Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1350-ական թթ-ին (մոնղոլների տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին)։

Զաքարյաններ
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրՎրացական թագավորություն
ՏիրույթներՄեծ Հայք
ԾագումԲագրատունիներ
ՏիտղոսներՇահնշահ Հայոց
ՀիմնադիրՍարգիս Զաքարյան
Մեծագույն ներկայացուցիչԶաքարե Բ
Հիմնում12–րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՔրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Արղության-Երկայնաբազուկներ

Զաքարյանների Ծագումնաբանություն

խմբագրել

Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Բաբիրքի Սմբատաբերդից Հյուսիսային Հայաստան գաղթած Բագրատունի ճյուղից։

Զաքարյանների գործունեությունը

խմբագրել

1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ ամիրսպասալար և Իվանե Ա աթաբեկ եղբայրների օրոք, որոնք իբրև գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

Զաքարյանները՝ Հայաստանի իշխաններ

խմբագրել

Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝ Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել՝ մնալով Զաքարյաններին ենթակա տարածք։ Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը՝ Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը։ Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից։ Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի քաղաքը։

Բարեփոխումներ

Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ (Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ։ Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը (Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ)։

Տիտղոսներ

Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «շահնշահ» տիտղոսը։ Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար։ Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում՝ մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։

Շահնշահի սերունդ

Զաքարեի որդու՝ Շահնշահի սերունդը բուն Զաքարյանների տոհմն էր։ Շահնշահի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին՝ Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հյուսիսային մասը՝ Թմոգվի (Թմբկաբերդ) բերդաքաղաքով։ Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ՝ վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով։ Իվանեի դուստր Թամթան 1245 թվականից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ։ Զաքարյանների տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկական ավատատիրական տների հետ։ Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ Զաքարյանները մրցակցության մեջ էին Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ՝ պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում։ Զաքարե Մեծի որդի Շահևշաևը մսախուրթուխուցես էր, իսկ Իվանեի որդի Ավագը՝ ամիրսպասալար ու աթաբեկ։ Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213-40), Շահնշահի որդի Զաքարեն՝ ամիրսպասալար (1230-63)։ Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես։ 14-րդ դարի առաջին կեսին այս Շահևշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը՝ աթաբեկ։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345-1380)։ Այնուհետն մինչն 18-րդ դարը հիշատակություն չկա Զաքարյանների մասին։

Զաքարյանները մոնղոլ-թաթարական տիրապետության շրջանում

Մոնղոլ-թաթարական (Հուլավուների) տիրապետության ժամանակ Զաքարյանների տոհմը իլխանների արքունիքում կոչվում է «Արղութ», որը հոմանիշ է Մխարգրձելի (վրաց.՝ მხარგრძელი) տոհմանվան ն նշանակում է «երկայնաբազուկ»։ 18-րդ դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Մխարգրձելիները մտան ռուսական ազնվականության շարքերը, ստացան Արղության-Երկայնաբազուկ (ռուս.՝ Аргутинский Долгорукий) ազգանունը։ Նրանց կենտրոն Սանահին գյուղի վանքում էր Զաքարյանների տոհմական դամբարանը։

Արցախը Զաքարյանների իշխանապետության շրջանում

խմբագրել

Հայաստանի ազատագրման գործը 12-րդ դարի 90-ական թվականներին նոր թափ ստացավ և նրանում վճռական դեր կատարեցին Զաքարյան իշխանական տնից հատկապես վրաց-հայկական զորքերի ամիրսպասալար Սարգսի Զաքարե և Իվանե որդիները։ Կիրակոս Գանձակեցին, խոսելով Զաքարյան եղբայրների մասին, ասում է.

<<․․․սրանք քաջ մարդիկ էին ու հզոր էին իշխանությամբ և արժանացել էին պատիվների վրաց թագուհու կողմից․․․>>

Սկսվում են պատերազմական գործողություններ Զաքարյանների գլխավորությամբ, որոնք բերեցին ռազմական նշանակալից հաղթանակներ. ազատագրվեց Հայաստանի զգալի մասը։ 1196թ. Զաքարե ամիրսպասալարը և Իվանեն, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, Արագածոտն գավառում նվաճեցին անառիկ ամրոց Ամբերդը, որից հետո մեկը մյուսի հետևից ազատագրեցին հյուսիս-արևելյան Հայաստանի գավառները։ Այդ հաջողությունից անհանգստացած Ատրպատականի ու Գանձակի աթաբեկ Աբու Բաքրը փորձեց կանգնեցնել 2 եղբայրների հաղթարշավը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Շամքորի և Գանձակի միջև, որտեղ վրաց-հայկական միացյալ ուժերը հաղթանակի հասան։ Զաքարեի և Իվանեի զորքերը գրավեցին Շամքորն ու Գանձակը։ Այդ հաղթանակները դյուրացրին Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրումը։ Գանձակի ամիրայի պարտությունը և թուլացումը հեշտացրեց Արցախի և Ուտիքի հողերի ազատագրումը։ Հայոց Արևելից գավառներում ջանադրությամբ էր գործում Զաքարյանների Վահրամյան ճյուղը։ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամը և նրա որդիները կալվածքներ ունեին Ձորափոր կամ Կայեն գավառում( այժմ՝ Ղազախ )։

Հետագայում Թամար թագուհու ռուս ամուսնու՝ Գեորգիի ապստամբության ժամանակ Կայեն գավառը և հարակից շրջանները հարել էին ապստամբներին, բացի Զաքարյան Վահրամի Զաքարե որդուց։ Սա հավատարիմ էր մնացել թագուհուն, դրա համար էլ Թամար թագուհուց իբրև պարգև ստացավ Գագը և բազում այլ բերդեր ու ավաններ։ Հայ-վրացական միացյալ ուժերը ազատագրեցին Գարդմանը, Քարահերձը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Գագը, Շամքորը։ Դաշնակիցները մինչ այդ ազատագրել էին Գեղարքունիքը։Սելջուկներից մաքրվում է նաև Ծար գավառի զգալի մասը։

Հայ-վրացական միացյալ ուժերի հաջող գործողությունները ոգևորեցին Ներքին Խաչենի տերերին, որոնք էլ սեփական ուժերով ազատագրեցին իրենց երկրամասը։ Այդ պայքարի շնորհիվ ազատագրվեցին Ուտիքի և Արցախի գերյալ տարածքները։ Ազատագրված գավառների լիիրավ տերերն էին դարձել կամ հին իշխանական տների ներկայացուցիչները, կամ էլ այդ պայքարում առավել աչքի ընկած զորավարները։ Արցախի իշխանական տներից մեկի ներկայացուցիչ Վասակ Խաղբակյանը և նրա 3 խիզախ զավակները իրենց քաջագործությունների համար, որպես <<արեանգինք>>, Զաքարյաններից ստացան մի նոր ընդարձակ տիրույթ Վայոց ձորում։ Նրանք տարածքներ ունեին նաև Շահապունիքի, Վարաժնունիքի, Կոտայքի շրջանում, մի մասն էլ Այրարատի նահանգում։ Խաղբակյանների իշխանության կենտրոններն էին Սրկղունքը( ներկայումս՝ Վերնաշեն ) և Բոլորաբերդը։

Պռոշյաններ

Վասակին 1223թ. փոխարինել է Պռոշ որդին, որն այդ թվականից մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը, արի ու հմուտ զորավար է եղել, պետական ու ռազմական ականավոր գործիչ։ Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան։ Խաղբակյանները կամ Պռոշյանները հայրենաշեն գործունեություն ծավալեցին Վայոց ձորում և հարակից շրջաններում։ Նրանց հովանավորությամբ կառուցվեցին հոյակերտ շինություններ, եկեղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը։ Խաղբակյան-Պռոշյան իշխանական տան որոշ շառավիղներ մնացին Արցախում։ Խաղբակի որդի Դլենը, թեև կալվածքներ ուներ Սյունյաց աշխարհում կամ Բաղաց թագավորության մեջ, բայց ժառանգորդների հիմնական նստավայրը Արցախում էր։ Զաքարյաններին չհաջողվեց ստեղծել միաձույլ կենտրոնաձիգ պետություն։ Սակայն հայոց միասնությունը անխաթար պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տների հետ։ Ներքին Խաչենի տեր Վախթանգ-Տանգիկի կինն էր վրաց-հայկական միացյալ զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյան մեծ իշխանի դուստր Խորիշահը, սրանց որդին էր Հասան-Ջալալ Դոլան։ Այս Հասանի անունով էլ նրանց շառավիղները սկսեցին հետագա դարերում կոչվել Հասան-Ջալալյաններ։

Դոփյաններ

Վերին Խաչենի կամ Ծարի Հասան իշխանը ամուսնացել էր Զաքարեի և Իվանեի մյուս քրոջ՝ Դոփի հետ։ Վերջինս չափազանց լայնախոհ, եռանդուն մի գործիչ էր, որի հայրենանվեր գործունեությունը իրավունք վերապահեց այդ տոհմը կոչել նրա անունով՝ Դոփյան։ Դոփյանների իշխանության մեջ ներառված էին նաև Սևանա լճի արևելյան և հարավային ափերը՝ մինչև Շողվագ, այսինքն Գեղարքունիքի մեծագույն մասը։ Դոփյանների իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը( ներկայիս Քարվաճառի շրջանի Զառ գյուղի տեղում)։ Դոփյանների և Վախթանգյանների տիրույթների մեջտեղում, Հաթերքի գավառում իշխում էր Վախթանգ իշխանը, Կյուրիկե Բ-ի դուստր Մամքանի որդին։ Վախթանգի կինն էր Արծրունյաց տոհմի հռչակավոր Քուրդ իշխանի դուստր Արզու խաթունը։ Քուրդը Տփղիսի ամիրապետ-քաղաքագլուխն էր, Կայեն ու Մահկանաբերդ գավառների տերը և նրա քույրն էլ Սարգիս Զաքարյանի կինն էր եղել, այսինքն՝ Զաքարեի և Իվանեի մայրը։ Խաչենը և նրա զինվորական ուժեղ ազնվականությունը խոշոր և խիստ կարևոր դեր են կատարել Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանում։ Խաչենի իշխանական տոհմերը ոչ միայն իրենց ձեռքում ունեին Խաղբակյան, Դոփյան, Վախթանգյան և Հասան-Ջալալյան մեծ իշխանությունները, այլև Իվանե աթաբեկի մոտ բարձր պաշտոնյաններ կամ գործակալներ էին, հեջուբ կամ կառավարիչ և նրա որդու խնամակալներ։ Սարգիս Զաքարյանի դստրերից՝ Նանան Լոռու Կյուրիկյան Աբասի կինն էր, իսկ Նրջիսը հարս էր գնացել Դսեղի Մամիկոնյանների տունը։ Իր այս վերաբերմունքով միջնադարյան Հայաստանի կյանքում Զաքարյանների իշխանական տոհմը մեծապես խթանեց ազգահավաքման հույժ կարևոր գործին, ազգային ինքնուրույնություն ձեռք բերելու գաղափարին և ամուր հող ստեղծեց երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային վերելքի համար։

Քննարկվող ժամանակաշրջանում Արցախում գտնվող 3 իշխանությունները (Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն) տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։ Վերին Խաչենը կամ Ծարա իշխանությունը, որն ազատագրվել էր Զաքարյանների օժանդակությամբ, ընդունում էին Զաքարյանների գերագահությունը։

Զաքարյանների իշխանապետության տարիներին Վերին Խաչենում տիրություն էր անում Հասան իշխանը։ Նրա վաղաժամ մահվանից հետո երկրամասում իշխում էր նրա կինը՝ Դոփին։ Եթե նրանց իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը, ապա տոհմական գերեզմանատուն էին դարձրել Վաղուհասի Մայրաքաղաք ու Խադա վանքերը։ Վերջինս կառուցվել է Հասանի եղբայր Հովհաննես կրոնավորի ջանքերով։ Դոփը եռանդուն գործունեություն է ծավալում Վերին Խաչենի իշխանության ամրապնդման, հարևանների հաշվին իր տարածքների ընդլայնման, վանական համալիրների կառուցման ուղղությամբ։ Դոփի որդին՝ Գրիգորը, չափահաս դառնալուց հետո, իշխանությունը թողնում է նրան և եկեղեցի գնում՝ կրոնավորելու։ Դոփը վախճանվել է Հաղպատում և նրա դին ամփոփել են գլխավոր տաճարի գավիթում, որտեղ առայսօր պահպանվում է նրա գերեզմանաքարը։

Վախթանգյանների իշխանական տուն

12-րդ դարի երկրորդ կեսին և 13-րդ դարի սկզբների իրողություններում հիշատակության արժանի է Միջին Խաչենի կամ, Հաթերքի Առանշահիկ ծագում ունեցող վախթանգյանների իշխանական տան գործունեությունը։ 1142-1182 թթ.-ին Հաթերքի իշխանության գահակալն էր Հասան իշխանյաց իշխանը։ Նա բազմաթիվ հաղթանակներ տանելով իր թշնամիների նկատմամբ, խաղաղությամբ իշխում էր Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախաղացի շրջակայքում։

Նշված ժամանակահատվածում Արցախում գործող մի սովորության համաձայն, տեղի իշխանները իրենց առաքելությունը ավարտված համարելով, կրոնավոր էին դառնում՝ մտնելով եկեղեցի և իրենց կյանքի վերջին տարիները նվիրում աստվածահաճ գործունեության։ Նմանօրինակ ձևով վարվեցին նաև Հաթերքի Հասան իշխանյաց իշխանը և նրա կին Մամքանը՝ Բագրատունի Կյուրիկե թագավորի դուստրը։ Հասանի և Մամքանի 6 որդիներից իշխանությունը անցավ ավագին՝ Վախթանգին։ Նրա օրոք Հաթերքի իշխանությունը ավելի փարթամացավ ու զորեղացավ։ Պատահական չէր, որ նրան ականատես մատենագիրները հիշում են <<գլխաւոր այլոց իշխանաց>> ձևով։ Վախթանգի զորքերը քաջաբար կռվում էին հարևան սելջուկյան ամիրայությունների դեմ, օգնում հարևան հայկական իշխանություններին՝ թուրք ասպատակիչների դեմ մարտերում։

Վախթանգ իշխանաց իշխանը հովանավորում էր գիտության և արվեստի մարդկանց։ Հաթերքում էր ապաստանել առակագիր և մեծ իրավագետ Մխիթար Գոշը։ Այնուհետև նա իր եղբայրների հետ հիմնովին վերանորոգում են երկրաշարժից ավերված Նոր գետիկի վանքը, հովանավորում նշանավոր հոգևոր կենտրոնների գործունեությունը։ 1214թ. վախճանվեց իշխանաց իշխան Վախթանգը։ Դրանից առաջ մահացել էին նրա 2 զավակները, ավագը՝ Հասանը նահատակվել էր սելջուկ թուրքերի դեմ կռվելիս, կրտսերը՝ Գրիգորը, մահացել էր երիտասարդ հասակում։ Եվ իշխանական աթոռը մնացել էր առանց օրինական ժառանգի։

Գրականություն

խմբագրել
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց։ Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի։ Երևան, 1961 թ.։
  • Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում։ Երևան, 1964 թ.։
  • Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս ա։ Վաղարշապատ, 1928 թ.։
  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.։
  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ։ Երևան, 2001 թ.։
  • Ռուդոլֆ Արղության, Զաքարյան Երկայնաբազուկներ։ Երևան, 2015 թ.։
  • Բալայան, Վահրամ (2011). Արցախի Պատմությունը Հնադարից Մինչև Մեր Օրերը. Երևան: Զանգակ. էջեր 90–93. ISBN 978-99941-1-917-2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 676