Հայկական մարզպանություն
Հայկական մարզպանություն, վարչական միավոր Սասանյան Պարսկաստանի կազմում (428-642)։ Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք, հաճախ նաև Արցախ աշխարհները։
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դվին | |||
Մակերես | մոտ 145.000 քառ. կմ | |||
Բնակչություն | 3.000.000 | |||
Մակերես | մոտ 134.000 քառ. կմ | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Մարզպանություն | |||
Դինաստիա | Մամիկոնյաններ | |||
Պատմություն | ||||
- Վարդանանց պատերազմ | 450-451 | |||
- Վահանանց պատերազմ | 481-484 | |||
- Կարմիր Վարդանի ապստամբություն | 571-572 | |||
- Հայաստանի երկրորդ բաժանում | 591 |
ՊատմությունԽմբագրել
Մեծ Հայքի 387 թվականի բաժանմամբ հայոց ծայրամասային աշխարհները՝ Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Կորճայք նահանգներն ու Հայկական Միջագետքը անցան հարևան քաղաքական միավորներին, իսկ Ծոփք, Աղձնիք և Բարձր Հայք աշխարհները Բյուզանդական կայսրությանը[1]: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը, երբ պետական կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկական մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, Արարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի և այլն): Գրիգոր Լուսավորչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը և այլն) անցան Մամիկոնյաններին: Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը[2]: Գողթան գավառի եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ:
Մինչև 5-րդ դարի կեսը հայոց մարզպանի նստավայրը Արտաշատն էր, ապա՝ Դվինը: Վերջինիս մայրաքաղաք լինելու փաստն ամրագրվում է այդտեղ գտնված սասանյան դրամներով[3]: Սասանյան պետության մյուս մարզպանների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում՝ որպես մեծ և փոքր նախարարական տիրույթների համակարգ։ Դրանց գլուխ էր կանգնած նախարարը, որը համարվում էր տանուտեր։ Այդ իշխանություններն իրենց հերթին բաժանվում էին գավառների, որոնք ղեկավարվում էին մայր տոհմից ճյուղավորված ավատատիրական նոր տները (սեպուհներ): Նրանց իրավասության ներքո գտնվող տարածքները կոչվում էին «սեպհականություն»[4]: Հայ ժողովրդի ինքնության պահպանման համար խիստ կարևոր էր 405 թվականի հայ գրերի գյուտը[5]: Դրանով քրիստոնեությունն ավելի ամրապնդվեց հայերի շրջանում՝ հեռանալով Պարսկաստանից, հաստատեց իր ուրույն տեղը քրիստոնյա երկրների շարքում՝ չձուլվելով Բյուզանդիային[6]:
Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Դա ինքնավար մի երկիր էր, որի փաստական տերն ու տնօրենը հայ նախարարներն էին, իսկ հայկական բանակը հայոց սպարապետի տնօրինության տակ էր, որը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները: Պահպանվում էին գրեթե բոլոր, այդ թվում՝ մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր հայոց կաթողիկոսը: Ինքնավարության բարձր կարգավիճակ ունեին նաև վրաց և աղվանից մարզպանությունները [7]: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Ավելին, առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428-441) հետո Հազկերտ II-ը (439-457) հայոց մարզպան նշանակեց ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (441-451)[8]:
Պայքար պարսից տիրապետության դեմԽմբագրել
Պարսից արքունիքի հանդուրժողական վերաբերմունքը հայերի հանդեպ պայմանավորված էր Սասանյան Պարսկաստանի՝ երկու ճակատներով մերթընդմերթ պատերազմներով. արևմուտքում Բյուզանդական կայսրությունն էր, արևելքում՝ քուշանները: Դեռ թագավորության գոյության տարիներին՝ 422 թվականին, պարսիկները նորաստեղծ Բյուզանդիայի հետ կնքել էին 50-ամյա խաղաղության պայմանագիր: Հայաստանի ինքնավարությունից դժգոհ պարսից արքունիքը երբեմն անցել է վճռական քայլերի: 442 թվականին հայկական զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու[9]։
