Ճահիճ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճահիճ (այլ կիրառումներ)
Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։
Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։
Ճահիճների տեսակներ
խմբագրելԸստ սնուցման ձևի և բուսականության տիպերի՝ ճահիճները լինում են
- ցածրադիր (էվտրոֆ)՝ սնվում են ստորերկրյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային և եղեգնաորձախոտային բուսականությամբ
- բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթնոլորտային տեղումներից, հանքանյութեր քիչ են պարունակում, բուսականությունն աղքատ է,
- անցումային (մեզոտրոֆ) բուսականությունն օրգանական նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորերկրյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների։
Ճահիճում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է։
Հայաստանի ճահիճներ
խմբագրելՀայաստանում ճահիճները փոքր տարածքներով (մոտ 15 հազար հեկտար) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարզ), Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ)։ Ճահիճից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ։ Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր։ Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները։ Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով Հայաստանի տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճահիճ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |