Ավետարանոց (նաև Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի բնակավայր[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։

Գյուղ
Ավետարանոց
Avetaranoc.jpg
Տեսարան դեպի Ավետարանոց գյուղ, 29․09․2010թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանԱսկերանի շրջան
ՀամայնքԱվետարանոց
Մակերես2433,58 հա կմ²
ԲԾՄ1119 մետր
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն1039[1][Ն 1] մարդ (2005 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Ժամային գոտիUTC+4
##Ավետարանոց (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Բնակավայրի անունԽմբագրել

Բնակավայրի հայկական անունը Ավետարանոց է, որն ավանդաբար կապվում է երկրամասում քրիստոնեության տարածման հետ[10]։ Խորհրդային ժամանակներում հայերը գյուղը նաև անվանել են Չանախչի։ Այդ անունով են բնակավայրը կոչում նաև ադրբեջանցիները։ Գյուղը Ադրբեջանի կողմից պաշտոնապես կոչվում է Չանախչի (ադրբ.՝ Çanaqçı), իսկ Արցախի Հանրապետության կողմից տրված պաշտոնական անվանումը Ավետարանոց է։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոն Ասկերան քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 23 կմ հեռավորության վրա[4][3]։

Համայնքը լեռնային է, ունի 2433,58 հա տարածք, որոնցից 894,91 հա-ը անտառային է։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում։ Ավետարանոց համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[4]։

ՊատմությունԽմբագրել

Ավետարանոց գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է, սակայն հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից։ Բնակավայրում եղել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[11][12][13][14][15][10]։

17-19-րդ դարերԽմբագրել

17-րդ դարում Արցախը կիսանկախ պետական միավոր էր Սեֆյան Պարսկաստանի կազմում։ 1603 թվականին Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի հրովարտակով Վարանդայի նոր մելիքության հիմնադիր է դառնում Վերին Խաչենի (Ծարի) Դոփյան իշխանատոհմի ճյուղերից մեկի՝ Մելիք-Շահնազարյանների ներկայացուցիչ, Սոթքի Մելիք-Շահնազար Ա-ի եղբայր Միրզա-բեկը։ Վերջինին ժառանգության սկզբունքով հաջորդել են Բաղրխանը, Մելիք-Բաղի Ա-ն, Մելիք-Շահնազար Ա-ն, Մելիք-Բաղի Բ-ն և սրա եղբայր Մելիք-Հուսեյն Ա-ն, որոնք աչքի են ընկել հայրենապաշտպան ու մշակութանպաստ գործունեությամբ։ Նրանց վարած քաղաքականության արդյունքում իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքներում ամրապնդվել է հայկական մշակութային, քաղաքական ներկայությունն ու ինքնուրույնությունը։ Իշխանատոհմի ներկայացուցիչները որպես նստավայրեր կառուցել են նաև ապարանքներ (մելիքական ապարանքներ)[13][16][17][10]։

1747 թվականին Պարսկաստանի Նադիր Շահի սպանությունից հետո երկրում և ենթակա տարածքներում առաջացած քաղաքական անկայունության պայմաններում Մելիք-Հուսեյն Ա-ի կրտսեր որդի Շահնազարը, սպանելով Նադիրի կողմից մելիք հաստատված և 1736 թվականին հորը հաջորդած եղբորը՝ Մելիք-Հովսեփին, ապօրինաբար տիրանում է Վարանդայի մելիքական աթոռին։ Լինելով ազգությամբ հայ՝ Շահնազար Բ-ն վարել է թուրքամետ քաղաքականություն։ Երկրամասի հայկական կիսանկախ իշխանության համար աննախադեպ այս սպանությունը և Արցախի մելիքների միասնականության խախտելու հանգամանքը Շահնազարի դեմ պատժիչ արշավանքի է դուրս հանում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի և Դիզակի մելիքներին։ Սակայն Շահնազարը 1750 թվականին պատսպարվում է Ավետարանոց մելիքանիստում և անառիկ բերդավանի վերածում այն։ Այնուհետև դաշնակցում է Արցախի մերձակա դաշտավայրերում հայտնված թափառական ցեղապետ Փանահի հետ, նրան տրամադրում Վարանդայի հնագույն ու անառիկ Քարագլուխ-Շոշի բերդը, որը և վերակառուցվում-լրացվում է 1752-1754 թվականներին[11][18][19][17][10]։ Իր մահից վեց տարի առաջ՝ 1786 թվականին Շահնազարը Ավետարանոցում կառուցել է ապարանք ու նվիրել իր թուրք ապօրինի կնոջից ունեցած որդուն՝ Հուսեյն-բեկին (Սէյին-բեկին)։ Այդ մասին նա թողել է շինարարական արձանագրություն[10]։

1840 թվականից մինչև 1923 թվականը Ավետարանոց բնակավայրը եղել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում[20]։

1923 թվականին տարածաշրջանը խորհրդայնացվել է և ներառվել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանում։

1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակումով Ավետարանոցը դարձել է Արցախի Ասկերանի շրջանի բնակավայր։ Ադրբեջանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը և այդ տարածքը համարում է իրենը, այդ թվում՝ Ավետարանոցը (Չանախչին) որպես Ադրբեջանի Խոջալուի շրջանի բնակավայր։

Հայ-ադրբեջանական հակամարտությունԽմբագրել

Արցախյան պատերազմ, 1991-1994Խմբագրել

1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացումից հետո՝ 1990 թվականին Ավետարանոցում կազմավորվել է Հ․Ստեփանյանի հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվել է վաշտ։ 1992 թվականից Ավետարանոցի ջոկատն առանձին, իսկ վաշտը Ա. Ղարամյանի հրամանատարությամբ Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ավետարանոցից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գադյանը։ Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[3]։

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020Խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[21][6][7][8][9]։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Ավետարանոց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 53-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[4]։ Կան նաև բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, որոնք ներառված չեն պետության կողմից կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո, երբ Ավետարանոց գյուղը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է գյուղի մեջ գտնվող և 13-ից 19-րդ դարերով թվագրվող «Չանախչի» ամրոցը, 17-րդ դարով թվագրվող դիտակետը, 1616 թվականին կառուցված «Կուսանաց անապատ» վանքի եկեղեցին, գավիթը, 10-ից 16-րդ և 20-րդ դարերով թվագրվող 11 խաչքարերը, 17-րդ դարով թվագրվող խաչքար տապանաքարը և 1579 թվականով թվագրվող տապանաքարը, 1651 թվականին գյուղի մեջ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1511, 1616 թվականներով և 17-րդ դարով թվագրվող և «Եղցուն խաչ» անունը կրող երեք խաչքար, 1511 թվականով, 16-րդ, 17-րդ և 19-րդ դարերով թվագրվող տապանաքարեր, գյուղից 5 կմ արևմուտք գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող «Բլեն խութ» գյուղատեղին, գյուղի մեջ գտնվող և 17-րդ դարով թվագրվող գլխատուն, գյուղից 1․7 կմ հարավ գտնվող «Սանա եխցե» անունը կրող եկեղեցին, գյուղից 1.8 կմ հարավ գտնվող ու 16-րդ դարով թվագրվող, գյուղից 2 կմ հարավ գտնվող ու 17-րդ դարով թվագրվող «Փափադերին» անունը կրող խաչքարերը, գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող ու 10-րդ դարով թվագրվող «Ըրտաշին տափ» խաչքարը, գյուղի մեջ գտնվող գերեզմանոցն ու 13-ից 19-րդ դարերով թվագրվող 6 տապանաքարերը, գյուղից 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 4.5 կմ հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակով թվագրվող 6 դամբարանաբլուրները, գյուղից 1.7 կմ հարավ գտնվող և 16-րդ դարով թվագրվող տապանաքարը, գյուղի մոտ գտնվող և 1751 թվականով թվագրվող տապանաքարը, գյուղի մեջ գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող 3 տապանաքարերը, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող խաչքարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, որը գտնվում է գյուղի մեջ[4]։

Բացի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվածներից` Ավետարանոցում կային նաև պատմության այլ կարևոր վկայություններ։ Գյուղի տարածքում եղել են 3 մելիքական ապարանք, որոնցից ամենահինը կառուցվել է 17-րդ դարում Կուսանաց անապատ վանքի մոտ և կիսավեր վիճակում պահպանվել է մինչև 20-րդ դարի սկզբները[10][11]։ Երկրորդ ապարանքը կառուցվել է 18-րդ դարում գյուղի արևմտյան կողմում՝ բերդապարսպի լեռնային մասում։ Այն նույնպես չի պահպանվել մինչև մեր օրերը[10][11][22]։ Երրորդ ապարանքը կառուցվել է 1786 թվականին արևելահայաց բլրալանջի ընդարձակ դարավանդահարթակի վրա՝ խորքի պատով հպված լանջին։ Այն Ավետարանոցի միակ մելիքական ապարանքն է, որը կիսավեր վիճակում պահպանվել է մինչև մեր օրեր[10][11]։

Ավետարանոց գյուղի տարածքում հայտնի է 4 պատմական կամուրջ[23] Առաջին կամուրջը կառուցվել է 17-րդ դարում և գտնվել է Կուսանաց անապատ վանքի ստորոտով հոսող վտակի վրա։ Կամրջից պահպանվել են անմշակ քարով և կրաշաղախով կառուցված աջափնյա խելի մնացորդները[23]։ Երկրորդ կամուրջը նույնպես կառուցվել է 17-րդ դարում գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Այն անմշակ քարով, կրաշաղախով կառուցված միաթռիչք կամուրջ է, որի երկարությունը 6,21 մ է, անցուղու լայնությունը՝ 2,80 մ[23]։ Երրորդ կամուրջը կառուցվել է 17-18-րդ դարերում գյուղից 200 մ հարավ-արևմուտք` Հղցկոտ գետի վրա, և գետի անունով կոչվել է Հղցկոտի կամուրջ։ Շինանյութը եղել է անմշակ գետաքար և կրաշաղախ, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը՝ սրբատաշ։ Կամրջի թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 4,35 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,25 մ[23]։ Չորրորդ կամուրջը կառուցվել է 1663 թվականին գյուղի հարավարևելյան եզրին` Ջաղացներ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում և հայտնի է Մահտեսի Արանի կամուրջ։ Կամրջի թռիչքի երկարությունը 6 մ է, անցուղու լայնությունը՝ 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մ[23]։

ԲնակչությունԽմբագրել

Ավետարանոց գյուղում գործված հայկական գորգեր, 19-րդ դարի վերջ
1. Հայկական գորգ «Մեղու»,
2. Հայկական գորգ «Թռչնաբուն»։

1908 թվականին Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի տվյալներով Ավետարանոցն ունեցել է 1807 բնակիչ, բոլորը հայեր[20]։

Ավետարանոց համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 1121 մարդ էր (245 տնտեսություն)[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[24].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1052 1083 1116

Համայնքային կյանքԽմբագրել

Ավետարանոցում գործում էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Գյուղում գործում էր նաև «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Ավետարանոցի մասնաճյուղը։ Համայնքային ճանապարհները գրունտային և խճապատ էին։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ավետարանոցն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[4][3]։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1407,71 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։

ԿրթությունԽմբագրել

Ավետարանոց գյուղում գործում էր[Ն 3] Ի․ Աթայանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 165 աշակերտ, և մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 30 երեխա[4]։

ՆշումներԽմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոց գյուղը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  2. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոցը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
  3. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոցը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 83։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  5. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-03-25 
  6. 6,0 6,1 6,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. 9,0 9,1 9,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Արտակ Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001, (էլեկտրոնային տարբերակ)
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Բարխուտարեանց Մ., «Արցախ», Բագու, 1895։
  12. «Տարազ» 1893, N 7, էջ 109։
  13. 13,0 13,1 Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1853։
  14. Բարխուտարեանց Մ., Պատմութիւն Աղուանից, հատոր Ա, Վաղարշապատ, 1902։
  15. Ուլուբաբյան Բ. Ա., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության, Երևան, 1981։
  16. Լեո, Հայոց պատմություն, հտ. 3, գիրք Բ, Երևան, 1973։
  17. 17,0 17,1 Ուլուբաբյան Բ. Ա., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994
  18. «Դիվան հայ վիմագրության», պրակ 5, Երևան, 1982։
  19. Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9 (Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում, Խամսայի մելիքություններ), Երևան, 1987։
  20. 20,0 20,1 Список населенных мест по Кавказскому календарю 1910 года․(ռուս.)
  21. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  22. Լալայան Ե., Երկեր, հատոր 2, Արցախ (Վարանդա, Գանձակի գավառ), Երևան, 1988։
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջները», Երևան, 2009, (էլեկտրոնային տարբերակ)։
  24. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 

Արտաքին հղումներԽմբագրել