Արցախյան հակամարտություն, ազգային-քաղաքական հակամարտություն[1] Հարավային Կովկասում ադրբեջանցիների և հայերի միջև: Այն ուներ պատմական և մշակութային մեկդարյա արմատներ, սակայն նոր հրատապություն էր գտել վերակառուցման տարիներին (1987-1988)[2]՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ աճի ֆոնին: Հակամարտությունն ի սկզբանե դրսևորվում էր քաղաքացիական ակտիվ շարժմամբ, ապա և վերաճեց պատերազմի: 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկու հանրապետությունների բնակիչների մեծամասնությունը ներգրավված էր այս հակամարտության մեջ, ինչպես նշել է Ա.Ն. Յամսկովը, և այն վերածվել է «ազգամիջյան դիմակայության», որը միայն ժամանակավորապես դադարեցվել էր Սպիտակի երկրաշարժի պատճառով[3]: Խորհրդային ​​ղեկավարության անպատրաստությունը համարժեք քաղաքական գործողությունների համար` սրված էթնիկական կռիվների համատեքստում, ձեռնարկված միջոցների անհամապատասխանությունը, կենտրոնական իշխանությունների կողմից ճգնաժամային իրավիճակի ստեղծման հարցում Հայաստանի և Ադրբեջանի հավասար մեղավորության հայտարարելը հանգեցրին երկու հանրապետություններում արմատական ​​հակակոմունիստական ​​ընդդիմության ի հայտ գալուն և ամրապնդմանը[4]:

Արցախի Հանրապետության զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

1991-1994 թվականներին այս առճակատումը հանգեցրեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից որոշ տարածքների վերահսկողության համար: Ռազմական առճակատման առումով դրան գերազանցեց միայն չեչենական հակամարտությունը: Սանտե Կորնելը նշել է, որ «Կովկասյան բոլոր հակամարտություններից, ղարաբաղյան հակամարտությունն ունի ամենամեծ ռազմավարական և տարածաշրջանային նշանակությունը: 1990-ականների վերջին ղարաբաղյան հակամարտությունը նպաստեց Կովկասում և դրա շուրջ պետությունների հակառակ խմբավորումների ձևավորմանը»[5]:

1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվեց հրադադարի և զինադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների միջև: Ինչպես գրել է Գալինա Ստարավոյտովան, «միջազգային իրավունքի տեսանկյունից, այս հակամարտությունը հակասությունների օրինակ է երկու հիմնական սկզբունքների միջև. մի կողմից ՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համաձայն հնարավոր է միայն սահմանի խաղաղ փոփոխություններ»[6]:

ՊատմությունԽմբագրել

Արցախ և ԱղվանքԽմբագրել

Հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին քաղաքակրթություններն առաջացել են մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում (պղնձի-քարի դար և բրոնզի դար)։ Տարածաշրջանի արևելքում՝ Կուր և Արաքս գետերի միջև, ձևավորվում է բրոնզեդարյան մշակույթ, որն ընդգրկում է գրեթե ամբողջ Հարավային Կովկասը (մ.թ.ա. 3400-2000 թվականներ)։ 1-ին հազարամյակում տարածաշրջանի մի մասը ժամանակավորապես միավորվում է Վանի թագավորության կազմում, որի կործանումից հետո ստեղծվում է համահայկական առաջին պետությունը։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ձևավորվում է նաև Ատրպատական պետությունը՝ Արաքս գետից հարավ։ Մ.թ.ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, Հայկական լեռնաշխարհում առաջանում է հայկական երկու պետություն՝ Մեծ Հայք և Փոքր Հայք։ Դրանցից առաջինի մեջ էր մտնում ժամանակակից Արցախի հանրապետության տարածքը՝ իր գրեթե այդպիսի սահմաններով՝ որպես «Արցախ նահանգ»։ Այդ տեսքով այն մնում է Հայաստանի կազմում մինչև մ.թ. 387 թվականը։ Օտարալեզու աղբյուրներում հանդիպում է նաև «Օրխիստենե» անվանումը։

Մ.թ.ա. 2-րդ դարում Կուր գետից արևելք ձևավորվել էր Աղվանքը՝ որպես կովկասյան 26 ցեղերից բաղկացած ցեղապետություն։ Ժամանակի ընթացքում այն ընդունում է քրիստոնեություն, կապեր հաստատում հարևան Վիրքի և Մեծ Հայքի հետ։ Դրա կենտրոնն է դառնում Կապաղակ (Գաբալա) բնակավայրը։ 387 թվականին տեղի է ունենում Հայաստանի առաջին բաժանումը երկու կայսրությունների՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի հիմնական տարածքը, ինչպես նաև Վիրքը և Աղվանքը անցնում են Պարսկաստանին, որի ներսում դրանք ենթարկվում են սահմանային փոփոխությունների։ Վրաց մարզպանությանը կցվում է հայկական Գուգարք նահանգը, իսկ Աղվանից մարզպանությանը՝ Ուտիքը և Արցախը։ Վերոհիշյալ Ատրպատական պետությունը, որը վաղուց գտնվում էր Պարսկաստանի կազմում, նույնպես ստանում է վարչական միավորի կարգավիճակ. դրան կցվում են Փայտակարան և Պարսկահայք նահանգների տարածքների մեծ մասը։

7-րդ դարի կեսերից մինչև 9-րդ դարի վերջը Հայկական լեռնաշխարհը և շրջակա հարևան տարածքները գտնվել են Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Ընդ որում, Արաքսից հարավ ընկած իրանախոս Ատրպատականը (Ատրփայագան) վերանվանվում է «Ազարբայեջան»՝ արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության պատճառով, իսկ մնացած տարածքները՝ Արմինիա։ Դրա կազմում էր Աղվանքը՝ Ուտիքի և Արցախի հետ միասին (առաջին Արմինիա կամ Առան), Վիրքը՝ Գուգարքի և Տայքի հետ միասին (երկրորդ Արմինիա կամ Գուրջան), Մեծ Հայքի մյուս նահանգները (երրորդ Արմինիա)։ Արաբական մատենագրության մեջ դրանք հայտնի էին որպես Պարտավի (Բարդա), Տփղիսի (Թիֆլիս) և Դվինի ամիրայություններ։ 850-855 թվականների Արմինիայի ապստամբությունից որոշ ժամանակ իրենց անկախությունն են վերականգնում Վրաց և Հայոց պետությունները, իսկ Աղվանքը վերանում է պատմության ասպարեզից: Արցախը դարձյալ ընդգրկվում է Հայաստանի կազմում՝ որպես Խաչենի իշխանություն:

11-րդ դարի կեսերից Մերձավոր Արևելքում նվաճողական արշավանքներ են սկսում թյուրքալեզու մի քանի ցեղեր, որոնցից առաջիններն էին սելջուկները: Նրանց կայսրության սահմանները ձգվեցին Միջին Ասիայից մինչև Միջերկրական ծով: Այդ և այլ ցեղերի արշավանքների արդյունքում մեծաքանակ թյուրքալեզու բնակչություն հաստատվեց Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում ու Իրանում: Իրանալեզու ատրպատականցիները (ազարիներ), կորցրին իրենց մայրենի ազարերենը և սկսեցին խոսել թյուրքերեն: Դրան հակառակ՝ Արաքսից հյուսիս ընկած տարածքները միավորվեցին Վրաց թագավորության, ապա և Զաքարյան իշխանապետության կազմում: Կարճ ժամանակ անց տարածաշրջանը գրավեցին թյուրքալեզու այլ ցեղեր՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենները, օղուզները, և այլն: 16-րդ դարի ընթացքում Մերձավոր Արևելքը բաժանվեց երկու թյուրքալեզու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև: Վարչական միավորների ղեկավարներ նշանակվեցին թյուրքալեզու փաշաներ և խաներ, որոնց ենթարկվում էին բեյերն ու բեկերը: Իրենց իշխանությունը մասնակիորեն պահպանել էին վրացի իշխանները և հայ մելիքները, առաջ էր եկել քուրդ աղաների խավը:

17-րդ դարում Արևելյան Հայաստանը բաժանված էր երեք կուսակալությունների՝ Երևանի, Ղարաբաղի ու Թավրիզի միջև: Նորահայտ Ղարաբաղ անվանումը բաղկացած էր երկու բառից՝ ղարա (թուրքերեն՝ սև), բաղ (պարսկերեն՝ այգի): Ըստ երևույթին, այն եզակի էր իր անվամբ. չէր կոչվում քաղաքի անունով, որտեղ նստում էր պարսից շահի նշանակած կուսակալը: Ղարաբաղի սահմանների մեջ էին մտնում Սյունիքի ու Արցախի մելիքությունները, ինչպես նաև Ուտիքում հաստատված մի քանի թյուրքալեզու ցեղեր: Կենտրոնը Գյանջա (Գանձակ) քաղաքն էր: Առանձնահատուկ դիրք ունեին հատկապես Արցախի հայ մելիքները, որոնք միջնադարյան Խաչենի իշխանության իրավահաջորդներն էին: 18-րդ դարի երկրորդ կեսին, Պարսկաստանում սկսած քաղաքական անիշխանության ժամանակ, վերացած կուսակալությունների տեղում ի հայտ եկան բազմաթիվ խանություններ՝ Երևան, Նախիջևան, Ղարաբաղ, Գանձակ, Խոյ, Մակու, Ղարադաղ, Ուրմիա: Ղարաբաղի խանության մեջ մտան ժամանակակից Սյունիքի մարզը, Արցախի Հանրապետությունը, պատմական Ուտիքի հարավը: Կենտրոնը դարձավ Շուշիի բերդը, որի շուրջ սկսեց քաղաք ձևավորվել: Ղարաբաղն ունեցավ երկու խան՝ Փանահ Ալի (1747-1763) և Իբրահիմ Խալիլ (1763-1806): Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) ընթացքում վերացավ Ղարաբաղի խանությունը, իսկ հաջորդ պատերազմի արդյունքում Արաքս գետը դարձավ Պարսկաստանի և Ռուսաստանի սահման՝ Իրանի ներսում թողնելով Ատրպատական-Ազարբայեջանը:

 
Ելիզավետպոլի նահանգ.
1. Տավուշի մարզը՝ որպես Ղազախի գավառի լեռնային հատված
2. Սյունիքի մարզը, ինչպես նաև Արցախի Քաշաթաղի շրջանը՝ որպես Զանգեզուրի գավառ,
3. Արցախը՝ որպես Ջևանշիրի, Շուշիի ու Ջաբրայիլի գավառների լեռնային հատված

19-րդ դարում մեծաքանակ թյուրքալեզու ցեղեր, չնայած նրանց զանգավածային արտագաղթին, շարունակում էին բնակվել Հարավային Կովկասում: 1868 թվականին ստեղծվեց Ելիզավետպոլի նահանգը, որը կիսով չափ բնակեցված էր հայերով, մյուս կեսը հայտնի էր որպես «կովկասյան թուրքեր» կամ «կովկասյան թաթարներ»: Արցախը ամփոփված էր Շուշիի գավառի լեռնային հատվածում, որը հետագայում բաժանվեց երեք մասի՝ Ջաբրայիլ, Շուշի և Ջևանշիր: Դաշտային հատվածի հետ միասին, որտեղ բնակվում էին գերազանցապես թյուրքալեզու ցեղեր, այդ երեք գավառներն ունեին 277.850 բնակիչ (1897), որից 109.250 հայ, 164.098 կովկասյան թաթար: Հայ-թաթարական խառը բնակչությամբ նահանգը 20-րդ դարի սկզբին դարձավ միջէթնիկական բախումների օջախ, ինչը կասեցրեց ռուսական հեղափոխության տարածումը Հարավային Կովկասում:

Հակամարտության սկիզբԽմբագրել

1917 թվականին կայսերական Ռուսաստանում տեղի էին ունեցել փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխությունները, որոնց արդյունքում երկիրն անցել էր բոլշևիկ կոմունիստների կառավարման տակ։ Տերության ծայրագավառներում սկսել էին ազգային-ազատագրական շարժումներ, հիմնադրվել նոր պետություններ։ Դրանք բոլորը, բացի Լեհաստանից և Ֆինլանդիայից, վերստին անցան Խորհրդային Ռուսաստանի վերահսկողության տակ քաղաքացիական պատերազմում (1917-1922/23) բոլշևիկների լիակատար հաղթանակից հետո միայն։ Արդյունքում ստեղծվեց Խորհրդային Միությունը։

1917 թվականի վերջին Հարավային Կովկասը բաժանված էր 6 մասի (Թիֆլիսի, Քութայիսի, Բաքվի, Երևանի, Ելիզավետպոլի նահանգներ և Կարսի մարզ)։ Արցախը և Սյունիքն ամփոփված էին Ելիզավետպոլի նահանգի կազմում։ 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ։ 1918 թվականին հայերն ու կովկասյան թաթարները, չնայած մեկ տասմանյակ առաջ տեղի ունեցած արյունալի դեպքերին, որոշեցին ձևավորել համատեղ կոմիտե, որը փոխարինելու էր Գավառական գործադիր խորհրդին։ Նրանցից ընտրվեցին կոմիտեի յոթական անդամներ, իսկ նախագահի պաշտոնը վստահվեց չեզոք մարդու և երկու ժողովուրդների կողմից հարգված, վրացի հաշտարար միջնորդ Իոսիֆ Կոբիևին[7]։ Այս կագավիճակը տևեց մինչև մարտ-ապրիլի թուրքական զորքերի ներխուժումն Անդրկովկաս[8]։ 1918 թվականի ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։ Կարճ ժամանակ անց հիմնադրվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։ Ադրբեջանի մայրաքաղաք դարձավ Ելիզավետպոլը (Գյանջա). թաթարները նահանգի ամբողջ տարածքին տիրելու հավակնություն ներկայացրին։ Նրանց աջակցեցին օսմանյան զորքերը՝ Նուրի փաշայի գլխավորությամբ։ Հայ-թաթարական մեկ այլ համագումար մայիսի 29-ին տեղի ունեցավ Ասկերանում, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ։

