Շուշի

քաղաք Ադրբեջանի Հանրապետությունում, որը մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը վերահսկվում էր Արցախի Հանրապետության կողմից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)

Շուշի[2][3][4], քաղաք Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում[5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շուշիի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ համարվում է համանուն շրջանի բնակավայր։

Քաղաք
Շուշի
Զինանշան

ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՇուշիի շրջան (Արցախ)
Համայնքքաղաք Շուշի
ՔաղաքապետԱրծվիկ Սարգսյան[Ն 1]
Հիմնադրված է1752 թ.
Առաջին հիշատակում1428
Այլ անվանումներՇոշ, Շուշի
Մակերես5,5 կմ²
ԲԾՄ1368 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
ԲնակչությունՀայեր մարդ (2005)
Ազգային կազմՀայեր, արցախցիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՇուշեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374, +97
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայք|
Շուշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Շուշի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մինչև 1923 թվականը՝ Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի տիրապետության ժամանակաշրջաններում, այն եղել է վերջինների կազմում գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը։ Մինչև 20-րդ դարը կարևոր դերակատարություն է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

1920 թվականին թուրքական բանակի աջակցությամբ ադրբեջանցիներն իրականացրել են քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմող հայ ազգաբնակչության կոտորած և բռնագաղթ[10]։ Խորհրդային ժամանակաշրջանում քաղաքը ընդգրկված է եղել ԽՍՀՄ կազմում գտնվող Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված Արցախյան պատերազմի ժամանակ դարձել էր հայ-ադրբեջանական պատերազմի թատերաբեմ։ 1992 թվականի մայիսի 9-ին հայկական զինված ուժերի կողմից ազատագրվել է նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներից։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո[11]։

Ստուգաբանություն խմբագրել

Որոշ ուսումնասիրողների կարծիքով Շուշի անունը ծագում է նրանից արևելք գտնվող Շոշ գյուղից[12]։ Ոմանց կարծիքով Շուշի անվանումը առաջացել է «շոշ» բառից։ Արցախյան բարբառում երիտասարդ ծառերը կոչվում են նաև շոշ, իսկ դրանց պուրակը՝ շոշոտ[13][14]։

Շուշի տեղանվանումը, ըստ երևույթին, տեղանքը բնութագրող անվանում է։ Քանի որ քաղաքը գտնվում է ժայռի (լեռան) գագաթին (այն մի փոքրիկ սարավանդ է հիշեցնում), որն էլ կարող է ընկած լինել քաղաքանվան հիմքում։ Նկատենք, որ Արցախի բարբառից հյուսիսկովկասյան լեզուներին անցած որոշ չափով այդ անունը հիշեցնող բառեր կան։ Այսպես օրինակ, ագուլերեն «սու»-լեռ և չեչեներեն «շու»-բլուր[15], մի արմատ, որը կրկնելու դեպքում (ինչպես այն հանդիպում է հատկապես հին հայերենում և խեթերենում)[16], ապա կունենանք «շուշու», այսինքն ճիշտ այն, ինչն անհրաժեշտ է «Շուշի» քաղաքանվան ստուգաբանության համար։ Նկատենք, որ միջնադարում Շուշի տեղանունը հիշատակվում է հենց Շուշու ձևով. 1428 թ. ընդօրինակված Ավետարանի նույն տարում գրված հիշատակարանում «...ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղա Շուշու կոչեցեալ...»[17]:

Պատմություն խմբագրել

Շուշին տարբեր ժամանակներում հիշատակվել է «Քարի գլուխ, (Քարագլուխ տարբերակը վերաբերում է Շիկաքար-Արավուս բնակավայրին (Ասկերանի շրջանում)) Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև Շոշի բերդ, Շոշի»[18], Ղալա, Շոշի ղալա անուններով։

Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թվականին Տեր-Մանվելի ստեղծած Ավետարանը, որտեղ նշված է, որ «արդ գրեցավ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ և ապիկար գրչի տէր Մանաւելի, ի թւականութեանս Հայոց ՊՀԷ (1428), ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յոհանիսի... »[19]:

Հաջորդ վկայությունը նույն եկեղեցու գրչատանը կատարվել է 1575 թ., որտեղ ասվում է «կատարեցի ...զմաքրափայլ Աւետարանս ի փառս նմանե գաւառս Վարնթոյ, ի գեղս ւոր կոչի Շուշոյ...Ընդ Հովանեաւ սուրբ Աստուածածին։ Գրեցաւ ի թվականութեանս ՌԻԴ»[20]։

Որոշ ուսումնասիրողներ փորձում են նույնացնել «Շուշի» և «Կարկառ» տեղանունները[21]՝ հիմք ընդունելով նրա նախնական «Քար» անվանումը։ Իհարկե, գայթակղիչ է Կ. Գանձակեցու կողմից հիշատակվող Կարկառի նույնացնելը Շուշիի հետ, առավել ևս, որ Կարկառ գետի հովտում նրանք ուրիշ նշանավոր բերդ չեն էլ կարողանում տեսնել։ Սակայն պատմիչի մոտ հիշատակվող Կարկառը հիշվում է որպես «հայրենիք», որը անհնարին է սահմանափակել միայն Շուշի բնակավայրով կամ թեկուզ և սարավանդով։ Զուր չէ, որ Բ. ՈՒլուբաբյանն առաջարկում էր Կարկառը որոնել Կարկառ գետի ստորին սահանքներում։ Դաշտային դիտարկումների համաձայն հանգել ենք այն կարծիքին, որ Կարկառը պետք է լինի Աղդամի շրջանի Ուչ օղլան բնակավայրերի շրջանում...

17-րդ դարի մի վավերագրի համաձայն՝ «...շահ Աբբազ տիրեց իմ Ղարաբաղին...Գանձակցի պարոն տեր Հովհանը շատ գերիներ ազատեց, շատ գրքեր, շարակնոցներ ետ դարձրեց։ Նման մի շարակնոց ես տվեցի շուշեցի տեր Ավանեսին 1607 թվականին »[22]։ Փաստորեն բնակավայրը հիշատակվում է որպես Շուշի...

Հնագիտություն խմբագրել

Շուշիի հիմնադրման, ամրոցաշինության, այդ հին բնակավայրի կառուցապատման և նրա հուշարձանների էթնիկ պատկանելիությունը ուսումնասիրող հետազոտողները, մինչև Շուշիի ազատագրումը, ստիպված էին առավելապես բավարարվել 18-19-րդ դդ. հեղինակների կեղծած և մուսուլմանամետ գրավոր աղբյուրներով։ Այսպես՝ 1892-1897 թթ. ռեալական ուսումնարանի ուսուցիչ Է. Ռեսլերը, իսկ 1973 թ. Խորհրդային Ադրբեջանի հնագետ Հ. Ջաֆարովը պեղել են Շուշիի դամբարանաբլուրները, որոնք հիմնականում կրել են գանձախուզական բնույթ։ Միայն Ադրբեջանի գաղութային լծից ազատագրվելուց հետո Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրներ մատչելի են դարձել լուրջ և օբյեկտիվ ուսումնասիրությունների համար։

2004 թ. մայիսին «Շուշի հնագիտական արշավախումբը»՝ պատմական գիտությունների դոկտոր Հ. Պետրոսյանի գլխավորությամբ, անդամությամբ հնագետներ Նորա Ենգիբարյանի ու Վարդգես Սաֆարյանի, ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի և պատմաբան-շուշիագետ Աշոտ Հարությունյանի, դաշտային հնագիտական դիտումների միջոցով կազմել է Շուշիի և նրա շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու դրանց տեղաբաշխման քարտեզը, որոնք ներառում են մոտ 200 հուշարձանների անվանում, այդ թվում.

  • Պալեոլիթյան մեկ կայան (մ.թ.ա. 2 միլիոն-10 հազար տարի)
  • Մեկ կիկլոպյան ամրոց (մ.թ.ա.1-ին հազարամյակ)
  • Հին դամբարանադաշտեր (մ.թ.ա.1-ին հազարամյակ)
  • Երկու անտիկ և վաղ քրիստոնեական
  • դամբարանադաշտեր (մ.թ.ա. 3-րդ դ. մինչև մ.թ. 4-րդ դար)
  • վեց միջնադարյան գյուղատեղիներ (5-րդ դ. մինչև 13-րդ դար)
  • մոտ 40 խաչքար

Շուշին ուշ միջնադարում խմբագրել

Ըստ Հակոբ սարկավագ Պողոսյանի վարկածի՝ Շուշին Շոշ գյուղի արոտավայր կամ ագարակ է եղել։ Սարկավագի համար աղբյուր է հանդիսացել Միրզա Ջեմալ Ջիվանշիրի աշխատությունը, որի պատվիրատուն և հովանավորը եղել է Մեհթի Ղուլի խանը՝ Ղարաբաղի եկվոր խաների տիրապետությունը հիմնավորելու նպատակով[23]։ Միջնադարյան մի վավերագրի համաձայն՝ «Ավան Յուզբաշին,որ եկավ Շօշվայ քարն մտավ սահբ խուրուշ իլավ ՌՃԿԶ (1717 թ.)[24]: Վավերագիրը հստակ տեղեկացնում է, որ 1717 թ. Շուշիի Քար ամրոցում ամրանալու շնորհիվ Ավան հարյուրապետը հռչակի տեր դարձավ[25][26]։ Կարծիք կա, որ «Շուշիի բերդապարսպի և մյուս կառույցների հիմքերը դրվել են Ավան հարյուրապետի կողմից՝ 1724 թ., եթե ոչ ավելի վաղ[27]։

1721-1722 թվականներին լազգիական 50-60 հազարանոց բանակը արշավեց Պարտավի, Գանձակի և Դիզակի վրա։ Ավարառուների դեմ Արցախի հայությունը հանեց 4 բանակ, որոնցից երկրորդը՝ Ավան հարյուրապետի գլխավորությամբ, տեղակայված էր այժմյան Շուշի քաղաքի շրջակայքում[28]։ Գանձակից ոչ հեռու, Չոլակ վայրում հայոց բանակները միանում են վրացական բանակի հետ՝ լեզգիների դեմ արշավելու համար։ Սակայն Վախթանգ թագավորի անվճռականության պատճառով արշավանքը չի կայանում և հայ զինվորությունը վերադառնում է Արցախի ամրացված Սղնախները։ 1724 թ. հունվարի 5-ին գրված մի զեկուցագիր վկայում է, որ «...մենք, Շոշ սղնախի գլխավորներս, ես՝ Ավան յուզբաշիս և ես՝ Միրզա յուզբաշիս և սղնախի բոլոր մեծերն ու փոքրերը...»[29]: Շուշիի սարավանդում ամրացնում են Մեծ (Շուշի) և Փոքր (Սանգյառ) սղնախները և բանակցություններ վարելով շահ Թահմազի և օսմանյան Իբրահիմ փաշայի հետ՝ փորձում էր կանխել նրանց հարձակումը Վարանդա գավառի վրա։ 1725 թ մարտի 1-ին օսմանյան 4500 հոգուց բաղկացած մի զորամաս մտավ Վարանդա և կայազորեր դրեց բոլոր բնակավայրերում։ Հայ զիվորությունը Ավան և Թարխան հարյուրապետների գլխավորությամբ գիշերային անակնկալ հարձակումով, կոտորեց զավթիչներին։ Ցարական Ռուսաստանը չկամենալով հայոց պետականության վերականգնումը, հայերին առաջարկեց դադարեցնել պայքարը օսմանցի զավթիչների դեմ, լքել հայրենի հողերը և տեղափոխվել Դերբենդ, Բաքու և Գիլան։

1726 թ. նոյեմբերին «Շօշու՝ Ավան ուզպաշին և Ոյհան ուզպաշին ղալէն»[30] վրա հարձակվում է օսմանցի թուրքերի 40 հազարանոց բանակը՝ Սարը Մուստաֆա փաշայի հրամանատարությամբ և ութ օրյա դաժան մարտերում զգալի կորուստների գնով գրավել է Փոքր Սղնախը։ Սակայն Մեծ Սղնախի տակ թուրքական բանակը ծանր պարտություն են կրել և տալով շուրջ 800 սպանված՝ նահանջել Գանձակ[31]։ 1733 թ. Դիզակի Մելիք Եգանը, դաշինք կնքելով Նադիր Ղուլիի հետ, կազմակերպեց օսմանյան Սարը Մուստաֆա փաշայի զորքերի կոտորածը Արցախում։1736 թ.Մուղանի դաշտում շահ հռաչակվելուց հետո, Նադիրը, որպես երախտագիտության նշան, Արցախի հինգ մելիքությունները միավորեց մի նահանգի՝ «Մահալ-Ե Խամսե»-ի մեջ և խանի տիտղոս շնորհեց Մելիք Եգանին[32][33][34]։ Ըստ երևույթին ստեղծվեց Ղարաբաղի խանությունը՝ Տող կենտրոնով։ Փաստորեն Մելիք Եգանի Ղարաբաղի առաջին խան ( 1736-1744 թթ.) լինելու հանգամանքը դուրս է մնացել հայ պատմագրության ուշադրությունից։ Հայտնի է, որ Մելիք Եգանը գրագրությունների ժամանակ իրեն կոչում է նաև Հայոց թագավոր [35]:

Շուշին Ղարաբաղի խանության կենտրոն խմբագրել

1747 թ. Նադիր շահի սպանությունից հետո, Պարսկաստանում ծայր առան գահակալական կռիվներ, որոնց գումարվեց նաև ծայրամասային խանությունների անջատողական քայլերը։ Գանձակի խանը փորձեց վերականգնել մինչնադիրյան իրավունքերը Խամսայի նկատմամբ, սակայն հանդիպեց Վարանդայի և Դիզակի մելիքների դիմադրությանը։ Արդյունքում Գյուլիստանի, Ջրաբերդի և Խաչենի մելիքները ռազմական գործողություններ սկսեցին Վարանդայի դեմ և մելիք Շահնազար 2-րդից խլեցին Ամարասի բարեբեր հողերը։

1750-1754 թթ.[36][37] Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն,«կանչել է Փանահ խանին (1748-1759 թթ),նրա ձեռքը տվել իր Շուշի կալա ամուր բերդը, իր սղնախը խոնարհաբար ենթարկել նրան»[38][39]։ (Փանահի նախահայր շեկ Ալին Ջուանշիրում ապրող օթուզ իքի ցեղի առաջնորդ էր նշանակվել իրանական արքունիքի կողմից։ Այս ցեղն էլ իր առաջնորդի անունով կոչվել է սարուջալլի[40])։ Սաղմնավորվող Ղարաբաղի խանության նստավայր դարձնելով Մելիք Շահնազարյանների տոհմական հզոր Շուշիի բերդը[41] Փանահ Ալին, որն իր ծագումը կապում էր Չինգիզ խանի տոհմի հետ[42], սահմանային Բայաթ և Թարնակյուտ (Շահբուլաղ) բերդերի անվատանգությունն ապահովելու նպատակով ռազմական գործողություններ է սկսում Գանձակի խանության դեմ։ Այդ պատերազմի ժամանակ Գյուլիստանի, Ջրաբերդի և Խաչենի մելիքները անցան Գանձակի խանի կողմը, իսկ Վարանդայի և Դիզակի մելիքները՝ Փանահ խանի կողմը (Միրզա Ջեմալի պնդումն այն մասին, թե իբր Փանահը պատերազմել է Մելիք Եսայու դեմ և ծուղակ գցելով սպանել է նրան, չի համապատասխանում իրականությանը։ Մելիք Եսայու տապանագիրը վկայում է, որ նա մահացել է 1781 թ. իսկ Փանահը՝1762 թ.: Միայն այս փաստը բավական է, որպեսզի Իբրահիմի և Մեհթի Ղուլի խանի պալատական այդ հեքիաթասացի գրածներին լուրջ վերապահումով մոտենանք։ Իրողությունն այն է, որ Մելիք Շահնազարի դրդումով, Փանահը ավարառուական հարձակում է կատարել Մելիք Եսայու Տող բերդի վրա, սակայն սոսկալի ջարդ կրելով, նահանջել է՝ հրաժարվելով թշնամանքը խորացնելու հետագա քայլերից։ Մի շարք ռազմագործողությունների արդյունքում Փանահը Մելիք Շահնազարի հետ միացյալ կարողացավ խանության սահմանները տարածել Կուր-Արաքսյան հովտի արևելյան հատվածի վրա։ Իրանի շահը այդ հաջողությունների համար Փանահին թույլատրեց հատել արծաթե և պղնձե դրամներ՝ փանահիներ[43][44]։ Այս փաստն էլ առիթ է տվել ադրբեջանական պատմաբաններին Ղարաբաղի խանությունը հայտարարել անկախ պետական միավոր, որը զուրկ է որևէ պատմական հիմքից։ Այն, որ Փանահն Իրանական արքունիքի գործակալ էր և կատարում էր պետական պատվեր, վկայում է այն փաստն, որ Նախիջևանի խանը հարձակվել է Շահկերտի և Ագուլիսի վրա և թալանելով բնակչությանը՝ լցրել շահի դատարկված գանձարանը, իսկ բնակչությունը Փանահի կողմից տարվել է Շուշի։ Գաղթականների մի մասն էլ բերվել է Մեղրիից։1755 թ. Մազանդարանի Մահմադ-Հասան խան Ղաջարը բանակ է դրել Խաթուն Արխ կոչվող տեղամասում՝ Շուշին «գրավելու» մտադրությամբ։ Սակայն լուր առնելով Զենդ-Քերիմ խանի արշավանքի մասին, իր բանակի գումակն ու թնդանոթները թողել է Փանահին և վերադարձել Պարսկաստան[45])։ Իրականում այդ «արշավանքը» արքունիքի կողմից անցկացված իրանական բանակի ռազմախաղ էր և կոչված էր հայ բնակչության ուշադրությունը Փանահից շեղելու և վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում ուժեղացնելու։

1761 թ. Ուրմիի Ֆաթալի խանը վեց ամիս պաշարում է Շուշին և չկարողանալով այն գրավել, խորամանկորեն ձերբակալում է Փանահ խանի որդի Իբրահիմ Խալիլին ու հեռանում իր տիրույթները՝ ճանապարհին թալանելով Տաթևի վանքը։ Ղարաբաղի խանության սասանված հեղինակությունը փրկելու համար Իրանի գահակալ Զենդ-Քերիմ խանը(1761-1779 թթ.) արշավում է Ուրմիի վրա, պատժում Ֆաթալի խանին, ազատ արձակում Իբրահիմ-Խալիլին և պատանդ վերցնում Փանահին։ Քանի որ Փանահ խանը կատարել էր Իրանի արքունիքի կողմից վաղուց մշակված Ղարաբաղի ընդարձակ խանության ստեղծման և Գանձակի խանությունը թուլացնելու գործը, ուստի և 1762-ին «մեռնում է» չպարզված հանագամանքներում։ Իբրահիմը Ղարաբաղի խանությանը տիրելու համար կատաղի պայքար սկսեց իր եղբոր՝ Միհրալի (1762-1863) խանի դեմ, որին աջակցում էին Դաշտային Ղարաբաղի մուսուլմանական ցեղերը։ Իբրահիմի ուղարկած մարդասպանները վերացրին Միհրալիին և Իբրահիմը դաձրավ Շուշիի խան(1763-1806)։ Իրանական արքունիքին անհնազանդ Գանձակի խանությանը վերջնական ծնկի բերելու համար Իբրահիմ խանը Մելիք Շահնազարի թելադրանքով Իրանի արքունիքից զգալի միջոցներ է խնդրwւմ շրջապարիսպը ամրացնելու համար (1783-1789 թթ)[46]։ (Այդ վերակառուցման հետքերը մինչ այսօր նկատելի է Ջրաբերդ-Ելիզավետպոլյան մուտքի հատվածում, որտեղ «մահվան գոտու» բացակայությունը խոսում է խանի կողմից ամրոցաշինության տարրական կանոնները չիմանալու մասին։ Խորհրդային տարիներին նոր վերակառուցման ժամանակ կիրառվել է Շահբուլաղի աղյուսը՝ խախտելով մուտքի պատմական տեսքը )։ 1765 թ. Իբրահիմ խանը Շամախու Հուսին խանի հետ դաշնակցած արշավեց Գանձակի Շահվերդի խանի դեմ։ Լեզգիների հետ դաշինքը փրկեց վերջինիս վերջնական ջախջախումից։ Շահվերդի խանը ստիպված էր ճանաչել մելիք Հովսեփի իշխանությունը Գետաշենում(դա կատարվեց Իբրահիմ խանի պահանջով, որով վերջինս իր ոխերիմ թշնամի Հովսեփին դարձրեց դաշնակից՝ ընդդեմ Շահվերդի խանի)։ Շուտով Իբրահիմ և Շահվերդի խաների միջև կնքված պայմանագրով իր հայրենի տիրույթները վերադարձավ նաև Ջրաբերդի մեիք Հաթամը։

Տեղեկանալով Ռուսաստանի կողմից Անդրկովկասի ակնկալվող նվաճման մասին, Իբրահիմը, խանական աթոռը պահելու համար դավաճանում է Իրանական արքունիքին և դիմում Օսմանյան կայսրության օգնությանը։«...Ողորմագութ տեր...Ձեզնից օգնություն եմ սպասում,և եթե զորացնեք մեզ և մեր օրենքը, ապա թշնամիներին մենք գլխիվայր կդնենք»[47]։

Տեղեկանալով Իբրահիմ խանի նամակի մասին և նրա դավաճանությունը պատժելու նպատակով 1795 թ. գարնանը պարսկական 4 հազարանոց մի զորագունդ ներխուժում է Ղարաբաղ, սակայն Մելիք Ջումշուդը, դաշնակցած Վրաստանի և օսմանյան կայսրության օժանդակ 2 հազարանոց զորքերի հետ, ջախջախում է այն[48]։ Աղա Մուհամմադ խանը հիմնական բանակով բանակատեղի է ընտրում Շուշիից 18 կմ հեռու գտնվող Նաբաթ խան կոչվող դաշտը։ 1795 թ. օգոստոսին պարսկական 10 հազարանոց զորքերը Սուլեյման խան Քաջարի և Մուսթոուֆի խան Դավալուի գլխավորությամբ շրջապատել են Շուշին, սակայն 33-օրյա պաշարմամբ չեն կարողացել ընկճել 15 հազար զինված բնակիչների համառ դիմադրությունը[49]։ Շուշիի պաշտպանության ժամանակ զգալի դեր են խաղում Հունոտի քարայրերն ու ամությունները[50]

Իբրահիմ խանին դեպի Ռուսաստան թեքելու ակնկալիքով,1796 թ. ռուսական զորքը գեներալ Վալերիան Զուբովի հրամանատարությամբ, շարժվել է Այսրկովկաս։ Իբրահիմ խանը բանակցություններ է սկսել ռուսական հրամանատարության հետ, սակայն շուտով Զուբովի զորքերը դադարեցրել են արշավանքը և հեռացել Անդրկովկասից։

Աղա Մուհամմեդ խանը Իբրահիմի ստոր դավաճանությունը պատժելու նպատակով, 1797 թ. ահռելի զորքով շրջապատել է Շուշին։ Սակայն Իբրահիմ խանը, ստորաբար հայ բնակչությանը (որոնց քաջության շնորհիվ նա երկու տարի առաջ կարողացել էր պահպանել իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ) թողնելով Աղա Մուհամմեդ խանի քմահաճույքին, փախել է Դաղստան։ Շուշի մտած Աղա Մուհամմեդի սպանվելուց հետո, իրանական բանակը ցրվել է և Իբրահիմը վերադարձել է ավերված ամրոցը։ 1805 թ. Քուրակի պայմանագրով Շուշիի Իբրահիմ խանը, ընդունել է ռուսական հպատակություն։ Իբրահիմի բարքերին քաջատեղյակ ցարիզմը, Վարանդայի մելիքության իրավունքը տվել է Ջումշուդին, վերջինիս հանձնարարելով հսկել խանին։ Տեղեկանալով, որ Իբրահիմը գաղտնի բանակցություններ է սկսել Իրանական արքունիքի հետ,17-րդ Եգերային գնդի փոխգնդապետ Լիսանևիչը, Ռուսական կայսրության անվտանգությունը ապահովելու նպատակով գնդակահարել է դավաճան Իբրահիմ խանին։ Ալեքսանդր I կայրսի հրամանով 1806 թվականի սեպտեմբերի 13-ին Ղարաբաղի խան է նշանակվել Մեհտի Ղուլի-աղան(1806-1822)։ Վերջինիս կողմից իրականացվող հողերի նվիրատվության անորենության մեղադրանքով Խամսայի մելիքները դատական գործ են հարուցել։ Դատարանի վճռով Մեհտի Ղուլի խանության իրավունքը ճանաչվել է անօրեն։ Վախենալով իր ցեղակիցների հաշվեհարդարից Մեհտի Ղուլին փախել է Իրան, որն էլ օգտագործեց ցարիզմը լուծարելու համար Ղարաբաղի խանությունը։

1826 թ. պարսից 60 հազարանոց բանակը, թագաժառանգ Աբբաս Միրզայի (արքայազնի շքախմբի մեջ ընդգրկված էր նաև Մեհտի Ղուլին) առաջնորդությամբ պաշարել է Շուշին։ Շուշի բերդի հերոսական պաշտպանությունը ստանձնել են շուշեցի 1500 հայ կամավորականներ, որոնց հորդորանքներին անսալով ռուսական 42-րդ Եգերային գնդի 1300 հոգուց բաղկացած ռուսական կայազորը (6 վաշտ և 4 թնդանոթ) չի լքել բերդը և միացել է պաշտպաններին։ Ռուսական բանակի հրամանատար Երմոլովը հրահանգել է կայազորի հրամանատար գնդապետ Ռեուտին «...Պաշտպանվեցեք։ Թաթարներից հավաքեցեք ամբողջ հացը,թող սովից կոտորվեն այդ դավաճանները։ Մեծահոգաբար վերաբերվեցեք հայերի հետ,քանի որ նրանք լավ են ծառայում»[51]։ 48 օր տևած հերոսական պաշտպանության շնորհիվ Շուշին մնացել է անառիկ, իսկ հակառակորդը ստիպված է եղել հանել պաշարումը՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կանխելու համար։ ՛

1828-ից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել Շուշիի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման համար։ Այդ տարիներին Շուշի է այցելում միսիոներ Ջոզեֆ Վոլֆը, որն իր հուշերում այն անվանում է "Շուշի՝ Ղարաբաղի գավառ, Մեծ Հայքում"[52]։ 1859-80-ական թվականներին Շուշիում գործել են մետաքսագործական, գորգագործական ֆաբրիկաներ, էլեկտրակայան, չորս կաշեգործարան, երեք ներկատուն, չորս տպարան (Միրզաջան Մահտեսի Հակոբյանի, Բագրատ Տեր-Սահակյանի, Մելքոն Բաբաջանյանի), հինգ իջևանատուն-հյուրանոց, 185 խանութ և մեկ հիվանդանոց։ Շուշին առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ 19-րդ դարի վերջին 60.000 բնակչությամբ Թիֆլիսից հետո Անդրկովկասի երկրորդ քաղաքն էր։ Մեծամասնություն կազմող հայերից բացի բնակվում էին նաև կովկասյան թաթարներ և ռուսներ։ 1918-1920 թթ. Ղարաբաղի Ժողովրդական Կառավարության նստավայրն էր։

