Միջագետք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միջագետք (այլ կիրառումներ)
Միջագետք կամ Մեսոպոտամիա, պատմական տարածք Արևմտյան Ասիայում, որը գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի համակարգում, ներկայումս այս տարածքը համապատասխանում է Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածի, Սիրիայի արևելյան հատվածի, Հարավարևելյան Թուրքիայի, թուրք-սիրիական և իրան-իրաքյան սահմանների երկայնքով ձգվող շրջաններին[1]։
Մ.թ.ա. 539 թվականին Բաբելոնի անկումից հետո, երբ Աքեմենյան Պարսկաստանը գրավում է այն, արդեն իսկ պատմական հնագույն աղբյուրներում (մոտ մ.թ.ա. 3100) հիշատակվում է, որ շումերներն ու աքքադացիները (այդ թվում՝ ասորիներ և բաբելոնացիներ) գերիշխանություն են հաստատել Միջագետքում։ Մ.թ.ա. 332 թվականին Միջագետքը հայտնվել է Ալեքսանդր Մեծի տիրապետության տակ, իսկ նրա մահից հետո այն դարձել է հունական Սելևկյանների կայսրության գերիշխանության տակ։
Մ.թ.ա. շուրջ 150 թվականին Միջագետքը հայտնվում է Պարթևական կայսրության իշխանության տակ։ Միջագետքը դարձել է հռոմեացիների և պարթևների միջև ռազմադաշտ, որի արդյունքում Միջագետքի արևմտյան մասերը հայտնվել են հռոմեական վերահսկողության տակ։ 226 թվականին Միջագետքի արևելյան շրջանները անցել են Սասանյաններին։ Միջագետքի բաժանումը Հռոմի (395 թվականից Բյուզանդիա) և Սասանյանների միջև տևել է մինչև 7-րդ դարը, երբ մուսուլմանները նվաճել են Պարսկաստանը Սասանյան կայսրությունից, ապա Լևանտը՝ Բյուզանդիայից։ Մ.թ.ա. 1 դարից մինչև 3-րդ դարը Միջագետքում գոյություն են ունեցել մի շարք պետություններ՝ նեոասորական և քրիստոնեական, այդ թվում՝ Ադիաբենեն, Օսրոյենեն և Հատրա։
Մ.թ.ա. շուրջ 10.000 թվականին Միջագետքը եղել է նեոլիթական հեղափոխության վաղ զարգացումների էպիկենտրոն։ Միջագետքը «դարձել է մարդկության պատմության մեջ ամենակարևոր զարգացումների ոգեշնչման աղբյուր, այդ թվում՝ անիվի հայտնագործումը, առաջին հացահատիկի տնկումը և ձեռագիր տեքստի զարգացումը, մաթեմատիկան, աստղագիտությունը և գյուղատնտեսությունը»[2]։
Ծագումնաբանություն
խմբագրելՄիջագետք տերմինը (հին հունարեն՝ Μεσοποταμία «գետերի միջև տարածք», արաբ․՝ بلاد الرافدين، بین النهرین bilād ar-rāfidayn, քրդ.՝ میزۆپۆتامیا, պարս.՝ میانرودان miyān rudān, ասորերեն՝ ܒܝܬ ܢܗܪܝܢ Beth Nahrain «գետերի տարածք») ծագել է հին հունարեն μέσος «միջին» և ποταμός «գետ» բառերից և թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև հողատարածք»։ Այն օգտագործվում է հունական Սեպտուագինտայում (մ.թ.ա. մոտ 250) հունարեն և արամեերեն Նահարաիմ տերմինը թարգմանելու համար։ Այն, որ Միջագետք բառը օգտագործվել է հունարենում դեռ վաղ ժամանակներից, ակնհայտ է «Ալեքսանդրի արշավանքները» (Ալեքսանդրի Անաբասիս) աշխատությունում, որը գրվել է 2-րդ դարի վերջերին և հիմնականում վերաբերում է Ալեքսանդր Մեծին։ Անաբասիսում Միջագետք տերմինը օգտագործվում է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան տարածքները նկարագրելու համար։
Արամեերեն biritum/birit narim համապատասխանում է աշխարհագրական նույն տարածքին[3]։ Ավելի ուշ Միջագետք տերմինը սկսել է կիրառվել Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած բոլոր հողերին՝ դրանով միավորելով ոչ միայն Սիրիայի տարածքները, այլև գրեթե ամբողջ Իրաքը և հարավարևելյան Թուրքիան[4]։ Շատ հաճախ Միջագետք տերմինի տակ հասկանում են նաև Եփրատի արևմուտքում գտնվող տափաստանները և Զագրոսյան լեռների արևմտյան մասերը[5][6][7]։
Տարբերակում է կատարվում նաև Հյուսիսային կամ Վերին Միջագետքի և Հարավային կամ Ստորին Միջագետքի միջև[8]։ Վերին Միջագետքը, որը նաև հայտնի է Ջազիրե անունով, Եփրատի և Տիգրիսի միջև ընկած տարածքն է մինչև Բաղդադ[5]։ Ստորին Միջագետքը Բաղդադից մինչև Պարսից ծոց ընկած հատվածն է, որն ընդգրկում է նաև Քուվեյթը և Իրանի արևմտյան մասերը[8]։
Ժամանակակից կիրառությամբ Միջագետք տերմինը ունի ժամանակագրական իմաստ։ Այս տերմինը նկարագրել է այն տարածքը, որը արաբական արշավանքերից հետո կոչվում է Սիրիա, Ջազիրե և Իրաք[4][9]։ Տեսակետ կա, որ այս վերջին մեղմասությունները եվրակենտրոն տերմիններ են, որոնք վերագրվել են տարածաշրջանին 19-րդ դարի Արևմտյան նվաճողական քաղաքականության ժամանակ[9][10]։
Աշխարհագրություն
խմբագրելՄիջագետքը ընդգրկում է Եփրատ և Տիգրիս գետերի տարածքը, որոնք երկուսն էլ սկզբնավորվում են Տավրոսի լեռնաշղթայից։ Երկու գետերն էլ սնվում են բազմաթիվ վտակներից, գետային այս համակարգը չորացնում է լեռնային ընդարձակ մի տարածք։ Միջագետքում ցամաքային ճանապարհները սովորաբար ձգվում են Եփրատի երկայնքով, քանի որ Տիգրիսի ափերը ուղղաձիգ են և դժվարամատչելի։ Տարածաշրջանում կլիման կիսաչորային է, որի հյուսիսային շրջաններում ընդարձակ անապատային տարածքներ են, որոնց հաջորդում են հարավում 15.000 կմ² տարածքով ձգվող ճահիճներ, լճակներ, ցեխով և եղեգներով պատված ափամերձ շրջաններ։ Հեռու հարավում Եփրատ և Տիգրիս գետերը միավորվում են և թափվում Պարսից ծոց։
Չորային միջավայրը գերիշխում է անձրևաջրով սնվող գյուղատնտեսությամբ հյուսիսային շրջաններից մինչև հարավ, որտեղ գյուղատնտեսության ոռոգումը կարևոր է, եթե կիրառվում է ներդրված էներգիայի հիման վրա էներգիայի վերադարձման մեթոդը։ Ոռոգումը ապահովվում է Հյուսիսային Զագրոսի լեռների բարձր գագաթներից ձնահալոցքի տեսքով, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից՝ Տիգրիս և Եփրատ գետերից, որոնք էլ տարածաշրջանին իր անունն են տվել։ Ոռոգման արդյունավետությունը պայմանավորված է ջրանցքների կառուցման համար համապատասխան աշխատուժ կենտրոնացնելով, սա իր հերթին նպաստել է, որ զարգանան քաղաքային բնակավայրերը և քաղաքական իշխանության կենտրոնացված համակարգերը։
Գյուղատնտեսությունը լրացվում էր նաև քոչվորային կյանքի շնորհիվ, ովքեր ամռան ամիսներին վրաններով բնակություն էին հաստատում տարբեր վայրերում, արածեցնում էին ոչխարներ և այծեր (ավելի ուշ ուղտեր), ձմռան խոնավ ամիսներին տեղափոխվում էին սեզոնային արոտավայրեր։ Այս տարածաշրջանում չկան շինարարական քարեր, թանկարժեք մետաղներ և փայտանյութեր, այդ իսկ պատճառով այն պատմականորեն հենվել է գյուղատնտեսական ապրանքների՝ հեռավոր երկրներ հետ առևտրի վրա՝ փոխադարձաբար ստանալով այն ամենը, ինչը չի հանդիպում տարածաշրջանում։ Տարածքի հարավային հատվածի ճահճուտներում դեռևս հնագույն ժամանակներից պահպանվել է ձկնաբուծության յուրահատուկ բարդ մի տեսակ։
Տարբեր պատճառներով մշակութային համակարգում տեղի են ունեցել պարբերական անկումներ։ Աշխատուժի պահանջարկը հաճախ պատճառ է դարձել բնակչության թվի աճին, իսկ եթե դրան հաջորդում էր նաև կլիմայական անկայունության շրջան, ապա կենտրոնական կառավարությունը անկում է ապրում և բնակչության շրջանում ևս հետընթաց է տիրում։ Մյուս կողմից ծայրամասային ցեղերի կամ քոչվոր անասնապահների ռազմական ներխուժումների արդյունքում սկսվում է առևտուրը անկման ժամանակաշրջան, իսկ ոռոգման համակարգերը անտեսվում են։ Նմանապես քաղաք-պետությունների կենտրոնամետ հակումները նշանակում էին, որ կենտրոնական իշխանությունը պահպանում է իր գերիշխանությունը ամբողջ տարածաշրջանում, սակայն հաճախ կենտրոնական իշխանությունը ժամանակավոր է, իսկ տեղայնությունը ուժեղացնում է ցեղային կամ փոքր տարածքային ստորաբաժանումների իշխանությունը[11]։ Այս միտումները շարունակվել են և պահպանվել մերօրյա Իրաքում։
Պատմություն
խմբագրելՄիջին Արևելքի հնագույն պատմությունը սկսում է ստորին պալեոլիթի ժամանակաշրջանից։ Գրավոր լեզուն՝ պատկերագիրը, առաջացել է Ուրուք IV-ի ժամանակներում (մ.թ.ա. մոտ 4-րդ հազարամյակ). իրական պատմական իրադարձությունների մասին գրավոր արձանագրությունները, այդ թվում նաև Ստորին Միջագետքի հնագույն պատմությունը, սկսվել է մ.թ.ա. երրորդ հազարամյակում սեպագիր արձանագրությունների ձևով։ Նախապատմական շրջանը ավարտվել է կա՛մ մ.թ.ա. 6-րդ դարի վերջերին Աքեմենյան կայսրության կողմից տարածաշրջանի գրավումով, կա՛մ 7-րդ դարում արաբական արշավանքների արդյունքում, երբ ստեղծվել է խալիֆայությունը։ Հենց այս պահից էլ այս շրջանը հայտնի է դարձել Իրաք անունով։ Այս երկարատև ժամանակաշրջանում Միջագետքը դարձել է աշխարհի ամենազարգացած և սոցիալապես խառը պետությունների կենտրոնը։
Տարածաշրջանը 4 գետային քաղաքականություններից մեկն է, որտեղ հայտնաբերվել է գիր. դրանցից են նաև Նեղոսի հովտի քաղաքկրթությունը Եգիպտոսում, Հարապպայի քաղաքակրթությունը Հնդկական թերակղզում, Դեղին գետը Չինաստանում։ Միջագետքում են գտնվել այնպիսի կարևոր քաղաքներ, ինչպիսիք են Ուրուկը, Նիպպուրը, Նինվեն, Աշուրը և Բաբելոնը, միևնույն ժամանակ այստեղ են գտնվել մի շարք կարևոր պետություններ՝ Էրիդու քաղաք, Աքքադական թագավորություն, Ուրի երրորդ դինաստիա և շատ այլ ասորական կայսրություններ։ Միջագետքի մի շարք կարևոր պատմական դեմքերից են Ուր-Նամմուն (Ուրի թագավոր), Սարգոն Աքքադացի (Աքքադական կայսրության հիմնադիրը) Համմուրաբի (Հին Բաբելոնական պետության հիմնադիրը), Աշշուր-Ուբալիդ II և Թիգլաթպալասար I (Ասորական կայսրության հիմնադիրը)։
Գիտնականները հետազոտել են Գերմանիայում մի հին գերեզմանատանը գտնված վաղ շրջանի երկրագործների 8000-ամյա մնացորդների ԴՆԹ-ն։ Նրանք համեմատել են ստացված գենետիկական արդյունքները ժամանակակից բնակչության հետ և հայտնաբերել են, որ այդ ԴՆԹ-ն համապատասխանում է մերօրյա Թուրքիայի և Իրաքի բնակչության ԴՆԹ-ին[12]։
Ժամանակագրություն
խմբագրել- Նախապատմական շրջան
- Մինչխեցեգործական նեոլիթի Ա շրջան (մ.թ.ա. 10,000–8700)
- Մինչխեցեգործական նեոլիթի Բ շրջան (մ.թ.ա. 8700–6800)
- Հասսունա (մ.թ.ա. մոտ 6000 –?), Սամարրա (մ.թ.ա. մոտ 5700–4900) և Հալաֆի մշակույթ (մ.թ.ա. մոտ 6000–5300)
- Ուբայիդի շրջան (մ.թ.ա. մոտ 5900–4400)
- Ուրուքի շրջան (մ.թ.ա. մոտ 4400–3100 )
- Ջեմդեթ Նասրի շրջան (մ.թ.ա. մոտ 3100–2900)[13]
- Վաղ բրոնզի դար
- Վաղ դինաստիական շրջան (մ.թ.ա. մոտ 2900–2350)
- Աքքադական կայսրություն (մ.թ.ա. մոտ 2350–2100)
- Ուրի երրորդ դինաստիայի շրջան (մ.թ.ա. 2112–2004)
- Վաղ ասորական թագավորություն (մ.թ.ա. 24-18 դարեր)
- Միջին բրոնզի դար
- Վաղ Բաբելոն (մ.թ.ա. 19-18-րդ դարեր)
- Առաջին բաբելոնական դինաստիա (մ.թ.ա. 18-17-րդ դարեր)
- Մինոանի ժայթքում (մ.թ.ա. մոտ 1620)
- Ուշ բրոնզի դար
- Ուշ ասորական շրջան (մ.թ.ա. 16-11-րդ դարեր)
- Միջին ասորական շրջան (մ.թ.ա. մոտ 1365–1076 դարեր)
- Քասիթների շրջան (մ.թ.ա. մոտ 1595–1155 դարեր)
- Ուշ բրոնզի դարի անկում (մ.թ.ա. 12-11-րդ դարեր)
- Երկաթի դար
- Սիրիա-խեթական շրջան (մ.թ.ա. 11-7-րդ դարեր)
- Նեոասորական կայսրություն (մ.թ.ա. 10-7-րդ դարեր)
- Նեոբաբելոնական կայսրություն (մ.թ.ա. 7-6-րդ դարեր)
- Անտիկ դարաշրջան
- Պարսկական Բաբելոն, Աքեմենյան Ասորեստան (մ.թ.ա. 6-4-րդ դարեր)
- Սելջուկյան Միջագետք (մ.թ.ա. 4-3-րդ դարեր)
- Պարթևական Բաբելոն (մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար)
- Օսրոյենե (մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար)
- Ադիաբենե (1-2-րդ դարեր)
- Հատրա (1-2-րդ դարեր)
- Հռոմեական Միջագետք (2-7-րդ դարեր), Հռոմեական Ասորեստան (2-րդ դար)
- Ուշ անտիկ ժամանակաշրջան
- Պալմիրական կայսրություն (3-րդ դար)
- Ասորեստան (3-7-րդ դարեր)
- Եվֆրատիսիա (4-7-րդ դարեր)
- Արաբական արշավանքները Պարսկաստան (7-րդ դար)
Լեզու և գիր
խմբագրելՄիջագետքում կիրառված վաղ լեզուներից է շումերերենը, որը կցական մեկուսացած լեզու է։ Շումերերենի հետ մեկտեղ սեմական լեզուները ևս լայնորեն տարածված էին վաղ Միջագետքում[14]։ Շուբարտուն[15] զագրոսների լեզուն է, հավանաբար պատկանում է Խուռիա-ուրարտական լեզուներին, որը երևում է անձնական անուններից, գետերի և լեռների անուններից։ Աքքադերենը գերիշխող լեզու է դարձել Աքքադական կայսրության և Ասորական կայսրությունների ժամանակաշրջանում, սակայն շումերերենը պահպանվել է վարչական, կրոնական, գրական և գիտական նպատակներով։ Աքքադերենի տարբեր տեսակները օգտագործվել են մինչև Նեոբաբելոնական շրջանի վերջերը։ Հին արամական լեզուն, որը արդեն սովորական էր դարձել Միջագետքում, շուտով դարձել է նախ Նեոասորական կայսրության, ապա Աքեմենյան կայսրության մարզային վարչակազմի լեզուն։ Այս տարբերակը կոչվել է կայսերական արամեերեն։ Աքքադերենը օգտագործումից դուրս է եկել, սակայն երկուսն էլ դարեր շարունակ օգտագործվել են տաճարներում։ Աքքադական վերջին տեքստերը թվագրվում են առաջին դարով։
Միջագետքի պատմության վաղ շրջանում (մ.թ.ա. շուրջ 4-րդ դարի կեսերին) սեպագրեր են ստեղծվել շումերական լեզվի համար։ Սեպագիր բառը բառացիորեն նշանակում է «սեպի տեսք ունեցող» ստիլոսի եռանկյուն ծայրի շնորհիվ, որն օգտագործվում է թաց կավի վրա նշաններ անելու համար։ Պարզ է դառնում, որ յուրաքանչյուր սեպագրի կայուն ձևը զարգացել է պատկերագրերից։ Վաղ շրջանի տեքստերը (7 հնագույն մակագրությամբ տախտակներ) ծագում են É-ից՝ տաճար, որը նվիրված է Ուրուքում Ինաննա աստվածուհուն, շինություն, որը պեղիչների կողմից անվանվել է C տաճար։
Վաղ շրջանի սեպագրերի լոգոգրամների համակարգին տիրապետելը պահանջել է շատ տարիներ։ Ուստի շատ քիչ թվով անհատներ կարող էին դառնալ գրիչներ։ Միայն Սարգոնի կառավարման շրջանում, երբ վանկական գիրը լայն տարածում և կիրառություն է գտնում, Միջագետքի բնակչությունը գրագետ է դարձել։ Բավականին շատ արխիվային տեքստեր վերականգնվել են Հին բաբելոնական գրչային դպրոցների շնորհիվ. սրա միջոցով տարածվել է գրագիտությունը։
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի ընթացքում այստեղ զարգացել է շումերերեն և աքքադերենի մշակութային սիմբիոզ, որը ներառում էր նաև համատարած երկլեզվություն[16]։ Շումերերենի և աքքադերենի ազդեցությունը ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ մեծ չափերի հասնող բառային փոխառություններից սկսած մինչև շարահյուսական, ձևաբանական և հնչյունաբանական միակցում[16]։ Սա դրդել է գիտնականներին ասել, որ 3-րդ հազարամյակում շումերերենը և աքքադերենը լեզուների միություն են[16]։ Մ.թ.ա. 2-3-րդ դարերում աքքադերենը աստիճանաբար փոխարինել է շումերերենին՝ իբրև խոսակցական լեզու[17]։ Շումերերենը, սակայն, շարունակել է օգտագործվել Միջագետքում՝ իբրև ծիսական, գրական և գիտական լեզու մինչև առաջին դարը։
Գրականություն
խմբագրելԳրադարանները Բաբելոնի կայսրության ժամանակաշրջանում պահպանվել էին միայն քաղաքներում և տաճարներում։ Հին շումերական ասացվածքի համաձայն «նա, ով ցանկանում է առաջխաղացում ունենալ գրիչների դպրոցում, պետք է արթնանա արևածագին»։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք սովորում էին գրել և կարդալ[18], սեմական բաբելոնացիների համար սա նաև նշանակում էր վերացող շումերական լեզվի, բարդ և հսկայածավալ վանկացուցակի սերտումը։
Բաբելոնական գրականության հսկա քանակություն թարգմանվել է շումերական օրիգինալներից, իսկ կրոնի և իրավունքի լեզուն շարունակել է մնալ հին շումերական կցական լեզուն։ Բառարանները, քերականությունները և բառացի թարգմանությունները կազմվում էին ուսանողների համար, ինչպես նաև մեկնաբանություններ հին տեքստերի համար և բացատրություններ անորոշ բառերի և արտահայտություններ համար։
Մինչ օրս շատ բաբելոնական գրական աշխատանքներ ուսումնասիրության են ենթարկվում։ Սրանցից ամենահայտնին Գիլգամեշ էպոսն է 12 գրքերով, որը թարգմանվել է շումերերենից ոմն Սին-լեքի-ունինի կողմից և կազմակերպվել է աստղագիտական սկզբունքներով։ Յուրաքանչյուր բաժինը ներառում է Գիլգամեշի կյանքի մեկ արկածային դեպք։ Ամբողջ պատմությունը բաղադրյալ համակարգ է, չնայած որ տեսակետ կա, թե դրա որոշ պատմություններ արհեստականորեն կցվել են կենտրոնական կառույցին։
Գիտություն և տեխնոլոգիա
խմբագրելՄաթեմատիկա
խմբագրելՄիջագետքյան մաթեմատիկան և գիտությունը հիմնված են 60 թվի վրա։ Սա էլ հենց 60 րոպեի, օրվա մեջ 24 ժամի և 360 աստիճան շրջանի հիմքն է։ Շումերական օրացույցը հիմնված էր յոթօրյա շաբաթի վրա։ Նմանատիպ մաթեմատիկան անհրաժեշտություն էր վաղ շրջանի քարտեզագրության համար։ Շումերները ունեին նաև թեորեմներ, որոնց միջոցով չափում էին որոշ երկրաչափական մարմինների մակերեսը։ Նրանք հաշվում էին, որ շրջանի երկարությունը հավասար է երեք անգամ տրամագիծը, իսկ մակերեսը շրջանի երկարության քառուկուսու 1/12-րդը, որը ճիշտ կլիներ, եթե pi սահմանված լիներ որպես 3։ Գլանի ծավալը հավասար է հիմքի մակերեսը բազմապատկած բարձրությամբ, մինչդեռ հատված կոնի կամ քառանկյուն բուրգի ծավալը սխալմամբ հաշվարկվել է այսպես՝ բարձրությունը բազմապատկած հիմքի կեսով։ Միևնույն ժամանակ վերջերս հայտնագործվել է մակագրություններով մի տախտակ, որտեղ օգտագործված է p-ն 25/8 (3.14159 փոխարեն 3.125) արժեքով։ Բաբելոնացիները հայտնի են նաև բաբելոնական մղոնով, որը հավասար է 7 ժամանակակից մղոնի (11 կմ)։ Ի վերջո հեռավորությունների հաշվարկման այս մեթոդը փոխակերպվել է և համապատասխանեցվել մերօրյա մղոնային համակարգին, որով էլ չափվել է հեռավորությունը դեպի Արեգակ[19]։
Աստղագիտություն
խմբագրելՇումերական ժամանակներից սկսած տաճարի հոգևորականությունը փորձ է կատարել ժամանակակից իրադարձությունները աստղերի և մոլորակների որոշակի դիրքի հետ։ Սա շարունկավել է նաև ասորական ժամանակներում, երբ ստեղծվել են Լիմու ցուցակները, որոնք ներկայացնում էին տարեցտարի տեղի ունեցող իրադարձությունները մոլորակային դիրքադրության հետ միասին։ Սրանք, պահպանվելով մինչև մեր օրերը, հնարավորություն են տվել Միջագետքի պատմության մասին ավելի հստակ պատկերացում կազմել։
Բաբելոնացի աստղագետները բավականին հմուտ մաթեմատիկոսներ էին, քանի որ կարողանում էին կանխագուշակել խավարումներն ու արևադարձերը։ Աստղագետները կարծում էին, որ յուրաքանչյուր բան աստղագիտության մեջ որոշակի նպատակ ունի։ Սրանցից շատերը կապված են կրոնի և կանխագուշակումների հետ։ Միջագետքի գիտնականները ստեղծել էին տասներկուամսյա օրացույց՝ հիմնված լուսնի փուլերի հետ։ Նրանք տարին բաժանում էին երկու մասի՝ ամառ և ձմեռ։ Աստղագիտությունն ու աստղաբաշխությունը սկզբնավորվել են հենց այս ժամանակներից։
Մ.թ.ա. 8-7-րդ դարերի ընթացքում բաբելոնացի աստղագետները նոր մոտեցում են սկսել աստղագիտության ոլորտում։ Նրանք սկսել են ուսումնասիրել փիլիսոփայություն՝ փորձելով լուծել տիեզերքի հետ կապված բնական երևույթների գաղտնիք։ Սա մեծ նշանակություն է ունեցել աստղագիտության և գիտության փիլիսոփայության համար, որոշ գիտնականներ այս նոր մատեցումը համարում են գիտական առաջին հեղափոխությունը[20]։ Աստղագիտության այս նոր մոտեցումը ընդունվել և զարգացվել է հունական և հելլենական աստղագիտության կողմից։
Սելևկյանների և Պարթևական թագավորության ժամանակաշրջանում աստղագիտական զեկույցները ամբողջությամբ գիտական էին. իրականում անհայտ է, թե որքան ժամանակ առաջ են նրանց առաջավոր գիտելիքն ու մեթոդները զարգացել։ Մոլորակների շարժի կանխագուշակման բաբելոնյան զարգացած մեթոդները համարվում են աստղագիտության պատմության մեջ կարևոր դրվագ։
Միակ հունա-բաբելոնական գիտնականը, որը բացահայտորեն պաշտպանել է մոլորակների արևակենտրոն համակարգի տեսակետը, եղել է Սելևկոսը (մ.թ.ա. մոտ 190 թվական)[21][22][23]։ Սելևկոսը հայտնի է Պլուտարքոսի աշխատանքներից։ Նա աջակցել է Արիստարքոս Սամոսցու արևակենտրոնության տեսակետին, որտեղ Երկիրը պտտվում է իր իսկ առանցքի շուրջ, որն էլ իր հերթին պտտվում է Արեգակի շուրջ։ Ըստ Պլուտարքոսի Սելևկոսը ապացուցել է արևակենտրոն համակարգը, սակայն հայտնի չէ, թե ինչ փաստարկներ է օգտագործել։
Բաբելոնյան աստղագիտությունը հիմք է ծառայել հունական, դասական հնդկական, սասանյան, բյուզանդական, սիրիական, միջնադարյան իսլամական, կենտրոնաասիական և արևեմտաեվրոպական աստղագիտության համար։
Բժշկություն
խմբագրելԲժշկության մասին բաբելոնյան հնագույն տեքստերը վերաբերում են Հին բաբելոնական շրջանին մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսին։ Բաբելոնյան ամենաընդարձակ բժշկական տեքստը, սակայն, Ախտորոշիչ ձեռնարկն է՝ գրված Բորսիպպայից գլխավոր գիտնական Էսագիլ քին-ափլիի կողմից[24] Ադադ-ափլա-իդդինա (մ.թ.ա. 1069-1046 թվականներ) թագավորի կառավարման շրջանում[25]։
Ժամանակակից եգիպտական բժշկության հետ միասին բաբելոնցիները ներկայացրել ախտորոշման, կանխատեսման, բժշկական զննման և դեղատոմսերի դուրսգրման հայեցակարգերը։ Ավելին՝ Ախտորոշիչ ձեռնարկը ներկայացրել է թերապիայի և պատճառագիտության մեթոդները, ինչպես նաև ախտորոշման, կանխատեսման և թերապիայի մեջ էմպիրիզմի, տրամաբանության և ռացիոնալիզմի կիրառման մեթոդները։ Տեքստի մեջ առկա է բժշկական ախտանիշների ցանկ, ինչպես նաև էմպիրիկ դիտարկումներ տրամաբանական օրենքների հետ միասին, որոնք կիրառվել են հիվանդի ախտորոշումն ու կանխատեսումը կատարելու համար[26]։
Հիվանդի ախտանիշների և հիվանդությունների բուժման համար օգտագործվել են թերապևտիկ միջոցներ՝ վիրակապեր, քսուքներ և դեղահաբեր։ Եթե հիվանդը ֆիզիկապես չէր բուժվում, ապա բաբելոնացի բժիշկները դիմում էին էկզորսիզմի, որպեսզի հիվանդին մաքրեին բոլոր անեծքներից։ Էսագիլ քին-ափլիի Ախտորոշիչ ձեռնարկ հիմնված է տրամաբանական աքսիոմների և ենթադրությունների վրա, այդ թվում նաև ժամանակակակից տեսակետի վրա այն մասին, որ հիվանդի ախտանիշների հետազոտություններ ու զննումների շնորհիվ հնարավոր է որոշել հիվանդի հիվանդությունը, դրա պատճառագիտությունը, դրա հետագա զարգացումը և հիվանդի առողջացման հավանականությունը[24]։
Էսագիլ քին-ափլին հայնաբերել է տարբեր տեսակի հիվանդություններ և նկարագրել դրանց ախտանիշները իր Ախտորոշիչ ձեռնարկ աշխատության մեջ։ Սրանց մեջ մտել են էպիլեպսիայի տարբեր տեսակների և դրա հետ կապված հիվանդությունների ախտանիշները իրենց ախտորոշման և կանխատեսման հետ միասին[27]։
Տեխնոլոգիա
խմբագրելՄիջագետքի բնակիչները ստեղծել են բազմաթիվ տեխնոլոգիաներ, այդ թվում մետաղ և պղինձ, ապակի և լամպ պատրաստող, տեքստիլ արտադրանքներ գործող, հեղեղները վերահսկող, ջուրը պահեստավորող և ոռոգող համակարգեր։ Նրանք նաև աշխարհում առաջին բրոնզեդարյան հասարակություններից մեկն են։ Նրանք պղնձից, բրոնզից և ոսկուց անցում են կատարել երկաթին։ Պալատները զարդարվում էին հարյուրավոր կիլոգրամ թանկարժեք մետաղներով։ Միևնույն ժամանակ պղինձը, բրոնզը և երկաթը օգտագործվում էին տարբեր զենք ու զինամթերք պատրաստելու համար՝ թրեր, դաշույններ, նիզակներ, լախտեր։
Վերջերս հայտնված վարկածի համաձայն Արքիմեդի պտուտակը օգտագործվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից մ.թ.ա. 7-րդ դարում Բաբելոնի Կախովի այգիների և Նինվեի ջրային համակարգերի համար՝ չնայած հիմնականում գիտական շրջանակները համարում են, որ այդ պտուտակը ավելի ուշ ժամանակների հայտնագործություն է և այն էլ հույների կողմից[28]։ Ավելի ուշ՝ պարթևական և սասանյան ժամանակաշրջանում, Բաղդադի մարտկոցը, որը աշխարհում առաջին մարտկոցն է, ստեղծվել է Միջագետքում[29]։
Կրոն և փիլիսոփայություն
խմբագրելՀնագույն միջագետքյան կրոնը առաջինն է արձանագրվել։ Միջագետքի բնակիչները կարծում էին, որ աշխարհը հարթ սկավառակի նման է՝ շրջապատված հսկայական դատարկ տարածությամբ, որը դրախտն է։ Նրանք նաև հավատում էին, որ ջուրը ամենուրեք է՝ վերևում, ներքևում, կողքերում, միևնույն ժամանակ տիեզերքը ծնվել է հսկայական ծովից։ Ավելին՝ Միջագետքի կրոնը բազմաստվածային է եղել։ Չնայած վերը նշված հավատալիքները ընդհանրական էին Միջագետքի բնակիչների համար՝ կային նաև որոշակի տարածաշրջանային տարբերությունները։ Տիեզերքի համար շումերական տերմինը an-ki-ն է, որը վերաբերում է Ան աստծոն և Քի աստվածուհուն։ Նրանց որդի Էնլիլը օդի աստվածն է։ Նրանք հավատում էին, որ Էնլիլը ամենահզոր աստվածն է։ Նա համարվել է պանթեոնի գլխավոր աստվածը։ Շումերների զարգացման աստիճանը ցույց է տալիս նաև այն, որ նրանք առաջադրում էին փիլիսփայական հարցեր, ինչպես օրինակ՝ ով ենք մենք, որտեղ ենք մենք, ինչպես ենք այստեղ հասել։ Այս հարցերի պատասխանները նրանք տալիս էին իրենց աստվածների կողմից տրված բացատրություններով։
Փիլիսոփայություն
խմբագրելՏարածաշրջանի բազմաքանակ քաղաքակրթությունները իրենց ազդեցությունն են ունեցել Աբրահամյան կրոնների վրա, մասնավորապես Հրեական Աստվածաշնչի. դրանց մշակութային արժեքները և գրական ազդեցությունը հատկապես ակնհայտ են Ծննդոց գրքում[30]։
Ջիորջո Բուչելատին հավատում է, որ փիլիսոփայության ակունքները հասնում են վաղ միջագետքյան իմաստնությանը, որը ներառում է կյանքի որոշ փիլիսոփայություններ, մասնավորապես էթիկան դիալեկտիկայի, երկխոսությունների, էպոսի, ֆոլկլորի, տաղերի, քնարերգության, արձակ աշխատանքների և ասացվածքների ձևով։ Բաբելոնական ռացիոնալիզմն ու բանականությունը զարգացել են էմպիրիկ դիտողականության վրա[31]։
Տրամաբանության վաղ շրջանը զարգացվել է բաբելացիների կողմից։ Բաբելոնական միտքը աքսիոմատիկ էր և համեմատելի էր «սովորական տրամաբանությանը»՝ նկարագրված Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից։ Բաբելոնական միտքը հիմնված էր բաց համակարգերի գոյաբանության վրա, որը համեմատելի էր էրգոդիկ աքսիոմների հետ։ Տրամաբանությունը որոշ չափով օգտագործվում էր բաբելոնական աստղագիտության և բժշկության մեջ։
Բաբելոնական միտքը վաղ հունական և հելլենիստական փիլիսոփայության վրա էական ազդեցություն է ունեցել։ Մասնավորապես Հոռետեսության երկխոսության բաբելոնական տեքստը նմանություններ ունի Սոփեստների ագնոստիկ մտքերի, Հերակլիտի դիալեկտիկական դոկտրինայի, Պլատոնի երկխոսությունների հետ[32]։ Իոնացի փիլիսոփա Թալեսը իր վրա է կրել բաբելոնական տիեզերական գաղափարների ազդեցությունը։
Մշակույթ
խմբագրելՓառատոններ
խմբագրելՅուրաքանչյուր ամիս Միջագետքի հնագույն ժողովուրդները ունեին տոնախմբություններ։ Յուրաքանչյուր ամսվա ծեսերի և փառատոնների թեման որոշվում էր նվազագույնը 6 հիմնական գործոնով՝
- Լուսնային փուլ (մեծացող լուսինը նշանակում էր աճ և առատություն, մինչդեռ փոքրացող լուսինը կապվում էր անկման և Անդրաշխարհի տոների հետ)
- Ամենամյա գյուղանտնտեսական շրջան
- Գիշերահավասարներ և արևադարձներ
- Տեղական առասպելներ և դրանց սուրբ հովանավորները
- Իշխող միապետի հաջողությունները
- Ակիտուն կամ Նոր տարվա տոնը (գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսինը)
- Որոշակի պատմական իրադարձությունների (հիմնադրում, ռազմական հաղթանակներ, տաճարի տոներ)
Երաժշտություն
խմբագրելՈրոշ երգեր գրվել են աստվածների համար, սակայն շատերը ունեին կարևոր իրադարձությունների նկարագրական նպատակ։ Չնայած երգն ու երաժշտությունը զվարճացնում էին թագավորներին, դրանք մեծ հռչակ էին վայելում նաև հասարակ մարդկանց շրջանում, ովքեր սիրում էին երգեր լսել և պարել իրենց տներում կամ էլ շուկաներում։ Երգերը փոխանցվել են սերնդեսերունդ իբրև բանավոր ավանդույթ մինչև որ գրի ստեղծումից հետո գրի են առնվել։ Այս երգերը դարեդար փոխանցել են կարևոր տեղեկատվություն պատմական իրադարձությունների մասին։
Ուդը փոքր, լարային երաժշտական գործիք է, որն օգտագործվել է Միջագետքի բնակչության շրջանում։ Ուդի ամենահին պատկերը վերաբերում է Ուրուքի ժամանակաշրջանին՝ շուրջ 5000 տարի առաջ։ Այն արված է գլանաձև կնիքի վրա, որն այժմ գտնվում է Բրիտանական թանգարանում և ձեռք է բերվել Դոմինիկ Քոլոնի կողմից։ Նկարում պատկերված է կին, ով կռացած է երաժշտական գործիքի վրա և նվագում է այն իր աջ ձեռքով։ Այս երաժշտական գործիքը հարյուրավոր անգամներ հայտնվել է Միջագետքի պատմության մեջ. այն կրկին հանդիպել է Եգիպտոսում 18-րդ դարի դինաստիայի ժամանակներում կարճ և երկար տարբերակներով։ Ուդը եվրոպական ջնարի նախատիպն է։ Նրա անունը ծագել է արաբերեն ալ ուդ բառից, որը նշանակում է փայտը, որը հավանաբար ծառի անունն է, որից ստացել են այդ գործիքը։
Խաղեր
խմբագրելԱսորական թագավորների շրջանում շատ հայտնի է եղել որսորդությունը։ Ըմբշամարտը և բռնցքամարտը ևս հիշատակվում են արվեստում։ Տեսակետ կա նաև, որ պոլոյի ինչ-որ տեսակ է տարածված եղել. մարդիկ իրար ուսերին են նստել ձի հեծնելու փոխարեն[33]։ Նրանք նաև խաղացել են մաժոր, մի խաղ, որը նման է ռեգբիի, սակայն այն խաղում էին փայտե գնդակով։ Սեղանի խաղերից տարածված է եղել նաև սենետն ու նարդին, որը այժմ հայտնի է «Ուրի արքունական խաղ» անունով։
Ընտանեկան կյանք
խմբագրելՄիջագետքը պատմության ընթացքում դարձել է հայրիշխանական հասարակության, որտեղ տղամարդը ավելի շատ ուժ ունի, քան կինը։ Օրինակ՝ վաղ շումերական շրջանում «en»-ը կամ բարձրագույն հոգևորականը ի սկզբանե կին է եղել և ոչ թե տղամարդ։ Թորքիդ Յակոբսոնը և շատ ուրիշները առաջարկել են, որ վաղ միջագետքյան հասարակությունը ղեկավարվել է «տարեցների խորհրդի» կողմից, որտեղ տղամարդիկ և կանայք ներկայացված են եղել հավասար քանակով, սակայն ժամանակի ընթացքում կանանց կարգավիճակի անկմանը զուգընթաց, տղամարդկանց դերակատարումը մեծացել է։ Դպրոցական կրթություն ստանում էին միայն հարուստների և մասնագետների, ինչպիսիք են՝ գրիչներ, բժիշկներ, տաճարի հոգևորականներ, երեխաները։ Տղաների մեծ մասը սովորում էր հոր առևտուրը կամ էլ դառնում որևէ մեկի աշակերտը առևտուր սովորելու համար[34]։ Աղջիկները պետք է իրենց մայրերի հետ մնային տանը և սովորեին տնայնագործություն և եփել, ինչպես նաև պետք է հոգ տանեին փոքր երեխաների մասին։ Որոշ երեխաներ օգնում էին աղալ ցորենը և մաքրել թռչուններին։ Պատմության այդ ժամանակաշրջանի համար անսովոր էր այն, որ Միջագետքի կանայք ունեին իրավունքներ։ Նրանք կարող էին ունենալ իրենց սեփականությունը և նույնիսկ ամուսնալուծվել[35]։
Թաղումներ
խմբագրելՄիջագետքի տարբեր շրջաններում փորման աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են հարյուրավոր գերեզմաններ, որոնք ներկայացնում են միջագետքյան թաղման հետ կապված սովորույթները։ Ուր քաղաքում մարդկանց մեծ մասը թաղվել է ընտանեկան գերեզմանոցում՝ իրենց տան տակ և իրենց որոշ ունեցվածքներով։ Որոշները հայտնաբերվել են՝ փաթաթված գորգերի մեջ։ Մահացած երեխաները դրվել են մեծ անոթների մեջ, որոնք էլ տեղադրվել են ընտանեկան կապելլայում։ Այլ մնացորդներ հայտնաբերվել են քաղաքային գերեզմանոցներում։ Հայտնաբերվել են 17 գերեզմանոցներ, որոնցում եղել են թանկարժեք առարկաներ։ Տեսակետ կա, որ սրանք եղել են արքայական գերեզմանոցներ։ Տարբեր ժամանակաշրջանների հարուստները թաղման վայր են փնտրել Բահրեյնում, որն ասոցացվել է շումերական Դիլմունի հետ[36]։
Տնտեսություն և գյուղատնտեսություն
խմբագրելՄ,թ.ա. շուրջ 5000 թվականից սկսած ոռոգվող գյուղատնտեսությունը Զագրոսի ստորոտից տարածվել է դեպի հարավ՝ ընդգրկելով Սամարրա և Հաջի Մուհամմադ մշակույթները[37]։ Շումերական տաճարները ծառայել են որպես բանկեր և զարգացրել են առաջին վարկերի և փոխառությունների լայնամասշտաբ համակարգը, սակայն բաբելոնացիները զարգացրել են նաև առևտրային բանկը։
Ուրի III դինաստիայի կառավարման վաղ շրջանում տաճարների ձեռքում է գտնվել հողի մեկ երրորդ մասը, սակայն այս թիվը նվազել է՝ պայմանավորված արքունական և մասնավոր սեփականության ավելացմամբ։ Էնսի էր կոչվում տաճարի գյուղատնտեսական հարցերով զբաղվող պաշտոնյան։ Հայտնի է, որ վիլենները հիմնականում աշխատել են գյուղատնտեսական ոլորտում և մասնավորապես տաճարների և պալատների հողերում[38]։
Հարավային Միջագետքի աշխարհագրությունն այնպիսին է, որ գյուղատնտեսության համար անհրաժեշտ պայման են հանդիսանում ոռոգումն ու լավ ջրահեռացումը. սա մի փաստ էր, որը հսկայական ազդեցություն է ունեցել Միջագետքի վաղ քաղաքակրթությունների զարգացման համար։ Ոռոգման անհրաժեշտությունը ստիպել է շումերներին, ավելի ուշ նաև աքքադացիներին, որ իրենց քաղաքները կառուցեն Տիգրիս և Եփրատ գետերի և նրանց վտակների մոտ։ Մեծ քաղաքները, ինչպիսիք են Ուրն ու Ուրուքը, կառուցվել են Եփրատի վտակների վրա, մինչդեռ այլ քաղաքներ, օրինակ՝ Լագաշը, կառուցվել է Տիգրիսի վտակների վրա։ Գետերը ապահովում էին քաղաքին ձկներով, եղեգներով և կավով (տարբեր բաներ կառուցելու համար)։ Ոռոգման համակարգի առկայությամբ Միջագետքում ստացվող ուտելիքի պաշարը համեմատելի էր կանադական մարգագետիններից ստացվող պաշարների հետ[39]։
Տիգրիս և Եփրատ գետերի հովիտները կազմում են Բարեբեր մահիկի հյուսիսարևելյան հատվածը, որը նաև ներառում է Հորդանան և Նեղոս գետերի հովիտները։ Չնայած գետի մոտակայքում գտնվող հողը ավելի պտղաբեր էր, այն հատվածները, որոնք ավելի հեռու էին գտնվում գետից, չոր էին և հիմնականում անբնակ։ Հենց սա է պատճառը, որ ոռոգման համակարգի ստեղծում կենսական նշանակություն է ունեցել Միջագետքի բնակիչների համար։ Միջագետքում կիրառված նորարարական մեթոդներից էին ջրի կառավարումը ամբարտակների միջոցով և ակվեդուկների կիրառումը։ Միջագետքի վաղ շրջանի բնակիչները օգտագործում էին փայտից գութան հողը փափկեցնելու համար, որից հետո տնկում էին այնպիսի մշակաբույսեր, ինչպիսիք են գարին, սոխը, խաղողը, խնձորը և շաղգամը։ Միջագետքցիները աշխարհում առաջիններից են, որ ստեղծել են գինի և գարեջուր։ Երկրագործության մեջ ձեռք բերված հմտությունների շնորհիվ երկրագործներն այլևս չէին զգում ստրուկների կարիքը, ովքեր կատարում էին աշխատանքը նրանց փոխարեն. միևնույն ժամանակ կային որոշ բացառություններ։ Բավականին շատ վտանգներ կային՝ կապված ստրուկների պրակտիկայի հետ (նրանք կարող էին փախուստի դիմել)։ Չնայած նրան, որ գետերը կյանք էին ապահովում, դրանք նաև ոչնչացնում էին այն հաճախակի տեղի ունեցող հեղեղների պատճառով, որոնք հաճախ ավերում էին ամբողջ քաղաքը։ Միջագետքի անկանխատեսելի եղանակը մեծ դժվարություններ էր առաջացնում երկրագործների համար. մշակաբույսերը հաճախ փչանում էին, ուստի այս տարածաշրջանի բնակիչները պահում էին կովեր և գառներ՝ իբրև ուտելիքի այլընտրանքային աղբյուր։ Ժամանակի ընթացքում շումերական Միջագետքի հարավային հատվածները սկսել են մեծ վնասներ կրել հողի աղակալման աստիճանի բարձրացման պատճառով. սա հանգեցրել է այս տարածքում քաղաքային բնակչության թվի անկմանը և նրանց կենտրոնացմանը Աքքադում՝ ավելի հյուսիս։
Կառավարություն
խմբագրելՄիջագետքի աշխարհագրական դիրքը շատ մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանի քաղաքական զարգաման վրա։ Գետերի և գետակների մոտակայքում շումերները կառուցել են իրենց քաղաքները՝ դրանք ապահովելով ոռոգման համակարգով։ Այս ամենի շնորհիվ քաղաքները առանձնանում էին անապատից և ճահիճներից, որտեղ թափառում էին քոչվոր ցեղերը։ Մեկուսացված քաղաքների միջև հաղորդակցությունը բավականին բարդ էր, իսկ շատ հաճախ նաև վտանգավոր։ Հենց այս պատճառով էլ շումերական քաղաքները վերածվել են քաղաք-պետությունների։ Սրանք եղել են այլ քաղաքներից անկախ և պայքարել են սեփական անկախության պահպանման համար։ Ժամանակ առ ժամանակ որևէ քաղաք փորձ է կատարել գրավել և միավորել տարածաշրջանը, սակայն նման փորձերը փախողվել են կամ հանդիպել դիմադրության։ Արդյունքում Շումերի քաղաքական պատմությունը հարուստ է անընդհատ շարունակվող պատերազմներով։ Ի վերջո Շումերը միավորվել է Էանաթումի հետ, սակայն սա երկար չի տևել, քանի որ մ.թ.ա. 2331 թվականին Աքքադը գրավել է այն։ Աքքադական կայսրությունը միակն է եղել, որ երկար ժամանակ է գոյատևել, իսկ թագավորներն էլ կառավարել են խաղաղությամբ։ Սակայն այս կայսրությունն էլ երկար կյանք չի ունեցել, քանի որ շուտով այն գրավվել է բաբելոնացիների կողմից։
Թագավորներ
խմբագրելՄիջագետքի բնակչությունը, ի տարբերություն հին եգիպտացիների, որոնք իրենց թագավորներին չէին համարում իրական աստվածներ, կարծում էր, որ թագավորներն ու թագուհիները եկել էին Աստվածների քաղաքից[40]։ Թագավորների մեծ մասը իրենց կոչում էին «տիեզերքի թագավոր» կամ «մեծ թագավոր»։ Մեկ այլ հայտնի անուն էր «հովիվը» այն պատճառով, որ թագավորները հոգ էին տանում իրենց մարդկանց մասին։
Հզորություն
խմբագրելԵրբ Ասորեստանը դարձել է կայսրությունը, այն բաժանվել է փոքր մասերի, որոնք կոչվել են գավառներ։ Սրանցից յուրաքանչյուրը անվանակոչվում էր գլխավոր քաղաքի անունով, օրինակ՝ Նինվե, Սամարիա, Դամասկոս և Արփադ։ Բոլոր գավառները ունեին իրենց կառավարիչները, ովքեր պատասխանատու էին հարկահանության համար։ Պատերազմների ժամանակ կառավարիչները պարտավոր էին զինվորներ հավաքագրել, իսկ տաճարների կառուցման ժամանակ՝ աշխատող բանվորներ։ Կառավարիչները պետք է հետևեին նաև օրենք կիրառմանը։ Այս եղանակով բավականին հեշտանում էր հսկայածավալ կայսրության կառավարման գործընթացը։ Չնայած Բաբելոնը Շումերի փոքր պետություններից էր, այն Համմուրաբիի կառավարման շրջանում մեծապես աճել է. վերջինս հայտնի է եղել «օրենսդիր» անունով։ Շուտով Բաբելոնը դարձել է Միջագետքի գլխավոր քաղաքներից մեկը։ Ավելի ուշ այն կոչվել է Բաբելոնիա, որը նշանակում է «աստվածների դարպաս»։
Պատերազմ
խմբագրելՈւրուկի շրջանի ավարտից հետո պարսպապատ քաղաքները աճել են և Ուբայդի շրջանի շատ մեկուսացած գյուղեր լքվել են՝ մատնանշելով համայնքային անկարգությունների աճը։ Ենթադրվում է, որ վաղ շրջանի թագավորներից Լուգալբանդան քաղաքի շուրջ սպիտակ պատեր է կառուցել։ Քաղաք-պետությունների աճին զուգընթաց ազդեցության գոտիների համընկնում է տեղի ունեցել՝ առաջացնելով վեճեր քաղաք-պետությունների միջև, մասնավորապես հողի և ջրանցքների համար։ Այս վեճերը արձանագրվել են տախտակների վրա մակագրությունների ձևով մեծ պատերազմներից դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Պատերազմի մասին առաջին արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. 3200 թվականին, սակայն պատերազմները ավելի մեծ չափերի են հասել մ.թ.ա. 2500 թվականից սկսած։ Վաղ դինաստիական երկրորդ շրջանում Շումերում Ուրուկի թագավոր Գիլգամեշը գովասանքի է արժանացել Սեդար լեռան Հումբադա վերակացուի դեմ ռազմական գործողությունների համար։ Հետագայում նրա մասին բանաստեղծություններ և երգեր են գրվել, որոնցում նա ներկայացվել է երկու երրորդով աստված և մեկ երրորդով մարդ։ Վաղ դինաստիական երրորդ շրջանի (մ.թ.ա. 2600–2350 թվականներ) վերջին Անգղի ստելան, որը կոտորածը փառաբանող ամենահին հուշարձանն է աշխարհում, հիշատակում է Լագաշի Էանաթումի հաղթանակը հարևան քաղաք Ումմայի նկատմամբ[41]։ Հենց այս ժամանակից ի վեր պատերազմները ներառվել են Միջագետքի քաղաքական համակարգի մեջ։ Ժամանակ առ ժամանակ որևէ չեզոք պետություն կարող էր միջնորդ դատավորի դեր կատարել երկու հակառակորդ քաղաքների միջև։ Նրանք հաճախ օգնում էին ստեղծել միություններ քաղաքների միջև, որն էլ հանգեցնում էր տարածաշրջանային պետությունների առաջացմանը[40]։ Երբ ստեղծվել են կայսրությունները, նրանք սկսել են ավելի շատ պատերազմել օտար երկրների հետ։ Օրինակ՝ Սարգոն թագավորը գրավել է Շումերի բոլոր քաղաքները, Մարիում որոշ քաղաքներ, իսկ հետո պատերազմ է սկսել Հյուսիսային Սիրիայի հետ։ Ասորեստանի և Բաբելոնի պալատների պատերը զարդարված են եղել հաջողություն ունեցած պատերազմների դրվագներով, որտեղ թշնամին պարզապես փախուստի է դիմում կամ էլ թաքնվում է եղեգնուտում։
Օրենքներ
խմբագրելՄիջագետքի քաղաք-պետությունները ստեղծել են իրավական առաջին օրենսգրքերը, որոնք կազմված էին թագավորների կողմից կայացված իրավական որոշումներից։ Հայտնաբերվել են Ուրուկագինա և Լիպիտ Իշթարի օրենսգրքերը։ Սակայն ամենահիշարժանը Համմուրաբիի օրենսգիրքն է, ով հետմահու մեծ հռչակ է վայելել իր սահմանած օրենքների համար։ Համմուրաբիի օրենսգիրքը (ստեղծվել է մ.թ.ա. մոտ 1780 թվականին) օրենսգրքի ամենավաղ և ամենալավ պահպանված օրինակներից է։ Նա Միջագետքի համար ստեղծել և համակարգել է ավելի քան 200 օրենքներ։ Այս օրենքների ուսումնսիրությունը ցույց է տալիս, որ կանանց իրավունքներն աստիճանաբար նվազել են և մեծապես աճել է ստրուկների նկատմամբ դաժան վերաբերմունքը[42]։
Արվեստ
խմբագրելՄ.թ.ա. 4-րդ հազարամյակից սկսած մինչև մ.թ.ա. 6-րդ դարում Աքեմենյան կայսրության կողմից տարածաշրջանի գրավումը Միջագետքի մշակույթը մրցակցել է Հին Եգիպտոսի մշակույթի հետ՝ իբրև ամենաշքեղ, բարդ և հարուստ մշակույթ։ Հիմնական շեշտը դրվում էր քարից և կավից քանդակագործության զանազան և ամուր ձևերի վրա։ Պահպանվել են շատ քիչ նկարները, որոնք ցույց են տալիս, որ ներկերը օգտագործվել են հիմնականում երկրաչափական պատկերների և բուսյերով զարդարանքների համար, չնայած որ քանդակների մեծ մասը նույնպես ներկված է եղել։
Ուրուկի շրջանում ստեղծվել են այնպիսի բարդ աշխատանքներ, ինչպիսիք են Վարկայի ծաղկամանը և Գլանաձև կնիքը։ Guennol Lioness-ը կրաքարե փոքրիկ արձանիկ է մ.թ.ա. մոտ 3000-2800 թվականների Էլամից։ Այն իրենից ներկայացնում է կես մարդ կես առյուծ[43]։ Ավելի ուշ շրջանից պահպանվել են մեծ աչքերով հոգևորակնների և երկրպագուների արձանիկներ՝ մոտ 30 մետր բարձրությամբ և ալաբաստրից պատրաստված, ովքեր այցելել են որևէ աստվածության կուռքերին. պետք է նշել նաև, որ դրանցից շատ քչերն են պահպանվել[44]։ Շումերական և աքքադական շրջանի քանդակները ընդհանուր առմամբ ունեին մեծ և սևեռուն նայող աչքեր և տղամարդկանց դեպքում երկար մորուք։ Ուրի արքունական գերեզմանոցում (մ.թ.ա. 2650 թվական) հայտնաբերվել են արվեստի գլուխգործոցներ՝ «Խոյը եղեգնուտում» երկու արձանիկներ, Պղնձից ցուլ և Ուրի քնարներից մեկի վրա արված ցուլի գլուխ[45]։
Մինչև Նեոասորական կայսրության ստեղծումը միջագետքյան արվեստը ունեցել մի շարք ձևեր՝ գլանաձև կնիքներ, կլոր բավականին փոքր արձանիկներ, տարբեր չափերի ցայտաքանդակներ, այդ թվում նաև տան համար պատրաստված ափսեներ և խեցեղեն, որոշ մասը կրոնական նշանակությամբ, որոշները՝ ոչ[46]։ Բուրնեյի ցայտաքանդակը բավականին անսովոր, բարդ և մեծ տերակոտա ափսե է՝ թռչունի ոտքերով աստվածուհու պատկերով։ Այն պահպանվել է մ.թ.ա. 19-18-րդ դարերից և հավանաբար քայքայվել է[47]։ Տաճարներից հայտնաբերվել են նաև քարե ստելաներ, երկրպագուների կողմից թողնված առարկաներ, որոնք հավանաբար հիշատակում են հաղթանակները, սակայն սրանք, ի տարբերություն պաշտոնական առարկաների, չունեն մակագրություններ, որոնք կպատմեն դրանց նշանակության մասին[48]։ Անգղի ստելան վաղ շրջանի մակագրված առարկաների օրինակներից է[49], իսկ ավելի ուշ շրջանի օրինակներից է Սալմանասար III-ի սև կոթողը[50]։
Ասորեստանի կողմից Միջագետքի նվաճումից հետո ստեղծվեց ավելի հարուստ, մեծ պետություն և այնպիսին, ինչպիսին տարածաշրջանը դեռ չէր տեսել։ Հենց այս շրջանում էլ սկսեցին ստեղծվել փառահեղ պալատներ և հանրային վայրերը, և կասկած չկա, որ այս ամենը արվում էր հարևան Եգիպտական կայսրության հետ մրցելու համար։ Ասորիները զարգացրել են պալատների ստորին ցայտաքանդակների մի տեսակ, որտեղ պատմվում է պատերազմների կամ որսորդության մասին։ Սրանց հարուստ հավաքածուներից կարելի է հանդիպել Բրիտանական թանգարանում։ Ասորիները ստեղծել են շատ քիչ կլոր քանդակներ, բացառություն են պահապանների վիթխարի արձանները և մարդու գլխով լամասուները, որոնք քանդակվել են ուղղանկյուն բլոկի երկու կողմում բարձր ցայտաքանդակի տեսքով։ Նույնիսկ նախքան տարածաշրջանում գերիշխանության հաստատումը ասորիները շարունակել են գլանաձև կնիքների ավանդույթը[51]։
Ճարտարապետություն
խմբագրելՀին Միջագետքի ճարտարապետության մասին տեղեկությունները հիմնված են հնագիտական փաստերի, շինությունների պատկերային ներկայացման և շինարարության մասին տեքստերի վրա։ Գիտական գրականությունը հաճախ կենտրոնացել է տաճարների, պալատների, քաղաքների պարիսպների և դարպասների, ինչպես նաև այլ հուշարձանների վրա, սակայն երբեմն կարելի է հանդիպել նաև բնակարանային ճարտարապետության վրա[52]։ Հնագիտական պեղումները հնարավորություն են տվել ուսումնասիրելու Միջագետքի քաղաքների կառուցվածքը։
Հիմնականում օգտագործվել է աղյուսը՝ իբրև տեղական հեշտ գտնվող նյութ, մինչդեռ շինարարական քարը պետք է բերվեր հեռավոր քաղաքներից[53]։ Զիկկուրատը ամենատարածված ձևերից էր և քաղաքը հաճախ ունենում էր հսկա դարպասներ։ Դրանցից Նեոբաբելոնական շրջանից հայտնի է Իշտարի դարպասը, որը զարդարված է բազմագույն աղյուսից կենդանիներով։ Այն այժմ գտնվում է Բեռլինի Պերգամոնի թանգարանում։
Միջագետքից պահպանված ամենատպավորիչ ճարտարապետական գործերից են Ուրուկում գտնվող տաճարի համալիրներն են, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակով, Վաղ դինաստիական շրջանի տաճարներն ու պալատները, Դիյալա գետի հովտում Քաֆաջարը և Թել Ասմարը, Ուրի երրորդ դինաստիայի ժամանակներից մնացորդները Նիպուրում (Էնլիլի սրբավայրը) և Ուրում (Նաննայի սրբավայրը), Միջին բրոնզի դարի մնացորդները սիրիա-թուրքական շրջանում՝ Էբլա, Մարի, Ալալախ, Հալեպ և Քյուլթեփե, Ուշ բրոնզի դարի պալատները Բողազքյոյում (Հաթթուշա), Ուգարիթում, Աշուրում և Նուզիում, Երկաթի դարի պալատները և տաճարները ասորական (Նիմրուդ, Խորասաբադ, Նինվե), բաբելոնյան (Բաբելոն), ուրարտական (Տուշպա/Վան, Քալեսի, Հայկաբերդ, Արմավիր, Էրեբունի, Բասթամ) և նեոխեթական վայրերում (Կարքեմիշ, Թել Հալաֆ, Քարաթեփե)։ Հատկապես հայտնի են Նիպուրում և Ուրում հայտնաբերված հին բաբելոնական տները։ Շենքի շինարարության և դրա հետ կապված ծիսակատարությունների գրավոր աղբյուրներից են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին Գուդեայի գլանները, ինչպես նաև ասորական և բաբելոնյան արքունի մակագրությունները Երկաթի դարից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ancient History in depth: Mesopotamia». BBC History. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Milton-Edwards, Beverley (2003 թ․ մայիս). «Iraq, past, present and future: a thoroughly-modern mandate?». History & Policy. United Kingdom: History & Policy. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Finkelstein, J.J. (1962), «Mesopotamia», Journal of Near Eastern Studies, 21 (2): 73–92, doi:10.1086/371676, ISSN 0022-2968, JSTOR 543884
- ↑ 4,0 4,1 Foster, Benjamin R.; Polinger Foster, Karen (2009), Civilizations of ancient Iraq, Princeton: Princeton University Press, ISBN 978-0-691-13722-3
- ↑ 5,0 5,1 Canard, M. (2011), «al-ḎJazīra, Ḏjazīrat Aḳūr or Iḳlīm Aḳūr», in Bearman, P.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P. (eds.), Encyclopaedia of Islam, Second Edition, Leiden: Brill Online, OCLC 624382576
- ↑ Wilkinson, Tony J. (2000), «Regional approaches to Mesopotamian archaeology: the contribution of archaeological surveys», Journal of Archaeological Research, 8 (3): 219–267, doi:10.1023/A:1009487620969, ISSN 1573-7756
- ↑ Matthews, Roger (2003), The archaeology of Mesopotamia. Theories and approaches, Approaching the past, Milton Square: Routledge, ISBN 978-0-415-25317-8
- ↑ 8,0 8,1 Miquel, A.; Brice, W.C.; Sourdel, D.; Aubin, J.; Holt, P.M.; Kelidar, A.; Blanc, H.; MacKenzie, D.N.; Pellat, Ch. (2011), «ʿIrāḳ», in Bearman, P.; Bianquis, Th.; Bosworth, C.E.; van Donzel, E.; Heinrichs, W.P. (eds.), Encyclopaedia of Islam, Second Edition, Leiden: Brill Online, OCLC 624382576
- ↑ 9,0 9,1 Bahrani, Z. (1998), «Conjuring Mesopotamia: imaginative geography a world past», in Meskell, L. (ed.), Archaeology under fire: Nationalism, politics and heritage in the Eastern Mediterranean and Middle East, London: Routledge, էջեր 159–174, ISBN 978-0-415-19655-0
- ↑ Scheffler, Thomas; 2003. “ 'Fertile crescent', 'Orient', 'Middle East': the changing mental maps of Southeast Asia,” European Review of History 10/2: 253–272.
- ↑ Thompson, William R. (2004) "Complexity, Diminishing Marginal Returns, and Serial Mesopotamian Fragmentation" (Vol 3, Journal of World Systems Research)
- ↑ «Migrants from the Near East 'brought farming to Europe'». BBC. 2010 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Pollock, Susan (1999), Ancient Mesopotamia. The Eden that never was, Case Studies in Early Societies, Cambridge: Cambridge University Press, էջ 2, ISBN 978-0-521-57568-3
- ↑ «Ancient History in depth: Mesopotamia». BBC History. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Finkelstein, J.J. (1955), "Subartu and Subarian in Old Babylonian Sources", (Journal of Cuneiform Studies Vol 9, No. 1)
- ↑ 16,0 16,1 16,2 Deutscher, Guy (2007), Syntactic Change in Akkadian: The Evolution of Sentential Complementation, Oxford University Press US, էջեր 20–21, ISBN 978-0-19-953222-3
- ↑ Woods C. 2006 “Bilingualism, Scribal Learning, and the Death of Sumerian”. In S.L. Sanders (ed) Margins of Writing, Origins of Culture: 91–120 Chicago [1] Արխիվացված 2013-04-29 Wayback Machine
- ↑ Tatlow, Elisabeth Meier Women, Crime, and Punishment in Ancient Law and Society: The ancient Near East Continuum International Publishing Group Ltd. (31 March 2005) 978-0-8264-1628-5 p. 75
- ↑ Eves, Howard An Introduction to the History of Mathematics Holt, Rinehart and Winston, 1969 p. 31
- ↑ D. Brown (2000), Mesopotamian Planetary Astronomy-Astrology, Styx Publications, 90-5693-036-2.
- ↑ Otto E. Neugebauer (1945). "The History of Ancient Astronomy Problems and Methods", Journal of Near Eastern Studies 4 (1), p. 1–38.
- ↑ George Sarton (1955). "Chaldaean Astronomy of the Last Three Centuries B.C.", Journal of the American Oriental Society 75 (3), p. 166–173 [169].
- ↑ William P.D. Wightman (1951, 1953), The Growth of Scientific Ideas, Yale University Press p.38.
- ↑ 24,0 24,1 H.F.J. Horstmanshoff, Marten Stol, Cornelis Tilburg (2004), Magic and Rationality in Ancient Near Eastern and Graeco-Roman Medicine, p. 99, Brill Publishers, 90-04-13666-5.
- ↑ Marten Stol (1993), Epilepsy in Babylonia, p. 55, Brill Publishers, 90-72371-63-1.
- ↑ H.F.J. Horstmanshoff, Marten Stol, Cornelis Tilburg (2004), Magic and Rationality in Ancient Near Eastern and Graeco-Roman Medicine, pp. 97–98, Brill Publishers, 90-04-13666-5.
- ↑ Marten Stol (1993), Epilepsy in Babylonia, p. 5, Brill Publishers, 90-72371-63-1.
- ↑ Stephanie Dalley and John Peter Oleson (January 2003). "Sennacherib, Archimedes, and the Water Screw: The Context of Invention in the Ancient World", Technology and Culture 44 (1).
- ↑ Twist, Jo (2005 թ․ նոյեմբերի 20), Open media to connect communities, BBC News, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին
- ↑ Bertman, Stephen (2005). Handbook to life in ancient Mesopotamia (Paperback ed.). Oxford [u.a.]: Oxford Univ. Press. էջ 312. ISBN 978-0-19-518364-1.
- ↑ Giorgio Buccellati (1981), "Wisdom and Not: The Case of Mesopotamia", Journal of the American Oriental Society 101 (1), pp. 35–47.
- ↑ Giorgio Buccellati (1981), "Wisdom and Not: The Case of Mesopotamia", Journal of the American Oriental Society 101 (1), pp. 35–47 43.
- ↑ Karen Rhea Nemet-Nejat (1998), Daily Life in Ancient Mesopotamia
- ↑ Rivkah Harris (2000), Gender and Aging in Mesopotamia
- ↑ Kramer, Samuel Noah (1963). The Sumerians: Their History, Culture, and Character (PDF). The Univ. of Chicago Press. ISBN 978-0-226-45238-8.
- ↑ Bibby, Geoffrey and Phillips, Carl (1996), "Looking for Dilmun" (Interlink Pub Group)
- ↑ Richard Bulliet; Pamela Kyle Crossley; Daniel Headrick; Steven Hirsch; Lyman Johnson; David Northup (2010 թ․ հունվարի 1), The Earth and Its Peoples: A Global History, Cengage Learning, 1 Jan 2010, ISBN 978-0-538-74438-6, Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին
- ↑ H.W.F. Saggs - Professor Emeritus of Semitic Languages at University College, Cardiff (2000), Babylonians, University of California Press, 1 Jun 2000, ISBN 978-0-520-20222-1, Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին 0-520-20222-8
- ↑ Roux, Georges, (1993) "Ancient Iraq" (Penguin)
- ↑ 40,0 40,1 Robert Dalling (2004), The Story of Us Humans, from Atoms to Today's Civilization
- ↑ Winter, Irene J. (1985). "After the Battle is Over: The 'Stele of the Vultures' and the Beginning of Historical Narrative in the Art of the Ancient Near East". In Kessler, Herbert L.; Simpson, Marianna Shreve. Pictorial Narrative in Antiquity and the Middle Ages. Center for Advanced Study in the Visual Arts, Symposium Series IV. 16. Washington DC: National Gallery of Art. pp. 11–32. ISSN 0091-7338.
- ↑ Fensham, F. Charles (19620, "Widow, Orphan, and the Poor in Ancient near Eastern Legal and Wisdom Literature" (Journal of Near Eastern Studies Vol. 21, No. 2 (Apr., 1962)), pp. 129–139
- ↑ Frankfort, 24–37
- ↑ Frankfort, 45–59
- ↑ Frankfort, 61–66
- ↑ Frankfort, Chapters 2–5
- ↑ Frankfort, 110–112
- ↑ Frankfort, 66–74
- ↑ Frankfort, 71–73
- ↑ Frankfort, 66–74; 167
- ↑ Frankfort, 141–193
- ↑ Dunham, Sally (2005), «Ancient Near Eastern architecture», in Daniel Snell (ed.), A Companion to the Ancient Near East, Oxford: Blackwell, էջեր 266–280, ISBN 978-0-631-23293-3
- ↑ «Mesopotamia». Ancient History Encyclopedia. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
Գրականություն
խմբագրել- Atlas de la Mésopotamie et du Proche-Orient ancien, Brepols, 1996 2-503-50046-3.
- Benoit, Agnès; 2003. Art et archéologie : les civilisations du Proche-Orient ancien, Manuels de l'Ecole du Louvre.
- Jean Bottéro; 1987. Mésopotamie. L'écriture, la raison et les dieux, Gallimard, coll. «Folio Histoire», .
- Bottéro, Jean; 1995. Mesopotamia: writing, reasoning and the gods. Trans. by Zainab Bahrani and Marc Van de Mieroop, University of Chicago Press. 978-0-226-06727-8
- Edzard, Dietz Otto; 2004. Geschichte Mesopotamiens. Von den Sumerern bis zu Alexander dem Großen, München, 3-406-51664-5
- Hrouda, Barthel and Rene Pfeilschifter; 2005. Mesopotamien. Die antiken Kulturen zwischen Euphrat und Tigris. München 2005 (4. Aufl.), 3-406-46530-7
- Joannès, Francis; 2001. Dictionnaire de la civilisation mésopotamienne, Robert Laffont.
- Korn, Wolfgang; 2004. Mesopotamien – Wiege der Zivilisation. 6000 Jahre Hochkulturen an Euphrat und Tigris, Stuttgart, 3-8062-1851-X
- Kuhrt, Amélie; 1995. The Ancient Near East: c. 3000–330 B.C. 2 Vols. Routledge: London and New York.
- Liverani, Mario; 1991. Antico Oriente: storia, società, economia. Editori Laterza: Roma.
- Matthews, Roger; 2005. The early prehistory of Mesopotamia – 500,000 to 4,500 BC, Turnhout 2005, 2-503-50729-8
- Oppenheim, A. Leo; 1964. Ancient Mesopotamia: Portrait of a dead civilization. The University of Chicago Press: Chicago and London. Revised edition completed by Erica Reiner, 1977.
- Pollock, Susan; 1999. Ancient Mesopotamia: the Eden that never was. Cambridge University Press: Cambridge.
- Postgate, J. Nicholas; 1992. Early Mesopotamia: Society and Economy at the dawn of history. Routledge: London and New York.
- Roux, Georges; 1964. Ancient Iraq, Penguin Books.
- Silver, Morris; 2007. Redistribution and Markets in the Economy of Ancient Mesopotamia: Updating Polanyi, Antiguo Oriente 5: 89–112.
- Snell, Daniel (ed.); 2005. A Companion to the Ancient Near East. Malden, MA : Blackwell Pub, 2005.
- Van de Mieroop, Marc; 2004. A history of the ancient Near East. ca 3000–323 BC. Oxford: Blackwell Publishing.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ancient Mesopotamia – timeline, definition, and articles at Ancient History Encyclopedia
- Mesopotamia – introduction to Mesopotamia from the British Museum
- By Nile and Tigris, a narrative of journeys in Egypt and Mesopotamia on behalf of the British museum between the years 1886 and 1913, by Sir E.A. Wallis Budge, 1920 (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & layered PDF format)
- A Dweller in Mesopotamia, being the adventures of an official artist in the Garden of Eden, by Donald Maxwell, 1921 (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & «layered PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ սեպտեմբերի 6-ին. (7.53 MB) format)
- Mesopotamian Archaeology Արխիվացված 2005-02-15 Wayback Machine, by Percy S.P. Pillow, 1912 (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & «layered PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին. (12.8 MB) format)
- Mesopotamia, 1920
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջագետք» հոդվածին։ |