 
Ղարաբաղի հայ-թաթարական համագումարի անդամները

Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցավ Գյոյչայի ճակատամարտը (Շամախի), որում հաղթանակ տանելուց հետո թուրքերը շարժվեցին կոմունիստական Բաքու։ Դրան ի պատասխան՝ հուլիսի 22-ին Շուշիում հրավիրված արցախահայության առաջին համագումարն Արցախը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի ազգային խորհուրդ և կառավարություն՝ կազմված 7 հոգուց։ Հուլիսի 24-ին ընդունվեց Ղարաբաղի կառավարության հռչակագիրը։ Հուլիսի կեսերին, երբ զորավար Անդրանիկ Օզանյանը դադար էր առել Գողթնում, ժամանեց Ղարաբաղի Ազգային խորհրդի պատվիրակ Արշակ Շիրինյանը` զորավարին առաջարկելով իր զորամասով անցնել Ղարաբաղ և մնալ այնտեղ` խոստանալով հոգալ զորամասի բոլոր կարիքները։ Անդրանիկը մերժեց` վկայակոչելով Նախիջևանի հայության ավելի վատ վիճակը։ Շուտով սկսվեցին հայ-թուրքական բախումները. հայերը պարտվեցին։ Գաղթեցին հայկական Կզնուտ, Ղազանչի, Ապրակունիս հայկական գյուղերը, Նախիջևանի և Ջուլֆայի հայությունը` միանալով Անդրանիկին և թրքահայ գաղթականությանը։ Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը հուլիսի 26-ին հասան Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս։

1918 թվականի օգոստոսի 26-ից սկսած տեղի ունեցան մարտեր Բաքվի համար։ Զորահրամանատար Նուրի փաշան վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի ազգային խորհրդին, սակայն սեպտեմբերի 6-ին հրավիրված արցախահայության 2-րդ համագումարը մերժեց թուրքական հրամանատարության և մուսավաթական կառավարության պահանջը։ Սեպտեմբերի 13-ին օսմանյան և մուսավաթական ջոկատները կազմակերպեցին Բաքվի հայերի կոտորած, սպանեցին 10 հազար մարդու։ Հաջորդ օրը քաղաքը վերջնական հայտնվեց նորաստեղծ Ադրբեջանի հսկողության տակ։ Սեպտեմբերի 15-ին անգլիացիները ևս լքեցին դիրքերը և նավերով հեռացան Էնզելի. հետագայում նրանք վերադարձան գեներալ Վիլյամ Թոմսոնի գլխավորությամբ, երբ արդեն դաշնակիցները հաղթել էին առաջին աշխարհամարտում։ Թուրքական զորքերի հրամանատարությունը դարձյալ զինափափվելու վերջնագիր հղեց Ղարաբաղի կառավարությանը։ 1918 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրված արցախահայության երրորդ համագումարը դարձյալ մերժեց թուրքերին։

Ջամիլ Ջևադ բեյն Արցախի հայությունից պահանջեց զենքները հանձնել և հպատակություն հայտնել Ադրբեջանին։ Աղդամ եկավ Նուրի փաշան, ով իր հետ Գյանջայից բերել էր Սերգեյ Տեր-Իսրայելյանին և Լևոն վարդապետին։ Նրանք պետք է արցախցիներին հորդորեին և համոզեին զենք չբարձրացնել թուրք-թաթարական ուժերի դեմ, այլ հարցերը կարգավորել փոխադարձ պայմանավորվածության հիմքով, որպեսզի «Գանձակի և նրա լեռնային շրջանի հայության կյանքն ու գույքը ևս չենթարկվեն վտանգի»։ Թուրքերն առանց կռվի մտան Շուշի։ Հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից հետո օսմանյան զորքերը հեռացան Կովկասից. անգլիական բանակը վերականգնեց 1914 թվականի սահմանները։ Դեկտեմբերի 1-ին Թոմսոնը և Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին զորավար Անդրանիկ Օզանյանից պահանջեցին դադարեցնել առաջխաղացումը։ Անդրանիկը Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջևանշիրի զինվորական հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և արցախահայությանը հրահանգեց «թուրքերի ու թաթարների դեմ պատերազմական գործողությունները դադարեցնել հրամանն ստանալուն պես», քանի որ այդպես են պահանջում դաշնակիցները՝ հակառակ դեպքում կատարված բոլոր թշնամական գործողությունները կարող են վատ անդրադառնալ հայկական հարցի լուծման վրա։ Անդրանիկն իր ուժերով նահանջեց Գորիս։

1919 թվականի հունվարի 15-ին ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։ Փետրվարի 19-ին Շուշիում գումարվեց արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։ Բրիտանական առաքելությունը հանդես եկավ պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։ Հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։ Օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայերի յոթերորդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։

1920 թվականի փետրվարի 19-ին Սուլթանովը նորից դիմեց Ղարաբաղի ազգային խորհրդին՝ «Ղարաբաղը վերջնականապես Ադրբեջանին միացնելու հարցի անհապաղ լուծման» պահանջով։ 1920 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 4-ը տեղի ունեցավ Արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի այդ պահանջը ևս։ Միևնույն ժամանակ Ղարաբաղի հայերն ինքնապաշտպանության նպատակով մարտի 22-ի՝ լույս 23-ի գիշերը դիմեցին զինված ապստամբության։ Տեղի ունեցավ Շուշիի հայ բնակչության ջարդը, որին զոհ գնացին 20 հազար հայ։ Կոտորածից հետո Սուլթանովը հեռացավ Շուշիից։ Մարտերը շարունակվեցին մինչև ապրիլի 13-ը։ Դրոյի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետությունից օգնության հասան ապստամբներին և Արցախից դուրս քշել թշնամու զորքը։ 1920 թվականի ապրիլի 23-ին տեղի ունեցավ արցախահայության իններորդ համագումարը, որն Արցախը հռչակեց Հայաստանի անբաժան մաս։

Արցախի կարգավիճակը առաջին աշխարհամարտից հետո
Թուրքական արշավանքն Անդրկովկաս 1918 թվականին Ադրբեջանի տարածքային պահանջներ Հայաստանի տարածքային պահանջներ Պետական սահմանները 1919 թվականին

1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Նարիման Նարիմանովը ստանձնեց Հեղկոմի ղեկավարի պաշտոնը։ Ապրիլի 29-ին մուսավաթական Սուլթանովն իրեն հայտարարեց Ղարաբաղի Հեղկոմի նախագահ և տեղի հայ ղեկավարներին նամակով տեղեկացնում, թե Ղարաբաղը ևս խորհրդայնացվել է և Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմում։ Ադրբեջանին Անգլիայի փոխարեն սատարում էր Խորհրդային Ռուսաստանը։

 
Ադրբեջանական ԽՍՀ քարտեզը 1928 թվականին. երևում են ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ, ինչպես նաև Իրանի և Հայկական ԽՍՀ ընդհանուր սահմանը