Շուշիի հայերի ցեղասպանություն խմբագրել

1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ[53]։ Մի քանի օրում հրո ճարակ դարձավ շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ[54], որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված ֆինանսական տեսանկյունից։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականցրին հազարավոր հայ երեխաների, բանտարկեցին հազարավոր անմեղ մարդկանց։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Ադրբեջանական մուսավաթական կառավարության մայրամուտին հայերի ինքնապաշտպանության դիմելը սխալ էր, և ժամանակ շահելու դեպքում հնարավոր էր խուսափել Շուշիի ավերումից և հայ բնակչության կոտորածից։ Սակայն, բազմաթիվ փաստեր հաստատում են, որ Սուլթանովը և Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն նախապատրաստվում էին Արցախը նվաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխավոր թիրախ էր ընտրված հենց Շուշի քաղաքը։ «Հուսով եմ, որ Շուշի քաղաքում Կենտրոնի և հայկական շարժման պաշտոնական ենթարկեցման հետ, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող վերջավորություն»-Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահին հասցեագրված զեկույցում գրել է տխրահռչակ Սուլթանովը[55]։ Իրադարձությունների զարգացումը հասցրեց նրան, որ Ադրբեջանը բացահայտ ինտերվենցիա սկսեց անկախ Արցախի դեմ։ Ադրբեջանը արցախյան ռազմաճակատ էր նետել իր բանակի ողջ անձնակազմի շուրջ 80 ٪, ինչի հետևանքով էլ, թերևս, ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մտել էր Բաքու։ Ըստ ժամանակակցի վկայության, ադրբեջանական զավթիչները «մարտի 20-ին ազգաբնակչությանը զինաթափվելու վերջնագիր ներկայացրին»[56]։ «Մարտ ամսվա սկզբներին, նոր համալրումներով կրկին ուժեղացվեցին Շուշիի, Խանքենդու և Աղդամի կայազորները։ Շուշիում երևացին թուրք սպաներ, գեներալ Խալիլ փաշայի գլխավորությամբ»[57] Մինչ այդ, Շուշի էին ժամանել զորավար Նուրի Փաշան[58] և Նովրուզովը։ Ադրբեջանի կառավարությունը նրանց հրահանգել էր գործել «լայն մասշտաբով և ենթարկեցնել Ղարաբաղ-Զանգեզուրը»[59]։ Այս հանցավոր հրահանգը թաքցնելու նպատակով 1920 թ. ապրիլի 1-ին Ադրբեջանի պառլամենտը ցինիկաբար մեղադրել է հայերին «ապստամբություն» կազմակերպելու համար և սպառնացել, որ «հետագայում ավելին կարվի, եթե Ղարաբաղի հայությունը խոհեմ ու հնազանդ չպահի իրեն»[60] «Ապստամբության և դրան ի պատասխան հայերի բնաջնջման» առասպելը թուրք պատմաբանների կողմից օգտագործվել է նաև 1915 թ. 1,5 միլիոն հայերի բնաջնջումը արդարացնելու նպատակով։ Իրականում, Ադրբեջանական գաղութատերերի պատժիչ գործողությունները կասեցնելու համար հայերը ստիպված են եղել ապստամբել։ «Սուլթանովը հրամայել է զորքին հարվածել հայության գլխավոր կենտրոնին՝ Շուշիին»[61]։ Միաժամանակ բանակային հզոր զորարշավ է սկսվել Ասկերան-Խոջալու-Խանքենդ-Շուշի խճուղով։ Թվարկելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները և ներկայացնելով վճռական բախման անխուսափելիությունը. Արսեն Միքայելյանը փաստել է, որ բավարար ուժեր կային բնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման համար, սակայն առկա հնարավորությունները չօգտագործվեցին։«Քաղաքի Ինքնապաշտպանության Մարմնի և նախօրոք եղած առաջարկների հիման վրա, դեպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրա դրված պարտականությունները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետներին իրենց զինված ոստիկաններով (90) հոգի, 160 զինված գյուղացիներ՝ Ն. Ա.-ի և Գ.-ի ղեկավարությամբ...Քաղաքն ուներ ...400 զինված կռվողներ»[62] Շուշին սակայն չկարողացավ օգտագործել այդ ուժերը։ Ադրբեջանի կողմնակիցները թրքամոլ Գիգի աղայի գլխավորությամբ խանգարեցին, որ ներս մտնող հայկական ուժերը գրավեն գերիշխող դիրքերը։ Հայկական թաղամասի տներում տեղավորված ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները հրդեհում են իրենց բնակած վայրերը։ Առաջացած խուճապի պխատճառով ազգաբնակչությունը սկսում է փախչել դեպի գավառ՝ Քարին տակի արահետով։ Հայերին գլխովին կոտորվելուց փրկել է մառախուղը[63] և ինքնապաշտպանության պատանիների կազմակերպած դիմադրությունը[64] Ցեղասպանվել են շուրջ 8 հազար հայ[65]։

Շուշիի 1843 թվականի զինանշան խմբագրել

Շուշիի, որպես Կասպիական մարզի, Ելիզավետպոլի նահանգի գավառական քաղաք, զինանշանը հաստատվել է 1843 թվականի մայիսի 21-ին։ Զինանշանի վահանի վերնամասը բաժանված է երկու մասի։ Ձախ մասում պատկերված է լեռը հսկող հովազ։ Լեռը համաշխարհային կենց ծառի փոխակերպումն է՝ աշխարհի կենտրոնը։ Այն եռադեմ է. նրա գագաթին ապրում են Աստվածները (այն խորհրդանշվում է ֆոնի ոսկեգույն երանգով), կենտրոնում (երկրի վրա)՝ մարդիկ(այն խորհրդանշվում է կանաչ գույնով), իսկ ստորին մասում տեղադրված է դժոխքը (այն խորհրդանշված է գորշ գույնով)։ Հովազը (խորհրդանշում է բերրիության, բեղմնավորության կանացի աստվածությունը, բնակչության քաջությունը, նպատակաուղղվածությունը, ռազմունակությունը և ակտիվությունը), աջ մասում՝ կասպիական մարզի խորհրդանշան՝ նավթային կրակներն են։ Ըստ առասպելաբանական հանրագիտարանի կրակի պաշտամունքը սկսել է մարդու նախապատմական ժամանակներից, քանի որ կրակը մարդու ուղեկիցն ու օգնականն էր գիշատիչների դեմ պայքարում։ Միաժամանակ կրակը մաքրող և բուժիչ ուժ է, օջախի պահպանության խորհրդանիշ, ինչպես նաև վտանգավոր ու խորհրդավոր տարերք։ Կրակը կյանքի և հզորության խորհրդանիշն է եղել արցախահայության համար։ Վահանի ստորին մասում պատկերված է ղարաբաղյան նշանավոր տոհմային նժույգը՝ վարգի պահին։ Ձին իրերի թաքնված բնությունն է, անխորտակելի էություն։ Նաև խորհրդանշում է երկինք, կրակ, հարավ, արագություն, համառություն ինտելեկտ, իմաստնություն, խելք, ազնվականություն, դինամիկ ուժ, մտքի արագություն, ժամանակի վազք, ճարպկություն և բարի նախանշան։

Շուշիի գավառն ու քաղաքը ըստ 1897 թվականի մարդահամարի խմբագրել

Շուշի գավառը
Լեզվախումբ Տղամարդիկ Կանայք Երկու սեռը միասին
Ընդհանուր 74171 54600 138771
Վելիկոռուսներ 1109 333 1442
Մալոռուսներ 37 0 37
Բելառուսներ 1 0 1
Ընդամենը 1166 338 1504
Լեհեր 131 11 142
Լիտվացիներ 4 0 4
Մոլդովաններ և ռումիններ 75 0 75
Գերմանացիներ 11 6 17
Հույներ 2 0 2
Հայեր 37702 36251 73953
Պարսիկներ 6 2 8
Քրդեր 53 37 90
Հրեաներ 3 1 4
Վրացիներ 37 19 56
Ավարներ/Անդիյցիներ 9 0 9
Կյուրիներ 1 0 1
Ուդիներ 1 1 2
Թաթարներ 34942 27926 62868
Այլք (***) 28 8 36
Շուշի քաղաքը
Լեզվախումբ Տղամարդիկ Կանայք Երկու սեռը միասին
Ընդհանուր 13318 12563 25 881
Վելիկոռուսներ 232 127 359
Մալոռուսներ 56 5 61
Ընդամենը 269 127 396
Լեհեր 124 9 133
Լիտվացիներ 1 0 1
Մոլդովաններ և ռումիններ 73 0 73
Գերմանացիներ 9 3 12
Հայեր 7249 7171 14420
Պարսիկներ 3 2 5
Հրեաներ 3 1 4
Վրացիներ 26 13 39
Ավարներ/Անդիյցիներ 4 0 4
Թաթարներ 5542 5236 10778
Այլք (**) 15 1 16

*Վերոհիշյալ պաշտոնական աղյուսակում գոյություն չունի ադրբեջանցի ազգություն։

      • Վերջին տողի «Այլք»-ը այն լեզուներն են, որոնցով ամբողջ նահանգում խոսում են 200-ից քիչ մարդ

[66]

Շուշին խորհրդային ժամանակաշրջանում խմբագրել

1923 թ. նոր մայրաքաղաք է հայտարարվել Ստեփանակերտը, իսկ Շուշին այլևս չի վերականգնվել։ 1921 թ. Շուշիի բնակչությունը ընդամենը 9223 մարդ էր, 1923-ին՝ 6976, իսկ 1925-ին՝ 5000[67]: Ադրբեջանական գաղութարարները սկսեցին վարել Շուշիի թուրքացման քաղաքականություն 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին»[68]։ Լեոն իր «Գավառական հերոսներ» պատմվածքում գրել է. «...Այդտեղ հայերը քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը՝ փոքր մասը։ Երկու ազգերը ապրում են զատ-զատ, բոլորովին առանձնացած միմյանցից։ Թուրքը հայի մասին շատ և շատ բան գիտե, որովհետև թուրք է, ոչ ոքից վախ չունի, գալիս է արձակ-համարձակ հայի թաղն է շրջում։ Իսկ հայը թուրքի մասին,ոչինչ չգիտե, որովհետև վախում է թուրքից և թուրքի թաղից, վախում է այդ թաղի ծուռումուռ փողոցներից և այդ փողոցներում թավալվող «թուրքի լակոտներից», որոնց անունով հայ մայրերը վախեցնում են իրանց երեխաներին։ Թուրքերի ահագին թաղը հայերի համար անծանոթ երկիր է։ Ես էլ, իբր հայ, թուրքերին չեմ ճանաչում և հայերի մասին եմ խոսում»։ 1925 թ. հոկտեմբերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեց Շուշիի գավառի զարգացման մասին, որի համաձայն շրջանի տարածքում ԼՂԻՄ-ի համեմատությամբ հարկերը իջեցվեցին երկու անգամ, զարկ տրվեց գորգագործությանն ու ջուլհակագործությանը։ Արդեն 1926 թ. բյուջեով հայ բնակչության մեկ շնչին ծախսվում էր 4 ռուբլի 22 կոպեկ, իսկ թուրք բնակչության մեկ շնչին՝ 8 ռուբլի 23 կոպեկ։ Արդեն 1920-ականների վերջերին Բաքվում վստահ խոսում էին թուրքացված Շուշիի մասին։ 1960-ականների կեսերին Ադրբեջանական իշխանություններն ընդունեցին որոշում Շուշիի հայոց թաղամասի ավերակաները քանդելու և ադրբեջանական վերաբնակիչների համար «»անհրաժեշտ տարածք ապահովելու» մասին։ Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես Ադրբեջանի մարգարիտ ներկայացնելը։ Տնտեսական «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը՝ Քարին Տակը, Հին Շենը, Մեծ Շենը, Մեծ ու Փոքր Խերխանները, Եղցահողը, Կանաչ թալան, Ճաղատասարը (Լիսագորը), Տասը վերստը և այլն։ Նրանց հաջողվեց լրիվությամբ հայաթափել հայկական Մեծ ու Փոքր Խերխանները, Խակ (Մինքենդ), Ալգուլի (Աշաղը Ֆարաջա) և Հարար գյուղերը։ Միաժամանակ Գորիս տանող ճանապարհի մոտակայքում հիմնվեցին թուրքական նոր գյուղեր, որոնց բնակչությունը 1989 թվականի մարդահամարի համաձայն հետևյալն էր. Մամիշլար՝ 33, Ջամիլլար՝ 28, միրզալար՝ 31, Լաչինլար՝ 24, Զամանփայասի՝ 12 մարդ։ 1980-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ Շուշիի շրջանին միացվեցին բռնի թուրքացված Մալըբեյլի, Վերին և Ստորին Ղուշչիլար (Ասկերան) գյուղերը։ 1988-ին Ղայբալու հայկական գյուղում ( որի հայ բնակչությունը՝ 700 մարդ սրի էր քաշվել 1919 թ, մայիսին) վերաբնակեցվեց թուրք-մեցխեթինցիներով։

1988-մայիս-սեպտեմբերին Շուշիից բռնի տեղահանվեցին տեղի հայ բնակչությունը։ Շուշիի հայերի նկատմամաբ էթնիկական զտման պետական քաղաքականության կազմակերպիչներն էին Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Նիազ Հաջիևը, գործկոմի նախագահ Միքայիլ Գյոզալովը, մարզգործկոմի նախահագահի առաջին տեղակալ Ֆառուխ Հուսեյնովը, շրջկոմի 3-րդ քարտուղար Ռուհանգիզ Մուխտարովան, ՆԳ շրջանային պետ Ալամդար Թաղիևը, 92-րդ շինվարչության պետ Նիզամի Բահմանովը, երաժշտական դպրոցի տնօրեն Էլդար Ալիևը, կոմունալ տնտեսության տնօրեն Վագիֆ Ջաֆարովը, կենցաղսպասարկման ձեռնարկության տնօրեն Թոֆիկ Սուլեյմանովը, բժիշկ Մանսուր Մամեդովը, ՊԱԿ-ի աշխատակից Թոֆիկ Բաբաևը, բանտի օպերմասի պետ Յուսաֆալի Ջաֆարովը, թառի արտադրամասի պետ Նիզամի Իսմայիլովը, միլիցիոներ Թավաքյուլ Հուսեյինովը, դպրոցի տնօրեն Խավնար Կասումովան և այլն[69]։ Ժամանակն է, որ ԼՂՀ իշխանությունները այդ անձերի նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարեն։ 1989-90 թթ. խորհրդային ՆԳ զորքերի օգնությամբ իրականացված «Կոլցո» ահաբեկչական գործողությամբ իրենց բնակավայրերից տեղահանվեցին Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահոցի և Տասը վերստի հայերը։ Միակ գյուղը, որ մնաց անառիկ ադրբեջանական զավթիչների համար՝ Քարին Տակն էր։ 1992-ի հունվարի 26-ին Ադրբեջանի ՊԱԿ և ՆԳՆ հատուկ նշանակության զորքերի կողմից իրականացված ահաբեկչական ռազմագործողությունն ավարտվեց գաղութարարների խայտառակ պարտությամբ։ Քարին Տակի հերոսամարտը հիմք դրեց շրջանից ադրբեջանական զավթիչների վտարմանը։

Շուշիի ազատագրում, 1992 խմբագրել

 
Մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկը՝ քաղաքի մուտքի մոտ

Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-ից ուղղաթիռներն ամեն օր ՕՄՕՆ-ականներ, զենք ու զինամթերք էին տեղափոխում Շուշի՝ այն վերածելով ամուր հենակետի։ Աննկատ ադրբեջանական զորքեր էին մտցվում Կրկժան՝ Ստեփանակերտի վրա գրոհելու մտադրությամբ։ Թշնամական վտանգավոր հենակետը ոչնչացնելու համար, նախ 1992-ի հունվարի 11-ին վնասազերծվեցին զավթիչների Մալիբեյլու և Ղուշչիլար գյուղերի հենակետերը։ Հունվարի 19-20-ը ձեռնարկվեց Կրկժանի թշնամական հենակետի վնասազերծման գործողությունը։

Նախաձեռնությունը հայկական ուժերից խլելու ակնալիքով թշնամու 700 հոգանոց զորամասը 1992-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը լայնածավալ հարձակում կատարեց Քարին Տակ գյուղի վրա։ Գործողությունը ղեկավարում էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհթիևը[70]։ Մոտ 12 ժամ տևած ինտենսիվ մարտի ընթացքում թշնամին մարտադաշտում թողնելով շուրջ 90 դիակ՝ խուճապահար նահանջեց։ 1992-ի փետրվարի 26-ին գիշերվա ժամը 11:30-ին սկսվեց թշնամու հզոր ռազմական հենակետի՝ Իվանյանի (նախկին Խոջալու) վնասազերծման ռազմագործողությունը։ Առավոտյան ժամը 7:00-ին բնակավայրը մաքրված էր ադրբեջանական զավթիչներից։ Հասունացավ Շուշիի ազատագրման անհրաժեշտությունը։ 1991-ի նոյեմբերից մինչև 1992-ի մայիսի սկիզբը Շուշիից Ստեփանակերտի վրա արձակվել է 4741 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Հրետակոծությունների հետևանքով զոհվել է 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչ։ Ավերվել են 370 բնակելի տներ և շինություններ[71][72]։ 1992-ի ապրիլի 24-ին ԻՊՈՒ շտաբի կազմած ազատագրական գործողությունների պլանը, անհրաժեշտ հաշվարկներով ու քարտեզներով հիմնականում պատրաստ էր։

Ըստ հետախուզության տվյալների Շուշիում կենտրոնացված էր ադրբեջանական զավթիչների 2500 զինվոր, 3 տանկ, 9 ՀՄՄ, 10 ԶՓ, 2 ՀԻՄՄ, 3 հատ 100մմ թնդանոթներ, 2 ՄՄ-21 հրթիռային կայանք, խոշոր տրամաչափի 3 գնդացիր[73]։ Ըստ գեներալ-գնդապետ Դալիբալթայանի դասական տեսությամբ մշակած «Հրազդան» պլանի պահանջվում էր Շուշիի դեմ կենտրոնացնել 10 հազար հայ զինվոր։ Սակայն այդ ժամանակ ԼՂՀ ողջ զինուժի քանակը ընդամենը 7 հազար մարդ էր։

Ըստ ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի «Հարսանիք լեռներում» պլանի հակառակորդի դեմ կենտրոնացվեց 2520 զինվոր, 300 պահեստազոր, 2 «Գրադ» կայանք, երկու Տ-72 տանկ, 6 ՀՄՄ-1, 15 ՀՄՄ-2, երկու ԶՓ, չորս ՀԻՄՄ, երեք Դ-30, մեկ 120 մմ, մեկ 82 մմ և 2 100 մմ թնդանոթներ[73]։

1992 թ. մայիսի 4-ին ԻՊՈՒ հրամանատար Ա. Տեր Թադևոսյանը ստորագրեց հարձակման հրամանը։ Մայիսի 6-ին հակառակորդի զգոնությունը թուլացնելու և ապակողմնորոշելու համար զորաշարժ կատարվեց Ջանհասանի ուղղությամբ։ Մայիսի 7-ին երեկոյան ԼՂՀ կառավարությունը որոշում կայացրեց Շուշիում թշնամական կրակակետը վերացնելու մասին[74]։ Մայիսի 8-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը միաժամանակ անցել են հարձակման[75]։ Հյուսիսային կամ «26»-ի ուղղությունը (4-րդ,5-րդ,6-րդ,7-րդ,8-րդ,9-րդ, հետախուզական վաշտեր և այլ ստորաբաժանումներ) Վալերի Չիթչյանի ընդհանուր հրամանատարությամբ շարժվեց 1006,6,1200 և 1298,3 նիշերով բարձունքների վրա, խնդիր ունենալով դուրս գալ Շուշիի ծայրամասը[76]։ Բերդաքաղաքի արևելյան թևի վրա շարժվեց Արևելյան ուղղությունը (երեք ենթաուղղություններով, ձախ թև՝ Արգամ Հարությունյանի, կենտրոնական թև՝ Աշոտ Ղուլյանի և աջ թև՝ Ռուսլան Իսրայելյանի հրամանատարությամբ) Արկադի Կարապետյանի ընդհանուր հրամանատարությամբ հարվածեց բանտի, ղարմետաքսկոմբինատի և հիվանդանոցի ամրացված դիրքերին, խնդիր ունենալով մտնել քաղաքի մատույցները[77]։ Հարավային կամ Լաչինի ուղղությունը Սամվել Բաբայանի ընդհանուր հրամանատարությամբ հարվածեց Փոքր Քիրսի, Կարմիր-քարի, Նաբիլարի, Զառիստի և Ճաղատասարի թշնամական դիքերին, խնդիր ունենալով փակել Երևան-Շուշի-Ստեփանակաերտ մայրուղու Նաբիլարից վերև ընակծ հատվածը[78]։ Հյուսիս-արևմտյան կամ Ջանհասան-Կարագյավ ուղղությունը Սեյրան Օհանյանի ընդհանուր հրամանատարությամբ հարվածեց Ջանհասան, Քյոսալար և Կարագյավ ռազմաճակատի ողջ երկայնքով, խնդիր ունենալով գրավել այդ բնագծերը և գամել իր վրա թշնամու զգալի ուժեր Շուշիից[79]։ Չնայած հակառակորդի կատաղի դիմադրությանը ԼՂՀ ԻՊՈՒ-ի մարտիկները կատարեցին իրենց առջև դրված խնդիրները ր մայիսի 9-ին ժամը 16-00 դրությամբ ազատագրեցին հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին[80]։ Շուշիի ռազմական գործողության փայլուն ավարտը, մանավանդ կորուստների և տևողության նվազագույն չափը, որ հարուցել է ռազմարվեստի մասնագետների հիացմունքը, հայ մարտիկների խիզախության, գրոհի լավ կազմակերպման արդյունք էր։ Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը։ Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել։ Այդ ռազմագործողության մշակումն ու իրագործումն ապացուցել են հայ ժողովրդի ռազմական մտքի մշտարթուն կենսունակությունը և դարձել ԻՊՈւ-ի մարտական լուրջ մկրտությունը։ Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ ջրափակման օղակը և բացվել ԼՂՀ-ը ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը։ Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը։ Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը։ Այն բարոյահոգեբանական խորտակիչ հարված է հասցրել հակառակորդին, որն այդպես էլ պատերազմի ողջ ընթացքում չի կարողացել հաղթահարել պատրվածքի բարդույթը։ Այս հաղթանակն ունեցել է նաև համահայկական խոշոր նշանակություն և համաշխարհային հասարակության համար բացահայտել է Արցախյան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջությունը։ Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի[81]։ Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից և Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ը 1994 թ. սահմանել է «Շուշիի ազատագրման համար» շքանշան[82]։ Հայաստանում և Արցախում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր[81]։

Շուշիի գրավում, 2020 խմբագրել

2020 թվականի նոյեմբերի 7-ից 9-ը (այլ տվյալներով՝ 5-ից 6-ը) ընկած ժամանակահատվածում քաղաքը անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Աշխարհագրություն խմբագրել

 
Ձիատափ

Շուշին ընկած է Իրանական բարձրավանդակը Հարավային Կովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում, Արցախյան լեռնաշղթայի արևելյան մասում՝ հյուսիսային լայնության 39°45'49" և արևելյան երկայնության 46°44'51" միջև գտնվող ոչ ծավալուն, Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղին հսկող, դժվար մատչելի սարահարթի վրա (այն ունի շուրջ 6900 մ երկարություն)։ Քաղաքը սփռված է ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ և շրջապատի վրա կարևոր ռազմավարական իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա։ «Մեծ և անվանի դղյակ Շոշ կոչեցյալ ամրագունեղ բերդ»ից[83], որի տարածքը շուրջ 327,7 հա է (ներկա քաղաքի վարչական տարածքը շուրջ 6549 հա է)[84] հարավ-արևելյք՝ Հունոտի անդնդախոր և նեղ կիրճով հոսում է Կարկառ գետի վտակ Շուշինկան (Շօշի), իսկ արևմուտք՝ ավելի պակաս խորության ձորով, Ղայբալի վտակը։ Այդ երկու գետակների միացումից գոյանում է Կարկառ գետը։ Հարավարևմտյան ամենաբարձրադիր (1570 մ) ժայռից ոչ մեծ անկյունով Շուշիի մակերևույթը իջնում է դեպի հյուսիս-արևելք, ապա ամենացածրադիր (1300 մ) մասում միանգամից կախվում Հունոտի կիրճի վրա։ Արևմտյան հատվածը նման է մի վիթխարի ամֆիթատրոնի, իսկ արևելյան մասը համեմատաբար հարթ է։ Սարավանդի հարավ արևելյան մասում է գտնվում հանրահայտ Կատարոտի տափարակը, որի հարավային մասում է գտնվում Իրեք մեխ ժայռագագաթը։ Հարավ արևմտյան մասում գտնվում է Պուլուր թումբ, իսկ արևմուտքում՝ Հեռուստաաշտարակի գագաթները։ Սարավանդի գրեթե կենտրոնով ձգվում է մեղմ մակերես ունեցող բլրաշարքը, որը դարձյալ ցածրանում է դեպի արևելք։ Քաղաքի մակերևույթը մասնատված է երեք ձորերով։ Բնականից թույլ պաշտպանված հատվածներում այսօր էլ երևում են նախկինում բավականին հզոր և շուրջ 3390 մ երկարություն ունեցող ամրոցի պատերի և հզոր բուրգ-աշտարակների հատվածները։ Անդնդախոր կիրճերով և ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված լինելու հետևանքով Շուշին դարձել է մերձկասպյան տափաստաններից դեպի Հայկական բարձրավանդակի մուտքը փակող հզոր միջնաբերդ։ Շրջապատված լինելով միջին բարձրությամբ կանաչ ու անտառոտ լեռներով, որոնցից ամենաբարձրը՝ Մեծ Քիրսն ունի 2724,6 մ բարձրություն, Շուշին երբեմն ենթակա է հզոր քամիների ազդեցությանը։ Քաղաքն ունի մաքուր և առողջարար օդ։ Բնակավայրից 18 կմ հեռու գտնվում է Ճաղատասարի (Թթու ջուր, Լիսագոր) լեռնանցքը (2100 մ), որի վրայով անցնում է Ստեփանակերտ-Երևան A 317 մայրուղին։

Կլիմա խմբագրել

Շուշին գտնվում է միջին լեռնային, անտառային գոտում և ունի չափավոր խոնավ և համեմատաբար մեղմ կլիմա[85]։ Շուշիի միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է + 8,5 °C, հունվարին ջերմաստիճանը -2,4 °C է, մարտին՝ 2,9 °C, ապրիլին՝ +7,4 °C, հուլիսին՝ +19,3°, նոյեմբերին՝ +4,4 °C, դեկտեմբերին՝ -0,6 °C[86]: Բերված տվյալներից երևում է, որ աշունը Շուշիում ավելի տաք է, քան գարունը։ Բացասական ջերմաստիճան հիմնականում գրանցվել է հունվար և փետրվար ամիսներին։ Նվազագույն գրանցված ջերմաստիճանը եղել է -19,5 °C: Փաստորեն Շուշիում ձմռան ամիսներին ավելի տաք է քան Դաոսում։ Այսպիսով, ջերմաստիճանների միջին տարեկան տարբերությունը (ամպլիտուդը) հավասար է 21,5 °C, որը Շուշին դարձնում է բնական առողջարան։ Շուշին իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Ժնևին, Բերնին, սակայն գտնվում է հարավային աշխարհագրական դիրքում և ավելի տաք կլիմա ունի, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները։ Ծովի մակերևույթից ունեցած չափավոր բարձրության հետևանքով Շուշին ունի թեթև, մաքուր և պարզ օդ, աննման լեռնային տեսարաններ և լեռնամարգագետնային բուսականություն։ Ինչ վերաբերում է օդի խոնավության ստիճանին և տեղումների քանակին, ապա Շուշիում օդի միջին տարեկան բացարձակ խոնավությունը հավասար է 7 մմ, մինիմումը՝ հունվարին 3 մմ, մաքսիմումը՝ հունիսին, հուլիսին և օգոստոսին 11 մմ։ Միջին տարեկան հարաբերական խոնավությունը հավասար է 67٪: Մաքսիմումն ընկնում է ապրիլ՝ 73٪ և մայիս՝ 74٪ ամիսներին։ Աշնանը՝ 10-70٪, իսկ մինիմումը՝ ամռանը 7-59٪, ձմռանը՝ 1-65٪[87]: Տարեկան տեղումների քանակը կազմում է շուրջ 640 մմ։ Ըստ ամիսների տեղումների մաքսիմումը լինում է մայիսին՝ 127 մմ, մինիմումը դեկտեմբերին՝ 20 մմ։ Շուշիում հաճախ են մառախուղները. տարվա ընթացքում մառախլապատ են շուրջ 70 օրեր։ Դրանք լինում են հոկտեմբերին՝ 10 օր, դեկտեմբերին՝ 6 օր, մարտին՝ 9 օր, ապրիլին՝ 14 օր, մայիսին՝ 17 օր և այլն[88]։ Շուշիում տարվա բոլոր եղանակներին գերիշխում են հարավարևելյան քամիները, հազվագյուտ դիտարկվում են արևելյան և հարավային քամիներ։ Քամու միջին արագությունը չի գերազանցում 1,5 մետր/վրկ, սակայն դիտարկվել են նաև արտակարգ ուժի քամիներ։

Բնակչություն խմբագրել

Թե որքան բնակչություն է ունեցել Շուշին մինչև Փանահ խանի նստավայր դառնալը, առայժմ հայտնի չէ։ Սակայն դատելով 18-րդ դարի սկզբին հակաթուրքական պայքարի կենտրոնի դերակատարությունը, կարելի է ենթադրել, որ այն պատկառելի քանակ էր ներկայացնում։ Փանահ խանի օրոք Շուշի են տեղափոխվում զգալի քանակությամբ ռայաթներ, մելիքներ[89] և ծառայողներ (չվստահելով իր ցեղակիցներին նա զգալի քանակությամբ բնակիչներ է բերել Նախիջևանից[90]): 18-րդ դարից սկսած մինչև 1920 թ․ Շուշիի բնակչությունը կազմում էին հիմնականում հայեր, շիա դավանանքի պարսիկներ, սուննու դավանանքի թուրքեր, ինչպես նաև ազգային փոքրամասնություն կազմող հրեաներ, հույներ, վրացիներ, լեզգիներ, ռուսներ և այլն։ Այստեղ բնակություն են հաստատել Ագուլիսից, Նախիջևանից, Շահկերտից, Մեղրիից, Շոշ գյուղից և Արցախի այլ բնակավայրերից եկած հայեր, մեծ մասամբ արհեստավորներ ու առևտրականներ[91]։ Հայերն ապրել են քաղաքի վերին մասում, նրանց թաղերն ու եկեղեցիները կոչվում էին իրենց նախկին բնակավայրերի անուններով։ Տարբեր տեղերից վերաբնակեցված և առանձին թաղերով հաստատված հայերը կառավարվում էին առանձին թաղապետներով (քյանդխուդաներով)։ Չնայած «Ադրբեջանի պատմության» մեջ գրված է, որ 1795 թ. Շուշիի պաշտպանության համար մոբիլիզացվել էր 15 հազար մարդ, սակայն դա միայն բնակավայրին չի վերաբերվում, որովհետև նույն գրքի 380-րդ էջում շեշտված է, որ «XVIII դարի վերջին Հյուսիսային Ադրբեջանի(?) և ոչ մի քաղաք 6 հազարից ավել բնակիչ չուներ»[92]։ 1821 թ. Շուշին ուներ 500 տուն հայ բնակիչ[93]:XVIII դարի երկրորդ կեսին Այսրկովասի հինգ քաղաքներ՝ Դերբենդը, Ղուբան, Բաքուն, Գանձակը և Շուշին ունեին հինգ հազարից մի քիչ ավելի բնակիչ[94]։ Շուշիի գավառն ու քաղաքը ըստ 1897 թ. Ռուսական կայսրության բնակչության Առաջին Համընդհանուր մարդահամարի համաձայն Շուշի քաղաքն ուներ 25881 բնակիչ, որից 14420՝ հայեր, 10778՝ թաթարներ, իսկ 683՝ այլազգիներ։ [66]: 1897 թ. համառուսական մարդահամարի համաձայն (որով կասկածի տակ է դրվում 1898 թ. «Кавказский календарь»-ի տվյալները՝ 34118 մարդ) Շուշին բնակչության քանակով զիջում էր միայն Բաքվին (112253) և Գանձակին (32090), առաջ անցնելով Նուխիից (24817) և Շամախիից (20000)։ Համեմատելով 1886 թ. Շուշիում կազմված ընտանեկան ցուցակների և 1897 թ. համառուսական մարդահամարի տվյալները նկատում ենք, որ քաղաքի բնակչության աճը սկսել է նվազել։ Դա բացատրվում է Շուշիից ազգաբնակչության մի ստվար մասի Բաքու և Թիֆլիս տեղափոխվելով։ Այս բոլորին գումարվում է 1905-1905 թթ. հայ-թաթարական արյունալի ընդհարումների հետևանքով Շուշիում հայոց թաղամասերի ոչնչացումն ու հարյուրավոր հայերի սպանվելը[95]։ Քաղաքին վերջին, կործանիչ հարվածն է հասցվում 1918-1920 թթ. թուրք-մուսավաթական ագրեսիայի ժամանակ, որի արդյունքում Այսրկովկասի ամենանշանավոր քաղաք՝ Շուշին վերածվեց կիսաավերակ և աննշան մի բնակավայրի[96]։

Ժողովրդագրական աճ խմբագրել

Ծանոթ. Բնակչությունն ըստ հազարների

Տնտեսություն խմբագրել

Նախախորհրդային շրջան խմբագրել

18-19-րդ դարերում Շուշին առևտրական և արհեստագործական քաղաք էր։ Խանության ժամանակաշրջանում բնակչության զգալի զանգվածը բաղկացած էր արհեստավորներից՝ քարտաշներից, որմնադիրներից, ատաղձագործներից, փականագործներից, դարբիններից և այլն[97]։ Դժվար է մատնանշել մի արհեստ, որը գոյություն չունենար 18-րդ երկրորդ կեսին[98]։ Իբրահիմ խանի ժամանակ հայտնի է եղել ոսկերիչ Մելքումը[99]։ 1821 թ. Շուշիում ապրում էին երկու խոշոր վաճառական ընտանիքներ՝ Հախումյաններն ու Թառումյանները, որոնք միլիոնավոր կարողությունների տեր էին համարվում[100]։ Շուշիի առևտրականները առևտրական գործարքներ էին իրականացնում Սիբիրում, Իրանում և Եվրոպայում[101]։ 1852 թ. 576 խանութ ունեցող քաղաքի ամսական առևտրային շրջանառությունը կազմում էր 70-80 հազար ռուբլի[102]։ 1852 թ. Շուշիի արհեստների մասին պատկերացում է տալիս հետևյալ ամփոփագիրը.

Արհեստներ խմբագրել

Շուշիում արհեստավորների թիվը 1852 թ. հետևյալ պատկերն էր ներկայացնում՝

Շուշիի արհեստավորները.
Ատաղձագործներ 7 հոգի
Հյուսներ 42 հոգի
Որմնադիրներ 38 հոգի
Դարբիններ 27 հոգի
Կաշեգործներ 27 հոգի
Դերձակներ 52 հոգի
Գդակագործներ 28 հոգի
Թամբատակ պատրաստողներ 7 հոգի
Փականագործներ 20 հոգի
Պայտառներ 19 հոգի
Պղնձագործներ և կլայեկներ 13 հոգի
Արծաթագործներ 24 հոգի
Ժամագործներ 2 հոգի
Թամբագործներ 44 հոգի
Մաշկակարներ 40 հոգի
Թաղեգործներ 12 հոգի
Սափրիչներ 25 հոգի
Ներկարարներ 15 հոգի
Հացթուխներ 21 հոգի
Շուկաների խոհարարներ 12 հոգի
Հրուշակագործներ 6 հոգի

Ամփոփոգրից երևում է, որ արհեստավորների քանակը հասնում էր 481 հոգու[103]։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Շուշին աչքի էր ընկնում արհեստների մեծ բազմազանությամբ։ Շուշիի մետաքսաթելը, բազմապիսի գործվածքները, արծաթյա, ոսկյա և փայտե եզակի իրերը, մեծարժեք գորգերն ու զանազան կենցաղային առարկաները շրջում էին աշխարհի շատ շուկաներում՝ Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքի երկրներում և ուրիշ վայրերում։ Շուշին (գավառի հետ միասին) արտադրում էր Անդրկովկասի մետաքսաթելի մեկ վեցերորդ մասը։

Քաղաքի համար եկամտի կարևոր աղբյուր էր մետաքսի թելի և գործվածքեղենի առևտուրը Եվրոպայի, Ռուսաստանի և Արևելքի երկրների հետ։ Այն ժամանակվա պաշտոնական տվյալների համաձայն, Շուշի գավառում 1848 թ․ արտադրվել է 5 հազար փութ մետաքսաթել։ Շուշի քաղաքում գործել է շերամապահական կայան։ Այլ արդյունաբերական ձեռնարկություններն էին երեք մասնավոր տպարանները և 30 կիլովատ հզորությամբ Ղարաբաղի միակ էլեկտրակայանը[103]։

Քաղաքը ոչ միայն արտահանում էր, այլև ներմուծում։ Շուշին Թավրիզից ստանում էր բամբակյա և մետաքսյա գործվածքեղեն, մահուդ, թավիշ, Բուխարայից և Բաղդադից՝ գառան մորթի (կարակուլ), Նիժնի Նովգորոդից ստանում էր ապակյա և հախճապակյա ամանեղեն, շաքար, մոմ, գյուղատնտեսական գործիքներ։ Շուշին տարբեր տեսակի ապրանքներ էր ներմուծում Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից և Հոնկոնգից։ Այս ամենը վաճառքի էր հանվում «Թոփխանի բազար» կոչվող հայտնի շուկայում և քաղաքի ճոխ խանութներում։

Ճարտարապետություն խմբագրել

Շուշիում առկա են ռազմական ճարտարապետության հետաքրքիր նմուշներ, որոնց կառուցման տարեթվերն մինչ այսօր դեռևս ճշգրտված չեն։ Հայտնի է, որ Շուշիի շրջապարսպի վերանորոգում իրականացրել է Ավան հարյուրապետը (ուզբաշին) սկսած 1717 թ.: «Հիմնարկին շինութիւն 50 աշտարակի ի մեջ հին հազար կանգնաչափ երկարութեան պարսպին»-գրել է Հակոբ սարկավագ Պողոսյան-Զաքարյանց-Շուշեցին[104]։ Ժամանակի ռազմական ճարտարապետության տեսանկյունից ամրոցն անառիկ էր, կառուցված կրաքարից՝ 7-8 մետր բարձրությամբ և ուժեղացված կիսաշրջանաձև աշտարակներով (բուրգերով) և երկշարք հրակնատներով։ Բերդապարիսպն ունեցել է 4 հիմնական մուտք. Մխիթարաշենիի, Ամարասի, Ջրաբերդի (Գանձակի, այնուհետև վերանվանվել է Ելիզավետպոլի) և Երևանի։ Ամրոցն ունեցել է նաև օժանդակ մուտքեր (Քարին Տակի, Կատվի կածանի, Քառասուն աստիճանի և այլն), որոնց մասին տեղյակ էին միայն ամրոցաբնակները։ Պարսկական դրածո, ապաշնորհ խաների տիրապետության ժամանակաշրջանում Շուշիում չեն կառուցվել քաղաքացիական նշանավոր շինություններ։ Մարդիկ ապրել են գլխատներում (ղարադամներում), փայտե և հողե պատերով խարխուլ հյուղակներում[105]։ Անգամ պաշտամունքային շենքերը կառուցվում էին. եկեղեցիները՝ փայտից, մզկիթը՝ եղեգներից[106]։ Ռուսական տիրապետության առաջին տարիներին ռազմական լայնածավալ շինարարությունն ուղեկցվել է սարավանդի վերին մասի կառուցապատմամբ՝ կանոնավոր փողոցներով, հասարակական շեշտված կենտրոններով։ Այն արտացոլվել է բերդավանի վերակառուցման առաջին գլխավոր հատակագծում[107]։ Բնակավայր վերին մասի շինարարությունում նկատելի էր հայկական և ռուսական ոճերի միասնությունը, իսկ ստորին մասում՝ հայկական և պարսկական շինարվեստի սինթեզը։ Բնակավայր աննախադեպ աճի պայմաններում 1837 թ. Շուշին ունեցավ իր երկրորդ հատակագիծը[108], իսկ 1855-ին՝ երրորդը[109]։ 19-րդ դարի վերջին Շուշիում կար 10 ուսումնական հաստատություն, 185 խանութ, 2 տպարան, թատրոն, հիվանդանոց, 2 գրադարան, բազմաթիվ արհեստանոցներ, աղացներ, հյուրանոցներ և իջևանատներ։ Շուշի քաղաքի չորրորդ հատակագիծը կազմվել է 1912 թ. ճարտարապետ Ա. Ղոնդաղսազյանի կողմից։ Շուշիի պաշտամունքային կոթղներից կարելի նշել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար, Ագուլեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շուշի), Մեղրեցոց, Կուսանաց վանք, Կանաչ Ժամ եկեղեցի և Սուրբ Գևորգ եկեղեցիները, Վերին և Ստորին մզկիթները (մեչիդները)։ Պատմական հուշարձաններից կարելի է ընդգծել Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցը, Շուշիի ռեալական ուսումնարանը, Ժամհարյանների հիվանդանոցը, Ժամհարյանների պալատը, Հոգևոր տեսչության տպարանը, Պետական քաղաքային դպրոցը, Խանի աղջկա տունը, Գնդապետ Ռեուտի շտաբը, Գավառական դատարանի շենքը, Խանական ընտանիքի շենքը, Փոստի շենքը և այլն։ հետաքրքրական կառույցներ են նաև Երկհարկանի իջևանատունը, Թադևոս Թամիրյանի կառուցած հին ջրամբարներն ու աղբյուր-հուշարձանները, Նաթավանի աղբյուր-հոշւարձանը։

Քաղաքաշինություն խմբագրել

Շուշին հնագույն ժամանակներից հանդիսացել է հայկական բնակավայր։ Իրանական տիրապետության վերջին շրջանում՝ 1756-1806 թթ., Շուշին ազգային ինքնատիպության դրոշմ չունեցող, փայտե ու հողե պատերով, անկանոն կառուցվածապատված գորշ բնակավայր էր։ 19-րդ դարում կազմվել և իրականացվել է Շուշիի կառուցապատման 3 գլխավոր հատակագիծ, որոնք պահպանվում են Կենտրոնական պետական ռազմապատմական արխիվում, իսկ 4-րդ հատակագիծը 1912-ին կազմվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ (1904-1913 թթ.) Նիկիտա Արտյոմի Ղոնդաղսազյան ի կողմից[110]։ Առաջին հատակագիծը կազմելիս ռուս զինվորական ինժեներները հիմնականում ուշադրություն են դարձրել քաղաքի ռազմապաշտպանական կարողության ամրապնդման հարցերին։ Երկրորդ հատակագիծը կազմվել է 1837-ին, ուր պաշտպանական շինություններից զատ նախատեսվում էր նաև քաղաքաշինական հարցեր։ 1855-ին քաղաքի աննախադեպ աճի թելադրանքով կազմվեց նոր հատակագիծ[111]։ Մեսրոպ Թաղիադյանը իր «Ճանապարհորդութիւն ի հայս» աշխատության մեջ, նկարագրելով 1820-ական թվականներին Շուշիում ծավալված լայնաթափ շինարարությունը, գրում է. «Ունէին եկեղեցիս երիս, զԱգուլեցւոց, զՂարաբաղցւոց,զՂազանչեցւոց այլ քարակերտ ու զմեծ եկեղեցիս ի նորոյ շինեցին յայնժամ երկոքին եղբայրքն Թառումեանք՝ Զոհրաբ և Մարկոս»[112]։ 1852 թ․ Շուշին ուներ 11 փողոց, 6 հրապարակ, 4 քարաշեն և 2 փայտաշեն կամուրջ, 5 իջևանատուն-հյուրանոց (քարվանսարա), 7 պանդոկ, 4 կաշեգործարան, 3 աղյուսագործարան, 3 ներկատուն, ոչ մեծ մետաքսագործական ֆաբրիկա, 3 տպարան, էլեկտրակայան, 376 խանութ, հիվանդանոց, 1856 երկհարկ և եռահարկ բնակելի տուն[113]։ Քաղաքի չորս դարպասներից երկուսը՝ Երևանյան և Եղիսաբեթպոլիսյան, 19-րդ դարի վերջում դեռևս կանգուն էին։ Թոփխանա հրապարակը գտնվում էր հայկական մասի կենտրոնում։ Թոփխանայում խաչաձևվում էին քաղաքի առևտրա-տնտեսական և հասարակական հարաբերությունները։ Շուշիի հին թաղամասերից հայտնի են՝ Ղումլուղի, Մելիքենց, Քամու աղացի, Խանձկենց, Կազարմեն, Վերին, Փոստի, Վանքի, Աղբրին կամ Ներքին, Աղաբեկենց, Ագուլեցոց, Ղազանչեցոց, Մեղրեցոց, Գյավուր ղալա, Հին հանգստարանի, Դաբաղներեն ձորի, Բագունց հորերի, Տյուզեն և այլն։ Թուրքական մասում աչքի էին ընկնում գլխավոր մզկիթը, Մեհտի խանի բնակարանը, բաղնիքը (հայերն այնտեղ չէին հաճախում կեղտոտ լինելու պատճառով) և մի քանի թուրք հարուստների տներ։

Մշակույթ խմբագրել

Շուշիի գրադարաններ խմբագրել

1820-ական թթ. Շուշին դարձավ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր լայն թափ ստացավ կրթական-մշակութային կյանքը։ Ամբողջ մեկ դար տևած մշակութային աննախադեպ վերելքն ընդհատվեց 1920 թ. հայեր ֆիզիկական և մշակութային ցեղասպանությամբ։ Շուշիում լուսավորության գործի խթանման համար կարևորագույն քայլ էր 1859 թ. գրադարան-ընթերցարանի հիմնումը, որի մասին 1860 թ. «Կռունկ Հայոց Աշխարհի»-ն գրում է. «Շուշիի հայկազունք … մի Վերծանության թանգարան հաստատեցին», որի մեջ հայերեն և ռուսերեն, տարաբնույթ գրքեր, օրագրեր և լրագրեր հավաքեցին հասարակաց ընթերցանության համար։ Հաստատության բացմանը մեծապես օժանդակում են Աստվածատուր Շխեյանցը և Բաբա Բահադուրյանցը, որոնք, բացի դրամական օգնությունից, գրադարանին են նվիրում գրականություն։ Նույն թվականին հաստատվում է նաև գրադարան-ընթերցարանի կանոնադրությունը։ Հայոց բարեգործական ընկերության Շուշիի մասնաճյուղի գրադարանը բացվել է 1889 թ. մարտի 10-ին և գործել է ինքնուրույն կանոնադրությամբ։ Գրադարանից օգտվելը վճարովի էր, այն ուներ մշտական ընթերցողներ։ Ունեցել է ընդարձակ ընթերցասրահ, ստանում էր գրականություն և մամուլ հայերեն ու ռուսերեն լեզուներով։ Հարուստ գրադարան է ունեցել թեմական դպրոցը։ Գրադարանը ստեղծվել է 1859 թ. Բաղդասար Մետրոպոլիտի ջանքերով ու միջոցներով (այդ թվում՝ Վենետիկի Մխիթարյանների հրատարակություններով)։ Հարուստ գրականություն է ունեցել քաղաքի ձմեռային ակումբի գրադարանը, որից օգտվել են Շուշիի բոլոր քաղաքացիները։ Հոգևոր թեմական և ռեալական դպրոցներն էլ ունեցել են հարուստ գրադարան։ 1887 թ. Դադյան եղբայրները բացել են կազմատուն, որին կից գործել են գրատուն ու գրադարան։ Գործել են նաև մի քանի գրախանութներ։

Թատրոն խմբագրել

Շուշիի մշակոյթային կյանքում որոշակի աշխուժություն մտավ 19-րդ դարի երկրորդ կեսին։ Թատրոնը, թերթերը, Հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղի հիմնադրումը, վերջինիս գրադարան-ընթերցարանի բացումը իրենց հետ բերեցին նոր գաղափարներ ու թարմ հոսանքներ։ Թատերական ներկայացումները («Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ» և «Շկոլի վարժապետը» պիեսները) Շուշիում դրվել են 1860 թ.-ից՝ ինքնագործ սիրողական խմբերի կողմից, Թիֆլիսից Շուշի եկած դերասանների (Ս. Մանդինեան, Գ. Չմշկեան, Մ. Ամբիկեան) օգնությամբ։ Բոլոր դերերը խաղացել են տղամարդիկ, բեմ են հանվել պատմական բովանդակությամբ պիեսներ։ 1980-ական թթ. ներկայացվել են կենցաղային թեմաներով պիեսներ ղարաբաղի բարբառով (Տ. Նազարյանի «Ճպատդ քոլադ կտրի», Կ. Մելիք-Շահնազարյանի «Տմբլաչի Խաչան»)։ Բեմահարթակ են դուրս եկել նաև կանայք, թեև քաղաքի լայն հասարակությունը տակավին պատրաստ չէր ընդունել՝ կանանց թատրոն հաճախելն ու բեմ դուրս գալը։ 1891 թ. թատերասեր Դ. Խանդամիրյանի միջոցներով Շուշիում կառուցվել է թատրոնի համար 350 տեղանոց հատուկ շենք, ներկայացումների անհրաժեշտ պարագաներով։ 1910-ական թթ. կինոն մուտք է գործել Շուշի, պարբերաբար կինոժապավեններ են ցուցադրվել։ Շուշին դառնում է հայ նշանավոր դերասանների (Սիրանուշ, Հ. Աբեղյան, Վ. Փափազյան, Ա. Ոսկանյան և այլք) հյուրախաղերի ցանկալի վայրը, իսկ նշանավոր Պ. Ադամյանը Շուշիում հանդես է եկել տակավին 1881 թ.: Թատրոնի շենքում հաճախակի են դառնում երաժշտական երեկոները։ Այստեղ ներկայացումներ էին բեմադրվում նաև ռուսերեն ու թուրքերեն լեզուներով։ 1904 թ. Հ. Աբելյանը թուրք և հայ դերասանների մասնակցությամբ իրականացնում է «Օթելլոյի» թուրքերեն առաջին բեմադրությունը։ 1905 թ. հայ-թուրքական զինված ընդհարումների ժամանակ թատրոնի շենքը հրկիզվել է թաթար ավազակախմբի կողմից։

Մամուլ խմբագրել

Տպարաններ խմբագրել

Ինչպես հայտնի է՝ հայ գրքի տպագրությունը սկզբնավորելով հայրենիքից հեռու, օտար ափերում՝ Վենետիկում (1512 թ.), ճյուղավորվեց (Մադրաս, Կալկաթա, Վիեննա, Կ. Պոլիս, Զմյուռնա և այլուր) ու միայն 1771 թվականին հասավ Էջմիածին։ Հետևաբար, Շուշին հայ տպագրության այս կարևորագույն օջախը, բուն Հայաստանում, Էջմիածնից հետո, ըստ հերթականության, երկրորդն էր, իսկ ամբողջ Անդրկովկասում երրորդը՝ Թիֆլիսից (1823 թ.) հետո։ Մեսրոպատառ առաջին գիրքը՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» (1823 թ.) խորագրով Շուշիում լույս տեսավ 1828 թվականին, նախորդ տարում շվեյցարացի քարոզիչների կողմից բացված առաջին տպարանում։ Շուշիում առաջին տպարանը բացել են Բազելի միսիոներները 1827 թ. (երկրորդը Արևելյան Հայաստանում՝ Էջմիածնի տպարանից հետո)։ Միսիոներները տպագրել են բարոյա-խրատական, կրոնական բովանդակությեամբ գրքեր հայերեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներով և մայրենի լեզվի ուսուցման ձեռնարկներ մատչելի աշխարհաբար հայերենով։ 1835 թ. այն անցել է Ղարաբաղի հոգևոր վարչությանը և կոչվել «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։ 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 1920 թ. գործել են նաև Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանն (բացվել է 1877 թ.) ու Բագրատ Տեր-Սահակյանի տպարանը։ Շուշիում առաջին անգամ տպագրվել են՝ 1837 թ.՝ Բայրոնի «Շիլիոնյան կալանավորը», Մովսես Զոհրապյանի թարգմանությամբ 1839 թ.՝ Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմություն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց աշխարհին Աղուանից» աշխատությունը 1881 թ.՝ Րաֆֆու «Խենթը» վեպը 1889 թ.՝ «Դավիթ և Մհեր» ժողովրդական դյուցազնավեպը, որը ազգային հերոսավեպի երկրորդ հայտնի պատումն է Մ. Աբեղյանի գրառմամբ։ Սկզբնական շրջանում լույս տեսած գրքերը հիմնականում թարգմանություններ էին՝ եկեղեցական, կրօնական ու բարոյախոսական բնույթի։ 1829-1830 թթ. տպարանում լույս տեսան նաև գիտական և ուսուցողական բնույթի գրքեր։ 1830-ականներին տպարանը գնեց Ղարաբաղի թեմի հառաջնորդ Բաղդասար Մետրոպոլիտը և այն վերանվանեց «Հայոց հոգևոր տեսչության տպարան»։ 1837 թ. այդ տպարանում հրատարակվեց Բայրոնի «Շիլիոնյան կալանավորը»՝ Մ. Զոհրապյանի թարգմանությամբ։ 1830-50-ական թւականներին լույս ընծայվեցին Եսայի Հասան-Ջալալյանի արժեքավոր պատմական երկը՝ «Պատմութիւն կամ Յիշատակ ինչ ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից, համառօտագրեալ ‘ի Սրբազնակատար Կաթողիկոսէն Աղուանից ի Տէր Եսայեանց Հասան Ջալալեանց. Ի թւականին հայոց ՌՃԿ (1160), իսկ ի թւականի Տեառն մերոյ փրկչին Յիսուսի 1711 (Շուշի, 1839) վերտառությամբ, «Ծիսարան, որ կոճի Մաշտոց», «Տետր այբբենական», «Կրոնագիտութիւն», «Համառօտութիւն փոքր քերականութեան գրաբար լեզուի հայոց» և այլ գրքեր։ 1860-ականներին այդ նույն տպարանում լույս տեսան Պերճ Պռոշյանի «Ղարաբաղու տիրամայր Սուրբ Մարիամու օրիորդաց ուսումնարանի բացուիլը» աշխատությունը, ինչպես նաև նույնի թարգմանությամբ Կ. Եզյանի «Ներքին կեանք Հին Հայաստանի», Հ. Թերճիմանյանի «Համառօտ պատմութիւն հայոց» երկասիրությունները և այլն։

1881 թվականին Շուշիում բացվեց «Միրզաջան Մահտեսի Հակոբեանի տպարանը», որն իր գոյության 25 տարիների ընթացքում հրատարակել է մեծ քանակությամբ գեղարվեստական ու պատմագիտական գրականություն, դպրոցական ձեռնարկներ ու դասագրքեր, թերթեր ու ամսագրեր[114]։ Առաջին անգամ առանձին գրքով լույս տեսան Րաֆֆու «Խենթը», Լեօյի «Վէ՞պ թէ պատմութիւն», «Վահան Մամիկոնեան», «Իմ յիշատակարանը», Ա. Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արուեստը» արժեքավոր երկերը։ Թարգմանական գրականությունից հիշատակելի են Ֆիրդուսու «Շահնամեն» (1893 թ.), Ա. Դոդեի, Ջ. Դրեպերի և այլոց գործերը։ Ուշադրության արժանի է 1879 թ. Շուշիում Տ. Նազարյանի բացած հրատարակչական գրասենյակը։ Նա հրատարակել է Ն. Տէր Ավետիքյանի «Քնար Խօսնակը» և իր թարգմանությամբ լույս է ընծայել Հ. Սենկևիչի «Պոզնանի ուսուցչի օրագրից» պատմվածքը, որն, ի դեպ, լեհ նշանավոր գրողի հայերեն առաջին գրքույկն էր։ Տ. Նազարյանը տպագրել է Ալ. Դոդեի երկու մանրավեպը, Կ. Մելիք-Շահնազարյանի «Ղըլըցե կընանոց պընը փեշակը» կենցաղագրական երգիծապատումը, ապա նաև դանիացի հանճարեղ հեքիաթագիր Անդերսենի «Սոխակը» և «Խոզարածն ու արքայադուստրը» հեքիաթները։ Շուշիի գրական սուղ միջավայրը ի վիճակի չէր ապահովելու հրատարակչական գրասենյակի արգասավոր գործունեությունը։ Ստեղծված փակուղուց դուրս գալու նպատակով Տ. Նազարյանը դիմում է նորաստեղծ «Թիֆլիսի հայերէն գրքերի հրատարակչական ընկերութեանը», խնդրելով օգնության ուղարկել իրեն ընկերության կողմից ընդունված կամ մերժված ձեռագրերից։ Սակայն հայրենի քաղաքում հրատարակչական գործ ծավալելու ակնկալություններն ապարդյուն եղան։ Մի կողմից նյութերի պակասը, մյուս կողմից «Գործ» ամսագրի հրատարակիչ, Նազարյանի քեռու՝ Սիմոն Հախումյանի նկատմամբ ցարական գրաքննության վարչության կիրառած հալածանքները հարկադրում են նրան 1882 թ. տեղափոխուել Թիֆլիս՝ ավելի լայն ծրագրով շարունակելու գրքերի հրատարակման գործը։ Սակայն այստեղ ևս Տ. Նազարյանը չկարողացավ իրականացնել իր ցանկությունը, որովհետև այդ օրերին ավելի էին խստացել գրաքննության օրենքները։ 1905 թվականից հետո Շուշիում գործել են Բագրատ Տեր-Սահակյանի և Մելքոն Բաբաջանյանի տպարանները, որոնց գործունեությունն ընդհատվել է թուրք-ադրբեջանական զավթիչների կողմից 1920 թվականի մարտի 23-ին՝ Շուշիի բարբարոսական ավերման ժամանակ։ Այսպիսով, 1828-1920 թթ. Շուշիում գործել է հինգ տպարան։ Այդ ժամանակամիջոցում հրատարակվել է ավելի քան 150 անուն գիրք։

Լրատվամիջոցներ խմբագրել

1874 թվականից մինչև 1920 թվականի մարտը Շուշիում լույս է տեսել երկու տասնյակից ավելի անուն թերթ և հանդես, որոնցից 3-ը՝ ռուսերեն։ Շուշիում լույս տեսած առաջին պարբերականը «Հայկական աշխարհն»[115] էր, որն անջնջելի հետք է թողել մեր պարբերական մամուլի պատմության մեջ։ Օգտավետ նախաձեռնությունների հետևորդներ դարձան Շուշիի հետագա պարբերականները՝ «Քնար խօսնակը» (1881 թ.), «Գործը» (1882-1884 թթ.), «Ազգագրական հանդէսը» (1896 թ.), «Ղարաբաղ» (1911-1912), «Միութիւն» (1913), «Միրաժ» (1913-1917), «Փայլակ» (1915-1917), «Ծիածան» (1916), «Պայքար» (1916), «Ծիծաղ» (1916), «Նեցուկ» (1917), «Եռանդ» (1917), «Ղարաբաղի սուրհանդակ» (1918), «Շուշինսկայա Ժիզն» (1913-1914) և «Գոլոս Նարոդա» (1919)[116] թերթերը տպագրւում էին հայ մտավորականների ուժերով։

XIX դարի 60-ական թվականներին ինչպես Ռուսական կայսրության մյուս տարածաշրջաններում, այնպես էլ Արցախի կենտորն Շուշիում որոշակի զարթոնք ապրեց հասարակական-քաղաքական կյանքը, նկատվեց գաղափարական վերելք։ Քաղաքական շարժումները, հեղափոխական տրամադրությունների աճը, առաջադեմ գաղափարներով տոգորված գործիչների աշխուժացումը իրենց բարերար ազդեցությունն ունեցան նաև գրականության, արվեստի, դպրոցի, մամուլի, հրապարակախոսության զարգացման համար։

Կրթություն խմբագրել

Առաջին կանոնավոր դպրոցը 1827 թ. հիմնադրել են 1823 թ. Շուշիում հաստատված Բազելի (Շվեյցարիա) «Ավետարանական քարոզչության ընկերության» ներկայացուցիչները։ Այստեղ սովորողների թիվը շուտով հասել է 130-ի։ Դասավանանդում էին հայոց, պարսից, ռուսաց և այլ լեզուներ։ Դպրոցը դրական ազդեցություն ունեցավ Շուշիում կրթական-դաստիարակչական գործի կազմակերպման վրա։

1838 թ. հունիսի 22-ին Արցախի թեմի առաջնորդ՝ Բաղդասար մետրոպոլիտը Շուշիում բացել է Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցը։ Դպրոցի եկամուտի հիմնական աղբյուրը յուրաքանչյուր ծխականից գանձվող հատուկ տուրքն (20 կոպեկ) էր։ Թեմական դպրոցում դասավանդել են ապագա նշանավոր հայ գրողներ ու գրականագետներ՝ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Մ. Պլուզյանը, գրողներ Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Վրթանես Փափազյանը։

1881 թ. Շուշիում բացվել է պետական դպրոց՝ Շուշիի ռեալական ուսումնարանը, որտեղ դասավանդումը ռուսերեն լեզվով էր։ Ռեալական դպրոցի սովորողների մեծ մասը հայեր էին։ 1901-1908 թթ. մեծահարուստ Գրիգորի Մարտենի Առաքելյանի միջոցներով կառուցվել է ռեալական դպրոցի եռահարկ շենքը, որի ավերակները կանգուն են առայսօր։

Շուշիում գործել է նաև Մարիամյան օրիորդաց վարժարանը (1864-ից), Քաղաքային տղացոց դպրոցը (հիմնադրվել է 1875 թ., ուներ 300-350 սովորող, ուսման տևողությունը՝ 7 տարի), երեք պետական դպրոց, մոտ 200 աշակերտներով, որոնց մեծ մասը հայեր էին։ 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին տասնամյակներում գործում էին մասնավոր և երկսեռ ծխական դպրոցներ թաղական եկեղեցիներին առընթեր։ Շուշիի Մարիամ-Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոցը սկսել է գործել 1914 թ. փետրվարի 24-ին։ Շուշիում էր գտնվում 1900-ական թթ. Ղարաբաղի միակ մանկատունը, որի 100 սաներից 70-ը արևմտահայ էին։ Գործում էր 2 մանկապարտեզ, նաև կարուձևի 2 դպրոց[117]։ Շուշիի նախախորհրդային շրջանի դպրոցներից էին նաև Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը,Շուշիի կույսերի մենաստանին կից ծխական դպրոցը,Շուշիի հոգևոր ծխական դպրոցը,Շուշիի Ագուլեցոց ծխական դպրոցը,Շուշիի Մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու արական դպրոցը,Շուշիի Վերին թաղի Ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու Թադևոսյան արական ծխական դպրոցը,Շուշիի տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոցը,Շուշիի հայ բողոքականների դպրոցը,Շուշիի Ա. Բաղդասարյանի մասնավոր դպրոցը,Շուշիի Ա. Պարոնանի մասնավոր դպրոցը,Շուշիի Ա. Տեր-Գրիգորյանի մասնավոր դպրոցը,Շուշիի Ա. Տեր-Հովհաննիսյանի մասնավոր դպրոցը,Շուշիի Վ. Շախունցի մասնավոր դպրոցը և այլն։

Շուշին այսօր խմբագրել

Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է 4.100 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից[118]։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն[119]։

Այսօր Շուշին ապրում է իր առօրյա կյանքով։ Քաղաքում գործում են երեք հանրակրթական դպրոցներ, երաժշտական մեկ դպրոց, մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Հ. Գյուրջյան գեղարվեստի ինստիտուտ, հումանիտար քոլեջ և երկու մանկապարտեզ։ Շուտով կգործեն նաև Հայաստանի Ագրարային համալսարանի մասնաճյուղն ու Արհեստագործական դպրոցը։

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության Շուշի տեղափոխվելուց հետո աշխուժացել է նաև մշակութային կյանքը։ Մշակույթի օջախներից են Շուշի քաղաքի թանգարաններ ՊՈԱԿԸ՝ իր մասնաճյուղերով. Շուշի քաղաքի պատմության թանգարան, Շուշիի ակադեմիկոս Գ. Ա. Գաբրիելյանցի անվան Երկրաբանության թանգարան, կերպարվեստի թանգարան և պատկերասրահ։ Առանձին գործում են Գորգերի անհատական թանգարան, ցուցասրահ, Ժամհարյանի մասնավոր թանգարանը։ Գործում է նաև Խանդամիրյան թատրոնն (2008 թ.) ու մշակույթի և երիտասարդության կենտրոնը։ Բարերարների ջանքերով կառուցվել է փոքր մարզադաշտ։

Շուշի է տեղափոխվել նաև Արդարադատության նախարարությունը։

Քաղաքի փողոցները արվեստի գործերով զարդարելու նպատակով անցկացվում է քանդակագործների «Հակոբ Գյուրջյան» երրորդ միջազգային սիմպոզիումը։

Շուշիում վերջերս վերագործարկվել է գորգագործական ֆաբրիական, որն ունի 30-40 աշխատող։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

Շուշին բաց թանգարան է երկնքի տակ։ Զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայրերն են ռեալական ուսումնարանը, Ժամհարյանների առանձնատունն ու հիվանդանոցի շենքը, Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցի շենքը (այժմ՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքը), Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը, Սուրբ Հովհ. Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին, քաղաքը հյուսիսից եզերող ամրոցի պատերն ու Ելիզավետպոլյան մուտքը, գերեզմանոցները, Ձիարշավարանը, սարավանդը եզերող ժայռապարը, Հունոտի կիրճը, Մամռոտ քարը, քարանձավները, Իսահակի աղբյուրը (Պեխե աղբյուր) և այլն։

Շուշիի հյուրանոցներ խմբագրել

Շուշիում այսօր գործում են «Ավան Պլազա», «Նոյան Տապան», «Շուշի» և «Գրանտ հոթել» բարձրակարգ հյուրանոցները։

Քաղաքում գործում են նաև անհատական, առանձնատնային կարգի հյուրանոցներ, որոնք նախկին իջևանատների ավանդությունների վերականգնման փորձեր են։

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Շուշիի քաղաքային իշխանությունն իր գործառույթները լիարժեքորեն չի իրականացնում, քանի որ քաղաքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Մակար Բարխուդարյան,Արցախ,էջ 88-89:
  3. Հայկական Հարց, Հանրագիտարան, էջ 387
  4. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 55. ISBN 99941-56-03-9.
  5. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  6. 6,0 6,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. 7,0 7,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. 9,0 9,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. Caucasian Calendar (Кавказский Календарь), 1917, p. 190․(ռուս.)
  11. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  12. [1]
  13. Շուշի, Փոստային հին բացիկներ/Շահեն Մկրտչյան/Եր., 1990 թ
  14. Шаген Мкртчян/историко-архитектурные памятники Нагорного карабаха/Ер., 1988г., стр. 173
  15. С. М. Хайдаков//«Сравнительно-сопоставительный словарь дагестанских языков»/Москва 1973 թ./стр. 70
  16. n. Mkrtchjan://«neue hethitich-armenische lexcikalische Parallelen»/(Acta Antique...)t XXII,fasc 1-4/Budapest 1974 թ./էջ 317-319
  17. Լ. Ս. Խաչիկյան, ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մաս I, Երևան, 1955, էջ 384 (№408)
  18. [Հ. Ղ. Գրգերյան, Ն. Մ. Հարությունյան://Աշխարհագրական(չաշխատող հղում) անունների բառարան/Հ-Ֆ/Երևան 1989 թ./էջ 179-180]
  19. [Բակուր://Շուշի(չաշխատող հղում) բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 11]
  20. [Բակուր://Շուշի(չաշխատող հղում) բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 12]
  21. [Գ. Սարգսյան, Ալ. Հակոբյան://Նորահայտ(չաշխատող հղում) Կարկառ քաղաքատեղին Արցախում/Վարձք/N 5/հունվար-մարտ/Երևան 2012 թ./էջ 43-59]
  22. [Բակուր://Շուշի(չաշխատող հղում) բերդաքաղաքը/Պատմությունը մինչև 1920 թ./Երևան 2000 թ./էջ 13]
  23. [Մ. Հարությունյան://Շուշի(չաշխատող հղում) բերդի պատմությունը/վարկածներ, տեսակետներ /Մարտիկ/2000 թ./թիվ 40]
  24. [Թօփճեան Յակոբ://Ցուցակ(չաշխատող հղում) ձեռագրաց Խաչիկ վարդապետի Դադեան/ժողոված 1878-1898, մասն Բ/Վաղարշապատ 1900 թ./էջ 35]
  25. [Աշոտ Հովհաննիսյան://Դրվագներ(չաշխատող հղում) հայ ազատագրական մտքի պատմության/գիրք երկրորդ/Երևան 1959 թ./էջ 609]
  26. [2]
  27. [Շ. Մկրտչյան, Շ. Դավթյան://Շուշի(չաշխատող հղում) ողբերգական ճակատագրի քաղաքը/Shoushy the city of tragic fate/Երևան 2008 թ./էջ 13]
  28. [Լեո://Երկերի(չաշխատող հղում) ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 120-122]
  29. [Շ. Մկրտչյան, Շ. Դավթյան://Շուշի(չաշխատող հղում) ողբերգական ճակատագրի քաղաքը/Shoushy the city of tragic fate/Երևան 2008 թ./էջ 16]
  30. [Մ.Ա. Հարությունյան://Հայաստան-Արցախ/Պատմության(չաշխատող հղում) և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին./Ստեփանակերտ 2009 թ./էջ 130]
  31. [Հայկական հարց://Հանրագիտարան/Երևան(չաշխատող հղում) 1996 թ./էջ 367]
  32. [Հայ Ժողովրդի պատմություն.:հ. 4-րդ/Եր.,19 թ./էջ 181 ]
  33. [Վլ. Սևյան.:Շուշի/Եր.,1991 թ./էջ 11 ]
  34. [3]
  35. П.А. ЧОБАНЯН,М. М. КАРАПЕТЯН ИЗ ИСТОРИИ АРМЯНО-РУССКИХ ОТНОШЕНИЙ (Об исторических связях Карабаха с Россией)стр. 96
  36. [Լեո://Պատմություն(չաշխատող հղում) Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի/Թիֆլիս 1914 թ./էջ 60]
  37. [Լեո://Երկերի(չաշխատող հղում) ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 267]
  38. [Нерсесян М.Г.://А. В. Суворов и русско-армянские отношения в 1770-10780-х годах//Е., 1981 թ./стр. 136]
  39. [Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии://Т(չաշխատող հղում). I, с. 1768 по 1774 год/Под ред. А. А. Цагарели/СПб., 1891, док. 198, с. 434-435/В. Г. Мачарадзе. Материалы по истории русско-грузинских отношений второй половины XVIII века/Часть III, вып. I/Русско-турецкая война 1768-1774 годов и Грузия/Тбилиси, 1968, с. 364]
  40. [Լեո://Երկերի(չաշխատող հղում) ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 262]
  41. [Հայկական հարց, հանրագիտարան, Եր 1996 թ.,էջ 367]
  42. [Լեո://Երկերի(չաշխատող հղում) ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 263]
  43. [Мирза Джамал Джеваншир Карабагский . ://«История(չաշխատող հղում) Карабага»//Тифлис,1853 г,стр.20 ]
  44. [Ахмед бек Джеваншир://«О(չաշխատող հղում) политическом существовании Карабахского ханства с 1747 по 1805 год»//Шуши,1901г,стр.15 ]
  45. [Լեո://Երկերի(չաշխատող հղում) ժողովածու/3-րդ հատոր/Երևան 1973 թ./էջ 273]
  46. [Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ://XVIII/Քրիստինե(չաշխատող հղում) Կոստիկյան/Ղարաբաղի XVIII դարի վերջին քաղաքական պատմության մի քանի հարցեր/Երևան 1999 թ./էջ 121]
  47. [Исторический сборник://том(չաշխատող հղում) 23-24/Тбилиси 1970/стр. 140-141]
  48. [Թուրքական աղբյուրները Հայաստանի,հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին//հ. Ա/Երևան, 1964 թ./էջ 286]
  49. [Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ://XVIII/Քրիստինե(չաշխատող հղում) Կոստիկյան/Ղարաբաղի XVIII դարի վերջին քաղաքական պատմության մի քանի հարցեր/Երևան 1999 թ./էջ 124]
  50. [Հակոբ Զաքարյանց://Պատմություն(չաշխատող հղում) գավառին Արցախու/Մ. Մաշտոցի անվան Մատենադարան/ձեռ. 2734 /էջ 6]
  51. [В. Потто://геройская(չաշխատող հղում) оборона крепости Шуши/С. Пб/1888 /стр. 640]
  52. Travels and Adventures of the Rev. Joseph Wolff, D.D., LL.D.: Late Missionary to the Jews and Muhammadans in Persia, Bokhara, Cashmeer, Etc., Cambridge University Press, 2012, p. 226, նաև - [4]
  53. [Մ. Ա. Հարությունյան:/Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակերտ 2009, էջ 135]
  54. «Massacres of Armenians in Shushi». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  55. [Нагорный Карабах в 1918-1923 гг:/Сборник документов и материалов/Отв. ред. В. А. Микаелян.сост. Акопян В.А.,Баликян О.С., Вирабян А. С.,Микаелян В. А.,Эвоян В. С./ Ереван, Изд. АН Армевнии 1992/док. 153,с. 328 ]
  56. [правда о Нагорном Карабахе :/Сост. В. А. товмасян, Ю. Б. Нерисисян/Степанакерт,1989/,с. 27 ]
  57. [Հովհաննիսյան Գ.Ա.:/Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում/Երևան,1971/էջ 142 ]
  58. «Conciliation Resources. Nagorny Karabakh: Chronology». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  59. [Աբրահամյան Հ.:/Արցախյան գոյամարտ/Երևան,1991/էջ 33-34 ]
  60. [Азербайджан:/№ 67/2 апреля/1920 г. ]
  61. [Մ. Ա. Հարությունյան.: /Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակաերտ, 2009/էջ 145 ]
  62. [Միքայէլեան Արսեն:/Ղարաբաղի վերջին դէպքերը/«Հայրենիք» ամսագիրք/Բոստոն, 1923/հմ. 11, էջ 118, հմ. 12, էջ 121 ]
  63. [Մեր գերդաստանի մեծ տատիկի՝ Մարգարիտի հուշերից]
  64. [Арсен мелик-Шахназаров:/Нагорный Карабах/Факты против лжи/Информационно-идеологические аспекты нагорно-карабахского конфликта/Москва,2009/стр. 90 ]
  65. Վ. Ա., Միքայելյան. Պատմական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր. В. А. Микаелян,Нагорный Карабах в 1918-1920гг. (сборник документов и матеиалов), Ер., 1992, стр. 415-416.
  66. 66,0 66,1 Всеобщая перепись населения Российской Империи 1897 г./ Таблица XIII. Распределение населения по родному языку. (Губернские итоги)./Т.Т.51-89/С.-Петербург: 1903-1905(չաշխատող հղում)
  67. [Хорурдаин Айастан:/(Советская Армения)/1925/3 окт/№ 224/]
  68. [Арсен Мелик-Шахназаров:/Нагорный Карабах/Факты против лжи/Москва 2009,стр. 91]
  69. [Մ. Ա. Հարությունյան:/Հայաստան-Արցախ/Պատմության և արդիականության զուգահեռներում/գիրք առաջին/Ստեփանակերտ 2009, էջ 148/]
  70. Վարդումյան/Շուշիի ազատագրումը/Եր. 2007 թ, էջ 20(չաշխատող հղում)
  71. 'Jerusalem of Karabakh' at the heart of Armenia-Azerbaijan conflict
  72. [http:/ Ա. Արշակյան/Արցախյան գոյապայքար/1985-1992/Եր. 2004 թ, էջ 224]
  73. 73,0 73,1 Վարդումյան/Շուշիի ազատագրումը/Եր. 2007 թ, էջ 30(չաշխատող հղում)
  74. [http:/ Բ. ՈՒլուբաբյան/Արցախյան գոյապայքարի տարեգրություն/Եր. 1997 թ, էջ 415]
  75. [http:/ Մ. Ա. Հարությունյան/Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը/Եր. 2000 թ, էջ 100]
  76. Ա. Հարությունյան/Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը/Եր. 2000 թ, էջ 100-102
  77. Ա. Հարությունյան/Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը/Եր. 2000 թ, էջ 102-107
  78. Ա. Հարությունյան/Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը/Եր. 2000 թ, էջ 107-113
  79. Ա. Հարությունյան/Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը/Եր. 2000 թ, էջ 114-119
  80. [http:/«Մարտիկ»/թ. 17 /1997 թ./թ. 18/2000 թ.]
  81. 81,0 81,1 [5]
  82. [http:/«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994»/Հանրագիտարան/Երևան 2004 թ.]
  83. [Սիմեոն կաթողիկոսի հիշատակարանը://«Դիվան(չաշխատող հղում) հայոց պատմության»/գիրք Գ/Թիֆլիս 1894 թ./էջ 57-58]
  84. [Ա. Ալ. Հարությունյան://Դաշտային(չաշխատող հղում) հետախուզական աշխատանքներ]
  85. Ռ. Հ. Տեր- Գասպարյան,Շուշի, Եր., 1993 թ., էջ 15
  86. Ռ. Հ. Տեր- Գասպարյան,Շուշի, Եր., 1993 թ.,էջ 17
  87. И. Ц. Фигуровский,Материалы по районированию Азерб. ССР, Баку 1926,т.1-ый,вып. 1,часть 2
  88. Դիտարկումներն կատարվել է պատմաբան Աշոտ Հարությունյանի կողմից 1981 թ.
  89. ДжемалДживаншир/«История Крабаха»/Баку, 1959,стр. 72(չաշխատող հղում)
  90. Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի»/Թիֆլիս, 1914,էջ 6-632(չաշխատող հղում)
  91. Հ. Տեր Գասպարյան/«Շուշի քաղաքը»/Եր., 1993,էջ 72(չաշխատող հղում)
  92. [http:/«История Азербайджана»/т. I/Баку, 1958]
  93. Թաղիադյան/«Ճանապարհորդություն ի Հայս»/Կալկաթա 1647թ.(չաշխատող հղում)
  94. института истории АН Азерб. ССР/Баку, 1958(չաշխատող հղում)
  95. Դո/ Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում/Եր., 1907(չաշխատող հղում)
  96. Տեր Գասպարյան/ Շուշի քաղաքը/Եր., 1993, էջ 82-83(չաշխատող հղում)
  97. Ռ. Հ. Տեր Գասպարյան, «Շուշի քաղաքը»/ Երևան 1993, էջ 43
  98. «Кавказский календарь на 1852 г.»: Կոնտորովիչի հոդվածը Շուշիի մասին, էջ 430-435։
  99. Րաֆֆի,Խամսայի մելիքությունները,Երկրեր, հ.,10,Եր., էջ 240,248,252։
  100. Ռ. Հ. Տեր Գասպարյան, «Շուշի քաղաքը»/ Երևան 1993, էջ 47
  101. Լեո, Պատմություն Ղարաբաղի հայոց հոգևոր թեմական դպրոցի/էջ 66
  102. Գրիգորի Ա․ Հովհաննիսյան, «Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում»։ «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն», Երևան 1971, էջ 14-17։
  103. 103,0 103,1 Ռ. Հ. Տեր Գասպարյան, «Շուշի քաղաքը»/ Երևան 1993, էջ 50-51
  104. Շահեն Մկրտչյան. «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 214
  105. Շահեն Մկրտչյան. «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 219
  106. Э. Авалов «Архитектура города Шуша», Баку, 1977, стр. 53
  107. ЦГВИА ВУА,№ 2830
  108. Շահեն Մկրտչյան. «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 220
  109. ЦГВИА,ф. 349,оп. 44,ед. хр. 680
  110. http://ru.hayazg.info/Гондагсазян_Никита_Артемьевич
  111. Շահեն Մկրտչյան. «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 217, 220, 221։
  112. Մեսրոպ Թաղիադյան. «Ճանապարհորդութիւն ի հայս», 1848, էջ 226։
  113. Գրիգորի Ա․ Հովհաննիսյան, «Սովետական իշխանության հաստատումը Լեռնային Ղարաբաղում»։ «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն», Երևան, 1971, էջ 14-17։
  114. Մ. Ա. Հարությունյան,Արցախի պարբերական մամուլի պատմությունից (1874-2009 թթ.),Ստեփանակերտ 2010 թ.,էջ 31
  115. Մ. Ա. Հարությունյան,Արցախի պարբերական մամուլի պատմությունից (1874-2009 թթ.),Ստեփանակերտ 2010 թ.,էջ 32
  116. Շուշի քաղաքի պատմության թանգարան,մեծ ցուցասրահ
  117. Շուշի վերածնդունդ հիմնադրամ, Շուշիի մասին. կրթօջախներ Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
  118. Institute of War & Peace Reporting. Karabakh: A Tale of Two Cities
  119. «Shoushi Revival Fund. Arts Revival: Plan to rebuild Shushi by returning to its roots as a center of culture». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել