Զարդանաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունու շրջկենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 48 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Զարդանաշեն
ադրբ.՝ Zərdanaşen
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Մարտունու
ՀամայնքՄարտունու շրջան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն101 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Զարդանաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Զարդանաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը տեղակայված է ԱՀ հարավարևելյան հատվածում՝ Մարտունու շրջանում նախկին Վարանդա գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Վարանդա գետի աջափնյակից վեր բարձրացող անտառածածկ լեռան լանջին։ Գյուղի երկու կողմերով հոսում են Վարանդայի Շորին և Պիծիկ վտակները[2]։

Ջարդանաշենը,գտնվելով Թաղավարդի հյուսիսարևմտյան մասում, աշխարհագրական դիրքի տեսանկյունից կարծես վերոհիշյալ բնակավայրի շարուննակությունն է, կրում է նաև Վերին Թաղավարդ անունը։

Համայնքը լեռնային, ունի 995,08 հա տարածք, որից 464,31 հա գյուղատնտեսական նշանակության, 479.76 հա անտառային հողեր։ Զարդանաշեն համայնքի սահմանային գոտով է հոսոում Վարանդա գետի վտակը։ Զարդանաշեն համայնքի տարածքում գործող աղբյուրներն են ՝ «Շենին», «Յոզունեգ», «Գյոկու», «Մեյդան գոմեր», և «Կապան»։

Պատմություն

խմբագրել

19-րդ դարի պաշտոնական փաստաթղթերում գյուղը անվանվել էր Զարդանաշեն։

Միջնադարում բնակավայրը գտնվում էր ներկա գյուղից ոչ շատ հեռու՝ Բերդահոնջ ամրոցի շրջակայքում։ 1800-ական թվականների սկզբներին նրանք տեղափոխվել և ներկայիս Զարդանաշենի տեղանքում նոր գյուղ են հիմնել[2]։

19-րդ դարի երկրորդ կեսին Զարդանաշենում հաստատվել էին Խնձորեսկից, Տեղից, Տաթևից մի քանի ընտանիքներ։ Նույն ժամանակահատվածում էլ կառուցվել է եկեղեցի, որը չունի շինարարական արձանագրություն։ Գյուղի տարեցները վկայում են, որ Զարդանաշենի հոգևոր տունը կառուցել են Ներքին Թաղավարդի Սբ.Աստվածածին եկեղեցու շինարարները։

1913 թվականին Շուշիի թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանը նշելու նպատակով, Զարդանաշեն գյուղից սերված, մոսկվայաբնակ վաճառական Բաղդասար Արզումանյանը 200 000 ռուբլու աննախադեպ նվիրատվություն է կատարել[2]։

Բաղդասար Արզումանյանը հայրենի գյուղում կառուցել էր նաև մետաքսամշակման գործարան, որի երկհարկանի կառույցը 1920 թվականին խորհրդային կարգեր հաստա- տելուց հետո օգտագործվել է որպես դպրոցական շենք։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Զարդանաշենի մոտ գտնվող ոսկու և պղնձի հանքերը շահա- գործվում էին անգլիացիների կողմից։

19-րդ դարի 40-ական թվականներից սկսած հայ ժողովրդի բոլոր շերտերի համար հասկանալի դարձավ, որ ցարական արքունիքը ոչ միայն նպատակ չուներ վե- րականգնել հայկական պետականությունը, այլև վարում էր գաղութային անսքող քաղաքականություն։

Օրեցօր աճում էին դժգոհությունները ցարիզմի սոցիալական, դասակարգային, ազգային քաղաքականության, տեղական իշխանությունների չարաշահումների և ծանր հարկերի դեմ։

1840 թվականին Արցախում գյուղացիական հուզումներ են արձանագրվել Զարդանաշեն,Կարագյադուկ, Բանազուր գյուղերում և Շուշիում։

Խորհրդային տարիներին Զարդանաշենը գտնվում էր ԼՂԻՄ Մարտունու շրջանում[2]։

Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ փորձում էին միջամտել ԼՂԻՄ ներքին գործերին և փորձում իրավիճակներ ստեղծել՝ Արցախը հայաթափելու համար։

1930 թվականին Արցախից Ադրբեջանի տարբեր շինարարական կազմակերպությունների համար պետք է հավաքագրվեր 1000 բանվոր, մինչդեռ հաջողվել էր միայն 27 հոգու համոզել։ «Կոմունիստ» թերթը դա գնահատել է որպես «օպորտոնիստական վերաբերմունք և թերագնահատվել է այդ կարևոր գործը»։

Տարբեր գյուղերի` Խերխանի, Ննգիի, Զարդանաշենի կոլտնտեսությունների վարչությունները հրաժարվել են բանվորական ուժ տրամադրել։

1930 թվականին Զարդանաշենում ստեղծվել էր կոլեկտիվ տնտեսություն։ Այս կոլտնտեսությունը 1961 թվականին ընդգրկվել է Կարմիր Շուկայի սովխոզի կազմում։ 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո Զարդանաշենի բնակիչները դարձել են մենատնտեսներ[2]։

Տարբեր տարիների Զարդանաշենի կոլտնտեսությունը ղեկավարել են Թևան Բաղդասարյանը, Սամսոն Ներսիսյանը։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 140 մարդ, զոհվել է 73-ը։

Նրանց հիշատակին գյուղում հուշարձան է կառուցվել[2]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

խմբագրել

Զարդանաշենի հայությունն իր մասնակցությունը բերեց արցախահայության ազատագրական պայքարին։ 1989-1990 թվականներին գյուղում կազմավորվել էր ինքնպաշտպանական ջոկատ։ Զարդանաշենցի 21 ազատամարտիկներ Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են 1991-1994 թվականների ռազմական գործողություններին։ 6 ազատամարտիկներ զոհվել են[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Համայնքի պատմամշակությանին վայրն է Սբ. Աստվածածին եկեղեցին (18-19 դդ.), Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողները։

Բնակչություն

խմբագրել

2015 թվականին Զարդանաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 101 մարդ, կա 25 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 80 86 93

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Թաղավարդի միջնակարգ դպրոցի Զարդանաշենի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 2 աշակերտներ[7]։ 1943-1980 թվականներին գյուղում գործել է ութամյա դպրոց։ Աշակերտների թվաքանակի նվազման պատճառով դպրոցը 1981 թվականին տարրականի կարգավիճակ է ստացել:1989 թվականին այն նորից դարձավ ութամյա։ 2009 թվականին վերոհիշյալ դպրոցը դարձավ Թաղավարդի միջնակարգ դպրոցի մասնաճյուղ[2]։

1971 թվականին գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 424–426.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 228.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.