1920 թվականի նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր հաստատվեցին նաև Հայաստանում, ինչի առթիվ Նարիման Նարիմանովը Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը հայտարարեց Հայաստանի մաս։ 1921 թվականին, սակայն, Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։ 1923 թվականին հուլիսի 7-ին դրա տարածքների մի մասի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Ստեփանակերտ կենտրոնով[9]։ Ինչպես նշում է Գալինա Ստարավոյտովան, ԼՂԻՄ-ի վարչական սահմանները չեն համընկնում էթնիկ սահմանների հետ և ԼՂԻՄ-ին սահմանակից Ադրբեջանի ԽՍՀ երկու շրջաններում (Շահումյան և Խանլար), էթնիկ մեծամասնությունը հայեր էին[6]:Նախկին Ելիզավետպոլի նահանգի երկու գավառներ (Ղազախ՝ Տավուշի մարզ, Զանգեզուր՝ Սյունիքի մարզ) հիմնականում մնացին Հայաստանի կազմում։ 1937 թվականի Ադրբեջանի ԽՍՀ Սահմանադրությունը հռչակեց հայոց լեզուն որպես Լեռնային Ղարաբաղի դատական ​​գործընթացների լեզու՝ ապահովելով նաև հայերեն լեզվով հրատարակումը ԼՂԻՄ աշխատողների տեղակալների խորհրդի որոշումներից և կարգադրություններից[10]: Ստեփանակերտում լույս են տեսել «Սովետական ​​Ղարաբաղ» և «Մետաքսագործ» հայերեն թերթերը: 1932 թվականից գործում էր Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական ​​դրամատիկական թատրոնը[11]: ԼՂԻՄ բոլոր ղեկավարները եղել են հայեր. նրանք այդ պաշտոնում մնացել են մի քանի ամսից մինչև 4-5 տարի: Առավել երկար են կառավարել Եղիշե Գրիգորյանը (1952-1958), Գուրգեն Մելքումյանը (1962-1973), Բորիս Կևորկովը (1973-1988): Վերջին երկուսի օրոք ադրբեջանցիների թիվն Արցախում կտրուկ աճել է՝ 18.000-ից հասնելով 41.000-ի, երբ հայ բնակչությունը 110.000-ից հասել էր 145.000-ի: Մարզի իրավական կարգավիճակը որոշվել է 1981 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մասին» օրենքով: 1960-ականներին ԼՂԻՄ-ում սոցիալ-տնտեսական լարվածությունը մի քանի անգամ վերաճեց անկարգությունների: Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը մեղադրվում էր ԼՂԻՄ տնտեսական խտրականության, ինչպես նաև ինքնավար շրջանի ժողովրդագրական կառուցվածքի փոփոխության փորձերի մեջ[12] (2002 թվականին Հեյդար Ալիևը հարցազրույցում հաստատեց, որ զբաղեցնելով Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը (1969-1982)) , նա վարում էր մի քաղաքականություն, որն ուղղված էր տարածաշրջանում ժողովրդագրական հավասարակշռության փոփոխությանը `հօգուտ ադրբեջանցիների[13])): Եթե ​​ղարաբաղահայությունը զգում էր, որ ոտնահարված են Ադրբեջանի տարածքում առկա մշակութային և քաղաքական իրավունքները, ապա ղարաբաղցի ադրբեջանցիները հանդես են գալիս հայ ազգային մեծամասնության կողմից խտրական մեղադրանքներով ՝ ԼՂԻՄ տարածքում[14]: Ըստ Դմիտրի Ֆուրմանի ՝ ղարաբաղահայության իրավիճակը ավելի լավ էր, և նրանք ավելի շատ իրավունքներ ունեին, քան Հայաստանի տարածքում կոմպակտ ապրող ադրբեջանցիները, որոնք չունեին իրենց ազգային ինքնավարությունը[15]:

Ինչ վերաբերում է Ելիզավետպոլի և Ղազախի գավառներին, ապա դրա հայաբնակ բոլոր տարածքները՝ Գետաբեկի, Դաշքեսանի, Թովուզի, Ղազախի, Շահումյանի, Շամքորի, Խանլարի շրջանները, մնացին Ադրբեջանի կազմում ուղղակիորեն։ Նույն ճակատագրին արժանացան նաև Լաչինի և Քելբաջարի շրջանները, որտեղ ստեղծվեց Կարմիր Քուրդիստանը (1923-1929). շրջանները բնակեցվեցին մուսուլմաններով, հայ բնակչության մի ստվար մաս այդտեղից հեռացավ դեպի Խորհրդային Հայաստան։ 1924 թվականին ստեղծվեց մեկ այլ ինքնավար միավոր՝ Նախիջևանի ԻԽՍՀ: Վերջինս ցամաքային սահման ուներ միայն ՀԽՍՀ հետ, իսկ Արաքս գետով բաժանվում էր Իրանից: 1930 թվականին Թուրքիան Իրանից գնեց ութ կիլոմետրանոց նեղ հատված, որով սահմանային կապ ունեցավ Նապիջևանի հետ: Ինքնավար հանրապետության բոլոր ղեկավարները, բացառությամբ մի քանի ամիս կառավարած Վասիլի Վոլկովից (1929), եղել են ադրբեջանցիներ: 65 տարվա ընթացքում՝ մինչև արցախյան շարժումը, ավելի քան 40 հազարանոց հայ բնակչության (1918) քանակը 11 հազարից իջավ երկու հազար մարդու, իսկ ադրբեջանցիների թիվը 80 հազարից հասավ մոտ 300 հազարի:

Դեպքերի ժամանակագրությունԽմբագրել

Արցախյան շարժումԽմբագրել

1987 թվական

  • Օգոստոս - Արցախի հայերը Մոսկվա են ուղարկում տասնյակ հազարավոր ստորագրություններ
  • Հոկտեմբերի 18 - Ցույց Երևանում՝ մայրաքաղաքի էկոլոգիական խնդիրների և Չարդախլուի հայաթափման հետ կապված
  • Հոկտեմբերի 21 - Հեյդար Ալիևին հեռացնում են քաղբյուրոյից
  • Նոյեմբեր - հարձակում ադրբեջանցիների վրա Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանից
  • Նոյեմբերի 16 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ

1988 թվական

 
Ցույց Երևանում՝ ի պաշտպանություն արցախահայության
  • Հունվարի 25 - ադրբեջանցիները հեռացվում են Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանից
  • Փետրվարի 13 - Արցախի հարցով առաջին հանրահավաքը Ստեփանակերտում
  • Փետրվարի 19 - Արցախի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում
  • Փետրվարի 20 - ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կողմ է քվեարկում ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու որոշմանը
  • Փետրվարի 21 - Երևանում սկսում են զանգվածային հանրավաքներ
  • Փետրվարի 22 - Ասկերանում սպանում են երկու ադրբեջանցիների
  • Փետրվարի 24 - պաշտոնազրկում են ԼՂԻՄ ղեկավար Բորիս Կևորկովին
  • Փետրվարի 26 - Միխայիլ Գորբաչովն ընդունում է Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին
  • Փետրվարի 27-29 - Հայերի կազմակերպված ցեղասպանություն Սումգայիթ քաղաքում
  • Մայիսի 21 - պաշտոնազրկում են Կարեն Դեմիրճյանին և Քամրան Բաղիրովին
  • Հունիսի 15 - Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը կողմ է քվեարկում ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ մտցնելու որոշմանը
  • Հունիսի 17 - Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը հաստատում է, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մասն է
  • Հուլիսի 18 - ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի պրեզիդիումը հաստատում է, որ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մասն է
  • Հուլիսի 26 - Արկադի Վոլսկին ուղարկվում է ԼՂԻՄ՝ որպես Քաղբյուրոյի ներկայացուցիչ
  • Սեպտեմբերի 18-20 - Հայերը հեռացվում են Շուշիից, ադրբեջանցիները՝ Ստեփանակերտից
  • Սեպտեմբերի 21 - ԼՂԻՄ-ում մտցվում է «հատուկ կառավարման ռեժիմ»
  • Նոյեմբեր - Հայերը հեռացվում են Ադրբեջանից, ադրբեջանցիները՝ Հայաստանից
  • Նոյեմբերի 17 - Դեկտեմբերի 5 - Զանգվածային հանրահավաքներ Բաքվում
  • Դեկտեմբերի 7 - Սպիտակի երկրաշարժ
  • Դեկտեմբերի 10-11 Հայաստան է այցելում Միխայիլ Գորբաչովը, ձերբակալվում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամները

1989 թվական

  • Հունվարի 12 - ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման ռեժիմը» շարունակվում է, ղեկավար է դառնում Արկադի Վոլսկին
  • Մայիսի 31 - «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատվում են բանտից
  • Սեպտեմբերի 11 - գրանցվում է Ադրբեջանի ժողովրդական ճակատը
  • Սեպտեմբերի 25 - Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիր
  • Նոյեմբեր - Երկաթուղային կապի ընդհատում Հայաստանի հետ՝ Ադրբեջանի կողմից, և Նախիջևանի ԻԽՍՀ հետ՝ Հայաստանի կողմից
  • Նոյեմբերի 28 - Արկադի Վոլսկիի գլխավորած ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման ռեժիմը» լուծարվում է
  • Դեկտեմբերի 1 - Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և ԼՂԻՄ-ի հայության Ազգային խորհուրդը հայտարարում են ԼՂԻՄ-ի միավորումը Հայաստանի հետ

1990 թվական

  • Հունվարի 13-15 - Հայերի ցեղասպանություն Բաքվում
  • Հունվարի 14-15 - Արարատի շրջանի Տիգրանաշեն գյուղի (Քյարքի) ազատագրում
  • Հունվարի 15 - Ղարաբաղում մտցվում է հատուկ դրություն
  • Հունվարի 17-19 - Երասխի ինքնապաշտպանություն, Արարատի շրջան
  • Հունվարի 19-20 - Բաքու է մտնում Կարմիր բանակը. սպանվում են ավելի քան 100 ցուցարարներ ու պատահական անցորդներ
  • Հունվարի 20 - Այազ Մութալիբովը դառնում է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար: Ի նշան բողոքի՝ Նախիջևանն իրեն անկախ է հայտարարում վերստին խորհրդայնացած Ադրբեջանից
  • Հունվարի 26 - Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն ժամանում է ԼՂԻՄ, որպեսզի ղեկավարի կազմակերպչական կոմիտեն
  • Մայիս - Հայոց համազգային շարժումը հաղթում է Հայաստանի Գերագույն Խորհուրդի ընտրություններում: ԼՂԻՄ-ի բյուջեն վերադարձվում է Ադրբեջանի բյուջե
  • Հուլիսի 25 - ԽՄԿԿ կենտկոմն ընդունում է ԼՂԻՄ-ի տարածքում ապօրինի զինված խմբերի զինաթափման օրենք
  • Օգոստոսի 4 - Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդի նախագահ
  • Օգոստոսի 23 - Հայաստանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիր
  • Նոյեմբերի 17 - Նախիջևանի ԻԽՍՀ-ն դարձավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից

1991 թվական

  • Մարտի 17 - ԽՍՀՄ պահմանության հանրաքվե. Ադրբեջանը մասնակցում է, Հայաստանը՝ ոչ
  • Ապրիլի 30 - ՕՄՕՆ-ի և խորհրդային զորքերի ստորաբաժանումները սկսում են «Օղակ» գործողությունը, որն ուղղված էր Գետաշենի գրավմանը
  • Մայիսի 5/6 - Ոսկեպարի կոտորած, Նոյեմբերյանի շրջան
  • Հունիսի 12 - Բորիս Ելցինն ընտրվում է ՌԴ նախագահ
  • Օգոստոսի 8 - Թաթերը լքում են Մեղրու Նռնաձոր (Նյուվադի) գյուղը
  • Օգոստոսի 10 - Ստեփանակերտում սպանվում է ԼՂԻՄ մարզկոմի ղեկավար Վալերի Գրիգորյանը, որը ԼՂԻՄ-ի հայ մտավորականության և Ադրբեջանի ղեկավարության միջև հանդիպում էր կազմակերպել
  • Օգոստոսի 19-21 - Միխայիլ Գորբաչովի հեռացման անհաջող փորձ Մոսկվայում
  • Օգոստոսի 30 - Ադրբեջանը հայտարարում է ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին
  • Սեպտեմբեր - հայերը վերադառնում են Շահումյանի շրջան
  • Սեպտեմբերի 2 - ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում ընդունվում է փաստաթուղթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին
 
ԱՊՀ համաձայնության ստորագրում. Այազ Մութալիբովը և Լևոն Տեր-Պետրոսյանը նստած են կողք կողքի՝ աջից
  • Սեպտեմբերի 3 - Հեյդար Ալիևն ընտրվում է Նախիջևանի Գերագույն Խորհրդի նախագահ
  • Սեպտեմբերի 8 - Այազ Մութալիբովն ընտրվում է Ադրբեջանի նախագահ
  • Սեպտեմբերի 21 - Անկախության հանրաքվե Հայաստանում
  • Սեպտեմբերի 23 - Հայաստանի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակում է ազատ և անկախ պետություն: Ժելեզնովոդսկում ստորագրվում է ԼՂԻՄ-ի հարցով ռուս-ղազախական ծրագիր
  • Սեպտեմբերի 25 - Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով: Հայաստանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը Ժելեզնովոդսկի հայտարարությունից երկու օր անց խախտել է պայմանավորվածությունը և հարձակումներ սկսել Ստեփանակերտի ուղղությամբ:
  • Հոկտեմբերի 16 - Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվում է Հայաստանի նախագահ
  • Հոկտեմբերի 18 - Ադրբեջանն անկախացավ Խորհրդային Միությունից
  • Նոյեմբերի 20 - Ուղղաթիռի վթար ԼՂԻՄ-ում, որում գտնվում էին Ադրբեջանի 22 բարձրաստիճան պաշտոնյաներ, ռուս գեներալներ ու լրագրողներ
  • Նոյեմբերի 26 - Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում Խանքենդի
  • Դեկտեմբերի 8 - Բելովեժսկի համաձայնությունը ԱՊՀ ստեղծման մասին
  • Դեկտեմբերի 10 - ԼՂՀ հայերը ահնրաքվեով քվեարկում են անկախության օգտին
  • Դեկտեմբերի 25 - Միխայիլ Գորբաչովը հեռացավ զբաղեցրած պաշտոնից
  • Դեկտեմբերի 30 - Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչով։ Տարեվերջին արդեն ԽՍՀՄ Ներքին զորքերի հատուկ նշանակության դիվիզան դուրս էր բերվել Ղարաբաղից, ինչն էլ ավելի անկառավարելի էր դարձրել իրավիճակը:
  • Դեկտեմբերի 31 - ԽՍՀՄ վերջնական փլուզում

Ռազմական գործողություններԽմբագրել

1992 թվական

  • Հունվարի 1 - Աղդամի գումարտակը` Յակուբ Ռազաևի հրամանատարությամբ, տանկերով հարձակվում է հայկական Խրամորթ գյուղի վրա: 800֊ից ավելի բնակիչ ունեցող գյուղը մի քանի օրում դատարկվում է ու անցնում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ: Հայկական կողմը բնակավայրը ետ է վերցնում մեկուկես տարի անց միայն:
  • Հունվարի 26 - Ադրբեջանցի տասնյակ զինվորներ ոչնչացվեցին Քարինտակի ինքնապաշտպանության ժամանակ: Ադրբեջանի պաշտպանության նախարար Տաջեդին Մեհտիևը ազատվել էր պաշտոնից:
  • Հունվարի 28 - հիմնադրվում է հայկական բանակը
  • Հունվարի 30 - Ադրբեջանն ու Հայաստանը դառնում են ԵԱՀԿ անդամներ, որը Արցախյան հակամարտության լուծման միջնորդական առաքելություն է ստանձնում
  • Փետրվարի 17 - Ղարադաղլուի ազատագրում
  • Փետրվարի 19 - Ադրբեջանցիները գործի են դնում ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ Գրադ հրթիռահրետանային համազարկային կայանք, որը միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ: Ծանր հրետանու հարվածներից վնասվում է նաև Ստեփանակերտի խորհրդարանի շենքը:
  • Փետրվարի 24 - Իրանը միջնորդական առաքելություն է սկսում` հրադադար հաստատելու համար: Արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին մի քանի անգամ այցելում է տարածաշրջան, արդյունքում մայիսին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ընդունում, որը, սակայն, այդպես էլ մնում է թղթի վրա:
  • Փետրվարի 25-26 - Հարյուրավոր ադրբեջանցիներ զոհվում են Խոջալուի արյունահեղության ժամանակ: Խոջալուի ազատագրությանը մասնակցել է ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումները, որոնք գտնվում էին Ստեփանակերտում
  • Մարտի 3 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի֊26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ
  • Մարտի 6 - Այազ Մութալիբովը հեռացավ Ադրբեջանի նախագահի պաշտոնից
  • Մարտի 10 - ռուսական բանակի 366-րդ մոտոհրաձգային գունդը վերաձևավորվում է Վրաստանում
  • Մարտի 12 - ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ` ղարաբաղյան խնդրի շուրջ:
  • Մարտի 13 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը
  • Մարտի 19 - Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ֊ի ու Ռուսաստանի նախագահները: Շուրջ մեկուկես ժամ շարունակված զրույցում, ըստ Սպիտակ տան, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշը աջակցություն էր հայտնել Ելցինի նախաձեռնած բարեփոխումներին, և համաձայնել, որ Ռուսաստանն ու Նահանգները պետք է միասին աշխատեն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
  • Մարտի 24 - Ձևավորվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը
  • Ապրիլի 7 - Մինսկում կայանալիք խորհրդաժողովի նախագահ է նշանակվում իտալացի Մարիո Ռաֆֆայելին
  • Ապրիլի 10 - Տասնյակ հայեր զոհվում են Մարաղայի կոտորածի ժամանակ
  • Ապրիլի 14 - մահանում է Արթուր Մկրտչյանը
  • Ապրիլի 27 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը (Տավուշ)
  • Ապրիլի 28 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին առաջարկում է Մեղրին հանձնել Ադրբեջանին, իսկ Արցախը՝ Հայաստանին[16]
  • Մայիսի 8/9 - Հայերն ազատագրում են Շուշին
  • Մայիսի 11 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահը նամակ է հղում Անվտանգության խորհրդին. «Թեև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև վեճի կողմ չէ, Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի վրա սահմանի մյուս կողմից և ապօրինի շրջափակման ենթարկում: Մենք վստահ ենք, որ առանց միջազգային երաշխիքների, որոնք կարող են ապահովվել միայն ՄԱԿ֊ի խաղաղապահ ուժերի ներկայությամբ, հակամարտությունը անշեղորեն շարունակելու է սրվել»
  • Մայիսի 14/15 - Մութալիբովը կարճ ժամանակով վերադառնում է Բաքու և դարձյալ հեռացվում
  • Մայիսի 15 - Տաշքենդի համաձայնագրով խորհրդային զենքերը և զինտեխնիկան բաժանվում են ԱՊՀ երկրների միջև
  • Մայիսի 17 - Թեհրանը դադարեցնում է միջնորդական առաքելությունը
  • Մայիսի 18 - Հայերն ազատագրում են Լաչինը
  • Մայիսի 21 - ԱՄՆ ֊ը միջանկյալ լուծում է առաջարկում` կոչ անելով Մինսկի համաժողովի մասնակից 11 երկրների արտահերթ հավաք կազմակերպել՝շտապ կարգով իրավիճակը քննարկելու և կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար:
  • Հունիսի 1 - Օգոստոսի 5 - Մինսկի խմբի բանակցությունները Հռոմում
  • Հունիսի 7 - Աբուլֆազ Էլչիբեյը դառնում է Ադրբեջանի նախագահ
  • Հունիսի 8 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Վերին Ոսկեպար գյուղը (Տավուշ)
  • Հունիսի 12 - Գորանբոյ գործողություն. ադրբեջանցիները գրավում են Շահումյանի շրջանը
  • Հունիսի 14 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Ներքին Ոսկեպար գյուղը (Տավուշ)
  • Հուլիսի 4 - ադրբեջանցիները գրավում են Մարտակերտը և անվանում այն «Աղդերե»
  • Հուլիսի 5 - Տասնմեկ պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ
  • Հուլիսի 9 - Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԽ (ԵԱՀԿ) ֊ն համաձայնության է եկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցում
  • Օգոստոսի 4 - Հռոմում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) հովանու ներքո անցնող բանակցություններն ավարտվում են առանց որևէ արդյունքի: Հանդիպման վերջին օրը Ստեփանակերտի պատվիրակները բոյկոտում են և ,ի նշան բողոքի,լքում բանակցային սենյակը
  • Օգոստոսի 8 - հայերը դուրս են գալիս Արծվաշեն գյուղից
  • Օգոստոսի 15 - Ստեղծվում է Արցախի պաշտպանության պետական կոմիտեն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ
  • Սեպտեմբերի 1 - Սրխավենդի ազատագրում. հայերի հսկողության տակ է ԼՂԻՄ-ի մոտ կեսը
  • Սեպտեմբերի 19 - ՌԴ ՊՆ Պավել Գրաչովը կովկասյան պետությունների պաշտպանության նախարարներին Սոչիում հրավիրում է հանդիպման: Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում երկամսյա հրադադարի համաձայնագիր են ստորագրում
  • Հոկտեմբերի 24 - ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է 907-րդ բանաձևը, որով արգելվում է Ադրբեջանին զենք վաճառել
  • Դեկտեմբերի 12 - Ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը
  • Դեկտեմբերի 14/15 - ԵԱՀԿ նիստ Ստոկհոլմում

1993 թվական

  • Հունվարի 3 - Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն են տարածում Ղարաբաղի հարցով
  • Փետրվարի 10 - Սուրեթ Հուսեյնովը հեռացվում է ԼՂԻՄ-ում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից
  • Փետրվարի 20 - Ռահիմ Ղազիևը հեռացվում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնից
  • Մարտի 27 - Ապրիլի 5 Հայերն ազատագրում են Քարվաճառը և շրջանը
  • Ապրիլ - Կրկին փակվում է թուրք-հայկական սահմանը
  • Ապրիլի 9-16 - Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Մոսկվայում եռակողմ խորհրդապահական բանակցություններ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև
  • Ապրիլի 30 - ՄԱԿ-ում ընդունվում է 822 բանաձևը, որով պահանջվում է հայկական զորքերի դուրսբերումը Քարվաճառից
  • Հունիսի 4 - Սուրեթ Հուսեյնովը ղեկավարում է Գյանջայում Էլչիբեյի դեմ սկսած բողոքի ցույցը
  • Հունիսի 14 - Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնում է Ստեփանակերտ, որպեսզի սատարի ԵԱՀԿ խաղաղ պայմանագիրը
  • Հունիսի 15 - Հեյդար Ալիևն ընտրվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ
  • Հունիսի 17-18 - Էլչիբեյը գաղտնի հեռանում է Բաքվից և մեկնում Նախիջևան
  • Հունիսի 24 - Խորհրդարանը Հեյդար Ալիևին արտակարգ լիազորություններ տվեց
  • Հունիսի 27 - Հայերը կրկին ազատագրեցին Մարտակերտը
  • Հունիսի 30 - Հեյդար Ալիևը Սուրեթ Հուսեյնովին նշանակեց վարչապետի պաշտոնում
  • Հուլիսի 23 - Հայերը ազատագրեցին Աղդամը
  • Հուլիսի 28 - Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները`պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել
  • Հուլիսի 29 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց թիվ 853 բանաձևը, որը պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Աղդամից
  • Օգոստոսի 10 - Մոսկվան կոչ է անում Բաքվին և Ստեփանակերտին վերսկսել ուղիղ բանակցությունները
  • Օգոստոսի 23 - Հայերն ազատագրեցին Ֆիզուլին
  • Օգոստոսի 25 - Հայերն ազատագրեցին Ջաբրայիլը
  • Օգոստոսի 28 - Ադրբեջանի քաղաքացիները անվստահություն հայտնեցին Էլչիբեյին ՝ ազգային հանրաքվեի ժամանակ
  • Օգոստոսի 31 - Հայերն ազատագրեցին Կուբաթլուն
  • Սեպտեմբերի 3 - Հեյդար Ալիևը Գերագույն խորհրդի փոխնախագահին հանձնարարում է աշխատել`Ադրբեջանի և Ղարաբաղի առաջնորդների միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ:
  • Սեպտեմբերի 12-13 Մոսկվայում հանդիպում են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովն ու Ղարաբաղի արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Հայկական կողմը համաձայնում է մինչև հոկտեմբերի 5֊ը զենքերը վայր դնել` հնարավորություն տալով Ադրբեջանին նախագահական ընտրությունները անցկացնել առանց ռազմական գործողությունների
  • Սեպտեմբերի 24 - Ադրբեջանը մտավ ԱՊՀ կազմ
  • Սեպտեմբերի 25 - Հեյդար Ալիևը և Ռոբերտ Քոչարյանը գաղտնի հանդիպել են Մոսկվայում
  • Սեպտեմբերի 28 - Ռուսաստանի նախաձեռնությամբ հրադադար է հաստատվում մինչև նոյմբերի 5-ը
  • Հոկտեմբերի 3 - Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի նախագահ
  • Հոկտեմբերի 14 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց 874 բանաձևը՝ կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ բռնության գործողություններից
  • Հոկտեմբերի 21 - Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը
  • Հոկտեմբերի 24 - Հայերն ազատագրեցին Հորադիզը՝ կտրելով Ադրբեջանի Զանգելանի շրջանը
  • Հոկտեմբերի 29 - Հայերն ազատագրեցին Զանգելանը
  • Նոյեմբերի 11 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունում է 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում է դրանց դուրսբերում
  • Նոյեմբերի 30 - Իտալիայից Մինսկի խմբի նախագահ Մարիո Ռաֆաելին հրաժարական է տվել: Փոխարինեց Շվեդիայի ներկայացուցիչ Յան Էլիասոնը
  • Դեկտեմբերի 11 - Հեյդար Ալիևը հրապարակավ քննադատում է ադրբեջանական բանակը
  • Դեկտեմբերի 16 - Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:
  • Դեկտեմբերի 22 - Ադրբեջանական զորքերի կողմից նոր գրոհ

1994 թվական

  • Հունվարի 20-24 - Ադրբեջանական ուժերը հարձակվում են Քելբաջարի շրջանում, հայերը նահանջում են ծանր կորուստներով
  • Փետրվարի 12-18 - Հայերը հակագրոհ են իրականացնում, հազարավոր ադրբեջանցի զինվորներ են սպանվում
  • Ապրիլ - Հայերը հարձակվում են Թարթառի վրա
  • Մայիսի 4/5 - Բիշքեկում կայացած բանակցությունները հանգեցնում են Բիշքեկյան արձանագրության ստեղծմանը, որը կոչ է անում հրադադար հաստատել
  • Մայիսի 12 - Հրադադարը մտավ ուժի մեջ
  • Սեպտեմբերի 20 - Ադրբեջանը և արտասահմանյան նավթային ընկերությունները պայմանագիր են կնքել Կասպից ծովում նավթային հանքավայրեր մշակելու մասին
  • Հոկտեմբերի 3/4 - Սուրեթ Հուսեյնովի փախուստը Ադրբեջանից՝ հեղաշրջման անհաջող փորձից հետո
  • Դեկտեմբերի 5/6 - Բուդապեշտի գագաթնաժողովում Հաստատեց ղարաբաղյան խաղաղապահ մանդատը
  • Դեկտեմբերի 22 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը Ռոբերտ Քոչարյանին ընտրեց «նախագահ»

Կարգավորման գործընթացԽմբագրել

Շարժման սկզբից հիմնախնդիրն ստացել է միջազգային բնույթ։ Իրանից և Ռուսաստանից բացի՝ 1992 թվականից հակամարտության կարգավորման միջնորդի դեր է ստանձնել նաև ԵԱՀԿ-ն։ 1991 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Նուրսուլթան Նազարբաևը հանդես են եկել միջնորդական նախաձեռնությամբ։ 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ նախարարների խորհրդի մակարդակով որոշվել է ստեղծել Մինսկի խումբ՝ հակամարտող կողմերի միջև բանակցություններ վարելու և Մինսկի համաժողովի հրավիրումը նախապատրաստելու համար։ 1992 թվականի մայիսի 8-ին Թեհրանում ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների ու ԻԻՀ-ի համատեղ կոմյունիկե։ Սակայն տարածաշրջանում ռազմական գործողությունների ուժգնացման, հանդիպմանը Արցախի ներկայացուցիչների բացակայության պատճառով և Շուշիի ազատագրման հետևանքով ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրականացվել։

1992 թվականի ամառվանից մինչև 1994 թվականի մայիսը բազմաթիվ փորձեր են արվել զինադադար հաստատելու ուղղությամբ, և այդ առումով, ՌԴ միջնորդությամբ և հակամարտության կողմերի ուղիղ բանակցությունների արդյունքում հաստատված զինադադարը, բանակցային գործընթացի խոշոր նվաճումն էր։ 1994 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվել է Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թվականի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂՀ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում Արցախի կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թվականի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքման շուրջ։ 1995 թվականի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացների միջև։ 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց։ Սակայն գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը, որով վերահաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նախատեսում Արցախին ամենաբարձր կարգավիճակի շնորհում՝ Ադրբեջանի սահմաններում, ավելի է խորացրել փակուղային իրավիճակը։ Հայաստանը դեմ է քվեարկել այդ հայտարարությանը։ Դրանից հետո տեղի են ունեցել դիրքորոշումների կարծրացում, ուղիղ բանակցությունների դադարեցում և փաստացի հետընթաց։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է ԼՂՀ-ի կողմից փուլային կարգավորման գաղափարի բացարձակ մերժմանը և ՀՀ-ում քաղաքական ճգնաժամի, որի հետևանքով 1998 թվականի փետրվարի 4-ին ՀՀ-ում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Նոր ղեկավարությունը որդեգրել է հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։ Մինսկի խմբի համանախագահները 1998 թվականի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված պաշտոն, առաջարկում։ Փաստաթղթում չեն ներառվել «ինքնավարություն» ու «Լիսաբոնի սկզբունքներ» ձևակերպումները, այլ ամփոփվել են ինքնորոշման բոլոր նախատիպերի կիրառելի տարրերը, և փորձ է արվել գտնել միջին տարբերակ, որը չի նախասահմանում ԼՂՀ կարգավիճակը, այլ կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալու վերջինիս շուրջ՝ բանակցությունների միջոցով՝ Արցախը դիտելով Ադրբեջանի հետ միևնույն հարթության վրա։ Ադրբեջանը մերժել է այդ փաստաթուղթը, որով փակուղային վիճակը շարունակվել է։ 1998 թվականի դեկտեմբերին Փարիզում ՀՀ խորհրդարանական և ԼՂՀ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԽՀՎ շրջանակներում տեղի են ունեցել Արցախյան հիմնախնդրի շուրջ լսումներ, որոնցով հնարավորություն է ընձեռվել միջնորդավորված կերպով եվրահամայնքին ներկայացնելու հիմնախնդիրն ամբողջությամբ և Հայաստանի մոտեցումներն ու մեկնաբանությունները։ 1999-2007 թվականներին ԼՂ հակամարտության կարգավորման համար Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում, Ժնևում, Յալթայում, Սադարակում (Նախիջևան), Սանկտ Պետերբուրգում, Քի Վեստում, Դավոսում, Ստամբուլում, Բուխարեստում, Մինսկում և այլ քաղաքներում տեղի են ունեցել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի (2004 թվականից՝ Իլհամ Ալիևի) հանդիպումներ։ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնականը ՀՀ և ԱՀ նախագահների քննարկմանն են ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների նախնական տարբերակը՝ խաղաղության համապարփակ համաձայնագիր մշակելու համար։ 2008 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել բանակցությունների հիմքում դնել Մադրիդյան սկզբունքները։ Նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ վերսկսվել է բանակցային գործընթացը, և երեք նախագահներն ստորագրել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Մայնդորֆյան հռչակագիրը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. МГСУ. Общая и прикладная политология / Под общей редакцией В. И. Жукова, Б. И. Краснова. — М.: Издательство МГСУ «Союз», 1997. — С. 392, 401-403, 407. — 992 с. — ISBN 5-7139-0084-3.
  2. Мемориал. Хронология конфликта
  3. Ямсков А. Н. Нагорный Карабах: Анализ причин и путей решения межнационального конфликта. // Национальные процессы в СССР. М.: «Наука», 1991
  4. Афранд Дашдамиров. Карабахский конфликт в контексте перестройки. // Вестник аналитики, № 3 (21), 2005. С. 190—212.
  5. Сванте КОРНЕЛЛ. Конфликт в Нагорном Карабахе: динамика и перспективы решения (рус.), sakharov-museum.ru.
  6. 6,0 6,1 Старовойтова Г. В. Национальное самоопределение: подходы и изучение случаев
  7. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Արցախը 1918-1920 թվերին
  8. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Կարսի հանձնումը. 1918-ի ապրիլի 25
  9. Атлас Союза Советских Социалистических Республик (1928),
  10. Конституция (основной закон) СССР: Конституции (основные законы) союзных и автономных советских социалистических республик. — Гос. изд-во юрид. лит-ры, 1960. — Т. 50. — С. 685.
  11. Тер-Саркисянц А. Е. Современные этнические процессы у армян Нагорного Карабаха // Этнические и культурно-бытовые процессы на Кавказе. — М.: Наука, 1978. — С. 85.
  12. Svante E. Cornell. The Nagorno-Karabakh Conflict. Report No 46, Department of East European Studies, Uppsala University, 1999
  13. Интервью Гейдара Алиева газете «Зеркало», Баку, 23.07.2002:
    .
  14. Том де Ваал (10 июля 2005 г.)։ «Глава 9. Противоречия. Сюжет двадцатого века» (ռուսերեն)։ Русская служба Би-би-си 
  15. Фурман Дмитрий Карабахский конфликт: национальная драма и коммунальная склока // Свободная мысль. — 1994. — № 11. — С. 48—49.
  16. Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն, Թաթուլ Հակոբյան, Մեղրիի 1999թ. տարբերակը Հայաստանը մերժել է, 2001-ին Քի Վեսթը՝ ընդունել որպես բանակցությունների հիմք


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։