Ռազմական ճնշմանը հաջորդում են տնտեսությանն ուղղված քայլերը. 447 թվականին, «նոր աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն այցելել է Հայաստան: Նա հազարապետության պաշտոնից հեռացնում է Վահան Ամատունուն, ապա պաշտոնազրկում հայոց կաթողիկոսին. հազարապետի և մեծ դատավորի տեղում նշանակվում են պարսիկներ: Երկու տարի անց՝ 449 թվականին, պարսից արքունիքը հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Հրովարտակը ստորագրված է եղել Հազկերտի անմիջական խորհրդականը՝ Միհրներսեհ հազարապետը: Հայ նախարարներից որոշները արձագանքեցին դրական. մարզպան Վասակ Սյունու փեսա Վարազվաղանն ընդունել է հեթանոսությունը: Արտաշատում գումարված համազգային ժողովը, այդուհանդերձ, մերժել է պարսից արքունիքի պահանջները: Արդյունքում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449 թվականի աշնանը վերադարձել հայրենիք[10]։ 450 թվականին սկսում է Վարդան Մամիկոնյանի գլխավորած՝ Վարդանանց պատերազմը: Դրա գլխավոր իրադարձությունը 451 թվականի մայիսի 26-ի Ավարայրի ճակատամարտն էր: Թեև այն ավարտվեց հայերի պարտությամբ, սակայն կասեցրեց թշնամու կրոնափոխության ծրագիրը: Վասակ Սյունուց հետո մարզպանի պաշտոնում նշանակվել են երկու պարսիկներ՝ Ատրորմիզդը՝ Արշակունիների տոհմից (451-465), ապա Ատրվշնասպը (465-481):
Քառորդ դար անց պարսից արքա Պերոզը վերադառնում է Հայաստանի ձուլման քաղաքականությանը: Արդյունքում 481-484 թվականներին տեղի է ունենում մեկ այլ պատերազմ՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Տանելով մի քանի հաղթանակներ՝ հայ ավագանին պարսից արքունիքին ստիպում է դուրս բերել զորքերը: Նոր գահ բարձրացած Վաղարշ շահը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը։ 485 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև Հայաստանի տանուտեր և հայոց մարզպան, որին 505 թվականին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 6-րդ դարի երկրորդ կեսը[11]։
Հայ եկեղեցու վերջնական անկախացումԽմբագրել
Հայ եկեղեցու անկախացման առաջին քայլերը արվել էին դեռ Պապ թագավորի ժամանակ, երբ կաթողիկոս ձեռնադրվելու համար հայոց հոգևոր հովիվը այլևս չէր գնում Կեսարիա: Քաղկեդոնի ժողովը մերժելով՝ հայ եկեղեցին կատարեց անկախացման երկրորդ քայլը: Պարսկական տիրապետության տարիներին այն ստիպված էր ոչ միայն դիմակայել զրադաշտականների ձուլման քաղաքականությանը, այլև թույլ չտալ ուղղափառ եկեղեցուն միջամտել իր գործերին:
Միջերկրական ծովի ափերին և Առաջավոր Ասիայում ապրող հասարակությունները 5-րդ դարի սկզբին արդեն քրիստենություն էին ընդունել: Հռոմեական կայսրությունը դադարել էր գոյություն ունենալ. 395 թվականին այն բաժանվել էր արևելյան և արևմտյան հատվածների: Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ Հռոմը և Կոստանդնուպոլիսը փորձում էին պահպանել հոգևոր ազդեցիկությունը: Այդ պատճառով հաճախ գումարվում էին եկեղեցական ժողովներ: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից 451 թվականին հրավիրվել է Քաղկեդոնի ժողովը: Դրանում քննվում է Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթը: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։ Այդ տարի Հայաստանում դեռևս թարմ էր Ավարայրի ճակատամարտի հետքը. հույները և հռոմեացիները չէին սատարել հայերին, որի պատճառով հայ եկեղեցին երես էր թեքել նրանցից: Վահանանց պատերազմից հետո Դվին է տեղափոխվում ոչ միայն նորանշանակ տանուտեր և մարզպան Վահան Մամիկոնյանը, այլև հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին: Այդպիսով, կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել էր Դվին[12]:
499 թվականին հրավիրվում է Սելևկիայի եկեղեցական ժողովը, որը նեստորական աղանդը հռչակեց Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական ուղղություն: Եթե Հայաստանում մինչ այդ եկեղեցական ժողովները գումարվում էին Աշտիշատում, Շահապիվանում և այլուր, ապա որոշվեց հայ եկեղեցու որոշումներն այսուհետ ընդունել կաթողիկոսի նստավայր քաղաքում: 506 թվականին Դվինում հրավիրվել է եկեղեցական ժողով, որին մասնակցել են 20 հոգևոր և 14 աշխարհիկ առաջնորդներ՝ կաթողիկոս Բաբկեն Ա-ի և մարզպան Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այս երևույթը անկյունաքարային էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման՝ նրա հականեստորական, հակաքաղկեդոնական դիրքորոշման ճշտման գործում[13]։ Քաղկեդոնական եկեղեցուց պաշտոնական բաժանումը հաստատվել է Դվինի երկրորդ ժողովի ժամանակ՝ 554 թվականին: Միաժամանակ արգելվեց աղանդավորական հոսանքների հետևումը[14]:
Հայաստանի երկրորդ բաժանումԽմբագրել
Հաղթահարելով սլավոնական ցեղերի հարձակումները հյուսիսից՝ Բյուզանդիայի կայսրերը հանձն են առնում երկրի սահմանների ընդարձակմանը: Հուստինիանոս Ա կայսեր օրոք (527-565) նվաճվում են նախկին Հռոմեական կայսրության ենթակա Հյուսիսային Աֆրիկան, Վեստգոթական Իսպանիան և Օստգոթական Իտալիան: Չցանկանալով պայքարել գերմանական ցեղերի դեմ, որոնք նվաճել էին Բրիտանիան (Անգլիայի թագավորություն), Գալլիան (Ֆրանկական թագավորություն) և Գերմանիան, բյուզանդացիներն անցնում են Առաջավոր Ասիայի և Միջագետքի քրիստոնեադավան պետություններին: 387 թվականի բաժանմամբ՝ դեռ Բյուզանդիայի ծագման նախօրեին, այդ երկրների տնօրինումն անցել էր Սասանյան Պարսկաստանին: Երկիրը հզորության նոր շրջան էր ապրում Հուստինիանոսի ժամանակակցի՝ Խոսրով Անուշիրվան շահի (531-578) ժամանակ։ Ամրապնդելով իր հյուսիսային սահմանները միջինասիական թյուրքալեզու ցեղերի հարձակումներից՝ շահը մտադիր էր վերականգնել Աքեմենյանների հզորությունը և իրեն ենթարկել Արաբական թերակղզին, Սիրիան և Պաղեստինը ու դուրս գալ Միջերկրական ծով: Հասունացել էր երկու տերությունների միջև բախման պահը:
571 թվականին, դժգոհ լինելով պարսից արքունիքի քաղաքականությունից, հայ ազնվականներն ու հոգևորականները նոր ապստամբություն են սկսում: Այն ղեկավարում էին սպարապետ Կրտսեր Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդան) և հայոց կաթողիկոս Հովհաննես Բ-ն, որոնք հավաքեցին 10 000-անոց բանակ։ Ապստամբության հաղթանակի դեպքում Հայերը խոստացան ընդունել Բյուզանդական կայսրության գերիշխանությունը, իսկ բյուզանդացիները պարտավորվեցին ապստամբության ձախողման դեպքում ապաստան տալ Բյուզանդիա փախած հայերին։ 571 թվականին Տիզբոն է մեկնել Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը զեկուցելու եղածի մասին, և 15 000-անոց զորաբանակով՝ վերադարձավ Դվին։ Հայ մարտիկների թիվը կրկնապատկվել էր, և նրանք Դվինում ջախջախեցին մարզպանի բանակը: Դա ազդարարեց ոչ միայն նոր հաղթանակների սկիզբ, այլև հերթական պատերազմ արևելքի և արևմուտքի միջև: 572-591 թվականների քսանամյա պատերազմն ավարտվեց Բյուզանդիայի հաղթանակով և հաշտության նոր պայմանագրի կնքմամբ: 591 թվականին Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց երկու հարևանների միջև: Դրանով կայսրությանն անցան ոչ միայն Տուրուբերանը, Տայքը և Այրարատի մեծ մասը, այլև արևմտյան Վիրքը և Գուգարքը: Հայկական մարզպանության տարածքը սահմանափակվեց Սյունիքով և Վասպուրականով: Այսպիսի սահմաններով այն գոյատևեց ևս մի քանի տասնամյակ:
7-րդ դարի սկզբին տեղի ունեցավ պարսկա-բյուզանդական վերջին պատերազմը (602-628): Պարսիկները գրավեցին Արաբական թերակղզին, ներխուժեցին Սիրիա և Փոքր Ասիա, մոտեցան Կոստանդնուպոլսի մատույցներին: Թեև վերջին ճակատամարտում բյուզանդացիները հաղթեցին և կասեցրին թշնամու գրոհը, այդուհանդերձ պատերազմն ավարտվեց հօգուտ Սասանյան Պարսկաստանի: Պատերազմներում թուլացած երկու տերություններն ի վիճակի չեղան դիմակայել նորաստեղծ Արաբական խալիֆայությանը: 642 թվականի Նեհավենդի ճակատամարտում արաբները վերջ տվեցին Սասանյան Պարսկաստանի գոյությանը: Հայկական մարզպանությունը, որպես դրա վարչաքաղաքական միավոր, վերացավ:
Մարզպանների ցուցակԽմբագրել
Մարզպան | Տարեթվեր | Նշումներ |
---|---|---|
Վեհմիհրշապուհ | 428-441 | նշանակվել է Վահրամ Ե շահի կողմից |
Վասակ Սյունի | 441-451 | նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից |
Ատրորմիզդ | 451-465 | նշանակվել է Հազկերտ Բ շահի կողմից |
Ատրվշնասպ | 465-481 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Սահակ Բագրատունի | 481-482 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Շապուհ Միհրան | 482-482 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Վահան Մամիկոնյան | 482-483 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Զարմիհր Կարեն | 483-483 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Շապուհ, Ռեյի իշխան | 483-484 | նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Վահան Մամիկոնյան | 484-505 | 2-րդ շրջան, նշանակվել է Պերոզ Ա շահի կողմից |
Վարդ Մամիկոնյան | 505-509 | Վահանի եղբայրը, նշանակվել է Քավազ Ա շահի կողմից |
Մժեժ Ա Գնունի | 518-548 | |
Վշնասպ Բահրամ | 548-552 | |
Թան-Շապուհ | 552-560 | |
Վարազդատ | 560-564 | |
Սուրեն | 564-572 | |
Վարդան Մամիկոնյան (Կարմիր Վարդան) | 572-577 | նշանակվել է հայ ավագանու կողմից |
Թամ Խոսրով | 577-580 | նշանակվել է Խոսրով Անուշիրվան շահի կողմից |
Վարազ-Վզուր | 580-581 | նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից |
Փահլավ | 581-586 | նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից |
Հրահատ | 586-589 | նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից |
Հրատին | 589-590 | նշանակվել է Որմիզդ Դ շահի կողմից |
Մուշեղ Մամիկոնյան | 590-591 | նշանակվել է Մորիկ կայսեր կողմից |
5 պարսիկ մարզպաններ | 592-605 | Վինդատական, Նախվեֆաղան, Մերաքբութ, Յազդեն, Բութմա |
Սմբատ Բագրատունի | 604-611 / 616 | |
Շահրեենապետ | 611-613 | |
Փարշենազդատ | 613-613 | նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից |
Նամդար-Գուշնասպ | 616-619 | նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից |
Շահրապլական | 619-624 | նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից |
Ռոտշվեհան | 624-627 | նշանակվել է Խոսրով Փարվեզ շահի կողմից |
Վարազտիրոց Բ Բագրատունի | 628-634 | |
Մժեժ Բ Գնունի | 630-635 | բյուզանդական մասի կառավարիչ |
Դավիթ Սահառունի | 635-638 | բյուզանդական մասի կառավարիչ |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45.
- ↑ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Մեծ Հայքի գավառներ. Տարոն
- ↑ History and coin finds in Armenia, Coins from Duin, Capital of Armenia (4-13th c.), Inventory of Byzantine and Sasanian Coins in Armenia (6th-7th c.). ISBN 90-74623-23-9.
- ↑ Ս. Տ. Երեմյան, Բ. Ն. Առաքելյան, Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էջ 168
- ↑ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը
- ↑ Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, էջ 27
- ↑ Ա. Մ. Վարդանյան, Աղվանից մարզպանության կազմավորումը
- ↑ Հ. Ա. Խաչատրյան, Հայոց մարզպանների կառավարման հարցի շուրջ
- ↑ Ժասմեն Էլչիբեկյան, Հայ միջնադարյան սկզբնաղբյուրները քուշանների մասին
- ↑ Հ. Գ. Ժամկոչյան, Ա. Գ. Աբրահամյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Ս. Պ. Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 265-275
- ↑ Լեո, «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջ 128-140
- ↑ Հայոց կաթողիկոսական աթոռները
- ↑ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն», Դվինի եկեղեցական ժողովները
- ↑ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կայքէջ, Հայաստանյայց Եկեղեցու ժողովներ
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |