Հայաստանի առաջին բաժանում
Հայաստանի առաջին բաժանում կամ Մեծ Հայքի բաժանում, 387 թվականին Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած միջքաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում Մեծ Հայքի թագավորությունը կիսվեց երկու մասի։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է պարսիկներին, մյուսները անցել են Հռոմի կողմը[1]։
Հռոմեա-պարսկական պայքարԽմբագրել
226 թվականին Սասանյանները Պարսկաստանում հասնում են արքունի իշխանության և ասպարեզից հեռացնում նախորդ արքայատոհմին՝ Արշակունիներին: Երկրի ներսում կարճ ժամանակ անց հաստատվում է կենտրոնաձիգ իշխանություն, ինչը հիմք է հանդիսանում նոր տարածքներ նվաճելու քաղաքականությանը: Այդ հարցում պարսիկների հիմնական ախոյանը Հռոմեական կայսրությունն էր: Արշակունիների կրտսեր ճյուղերը շարունակում էին իշխել Մեծ Հայքում, Վիրքում ու Աղվանքում: Սասանյանները որոշում են ասպարեզից հեռացնել նաև նրանց, և հսկողության տակ առնել ամբողջ Միջագետքը, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը: Հռոմն այստեղ հանդես եկավ վերոնշյալ պետությունների պաշտպանությամբ:
301 թվականին հայոց Արշակունի թագավոր Տրդատ Գ Մեծը (287-330) քրիստոնեությունն ընդունում է որպես հայոց պետության պաշտոնական կրոն, քառորդ դար անց այսպիսի դարակազմիկ իրադարձություն է տեղի ունենում նաև Վրաստանում և Աղվանքում: Դա վերջնականապես հեռացնում է հայերին և Կովկասի ժողովուրդներին զրադաշտական վրացիներից: Հռոմի և Պարսկաստանի միջև հերթական խոշոր ռազմական ընդհարման արդյունքում 363 թվականին կնքվում է Մծբինի հաշտության պայմանագիրը[2]: Համաձայն դրա՝ Հռոմը հրաժարվում է անդրտիգրիսյան այն երկրներից, որոնք Մծբինի 298 թվականի դաշնագրով անցել էին կայսրությանը՝ Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք, եւ Ռեհիմենե: Բացի այդ, Հռոմը պարտավորվում է չօգնել Մեծ Հայքին, եթե Շապուհ II-ը պատերազմ սկսի նրա դեմ[3]: Հաջորդ տարի սկսեց հայ-պարսկական քառամյա պատերազմը, որն ավարտվեց Մեծ Հայքի պարտությամբ: Սկիզբ դրվեց Հայաստանի նվաճմանը[4]:
Մեծ Հայքի թուլացումԽմբագրել
364 թվականին Հռոմում գահ բարձրացած Վաղես կայսրը որոշ ժամանակ անց սատարում է Մեծ Հայքին՝ ընդդեմ պարսիկների: Հայաստանում գահ է բարձրանում Արշակ Բ-ի (350-368) որդի Պապը (368-374): Ժամանակավոր հաջողություններից հետո կայսրը վեստգոթերի դեմ մարտում զոհվում է: Հռոմեական կայսրությունը ստիպված էր պաշտպանել սեփական սահմանները բարբարոս ցեղերից՝ Առաջավոր Ասիան թողնելով երկրորդական պլան: Միևնույն ժամանակ Հռոմում տեղի է ունենում մեկ այլ կարևոր իրադարձություն. 381 թվականի Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովում քրիստոնեությունը հայտարարվում է Հռոմեական կայսրության պաշտոնական կրոնը: Դրանով Հռոմը նաև ցույց էր տալիս, որ մտադրություն չունի պարսիկներին զիջել քրիստոնեական տարածքները՝ Սիրիան, Հայաստանը, Միջագետքը:
Մեծ Հայքում այդ ժամանակ թագավորական գահին էր Պապ թագավորի մանկահասակ որդին՝ Արշակը: Նրան սատարում էր Հռոմեական կայսրությունը, իսկ երկրի ներսում՝ արքունիքի մեծ մասը, այդ թվում՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանը: Վերջինս Հայաստան էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ, երկրից արտաքսել Հռոմի դրածո Վարազդատ արքային։ 385 թվականին պարսից արքան պարսկական ազդեցության տակ գտնվող հայ նախարարությունների համար թագավոր է նշանակում Խոսրով Արշակունուն։ Արշակը հարկադրված է լինում տեղափոխվել Արևմտյան Հայաստան և կառավարել հռոմեական ազդեցության տակ գտնվող նախարարություններրը[5]։
Երզնկայի պայմանագիրԽմբագրել
Հռոմի վերջին կայսր Թեոդոս I Մեծը (379-392) և պարսից շահ Շապուհ III-ը (384-388), երկու տարի տևած բանակցությունների արդյունքում 387 թվականին կնքեցին Երզնկայի հաշտության պայմանագիրը, որով Մեծ Հայքը բաժանվեց նրանց ազգեցության ոլորտների միջև. արևմտյան (Հռոմեական) մասում գահակալեց Արշակ Գ-ն, իսկ արևելյան (պարսկական) և մեծագույն մասում՝ Խոսրով Դ-ն։
Հռոմին անցավ Մեծ Հայքի միայն արևմտյան փոքր հատվածը՝ Բարձր Հայք, Ծոփք և Աղձնիք նահանգները. Փոքր Հայքն անկախությունը կորցրել էր դեռ Հայ-հռոմեական պատերազմի արդյունքում։ Հռոմը հրաժարվաում էր նաև Վիրքից և Աղվանքից[6]: Մեծ Հայքի մնացած 12 նահանգները անցան Պասրկաստանին, սակայն ոչ որպես վարչատարածքային մեկ միավոր. Պարսկահայքը և Փայտակարանն ընդգրկվում են Ատրպատականի սահմաններում: Դրանք աստիճանաբար զրկվում են հայկական ինքնությունից և այլևս երբեք որևէ հայկական իշխանության կամ թագավորության մեջ չեն մտնում։ Գուգարաց բդեշխութունը, ինչպես նաև Ջավախքը և Կղարջքը միանում են Վիրքին, իսկ Ուտիքը և Արցախը՝ Աղվանքին[7]։
Արշակունիների թագավորական իշխանությունն Այրարատից բացի տարածվում էր Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Մոկք, Տայք աշխարհների վրա: Դրանց առավել ազդեցիկ նախարարները՝ Սյունիները, Արծրունիները, Մամիկոնյանները, Ռշտունիներն ու Բագրատունիները, միշտ չէ, որ համատարած ընդունում էին թագավորի իշխանությունը: Կենտրոնախույս ձգտումներ ունեին նաև ավելի նվազ իշխանական տները: Արդյունքում չորս տասնամյակ անց՝ 428 թվականին, հայ նախարարները դիմում են պարսից արքունիքին՝ իրավազրկել հայոց արքային և Հայաստանը վերածել մարզպանության: Որոշ ընդհատումներով ավելի քան հազար տարի (մ.թ.ա. 612 - մ.թ. 428) գոյատևած հայոց թագավորությունը թուլանում և անկում է ապրում:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Լեո, «Հայոց Պատմություն» առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 487-500
- ↑ Potter, David S., The Roman Empire at Bay, AD 180-395, Routledge, (Taylor & Francis Group, 2004), p520 & p527
- ↑ Beate Dignas & Engelbert Winter, Rome & Persia in Late Antiquity; Neighbours & Rivals, (Cambridge University Press, English edition, 2007), p131.
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 24-27
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 260-261
- ↑ Ronald Grigor Suny, The Making of the Georgian Nation
- ↑ Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45.
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |