Պոնտոս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոնտոս (այլ կիրառումներ)
Պոնտոսի թագավորություն, Պոնտոս[1], պետություն Փոքր Ասիայում մ.թ.ա. 301-մ.թ.ա. 64 թվականներին։ Հիմնվել է Կապադովկիայի մերձսևծովյան շրջաններում՝ պարսկական մի հայտնի տոհմի գլխավորությամբ, որն իրեն համարում էր Դարեհից սերված։ Մայրաքաղաքն էր Ամասիան։ Գետերի հովիտներում զբաղվել են հիմնականում երկրագործությամբ, լեռնային և տափաստային շրջաններում՝ անասնապահությամբ։ Երկիրը հարուստ էր երկաթի և արծաթի հանքերով։ Քաղաքներում տիրապետող էին ստրկատիրական հարաբերությունները, գյուղական վայրերում պահպանվել էր գյուղական համայնքը, շահագործվում էր ազատ արտադրողների աշխատանքը։ Տիրող ստրկատեր դասը սկզբնապես գտնվել է իրանական ուժեղ ազդեցության տակ, ժամանակի ընթացքում կրել է հունական մշակույթի ազդեցությունը, ընդունել հունական լեզուն և գիրը։ Պոնտոսի հիմնական բնակչությունը կապադովկիացիներն էին։ Նվաճումների հետևանքով Պոնտոսի կազմի մեջ են մտել հույներ, տիբարեններ, մոսսինոյկներ, հայեր։ Պոնտոսի թագավորության արտաքին նվաճումներն սկզբնավորվել են Միհրդատ II և Միհրդատ III թագավորները, որոնք գրավել են ծովափնյա հունական քաղաքները։ Թագավոր Փառնակ I 183 թվականին գրավել է Սինոպեն, Կերասուսը, Տրապեզուսը։ Նրա և նրա հաջորդների ժամանակ սերտ կապեր են հաստանվել հյուսիսային մերձսևծովյան հունական քաղաքների հետ։ 183 թվականին Փառնակ Ա դաշնակցել է Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ և պատերազմել Գազատայի, Կապադովկիայի և Պերգամոնի դեմ։ Չնայած սկզբնական հաջողությանը, Փառնակը և Միհրդատը պարտվել են։ Կնքված պայմանագրով Պոնտոսը և Փոքր Հայքը հրաժարվել են իրենց նվաճումներից և պարտավորվել են վճարել են մեծ ռազմատուգանք։ Միհրդատ V Եվերգետեսի ժամանակ ստեղծվել է վարծու բանակ՝ հույների օրինակով, սկսվել է ռազմական նավատորմի շինարարությունը, մայրաքաղաք է դարձել Սինոպեն։ Միհրդատ V Պոնտոսին է ենթարկել Փռուգիան, գերիշխանություն հաստատել Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, Կապադովկիայի գահին նստեցրել իր դրածո Արիարաթես Եպիփանեսին։ Պոնտոսը իր հզորության գագաթնակետին է հասել Միհրդատ VI Եվպատորի օրոք։ Միհրդատ VI նվաճել է Բոսպորի թագավորությունը, վերահաստատել գերիշխանությունը Պափլագոնիայի և Գաղատիայի վրա, գրավել Փոքր Հայքն ու նրա հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած մերձսևծովյան շրջանները։ Միհրդատ VI միջազգային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու և Հռոմի դեմ հնարավոր պատերազմի դեպքում թիկունքն ապահովելու նպատակով պայմանագիր է կնքել Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ. պայմանագիրն ամրապնդվել է Միհրդատ VI-ի դստեր՝ Կլեոպատրայի և Տիգրան Բ-ի ամուսնությամբ։ Հռոմի առաջխաղացումն Արևելք և Պոնտոսի հզորացումն առաջ է բերել պատերազմներ այդ երկու ուժերի միջև։ Մ.թ.ա. 71 թվականին Միհրդատը պարտվել է, հռոմեացիները գրավել են Պոնտոսի տարածքը։ Տիգրան Բ-ի օգնությամբ Միրդատ VI ժամանակավորապես (67-66) վերագրավել է իր թագավորությունը, սակայն պարտվելով հռոմեական զորզվար Պոմպեոսից, փախել է Բոսպոր։ 64 թվականին Պանտոսի արևմտյան մասը միացվել է հռոմեական Բյութանիա պրովինցիային, արևելյան մասը, այդ թվում՝ Փոքր Հայքը, տրվել է Հռոմի դաշնակիցներին։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ամասիա Սինոպ | |||
Լեզու | Հունարեն, Հայերեն | |||
Ազգություն | Հույներ, Հայեր | |||
Կրոն | Հելլենիզմ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Պոնտոսի արքաներ
խմբագրելՄիհրդատյանների հարստություն
- Միհրդատ մ.թ.ա. 337-302 Կիոսում
- Միհրդատ I մ.թ.ա. 302-266
- Արիոբարզան մ.թ.ա. 266-255
- Միհրդատ II մ.թ.ա. 255-220
- Միհրդատ III մ.թ.ա. 220-190
- Փառնակ I մ.թ.ա. 190-159
- Միհրդատ IV Փիլոպատոր Փիլոդելփոս մ.թ.ա. 159-150
- Միհրդատ V Եվերեթոս մ.թ.ա. 150-120
- Միհրդատ VI Եվպատոր մ.թ.ա. 120-63
- Փառնակ II մ.թ.ա. 63-47
- Դարեհ մ.թ.ա. 36-37
Պողեմոնյան (Զենոնյան) հարստություն
- Պողեմոն I մ.թ.ա. 37-8
- Պիֆոդորիդա Փիլոմետրա մ.թ.ա. 8-մ.թ. 22
- Անտոնիա Տրիֆենա 22-38
- Պողեմոն II 38-64
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 53. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնտոս» հոդվածին։ |