Պտղաբուծություն, գիտություն պտղատու բույսերի կենսաբանական, տնտեսական առանձնահատկությունների, ագրոտեխնիկայի, սորտերի ուսումնասիրության և ընտրասերման հարցերի մասին։

Հայաստանում աճեցված պտուղներ
Դեղձենի Արարատյան դաշտում

Պտղաբուծությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է։ Մի շարք բնակավայրերում (Արմավիր, Շենգավիթ, Գառնի) հայտնաբերվել են 6-3 հազար տարվա վաղեմության ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի սերմեր։ Հայկական լեռնաշխարհում պտղաբուծությունը առանձնապես զարգացել է մ. թ. ա. 11- մ. թ. I դարերում։ Հայաստանի պտղաբուծության մասին հիշատակել են Հերոդոտոսը (մ. թ. ա. 5-րդ դարում), Ստրաբոնը (մ. թ. ա. 1-ին դար), Ագաթանգեղոսը (5-րդ դար), Մովսես Խորենացին (5-րդ դար), Անանիա Շիրակացին (7-րդ դար), Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) և ուրիշներ։ Հազարամյակների ընթացքում ժողովրդական ընտրասերման միջոցով ստացվել են ծիրանենու, դեղձենու, կեռասենու, խնձորենու, տանձենու, ընկուզենու բազմաթիվ արժեքավոր սորտեր։ Արարատյան, նախալեռնային, հյուսիսարևելյան և Զանգեզուրի գոտիներում հիմնականում մշակում են ծիրանենի, դեղձենի, սալորենի, նախալեռնային և Զանգեզուրի գոտիների 1000-1500 մ բարձրություններում, Լոռի-Փամբակի և մասամբ լեռնային շրջաններում՝ խնձորենի և տանձենի։

2004 թվականին Հայաստանում պտղահատապտղային տնկարկների տարածքը կազմել է 25,7 հզ. հա, բերքատվությունը՝ 48,1 ց/հա, համախառն բերքը՝ 103,1 հզ. տ։ Հայաստանում պտղաբուծության գիտական հարցերով զբաղվում են Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում և ՀՊԱՀ-ում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։