Լեո

հայ գրականագետ, հրապարակախոս, արձակագիր, խմբագիր, պատմաբան, գրող

Լեո (Առաքել Գրիգորի Բաբախանյան) (Քարին տակ, Արցախ, ապրիլի 26 (մայիսի 8), 1860, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1932(1932-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր։

Լեո
Leo (Arakel Babakhanyan).jpg
Ծնվել է1860 ապրիլի 14
ԾննդավայրՇուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1932(1932-11-14) (տարիքը 72)
Վախճանի վայրԵրևան
ԳերեզմանԳերեզման Լեոյի
Մասնագիտությունպատմաբան
գրող
գրականագետ
հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներԱնցյալից
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Լեո Վիքիքաղվածքում
Լեո Վիքիդարանում
Leo (historian) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1860 թվականի ապրիլի 26-ին Քարին տակ գյուղում, Արցախում, սովորել է քաղաքային դպրոցում։ 1878 թվականին ավարտել է Շուշիի քաղաքային վերակազմյալ դպրոցը։ Շուշիում և Բաքվում աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, «Արոր» տպարանի կառավարիչ։ Պատանեկան տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ 1877 թվականից աշխատակցել է «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր» և այլ պարբերականների։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործունեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ 1906–1907 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական աշխատանքի։

1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նա Թիֆլիսից եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ-ում, որտեղ կարդացել է հայոց պատմության դասընթաց։ Նրա դասախոսությունները տպագրվել են ձեռագրի իրավունքով և Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ միասին դարձել հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը։

ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում Հակոբ Մանանդյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների հետ միասին մեծ երախտիք ունի նաև Լեոն։

1925 թվականին Լեոյին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Նույն թվականին նա դարձել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի (1930 թվականից՝ ՀԽՍՀ գիտությունների ինստիտուտ) իսկական անդամ։

Վախճանվել է 1932 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։

Լեոյի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց։ Լեոյի անվան փողոց կա Ստեփանակերտում: Լեոյի բրոնզաձույլ կիսանդրին գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։

ԳործունեությունԽմբագրել

Լեոն գրել է հարյուրավոր քննադատական հոդվածներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Հայոց պատմության հանգուցային շատ հարցեր լուսաբանել է նորովի։ Արժեքավոր են հատկապես «Հայկական տպագրություն» (2 հատոր, 1901-1902), «Հովսեփ կաթողիկոս Արղության» (1902), «Գրիգոր Արծրունի» (3 հատոր, 1902-1905), «Սուրբ Մեսրոպ» (1904), «Հայոց հարցը» (1906), «Հայ գրքի տոնը» (1912), «Վանի թագավորությունը» (1915), «Հայոց հարցի վավերագրերը» (1915), «Անի» (հրատարակվել է 1946 թվականին) աշխատությունները։

Լեոյի գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը (1-ին հատորը լույս է տեսել 1917 թվականին, 2–3-րդը՝ 1946-1947 թվականներին), որտեղ ներկայացրել է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջը՝ բացի 12-15-րդ դարերից։ Նրա աշխատությունները պարունակում են հայ և օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանասիրական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր և այլն։

Մինչև 1920-ական թվականները հրատարակած երկերում Լեոն հասարակության զարգացման համար կարևորել է հոգևոր և աշխարհագրական գործոնները, մեծ տեղ հատկացրել անհատի դերին։ Հետագայում՝ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Խոջայական կապիտալ» (1934), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» (2 հատոր, 1934) և այլ աշխատություններում վերանայել է իր սկզբունքները՝ փորձելով մոտենալ պատմության նոր ըմբռնմանը։ Հատկապես հայ ազգային-ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գնահատման հարցերում առաջադրել է իր նախկին տեսակետներին հակառակ կարծիքներ ու դրույթներ, հայ առևտրական կապիտալը համարել է մեր ժողովրդի նոր պատմության հիմնական շարժիչ ուժը։

Լեոն գրել է նաև գեղարվեստական ու գրականագիտական երկեր։ Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ գրողն արտացոլել է «Վահան Մամիկոնյան» (1888), «Սպանված հայրը» (1891), «Վերջին վերքեր» (1891), «Թաթախման գիշերը» (1892), «Լեռնցիները» (1896) պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» (1898) ավանդավեպում և «Վարդանանք» (1916) դրամայում։ Նման գաղափարներ են արտահայտված նաև «Ուխտավորի հիշատակարանը» (1885), «Իմ հիշատակարանը» (1890) գործերում։

Լեոն անդրադարձել է Սայաթ-Նովայի, Միքայել Նալբանդյանի, Մատթեոս Մամուրյանի, Ստեփան Ոսկանի, Սրբուհի Տյուսաբի, Մկրտիչ Խրիմյանի, Րաֆֆու, Ղազարոս Աղայանի և ուրիշների դիմանկարներին։ Հայ, ռուս և համաշխարհային գեղարվեստական երևույթներին վերաբերող տեսական հոդվածներում, «Ռուսահայոց գրականությունն սկզբից մինչև մեր օրերը» (1904) և այլ ուսումնասիրություններում մեկնաբանել է գրական հարստությունները՝ հնագույն շրջանից մինչև XX դարի սկիզբը[1]։

ԱշխատություններԽմբագրել

Լեոի հայտնի աշխատությունները՝

  • «Հայոց պատմություն»
  • «Անցյալից»
  • «Թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը»
  • «Հայկական տպագրություն»
  • «Գրիգոր Արծրունի»
  • «Ստեփանոս Նազարյան»
  • «Ս. Մեսրոպ»
  • «Խոջայական կապիտալ»
  • «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի»
  • «Վանի թագավորությունը»
  • «Հայոց հարցի վավերագրերը»

Լեոյի գեղարվեստական գործերից են՝ «Ոսկու ժխորի մեջ» վիպակը և «Մելիքի աղջիկը» պատմավեպը, որը առաջին անգամ տպագրվել է «Մշակ» լրագրում։

Գեղարվեստական ստեղծագործություններԽմբագրել

  • «Սնապաշտության քուրմ», 1884 (պատմվածք)
  • Դարտամահ», 1890 (պատմվածք)
  • «Արնագին», 1890 (պատմվածք)
  • «Այծարածը», 1904 (պատմվածք)
  • «Մի բուռը մոխիր», 1904 (պատմվածք)
  • «Պանդուխտ», 1888 (պատմվածք)
  • «Կորածները», 1889 (պատմվածք)
  • «Ոսկու ժխորի մեջ», 1901 (պատմվածք)
  • «Վահան Մամիկոնյան», 1888 (պատմական զրույց)
  • «Սպանված հայրը», 1891 (պատմական զրույց)
  • «Վերջին վերքեր», 1891 (պատմական զրույց)
  • «Թաթախման գիշեր», 1892 (պատմական զրույց)
  • «Լեռնցիները», 1896 (պատմական զրույց)
  • «Մելիքի աղջիկը», 1898 (պատմա-ավանդական վեպ)
  • «Վարդանանք», 1916 (դրամա)

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Պետրոսյան, Հ., Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 319-324։

Արտաքին հղումներԽմբագրել