրավունքը տարածվեց կայսրության սահմաններում բնակվող բոլոր ազատների վրա։ Բնական է, որ Կարակալլայի այս միջոցառումը պետք է հռոմեական վերնախավի դժգոհությունն առաջացներ, բայց և ապահովեր պրովինցիաների բնակչության համակրանքը։ Կայսրից դժգոհ տարրերը պարթևական արշավանքի ժամանակ դավադրաբար սպանեցին նրան։ Այս ոճիրն էլ առաջացրեց Պերգամոնի բնակչության դժգոհությունը և առիթ դարձավ ապստամբության։ Կայսերական գահին հենց նոր բազմած Մակրինոսը 218 թվականին Դիոնին ուղարկում է Պերգամոն՝ դրությունը հարթելու և խաղաղություն հաստատելու համար՝ նշանակելով Պերգամոնի կառավարիչ։ Պատմիչն այստեղ մնում է մինչև Ալեքսանդր Սևերոսի կայսր հռչակվելը։
Քաղաքական ասպարեզից դուրս գալը
խմբագրելԱլեքսանդր Սևերոս կայսեր օրոք (222-235 թթ.) հաջորդաբար նշանակվում է կայսերական զորքերի լեգատ Աֆրիկա, Դալմատիա, Վերին Պաննոնիա պրովինցիաներում, բայց պրետորյան գնդերը, դժգոհ նրա կիրառած խիստ կարգապահությունից, ապստամբում են, և Դիոնին միայն կայսեր բարձր հովանավորությունն է փրկում։ Պատմիչն ապաստանում է Կամպանիայում և որոշ ժամանակ ապրում այնտեղ։ 229 թվականին, արդեն քաղաքական գործունեության հարուստ փորձ ձեռք բերած, Դիոն Կասսիոսը կայսեր միջնորդությամբ երկրորդ անգամ ընտրվում է մայրաքաղաքի կոնսուլ։ Սակայն կայսեր այս քայլը դարձյալ վրդովեցնում է պրետորյաններին, և Դիոնը քիչ ժամանակ անց ամբողջովին վրաժարվում է քաղաքական գործունեությունից՝ ինչպես ինքն է պատճառաբանում՝ վատառողջ լինելու պատճառով։ Նա հեռանում է Իտալիայից և վերջնականապես հաստատվում իր հայրենի Նիկիա քաղաքում, որտեղ էլ, մինչև կյանքի վերջը, ժամանակը տրամադրում է իր մեծարժեք «Հռոմեական պատմության» շարադրանքն ավարտելու գործին
Գրական գործունեությունը
խմբագրելՈգևորված Սեպտիմիոս Սևերոսի կառավարումից, երբ գահակալական կռիվներից հետո կայսերական իշխանությունը ժամանակավորապես կայունացել էր, Դիոն Կասսիոսն սկսում է իր գրական բեղուն գործունեությունը։ Սկզբում նա գրում է և հրապարակում կայսր Սեպտիմիոսին գովաբանող ինչ-որ գործ, որի մեջ շարադրում է նրա կառավարման հետ կապված իր ակնկալիքները։ Այդ գրվածքի համար, որը մեզ չի հասել, Սեպտիմիոսը նրան պատշաճն է հատուցում և բարձր գնահատական տալիս գրվածքին։ Այդ ամենից առավել ևս քաջալերված, Դիոն Կասսիոսը միտք է հղանում արդեն գրելու հռոմեական պետության ամբողջ պատմությունը։ «Հռոմեական պատմությունը» շարադրելու վրա հեղինակն աշխատել է շուրջ 30 տարի, եթե ոչ ավել։ Իր իսկ՝ Դիոնի խոստովանությամբ, նա միայն մեկ տասնամյակ (200-211 թթ.) հատկացրել է անհրաժեշտ նյութերը հավաքելու գործին և հաջորդ 12 տարիների ընթացքում շարադրել է իր պատմության այն մասը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Սեպտիմիոս Սևերոսի մահը (211 թ.)։ Հետագա տարիներին նա շարադրել է իր պատմության վերջին մասերը։ Դիոնին են վերագրվում նաև մի շարք երկրորդական այլ գործեր, որոնց վավերականությունը, սակայն, խիստ կասկածելի է։ Դիոն Կասսիոսի «Հռոմեական պատմությանը» բաղկացած է եղել 80 գրքից։ Մեծածավալ երկի բովանդակությունը կազմել է հռոմեական տերության ամբողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից ի վեր, սկսած հռոմեացիների նախնի և նրանց պետությանհիմնադիր Էնեասի մասին զրույցներից, երբ սա, փախչելով կրակի մատնված Տրոյայից, հաստատվում է Լատիումում, մինչև մ.թ. 229 թվականը, այսինքն մինչև իր՝ Դիոնի երկրորդ կոնսուլության տարին։ 80 գրքից ամբողջությամբ պահպանվել են միայն 24-ը (XXXVI-LX գրքերը), որոնց մեջ մանրամասն շարադրված է Հռոմի պատմությունը՝ Ք.Ա. 68- մ.թ. 47 թթ, այսինքն Լուկուլլոսի՝ Հայաստան կատարած արշավանքից մինչև Կլավդիոս կայսեր իշխանության տարիները։ Սա մի ժամանակահատված էր, որի ընթացքում տեղի են ունեցել քաղաքական կարևորագույն իրադարձություններ Հռոմի ներսում, և որոնց մասին մեր միակ արժանահավատ աղբյուրը մնում է Դիոն Կասսիոսի պատմությունը։ Նախորդ և հաջորդ գրքերի բովանդակությունը մեզ ընդհանրապես հայտնի է իրենց ժամանակի համաշխարհային պատմությունը գրելու փորձեր արած բյուզանդական տարեգիրներ Քսիփիլինոսի (XI դար), Զոնարասի (XII դար), մասամբ էլ Ցեցեսի (XII դար) և այլոց կատարած մերթ ընդարձակ, մերթ էլ շատ հակիրճ քաղվածքներից։ Չի կարելի աչքաթող անել այն կարևոր հանգամանքը, որ Դիոնի արիստոկրատական ծագումը և զբաղեցրած պետական բարձր պաշտոններն, անկասկած, պայմանավորել են նրա պատմության միտումնավորությունը՝ հօգուտ հռոմեացիների և ի վնաս հատկապես Արևելքի ժողովուրդների։ Նա, որպես պալատական, ատելություն է տածում իրենց ազատության համար կռվող ժողովուրդների նկատմամբ։ Սակայն մեզ հասած աղբյուներից Դիոնը միակն է, որ պատմում է մի շարք եղելություններ, ինչպես օրինակ Հայաստանն օկուպացրած հռոմեական կայազորների դեմ մայրաքաղաք Արտաշատի բնակչության 163 թվականի ապստամբության մասին, որոնց վերաբերյալ այլ հիշատակություններ չեն պահպանվել։ Պատմությունը շարադրված է գերազանց մշակված ատտիկյան հունարենով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Дион, Кассий (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1910. — Т. 7. — С. 256—257.
- ↑ Любкер Ф. Dio (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 403—404.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Isidore (ֆր.) — ISSN 2271-3816
- ↑ Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Հովսեփոս Փլավիոս, Դիոն Կասսիոս, Ընդդեմ Ապիոնի։ Հրեական պատերազմի մասին։ Հրեական հնախոսություն։ Հռոմեական պատմություն։-Եր.: 1976, 265էջ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոն Կասսիոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 396)։ |